Jump to content

Բույսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բույսից)
Բույսեր
Բազմազան բույսեր
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Լատիներեն անվանում
Plantae
Բաժիններ


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 202422


Բույսեր (լատին․՝ Plantae կամ Vegetabilia), բազմաբջիջ օրգանիզմների հիմնական խմբերից մեկը, որը ներառում է իր մեջ մամուռներ, պտերանմաններ, ծաղկավոր բույսեր, մերկասերմեր, ձիաձետեր, գետնամուշկեր։ Բույսերի շարքին են պատկանում նաև ջրիմուռները կամ նրանց խմբերից որոշները։ Բույսերը (առաջին հերթին ծաղկավորները) ներկայանում են զանազան կենսաձևերով. նրանց մեջ տարբերում են ծառեր, թփեր, խոտաբույսեր և այլն։ Բույսերը հանդիսանում են բուսաբանական ուսմունքի կողմից ուսումնասիրվող կարևոր օբյեկտ։ Բույսերի ամենակարևոր տարբերությունը կենդանի օրգանիզմների մեծամասնությունից ինքնասուն (ավտոտրոֆ) լինելն է, այսինքն՝ իրենց աճման ու զարգացման համար անհրաժեշտ օրգանական նյութերը սինթեզում են իրենք։ Բույսերի պաշարային սննդանյութը օսլան է, որը կուտակվում է բջջի քլորոպլաստներում։

Այն հարցը, թե ինչպես անվանել բույսերը, այնքան միանշանակ չէ, որքան թվում է առաջին հայացքից։ Այդ հարցին առաջինը փորձել է պատասխանել հին հույն փիլիսոփա և գիտնական Արիստոտելը, ով դասեց բույսերը որպես միջանկյալ գործոն անշունչ առարկաների և կենդանիների միջև։ Նա սահմանեց բույսերը որպես կենդանի օրգանիզմներ, որոնք ընդունակ չեն տեղաշարժվելու։ Ավելի ուշ բացահայտվել են բակտերիաներ և արխեաներ, որոնք ոչ մի կերպ չէին դասվում բույսերի ընդհանուր հասկացության մեջ։ Արդեն 20-րդ դարի երկրորդ կեսին սնկերը և ջրիմուռների որոշ տեսակներ դասվեցին առանձին կատեգորիաների մեջ, քանի որ չունեին անոթային և արմատային համակարգեր, որը գոյություն ունեն մյուս բուսերի մոտ։

Արդիականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հատկանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Խիտ, կոշտ մասնիկների համար անթափանց բջջաթաղանթի առկայություն (որպես կանոն կազմված է ցելյուլոզից
  • Պրոդուցենտ բույսեր։ Նրանք օրգանական նյութեր ստանում են ածխաթթու գազի և արևի էներգիայի հաշվին ֆոտոսիթեզի ընթացքում։ Սնկերը և բակտերիաների մեծ մասը հետերոտրոֆ են, այդ պատճառով վերջին ժամանակներս նրանց դասում են առանձին թագավորության մեջ։ Նախկինում սնկերն ու բակտերիաները դասվում էին բույսերի շարքին։
  • Ցիանաբակտերաներ կամ կապտականաչ ջրիմուռներ, որոնց համար, ինչպես բույսերի մեծամասնության համար հատկանշական է ֆոտոսինթեզը, ժամանակակից դասակարգման համաձայն դասվում է բույսերի շարքին։
  • Բույսերի մյուս հատկանիշները (անշարժությունը, անընդհատ աճը, սերունդների հերթափոխությունը և այլն) եզակի չեն հանդիսանում, բայց ընդհանուր առմամբ հնարավորություն են տալիս տարբերել բույսերը օրգանիզմների մյուս խմբերից։

Ծագում և էվոլյուցիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արքեյան դարաշրջան (2500-3800 մլն. տարի առաջ)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնէաբանական գործոնների ուսումնասիրություններից պարզվեց, որ կենդանի էակների բաժանումը թագավորությունների տեղի է ունեցել ավելի քան 3 մլրդ. տարի առաջ։ Առաջին ավտոտրոֆ օրգանիզմները եղել են ֆոտոսինթեզող բակտերիաները (ներկայումս՝ կանաչ բակտերիաները, ցիանաբակտերիաները)։ Մասնավորապես մեզոարխեան դարաշրջանում (2800-3200 մլն. տարի առաջ) արդեն գոյություն են ունեցել ցիանաբակտերիալ մատերը։

Պրոտերոզոյան դարաշրջան (570-2500 մլն. տարի առաջ)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էուկարիոտ ֆոտոավտոտրոֆ օրգանիզմների ծագման վերաբերյալ մեկ միասնական և ամբողջական տեսակետ դեռևս չկա։ Դրանցից մեկը (սիմբիոզի տեսությունը) էուկարիոտ ֆոտոտրոֆների առաջացումը ներկայացնում է ինչպես էուկարիոտ հետերոտրոֆ ամեոբանման բջիջների անցում ավտոտրոֆ սնման ձևի ֆոտոսինթեզող բակտերիաների հետ սիմբիոզի միջոցով, որը արդյունքում վերածվել է քլորոպլաստի։ Համաձայն այդ տեսության՝ այդ ձևով են առաջացել նաև միտոքոնդրյումները օդակյացների բակտերիաներից։ Այդպես են առաջանում ջրիմուռները՝ առաջին իսկական բույսերը։ Պրոտերոզոյան դարաշրջանում լայն տարածում են գտնում միաբջբիջ և գաղությանի կապտականաչ ջրիմուռները, առաջանում են կարմիր և կանաչ ջրիմուռները։

Պալեոզոյան դարաշրջան (230-570 մլն. տարի առաջ)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիլուրի վերջում (405-440 մլն. տարի առաջ) երկրի վրա տեղի են ունենում ինտենսիվ լեռնագոյացման գործընթացներ, որոնք հանգեցնում են Սկանդինավյան լեռների, Տյան-Շան, Սայան լեռների առաջացմանը, ինչպես նաև բազմաթիվ ծովերի փոքրացմանն ու վերացմանը։ Արդյունքում որոշ ջրիմուռներ (նման ժամանակակից խմբակային ջրիմուռներին) դուրս են գալիս ցամաք և բնակեցնում են առափնյաները և վերաառափնյաները, ինչը հնարավոր դարձավ բակտերիաների և ցիանաբակտերիաների գործունեության շնորհիվ, որոնք ցամաքի մակերևույթին ձևավորում են հողային սուբստրատ։ Այդպես առաջանում են առաջին բարձրակարգ բույսերը՝ ռինիոֆիտները։ Նրանց առանձնահատկությունը այն է, որ թաղանթների առաջացման հետ տեղի է ունենում նաև նրանց տարբերակումը ծածկույթային, մեխանիկական, փոխադրական և ֆոտոսինթեզող ձևերի։ Դա պայմանավորված էր օդային և ջրայինին միջավայրերի տարբերությամբ։ Մասնավորապես՝

  • Ռադիոակտիվության բարձրացում, որից պաշտպանվելու համար առաջին հողային բույսերի մակերևույթի վրա պետք է անջատվեր և կուտակվեր կուտինը, ինչը և եղել է ծածկույթային հյուսվածքների առաջացման առաջին փուլը։
  • կուտինի կուտակումը անհնարին է դարձնում խոնավության ներծծումը ամբողջ մակերեսով (ինչպես ջրիմուռների մոտ), ինչը հանգեցնում է ռիզոիդների ֆունկցիայի փոփոխմանը, որոնք արդեն ոչ միայն ամրացնում են օրգանիզմը սուբստրատին, այլև ներծծում են նրանից ջուրը։
  • Ստորգետնյա և վերգետնյա մասերի բաժանումը առաջացրել է հանքնային նյութերի, ջրի և ֆոտոսինթեզի արտադրանքի ամբողջ օրգանիզմի հասցնելու անհրաժեշտություն, որը իրականացվում է առաջացած թափանցող(փոխադրող) հյուսվածքների՝ քսիլեմայի և ֆլեոմայի միջոցով։ Ջրի դուրս մղող ուժի բացակայություն և համապատասխան լողալու անհնարինություն, արևի լույսի համար տեսակների միջև մրցակցության ընթացքում, որը հանգեցրեց մեխանիկական թաղանթների առաջացմանը, հարևան բույսերի նկատմամբ բարձրանալու նպատակով։ Եվս մեկ գործոն է հանդիսանում բարելավված լուսավորությունը, որը ակտիվացնում էր ֆոտոսինթեզի գործընթացը և ավելացնում ածխաթթու գազի քանակը, որը և պատճառ դարձավ մեխանիկական թաղանթների առաջացմանը։ Վերը քննարկված բոլոր արոմորֆոզների ընթացքում ֆոտոսինթեզող բջիջները տարբերակվում են առանձին թաղանթների միջև։

Հնագույն հայտնի վերգետնյա բույս է կուկսոնյան, որը հայտնաբերվել է 1937 թվականին Շոտլանդիայի սիլուրիական ավազաքարերում (մոտ 415 մլն. տ.)։ Հետագայում բարձրակարգ բույսերի էվոլյուցիան բաժանվում է երկու ճյուղի. համետոֆիտական (մամռանամններ) և սպորոֆիտական(անոթային) բույսեր։ Առաջին մերկասերմ բույսերը հայտնվել են մեզոզոյան դարաշրջանի սկզբին (մոտ 220 մլն. տարի առաջ)։ Առաջին ծածկասերմերը (ծաղկավորներ) առաջացել են յուրայի շրջանում։

Դասակարգման համակարգի էվոլյուցիա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեկկել (1894)
Երեք թագավորություն
Ուիտեկեր (1969)
5 թագավորություն
Վեզե (1977)
6 թագավորություն
Վեզե (1990)
3 դոմեններ
Կավալյե- Սմիթ (1998)
2 դոմեններ
և 7 թագավորություններ
Կենդանիներ Կենդանիներ Կենդանիներ Էուկարիոտներ Էուկարիոտներ Կենդանիներ
Բույսեր Սնկեր Սնկեր Սնկեր
Բույսեր Բույսեր Բույսեր
Նախակենդանիներ Նախակենդանիներ Քրոմիստներ
Պրոտիստներ Նախակենդանիներ
Մոներա Արխեաներ - Արխեաներ Պրոկարիոտներ Արխեաներ
Էուբակտերիաներ Էուբակտերիաներ Էուբակտերիաներ

Բազմազանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի սկզբին «բնապահպանության միջազգային միության» տվյալներով նկարագրված էր մոտ 320․000 տեսակի բույսեր, որոնցից մոտ 280․000-ը ծաղկավոր տեսակներն են, 1000-ը՝ մերկասերմային տեսակները, մոտ 16․000-ը՝ մամռանմանները, մոտ 12․000-ը՝ բարձրակարգ սպորավոր բույսեր (պտերանմաններ, գետնամամուռներ, ձիաձետանմաններ)։ Սակայն այս թիվը մեծանում է, քանի որ մշտապես բացահայտվում են նոր տեսակներ։

Ժամանակակից բույսերի բազմազանություն
  Բաժիններ Հայերեն
անվանումը
Տեսակների
թիվը
Կանաչ ջրիմուռներ Chlorophyta Կանաչ ջրիմուռներ 13 000 - 20 000
Charophyta Խմբային ջրիմուռներ 4000 - 6000
Մամռանմաններ Marchantiophyta Լերդամամուռներ 6000 - 8000
Anthocerotophyta Անտոցերոտովյան մամուռներ 100 - 200
Bryophyta Մամռանմաններ 10 000
Բարձրակարգ սպորավոր բույսեր Lycopodiophyta Գետնամամռանմաններ 1200
Pteridophyta Պտերանմաններ 11 000
Equisetophyta Ձիաձետանմաններ 15
Սերմային բույսեր Cycadophyta Սագոյանմաններ 160
Ginkgophyta Գինկգանմաններ 1
Pinophyta Փշատերևայիններ 630
Gnetophyta Գնետանմաններ 70
Magnoliophyta Ծաղկավոր բույսեր 281 821

Բույսերի կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

հարաբերական չափ (մինչև մի քանի սմ), թաղանթանյութից կազմված կոշտ բջջաթաղանթի առկայություն, քլորոպլաստի և մեծ կենտրոնական վակուոլի առկայություն, որը հնարավորություն է տալիս կարգավորել տուրգորը։ Բաժանման ժամանակ միջնորմը ձևավորվում է բազմաթիվ սրվակների միացման հաշվին (ֆրագմոպլաստ)։ Բույսերի սպերմատոզոիդները երկ-(մամուռների և գետնամամուռների մոտ) կամ բազմամտրակավորները (մնացած պտերանմանների, սագոյանմանների մոտ)։

Բույսերի բջիջները միավորվում են հյուսվածքների մեջ։ Բույսերի հյուսվածքները բնորոշվում են միջբջջային տարածությունների գրեթե լիովին բացակայությամբ, մեծ քանակությամբ մահացած բջիջներով (որոշ հյուսվածքներ, ինչպես օրինակ, պարենքիմը և խցանը, կազմված են գրեթե մահացած բջիջներից), ինչպես նաև նրանով, որ ի տարբերություն կենդանիների՝ բույսերի հյուսվածքը կարող է կազմված լինեն տարբեր տիպի բջիջներից (օրինակ՝ քսիլեման կազմված է ջրաթափանց տարրերից, բնափայտային թելիկներից և բնափայտային պարենքիմից)։

Բույսերի մեծ մասը բնորոշվում է մարմնի զգալի մասնատվածությամբ։ Գոյութնուն ունեն բույսերի մարմնի կազմվածքի մի քանի տիպեր, որի դեպքում առանձին օրգանները չեն առանձնանում և մարմինն իրենից ներկայացնում է կանաչ շերտ (որոշ մամուռներ, պտերանմանների նախածիլեր), տերևացողունային, որի դեպքում մարմինն իրենից ներկայացնում է ընձյուղը տերևներով (արմատները բացակայում են, օրինակ՝ մամուռների մեծ մասը) և արմատաընձյուղային, որի դեպքում մարմինը բաժանվում է արմատային և ընձյուղային համակարգերի։ Բույսերի մեծամասնության ընձյուղը կազմված է առնցքային մասերից (ցողունից) և կողմնային ֆոտոսինթեզող օրգաններից (տերևներից), որոնք կարող են առաջանալ կամ որպես ցողունի հյուսվածքների արտաքին մակաճ (մամուռների մոտ ), կամ էլ որպես կողմնային կարճացած ճյուղերի միացման հետևանք (պտերանմանների մոտ)։ Ընձյուղի սաղմը ընդունված է համարել յուրահատուկ օրգան՝ բողբոջ։

Զարգացման փուլերի հաջորդականությունը որով անցնում են տվյալ տեսակին պատկանող առանձնյակները, մի սերնդի զիգոտից մինչև հաջորդ սերնդի զիգոտը կոչվում է կենսական ցիկլ։

Բույսերի կենսական ցիկլեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարագրված է բույսերի բազմացման երկու ձև՝ սեռական և անսեռ։ Անսեռ բազմացման ձևերից տարածված է վեգետատիվ բազմացումը։ Վեգետատիվ օրգաններից բացի բույսերն ունեն նաև մասնագիտացված գեներատիվ օրգաններ, որոնց կառուցումը կախված է կենսացիկլի հետ։ Բույսերի կենսացիկլում հերթափոխվում են սեռական, հապլոիդ սերունդը (գամետոֆիտ) և անսեռ, դիպլոիդ սերունդը (սպորոֆիտ)։ Համետոֆիտի մոտ ձևավորվում են սեռական օրգանները՝ արական անտերիդիումներ և իգական արխեգոնիումներ (բացակայում են որոշ գնետանմանների և ծածկասերմերի մոտ)։ Սպերմատոզոիդները (բացակայում են փշատերևների, գնետանմանների և ծածկասերմերի մոտ) բեղմնավորում են արխեգոնիայում գտնվող ձվաբջջին, որի արդյունքում ձևավորվում է դիպլոիդ զիգոտ։ Զիգոտից ձևավորվում է սաղմը, որն աստիճանաբար հասունանում է և վերածվում սպորոֆիտի։ Սպորոֆիտներում զարգանում են սպորանգիները (հաճախ մասնագիտացված սպորակիր տերևների վրա կամ սպրոֆիլների վրա)։ Սպորանգիներում տեղի է ունենում մեյոզ և ձևավորվում են հապլոիդ սպորներ։ Տարասպորավոր բույսերի մոտ այդ սպորները երկու տիպի են՝ արական (նրանցից զարգանում են գամետոֆիտները, միայն անտերիդիաների հետ) և իգական (նրանցից զարգանում են համետոֆիտները, որոնք կրում են միայն արխեգոնիաներ), համասպորների մոտ սպորները միանման են։ Սպորից զարգանում է համետոֆիտը և ամեն ինչ սկսում է նորից։ Այդպիսի կենսացիկլ ունեն մամռանմանները և ընդ որում, առաջին խմբի մոտ կենսացիկլում գերիշխում է համետոֆիտը, իսկ երկրորդի մոտ՝ սպորոֆիտը։ Սերմնավոր բույսերի մոտ պատկերը բարդանում է այն բանի հաշվին, որ իգական համետոֆիտը զարգանում է ուղիղ մայրական սպորոֆիտի վրա, իսկ արական համետոֆիտը (ծաղկափոշու հատիկ) պետք է հասցվի այնտեղ փոշոտման ընթացքում։ Սերմնավոր բույսերի մոտ սպորոֆիլներրը հաճախ բարդ են կառուցված և միավորվում են այսպես կոչված ստրոբիլներում, իսկ ծածկասերմ բույսերի մոտ՝ ծաղիկների մեջ, որոնք կարող են իրենց հերթին միավորվել ծաղկաբույլերի մեջ։ Բացի դրանից սերմնավոր բույսերի մոտ ծագում է մասնագիտացված մի քանի գենոտիպներից կազմված կառուցվածք՝ սերմ, որը կարող է պայմանականորեն դասվել գեներատիվ օրգանների շարքին։ Ծածկասերմ բույսերի մոտ ծաղիկը փոշոտումից հետո հասունանում է և ձևավորում պտուղը։

Նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանի էակների, այդ թվում և մարդու գոյությունը անհնարին կլիներ առանց բույսերի, որով և որոշվում է նրանց առանձնահատուկ դերը երկրագնդի վրա կյանքի համար։ Բոլոր օրգանիզմներից միայն բույսերը և ֆոտոսինթեզող բակտերիաներն են ընդունակ կլանել արևի էներգիան, որի արդյունքում անօրգանական նյութերից սինթեզել օրգանական նյութեր, դրա հետ մեկտեղ բույսերը մթնոլորտը մաքրում են ածխաթթու գազից և հարստացնում թթվածնով։ Հենց բույսերի գործունեության շնորհիվ է առաջացել մթնոլորտը, որը պարունակում է թթվածին և նրանց գոյության շնորհիվ այն պահպանվում է շնչառության համար բարենպաստ վիճակում։ Բույսերը հիմնական և որոշիչ օղակ են բոլոր հետերոտրոֆ օրգանիզմների, այդ թվում և մարդու բարդ սնման շղթայում։ Վերգետնյա բույսերը ձևավորում են տափաստաններ, մարգագետիններ, անտառներ և այլ բուսական խմբավորումներ՝ ստեղծելով երկրի վրա լանդշաֆտային բազմազանություն և էկոլոգիական խորշի անընդհատ բազմազանություն բոլոր թագավորությունների օրգանիզմների կյանքի համար։ Վերջապես բույսերի անմիջական մասնակցությամբ առաջացել և ձևավորվում է բնահող։

Սննդի արդյունաբերություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսերի ընտելացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու կողմից ընտելացված են 200-ից ավելի բույսեր, որոնք պատկանում են ավելի քան 100 բուսական տեսակների։ Նրանց լայն տաքսոնոմիական ասպեկտը արտահայտում է տարածքների բազմազանությունը, որտեղ նրանք ընտելացվել են։ Հիմնական պարենային բույսերը, որոնք ներկայումս օգտագործվում են կուլտուրաներում, ընտելացվել են հարավարևմտյան Ասիայի երկրներում։ Ներկայումս դրանք Իրաքի, Իրանի, Հորդանանի, Իսրայելի և Պաղեստինի տարածքներն են։ Հնարավոր է, որ հին հողամշակներին հայտի էին վեգետատիվ բազմացման (կլոնավորման) և մոտ ազգակցական խաչասերման (ինբրիդինգ) առավելությունները։ Կլոնավորման միջոցով բազմացող բույսերի օրինակներ են կարտոֆիլը, մրգատու ծառերը, գրեթե բոլոր օգտակար սննդանյութերը, որոնք սննդի միջոցով ստանում էին մարդիկ այդ երկրներում, ստանում էին ածխաջրային հացահատիկավորներից, որոնք մեծ քանակությամբ սպիտակուց են պարունակում (ցորեն, գարի)։ Այնուամենայնիվ հացահատիկավորների սպիտակուցները, ըստ ամինաթթվային բաղադրության, ամբողջությամբ հաշվեկշռված չեն (քիչ են պարունակում լիզին և մեթիոնին)։ Այս հացահատիկավորները հին հողամշակները լրացնում էին լոբազգի բույսերով՝ սիսեռ, վիկ, ոսպ։ Միակ մշակովի հացահատիկը՝ աշորան, առաջացել է շատ ավելի ուշ, քան ցորենը և մշակովի բույսերը։ Ինքնափոշոտվող վուշը ունի յուղով հարուստ սերմեր, ինչը լրացնում էր հին հողամշակների սննդային եռյակը (ճարպեր, սպիտակուցներ, ածխաջրեր)։ Հին հողամշակները կազմել են ընտելացված բույսերի մի հավաքակազմ, որոնք բավարարում են մարդու սննդային պահանջները և այսօր։ Հետագայում տեղի էր ունենում մշակովի բույսերի աստիճանական տարածում իրենց օջախից դեպի նոր շրջաններ։ Արդյունքում միևնույն բույսերը դարձան սննդային աշխարհի ամբողջ բնակչության համար։ Կուլտուրային բույսերի մի մասը առաջին անգամ ընտելացվել են հարավարևելյան Ասիայի երկրներում։ Դրանց թվին են պատկանում այնպիսի ինքնափոշոտվող բույսեր, ինչպիսիք են բամբակը, բրինձը, սորգոն, գետնանուշը։

Բույսերի ժամանակակից կուլտուրաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսերի թագավորոււթյան հսկա բազմազանությանից առօրյա կյանքում առանձնահատուկ նշանակություն ունեն սերմնավոր և գլխավորապես ծաղկավոր բույսերը (ծածկասերմերը)։ Հենց նրանց խմբին են դասվում գրեթե բոլոր բույսերը, որոնք ներմուծվել են մտցվել մարդու կողմից։ Մարդու կյանքում առաջին տեղը զբաղեցնում են հացահատիկային բույսերը (ցորեն, բրինձ, եգիպտացորեն, սորգո, գարի, աշորա, կորեկ, վարսակ) և զանազան ձավարատու կուլտուրաներ։ Մարդու սննդային օրաբաժնի մեջ կարևոր տեղ է զբաղեցնում բարեխառն կլիմա ունեցող երկրներում աճող կարտոֆիլը, իսկ ավելի հարավային մասերում՝ բաթաթը (քաղցր կարտոֆիլ)։ Լայնորեն օգտագործում են բուսական սպիտակուցներով հարուստ լոբահատիկավորների ( լոբի, սիսեռ, ոսպ և այլն), շաքարաբերների (շաքարի ճակնդեղ և շաքարեղեգ), բազմաթիվ յուղատուների (արևածաղիկ, գետնանուշ և այլն), պտղատուների, հատապտուղների, բանջարեղենային և այլ բուսական կուլտուրաներ։ Ժամանակակից հասարակությունը դժվար է պատկերացնել առանց տոնուսը բարձրացնող բույսերի՝ թեյ, սուրճ, կակաո, առանց խաղողի՝ (գինեգործության հիմքի) կամ առանց ծխախոտի։ Կենդանաբուծությունը հիմնվում է վայրի և մշակովի կերաբույսերի օգտագործման վրա։

Թեթև արդյունաբերություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բամբակենին, վուշը, կանեփը, ճենականեփը, ջուտը, կենաֆը, սիզալը և բազմաթիվ այլ թելատու բույսեր մարդուն ապահովում են հագուստով և տեխնիկական կտորներով։

Փայտամշակման արդյունաբերություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեն տարի օգտագործվում են մեծ քանակությամբ անտառներ որպես շինանյութ, ցելյուլոզի ստացման աղբյուր և այլն։

Մարդու համար կարևոր նշանակություն ունի էներգիայի գլխավոր աղբյուներից մեկը՝ քարածուխը, ինչպես նաև տորֆը, որոնց մասին կարելի է ասել, որ նրանք իրենցից ներկայացնում են հին բուսական մնացորդների մեջ կուտակված արևի էներգիան։

Բժշկություն և քիմիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ այժմ իր տնտեսական նշանակությունը չի կորցրել բույսերից ստացվող բնական կաուչուկը։ Արժեքավոր խեժերը, եթերայուղերը, բուսախեժերը, ներկերը և այլ նյութեր, որոնք ստացվում են բույսերի վերամշակման արդյունքում, կարևոր տեղ են զբաղեցնում մարդու տնտեսական գործունեության մեջ։ Բույսերի մեծ մասը ծառայում են որպես վիտամինների հիմնական մատակակարարներ, իսկ մյուսները (ալոե, բելադոննա, կատվախոտ, մատնեծաղիկ, պիլոկարպուս, ռաուվոլֆիան) հանդիսանում են անհրաժեշտ դեղանյութերի, նյութերի և դեղահաբերի աղբյուր։

Բուսական թաղանթը հարստացնում է մթնոլորտը թթվածնով և գրեթե բոլոր էկոհամակարգերի համար հանդիսանում է էներգիայի և օրգանական նյութերի հիմնական աղբյուր։ Ֆոտոսինթեզը լիովին փոխեց սկզբնական երկրային մթնոլորտի բաղադրությունը, որը ներկայումս պարունակում է մոտ 21% թթվածին։ Կենդանիները և բազմաթիվ այլ օդակյացները թթվածնի կարիք ունեն։ Անօդակյացների ձևերը համեմատաբար քիչ են։ Շատ էկոհամակարգերում բույսերը հանդիսանում են սնման շղթայի հիմք։ Վերգետնյա բույսերը հանդիսանում են կարևոր բաղադրիչներ ջրային և մյուս բիոքիմիական ցիկլերի համար։ Որոշ բույսեր էվոլյուցիայի ենթարկվեցին ազոտ ֆիքսող բակտերիաների հետ միաժամանակ և ներգրավվեցին ազոտի շրջանառության մեջ։ Բույսերի արմատները գլխավոր դեր են խաղում բնահողի զարգացման և այն էրոզիայից պաշտպանելու գործում։

Էկոլոգիական փոխհարաբերություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ կենդանիների էվոլյուցիան ընթացել է բույսերի հետ համատեղ։ Բազմաթիվ միջատներ փոշոտում են ծաղիկները՝ իրենց համար որպես սնունդ վերցնելով ծաղկափոշի և նեկտար։ Կենդանիներն ուտում են մրգեր և տարածում են սերմերը կղանքի միջոցով։ Բույսերի տեսակների մեծ մասը սիմբիոզի մեջ են մտել տարբեր տեսակի սնկերի հետ (միկորիզա)։ Սնկերն օգնում են բույսին հողից վերցնել ջուր և հանքային նյութեր, իսկ բույսերը հարստացնում են սնկերին ածխաջրերով, որն առաջացել է ֆոտոսինթեզի արդյունքում։ Գոյություն ունեն նաև սիմբիոտիկ սնկեր՝ էնդոֆիտներ, որոնք ապրում են բույսերի ներսում և նպաստում են տեր-օրգանիզմի աճին։

Մակաբուծություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակաբույծ բույսերը գոյություն ունեն ինչպես ստորակարգ, այնպես էլ բարձրակարգ բույսերի շրջանում։ Այդպիսի բույսերը մեծ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։

Գիշատիչ բույսեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վեներայի ճանճորսը գիշատիչ բույս է Հյուսիսային Ամերիկայից։

Գոյություն ունի գիշատիչ բույսերի ավելի քան 500 տեսակ։ Դրանք աճում են սովորաբար այն հողերում, որոնք աղքատ են սնուցող նյութերով և հանքային աղերով։ Բույսերի «գիշատչությունը» պայմանավորված է հողում ազոտի անբավարարությամբ, դրա պատճառով էլ գիշատիչ բույսերը հարմարվել են ազոտ ստանալ միջատներից, որոնք նրանք որսում են ամենատարբեր թակարդների միջոցով։ Ռուսաստանի անտառներում ամենահայտնի գիշատիչ բույսը հանդիսանում է ցողաբույսը (Dosera rotundifolia)։ Այս բույսը տերևների եզրերից արտաթորում է կպչուն հեղուկ (որը նման է ցողի)՝ թթու մարսողական հյութ։ Միջատը նստում է «ցողի» կաթիլի վրա, ամրանում է և դառնում բույսի զոհը։ Այլ գիշատիչ բույսեր՝ վեներայի ճանճորս, սափորատունկ, պինգուիկուլա, դրոզոֆիլա, խորշաբույս, ալդրովանդա։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Elysia chlorotica ծովային փորոտանի կակղամորթ է, որը ապրում է Հյուսիսային Ամերիկայի ատլանտյան ափի հատվածում, ասիմիլացնում է ջրիմուռների քլորոպլաստները, որոնք ֆոտոսինթեզում են մարսողական համակարգի բջիջները։ Այդ ծովային կենդանու գենը կարգավորում է մի սպիտակուց, որն անհրաժեշտ է քլորոպլաստին ֆոտոսինթեզի համար. համապատասխան գենը հայտնվել է կենդանու գենոմում, հորիզոնական փոխադրման միջոցով։

Բույսերի պատկերներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բույսեր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բույսեր» հոդվածին։