Jump to content

Արթուր Շոպենհաուեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արթուր Շոպենհաուեր
Arthur Schopenhauer
Ծնվել էփետրվարի 22, 1788(1788-02-22)[1][2][3][…] Գդանսկ, Ռեչ Պոսպոլիտա[4]
Մահացել էսեպտեմբերի 21, 1860(1860-09-21)[1][2][3][…] (72 տարեկան) Ֆրանկֆուրտ, Free City of Frankfurt, Գերմանական միություն[5]
բնական մահով
ԳերեզմանՄայնի Ֆրանկֆուրտի գլխավոր գերեզմանատուն[6]
Բնակության վայր(եր)Գդանսկ, Համբուրգ և Ֆրանկֆուրտ
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն
Դավանանքաթեիզմ
ՈւղղությունԻռացիոնալիզմ
Մասնագիտությունհամալսարանի դասախոս, փիլիսոփա, գրող, երաժշտագետ և թարգմանիչ
Հաստատություն(ներ)Բեռլինի համալսարան և HU Berlin
Գործունեության ոլորտմետաֆիզիկա, բարոյագիտություն, էսթետիկա, հոգեբանություն և փիլիսոփայության պատմություն
Ալմա մատերԳյոթինգենի համալսարան, HU Berlin և Ernestinum Gotha?
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1][7] և ֆրանսերեն
Ազդվել էՊլատոն, Ջոն Լոկ, Բենեդիկտ Սպինոզա, Դեյվիդ Հյում, Իմանուիլ Կանտ և Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե
ՀայրHeinrich Floris Schopenhauer?
ՄայրՅոհանա Շոպենհաուեր
Ստորագրություն
Изображение автографа
 Arthur Schopenhauer Վիքիպահեստում

Արթուր Շոպենհաուեր (գերմ.՝ Arthur Schopenhauer, փետրվարի 22, 1788(1788-02-22)[1][2][3][…], Գդանսկ, Ռեչ Պոսպոլիտա[4] - սեպտեմբերի 21, 1860(1860-09-21)[1][2][3][…], Ֆրանկֆուրտ, Free City of Frankfurt, Գերմանական միություն[5]), գերմանացի փիլիսոփա, գրող։ Կանտի ամենահայտնի աշակերտը։ Իռացիոնալիզմի հիմնադիր հայրերից է։ Առաջինն էր գերմանախոս միջավայրում, որ համոզված էր, որ աշխարհը հիմված է «Անբանական սկզբունքի» հիման վրա։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Շոպենհաուերը ծնվել է Դանցիգում, որը Գերմանիայում ազատ գոտի էր։ Նրա հայրը՝ Ֆլորիս Շոպենհաուերը ծագում էր առևտրականների դինաստիայից, իսկ մայրը՝ Յոհաննա Շոպենհաուերը հետագայում հայտնի գրող էր։

  • 1793– թվականին Շոպենհաուերների ընտանիքը լքում է Դանցիգը և տեղափոխվում է Համբուրգ։ Պատանի Արթուրին հայրը ուղարկում է Համբուրգի մասնավոր դպրոց, մտադրվելով, որ տղան դառնալու է առևտրական։ Երիտասարդ Արթուրը, ցուցաբերելով բացառիկ ընդունակություններ, խնդրում է հորը իրեն ուղարկել գիմնազիա։
  • 1803–1804 թթ. մի քանի շաբաթ Ուիմբլդոնում անգլերեն ուսումնասիրելուց հետո Շոպենհաուերը ճամփորդում է Հոլլանդիա, Անգլիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Ավստրիա, Շլեզիեն, և Պրուսիա։
  • 1807 թվականին Շոպենհաուերը աշակերտում է Գոթա քաղաքի գիմնազիայի տնօրենի Դորինգին, իսկ 1809 թվականին աշակերտում է Ֆրանց Պասսովին։ Չափահաս Շոպենհաուերը՝ ստանալով հոր ժառանգության իր չափաբաժինը (հայրը՝ չպարզված հանգամանքներում զոհվում է պատահարից 1805 թ.) ֆինանսապես անկախանում է։
  • 1809 թվականին Շոպենհաուերը Գյոթթինգենի համալսարանում ուսանում է բժշկություն, որը սակայն շուտով թողնում է՝ փիլիսոփայությանը նվիրվելու նպատակով։
  • 1813 թվականին Շոպենահաուերը ստանում է դոկտորի կոչում Յենայի համալսարանում, իր «Բավարար հիմունքի չորս տեսակի արմատների մասին»[8] (գերմ. «Ueber die vierfache Wurzel des Satzes vom zureichenden Grunde») աշխատության համար։ Աշխատություն, որի առաջին ընթերցողներից է հանդիսանում Գյոթեն։ Շոպենհաուերը լայն շփումների մեջ է լինում Գյոթեի հետ, որը շատ է գնահատում Շոպենհաուերին։ Ֆրիդրիխ Մայերի շնորհիվ Շոպենհաուերը ծանոթանում է հնդկական Բրահմանիզմ փիլիսոփայության հետ։
  • 1815 թվականին հրատարակում է իր ինքնուրույն գույնի տեսությունը «Տեսողության և գույների մասին» վերնագրով։
  • 1818 թվականին Շոպենհաուերը ստեղծում է իր հիմնական աշխատությունը՝ «Աշխարհը իբրև կամք և պատկերացում», որը հրատարակում է Ֆրիդրիխ Առնոլդ Բրակհաուզը։

Փիլիսոփայական հայացքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր փիլիսոփայական հայացքները Շոպենհաուերը շարադրել է "Աշխարհը որպես կամք և պատկերացում" աշխատությունում։ Գոյություն ունեցող (գոյի) հոգևոր հիմքը, ըստ նրա համարվում է ինչ-որ անգիտակցական սկիզբ, որը ներառում է կամք և պատկերացում։ Աշխարհը ներկայանում է որպես կույր "կամք կյանքի նկատմամբ", որը ի հայտ է գալիս "օբյեկտիվացման" անվերջանալի բազմության մեջ։ Ամեն մի օբյեկտիվացմանը հատուկ է ձգտումը բացարձակ իշխանության, ինչն արտահայտվում է անընդմեջ շարունակվող "բոլորի պատերազմը բոլորի դեմ" բանաձևի մեջ։ Օբյեկտիվ կամքի զարգացման բարձրագույն աստիճանը համարվում է մարդը, որը օժտված է բանական իմացությամբ։ Յուրաքանչյուր ճանաչող սուբյեկտ ճանաչում է իրեն իր ողջ կամքով կյանքի հանդեպ, իսկ մյուս բոլոր անհատներին ճանաչում է որպես կախյալ իր էությունից, ինչը հանգեցնում է մարդու անսահման էգոիզմին։ Պետությունը ըստ Շոպենհաուերի, չի ոչնչացնում այդ էգոիզմը, այլ միայն հավասարակշռում է մարդկանց կամքերը։ Ընդգծելով երջանկության էությունը և տառապանքների անխուսափելիությունը, որոնք արմատավորված են կյանքի նկատմամբ կամքի և հավերժ անբավարարվածության մեջ՝ Շոպենհաուերը գոյություն ունեցող աշխարհը համարում է "վատագույնը հնարավորներից"։

«Կամքի ազատություն»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հարցը, որ արծարծվում է այս աշխատանքում, կայանում է հետևյալում. հնարավո՞ր է արդյոք մարդկային կամքի ազատության հիմնավորումը բխեցնել ինքնագիտակցությունից։ Այս միանգամայն կարևոր, լուրջ և բարդ հարցին պատասխանելու համար նախ և առաջ ճիշտ է հստակեցնել հիմնական հասկացությունները, օրինակ թե ի՞նչ է ազատությունը։ Ստույգ դիտարկման դեպքում ազատությունը հասկացվում է որպես բացասական երևույթ։ Դա բացատրվում է նրանով, որ ազատություն ասելով առաջին հերթին հասկանում ենք ցանկացած խոչընդոտի բացակայություն։ Ազատության հասկացությունը ունի միանգամայն տարբեր 3 ձևեր՝

  • ֆիզիկական
  • ինտելեկտուալ
  • բարոյական

Ֆիզիկական ազատությունը, ենթադրում է ցանկացած տիպի նյութական խոչընդոտների բացակայություն։ Դրա համար մենք ասում ենք՝ ազատ մտահորիզոն, ազատ տարածություն, ազատ տեղ, գետի ազատ հոսք, եթե այն շրջապատված չէ սարերով և այլն։ Նույնիսկ ազատ ապրելը, ազատ հրատարակությունը նշանակում են ծանր պայմանների բացակայություն, որոնք սովորաբար ուղեկցում են դրանց։ Սակայն Շոպենհաուերը գտնում է, որ ազատության հասկացությունը ամենից հաճախ մեր մտքերում պատկանում է կենդանի էակներին, որոնք տարբերվում են նրանով, որ նրանց գործողությունները բխում են իրենց իսկ կամքից, տարերային, որի պատճառով էլ նյութական խոչընդոտների բացակայության դեպքում նրանց համարում են ազատ։ Այսպիսով, ֆիզիկական նշանակությամբ ազատությունը ենթադրում է այն, որ կենդանի էակները շարժվում և գործում են միայն և բացառապես իրենց սեփական կամքով։ Այս դեպքում այն ամենը, ինչ կարող է ազդել կամքի վրա, հաշվի չի առնվում։ Քանի որ ազատության հասկացությունը իր նախասկզբնական անմիջական և հետևաբար հանրահայտ նշանակությամբ հանգեցվում է հնարավորությունների հարցին։ Դրա համար էլ ասում են՝ "թռչունն ազատ է օդում, գազանն՝ անտառում"։

Ըստ Շոպենհաուերի, "ազատ ժողովուրդ" ասելով հասկանում ենք այն ժողովրդին, որը կառավարվում է օրենքներով, որը ստեղծել է հենց ինքը, քանի որ միայն այս դեպքում է, որ նա հետևում է իր սեփական կամքին։ Դրա համար քաղաքական ազատությունը պետք է դիտել որպես ֆիզիկական ազատություն։ Ի տարբերություն ֆիզիկական ազատության, ինտելեկտուալ և բարոյական ազատություններն ունեն փիլիսոփայական իմաստ։ Ֆիզիկական ազատությունը վերաբերում է միայն նյութական խոչընդոտներին։ Բայց լինում են նաև այլ դեպքեր, երբ մարդը, չունենալով նյութական արգելքներ, որոշ դրդապատճառներից ելնելով, օրինակ՝ խոստումներ, վտանգ, սպառնալիքներ և այլն, ստիպված վարվում է այնպես, ինչպես չէր վարվի իր կամքով։ Հարց է ծագում. արդյոք այս դեպքում ազա՞տ է մարդը։ Ինտելեկտը կամ ճանաչողական ընդունակությունը դրդապատճառային միջավայր է, որի միջոցով այդ դրդապատճառները ազդում են կամքի վրա։ Երբ այդ միջավայրը գտնվում է նորմալ վիճակում, ճիշտ է իրականացնում իր ֆունկցիաները և կամքին հնարավորություն է ընձեռում ընտրելու դրդապատճառները այնպիսի ձևով, ինչպիսին դրանք կան ռեալ կյանքում։ Այս դեպքում մարդն ինտելեկտուալ առումով ազատ է, այսինքն նրա արարքները ներկայանում են որպես նրա կամքի ռեակցիայի մաքուր արդյունք դրդապատճառների վրա։ Ինտելեկտուալ ազատությունը վերջանում է այն ժամանակ, երբ

  • դրդապատճառային միջավայրը կամ ճանաչողական ընդունակությունը միշտ կամ որոշ ժամանակով կորցնում է կամ
  • առանձին դեպքերում արտաքին հանգամանքները խեղաթյուրում են դրդապատճառների էությունը։

Շոպենհաուերը գտնում է, որ առաջին դեպքը լինում է այն ժամանակ, երբ մարդը հոգեկան հիվանդ է, սպիտակ տենդի մեջ է, քնաթաթախ վիճակում է կամ արատավոր է, իսկ երկրորդ դեպքում՝ երբ մարդն անմեղ մոլորության մեջ է, օրինակ, երբ հացի փոխարեն դեղ են տալիս կամ գիշերով սպանում եք սենյակ մտնող ծառային՝ կարծելով, թե հանցագործ է մտել և այլն։ Երկու դեպքերում էլ դրդապատճառները խեղաթյուրված են, ինչի հետևանքով կամքը չի կարող կայացնել այնպիսի որոշում, որը համապատասխաներ ինտելեկտին։ Դա է պատճառը, որ նման դեպքերում հանցագործությունները օրենքով չեն պատժվում։ Քանի որ օրենքները ելնում են ճիշտ դրույթներից՝ կամքը բարոյապես ազատ չէ։ Օրենքը, ինչպես և բարոյականությունը, գործ ունի միայն կամքի հետ։ Միայն կամքն է ներկայացնում մարդուն, ինտելեկտը ընդամենը կամքի օրգան է։

«Բարոյականության հիմքերը»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որտե՞ղ պետք է փնտրել բարոյականության հիմքերը և աղբյուրները։ Արդարությունն, ըստ Շոպենհաուերի, որպես հիմք և աղբյուր, ունի կարեկցության զգացումը կամ խղճահարությունը։ Բայց, իհարկե, դա շատ քիչ է արդարության նման ազատ բարեգործի համար։ Արդարությունը իրականացվում է մարդկանց միջև և դրսևորվում է միայն ցնցող բացառության ձևով։ Անարդարություն և արդարություն հասկացություններն անկախ են ցանկացած օրենսդրությունից և նախորդում են դրան։ Իրավունքի մասին ուսմունքը բարոյականության մի մասն է, ուր թվարկվում են այն արարքները, որոնք չպետք է կատարել, եթե չես ցանկանում վնասել ուրիշին, այսինքն կատարել անարդարություն։ Այս դեպքում բարոյականությունն ունի ակտիվ կողմ, իսկ օրենսդրությունն օգտագործում է այդ նույն արարքները, որպես անտանելի, անարդարացի արարք տուժվողի համար։ Քրիստոնեական բարոյականությունն ավելի բարձր է Եվրոպայում երբևէ գոյություն ունեցած բոլոր այլ կրոնների բարոյականությունից, այսպես է գտնում Շոպենհաուերը։ Ով գնում է մահվան հանուն հայրենիքի, ազատվում է մոլորությունից, որը սահմանափակում է իր գոյությունը սեփական անձով։ Նա իր սեփական էությունը տարածում է իր հայրենակիցների վրա, որոնց մեջ նա դեռ երկար կապրի, նույնիսկ գալիք սերունդների մեջ, և այդ անձը մահվանը նայում է որպես մի ակնթարթ, որը չի ընդհատում տեսողությունը։ Յուրաքանչյուր մարդու մեջ կուտակված է հսկայական էգոիզմ, որը հեշտությամբ կարող է անցնել ճշտի սահմանը, որի մասին փոքր մասշտաբով վկայում է առօրյա կյանքը, իսկ մեծ մասշտաբով՝ պատմության յուրաքանչյուր էջ։ Ըստ Շոպենհաուերի, բացի էգոիզմից մարդու մեջ առկա է չարության, ատելության, բարկության, նախանձի պաշար, որոնք կուտակվելով, ինչպես օձի ատամի թույնը, սպասում են հարմար պահի, որ դուրս գան տարածության մեջ և գործեն ինչպես թոկից փախած սատանան։ Մարդը միակ կենդանին է, որը տառապանք է պատճառում մարդուն, առանց որևէ հետին նպատակի, բացի վնասելուց։ Մարդկային հասարակությունը հիմնվում է ատելության, վախի կամ զայրույթի հակազդեցության վրա։ Ատելությունը մարդու մեջ հեշտությամբ կարող է մարդուն դարձնել մարդասպան, եթե չլիներ վախի զգացումը, մյուս կողմից միայն վախը ցանկացած մեկին կարող էր դարձնել հեգնանքի զոհ կամ խաղալիք, եթե չլիներ զայրույթը, որպես պահակ։ Սակայն, ըստ Շոպենհաուերի, մարդկային բնության մեջ ամենավատ գիծը, այնուամենայնիվ, չարությունն է, որը սերտ բարեկամական կապի մեջ է դաժանության հետ։

Շոպենհաուերր աշխարհը բաժանում է երկու մասի՝ աշխարհը որպես երևույթ, որպես պատկերացում և աշխարհը որպես «ինքնին իր», որպես կամք։ Երևույթների աշխարհը գտնվում է տարածության և ժամանակի մեջ, ենթարկվում է պատճառականության ու անհրաժեշտության և բավարար հիմունքի օրենքներին, իսկ «ինքնին իրի» աշխարհը գտնվում է տարածությունից և ժամանակից անդին, բացարձակ ազատության մեջ։ Փաստորեն, Շոպենհաուերի փիլիսոփայությունր բաղկացած է սուբյեկտիվ և օբյեկտիվ իդեալիստական ուսմունքներից։ Յուրաքանչյուր փիլիսոփայող անհատի համար ամենաակնհայտը սեփական Ես-ի գոյության փաստն է. աշխարհր գոյություն ունի այնքանով, որքանով ես գոյություն ունեմ և որքանով ընդունում եմ, որ աշխարհը գոյություն ունի։ Առանց սուբյեկտի չկա օբյեկտ, այսինքն՝ աշխարհի գոյությունը կախված է սուբյեկտից։ «Աշխարհը իմ պատկերացումն է», այսպես է սկսում իր աշխատությունը Շոպենհաուերը։ Մոփպսիզմից խուսափելու համար նա ստիպված ընդունում է, որ սուբյեկտից դուրս գոյություն ունի օբյեկտիվ աշխարհ։ Սուբյեկտը կապված է օբյեկտիվ աշխարհի հետ ոչ միայն միջնորդավորված ձևով՝ ճանաչողության միջոցով, այլև անմիջականորեն, քանի որ ինքն այդ աշխարհի մի մասնիկն է, կապված է այդ աշխարհի հետ իր մարմնի միջոցով։ Ճանաչող սուբյեկտը նախ և առաջ մարմնական, գործող, ձգտող էակ է, այսինքն՝ հանդես է գափս նաև որպես կամք։ Ելնելով այն մտքից, որ առանց կամքի մարդը չի կատարում ոչ մի գործողություն և օբյեկտիվացնելով կամքը, Շոպենհաուերը այն դիտում է որպես գոյի նախասկիզբ և ներքին էություն։ Համաշխարհային կամքը միասնական է, ու շատ, անգիտակցական և իռացիոնալ ուժ, որը ձգտում է կենսահաստատման։ Եթե Կանտի, Ֆիխտեի ուսմունքներում կամքը սերտորեն կապված էր բանականության և ճանաչողության հետ, ապա շոպենհաուերյան կամքը անբանական, կույր սկիզբ է։ Կամքը, որպես «ինքնին իր», տարբերվում է իր երևույթներից և դրսևորման ձևերից։ Համաշխարհային կամքն իրեն բացահայտում է օբյեկտիվացման տարբեր աստիճաններում։ Ընդսմին, նրան խորթ է նպատակադիր գործունեությունը. կամքի էությունը մշտական, անվերջ ձգտման մեջ է։ Աշխարհը որպես կամք անվերջ ծնելիություն է, անվերջ հոսք։ Կամքի օբյեկտիվացման ստորին փուլը բնության համընդհանուր ուժերն են (ծանրություն, թափանցիկություն, էլեկտրականություն, մագնիսականություն, քիմիականություն և այլն)։ Անօրգանական աշխարհում կամքը չի հասնում անհատականացման, դա տեղի է ունենում օբյեկտիվացման բարձրագույն փուլերում։ Օրգանական աշխարհում կամքը դառնում է կամք առ կյանք, որն իր արտահայտությունն է գտնում համընդհանուր պայքարի և մրցակցության մեջ։ Եթե օբյեկտիվացման ստորին փուլերում կամքը դրսևորվում է որպես անգիտակցական, կույր հակում, որպես մութ ուժ, ապա բարձրագույն փուլերում՝ որպես կամք առ կյանք, գիտակցական ձգտում։ Օբյեկտիվացիայի բարձրագույն փուլում, երբ հանդես է գալիս մարդը, կամքը վերածվում է նաև ճանաչողության, ինչը հնարավորություն է տալիս նպատակահարմար ձևով ընտրություն կատարել։ Ըստ Շոպենհաուերի՝ ճանաչողությունն առաջանում է որպես անհատի և սեռի պահպանման միջոց, որպես կենսաբանական հարմարվողականության գործիք։ Եթե մինչ այդ աշխարհը սոսկ կամք էր, ապա ճանաչող սուբյեկտի հայտնվելուց հետո դառնում է նաև պատկերացում։ Շոպենհաուերը բոլոր պատկերացումները բաժանում է երկու խմբի՝ ինտուիտիվ–զգայական և վերացական-բանական, որոնք համապատասխանում են ճանաչողության երկու ձևին՝ ինտուիտիվ և ռեֆլեկտիվ։ Թեև ճանաչողությունն առհասարակ կոչված է ծառայելու կամքին, այնուհանդերձ, ըստ Շոպենհաուերի, առանձին մարդկանց մոտ կարող է «ազատվել ծառայողական այդ դերից» և վերածվել անշահախնդիր հայեցողության։ Նա ճանաչողության ինտուիտիվ և ռեֆլեկտիվ (բանական, ռացիոնալ) ձևերը հակադրում է իրար՝ նախապատվությունը տալով առաջինին։ Եթե բանական ճանաչողությունը ծառայում է կամքին, ձգտում է բավարարել մարդու առօրյա-պրակաիկ հետաքրքրությունները, ապա ինտուիտիվ ճանաչողությունն ազատ է, անշահախնդիր և անվրեպ։ Ինտուիտիվ ճանաչողությունը գեղագիտական -գեղարվեստական հայեցողություն է, որով օժտված են միայն հանճարները։ Սովորական մարդիկ դիտում են, իսկ հանճարները՝ նայում։ Սովորական մարդիկ «բնության գործարանային ապրանքն են», որոնց համար ճանաչողությունը ճանապարհը լուսավորող լոկ մի լապտեր է։ Իսկ հանճարի համար ճանաչողությունն աշխարհը լուսավորող արև է։ Թեև Շոպենհաուերը իռացիոնալիզմի դիրքերից քննադատում է բանական ճանաչողությունը, այնուհանդերձ, չի մերժում դրա անհրաժեշտությունը և կարևորությունը մարդկանց տեսական և պրակտիկ գործունեության մեջ։

Շոպենհաուերի բարոյագիտությունն է. մարդաբանությունը հոռետեսական և վատատեսական բնույթ ունեն։ Լավատեսությունը, ըստ նրա, ոչ միայն անհեթեթ, այլև անխիղճ հայացք է, «դառը ծաղր մարդկության անարտահայտելի տառապանքների հանդեպ»։ Կյանքում ոչ մի հիմք կամ նախադրյալ չկա լավատես լինելու համար, որովհետև մարդկանց կյանքը ամբողջությամբ տառապանք է մոլորությունների ու դժբախտությունների մի թագավորություն։ Կամքն իր օբյեկտիվացման բոլոր փուլերում, հատկապես մարդու մեջ, գտնվում է մշտական ձգտման վիճակում, չի բավարարվում ձեռքբերածով, որովհետև նա չգիտի վերջնական բավարարվածություն։ Մարդը համատարած ցանկություն է, կարիք, հազարավոր պահանջմունքների միահյուսում, որոնք նա ուզում է բավարարել։ Բայց ցանկությունը բավարարվում է տանջանքների ու չարչարանքների գնով, ընդսմին, այդ բավարարումը շուտով հագեցնում է մարդուն, ինչն էլ ելակետ է ծառայում նոր ձգտման համար և այսպես շարունակ։ Չկա ձգտման վերջնական նպատակ, հետևաբար, չկա նաև տառապանքի սահման և չափ։ Որքան կատարելագործվում է կամքի դրսևորումը և ճանաչողությունը, այնքան շատանում է տառապանքը։ Պահանջմունքների բավարարումը կամ նպատակին հասնելը մարդուն չի դարձնում երջանիկ, ընդհակառակը, նա հայտնվում է ձանձրույթի և տաղտուկի աշխարհում, մտածում է սոսկ «ժամանակ սպանելու» մասին։ Պատահական չէ, որ գրական ստեղծագործություններում նկարագրվում է հերոսների պայքարը հանուն երջանկության, բայց ոչ բուն երջանկությունը։ Որքան տանջալից է պայքարը կարիքի դեմ, նույնքան էլ ձանձրույթի դեմ։ Մարդկային կյանքը տառապանքի և ձանձրույթի մեջ է անցնում։ Շոպենհաուերի կարծիքով՝ յուրաքանչյուր մարդու տառապանքի չափը մեկընդմիշտ պայմանավորված է իր բնությամբ, կախված է իր բնավորությունից, որն անփոփոխ է։ Անհնար է ուղղել կամ փոփոխել բնավորությունը, որովհետև դա հենց կամքն է, որի շնորհիվ մարդն այն է, ինչ որ կա։ «Ձեռքբերովի բնավորությունը» սեփական բնավորության առավելությունների և թերությունների ճանաչողությունն է, որը գործնական մեծ նշանակություն ունի մարդու համար։ Շոպենհաուերի կարծիքով՝ մարդը երբեք ազատ չէ, քանի որ, իբրև երևույթ, նա հանդես է գալիս որպես համաշխարհային կամքի ազատ ցանկության պատճառավորված դրսևորում։

Մարդու համար սեփական կամքի որոշումը կարող է թվալ չպատճառավորված, բանականությունը կարող է քննարկել արարքի շարժառիթների հարցը, սակայն դա չի նշանակում, թե մարդը գործում է ազատորեն։ Մարդու բոլոր գործողությունները պատճառավորված են ի վերուստ, ամեն ինչ կանխորոշված է, բայց միևնույն ժամանակ դա տեղի է ունենում միայն բազում պատճառների միջնորդությամբ։ Հետևաբար, ըստ Շոպենհաուերի, ոչ թե իրադարձաթյունն ինքնին է կանխորոշված, այլ կանխորոշված է որպես նախորդող պատճառների արդյունք։

Թեև մարդկային կյանքի մասին Շոպենհաուերի տեսակետը պեսիմիստական է, այնուհանդերձ, դա ստացվում է յուրատեսակ լավատեսական հայացքով, որովհետև նա առաջադրում է տառապանքներից ազատագրվելու և փրկվելու ուղի։ Մարդը կարող է փրկվել տառապանքներից և ձանձրույթից, եթե իր մեջ մեռցնի կամքը, այսինքն՝ կյանքը։ Թվում է, թե դրա համար լավագույն միջոց կարող է լինել ինքնասպանությունը։ Շոպենհաուերի համոզմամբ ինքնսպանությունը ոչ թե կամքի ժխտում է, այլ, ընդհակառակը, դրա հզորության հաստատում։ Ինքնասպանը դժգոհ է ոչ թե կյանքից, այլ դրա պայմաններից։ Ինքնասպանությունը անօգուտ և խելահեղ արարք է։ Տառապանքներից փրկվելու համար կա երկու հիմնական ձև՝ ճգնավորություն (ասկետիզմ) և ճանաչողություն։ Ճգնավորը հետևողականորեն մեռցնում է իր մարմինը, իսկ քանի որ մարմինը կամքի օբյեկտիվացման դրսևորումն է, ուստի մարմնի հետ մեկտեղ մեռնում է նաև համաշխարհային կամքը։ Դա տեղի է ունենում նաև ճանաչողության՝ գեղագիտական հայեցողության ընթացքում։ Հարկավոր է թույլ տալ, որ կամքն իրեն անարգել դրսևորի, որպեսզի այդ դրսևորման մեջ մենք կարողանանք ճանաչել մեր սեփական էությունը։ Ճանաչելով, մարդիկ (փիլիսոփաները և արվեստագետները) տեսնում են, որ կամքն իր բոլոր դրսևորումներում, բոլոր երևույթներում նույնական է ինքն իրեն։ Այդպիսի ճանաչողության ժամանակ սուբյեկտը դադարում է լինել կամքի ծառա, նույնանում է օբյեկտի հետ, հայտնվում լիակատար անխռով վիճակի մեջ։ Ոչինչ այլևս նրան չի հուզում, չի վրդովեցնում, որովհետև նա կտրել է այս աշխարհի հետ իրեն կապող ցանկության հազարավոր թելերը։

Շոպենհաուերի կամապաշտական և պեսիմիստական փիլիսոփայությունը հետագայում մեծ ազդեցություն ունեցավ գերմանացի փիլիսոփաններ Է. Հարթմանի և Ֆ. Նիցշեի փիլիսոփայական հայացքների ձևավորման վրա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118610465 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Шопенгауэр Артур // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. Find A Grave — 1996.
  7. CONOR.Sl
  8. Փիլիսոփայական բառարան, Բավարար հիմունքի օրենք, Ե., 1975 թ. էջ 55։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Շոպենհաուեր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Շոպենհաուեր» հոդվածին։