Jump to content

Ուիմբլդոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Ուիմբլդոն
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Բնակչություն92 765 մարդ (2010)[1]
Հեռախոսային կոդ020
Փոստային դասիչSW19 և SW20
Ուիմբլդոն (Միացյալ Թագավորություն)##
Ուիմբլդոն (Միացյալ Թագավորություն)

Ուիմբլդոն (անգլ.՝ Wimbledon / 'wɪmbld(ə)n/ ), Լոնդոնի հարավ-արևմտյան արվարձան։ Մտնում է Մերտոն վարչական շրջանի (բորո) կազմի մեջ և գտնվում է Չարինգ Կրոսից 11,3 կմ հեռավորության վրա։ Հայտնի է որպես թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի անցկացման վայր և (մինչև 2002 թվականը) Պրեմիեր լիգայի համանուն ֆուտբոլային ակումբի բազա։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիմբլդոն անվանումը գալիս է հին անգլերեն Wynnmandon- ից՝ «Wynman's Hill» (հին անգլերեն՝ dun - «բլուր»):Նորմանական տիրապետության հաստատումից հետո Wynnman-ը վերափոխվել է Wiman-ի, Wimel-ի և վերջապես, ժամանակակից տարբերակը Wimble[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն տարածքը, որտեղ այժմ գտնվում է Ուիմբլդոնը, հավանաբար վաղուց է բնակեցված։ Տարածքում հայտնաբերվել են պալեոլիթի ժամանակաշրջանի մի քանի գտածոներ, սակայն հիմնականում արդյունավետ են եղել նեոլիթյան բնակավայրերի պեղումները[3]։ Ուիմբլդոն Քոմոն թաղամասի տարածքում հայտնաբերվել է գերեզմանոց՝ բաղկացած բրոնզեդարյան արտեֆակտներով 23 գերեզմանաքարերից, որոնք թվագրվում են մ.թ.ա. երրորդ հազարամյակով։ Մ. թ.ա. մոտ 700 թվականին այստեղ կառուցվել է 12 ակր տարածքով ամրացված բնակավայր, որը 19-րդ դարից կոչվում է «Կեսարի ճամբար» (անգլ.՝ Ceasar's Camp )[4]: Այս տարածաշրջանի որոշ տեղանուններ վերաբերում են նախահռոմեական շրջանին[5]։

Britannica հանրագիտարանի 11-րդ հրատարակությունը ժամանակակից Ուիմբլդոնը կապում է Wibbandun-ի հետ, որը 568 թվականին Ուեսեքսի թագավոր Կեուլինի և Քենթի թագավոր Էթելբերտի բանակների միջև տեղի ունեցած ճակատամարտի վայրն է։ Այնուամենայնիվ, «Սուրրի կոմսության պատմությունը», որը հրապարակվել է մոտավորապես նույն ժամանակ, այս տեսությունն անվանում է անվստահելի։ 6-10-րդ դարերում այս տարածքում եղել է փայտաշեն եկեղեցով գյուղ[6]։ Բնակավայրը հիշատակվել է 967 թվականին Wimbedounyng անունով մի կանոնադրության մեջ, որը ստորագրել է թագավոր Էդգար Խաղաղասերը։

Ուիմբլդոնի թատրոն

Դատաստանգրքում (անգլերեն՝ Domesday Book) Ուիմբլդոնի մասին ոչինչ նշված չէ։ Ըստ երևույթին, նրա տարածքն այդ ժամանակ Մորթլեյքի (անգլերեն՝ Mortlake) հսկայական տիրապետության մի մասն է եղել։ Ամբողջ տարածաշրջանը ավերվել է նորմանների ներխուժումից, և «Domesday Book»-ի բաժինը, որը վերաբերում է Մորթլեյքին, ցույց է տալիս, որ կալվածքի ընդհանուր արժեքը նվաճումից հետո նվազել է ավելի քան երեք անգամ[7]։ Ուիմբլդոնը որպես առանձին տիրապետություն սկսել է պարբերաբար հիշատակվել 1328 թվականից։ Հիմնականում մինչև 1536 թվականը գտնվել է Քենթերբերիի արքեպիսկոպոսների իշխանության ներքո։ Ապա բազմիցս բռնագրավվել է արքունիքի կողմից և նորից վերադարձվել մասնավոր սեփականության։ 1625 թվականին Էդվարդ Սեսիլին տրվեց Ուիմբլդոնի վիկոնտ տիտղոսը։ Նրա մահից հետո կալվածքը նորից ձեռքից ձեռք անցավ՝ երկու անգամ կարճ ժամանակով դառնալով թագուհի Հենրիետա Մարիայի սեփականությունը։ Ի վերջո, 1746 թվականին այն ժառանգեց Ջոն Սփենսերը, հետագայում դառնալով՝ վիկոնտ Սպենսեր-Ալթորփ և ապա առաջին կոմս Սփենսեր։ 1801 թվականին երկրորդ կոմս Սփենսերը կառուցեց նոր կենտրոնական կալվածք՝ Ուիմբլդոն Պարկ Հաուսը։ Այդ ժամանակից ի վեր կալվածքը փոխանցվել է նրա ընտանիքի ժառանգներին, մինչև 1877թվականը, երբ հինգերորդ կոմս Սփենսերը վաճառեց այն[8]։

1838 թվականին Ուիմբլդոնում բացվեց երկաթուղային կայարան, որին հաջորդեց մեկ ուրիշը Ուիմբլդոն Պարկում 1889 թվականին՝ տարածքը հասանելի և գրավիչ դարձնելով նոր բնակիչների համար[9][10]։

1866 թվականին Ուիմբլդոնի վրա տարածվել է 1858 թվականի տեղական ինքնակառավարման մասին ակտը։ 1894 - 1905 թվականներին Ուիմբլդոնը կառավարվել է շրջանային խորհրդի կողմից, այնուհետև շնորհվել է քաղաքի կարգավիճակ։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ուիմբլդոնում ստեղծվեց կամավորական 190-րդ դաշտային հրետանային ջոկատը, որի կազմում կար 700 մարդ։ Ջոկատը մասնակցել է մարտական գործողություններին Ֆրանսիայում, Իտալիայում և Բելգիայում։ 1916 թվականին Ուիմբլդոնում, Լոնդոնը պաշտպանելու համար, կառուցվել է ավիակործանիչների օդանավակայան։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, սկսած 1940 թվականի օգոստոսի 16-ից, Ուիմբլդոնը բազմիցս ռմբակոծվել է՝ տալով 150 խաղաղ բնակչի զոհ և 810 ավերված տուն[11]։ Ուիմբլդոնը ծառայել է որպես տարանցիկ կետ Լեհաստանից, Բելգիայից, Նիդեռլանդներից և Ֆրանսիայից եկած փախստականների համար։

1965 թվականին Ուիմբլդոնը միանալով Միտչեմ բորոյի, Մերտոն և Մորդեն թաղամասերի հետ ձևավորել է Մերտոնի միասնական թաղամասը։ 1990-ին նոր ձևավորված թաղամասի կառավարումը Ուիմբլդոնի քաղաքապետարանից տեղափոխվեց Մորդեն։

Թենիսի ամենամյա մրցաշար[խմբագրել | խմբագրել կոդը]

1870-ական թվականներին, բլրի ստորոտին, երկաթուղային գծի և Ուորփլ Ռոուդի միջև ընկած հողի վրա, Լաուն թենիսի և կրոկետի համաանգլիական ակումբը սկսեց անցկացնել իր ամենամյա առաջնությունները։ Սակայն կրոկետ խաղի հանրաճանաչությունը նվազում էր, մինչդեռ նոր սպորտաձև թենիսը, գնալով ավելի լայն տարածում էր գտնում։ Սկզբում ունենալով թենիսին նվիրված կորտերից միայն մեկը, 1877 թվականին, ակումբը որոշեց անցկացնել իր առաջին լաուն թենիսի առաջնությունը։ Մրցաշարը մեկնարկեց հուլիսի 9-ին, անցկացվեց միայն տղամարդկանց մրցապայքար։

Այժմ Ուիմբլդոնյան մրցաշարը ( անգլերեն՝ The Championships, Wimbledon) թենիսի միջազգային մրցաշար է, Մեծ սաղավարտի չորս մրցաշարերից մեկը, որը 1877 թվականից ի վեր իր խաղերի մեծ մասն անց է կացնում Անգլիայի կրոկետի և թենիսի ակումբի խոտածածկ դաշտերում։

Հիմնական մրցութային խաղերը ավանդաբար անցկացվում են երկշաբաթյա ժամանակահատվածում՝ հունիսի վերջից մինչև հուլիսի սկզբ, որտեղ հաղթանակի համար պայքարում են մեծահասակների համար հինգ կարգերում, տարեցների համար՝չորսը, և ևս չորսը՝ անվասայլակով հաշմանադամների համար։

Մրցաշարը կազմակերպում է բրիտանական թենիսի ասոցիացիան։ 1988 թվականից ի վեր Ուիմբլդոնը «Մեծ սաղավարտի» միակ մրցաշարն է, որը խաղարկվում է խոտածածկի վրա։ Ընդհանուր մրցանակային ֆոնդը 2021 թվականին գերազանցել է 35 միլիոն ֆունտ ստերլինգը, իսկ մենախաղերում հաղթողները ստացել են 1,7 միլիոն ֆունտ ստերլինգ։

Ուիմբլդոնի մրցաշարը իրենից ներկայացնում է միջազգային մշակութային իրողություն։ Դրա խաղարկությունները տարեկան հեռարձակվում են 80 հեռուստատեսային ընկերությունների կողմից, ավելի քան 3000 հեռուստալրագրողներ, ռադիոլրագրողներ, թերթերի լրագրողներ և լուսանկարիչներ մասնակցում են մրցաշարի լուսաբանմանը։

Բնակչություն և հայտնի քաղաքացիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1880-ական թվականներին երկաթուղու ուղեվարձի էժանացման հետ մեկտեղ, սկսվեց ոչ այնքան հարուստ բնակիչների հոսք դեպի Ուիմբլդոն, որտեղ նախկինում հիմնականում հարուստ մարդիկ էին ապրում[10]։ Ուիմբլդոնի բնակչությունը 1865 թվականին կազմել է 6000 մարդ, սակայն 1891 թվականին այն հասավ գրեթե 26 հազարի, իսկ 1901 թվականին՝ ավելի քան 41 հազար մարդու։ 2010 թվականի ընտրությունների տվյալներով Ուիմբլդոնը ուներ մոտավորապես 93,000 բնակչություն։

Ուիմբլդոնի բնիկների և բնակիչների թվում եղել են շատ հայտնի մարդիկ.

Պատմական տարբեր ժամանակաշրջաններում այստեղ կարճ ժամանակով բնակվել են նաև ծովակալը Նելսոնը, գերմանացի փիլիսոփաԱրթուր Շոպենհաուերը (1803), Եթովպիայի կայսր Հայլե Սելասիեն (1936)[12] և ուրիշներ։

Ուիմբլդոնը արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիմբլդոնը ժամանակակից բրիտանացի գրող Նայջել Ուիլյամսի վեպերի գրծողությունների վայրն է, որը հավաքականորեն հայտնի է որպես Ուիմբլդոնյան եռագրություն.

  • Ուիմբլդոնի թունավորողը (անգլ.՝ The Wimbledon Poisiner, 1990), 1994 թվականին գրքի հիման վրա նկարահանվել է բազմասերիալանոց ֆիլմ BBC-ի համար[13]
  • Այլմոլորակայինները SW19-ից (անգլ.՝ They Came From SW19, 1992)
  • Ուիմբլդոնից արևելք (անգլ.՝ East of Wimbledon, 1993)

Ուիմբլդոնում է տեղի ունենում մանկական գրող Էլիզաբեթ Բերեսֆորդի՝ ուոմբլների մասին պատմող գրքերի շարքը։ Ուիմբլդոնը նաև այն վայրն է, որտեղ կործանվել է մարսյան միջմոլորակային տիեզերանավերից մեկը Հերբերտ Ուելսի «Աշխարհների պատերազմ» վեպում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.ons.gov.uk/about-statistics/geography/products/area-classifications/rural-urban-definition-and-la-classification/rural-urban-local-authority--la--classification/parliamentary-constituencies.xls
  2. Adrian Room. Placenames of the world / H. E. Malden. — 2006. — Vol. IV. — P. 407. — 433 p. — ISBN 0-7864-2248-3
  3. «Сайт Уимблдонского исторического музея: древний Уимблдон» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 16-ին.
  4. «Iron Age». The Museum of Wimbledon (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  5. Parishes: Wimbledon // A History of the County of Surrey / H. E. Malden. — 1912. — Vol. IV. — P. 120—125.
  6. «The Saxons». The Museum of Wimbledon (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին.
  7. «The Normans». The Museum of Wimbledon (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին.
  8. Статья Уимблдон в Энциклопедии Британника, 11-е изд.
  9. «New Wimbledon». The Museum of Wimbledon (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին.
  10. 10,0 10,1 «Population growth». The Museum of Wimbledon (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին.
  11. «The war years». The Museum of Wimbledon (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին.
  12. Haile Selassie returns to Wimbledon Արխիվացված է Օգոստոս 1, 2020 Wayback Machine-ի միջոցով: The Anglo-Ethiopian Society.
  13. The Wimbledon Poisoner(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]