Ֆրենսիս Բեկոն (նկարիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրենսիս Բեկոն
անգլ.՝ Francis Bacon
Ծնվել էհոկտեմբերի 28, 1909(1909-10-28)[1][2][3][…]
ԾննդավայրԴուբլին, Իռլանդիա[1][4]
Վախճանվել էապրիլի 28, 1992(1992-04-28)[5][6][7][…] (82 տարեկան)
Մահվան վայրՄադրիդ, Իսպանիա[8][4]
Ազգությունիռլանդացի
Քաղաքացիություն Իռլանդիա[9] և  Միացյալ Թագավորություն
ԿրթությունDean Close School?
Մասնագիտություննկարիչ և դիզայներ
Ոճսյուրռեալիզմ[10], էքսպրեսիոնիզմ[10], կուբիզմ[10] և մոդերն[10]
Ժանրդիմապատկեր և ֆիգուրատիվիզմ[1]
Թեմաներգեղանկարչություն և furniture design?
Ուշագրավ աշխատանքներTriptych, 1976?, Three Studies for Figures at the Base of a Crucifixion? և Head IV?
Պարգևներ
ԱնդամակցությունԳեղարվեստի ակադեմիա
ՀայրCapt. Anthony Edward Mortimer Bacon?
Համատեղ ապրողGeorge Dyer?[11]
Կայքfrancis-bacon.com(անգլ.)
 Francis Bacon (artist) Վիքիպահեստում

Ֆրենսիս Բեկոն (անգլ.՝ Francis Bacon, հոկտեմբերի 28, 1909(1909-10-28)[1][2][3][…], Դուբլին, Իռլանդիա[1][4] - ապրիլի 28, 1992(1992-04-28)[5][6][7][…], Մադրիդ, Իսպանիա[8][4]), անգլիացի նկարիչ- էքսպրեսիոնիստ, կերպարային նկարչության վարպետ։ Ստեղծագործության հիմնական թեման եղել է մարդկային մարմինը` մի փոքր ձգված, այլափոխված, վերածված երկրաչափական կերպարի, որը հիմնականում պատկերված է առարկայազուրկ ֆոնին։ Եռապատկերը նկարչի ստեղծագործության սիրելի ձևն է։ Ինչպես ինքը նկարիչն է նշել, ինքը «պատկերները տեսնում է հաջորդականության մեջ»[12]։ Պահպանվել են տարբեր չափերի 28 եռապատկերներ, իսկ մի քանիսը անձամբ հեղինակն է ոչնչացրել. նա խիստ բծախնդրորեն է վերաբերվել իր գործերին[13]։ Երիտասարդ հասակում Բեկոնը չի ստացել գեղարվեստական կրթություն և երկար ժամանակ չի կողմնորոշվել ապագա մասնագիտության հարցում` փորձարկելով գործունեության տարբեր ձևեր, այդ իսկ պատճառով նրա ոճը սեփական ընկալումների և փոխազդեցության մեջ գտնվող վառ կերպարների միախառնում է, որը նկատելի է նկարչի բազմաթիվ աշխատանքներում[14]։ Նկարչի կյանքում բեկումնային է եղել 1944 թվականը, երբ ստեղծել է «Երեք էտյուդ խաչելության ստորոտին» եռապատկերը, որը հասարակության ուշադրութունն է գրավել իր վառ գույներով, տառապանքի ու ճիչի կոպիտ պատկերումով։ Նկարն արժանացել է քննադատների բարձր գնահատանքին։ Հետագա աշխատանքները ևս մեծ հետաքրքրություն են առաջացրել` ստանալով ինչպես դրական, այնպես էլ բացասական արձագանքներ։ Այսպես` Մարգարետ Թետչերը նրան անվանել է «մարդ, որ նկարում է սարսափելի նկարներ»[15]։ Ամեն դեպքում, կյանքի վերջին տարիներին նկարչին ամրացել էր 20-րդ դարի բրիտանացի նշանավոր նկարչի համբավը։ Ներկայումս Ֆրենսիս Բեկոնի գործերը բարձր են գնահատվում և ընդգրկված են ամենից բարձր վճարվող նկարների ցանկում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրենսիս Բեկոնը ծնվել է 1909 թվականի հոկտեմբերի 28-ին Դուբլինում` Լոուեր Բեգոտ փողոցի № 63 տանը։ Հայրը` կապիտան Էդուարդ Մորտիմեր Բեկոնը, եղել է պաշտոնաթող զինվորական, զբաղվել է ձիաբուծությամբ։ Նա ծագել է հին, սակայն ունեզրկված ազգից։ Մայրը` Քրիստինա Վինիֆրեդ Լոքսլի Բեկոնը (ծնունդով` Ֆյորտ), եղել է երկաթի մագնատների ընտանիքից, ծագումով Շեֆիլդից[16]։ Ընտանիքում մեծացել է 5 երեխա` երեք տղա և երկու աղջիկ, որոնց դաստիարակությամբ զբաղվել է դայակը` Ջեսի Լայթֆուտը։ Բեկոնը ջերմ հարաբերությամբ էր կապված դայակի հետ, որը շարունակվել է մինչև վերջինիս մահը 1951 թվականին[17]։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ընտանիքը տեղափոխվել է Լոնդոն, որտեղ Ֆրենսիսի հայրը ծառայել է ռազմական նախարարությունում։ 1918 թվականին նրանք վերադարձել են Իռլանդիա, սակայն այնտեղ սկսվել է անկախության համար պատերազմ, այնուհետև քաղաքացիական պատերազմ։ Դա ընտանիքին ստիպել է մշտապես փոխել բնակության վայրը։ Հաճախակի տեղափոխությունների պատճառով Ֆրենսիսի նախնական կրթությունը սահմանափակվել է Չելտնեմի Դին Քլոուզի դպրոցում երկամյա կրթութամբ։ Բեկոնի հայրը, ով խստաբարո մարդ է եղել` պուրիտանական բարոյականությամբ, որդուն խիստ է դաստիարակել։ Ինչպես հետագայում հիշել է նկարիչը, հայրը ստիպել է նրան ձի հեծնել, չնայած իմացել է, թե ասթմայով տառապող որդու վրա ինչքան վատ կարող է անդրադառնալ ձիերի ու շների հարևանությամբ գտնվելը[18]։ 1926 թվականին հայրը Ֆրենսիսին վտարել է տնից այն բանից հետո, երբ նրան տեսել է մոր զգեստը հագնելիս։ Բեկոնը տեղափոխվել է Լոնդոն, որտեղ ապրել է շաբաթական երեք ֆունտով, որը նրան էր ուղարկում մայրը, ով նույնպես պատահական աշխատանքով էր վաստակում[19]։

1927 թվականին Բեկոնը հոր պնդմամբ ընտանիքի բարեկամի` Սեսիլ Հարկորտ-Սմիթի հետ վեցամսյա ուղևորություն է կատարել Բեռլին։ Հայրը հույս ուներ, որ նախկին զինվորականը դրական ազդեցություն կունենա Ֆրենսիսի վրա։ Բեռլինում Ֆրենսիս Բեկոնը հանդիպել է արվեստագետերի հետ, այցելել գիշերային ակումբներ։ Այստեղ նա ծանոթացել է Սերգեյ Էյզենշտեյնի և Ֆրից Լանգի հետ։ Ինչպես նկարիչն է հետագայում նշել, նրանց աշխատանքները մեծ ազդեցություն են ունեցել իր վրա` հատկապես «Մետրոպոլիսը» և «Պոտյոմկին զրահակիրը»։ Հետագա կես տարին Բեկոնն անցկացրել է Ֆրանսիայում` Շանտիիում` ապրելով նշանավոր դաշնակահար տիկին Բոկենտենի հետ։ Այստեղ նա սովորել է ֆրանսերեն, այցելել գեղարվեստական ցուցահանդեսներ[20]։ Փարիզում Բեկոնն այցելել է Պաբլո Պիկասսոյի ցուցահանդես, ինչից հետո նկարիչ դառնալու որոշում է կայացրել[21]։ Այնուհետև վերադարձել է Լոնդոն, հաստատվել Քուինսբերի Մյուս Վեսթ փողոցի № 17 տանը (Հարավային Կենսինգտոն) և զբաղվել ինտերիերի դիզայնով։ 1930 թվականին նրա աշխատանքները հայտնվել են «The Studio» ամսագրում որպես 1930 թվականի «բրիտանական դեկորատիվ արվեստի նմուշներ»։ Բեկոնը ծանոթացել է Էրիկ Հոլլի հետ, ով դառնում է նրա սիրեկանն ու հովանավորը, և ավստրալիացի կուբիստ նկարիչ Ռոյ դե Մեյստրի հետ, ում հետ առաջին անգամ փորձել է յուղաներկով նկարել[22]։ 1930 թվականի վերջին նա դարձյալ այցելել է Բեռլին, որտեղ ստացել է կահույքի դիզայնի ու վերականգնման մեծ պատվեր։ 1933 թվականի ապրիլին այլ նկարիչների հետ մասնակցել է Մեյոր պատկերասրահում կազմակերպված ցուցահանդեսին, որտեղ նրա «Խաչելություն, 1933» նկարը, որը ստեղծվել էր Պիկասսոյի ազդեցությամբ, ձեռք է բերել հավաքորդ Մայքլ Սեդլերը։ Հետագա աշխատանքները, սակայն, ավելի վատ ընդունելության են արժանանում. 1934 թվականի փետրվարին նկարչի անհատական ցուցահանդեսում Բեկոնի նկարները վատ են վաճառվում և «Թայմս» թերթում բացասական արձագանքի են արժանանում, իսկ 1936 թվականի ամռանը Սյուրռեալիստական միջազգային ցուցահանդեսի կազմակերպիչները մերժում են նրան` նրա գործերը համարելով «ոչ բավարար սյուրռեալիստական»[23]։ Մի շարք անհաջողություններից հետո Բեկոնը ոչնչացրել է իր նկարների մեծ մասը և որոշ ժամանակ դադարել է նկարել[12]։

1935 թվականին Բեկոնը կրկին այցելել է Փարիզ։ Ճանապարհին նա ձեռք է բերել բերանի խոռոչի հիվանդությունների մասին գիրք, որում եղած նկարները մեծ ազդեցություն են գործել նրա հետագա ստեղծագործական կյանքի վրա։ 1937 թվականին Բեկոնը մասնակցել է ցուցահանդեսի, որ կազմակերպել էին Հոլլը և Դե Մեյստրը, ծանոթացել է անգլիացի նկարիչ Գրեհեմ Սազերլենդին։ 1940 թվականին մահացել է նրա հայրը, և Բեկոնը ժառանգություն է ստացել հոր ամբողջ կարողությունը, քանի որ նրա եղբայրներից ոչ մեկն այդ ժամանակ կենդանի չէր։ Երկրորդ աշխարհամարտին Բեկոնը քրոնիկ ասթմայի պատճառով չի զորակոչվել բանակ, սակայն բարեխղճորեն ծառայել է քաղաքացիական պաշտպանությունում։ Բեկոնի առողջությունը վատթարացել է, և 1942 թվականին նա լքել է ծառայությունը, ինչից հետո Էրիկ Հոլլի հետ քոթեջ է վարձակալլ Հեմփշիրի մոտակայքում, որտեղ շարունակել է զբաղվել գեղանկարչությամբ, սակայն այս շրջանից ոչ մի նկար չի պահպանվել։ 1943 թվականին Բեկոնը վերադարձել է Լոնդոն և հաստատվել Կրոմվելի հրապարակի № 7 տանը, որտեղ Հոլլի հետ ընդհատակյա խաղատուն է բացել[24][25]։ Շուտով նա ծանոթացել է նկարիչ Լյուսյեն Ֆրոյդի հետ, ով դարձել է նրա մտերիմ ընկերը։ Նրանք միասին այցելել են սրճարաններ, ակումբներ, Սոհոյի խաղատներ։ Ֆրոյդի հավաստմամբ նրանք 25 տարի ամեն օր հանդիպել են` սկսած 1940-ական թվականներից։ Ֆրոյդը զգալի ազդեցություն է ունեցել Բեկոնի գեղանկարչության վրա. նա դարձել է բազմաթիվ կտավների հիմնական օբյեկտ` «Երկու կերպար» (1953), «Լյուսյեն Ֆրոյդի դիմանկարի էտյուդ» (1964), «Լյուսյեն Ֆրոյդի դիմանկարի երեք էտյուդ» (1966), «Լյուսյեն Ֆրոյդի դիմանկարի երեք գծանկար» (1969)։ Նրանց մտերմությունն ավարտվել է 1970-ական թվականների սկզբին, երբ ստեղծագործական տարաձայնություններ են առաջացել նրանց մեջ. Ֆրոյդը Բեկոնի վերջին գործերը «սարսափելի» է համարել[26]։

Հաջողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1944 թվականին Բեկոնը ստեղծել է «Խաչելության կերպարների երեք էտյուդ» եռապատկերը։ Այս նկարը Բեկոնի ստեղծագործության անկյունաքարն է համարվում, քանի որ հենց այստեղ է ձևավորվել նրա ինքնատիպ ոճը, որը հետագայում դրսևորվել է նկարչի բոլոր գործերում։ Կտավում կոպիտ ձևով վառ նարնջագույն ֆոնին պատկերված են մարդանման երեք պատկերներ, որոնց համար հիմք են ծառայել էրինիաները` դիցաբանական այն կերպարները, որոնք դարձել են Էսքիլեսի «Օրեստիա» եռագրության գլխավոր կերպարները։ Նկարի անվանումը կերպարներին կապում է սրբերի հետ, որոնք կրոնական թեմայով գեղանկարչության մեջ ավանդաբար ամրակցվել էին խաչելության ստորոտին[12]։ Այս եռապատկերը Բեկոնի մեկ այլ` «Կերպարը բնապատկերում» նկարի հետ 1945 թվականի ապրիլին ներկայացվել է Լեֆևր պատկերասրահում` արժանանալով քննադատների հիացական կարծիքներին։ Դրանից հետո Բեկոնին ընդունել են որպես տաղանդավոր ու ազդեցիկ նկարչի[27]։ Ինքը նկարիչը եռագրությունը համարում էր իր առաջին հասուն գործը` խոչընդոտելով մինչ այդ նկարված իր աշխատանքների ցուցադրումը հասարակությանը։ Մինչև 1953 թվականը եռապատկերը գտնվել է Էրիկ Հոլլի մոտ, այնուհետև հանձնվել Լոնդոնի Թեյթ բրիտանական պատկերասրահին, որտեղ ցուցադրված է մինչ օրս[28]։ 1988 թվականին Ֆրենսիս Բեկոնը նկարել է նկարի երկրորդ տարբերակը, որը նախնական բնօրինակից երկու անգամ մեծ է, իսկ ֆոնը ներկայացված է արնանման կարմիրով[29]։

Բեկոնը շատ է ճանապարհորդել։ 1946 թվականին նա ուղևորվել է Փարիզ, որտեղ մանրամասն ծանոթացել է հետպատերազմյան ֆրանսիական արվեստին և էքզիստենցիալիզմի գաղափարներին, իսկ 1950 և 1952 թվականներին այցելել է Հարավային Աֆրիկա, ուր ամուսնու մահից հետո տեղափոխվել էր նրա մայրը։ Նկարիչը տպավորված է եղել աֆրիկյան բնությամբ ու մշակույթով. այս մոտիվները արտահայտված են «Բնապատկերի էտյուդ» (1952), «Սֆինքս» (1953-1954) նկարներում։ 1956 թվականին նկարիչն իր նոր սիրեկանի` Պիտեր Լեյսի հետ եղել է Տանժերում, որտեղ ծանոթացել է Ուիլյամ Սյուարդ Բերրոուզի և Ալլեն Գինզբերգի հետ[30]։

1940-ական թվականների վերջից Բեկոնի մասին սկսել են խոսել որպես բրիտանացի առաջնակարգ նկարչի, նրա աշխատանքներն ավելի ու ավելի հաճախ են ներկայացվել հանդիսատեսի դատին։ 1949 թվականի աշնանն ու ձմռանը Լոնդոնի Հանովեր պատկերասրահում կայացել է նկարչի անհատական առաջին խոշոր ցուցահանդեսը[31]։ Այնտեղ ներկայացվել են «I—VI գլուխներ» (1948—1949), «Մարդկային մարմնի էտյուդ» (1949) և «Դիմանկարի էտյուդ» (1949) նկարները։ «VI գլուխը» Բեկոնի առաջին նկարն է. նրա հիմքում ընկած է Դիեգո Վելասկեսի «Ինոկենտիոս X պապի դիմանկարը» (1650)[32]։ Այս կերպարը նկարիչն օգտագործել է իր աշխատանքներում մինչև 1960-ական թվականների սկիզբը[33]։ 1953 թվականի հոկտեմբերին Բեկոնը ցուցադրվել է նյույորքյան Դուրլահեր պատկերասրահում. դա առաջին ցուցահանդեսն էր ԱՄՆ-ում, իսկ հաջորդ տարի` Վենետիկի բիենալեում[30]։ 1957 թվականին Լոնդոնում ներկայացվել են նրա` Վան Գոգի մոտիվներով նկարները (Բեկոնին հատկապես գրավել է Տարասկոնի ճանապարհի նկարիչը գործը)[34]։ Այս ցուցահանդեսի հաջողությունով պատճառաբանված` Մալբորոյի գեղարվեստի պատկերասրահը նկարչի հետ պայմանագիր է կնքել, համաձայն որի` պատկերասրահը վճարել է նրա բոլոր պարտքերը, ինչպես նաև իր վրա պարտավորություն է վերցրել նոր ցուցահանդեսների մասին պայմանավորվելու[19]։ 1961 թվականին Բեկոնը տեղափոխվել է Հարավային Քենինգսթոնի Ռիս Մյուզ փողոցի № 7 տուն, որտեղ ապրել է մինչև իր կյանքի վերջը։ Տան առաջին հարկում գտնվել է նրա արվեստանոցը, որտեղ տեղափոխվելուց հետո հենց առաջին ամիսներին Բեկոնը ստեղծել է իր առաջին խոշորամասշտաբ գործը` «Խաչելության երեք էտյուդ» անվանումով (1962, 198.2×144.8 սմ)։ 1962 թվականի մայիսին Թեյթ բրիտանական պատկերասրահում կայացել է Ֆրենսիս Բեկոնի անհատական առաջին ցուցահանդեսը[35]։ 1963 թվականին Բեկոնը ծանոթացել է Ջորջ Դայերի հետ, ով դարձել է նրա սիրեկանը` կարևոր տեղ զբաղեցնելով նրա ստեղծագործական կյանքում։ Նկարչի խոսքերով ծանոթությունը կայացել է այն ժամանակ, երբ Դայերը փորձել է թալանելու նպատակով իր տուն մտնել։ Լինելով սոցիալական ցածր խավից` Դայերը տառապել է ալկոհոլիզմով և 1971 թվականի հոկտեմբերին ինքնասպանություն է կատարել` բարբիտուրատների մեծ չափաբաժին ընդունելով Փարիզի «Hôtel des Saints-Pères» հյուրանոցի իր զբաղեցրած համարում (համարը վարձակալել էր նկարչի հետ)։ Դրանից երկու օր հետո Մեծ պալատում բացվել է նկարչի ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել է 108 նկար, այդ թվում` 11 եռապատկեր. ցուցահանդեսն արժանացել է քննադատների ու հանդիսատեսների բարձր գնահատականին։ Նույն թվականին Բեկոնը գլխավորել է ժամանակակից ամենանշանավոր նկարիչների ցանկը, որը կազմել էր ֆրանսիական «Connaissance des Arts» ամսագիրը[36]։ Սակայն չնայած մասնագիտական հաջողությանը` նկարիչը հոգեպես ընկճված է եղել և 1972-1973 թվականներին ընդամենը երեք նկարից բաղկացած շարք է նկարել, որն անվանել է «Սև եռապատկերներ». դրանք նվիրված են եղել իր ընկերոջը և լի են մահվան ու վշտի մոտիվներով[37]։ Դայերի ինքնասպանությունից հետո Բեկոնը ավելի հաճախ է սկսել ինքնադիմանկարներ նկարել, քանի որ իր բառերով` «մարդիկ իմ շուրջը կարծես ճանճեր լինեն, և բացի ինձնից այլևս որևէ մեկը չկա, որ նկարեմ»[38]։

Ուշ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

1974 թվականին Բեկոնը ծանոթացել է Ջոն Էդվարդսի հետ, ով Սոհոյի սրճարաններից մեկում բարմեն էր։ Նրանք դառնում են մտերիմ ընկերներ. նրանց պլատոնական սերը շարունակվել է մինչև նկարչի մահը։ Վերջին տարիներին նկարչի առողջությունը հետզհետե վատացել է. 1989 թվականին հեռացնում են նրա երիկամը, սակայն նա դրանից հետո էլ շարունակում էր այցելել զվարճանքի վայրեր` ասելով. «Եթե խմում ես 15 տարեկանից, պետք է ուրախ լինես, որ գոնե մեկ երիկամ է մնացել»։ Ի հեճուկս բժիշկների խորհուրդների` 1992 թվականի սկզբին նա ուղևորվում է Իսպանիա։ Մադրիդում նրա առողջական վիճակը վատթարանում է, և նրան տեղափոխում են հիվանդանոց, որտեղ էլ ապրիլի 28-ին մահանում է սրտի անբավարարությունից։ Աթեիստական աշխարհայացք ունենալու պատճառով հոգեհանգիստն ու թաղումը եկեղեցական արարողակարգով չեն կատարվել։ Նրա մարմինն այրել են և փոշին ցանել։ Իր ամբողջ կարողությունը` մոտ 11 միլիոն ֆունտ, Բեկոնը կտակել է Ջոն Էդվարդսին[39]։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չունենալով արհեստավարժ կրթություն` Բեկոնը երկար է մտածել ապագա գործունեության մասին։ Նա փորձարկել է 1930-ական թվականներին տարածում ունեցող տարբեր ոճեր, սակայն այդ շրջանից 15 նկար է միայն պահպանվել։ Նրա արվեստի վրա զգալի ազդեցություն են ունեցել հովանավորները, այդ թվում` Ռոյ դե Մեյստերը և Էրիկ Հոլլը։ Նկարիչն իր համար ուսուցիչ է համարել դասական նկարիչներին` Միքելանջելոյին, Ռեմբրանդտին, Տիցիանին, Էնգրին[40]։ Նա հատկապես առանձնացրել է Վելասկեսին և նրա` «Ինոկենտիոս X պապի դիմանկարը», Պաբլո Պիկասսոյի աշխատանքները և Նիկոլա Պուսենի «Մանուկների կոտորածը»[20][41][42]։ Բեկոնն իր նկարներում հաճախ է կիրառել փոխառյալ կերպարներ։ Այսպես` Լյուսիեն Ֆրոյդի դիմանկարներից մեկում նա պատկերել է Ֆրանց Կաֆկային` հավատացնելով, որ «նրա մեջ Ֆրոյդից ինչ-որ բան կա»[18]։

Որոշ կերպարներ մշտապես հանդիպում են Բեկոնի արվեստում։ Այդպիսին է, օրինակ, ճիչը, որը, ինչպես նկարիչն է պնդում, իր արվեստի կատալիզատոր կերպարն է։ Բեկոնն այս թեմային ուշադրություն է դարձրել, երբ դիտել է Էյզենշտեյնի «Զրահակիր Պոտյոմկին» ֆիլմը և կարդացել է բերանի խոռոչի հիվանդությունների մասին գիրք։ Հետագայում նա այս թեմային անդրադարձել է իր այնպիսի աշխատանքներում, ինչպիսիք են «Խաչելության ստորոտի կերպարների երեք էտյուդ» եռապատկերը և «Ճչացող պապերը» նկարաշարը[43]։ Ժիլ Դըլյոզը նշել է, որ «Բեկոնի ճիչերը գործընթաց են, երբ նրա մարմինը դուրս է գալիս բերանով»[44]։ Խաչելության թեման Բեկոնի արվեստում դրսևորվել է ամենսկզբից և համարվում է շատ աշխատանքների հիմնարար սկզբունքը։ Ինքը նկարիչը պնդել է. «Ես դեռևս չեմ գտել մարդկային զգացմունքներն արտահայտող ավելի հարմար թեմա»։ Սյուժեի սկզբնաղբյուր են ծառայել Իզենհայմի խորանը և ֆլորենտացի գեղանկարիչ Չիմաբուեի «Դրոշմը», որը գտնվում է Սանտա Կրոչե բազիլիկում։ Սակայն ամեն դեպքում փորձելով չպատկերել կրոնական իրադարձություն, սակայն փոխանցել մարդու մասին ունեցած իր պատկերացումները` նկարիչն ամեն ինչ ձևափոխել է իրեն հարմար ձևով։ Դրա օրինակ են «Դրոշմը» (1933), «Դրոշմի հատված» (1950), «Դրոշմի երեք էտյուդ» (1962)[45]։ Շատ հաճախ նկարում պատկերված կերպարը տեղադրված է եռաչափ վանդակում[46]։ Այս կերպարը բխում է շվեյցարացի քանդակագործ Ալբերտո Ջակոմետիի «Վանդակ» (1950) աշխատանքից։ Նրա հետ նկարիչը ծանոթացել է 1960-ական թվականների սկզբին Փարիզի սրճարաններից մեկում։ Բեկոնին զարմանալի է թվացել, որ նա, չնայած իր ճանաչմանն ու հարստությանը, շարունակել է աշխատել Մոնպառնաս կայարանին հարակից փոքր արվեստանոցում։ Նրանց բարեկամությունը շարունակվել է մինչև 1966 թվականին Ջակոմետիի մահը[47]։

Բեկոնը երբեք չի նկարել բնորդներից` դրանց փոխարեն օգտագործելով լուսանկարներ։ Նա ասել է. «Լուսանկարչության հայտնագործումից հետո գեղանկարչությունն ամբողջովին փոխվել է։ Իմ ստուդիայում հատակին թաված են պատառոտված լուսանկարներ. ես դրանք օգտագործել եմ ընկերներիս դիմանկարներն անելու համար։ Ինձ համար ավելի հեշտ է նկարել լուսանկարից, քան հենց բնորդներից. այդպես ես կարող եմ միայնակ աշխատել և ինձ ավելի ազատ զգալ։ Երբ ես աշխատում եմ, ապա ես չեմ ուզում ոչ ոքի տեսնել, նույնիսկ բնորդներին։ Այս լուսանկարներն ինձ համար կարծես հիշողության արտապատկերներ լինեն, որոնք օգնում են ինձ հաղորդելու որոշակի գծեր ու մանրամասներ»։ Բեկոնը մասամբ օգտվել է Ջոն Դիկինի աշխատանքներից, ով բրիտանական «Վոգ» ամսագրի լուսանկարիչ է եղել։ Լուսանկարչի հետ Բեկոնը ծանոթացել է մոտ 1950 թվականին Լոնդոնի ակումբներից մեկում[48]։ Որպես բնօրինակ նկարիչը կիրառել է նաև Էդվարդ Մեյբրիջի աշխատանքները, ով 19-րդ դարի ամերիկացի նշանավոր լուսանկարիչ է եղել[49]։ Դիկինի լուսանկարներով Բեկոնը նկարել է իր ընկերների դիմանկարների շարքը, որտեղ պատկերված են Լյուսիեն Ֆրոյդը, Հենրիետա Մորաեսը, Իզաբելա Ռոուստորնը[17]։

Հիմնական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«1946-ի նկար»[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարը նկարված է վուշե կտավին։ Նրա մասին Բեկոնը մի հարցազրույցում հիշատակել է. «Դա կատարվեց պատահական։ Ես փորձում էի նկարել մի թռչնի, որն իջել էր դաշտի վրա։ Դա պետք է ինչ-որ կերպ կապված լիներ այն կերպարների հետ, որոնք ես նկարել էի ավելի վաղ, սակայն անսպասելիորեն գիծը, որը ես նկարել էի, գնաց միանգամայն այլ ուղղությամբ, և հենց դրա շուրջ էլ զարգացում ապրեց ողջ նկարը։ Ես մտադրություն չունեի այդպիսի մի բան նկարելու. այդտեղ կարծես մի պատահականությունը վերածվեց մեկ այլ պատահականության»[50]։ Նկարը ձեռք է բերել արթ-դիլեր Գրեհեմ Սազերլնդը Էրիկա Բրաուզենից 1946 թվականի աշնանը 200 ֆունտով, իսկ 1948 թվականին այն գնել է Ալֆրեդ Բարը Նյու Յորքի` Ժամանակակից արվեստի թանգարանի հավաքածուի համար, որտեղ էլ նկարը գտնվում է մինչ օրս[51]։

«Ինոկենտի X պապի դիմանկարի էտյուդ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոգեշնչվելով Դիեգո Վելասկեսի աշխատանքով` Բեկոնը մինչև 1960-ական թվականների սկիզբը նկարել է մոտ 40 կտավ այս սյուժեով, որը ստացել է «Ճչացող պապեր» անվանումը։ Նկարում պատկերված է Հռոմի պապը` ճերմակ հագուստով, որը նստած է գահավորակին, սակայն նրա վեղարը մանուշակագույն է, իսկ ֆոն ծառայող վարագույրը` ավելի մուգ, որոնք կարծես ծածկում են պապի կերպարը։ Նրա բերանը բաց է. ստեղծված է ճիչի տպավորություն, որը խլացվում է մուգ, հագեցած գույնով[32][33]։ Իր «Զգացողության տրամաբանություն» աշխատությունում ֆրանսիացի փիլիսոփա Ժիլ Դըլյոզը նկարը համարում է «դասական ստեղծագործության վերաիմաստավորման» օրինակ։ 1980 թվականից նկարը ցուցադրված է Այովա նահանգի Դե Մոյն քաղաքի արվեստի կենտրոնում[52]։

«Լյուսյեն Ֆրոյդի դիմանկարի երեք ուրվանկար» եռապատկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Եռապատկերը ստեղծվել է երկու նկարիչների մտերմության ու բեղմնավոր համագործակցության շրջանում։ Նկարներից յուրաքանչյուրում պատկերված է Լյուսյեն Ֆրոյդի աղավաղված կերպարը` նստած հյուսկեն աթոռին, շագանակագույն-նարնջագույն ֆոնին։ Հետևի պլանում մահճակալի հետնամասն է, որն աղերսներ ունի Ջոն Դիկինի լուսանկարի հետ, որից Բեկոնն օգտվել է նկարը նկարելիս։ Գունային երանգներն այստեղ ավելի վառ են, քան նկարչի այլ նկարներում։ Նկարն առաջին անգամ ցուցադրվել է 1970 թվականին Թուրինում, այնուհետև` 1971-72 թվականներին Փարիզի Գրան Պալե ցուցահանդեսում[53]։ 1999 թվականից իտալացի հավաքորդ Ֆրանչեսկո դե Սիմոնե Նիկեզեի շնորհիվ եռապատկերի նկարներն ամբողջացել են մեկ տեղում[54]։ 2013 թվականի ժամանակավոր ցուցահանդեսից հետո նոյեմբերի 12-ին եռապատկերը Նյու Յորքի Քրիստիս աճուրդում վաճառվել է 142.4 միլիոն դոլարով` դառնալով աճուրդում մինչ այդ վաճառված ամենաթանկ նկարը[55]։ Այն ձեռք է բերել Լաս Վեգասի խաղատներից մեկի տիրոջ կինը` Էլեյն Ուինը[56]։

Սև եռապատկերներ («Ջորջ Դայերի հիշատակին», «Եռապատկեր, օգոստոս 1972» և «Եռապատկեր, մայիս-հունիս 1973»)[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս աշխատանքները միավորված են մեկ շարքում, քանի որ դրանք ստեղծվել են նկարչի սիրեկանի` Ջորջ Դայերի մահվանը հաջորդող կարճ ժամանակահատվածում` 1971 թվականի աշնանը։ Դրանք նման են թեմայով, ոճական ձևավորմամբ։ Նկարներում արտացոլված են մահվան հանգամանքներն ու կորստի վիշտը։ Բեկոնն ասել է. «Մարդիկ ասում են, որ մահը մոռացվում է, սակայն դա այդպես չէ։ Ի վերջո, իմ կյանքը շատ դժբախտ է, քանի որ բոլոր մարդիկ, ում ես իրապես սիրել եմ, մահացել են, սակայն ես չեմ դադարում նրանց մասին մտածելուց. ժամանակը չի բուժում»[57]։ Ներկայումս 1972 թվականին ստեղծված եռապատկերը և «Ջորջ Դայերի հիշատակին» նկարը ցուցադրվում են Թեյթ բրիտանական պատկերասրահում, իսկ «Եռապատկեր, մայիս-հունիս 1973» նկարը 1989 թվականին 6.3 միլիոն դոլարով վաճառվել է շվեյցարացի մի հավաքորդի[58][59][60]։

Արվեստի շուկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեր ժամանակներում Բեկոնի աշխատանքները հավաքորդների շրջանում մեծ պահանջարկ են վայելում. 2007 թվականին Կատարից մի շեյխի ընտանիք 53 միլիոն դոլարով ձեռք է բերել «Ինոկենտի X պապի դիմանկարի էտյուդ` կարմիր ֆոնին» նկարը, իսկ հաջորդ տարի «Եռապատկեր, 1976» նկարը Սոթբիս աճուրդում 86.3 միլիոն դոլարով ձեռք է բերել Ռոման Աբրամովիչը[61][62]։ 2013 թվականի նոյեմբերին «Լյուսիեն Ֆրոյդի դիմանկարի երեք ուրվապատկեր» նկարը վաճառվել է ռեկորդային 142.4 միլիոն դոլարով։ 2014 թվականի փետրվարին ամերիկացի մի գնորդ, ով չի ցանկացել հրապարակել իր անունը, ձեռք է բերել «Ջոն Էդվարդսի դիմանկարի երեք էտյուդ» նկարը (1966) 70 միլիոն դոլարով[63]։ Մայիսին «Ջոն Էդվարդսի դիմանկարի երեք էտյուդ» նկարը նկարը (1984) Քրիստիս աճուրդում վաճառվել է 80.8 միլիոն դոլարով[64]։

Կինոյում, թատրոնում և գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրենսիս Բեկոնի և Ջորջ Դայերի հարաբերությունների մասին նկարահանվել է «Սերը սատանա է. Ֆրենսիս Բեկոնի դիմանկարի ուրվագծեր» ֆիլմը (1998), որտեղ գլխավոր դերերը մարմնավորել են Դերեք Ջեկոբին և Դենիել Քրեյգը։

Նկարչի մանրամասն կենսագրությունը գրել է Մայքլ Պեպիատը` «Ֆրենսիս Բեկոն. հանելուկի կազմախոսություն» վերնագրով։ Բացի այդ` Բեկոնի արվեստը մեկնաբանել է ֆրանսիացի փիլիսոփա Ժիլ Դըլյոզը իր «Ֆրենսիս Բեկոն. զգացողության տրամաբանություն» գրքում (1981)։ Գրող Ջոնաթան Լիտելը նկարչի ստեղծագործությանն է նվիրել «Եռապատկեր. երեք էտյուդ Ֆրենսիս Բեկոնի մասին» գիրքը (2010)։

2015 թվականին Բեռնում Թիմ Բերենը և Ֆլորիան Պաչովսկին (Overhead Project ստեղծագործական միություն) բեմադրել են «Ֆրենսիս Բեկոն» բալետը[65]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Алексей Мокроусов. После конца света (о Фрэнсисе Бэконе) // Иностранная литература, 1998, № 7.
  • Мишель Лейрис. Большая игра Фрэнсиса Бэкона // Пространство другими словами: Французские поэты XX века об образе в искусстве. СПб: Изд-во Ивана Лимбаха, 2005, с.115-123.
  • Жиль Делёз. Фрэнсис Бэкон. Логика ощущения. М: Изд-во Machina, 2011, 200 стр, илл.
  • Джонатан Литтелл. Триптих. Три этюда о Фрэнсисе Бэконе. М: Изд-во Ad Marginem, 2013, 144 стр, илл.
  • Sylvester, David. Looking back at Francis Bacon. London: Thames and Hudson, 2000. ISBN 0-500-01994-0
  • Peppiatt, Michael. Francis Bacon: Anatomy of an Enigma. Constable & Robinson, 2012. ISBN 978-1-84529-731-2

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Կերպարվեստի արխիվ
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 6,2 Francis Bacon (նիդերլ.)
  7. 7,0 7,1 7,2 Francis Bacon // Benezit Dictionary of ArtistsOUP, 2017. — ISBN 978-0-19-977378-7doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00009707
  8. 8,0 8,1 8,2 https://www.francis-bacon.com/biography
  9. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  10. 10,0 10,1 10,2 10,3 https://www.biography.com/artist/francis-bacon
  11. https://web.archive.org/web/20200310152409/https://francis-bacon.com/life/family-friends-sitters/george-dyer
  12. 12,0 12,1 12,2 «Francis Bacon — Portraits of Anxiety and Alienation» (անգլերեն). Artyfactory. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 1-ին.
  13. Сильвестер, Дэвид Looking back at Francis Bacon. — с. 107: Thames and Hudson, 2000. — 272 с.
  14. Пеппиат, Майкл Francis Bacon: Anatomy of an Enigma. — с. 41-42: Constable & Robinson, 2012. — 448 с.
  15. «Francis Bacon, 82, Artist of the Macabre, Dies» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2015 թ․ փետրվարի 1-ին.
  16. «Biography 1909-26» (անգլերեն). The Estate of Francis Bacon. Վերցված է 2015 թ․ փետրվարի 5-ին.
  17. 17,0 17,1 «Francis Bacon's Women» (անգլերեն). Dangerous Minds. 2012 թ․ հունվարի 20. Վերցված է 2015 թ․ փետրվարի 5-ին.
  18. 18,0 18,1 «Notes Towards a Portrait of Francis Bacon» (անգլերեն). Dangerous Minds. 2011 թ․ հուլիսի 14. Վերցված է 2015 թ․ փետրվարի 5-ին.
  19. 19,0 19,1 «Francis Bacon — Tate» (անգլերեն). Tate Gallery. Վերցված է 2015 թ․ փետրվարի 5-ին.
  20. 20,0 20,1 «Biography 1926-28» (անգլերեն). The Estate of Francis Bacon. Վերցված է 2015 թ․ փետրվարի 5-ին.
  21. «The Crucifixion of Francis Bacon» (անգլերեն). Gadfly Online. Վերցված է 2015 թ․ փետրվարի 5-ին.
  22. «Biography 1929-32» (անգլերեն). The Estate of Francis Bacon. Վերցված է 2015 թ․ փետրվարի 5-ին.
  23. «Biography 1933-38» (անգլերեն). The Estate of Francis Bacon. Վերցված է 2015 թ․ փետրվարի 5-ին.
  24. «Biography 1939-44» (անգլերեն). The Estate of Francis Bacon. Վերցված է 2015 թ․ փետրվարի 5-ին.
  25. Сильвестер, Дэвид Looking back at Francis Bacon. — с. 257: Thames and Hudson, 2000. — 272 с.
  26. Martin Gayford (2013 թ․ դեկտեմբերի 14). «Friends, soulmates, rivals: the double life of Francis Bacon and Lucian Freud» (անգլերեն). The Spectator. Վերցված է 2015 թ․ փետրվարի 5-ին.
  27. «Collection Online: Francis Bacon — Three Studies for a Crucifixion» (անգլերեն). Музей Соломона Гуггенхайма. Վերցված է 2015 թ․ փետրվարի 5-ին.
  28. «Three Studies for Figures at the Base of a Crucifixion» (անգլերեն). Tate Gallery. Վերցված է 2015 թ․ փետրվարի 5-ին.
  29. «Second Version of Triptych 1944» (անգլերեն). Tate Gallery. Վերցված է 2015 թ․ փետրվարի 5-ին.
  30. 30,0 30,1 The Estate of Francis Bacon | Biography(անգլ.)
  31. Hanover Gallery | Artist Biographies(անգլ.)
  32. 32,0 32,1 The Estate of Francis Bacon | Exhibitions Արխիվացված 2014-06-06 Wayback Machine(անգլ.)
  33. 33,0 33,1 The truth behind Francis Bacon’s 'screaming' popes | Art | Phaidon(անգլ.)
  34. On the Road to Tarascon: Francis Bacon Meets Vincent van Gogh(անգլ.)
  35. The Estate of Francis Bacon | Biography(անգլ.)
  36. Catalogues | Francis Bacon MB Art Foundation Արխիվացված 2015-01-28 Wayback Machine(անգլ.)
  37. The Estate of Francis Bacon | Biography(անգլ.)
  38. Francis Bacon Biography, Art, and Analysis of Works | The Art Story(անգլ.)
  39. The Estate of Francis Bacon | Biography(անգլ.)
  40. Сильвестер, Дэвид Looking back at Francis Bacon. — с. 13: Thames and Hudson, 2000. — 272 с.
  41. «Mr. Burgher's Art Facts — Francis Bacon» (անգլերեն).
  42. Picasso and Bacon: two giants of art: Art Gallery NSW Արխիվացված 2014-06-24 Wayback Machine(անգլ.)
  43. E-3 Francis Bacon | Derek Caswell(անգլ.)
  44. Notes from ‘Francis Bacon: The Logic of Sensation’ by Gilles Deleuze(անգլ.)
  45. Francis Bacon: The Dynamic Reality of The Crucifixion Արխիվացված 2014-06-07 Wayback Machine(անգլ.)
  46. Сильвестер, Дэвид Looking back at Francis Bacon. — с. 36: Thames and Hudson, 2000. — 272 с.
  47. The Estate of Francis Bacon | Bacon’s World Արխիվացված 2014-06-06 Wayback Machine(անգլ.)
  48. Influence and Inspiration: Francis Bacon’s Use of Photography Արխիվացված 2014-04-09 Wayback Machine(անգլ.)
  49. Francis Bacon & Photography — Cedric Arnold(անգլ.)
  50. Great interviews of the 20th century | Interviews with Francis Bacon by David Sylvester in 1963, 1966 and 1979(անգլ.)
  51. MoMA | The Collection | Francis Bacon. Painting, 1946(անգլ.)
  52. Des Moines Art Center Արխիվացված 2016-10-12 Wayback Machine(անգլ.)
  53. Francis Bacon’s Three Studies Of Lucian Freud An Icon Of Twentieth Century Painting | Press Release | Christie’s Արխիվացված 2014-10-18 Wayback Machine(անգլ.)
  54. Francis Bacon triptych smashes art auction record | Telegraph(անգլ.)
  55. Francis Bacon (1909—1992) | Three Studies of Lucian Freud | Post-War & Contemporary Art Auction | 20th Century, Paintings | Christie’s(անգլ.)
  56. Buyer of $142.4 Million Bacon Triptych Identified as Elaine Wynn | The New York Times(անգլ.)
  57. «Francis Bacon: Time Does Not Heal» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 6-ին.
  58. Triptych — August 1972, Francis Bacon | Tate(անգլ.)
  59. In Memory of George Dyer 1971, Francis Bacon | Tate Արխիվացված 2017-04-21 Wayback Machine(անգլ.)
  60. «Esther Grether - Biography» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 23-ին.
  61. Francis Bacon claims his place at the top of the market | The Art Newspaper Արխիվացված 2014-12-20 Wayback Machine(անգլ.)
  62. Roman Abramovich brings home the $86.3m Bacon and the $33.6m Freud | The Art Newspaper Արխիվացված 2013-09-25 Wayback Machine(անգլ.)
  63. Francis Bacon Work Sells for $70 Million at Christie’s Auction | The New York Times(անգլ.)
  64. Three Studies for a portrait of John Edwards | Christie’s(անգլ.)
  65. Алексей Мокроусов // Ведомости (2016 թ․ հունիսի 7). «Творчество Фрэнсиса Бэкона стало балетом». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրենսիս Բեկոն (նկարիչ)» հոդվածին։