Մոսսովետի անվան թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոսսովետի անվան թատրոն
Տեսակթատերական կազմակերպություն
Երկիր Ռուսաստան
Հիմնադրման ամսաթիվ1923
Անվանված էՄոսկվայի քաղաքային խորհուրդ
Կայքmossoveta.ru
 Mossovet Theatre Վիքիպահեստում

Մոսսովետի անվան պետական ակադեմիական թատրոն (ռուս.՝ Государственный академический театр имени Моссовета), դրամատիկական թատրոն Մոսկվա քաղաքում, որն արժանացել է Լենինի շքանշանի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի։ 1923 թվականին թատրոնը հիմնադրել է գրող և ռեժիսոր Սերգեյ Պրոկոֆևը որպես Մոսկվայի պրոֆեսիոնալ միությունների նահանգային խորհրդի բանվորական թատրոն[1]։ Իր ներկայիս անվանումը թատրոնն ստացել է 1938 թվականին[2][3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրիումֆալնայա հրապարակի «Ակվարիում» այգու մուտքը, 1901-1903 թվականներ
Մոսսովետի անվան թատրոնի 50-ամյակին նվիրված փոստային նամականիշ, 1973 թվական
Թատրոնի ազդագիր Մոսկվայի «Ակվարիում» այգու ցանկապատին, 2011 թվական

Թատրոնի կայացում[խմբագրել | խմբագրել կոդը]

1923 թվականին Մոսկվայի պրոլետարիատի նախաձեռնությամբ կազմակերպվել է Մոսկվայի պրոֆեսիոնալ միությունների նահանգային խորհրդի (ՄՊՄՆԽ)՝ աշխարհում առաջին բանվորական թատրոնը։ Շարժական անսամբլը (թատրոնը չի ունեցել սեփական շենք) ղեկավարել է ռեժիսոր Սերգեյ Պրոկոֆևը։ Թատերախմբում ընդգրկված է եղել ինը մարդ, իսկ խաղացանկը կազմված է եղել աշխատանքային ակումբների համար նախատեսված երկու ներկայացումներից՝ «Փարիզ» (Սերգեյ Պրոկոֆև) և «Սավվա» (Լեոնիդ Անդրեև)։ «Սավվա» բեմադրությունը ներկայացվել է Միությունների տան Սյունազարդ դահլիճում և արժանացել հանրության մեծ հետաքրքրությանը։ Քանի որ կոլեկտիվը պահել է Մոսկվայի պրոֆմիությունների մշակույթի բաժինը, Մոսկվայի պրոֆեսիոնալ միությունների նահանգային խորհրդի նախագահության 1923 թվականի մարտի 3-ի որոշմամբ թատերախումբն ստացել է պաշտոնական կարգավիճակ՝ Մոսկվայի պրոֆեսիոնալ միությունների նահանգային խորհրդի անվան թատրոն[1][2][3]։

Նախքան սեփական շենք ստանալը թատերախումբը 350 ներկայացում է տվել Մոսկվայի տարբեր բեմերում։ Իր գոյության առաջին տարվա ընթացքում կոլեկտիվը մեծացել է մի քանի անգամ և միավորվել նախկին Կորշի թատրոնի մասնաճյուղի հետ։ 1924 թվականին Մոսկվայի պրոֆեսիոնալ միությունների նահանգային խորհրդի անվան թատրոնն ստացել է թատերական շինություն «Էրմիտաժ» ամառային այգում[1]։

1925 թվականին թատրոնի նոր ղեկավար է դարձել փորձառու թատերական գործիչ, դերասան և Կորշի թատրոնի նախկին ռեժիսոր Եվսեյ Լյուբիմով Լանսկոյը։ Սկզբում միացյալ թատերախումբը ցուցադրել է մեկօրյա ներկայացումներ՝ «Ստվարաթղթե հերսներ» (ռուս․՝ «Картонные герои»), «Մարմնավաճառուհի» (ռուս․՝ «Проститутка»), «Երեխաների գողը» (ռուս․՝ «Воровка детей»), սակայն աստիճանաբար թատրոնը հեռացել է նմանատիպ խաղացանկից։ Ոչ հարուստ բանվորական հանրության հետ կապ հաստատելու համար թատրոնը ստեղծագործական համագործակցություն է սկսել սկսնակ դրամատուրգներ Վլադիմիր Բիլլ-Բելոցերկովսկու, Ֆեոդոր Գլադկովի, Վլադիմիր Կիրշոնի, Ալեքսանդր Աֆինոգենովի, Նիկոլայ Պոգոդինի և այլոց հետ։ Նախկին նավաստի Վլադիմիր Բիլլ-Բելոցերկովսկին առաջարկել է հեղափոխության թեմային նվիրված «Փոթորիկ» պիեսը, որը բազմիցս մերժել էին ուրիշ թատրոններ, Մոսկվայի պրոֆեսիոնալ միությունների նահանգային խորհրդի անվան թատրոնի դերասանները նույնպես սկզբում դեմ են արտահայտվել, սակայն ռեժիսորը պնդել է պիեսի հիման վրա ներկայացում բեմադրելու որոշումը։ Հակառակ թատերախմբի կասկածներին՝ ներկայացումը մեծ հաջողություն է ունեցել և ժողովրդականություն բերել թատրոնին[1]։

Թատերախմբի հաջորդ ներկայացումները եղել են Վլադիմիր Բիլլ-Բելոցերկովսկու «Փոթորիկ» պիեսի հիման վրա բեմադրված ներկայացումն այն մասին, թե ինչպես տեսնել հերոսականը առօրեականի մեջ, դրամատուրգ Վլադիմիր Կիրշոնի և Ա․ Ուսպենսկու պիեսի հիման վրա «Ժանգ» (ռուս․՝ «Ржавчина») ներկայացումը քաղաքացիական պատերազմի մասնակցի մասին, որն իր նախկին արժանիքների շնորհիվ մակաբույծի նման ապրել է նախքան հեղափոխությունը, ինչպես նաև բեմադրությունը Դմիտրի Ֆուրմանովի «Խռովություն» (ռուս․՝ «Мятеж») պիեսի հիման վրա, որը հեղինակի մահվան պատճառով մնացել էր անավարտ և այն ամբողջացրել են թատերախմբի մասնակիցները։ Թատրոնում բեմադրվել են ներկայացումներ արդիական հարցերի վերաբերյալ, օրինակ՝ «Даёшь уголь!» կարգախոսին ի պատասխան բեմադրվել է «Ընդերքի ձայնը» (ռուս․՝ «Голос недр») ներկայացումը, «Даёшь нефть!» կարգախոսին ի պատասխան՝ «Քամիների քաղաքը» (ռուս.՝ «Город ветров») ներկայացումը և այլն։ «Չապաև» ֆիլմի նկարահանումից մի քանի տարի առաջ թատրոնում բեմադրվել է համանուն ներկայացումը[1]։

Ճգնաժամ և Զավադսկու ղեկավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1930 թվականին թատրոնն սկսել է կոչվել Մոսկվայի պրոֆեսիոնալ միությունների մարզային խորհրդի անվան թատրոն[2][3]։ Իր գոյության առաջին տասը տարիների ընթացքում այն եղել է պոլեմիկական, և այդպիսին են եղել նույնիսկ ներկայացումների վերնագրերը, օրինակ՝ «Լուսինն աջ կողմից» (ռուս․՝ «Луна с правой стороны») ներկայացմանն ի պատասխան թատրոնը հանրությանն է ներկայացրել «Լուսինը ձախից» (ռուս․՝ «Луна слева») բեմադրությունը, իսկ «Մառախուղ» (ռուս․՝ «Мгла») ներկայացմանն ի պատասխան՝ «Արևոտ կողմ» (ռուս․՝ «Солнечная сторона») ներկայացումը։ Ընդ որում, թատրոնը միանշանակ մոտեցում չի ունեցել խաղացանկի վերաբերյալ և աստիճանաբար կորցրել է իր ունեցած արդիականությունը, ներկայացումները դարձել են ոչ մշտական։ 1930-ական թվականների կեսերին թատրոնում դադարել են բեմադրել ներկայացումներ ժամանակակից թեմաներով, 1935 թվականից մինչև 1938 թվականը բեմադրվել է մեկ պիես՝ «Որդիներ» (ռուս․՝ «Сыновья»), որը չի դարձել նշանակալի երևույթ։ Թատրոնում սկսվել է ճգնաժամ։ Իրավիճակը փոխելու համար Եվսեյ Լյուբիմով Լանսկոյը հրավիրել է դերասանների նախկին ՄԳԱԹ 2-րդից։ Դրանից հետ բեմադրվել են Մաքսիմ Գորկու «Վասսա Ժելեզնովա» և Ալեքսանդր Աֆինոգենովի «Салют, Испания!» ստեղծագործությունները[1]։

1938 թվականին թատրոնն ստացել է իր ներկայիս անվանումը[2][3]։ Մինչ 1940 թվականը հրավիրված դերասաններն ու ռեժիսորները տարբեր պատճառներով հեռացել են։ Ստեղծագործական ճգնաժամն ուժեղացել է, և Հեռավոր Արևելք կատարված շրջագայությունից հետո՝ 1940 թվականի ամռանը, Եվսեյ Լյուբիմով-Լանսկոյը որպես գլխավոր ռեժիսոր հրավիրել է Յուրի Զավադսկուն, որը եղել է Կոնստանտին Ստանիսլավսկու, Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոյի և Եվգենի Վախթանգովի աշակերտը, և որի հետ թատրոնը կապ էր ունեցել դեռ 1936 թվականին տեղի ունեցած շրջագայությունների ժամանակ։ Նոր ռեժիսորի առաջին ներկայացումը՝ «Трактирщица», դարձել է թատրոնի այցեքարտը։ Ներկայացումներում տարբեր դպրոցների վարպետների միավորման համար օգտագործվել է Ալեքսանդր Աֆինոգենովի «Մաշենկա» պիեսը[1]։

Թատերախմբում Վասիլի Վանինին, Սերգեյ Գոձիին, Նինա Կնյագինինսկայային, Միխայիլ Ռոզեն-Սանինին, Նիկոլայ Տեմյակովին միացել են Յուրի Զավադսկու աշակերտները։ Այդ տարիներին ձևավորվել է թատրոնի փայլուն ստեղծագործական կոլեկտիվ, որտեղ խաղացել են Ֆաինա Ռանևսկայան, Վերա Մարեցկայան, Լյուբով Օռլովան, Նիկոլայ Մորդվինովը, Ռոստիսլավ Պլյատ, Լեոնիդ Մարկովը, Լյուդմիլա Շապոշնիկովան, Բորիս Իվանովը, Գեորգի Ժժենովը, Գենադի Բորտնիկովը, Ալեքսանդր Կոստոմոլոցկին, Մարգարիտա Տերեխովան և այլք։ Յուրի Զավադսկին պահպանել է թատրոնի՝ որպես ժամանակակից խորհրդային պիեսի լաբորատորիայի համբավը, սակայն էականորեն փոխել է գեղարվեստական արտահայտչականությունը։ Պայմանական ձևը, թատերականությունը համադրվել են բնավորությունների հոգեբանական մշակման հետ։ Յուրի Զավադսկին թատրոնը ղեկավարել է 37 տարի։ Նրա վերջին ներկայացումը եղել է «Պետերբուրգյան երազատեսությունները» (ռուս․՝ «Петербургские сновидения»)։ Յուրի Զավադսկին մահացել է 1977 թվականի ապրիլի 5-ին։ Նրա մահվանից հետո թատրոնը ժամանակավորապես ղեկավարել է Գեղխորհրդի նախագահությունը, իսկ հարցերը լուծվել են կոլեգիալ կերպով[1]։

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրենական մեծ պատերազմի սկսվելուց հետո թատրոնը տարհանվել է։ Դերասանները ներկայացումներ են տվել Շիմկենտում և Ալմա Աթայում, ինչպես նաև կազմակերպել համերգներ զորակոչային կետերում, ներկայացումներ տվել ռազմաճակատում, աշխատանքներ անցկացրել հոսպիտալներում։ Պատերազմի տարիներին Յուրի Զավադսկին թատրոնի խնդիրը ձևակերպել է հետևյալ կերպ[1].

Եվ պատերազմի անցած իրադարձություններում, և նրանցում, որոնք դեռ սպասում են, կա արվեստի համար ամենակարևոր, ամենանշանակալի թեման՝ դա խորհրդային մարդու վեհության թեման է, նրա հայրենասիրության խորության ու անձնուրացության, իր ժողովրդի ու հաղթանակի նկատմամբ անսահման հավատի, նրա բարձր հերոսականության․․․ Մեր արվեստը պարտավոր է բացահայտել այդ թեման իր ամբողջ լայնությամբ ու խորությամբ։ Նա պարտավոր է հանդիսատեսին և ընթերցողին ցույց տալ մեր ժամանակի հերոսին, նրա բնավորությունը, նրա կենսագրությունը, նրա հոգեբանությունը։

1942 թվականին Եվսեյ Լյուբիմով-Լանսկոյը տեղափոխվել է Փոքր թատրոն, իսկ Մոսսովետի անվան թատրոնն սկսել է ղեկավարել Յուրի Զավադսկին։ Նույն թվականին նա ստացել է ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստի կոչում, իսկ դերասանուհի Վերա Մարեցկայան արժանացել է Ստալինյան մրցանակի Նադեժդա Դուրովայի դերը կատարելու համար։ 1943 թվականին թատրոնը վերադարձել է Մոսկվա և մինչև պատերազմի ավարտը ոչ միայն ներկայացումներ է անցկացրել, այլև համերգներ է տվել գործարաններում և հոսպիտալներում։ Նույն թվականին Վերա Մարեցկայան ստացել է ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստի կոչում, իսկ 1945 թվականին «Ներխուժում» (ռուս․՝ «Нашествие»), «Օթելլո» և «Հանդիպում մթության մեջ» (ռուս․՝ «Встреча в темноте») ներկայացումների համար Յուրի Զավադսկին պարգևատրվել է Ստալինյան մրցանակով[1]։

Թատրոնի կոլեկտիվը հասցրեց տասն օրում լինել Լիինախամարիում, ուր Սևերմորսկի օդաչուները նրանց հասցրին ինքնաթիռով։ Այդ ժամանակ ներկայացումներից մեկը տեղի էր ունենում ռազմագերիների նախկին ճամբարում։ Դեռևս պահպանվում էր խիտ հաղորդալարով ցանկապատը «Բարաք № 2» գրությամբ։ Գերմանացիները եղել էին Լիինախամարիում, և այդ բարաքում զոհվել էին ֆաշիստական դահիճների ձեռքն ընկած խորհրդային մարդիկ։ Գերմանացիներին դուրս էին շպրտել, և այստեղ վերադարձել էր կյանքը։ Ներկայացման օրը բարաքը բառացիորեն լեփ-լեցուն էր խորհրդային մարտիկներով։ Նրանք դիտում էին ներկայացումը, որի համար երկու օր պատրաստվել էին․ մաքրվել էին, սափրվել, լողացել։ Դա իսկական տոն էր նրանց համար, ովքեր պաշտպանում են մշակույթը, քաղաքակրթությունը բարբարոսությունից ու ավերածություններից, ովքեր հաստատում են կյանք՝ ուրախալի ու երջանիկ։

— «Североморский лётчик» թերթ[1]

Աշխատանքը պատերազմից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսսովետի անվան թատրոնը «Ակվարիում» այգում, Մոսկվա, 2011 թվական
Թատրոնը մուտքը, 2011 թվական

1947 թվականի աշնանը որոշվել է թատրոնի շենքում կատարել վերանորոգման աշխատանքներ, բայց շենքն այնքան հին էր, որ սկսել է քանդվել։ Դրանից հետո թատրոնը տասներկու տարով տեղափոխվել է Ժուրավլյովի հրապարակում գտնվող Մշակույթի պալատի շենք՝ նախկին Վվեդենյան ժողովրդական տուն։ Սակայն նոր վայրի ընտրությունը եղել է անհաջող, այնտեղ հանդիսատեսը շատ քիչ է եղել։ Այդ պատճառով թատրոնը փոխել է խաղացանկը․ սկսել են բեմադրել ժամանակակից հեղինակների ստեղծագործություններ, իսկ հետագայում վերադարձել են «Փոթորիկ» ներկայացմանն ու Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդեսին»։ Հետապատերազմյան առաջին տասը տարիների ընթացքում թատերախումբը զգալիորեն մեծացել է․ նրան միացել են մեծ թվով երիտասարդ դերասաններ թատրոնին առընթեր ստուդիայից, իսկ ներկայացումներն սկսել են ցուցադրել երկու բեմերում՝ Ժուրավլյովի հրապարակի շենքի գլխավոր բեմում և մասնաճյուղի բեմում[1][3]։

1949 թվականին թատրոնն արժանացել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի[2]։ 1952-1953 թվականներին թատրոնը եղել է առաջիններից մեկը Խորհրդային Միությունում, որ մեկնել է արտասահմանյան շրջագայությունների՝ Լեհաստան, Բուլղարիա և Ռումինիա։ Ներկայացումներն անցկացվել են ինչպես խոշոր (Վարշավա, Սոֆիա, Բուխարեստ, Պլովդիվ, Վառնա, Պլոեշտի), այնպես էլ ոչ մեծ քաղաքներում։ Թատրոնը մշտապես դիմել է արդի կյանքի սուր խնդիրներին, ինչպես նաև առաջիններից մեկն է մշակել արտադրական թեման, որի զարգացման գագաթնակետը եղել է 1970-ական թվականներին[1]։

1954 թվականին ճարտարապետ Միխայիլ Ժիրովի նախագծով սկսվել է թատրոնի նոր շենքի կառուցումն «Ակվարիում» այգում։ Սկզբնական տարբերակում շենքը զարդարվել է ճարտարապետական տարբեր տարրերով, սակայն Իոսիֆ Ստալինի մահվանից հետո սկսվել է պայքար նման ավելորդությունների դեմ, և շենքը կառւցվել է պարզեցված պլանով։ Այնուամենայնիվ, շենքի ինտերիերները հիմնականում ավարտին են հասցվել նախնական պլանի համաձայն[4]։ Նոր շենքը թատրոնին է հանձնվել 1959 թվականի նոյեմբերի սկզբին, և արդեն նոյեմբերի 5-ին թատերախումբը տվել է առաջին ներկայացումը հատուկ շինարարների համար[1]։

1964 թվականին թատրոնն ստացել է ակադեմիականի կարգավիճակ, իսկ 1973 թվականին արժանացել է Լենինի շքանշանի[2]։ 1960-ական թվականների կեսերին էքսպերիմենտալ բեմադրությունների և փոքր ներկայացումների ցուցադրման համար ստեղծվել է «Թատրոն նախասրահում» (ռուս.՝ «Театр в фойе»)[3], իսկ 1978 թվականին թատրոնում բացվել է «Փոքր բեմը»[3]։

Ժամանակակից Ռուսաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականին սկսել է օգտագործվել նոր բեմ՝ «Տանիքի տակ» (ռուս․՝ «Под крышей»), որտեղ ցուցադրված առաջին ներկայացումը եղել է «Կալիգուլան»[3]։

1993 թվականին թատրոնի 70-ամյակի առթիվ Մոսկվայի կառավարությունը հատկացրել է 25 մլն ռուբլի հիմնական բեմի հիմնովին վերանորոգման և կողաշենքի կառուցման աշխատանքներն ավարտելու համար, հատկացվել է 6,5 մլն թատրոնի արդիականացման համար, հատկացվել են բնակարաններ հրավիրված ստեղծագործական աշխատակիցների ժամանակավոր բնակության համար, միջոցներ ձայնագրման ստուդիայի սարքավորումներ գնելու համար, 20 տոննա թուղթ հոբելյանական ալբոմի թողարկման համար, ինչպես նաևմի քանի «ՎԱԶ» ավտոմեքենաներ թատրոնի տարեց աշխատողների համար[5]։

1973 թվականին թատրոնում սկսել է աշխատել բեմադրող ռեժիսոր Պավոլ Խոմսկին[6], որը 1985 թվականին դարձել է գլխավոր ռեժիսոր[6], իսկ 2000 թվականին՝ գեղարվեստական ղեկավար[6]։ Խոմսկին մահացել է 2016 թվականի սեպտեմբերի 6-ին[6]։ Հետագայում թատրոնի տնօրեն է դարձել Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ Վալենտինա Պանֆիլովան[7]։

Հայտնի դերասաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնում աշխատած հայտնի դերասաններից են[3].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Школьников, Петрусова, 1985
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Образцова, 1959
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 «Государственный академический театр имени Моссовета». РИА Новости. 2013 թ․ մարտի 3. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
  4. Анисимов, 1984, էջ 134
  5. «Советник главы ФСО раскрыл тайны кремлёвской стены». Kremlin-Moscow.com. 1992 թ․ սեպտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Елена Слободян (2016 թ․ սեպտեմբերի 6). «Чем запомнился режиссёр Павел Хомский?». Аргументы и Факты. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
  7. «Руководство театра». Официальный сайт театра. 2018. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոսսովետի անվան թատրոն» հոդվածին։