Արդյունահանվում է նաև բնական գազ, գորշ ածուխ, քարաղ։ Առաջատար են նավթավերամշակումը, մեքենաշինությունը (նավթային և քիմիական սարքավորումներ, առանցքակալներ, տրանսպորտային միջոցներ) և սննդի արդյունաբերությունը։ Կան քիմիական տեքստիլ, ապակու-հախճապակու, կաշվի, պոլիգրաֆիայի ձեռնարկություններ, շինանյութերի արտադրություն, ՋԷԿ։
Ենթադրվում է, որ հայերը Պլոեշտիում հաստատվել են ուշ միջնադարում։ Պլոեշտիի փոքրաքանակ հայկական գաղութը ստվարացել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ Արևմտյան Հայաստանի և Թուրքիայի տարբեր շրջաններից բռնագաղթի ենթարկված որոշ թվով հայեր հաստատվել են այնտեղ։ Պլոեշտիի հայերը զբաղվել են առևտրով և արհեստներով, աշխատել նավթարդյունաբերության մեջ։ 1935 թվականին Պլոեշտիում բնակվել է մոտ 200 հայ։ 1936 թվականին ստեղծվել է հայկական մշակույթի ակումբ, կազմակերպվել են հայերենի դասընթացներ, հայագիտական դասախոսություններ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 331)։