Տարհանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուսումնական տարհանում գնացքից

Տարհանում (լատ.՝ evacuatio, evacuare – դատարկել, հեռացնել) վտանգավոր տարածքից մարդկանց, կենդանիների և նյութական արժեքների ժամանակավոր տեղափոխումն ու տեղաբաշխումն անվտանգ տարածք («Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք):

Վտանգավոր տարածք` տեղանք կամ առանձին բնակավայր, օբյեկտ, որտեղ արտակարգ իրավիճակների կամ ռազմական գործողությունների հետևանքով առաջացել կամ կարող են առաջանալ մարդկանց կյանքի, առողջության և բնականոն կենսագործունեության վրա բացասաբար ազդող գործոններ:

Անվտանգ գոտի` տեղանք, բնակավայր, որը գտնվում է հնարավոր ավերա­ծու­թյունների և վտանգավոր տարածքներից և օբյեկտներից դուրս ու պիտանի է տարհանվող բնակչությանը տեղավորելու համար:

Նպատակներ և կարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարհանման նպատակն է հնարավոր մարդկային, նյութական և մշակութային կո­րուստների կանխումն ու նվազեցումը: Տարհանումը կարող է իրականացվել բնակ­չության պաշտպանության մյուս ձևերի հետ համատեղ, այն ուղեկցվում է բնակչու­թյան պատսպարմամբ, անհատական պաշտպանական միջոցների ապահովմամբ: Բնակչությունը տարհանվում է այն տարածքից, որտեղ առաջացել են կամ կարող են առաջանալ մարդու կյանքին և առողջությանը բացասաբար ազդող գործոններ և տե­ղա­բաշխվում է վտանգավոր տարածքից դուրս՝ անվտանգ գոտում: Առավել կարևոր է դառնում հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների տար­հանման  կազմա­կերպումը, ելնելով արտակարգ իրավի­ճակ­նե­րում նրանց ինքնու­րույն տեղաշարժ­վելու և կողմնորոշվելու սահմանափա­կումներից: 

Համաձայն «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» և «Քաղաքացիական պաշտպանության մասին» ՀՀ օրենքների՝ բնակչության (քաղաքացիական) պաշտպանության ձևերն են՝ տարհանումը, պատսպարումը պաշտպանական կառույցներում ու անհատական պաշտպանության միջոցներով ապահովումը, որոնք կազմակերպում և իրականացնում են պետական կառա­վարման, տեղական ինքնակառավարման մարմինները և կազմակերպությունները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով[1] [2]:

Հայաստանի Հանրապետության ներկայիս սոցիալ-տնտեսական պայման­նե­րում, երբ բնակչությունն ամբողջովին ապահովված չէ անհատական պաշտպա­նական միջոցներով, իսկ պաշտպանական կառույցների լիարժեք պահպանման, վերանորոգման և նորերի  կառուցման համար պահանջվում են խոշոր ֆինանսական ներդրումներ, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հուսալի և գործուն եղանակ է համարվում տարհանումը:

Աղետների (երկրաշարժ, հրդեհ և այլն) դեպքում շենքից, շինությունից արագ դուրս գալը (տարհանվելը) կարող է փրկել մարդկանց կյանքն ու առողջությունը, քանի որ, օրինակ երկրաշարժի ժամանակ մարդկային և նյութական կորուստների պատ­ճառ են դառնում ոչ թե երկրակեղևի ցնցումներն ու տատանումները, այլ դրան­ցով պայմանավորված ավերվածությունները, փլուզումները, հրդեհները, որոնց դեպ­քում շենքից ժամանակին տարհանվելը պաշտպանության ամենաարդյու­նավետ եղանակն է:

Աղետների հետևանքով առաջացած բացասական գործոնների ազդեցության գոտում կարող են հայտնվել դպրոցներ, մանկապարտեզներ, այլ ուսումնական հաստատություններ, որտեղ իրենց օրվա մեծ մասն են անցկացնում երեխաները:

Աղետների հետևանքով մեծ թիվ է կազմում մանկական մահացությունն ու հաշմանդամությունը: Սպիտակի երկրաշարժի ժամանակ մանկական մահացու­թյունը կազմեց 9.3%, իսկ մանկական տրավմատիզմը՝ 27.24%:

Թվարկենք այն տարածքները, որտեղից պետք է կազմակերպել բնակչության տարհանումը.

  • երկրաշարժի, փլուզումների, պայթյունների հետևանքով ավերված և բնակ­վելու համար վտանգավոր բնակելի տարածքներ,
  • հրդեհի հետևանքով ստեղծված վտանգավոր գոտիներ,
  • սողանքների և ձնահյուսերի հետևանքով առաջացած տարածքներ,
  • ջրամբարների պատվարների փլուզման կամ գետերի ջրերի հորդացման հետևանքով ջրածածկված տարածքներ,
  • ատոմակայանի ընդհանուր վթարի կամ դրա անմիջական սպառնալիքի դեպքում` ճառագայթային ազդեցության և ճառագայթային աղտոտման տարածքներ,
  • վտանգավոր թունավոր նյութեր արտադրող կամ արտադրական պրոցե­սում դրանք օգտագործող արդյունաբերական օբյեկտներում վթարի դեպքում՝ դրանց հարակից վարակավտանգ գոտիներ,
  • ռադիոակտիվ կամ թունավոր նյութերի տրանսպորտային փոխադրում­ների ժամանակ տեղի ունեցած վթարի հետևանքով առաջացած վտանգավոր տարածքներ,
  • զենքի տեսակների կիրառման դեպքում մասնակի տարհանում սահմա­նա­մերձ, ինչպես նաև մարտական գործողությունների վարման և զենքի տեսակների անմիջական կիրառման բնակավայրեր ու տարածքներ:

Հաշմանդամություն ունեցող անձանց տարհանման կազմակերպում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց տարհանման կազմակերպումը շինությունից

Յուրաքանչյուր հասարակությունում հաշմանդամները որոշակի խումբ են կազմում, որոնք այս կամ այն չափով մասնակցում են հասարակական կյանքին: Այդ պատճառով տարհանման ցանկակած պլան կազմելիս, պետք է հաշվի առնել տվյալ հաստատությունում կամ բազմամարդ միջավայրում հատուկ կարիք ունեցող մարդկանց առկայության հանգամանքը: Հաշմանդամություն ունեցող անձանց առկայությունը կարող է որոշակի դժվարություններ առաջացնել տարհանման ժամանակ, որի պատճառով հարկ է, որ նրանց տարհանմանը հատուկ ուշադրություն դարձվի: Այդ ուշադրությունն ու նրանց տարհանման աշխատանքների ճիշտ իրականացումը կարող է նպաստել ընդհանուր տարհանման արագ և անվտանգ կազմակերպմանը: 

Մտավոր խնդիրներ ունեցող հաշմանդամների տարհանումը կազմակերպելիս պետք է հաշվի առնել այն խանգարող հանգամանքները, որոնք արտակարգ իրավիճակում կարող են առաջանալ հաշմանդամի և տարհանողի միջև: Հաշմանդամների մոտ կարող է լինել իրազեկման և փորձի պակաս, տագնապի, վախի, հոգեպես ընկճվածության զգացումներ: Հաշմանդամները հայտնվելով սթրեսային վիճակում կարող են անկանխատեսելի վարքագիծ ցուցաբերել և ծայրահեղ քայլերի դիմել, մինչև անգամ՝ պատուհանից ցած նետվել: 

Հաշմանդամների հետ պետք է լինել համբերատար, բացատրել իրավիճակի լրջությունը և շինությունն արագ լքելու կարգը: Առավել մեծ համբերատարություն պետք է ցուցաբերել մտավոր խնդիրներ ունեցող հաշմանդամների խմբերի հետ: Եթե այս խմբի հաշմանդամների մոտ մտավոր հետամնացությունը թեթև աստիճանի է, ապա նրանց հետ աշխատելը դժվարություններ չի առաջացնի և նրանք հեշտությամբ կենթրկվեն հրահանգներին: 

Հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող հաշմանդամներին տարհանելիս հիմնական խնդիրները ծագում են աստիճանավանդակներից օգտվելիս, քանի որ Հայաստանում շենքերն ու շինությունները հիմնականում հարմարեցված չեն հաշմանդամների ազատ տեղաշարժվելուն: Այս խմբի հաշմանդամներին տարհանելիս, կարելի է կիրառել միջազգային փորձը՝ օգտվել հատուկ տիպի թրթուրավոր անիվներ ունեցող սայլակներից, որոնց օգնությամբ առանց դժվարությունների հաշմանդամին կարելի է դուրս բերել վտանգավոր տարածքից: Հաշմանդամին իր ամենօրյա կիրառող սայլակից պետք է տեղափոխել այդ հատուկ սայլակի վրա, ամրացնել ամրագոտին և մեկ հոգու ուղեկցությամբ դուրս բերել շինությունից:

Տեսողության խնդիրներ ունեցող հաշմանդամների տարհանումը կազմակեր­պելիս պետք է ճիշտ և հստակ ցուցումներ տալ շինությունից դուրս գալու համար: Այս խմբի հաշմանդամների առանձնահատկություններից մեկն այն է, որ նրանք իրենց ծանոթ միջավայրում առանց որևէ մեկի ուղեկցությամբ կարող են կողմնորոշվել և դեպի ելքը գնալ: Տարհանման ժամանակ շատ կարևոր է տեսողության խնդիրներ ունեցող հաշմանդամին բառացի ցուցումներ տալ շինության ելքի, աստիճանների, բռնաձողերի գտնվելու վայրի մասին: Այս խմբի հաշմանդամները խուճապի կարող են մատնվել տարածությունում չկողմնորոշվելու և ոչ հստակ ցուցումներ ստանալու պատճառով:

Լսողության խնդիր ունեցող հաշմանդամների տարհանումը կազմակերպելիս պետք է հաշվի առնել նրանց ազդարարման կարգը: Այս խմբի հաշմանդմաների ազդարարումը պետք է իրականացնել լուսաձայնային կամ վիբրացիոն համակարգերի միջոցով:

Հաշմանդամություն ունեցող երեխաների տարհանման պլանավորումը դպրոցից[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելքի նշան: Չի՛ կարելի փակել կամ խցանել շենքերի և շինությունների ելքերը

Դպրոցը կառույց է, որտեղ համախմբված են տարբեր տարիքի, խառնվածքի, դաստիարակությամբ երեխաներ:

Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է երեխաների ան­վտանգությունը: Արտակարգ իրավիճակներում դպրոցում և նրա տարածքում երե­խաների անվտանգության ապահովումը դպրոցի ղեկավարության և անձնակազմի գերխնդիրն է:

Անվտանգ տարհանման հարցերն առաջ են քաշվում շենքի նախագծման և կառուցման փուլում, հաշվի առնելով շենքի ֆունկցիոնալ նշանակությունը, կառուց­վածքային և հատակագծային լուծումները՝ ուղղված անձնակազմի և աշակերտների արագ և անարգել տարհանման համար համապատասխան պայմանների ստեղծմանը: Եթե դպրոցում կրթություն են ստանում հաշմանդամություն ունեցող երեխաներ, ապա պետք է հաշվի առնել նաև նրանց կարիքները:

Հայաստանի Հանրապետության հատուկ կրթության համակարգը ձևավորվել է դեռևս խորհրդային շրջանում: Հանրապետությունում երեխաների իրավունքների պաշտպանության համակարգված գործընթացը սկսվել է «ՄԱԿ-ի երեխայի իրա­վունք­ների մասին հռչակագրին» միանալուց հետո։ 1996 թվականին ընդունվեց «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը, 1999-ին՝ «Կրթության մասին» ՀՀ օրենքը, 2001-ին՝ «Կրթության զարգացման 2001-2005 թվականների պետական ծրագիր» ՀՀ օրենքը, 2005-ին՝ «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքը[3] [4] [5] [6] [7]:

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը սկիզբ դրեց հատուկ կրթական համակարգի բարեփոխումներին: Օրենքում ամրագրված է, որ «կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթու­թյունը, ծնողների   ընտրությամբ, կարող է իրականացվել ինչպես ընդհանուր հան­րակրթական, այնպես էլ հատուկ դպրոցներում՝ հատուկ ծրագրերով: 

2005 թվականից Հայաստանում պետականորեն ճանաչվեց և ամրագրվեց ներառական կրթությունը, ինչը հանրակրթական դպրոցում սովորելու հնարա­վո­րություն ընձեռեց հատուկ կարիքներ ունեցող երեխաներին: Ներառական կրթության իրականացման հնարավորության առաջին պայմանը՝ արտակարգ իրավիճակում հատուկ կարիքներով աշակերտների տեղաշարժի ապահովումն է, հատուկ ազդարարման միջոցների առկայությունն է, անվտանգության ապահովումն ու պաշտպանությունն է դպրոցի և դրա հարակից տարածքում:

Դպրոցի շենքի մատչելիությունը սակավաշարժուն և հաշմանդամություն ունեցող աշակերտներին հնարավորություն է տալիս իրենց հասակակիցների հետ ապրել լիարժեք սոցիալական կյանքով, առավել ակտիվ մասնակցություն ունենալ դպրոցում իրականացվող միջոցառումներին, այդ թվում նաև ուսումնական տարհանումներին, ստանալ լիարժեք կրթություն:

Ուստի, ներառական դպրոցների խնդիրն է՝ հատուկ կարիքներով երեխաների կենսագործունեության, հատկապես, տեղաշարժման համար մատչելի միջավայրի ստեղծումը, հաշվի առնելով ուսումնական հաստատությունների ճարտարապետա­հատակագծային առաջադրանքներով սահմանված՝ հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի կենսագործունեության համար անհրաժեշտ պայմաններն ապահովող միջոցառումների իրականացումը:

Տարհանման կազմակերպումն ու իրականացումը պահանջում են տարհանման միջոցառումների նախնական պլանավորում և դպրոցի անձնակազմի բազմա­կողմանի պատրաստում:

Դպրոցի տնօրենի համապատասխան հրամանով տարհանման միջոցա­ռում­ների պլանավորումը, կազմակերպումն ու անցկացումը դրվում է դպրոցի տարհան­ման հանձնաժողովի վրա, որի նախագահ է նշանակվում (տնօրենի հրամանով) կազմակերպական հարցերով փոխտնօրենը: Դպրոցի տնօրենի հրամանով ստեղծ­վում է տարհաման հանձնաժողով, որը զբաղվում է տարհանման կազմակերպ­չական հարցերով՝ պլանների մշակմամբ, կազմակերպմամբ և իրականացմամբ:

Տարհանման հանձնաժողովի խնդիրներն են՝

  • տարհանման մարմնի ստեղծումը, համալրումը և պատրաստումը,
  • դպրոցի տարհանման պլանի մշակումը և ճշգրտումը: Պլանի ճշգրտումն անց է կացվում ուսումնական տարհանումների միջոցով (տարեկան երկու անգամ). գարնանը՝ մարտի 1-ի, աշնանը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ:
  • տարհանման միջոցառումների կազմակերպումը:
  • Տարհանման պլանը մշակվում է փուլ առ փուլ, որորտեղ պետք է նախատեսվեն՝
  • դպրոցին և դրա հարակից տարածքին սպառնացող վտանգները,
  • տարհանման ենթակա մարդկանց թվաքանակը,
  • հաշմանդամություն ունեցող աշակերտների քանակը և տարիքը,
  • Հաշմանդամների ֆիզիկական սահմանափակումներն ու նրանց առողջական վիճակը,
  • ունիվերսալ ազդարարման համակարգի ստեղծումը (հաշվի առնելով հաշ­ման­դամություն ունեցող աշակերտների ազդարարման համար ան­հրա­ժեշտ միջոց­ները և պայմանները): Լսողության խնդիրներ ունեցող հաշմանդամ երեխաների համար նախատեսվում են լուսա-վիբրացիոն ազդանշանային համակարգ: Տեսողու­թյան խնդիրներ ունեցող հաշման­դամ­ների համար նախատեսվում է ձայնային ազդանշանային համա­կարգեր,
  • տարհանման ընթացքում անհրաժեշտ տեխնիկական միջոցները, պարա­գաներն ու սարքավորումները,
  • արտակարգ իրավիճակներում օգնության որոշումը (փրկարարական, բժշկական, հրշեջ և այլն),
  • տարհանման երթուղիները, դպրոցի ելքերը ցույց տվող նշանները,
  • տարհանման ազդանշանի հնչելուց հետո շինությունը լքելու ժամանակը,
  • անվտանգ գոտու որոշում,
  • ծանոթացում դպրոցի տարհանման պլանին:

Տարհանման պլանում նշվում են շենքի առավել խոցելի հատվածների և տարհանման ուղիների փլուզման դեպքում այլընտրանքային ճանապարհները:

Տարհանման պլանը մշակելիս հաշվի են առնում հաշմանդամների պահե­լաձևի առանձնահատկությունները, շենքի ծավալահատակագծային լուծումները, տարհան­ման ուղիների հուսալիությունը, (օրինակ, շենքի աստիճանավանդակների մի մասը առավել հուսալի են, քանի որ անընդհատ շահագործվում են, միշտ բաց են և ապա­հովված են հակածխային պաշտպանությամբ): Հանրակրթական, (ներառական կրթու­թյուն ապահովող) դպրոցում կրթություն են ստանում նաև սակավաշարժուն և տարաբնույթ հաշմանդամություն ունեցող երեխաներ, և տարհանման պլանի տեքստային մասի բնութագրական հատվածում պետք է հաշվի առնել հաշման­դամ­ների պահանջմունքներն ու կարիքները՝ արտաքին և ներիքին թեքահարթակներ, լայն դռներ, վերելաներ, շարժական թեքահարթակներ: Միջանցքներում, դահլիճներում, բուֆետում լավ լուսավորություն, զուգարաններում՝ բռնաձողեր և հատուկ պայման­ներ ազատ տեղաշարժվելու համար և այլն:

Տարհանման պլանում պետք է նշվի դպրոցի աշակերտների, անձնակազմի ազ­դա­րարման կարգը, առկա կապի միջոցները՝ հաշվի առնելով նաև հատուկ կարիք­ներով աշակերտների ազդարարման կարգը, դպրոցի փաստաթղթերի և գույքի պահ­պան­ման կարգը, տարհանումն իրականացնող օժանդակ ուժերը, միջոցները և այլն:

Դպրոցի տարհանման պլանը կազմվում է հնարավորինս իրատեսական և իրա­գործելի՝ հաշվի առնելով տվյալ տարածքի բնակլիմայական պայմանները, աշխար­հագրա­կան դիրքը, վտանգավոր օբյեկտների առկայությունը, դրանց հեռավո­րությունը դպրոցից:

Տարհանման պլանը պետք է մշակված լինի այնքան մանրակրկիտ և ճկուն, որ ուսումնական տարհանման ժամանակ իրադրության ցանկացած փոփոխման դեպ­քում տարհանման հանձնաժողովը կարողանա ճշգրտել և կանոնակարգել միջո­ցա­ռումների ուղղվածությունը և ինտենսիվությունը՝ ըստ կատարված փոփո­խու­թյունների:

Հաշմանդամներին տարահանելու համար անպայման պետք է խորհրդակցել տվյալ դպրոցի համապատասխան աշխատակիցների, ուսուցիչների, ծնողների հետ, քանի որ արտակարգ իրավիճակում հաճախ առաջացող խուճապի հետևանքով հաշմանդամները կարող են անտեսվել և դառնան անօգնական: Կատարողները նշանակվում են ըստ նրանց մասնագիտական, անձնական հատկանիշների և կարողությունների:

Փրկարարների հոգեբանական պատրաստվածությունը տարհանման ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտակարգ իրավիճակներում փրկարարների և օգնողների հոգեբանական պատրաստվածությունը շատ կարևոր է: Յուրաքանչյուր պատահար ինքնին խուճապ, տագնապ, վախ, անհանգստություն և սթրես է առաջացնում մարդկանց մոտ: Փրկարարները, որոնք աշխատում են աղետի գոտում կամ դեպքի վայրում, պետք է պաստաստ լինեն հեգեբանական ծանր ապրումները հաղթահարելուն: Շատ հաճախ դժբախտ պատահարի հետևանաքով լինում են զոհեր ու վիրավորներ, որոնց առաջինը մոտենում և օգնություն են ցուցաբերում շրջապատում գտնվող մարդիկ և փրկարարները:

Փրկարարների հոգեբանական պատրաստվածությունը հատկապես կարևոր է հաշմանդամություն ունեցող անձանց տարհանելիս, քանի որ ստեղծված արտակարգ իրավիճակում նրանք պետք է կարողանան ճիշտ մոտեցումներ և ուղղորդումներ ցուցաբերել հաշմանդամների նկատմամբ: Մարդիկ ովքեր չունեն հաշմանդա­մություն, շատ հաճախ չեն պատկերացնում հաշմանդամի խնդիրները և կարող են նրանց ցուցումներ ու հրահանգներ տալ, որոնք մեծ դժվարություններ կարող են առաջացնել արտակարգ իրավիճակում տարհանման ժամանակ: Առաջին հայացքից հոգեբանական խնդիրներ կարող են առաջանալ հաշմանդամների հետ շփման ժամանակ, բայց այս խանգարող հանգամանքը կարելի է վերացնել, եթե փրկարարները պատրաստ լինեն հաշմանդամություն ունեցող անձանց հետ համագործակցել ստեղծված արտակարգ իրավիճակում:

Տարհանման ժամանակ փրկարարը բացի այն, թե դեպքի վայրում քանի մարդ կա, նրանցից քանիսն ունեն հաշմանդամություն, ով կարող է իրեն օգնել տուժածներին տեղափոխելու հարցում, արդյոք հաշմանդամը կարող է ինքնուրույն կամ ձեռնափայտի օգնությամբ տեղաշարժվել, պետք է տիրապետի նաև հոգեբանական օգնությանը և մոտեցումներին:

Արտակարգ իրավիճակում և հատկապես տարհանման ժամանակ, փրկարարը պետք է վստահություն ձեռք բերի մտավոր հետամնացության խնդիր ունեցող հաշմանդամի նկատմամբ, քանի որ այս խմբի հաշմանդամները ի տարբերություն մյուսների, կարող են անգիտակցաբար ծայրահեղ քայլերի գնան: Փրկարարները ամեն գնով պետք է համոզեն, բացատրեն ու կանխեն ծայրահեղ և կյանքի համար վտանգավոր քայլերը:

Տեսողության խնդիր ունեցող հաշմանդամների հետ ևս պետք է լինել համբերատար և ճիշտ ցուցումներ տալ: Այս խմբի հաշմանդամներին չի կարելի ասել «գնա դեպի դուռը», «նայիր ինձ», «չե՞ս տեսնում աստիճանները» և նմանատիպ արտահայտություններ: Սրանք բացի վիրավորական արտահայտություններ լինելուց, կարող են արտակարգ իրավիճակում հանգեցնել հաշմանդամների ոչ ճիշտ պահելաձևին: Տեսողության խնդիր ունեցող հաշմանդամներին պետք է հստակ ցուցումներ տրվի տարածքի ելքերի, մուտքերի, աստիճանների մասին: Նրանց պետք է ասել հետևյալ կերպ. Օրինակ՝ «թեքվիր աջ, երեք քայլ արա և կհասնես աստի­ճաններին», «հասար աստիճաններին, դրանք տասը հատ են», «ուղիղ գնա չորս քայլ և կհասնես ելքին» և այլն: Փրկարարներն իհարկե կարող են դիմել տարածքում գտնվող և տեսողության խնդիր չունեցող որևէ մեկի օգնությանը, ով հաշմանդամին կարող է ուղեկցել դեպի դուրս՝ անվտանգ տարածք:

Լսողության խնդիր ունեցող հաշմանդամների հետ մի փոքր ավելի հեշտ է աշխատել արտագարգ իրավիճակում: Այս խմբի հաշմանդամներին կարելի է ժեստերի լեզվի միջոցով ցուցումներ ու հրահանգներ տալ՝ տարածքն արագ լքելու վերաբերյալ: Եթե անգամ փրկարարները չեն տիրապետում ժեստերի լեզվին, ապա ձեռքերի շարժումների պարզ ուղորդումներով հնարավոր կլինի նրանց տարհանումը կազմակերպել:

Հենաշարժողական համակարգի խնդիր ունեցող հաշմանդամներին տարհանելիս փրկարարները բացի ֆիզիկապես պատրաստ լինելուց, պետք է ունենան հոգեբանական պատրաստվածություն: Այս խմբի հաշմանդամները սակավաշարժ են, օգտվում են սայլակից կամ ձեռնափայտից և նրանց պարզապես ասել, որ արագ պետք է լքել վտանգավոր տարածքը, կարող է առաջացնել թե ֆիզիկական և թե հոգեբանական բարդություններ: Որպեսզի խուսափել նման անհարմար իրավիճակներից, փրկարարները պետք է սթափ և իրատեսական ուղղորդումներ տան հաշմանդամներին, նրանց օգնեն տեղափոխման ընթացքում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Legislation: National Assemly of RA»։ www.parliament.am։ Վերցված է 2017-06-08 
  2. «Legislation: National Assemly of RA»։ www.parliament.am։ Վերցված է 2017-06-08 
  3. «DocumentView»։ www.arlis.am։ Վերցված է 2017-06-08 
  4. «DocumentView»։ www.arlis.am։ Վերցված է 2017-06-08 
  5. «Legislation: National Assemly of RA»։ www.parliament.am։ Վերցված է 2017-06-08 
  6. «Legislation: National Assemly of RA»։ www.parliament.am։ Վերցված է 2017-06-08 
  7. «Legislation: National Assemly of RA»։ www.parliament.am։ Վերցված է 2017-06-08