Նադեժդա Դուրովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նադեժդա Դուրովա
Надежда Андреевна Дурова
սեպտեմբերի 17 (28), 1783 - մարտի 21 (ապրիլի 2), 1866 (82 տարեկան)
ԾննդավայրՍարապուլ, Vyatka Viceroyalty, Ռուսական կայսրություն
Մահվան վայրԵլաբուգա, Վյատկայի գավառ, Ռուսական կայսրություն
ԳերեզմանԵլաբուգա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԶորատեսակՀեծելազոր
Կոչումcavalry master? և staff rittmeister?
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական պատերազմ, Չորրորդ կոալիցիայի պատերազմ և Վեցերորդ կոալիցիայի պատերազմ
Պարգևներ
Գեորգիևյան խաչ

Նադեժդա Անդրեևնա Դուրովա (հայտնի է նաև Ալեքսանդր Անդրեևիչ Ալեքսանդրով անունով, սեպտեմբերի 17 (28), 1783, Սարապուլ, Vyatka Viceroyalty, Ռուսական կայսրություն - մարտի 21 (ապրիլի 2), 1866, Ելաբուգա, Վյատկայի գավառ, Ռուսական կայսրություն[1][2]), ռուս հեծելազորային, Ռուսական կայսերական բանակի սպա, 1812 թվականի Հայրենական պատերազմի մասնակից (հայտնի է որպես հեծելազորային աղջիկ), գրող։ Գրականության մեջ և ԶԼՄ-ներում նրան հաճախ անվանում են ռուս առաջին կին-սպա, որն ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը[Ն. 1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նադեժդա Դուրովան երիտասարդ ժամանակ

Մանկություն և պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Վոզնեսենսկի գյուղում 1783 թվականի սեպտեմբերի 17 (28)-ին (և ոչ թե 1789 կամ 1790 թվականին, ինչպես սովորաբար նշում են նրա կենսագիրները՝ հենվելով նրա «Գրառումների» վրա)[3]։ Նադեժդան ուներ փոքր եղբայր։ Դուրովան ծնվել է հուսարական ռոտմիստր Անդրեյ Վասիլևիչ Դուրովայի և պոլտավացի կալվածատիրոջ դուստր Նադեժդա Իվանովնա Ալեքսանդրովիչի ընտանիքում[4], վերջինս ամուսնացել էր ծնողների կամքին հակառակ[5]։ Ընտանիքը վարում էր թափառական գնդի կյանք։ Մայրը, որ բնավորությամբ եռանդուն ու դյուրագրգիռ էր և, բացի այդ, բուռն կերպով ցանկանում էր որդի ունենալ, ատում էր դստերը։ Մի անգամ, երբ մեկ տարեկան Նադեժդան երկար լաց է եղել կառքի մեջ, մայրը նրան խլել է դայակի ձեռքից ու պատուհանից դուրս նետել։ Արյունաշաղախ փոքրիկին վերցրել են հուսարները։ Դրանից հետո հայրը Նադեժդային դաստիարակության է տվել հուսար Աստախովին։ «Թամբը,− գրում է Դուրովան,− եղել է իմ առաջին օրորոցը, ձին, զենքերը և գնդի երաժշտությունը՝ մանկական առաջին խաղալիքներն ու զվարճանքները»[5]։ Այդպիսի պայմաններում երեխան մեծացել է մինչև 5 տարեկանը և ձեռք բերել կայտառ տղայի սովորություններ ու հակումներ։

1789 թվականին հայրը հրաժարական է տվել և քաղաքապետի պաշտոն ստացել Սարապուլ քաղաքում։ Դստերը նորից սկսել է դաստիարակել մայրը։ Մայրն սկսել է նրան սովորեցնել ձեռագործություն, տնտեսությամբ զբաղվել, սակայն նրա մոտ ոչինչ չի ստացվել, և այդ պատճառով էլ նրան դուր չեն եկել այդ գործերը, Դուրովան գաղտնի շարունակել է խաղալ «ռազմական խաղեր»։ Երբ նա մեծացել է, հայրը նվիրել է չերքեզական Ալկիդա ձին, որը վարելը դարձել է նրա սիրելի զբաղմունքը։

18 տարեկանում Դուրովային կնության են տվել դատավոր Վասիլի Ստեփանովիչ Չերնովին, և մեկ տարի անց ծնվել է նրանց որդին՝ Իվանը։ Որդու հանդեպ նա ոչ մի զգացմունք չի տածել։ Ամուսինների միջև համաձայնություն չի եղել, և Նադեժդան լքել է ամուսնուն՝ նրան թողնելով որդուն։ Վերադառնալով տուն՝ նա նորից առաջացրել է մոր բարկությունը։ Այնուհետև, սիրահարվելով կազակ կապիտանի, նրա հետ 1806 թվականին գնացել է Ալկիդա՝ հագնելով կազակների հագուստ։

Հեծելազորային աղջիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուրովան որոշ ժամանակ իր եսավուլի հետ ապրել է սպասյակի տեսքով, բայց որոշ ժամանակ անց նրան լքել է։ Քանի որ կազակները պարտավոր էին մորուք կրել և վաղ թե ուշ նա դիմակազերծվելու էր, Դուրովան հասել է մինչև Լեհական ուլանների զորագունդ (ուլանները մորուք չէին պահում) և խնդրել ծառայության վերցնել՝ ներկայանալով որպես ազնվական Ալեքսանդր Վասիլևիչ Սոկոլով (կամ «Դուրով», ինչպես գրել է իր «Հեծելազորային աղջկա գրառումներում»)։ Կազակների գնդում նա չէր կարող ծառայել նաև այն պատճառով, որ ազնվականները պետք է ծառայեին կանոնավոր բանակում։ Ուլանների զորագնդում նրան հաշվառել են «ընկեր» անունով (ազնվական ծագմամբ շարքայինների զինվորական կոչում)։

Դուրովան մասնակցել է Գուտտշտադտի, Գեյլսբերգի, Ֆրիդլանդի կռիվներին՝ ցուցաբերելով քաջություն։ Մասնակցելով մարտերին՝ նա ոչ մի անգամ ուրիշի արյուն չի թափել։

Նրա ձին՝ Ալկիդը, բազմիցս փրկել է նրա կյանքը և նրա համար սարսափելի ցնցում էր այն պատահարը, երբ, կանգնելով մսուրի վրա, ցատկել է հյուսված ցանկապատի վրայով և մահացու կերպով որովայնը պատռել։

Դուրովան գտնվում էր Տիլզիտում, երբ կնքվել է Տիլզիտի հաշտությունը։ Հորն ուղարկելով նամակ, որը գրված էր 1807 թվականի ճակատամարտից առաջ՝ նրանից ներողություն էր խնդրում պատճառած ցավի համար (տնից հեռանալով՝ նա գետի ափին թողել էր հագուստը, և հայրը կարող էր մտածել, որ նա խեղդվել է)։ Հայրը, օգտագործելով իր կապերը, գտել է նրան և փորձել վերադարձնել հայրական տուն։ Այդ նամակը մայրաքաղաքում ապրող հորեղբայրը ցույց է տվել իր ծանոթ գեներալին, և շուտով հեծելազորային աղջկա մասին լուրը հասել է Ալեքսանդր I-ին։ Դուրովային ուղարկել են Սանկտ Պետերբուրգ, որտեղ նրան ընդունել է կայսրը։ Վերջինս, ազդված կնոջ՝ հայրենիքին ռազմական ոլորտում ծառայելու անձնուրաց ցանկությամբ, նրան թույլ է տվել մնալ բանակում, անձամբ հանձնել զինվորական Գեորգիևյան խաչը՝ վիրավոր սպային փկելու համար, կոռնետի աստիճան տվել և տեղափոխել Մարիուպոլի հուսարական էլիտար վաշտ Ալեքսանդր Անդրեևիչ Ալեքսանդրով անվանումով։ Անունը կազմվել է կայսեր անունից՝ «Ալեքսանդր» և Դուրովայի մոր ազգանունից՝ «Ալեքսանդրովիչ»։

Շուտով Դուրովան մենել է Սարապուլ՝ հոր մոտ, այնտեղ մնացել ավելի քան երկու տարի։

1811 թվականի ապրիլի 1-ին Դուրովան տեղափոխվել է Լիտվայի ուլանական գունդ (որտեղ ծառայել է մինչև պաշտոնաթող լինելը՝ 1816 թվականը), քանի որ փող չուներ հուսարական համազգեստի հերթական ոսկեթել հյուսվածքը գնելու համար։

Նադեժդան ստիպված էր հուսարներից գնալ ուլաններ նաև այն պատճառով, որ գնդապետը դժգոհ էր, որ «Ալեքսանդր Ալեքսանդրովիչը» առաջարկություն չի արել իրեն սիրահարված գնդապետի աղջկան։

1811 թվականին Դուրովան 2 ամիս Կիևի նահանգի ռազմական նահանգապետ Միխայիլ Միլորադովիչի մոտ ծառայել է որպես համհարզ-հանձնակատար, իսկ նրա ստորաբաժանման հրամանատարը (որի մոտից նա տեղափոխվել էր Միլորադովիչի մոտ) հետագայում հայտնի գեներալ Ալեքսեյ Երմոլովն էր։

1812 թվականի Հայրենական պատերազմի ժամանակ Դուրովային տրվել է պորուչիկի աստիճան, և նա հրամանատարել է հեծելավաշտը։ Մասնակցել է Սմոլենսկի, Կոլոցկոեի վանքի մարտերին, Բորոդինոյում պաշտպանել է Սեմյոնովի դաշտամրոցը, որտեղ ոտքը կոնտուզիայի է ենթարկվել։ Տարուտինոյի բանակ տեղափոխվելուց հետո Դուրովան ներկայացել է Կուտուզովին՝ խնդրելով իրեն վերցնել որպես համհարզ, Կուտուզովը գիտեր հեծելազորային աղջկա մասին, և վերջինս 2 շաբաթ ծառայել է որպես Կուտուզովի համհարզ-հանձնակատար[6]։ Սակայն ոտքի կոնտուզիայի ցավերն ուժեղացել են, և Դուրովան Կուտուզովի թույլտվությամբ մեկնել է տուն՝ բուժվելու։ 1813 թվականի մայիսին նա նորից հայտնվել է գործող բանակում և մասնակցել Գերմանիայի ազատագրման կռիվներին՝ աչքի ընկնելով Մոդլինի բերդի պաշարման և Համբուրգ քաղաքի գրավման ժամանակ։

1816 թվականին, տեղի տալով հոր խնդրանքներին, նա պաշտոնաթող է եղել շտաբս-ռոտմիստրի աստիճանով և թոշակով ապրել Սարապուլում, ապա Ելաբուգայում՝ փոքր եղբոր՝ Վասիլի Անդրեևիչ Դուրովի մոտ (1799-1860)։ Նա միշտ կրել է տղամարդու հագուստ, բոլոր նամակներն ստորագրել է Ալեքսանդրով ազգանունով, զայրացել, երբ նրան վերաբերվել են որպես կնոջ, և տարբերվել բազմաթիվ տարօրինակություններով։

Ն. Ա. Դուրովայի տուն-թանգարան

Կյանք մնացած մասը Դուրովան անցկացրել է Ելաբուգեում՝ փոքր եղբոր փոքրիկ տնակում՝ շրջապատված իր բազմաթիվ շներով և կատուներով։ Նադեժդա Անդրեևնան մահացել է Ելաբուգեում 82 տարեկանում, թաղված է Տրոիցկի գերեզմանատանը։ Նա կտակել է իրեն հուղարկավորել որպես Աստծո ծառա Ալեքսանդր, սակայն քահանան եկեղեցական կանոնները չի խախտել։ Թաղման ժամանակ նրան տրվել է զինվորական պատիվներ։

Երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարապուլ քաղաքի Համբարձման տաճարի գրանցամատյանում վկայություններ են պահպանվել նրա ամուսնության և որդու մկրտության մասին։ Դուրովայի որդին՝ Իվան Վասիլևիչ Չերնովը, սովորել է Կայսերական զինվորական որբանոցում, որտեղից դուրս է եկել 16 տարեկանում 14-րդ դասարանի զինվորական կոչումով՝ առողջական պատճառներով։ Մի անգամ նա մորը նամակ է ուղարկել՝ խնդրելով նրա օրհնությունն իր ամուսնության համար։ Տեսնելով «մայրիկ» կոչականը՝ մայրը, նամակը չկարդալով, նետել է կրակի մեջ։ Եվ միայն այն բանից հետո, երբ որդին Ալեքսանդր Անդրեևիչին ուղղված խնդրանքով նամակ է ուղարկել, նա գրել է՝ «օրհնում եմ»։

Կոլեգիական խորհրդատու Իվան Վասիլևիչ Չերնովը 1856 թվականին թաղվել է Միտրոֆանևյան գերեզմանատանը. նա մահացել է 53 տարեկանում՝ մորից 10 տարի առաջ։ Նրա կինը, հավանաբար, եղել է Աննա Միխայլովնան (ծննդյան ազգանունը՝ Բելսկայա), որը մահացել է 1848 թվականին՝ 37 տարեկանում[7]։ Ն. Ա. Դուրովայի թանգարանի աշխատակիցները կապ են հաստատել նրա եղբայր Վասիլիի անմիջական ժառանգորդների հետ, որոնք ապրում են Ֆրանսիայում։

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գրառումների» առաջին հրատարակություն: Տիտղոսաթերթ

Դուրովան Պուշկինի հետ ծանոթացել է իր եղբոր՝ Վասիլիի միջոցով։ Մի անգամ Վասիլին իր ցնցող ցինիզմով առաջացրել է Պուշկինի հիացմունքը, և մի քանի օր Պուշկինը չի կարողացել կտրվել նրա հետ զրույցից ու խաղաթղթերով պարտվելուց հետո նրան Կովկասից տարել է Մոսկվա։ Վասիլիին խանգարում էր մեկ հանգամանք. նա պարտադիր պետք է ունենար 100 հազար ռուբլի։ Մի անգամ նա Պուշկինին է ուղարկել քրոջ հուշագրությունները, և Պուշկինը գնահատել է այդ գրառումների ինքնատիպությունը։

«Սովրեմեննիկ» ամսագրում (1836, № 2) տպագրվել են նրա հուշագրությունները (հետագայում ընդգրկվել են «Գրառումներ» գրքում)։ Պուշկինը խորապես հետաքրքրվել է Դուրովայի անձով, նրա մասին իր ամսագրի էջերում գրել գովասանքներ, հիացական կարծիքներ և նրան մղել գրական գործունեության։ Նույն թվականին (1836) լույս է տեսել երկու մասից բաղկացած «Գրառումներ» աշխատությունը՝ «Հեծելազորային աղջիկ» խորագրով։ Ընդլայնված «Գրառումները» լույս է տեսել 1839 թվականին։ Դրանք մեծ հաջողություն են ունեցել՝ Դուրովային մղելով վիպակներ և վեպեր գրելու։ 1840 թվականից նա սկսել է իր ստեղծագործությունները տպագրել «Սովրեմեննիկ», «Գրադարան կարդալու համար», «Հայրենական գրառումներ» և այլ ամսագրերում, այնուհետև դրանք տպագրվել են նաև առանձին («Գուդիշկի», «Վիպակներ և պատմվածքներ», «Անկյուն», «Գանձ»)։ 1840 թվականին լույս է տեսել ստեղծագործությունների ժողովածուի քառահատորյակը։

Նրա ստեղծագործությունների գլխավոր թեմաներից մեկը եղել է կանանց ազատագրումը, կանանց և տղամարդկանց սոցիալական կարգավիճակների տարբերության հաղթահարումը[8]։ Դրանք բոլորն իրենց ժամանակին կարդացվել, նույնիսկ առաջացրել են քննադատների հիացական գնահատականը և մինչև օրս էլ ուշադրություն են գրավում իրենց պարզ և արտահայտիչ լեզվով։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Надежда Дурова. Записки кавалерист-девицы. 1836. первое издание.
  • Надежда Дурова Записки Александрова (Дуровой). — М.: В типографии Николая Степанова, 1839.
  • Дурова Н. А. Записки кавалерист-девицы / Подготовка текста и примеч. Б. В. Смиренского. — Каз.: Татарское книжное издательство, 1966.
  • Дурова Н. А. Избранные сочинения кавалерист-девицы / Сост., вступит. ст. и примеч. Вл. Муравьева. — М.: Московский рабочий, 1983.
  • Дурова Н. А. Избранное / Сост., вступ. ст. и примеч. В. В. Афанасьева. — М.: Сов. Россия, 1984.
  • Дурова Н. А. Избранные сочинения кавалерист-девицы / Сост., вступит. ст. и примеч. Вл. Б. Муравьева. — М.: Московский рабочий, 1988 (Библиотека «Московского рабочего»).
  • Дурова Н. А. Русская амазонка. Записки. — М.: Захаров, 2002. — 384 с. 5 000 экз.
  • Дурова Н. А. Записки кавалерист-девицы. Серия: Знак судьбы. — М.: Аст-Пресс Книга , 2005 — 5000 экз.
  • Дурова Н. А. Избранные сочинения / Сост. О. Айкашева. — Елабуга: ЕлТИК, 2013. — 480 с. — 1000 экз.
  • Nadezhda Durova. Cavalry Maiden. Journals of a Russian Officer in the Napoleonic Wars. / Translated by Mary Fleming Zirin. — Bloomington & Indianapolis: Indiana University Press, 1988.
  • Nadeschda Durowa. Die Offizierin. Das ungewöhnliche Leben der Kavalleristin Nadeschda Durowa, erzählt von ihr selbst. Aus dem Russischen von Rainer Schwarz. Mit einer biographischen Notiz von Viktor Afanasjew, übersetzt von Hannelore Umbreit. Leipzig: Gustav Kiepenheuer-Verlag,
  • Записки кавалерист-девицы [Текст] / Н. А. Дурова; [Н. А. Дурова; [идея проекта В. С. Ерастов; вступ. ст. О. Г. Лукас ; редкол. : Г. Р. Ахтямова и др.]. - Сарапул: МУП "Сарапульская типография”, 2006. - 344 с.: ил. - (Проект «Память Сарапула»). - 1500 экз.. - ISBN 5-901304-18-7.
  • В уездном городе «С» / Сборник произведений А. Вештомова, Н. Дуровой, Н. Блинова, И. Воронцова, С. Миловского, Н. Ончукова, Д. Зеленина. Идея проекта - В.С. Ерастов; Сост. - Т. Б. Пеганова; дизайн - Т. А. Кустова; Редакционная коллегия: Г. Р. Ахтамянова, Л. Ю. Быкова, С. В. Креклина, О. Г. Лукас, В. Л. Мурашкина, Т. Б. Пеганова, Н. Л. Решетников;. - Сарапул: [б.и.], 2008 (МУП «Сарапульская типография»). - 290 с.: ил. - (Проект «Память Сарапула»). ISBN 978-5-901304-23-5.

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձաններ
  • Արձան Սարապուլում[9]
  • Արձան Ելաբուգայում՝ Տրոիցկոեի գերեզմանատան մուտքի առաջ
Թանգարան
  • Ելաբուգայում – հեծելազորային աղջիկ Նադեժդա Դուրովայի միակ դաստակերտ-թանգարանը Ռուսաստանում։
Օպերա
Ֆիլմագրություն
  • Ենթադրվում է, որ Նադեժդա Դուրովան եղել է Ա. Գլադկովի «Շատ վաղուց» պիեսի և Էլդար Ռյազանովի «Հուսարական բալլադ» ֆիլմի հերոսուհու՝ Շուրոչկա Ազարովայի նախատիպը։ Սակայն հեղինակն ինքը ժխտում է դա։
  • «Այն տղամարդը, այն կինը» ֆիլմը (ռեժիսոր՝ Ալեքսանդր Նագովիցին), ԽՍՀՄ, Սվերդլովսկի կինոստուդիա, 1989, 2 սերիա։
Դրամագիտություն
  • 2012 թվականին ՌԴ Կենտրոնական բանկը թողարկել է մետաղադրամ (2 ռուբլի, նիկելա-գալվանապատ) «1812 թվականի Հայրենական պատերազմի գեներալներն ու հերոսները» շարքից, որի ռևերսին փոխռոտմիստր Ն. Ա. Դուրովայի դիմանկարն է։

Նմանատիպ այլ կենսագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հուա Մուլան
  • Դուրովայի հետ միաժամանակ մահացած եղբոր անունով 15 տարի ծառայել և պայքարել է Ալեքսանդրա Տիխոմիրովան։ Գաղտնիքը միայն բացահայտվել է Ֆրիդլանդի ճակատամարտում հրետանային վաշտի հրամանատարի հերոսական մահից հետո (որին մասնակցել է նաև Դուրովան)՝ Ալեքսանդրայի կողմից նախօրոք պատրաստված իր ամբողջ ունեցվածքը «իմ սիրելի զինակիցներին» փոխանցելու մասին կտակից։
  • Մոտավորապես այդ ժամանակ բազմաթիվ կանայք ծառայում էին ֆրանսիական բանակում, ընդ որում՝ այդ մասին նրանց զինակիցները գիտեին։ Նրանցից ամենահայտնին 1793-1815 թվականներին ծառայած, այդ թվում նաև Նապոլեոնի ջոկատում, երբ վերջինս կապիտան էր, Թերեզա Ֆիգյորն է, որը Դուրովայի գրական հաջողությունների ազդեցության տակ 1842 թվականին հրատարակել է իր հուշագրությունները[10]։ Ավստրիական բանակում ծառայել է իտալուհի Ֆրանչեսկա Սկանագատտան, իսկ պրուսական հեծելազորում՝ Էլեոնորա Պրոխազկան։
  • Նույնպես հեծելազորում և նույնպես թագավորական արյան՝ արքայազն Վիլհելմի և նրա կնոջ հովանավորության շնորհիվ պրուսական բանակում 6-րդ կոալիցիայի կողմից պայքարել է Լուիզա Կեսսենիհ-Գրաֆեմուսը։
  • 20-րդ դարի սկզբին Նադեժդա Դուրովայի սխրագործությունը կրկնել է Գեորգիևյան խաչի ապագա դափնեկիր Օլգա Նիկոլաևնա Կաբանովան, որը, թաքցնելով իր սեռն ու հանդես գալով Օլեգ անունով՝ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին կամավոր միացել է ռուսական բանակին, ավելի ուշ՝ Քաղաքացիական պատերազմի սկզբին, Կամավորական բանակի սպիտակներին։ Օլգա Նիկոլաևնան իր սեռը թաքցրել է նույնիսկ աքսորի ժամանակ, 1920-ական թվականների կեսերին մարտական ընկերոջը հայտնել է իր գաղտնիքը և դրանից շատ չանցած նրա հետ ամուսնացել Բելգրադում։
  • 20-րդ դարում Նադեժդա Դուրովան համեմատվել է նաև Ալեքսանդրա Ռաշուպկինայի հետ, որը Հայրենական մեծ պատերազմի տարիներին դարձել է T-34 տանկի մեքենագետ-վարորդ և ավելի քան 3 տարի իր համագնդեցիներից թաքցրել իր կին լինելը[11][12][13]։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նրա նախորդներից կարելի է համարել Տատյանա Մարկինային Արխիվացված 2018-01-23 Wayback Machine, ինչպես նաև Ամազոնյան վաշտի ծառայողներին, որոնք ունեին իրենց սպայական կորպուսը։ Ռուսական ծառայության վերցնում էին նաև այլազգիների, օրինակ՝ Լասկարինա Բուբուլինան դարձել է Ռուսական կայսերական նավատորմի ծովակալ։ Բացի այդ, ռուս կայսրուհիներն ունեին սպայական կոչումներ, օրինակ՝ Պրեոբրաժենյան գնդի գնդապետներ Արխիվացված 2016-04-25 Wayback Machine էին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Надежда Дурова Дополнение к "Кавалерист-девице" // Записки Александрова (Дуровой). — М.: В типографии Николая Степанова, 1839.
  2. Семнадцатаго былъ день моихъ именинъ, и день, въ который судьбою-ли, стеченіемъ-ли обстоятельствъ, или непреодолимою наклонностію, но только опредѣлено было мнѣ оставить домъ отцовскій и начать совсѣмъ новый родъ жизни. Дурова Н. А. Кавалеристъ-дѣвица. — СПб.: Иванъ Бутовскій, 1836. — Т. I. — С. 1—47
  3. «Дурова». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. Плюснин С. Отец знаменитой Надежды // Комсомолец Удмуртии : газета. — 1983. — № за 18 октября.
  5. 5,0 5,1 Дурова Н. А. Записки кавалерист-девицы. — Л.: Лениздат, 1985.
  6. Российский энциклопедический словарь. Кн. 1. / глав. ред. А. М. Прохоров. — М.: Большая Российская энциклопедия, 2000. — С. 488. — ISBN 5-85270-324-9; 5-85270-292-7.
  7. «Поиски увенчались успехом». Музеи России. 2011 թ․ հունվարի 16. Վերցված է 2018 թ․ հունվարի 21-ին.
  8. «17 сентября». РИА Новости (ռուսերեն). 2005 թ․ սեպտեմբերի 17. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.
  9. «Отреставрированный памятник Надежде Дуровой открыли в Сарапуле». Сайт газеты «Известия Удмуртской Республики». 2013 թ․ մայիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 21-ին.
  10. Тереза Фигёр. Воспоминания кавалерист-девицы армии наполеона.
  11. Ася Кандаурова (6 марта 2014). «Три года танкист скрывал, что он - женщина». Комсомольская правда. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 13-ին.
  12. Вадим Кожуховский (9 сентября 2006). «Танкист, да Вы — девица!». Красная Звезда. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 13-ին.
  13. Антон Тимофеев (28 июня 2006). «Крепкий орешек». Экспресс газета. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 13-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]