Լուիզա Կեսսենիխ-Գրաֆեմուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուիզա Կեսսենիխ-Գրաֆեմուս
Դիմանկար
Ծնվել է1786
ԾննդավայրՀանաու, Մայն Կինցիգ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա
Մահացել էհոկտեմբերի 30, 1852(1852-10-30)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
ԳերեզմանՎոլկովսկոե գերեզմանատուն
Պարգևներ և
մրցանակներ
Commons-logo.svg Louise Kessenih-Graphemes Վիքիպահեստում

Լուիզա Կեսսենիխ-Գրաֆեմուս (ռուս.՝ Кессених-Графемус, Луиза, 1786, Հանաու, Մայն Կինցիգ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա - հոկտեմբերի 30, 1852(1852-10-30), Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), կին-սպա, 1813-1815 թվականներին Նապոլեոնի հետ պատերազմի մասնակից, պրուսական ուլանյան հեծյալ վերակա։ 1817 թվականից բնակվել է Սանկտ Պետերբուրգում և զբաղվել անհատական ձեռնարկատիրական գործունեությամբ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանքի վաղ տարիներ և ռազմական կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուիզան ծնվել է 1786 թվականին, հավանաբար, Պրուսիայի Հանաու քաղաքում։ Ապրել է հրեա ոսկերիչների ընտանիքում և ծննդյան պահին ստացել է Էսթեր Մանուե (Esther Manue) անունը, բայց 19 տարեկանում ընդունել է քրիստոնեություն և ստացել նոր անուն՝ Լուիզա։ Ամուսնացել է Գրաֆեմուս (Grafemus) ազգանունով մի տղամարդու հետ, ով աշխատում էր զարդերի արհեստանոցում որպես ենթավարպետ։ Լուիզայի ամուսնու անունը պատմություն չի պահպանվել, բայց դատելով նրա ազգանունից՝ նա եղել է լյութերական. բազմաթիվ գերմանացի լյութերականներ ռեֆորմացիայի ժամանակ կրել են լատինական ազգանուններ։ Լուիզան ամուսնու հետ ապրել է Ֆուլդա քաղաքում։ 1806 թվականին Գրաֆեմուս ընտանիքում ծնվել է դուստր, 1808 թվականին՝ որդի[1]։

Որդու ծնվելուց անմիջապես հետո Լուիզայի ամուսինը՝ գերմանացի ջերմեռանդ հայրենասերը, փորձելով պայքարել իր երկրի անկախության համար, լքել է իր ընտանիքը և 1809 թվականին մեկնել Ռուսաստան, որպես կամավորական ընդգրկվել Ուլանյան գնդի կազմում։ Երբ ռուսական բանակը հետապնդելով Նապոլեոնի զորքերին 1813 թվականին մտել է Պրուսիայի տարածք, Լուիզան որոշել է երեխաներին թողնել հարազատների խնամքին, կամավոր ընդգրկվել Պրուսական բանակում՝ ամուսնուն գտնելու և հանդիպելու համար։ Լուիզան որոշել էր միանալ բանակին և դառնալ ուլանական, ինչպես իր ամուսինը, բայց կամավորների ցանկությունը բավարար չէր, քանի որ կամավորը ստիպված էր հայտնվել գնդում լիովին հանդերձավորված և զինված։ Կամավորներից շատերին հանդերձավորում և զինում էին քաղաքները և համայնքները, իսկ մյուսներն իրենց հաշվին էին համազգեստ և զենք գնում։ Եվ եթե համեմատաբար էժան էր հետևակին զինելն ու հանդերձավորելը, ապա հեծելազորայինների համար դա այն ժամանակ բավականին մեծ գումար էր։ Ձիերի, զենքի և համազգեստի գնման հովանավորներ փնտրելիս Լուիզան դիմել է Մարիա Աննային՝ Պրուսիայի արքայազն Վիլհելմի կնոջը։

Այս ռոմանտիկ խնդրանքն արդյունք ունեցավ. արքայազնը և իր կինը Լուիզային տվեցին անհրաժեշտ միջոցները։ Լուիզա Գրաֆեմուսը կամավոր անդամագրվեց Քյոնիքսբերգի 2-րդ Ուլանյան աշխարհազորային գնդին, որի հրամանատարն էր մայոր Գերմանը։ Լուիզան միակ կինը չէր, ով թաքցնելով իր սեռը մեկնեց պատերազմ և մարտնչեց տղամարդկանց հետ կողք կողքի. պատմությանը հայտնի են այդպիսի 22 գերմանացի կանայք, ովքեր դարձան 1813-1815 թվականների պատերազմի հերոսուհիներ[2]։

1814 թվականի սկզբին պրուսական բանակը շարժվեց դեպի Ֆրանսիայի մայրաքաղաք։ Գունդը, որի կազմում ծառայում էր Գրաֆեմոսը, Ֆրանսիայի մայրաքաղաք շարժվեց Հոլանդիայով։ Այդ արշավի ընթացքում Լուիզա Գրաֆեմոսը գերի վերցրեց թշնամու մի սպայի և վեց զինվորի։ Այս սխրագործության համար նա պարգևատրվեց Երկաթյա խաչով։ Լուիզան իր գնդի հետ միասին հաղթական քայլերթ կատարեց դեպի Փարիզ։ Երբ Դաշնակից ուժերը 1814 թվականի մարտի 29-ին մտան Փարիզ, անցնող Ռուսաստանի ուլանյան գնդի շարքում, Լուիզան հանկարծակի նկատեց ամուսնուն։ Ուրախության և երջանկության ահռելի զգացողությունը համակեց Լուիզային, նրանց շրջապատող զինվորները նույնպես անակնկալի եկան` տեսնելով, թե ինչպես է պրուսական ուլանը փարիզյան փողոցի մեջտեղում հեկեկալով գրկախառնվում և համբուրվում է ռուսական ուլանի հետ։ Ուլանների գրկախառնությունները և համբույրները շատ ավելին էին քան ընկերական զգացմունքներն ու դաշնակցական հարաբերությունները։ Եվ երբ ամեն ինչ պարզ դարձավ, որ ամուսինները հանդիպել են երկարատև բաժանումից հետո, զինակիցները նրանց դիմավորեցին «ուռռա» բացականչություններով։

Լուիզա Կեսսենիխ-Գրաֆեմուսի դիմանկարը ուլանյան համազգեստով։ Գրավյուրա, 1820 թվական

Հաջորդ օրը` Մոնմարտրի բարձունքների մոտակայքում տեղի ունեցած արյունալի մարտերի ժամանակ Լուիզայի ամուսինը՝ ռուսասկան ուլանյան գնդի հեծյալ վերակա Գրաֆեմուսը, զոհվեց։ Դժվար է պատկերացնել հուսահատությունն ու վիշտը, որ համակել էին երիտասարդ կնոջը, որը երկարատև փնտրտուքից ու դժվարություններից հետո գտնելով ամուսնուն, հաջորդ օրը հավերժ կորցրեց նրան։

Հականապոլեոնյան արշավի ավարտից հետո Լուիզային, որպես ռազմական գործողությունների մասնակից, կենսաթոշակ նշանակվեց 1816 թվականի մարտից սկսած։ Առաջին անգամ Լուիզան ստացավ իր կենսաթոշակը 1816 թվականի օգոստոսին, որի չափը ամսական կազմում էր 2 թալեր։ Դա սովորական կենսաթոշակ էր պրուսական բանակի զինվորների ստորին դասի համար։ Այդպիսի կենսաթոշակը վիրավորեց Լուիզային, քանի որ նա իրեն համարում էր 1813-1815 թվականների պատերազմի հերոսուհիներից մեկը, և շարքային զինվորի կենսաթոշակի նշանակումը վիրավորում էր նրա արժանապատվությունը։ Ամսական 2 թալերով հնարավոր էր շատ համեստ կյանք վարել՝ դժվարությամբ ծայրը ծայրին հասցնելով։ Պրուսական կենսաթոշակի բարձրացման ուղղությամբ Լուիզայի բոլոր փորձերը անհաջողությամբ ավարտվեցին, բայց պարզվեց, որ նա կարող է կենսաթոշակ պահանջել նաև Ռուսաստանից ծառայության ժամանակ մահացած իր ամուսնու՝ հեծյալ վերակա Գրաֆեմուսի համար։ 1817 թվականի մարտի վերջին Լուիզան ստացավ իր վերջին կենսաթոշակը Պրուսիայում, այնուհետև ձևակերպեց իր կենսաթոշակի փոխանցումը Ռուսաստան և մեկնեց Սանկտ Պետերբուրգ։ Հայտնի չէ, թե ում մոտ մնացին նրա երեխաները Պրուսիայում, նրանք ապրում էին Բեռլինում կամ Ֆուլդայում։ Ճակատագիրը այնպես դասավորվեց, որ Լուիզան այլևս չվերադարձավ Պրուսիա և մինչև իր կյանքի վերջը բնակվեց Ռուսաստանում։

Կյանքը Սանկտ Պետերբուրգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Մյունստերի վիմագրությունը` հիմնված Իգնատիա Շչեդրովսկու նկարի վրա, ստեղծվել է 1852 թվականի հուլիսին՝ Լուիզա Կեսսենիխի մահից մի քանի ամիս առաջ: Ըստ նկարչի, հերոսուհու աջ ձեռքը թաքնված է հագուստի ծաքերի տակ: Իրականում նրա աջ ձեռքի դաստակը բացակայում է:

Սանկտ Պետերբուրգում Լուիզան երկրորդ անգամ ամուսնացավ ռիգացի հանրահայտ կազմարար, ծնունդով Քյոլն քաղաքից (Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա) բնիկ գերմանացի լյութերական Յոհան Կոռնելիուս Կեսսենիխի (Kessenich) հետ, որը Պետերբուրգում` Նոր Հոլանդիայի դիմացի տանը (ներկայումս` թիվ 104)[3] ձեռք էր բերել պանդոկ, որի մասին բազմիցս հիշատակվել էր գրականության մեջ։ Նա գնել էր «Կարմիր գինետուն» պանդոկը, որը տեղակայված էր Պետերհոֆյան ճանապարհի 7-րդ վերստում` Կրասնենկայա գետի ձախ ափին[4][5]։ Պահպանվել է Կարմիր պանդոկի և նրա տիրուհու մասին պատմվածք-հիշողությունը։ Այստեղ նկարագրվում են 1845-1849 թվականների իրադարձությունները. լույս է տեսել 1884 թվականին` «Ռուսական հնություն» ամսագրում։

Aquote1.png ... Մենք ճամբար հասանք սովորականի պես երեկոյան, քանի որ Պետերհոֆն անցանք գիշերակացով։ Առաջին դադարը կատարվեց հայտնի Կարմիր պանդոկի մոտ, որն արդեն չէր գործում, բայց պահպանել էր իր նախկին փառքի որոշ հետքեր։ Այդ ժամանակ պանդոկի տիրուհին տիկին Կեսսենիխն էր, որը զզվելի տեսքով ծեր կին էր և պատանեկության տարիներին ծառայել էր պրուսական զորքերում, ինչպես մեր օրիորդ Դուրովան, միայն այն տարբերությամբ, որ վերջինս հուսար էր, իսկ Կեսսենիխը` հետևակ։ Համենայն դեպս, նրա երիտասարդ տարիների դիմանկարը կախված էր Կարմիր պանդոկում, որտեղ նա պատկերված էր պրուսական հրացանակրի համազգեստով, ուսին կրելով երկսայր տապար։ Ըստ երևույթին, հերոսուհու ռազմական սխրագործությունների մասին գրված չէ պատմության հուշամատյաններում։ Ես գիտեմ միայն, որ ծերության տարիներին թուրը պատյան դնելուց հետո, նա սիրում էր ժամանակ անցկացնել Սանկտ Պետերբուրգի զվարճանքի հաստատություններում, հիմնականում Պետերհոֆյան ճանապարհին գտնվող Կարմիր գինետանը[5]։ Aquote2.png


Կենդանության օրոք Լուիզան ասում էր. «Մի ցանկություն ունեմ՝ թաղվել գետնի վրա»։ Ասում են, որ այդ ցանկությունը կատարվել է։ Վոլկովսկու գերեզմանատան հնաբնակների մոտ մի լեգենդ կար, որ Լուիզա Կեսսենիխն իսկապես թաղվել էր «գետնից վեր», Ցինկե սարկոֆագում, որը կախված էր շղթաներով։ Հնարավոր չէ ստուգել կամ հերքել այդ փաստը համապատասխանում է իրականությանը, քանի որ Լուիզա Կեսսենիխի գերեզմանը չի պահպանվել և չկան գերեզմանի լուսանկարներ։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-1996 թվականներին Սանկտ Պետերբուրգի գերմանական «Գերեզմանատուն» ընկերության կողմից Վոլկովյան Լյութերական գերեզմանատանը անցկացվել է հետազոտություն, գերեզմանոցի մանրամասն հատակագիծը կազմելու համար։ Հայտնաբերվել, լուսանկարվել և նկարագրվել են ավելի քան 2000 հին գերեզմանների հուշարձաններ։ Հնարավոր է եղել նաև որոշել Լուիզա Կեսսենիխի թաղման ամենահավանական վայրը, և այդ վայրում կանգնեցվել է խաչ նրա դիմանկարի լուսանկարով։ Սանկտ Պետերբուրգում Լուիզա Կեսսենիխի տոհմը շարունակվում է. խորհրդային հայտնի դերասանուհի Տատյանա Լվովնա Պիլեցկայան համարվում է նրա ծոռան դուստրը։

Aquote1.png Ես երբեմն մտածում եմ գեների մասին ... Իհարկե, քիչ հավանական է, որ ես պարելու ընդունակությունը և սերը ժառանգել եմ Լուիզա Կեսսենիխից։ Բայց իմ նախատատը բազմիցս, համարյա առեղծվածային կերպով, ինձ հիշեցնում էր իր մասին։
- Հարցազրույց դերասանուհի Տատյանա Պիլեցկայայի հետ[6]
Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Память железного времени, или Ещё одна кавалерист-девица»։ www.rubezh.eu։ Վերցված է 2020-01-07 
  2. «КЕССЕНИХ-ГРАФЕМУС Луиза (1786-1852) | KESSENICH-GRAFEMUS Louise (1786-1852)»։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-05-ին։ Վերցված է 2013-01-28 
  3. Прибавление к СПб Ведомостям. 1842 г. № 212, 19 сентября С. 2327
  4. Муниципальное образование Красненькая Речка
  5. 5,0 5,1 "Школа гвардейских подпрапорщиков и юнкеров в воспоминаниях одного из её воспитанников" // Русская Старина : Журнал. —Санкт-Петербург, типография В.С.Балашёва, 1884. — Т. XLI (январь, февраль, март).
  6. Судьбы: Татьяна Пилецкая. Тайны старинных портретов

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]