Հուգո Սիմբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հուգո Սիմբերգ
Hugo Simberg - Omakuva.jpg
Ի ծնեֆին.՝ Hugo Gerhard Simberg
Ծնվել էհունիսի 24, 1873(1873-06-24)[1][2][3][…]
ԾննդավայրՀամինա, Կյումենլաակսո, Հարավ-Ֆինլանդական շրջան, Ֆինլանդիա[4]
Վախճանվել էհուլիսի 12, 1917(1917-07-12)[5][6][3][…] (44 տարեկան)
Մահվան վայրԷհտյարի, Հարավային Օստրոբոտնիա, Վաասա նահանգ
ԱզգությունՖինլանդիայի շվեդախոս բնակչություն
ՔաղաքացիությունՖինլանդիա[7]
Մասնագիտություննկարիչ, քանդակագործ, ճարտարապետ և գծանկարիչ
Ոճսիմվոլիզմ
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներՄահվան պարտեզ, Հրաշագեղ ծաղիկը և Վիրավոր հրեշտակը
ՀայրԹոմ Սիմբերգ
Hugo Simberg Վիքիպահեստում

Հուգո Սիմբերգ (ֆին.՝ Hugo Simberg, հունիսի 24, 1873(1873-06-24)[1][2][3][…], Համինա, Կյումենլաակսո, Հարավ-Ֆինլանդական շրջան, Ֆինլանդիա[4] - հուլիսի 12, 1917(1917-07-12)[5][6][3][…], Էհտյարի, Հարավային Օստրոբոտնիա, Վաասա նահանգ), ֆինն նկարիչ և գծանկարիչ, ֆիննական սիմվոլիզմի ամենահայտնի ներկայացուցիչը։ Հայտնի է իր գործերով, որոնք ներկայացնում են բազմաչափ պատկերներ, կյանք և մահ, հրեշտակներ և սատանաներ։ Տամպերեի Սուրբ Հովհաննես Աստվածածին տաճարի որմնանկարների և վիտրաժների հեղինակ։ Սիմբերգի «Վիրավոր հրեշտակը» նկարը, որը պատկերում է պատգարակի վրա հրեշտակ տեղափոխող երկու տղաների, համարվում է հյուսիսային սիմվոլիզմի այցեքարտը․ տարածված է և կիրառվում է կազմերի և նկարազարդումների ժամանակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուգո Սիմբերգը ծնվել է զինվորականի բազմանդամ ընտանիքում։ Ութ տարեկան հասակում նա ընտանիքի հետ տեղափոխվել է Վիբորգ, որն այդ ժամանակ Ֆինլանդիայի մշակութային կենտրոններից մեկն էր։ Ընտանիքն ամռանը մեկնել է Ֆիննական ծոցի ափին գտնվող Նիեմենլաուտտու քաղաք։ Հուգո Սիմբերգը, դառնալով հայտնի նկարիչ, Ֆիննական ծոցի ափին ստուդիա է կառուցել, իսկ նրա ստեղծագործություններում նշանակալի տեղ են գրավում ափամերձ բնապատկերները[8]։ 1891 թվականին ընդունվել է Վիբորգի արվեստասերների նկարչության դպրոց, հետագայում սովորել է (1893-1895) Հելսինկիի Ֆիննական արվեստի ընկերության գեղարվեստի դպրոցում, որտեղ նրա ուսուցիչներից է եղել հայտնի նկարիչ Հելենա Շերֆբեկը[9]։ Դրանցից ոչ մեկը նա չի ավարտել, քանի որ դասավանդումը նրան դուր չի եկել[10]։ Որոշելով ինքնուրույն կրթություն ստանալ՝ Հուգո Սիմբերգը դիմել է Ֆինն հայտնի նկարիչ-սիմվոլիստ Աքսելի Գալլեն-Կալելային, որը բնակվում էր Տամպերեի մերձակայքում գտնվող Ռուովեսի քաղաքում։ 1895-1897 թվականներին Սիմբերգը դասեր է ստացել Գալլեն-Կալելայից։ Դեռևս 1895 թվականին նրա վրա մեծ ազդեցություն է ունեցել Առնոլդ Բյոկլինը, որի մասին գրել է, որ նա «համարվում է Աստծու տված նկարիչ և բոլորը պետք է խոնարհվեն նրա առաջ»[11]։

1896 թվականին Սիմբերգը ճամփորդել է Եվրոպայում՝ այցելելով Լոնդոն ու Փարիզ, ծանոթացել եվրոպական ժամանակակից արվեստին։ Նրա վրա մեծ ազդեցություն են ունեցել Էդվարդ Բյորն-Ջոնսը և պրեռաֆայելիտները[11][12]։ Հետագայում 1903-1904 և 1910 թվականներին նա երկար ժամանակ աշխատել է Փարիզում։ 1896 թվականի աշնանը նա առաջին անգամ մասնակցել է ֆինն նկարիչների աշնանային ցուցահանդեսին և ներկայացրել մի քանի նկարներ, որոնք դրական գնահատականների են արժանացել քննադատների կողմից։ Այս նկարները կատարվել են Սիմբերգի բոլոր աշխատանքներին բնորոշ ոճով՝ զուգակցելով սիմվոլիզմը բանահյուսական մոտիվների հետ։ 1897 թվականին նա այցել է Իտալիա, որտեղ նրա վրա խորը տպավորություն են թողել 16-րդ դարի Վերածննդի դարաշրջանի վարպետների աշխատանքները։

«Սատանան կաթսայի մոտ» (ջրաներկ, 1897), Ատենեում պատկերասրահ, Հելսինկի

Աշնանային ցուցահանդեսին ներկայացված Սիմբերգի աշխատանքները 1898 թվականին կրկին արժանացել են դրական գնահատականների, որից հետո Հուգո Սիմբերգն ընդունվել է Ֆինլանդիայի նկարիչների միություն և նկարչության ուսուցչի պաշտոն ստացել Վիբորգի արվեստասերների նկարչական դպրոցում։ 1899 թվականին նա ճանապարհորդել է Կովկասում, եղել Թբիլիսիում և Դաղստանում, ինչի արդյունքում ստեղծվել են միտումնավոր բարելավված գույներով լեռնային մթնոլորտային բնապատկերներ[8]։

1900 թվականին Փարիզում կայացած համաշխարհային ցուցահանդեսում Սիմբերգը պատվո դիպլոմ է ստացել «Աշուն» (1895) կտավի համար։ 1902 թվականի աշնանը նկարիչը լուրջ նյարդային խեղում է ունեցել և մինչև 1903 թվականի գարուն բուժվել է Հելսինկիի Կալիոյի հիվանդանոցում։ Հիվանդանոցից դուրս գալուց հետո նա ստեղծել է իր ամենահայտնի կտավը՝ «Վիրավոր հրեշտակը»[13]։ Դեռ 1902 թվականին նկարիչը թոշակ է ստացել Եվրոպա մեկնելու համար և 1903-1904 թվականներին այցելել է Իտալիա, Իսպանիա, Հյուսիսային Աֆրիկա, ինչպես նաև աշխատել է Ֆրանսիայում[14]։ 1904 թվականին դիմանկարների նկարչության ազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակի։ Նույն թվականին հրաման է ստացել նկարել Տամպերեի Սուրբ Հովհաննես ավետարանիչի եկեղեցին (հետագայում՝ տաճար)։

1907 թվականին Սիմբերգը Լոնդոնով ճանապարհորդել է Նյու Յորք։ Վերադառնալով Ֆինլանդիա՝ նա ուսուցչական պաշտոն է ստանձնել Հելսինկիի Ֆիննական արվեստի միության արվեստի դպրոցում և այն պահել մինչև իր մահը՝ 1917 թվականը։ 1908 թվականին Փարիզում ֆիննական արվեստի ցուցահանդեսի համար ընտրվել է Սիմբերգի քսան աշխատանք, ինչը Ֆինլանդիայից դուրս առաջին նման մեծ ցուցահանդեսն էր։ Ցուցահանդեսին մասնակցող 23 նկարիչներից միայն երկուսը (Գալլեն-Կալելան և Էնկելը) ներկայացրել են իրենց աշխատանքների ավելի շատ մասը։ Սիմբերգն իր վերջին արտասահմանյան ուղևորությունը կատարել է 1910 թվականին՝ այցելելով Նիդեռլանդներ, Բելգիա և Ֆրանսիա, որտեղ կրկին ստացած կրթաթոշակի շնորհիվ կարողացելն է երկար մնալ։ 1910 թվականից հետո Հուգո Սիմբերգը ավելի ու ավելի է հոգնել Հելսինկիի գեղարվեստական շրջանակներից և աստիճանաբար հեռացել գեղանկարչությունից։ Հայտնի են այս տարիների նկարչի շատ քիչ գործեր, որոնք հիմնականում փոքր գրաֆիկական աշխատանքներ են։ 1910 թվականին նա ամուսնացել է Աննա Բրեմերի հետ։ Նրանք ունեցել են երկու երեխա[14]։

Սիմբերգը չի սիրել պարզաբանել իր ստեղծագործությունների սիմվոլիկան[9], և դրանք բաց են եղել մեկնաբանության համար։

Սիմբերգի պահպանված աշխատանքների մեծ մասը գրաֆիկական աշխատանքներ են։ Նրա աշխատանքների ճնշող մեծամասնությունը գտնվում է Ֆինլանդիայում, շատերը՝ Հելսինկիի և Տամպերայի թանգարաններում։ Նրա աշխատանքների ամենամեծ հավաքածուն գտնվում է Ֆիննական ազգային պատկերասրահում (Ատենեում պատկերասրահ

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղացին և մահը դրախտի և դժոխքի դարպասների առջև (կտավների վրա փակցված երկու ջրաներկ, 1897), Ատենեում պատկերասրահ, Հելսինկի

19-րդ դարի վերջին ֆիննական գեղանկարչության մեջ սկսվեց ակադեմիական ավանդույթներից հեռանալու գործընթաց։ Ուղղություններից մեկը, որը կրկնում էր Պոլ Գոգենի պոնտավենյան դպրոցի վերափոխումները, գնում էր սիմվոլիզմի և մոդեռնիզմի ուղիով՝ կենտրոնանալով վաղ («պրիմիտիվ») Վերածննդի և գոթիկայի արվեստի, ինչպես նաև ավանդական մշակույթների վրա։ Ֆինլանդիայում այս ուղղության հիմնական ներկայացուցիչը Ակսելի Գալլեն-Կալլելան էր, որի մոտ սովորել էր Հուգո Սիմբերգը[15]։

Նկարչի վաղ շրջանի աշխատանքներում տեսանելի են պրիմիտիվիզմի առանձնահատկությունները, որոնք հետագայում զարգանում և դառնում են նրա ստեղծագործության կարևոր մասը։ Սիմբերգի վաղ շրջանի փոքր ֆորմատի աշխատանքները հիշեցնում են միջնադարյան ձեռագրերի նկարազարդումներ։ Դրանք հայտնվեցին այն ժամանակ, երբ նա սովորում էր Գալլեն-Կալլելայի մոտ։ Վերջինս աշխատել է 1890-ականների վերջին հիմնականում էպիկական մոտիվներին նվիրված մեծ կոմպոզիցիաների վրա։ Այս թեմաներն ընդհանրապես չէին հետաքրքրում Սիմբերգին, և նա ուսուցչից վերցրեց առաջին հերթին աշխատանքների պարզությունն ու բնության պատկերները՝ որպես ոգեշնչման աղբյուր։ Ռուովեսիում ստեղծված նրա առաջին աշխատանքները ցրտահարությունն ու աշունը պատկերող գուաշով գործերն էին։ Գալլեն-Կալելայի պնդմամբ Սիմբերգը հետագայում ստեղծեց նույն գործերի տեմպերային տարբերակները, քանի որ տեմպերան կտավներին տալիս էր հնագույն բնույթ՝ հիշեցնելով հին վարպետներին[16]։

Չնայած Սիմբերգի վրա տարբեր արվեստագետների, մասնավորապես՝ Գալլեն-Կալլելայի, Բոքլինի և Մագնուս Էնկելի զգալի ազդեցությանը, նա երբեք չի փորձել ընդօրինակել նրանց կամ պատճենել նրանց ոճը։ Ավելին, նկարչի աշխատանքը զուտ անհատական է և նման չէ այս նկարիչներից ոչ մեկին։ Այսպես, օրինակ, Գալլեն-Կալլելայի աշխատանքներում մահը միանշանակ համարվում է ողբերգություն և այն պատկերող նկարները, ինչպիսին է «Այնո» տրիպտիխը, լի են դրամատիզմով։ Սիմբերգի նկարներում մահը համարվում է գործող անձերից մեկը և շատ ավելի հեշտ է ընկալվում, ավելի շուտ որպես ուղեկից և մխիթարիչ[11]։ Սիմբերգի ստեղծագործությունները հիմնականում համեմատվում էին ոչ թե Գալլեն-Կալլելայի կամ Բոքլինի հետ, այլ միստիկների և տեսլականների` անգլիացի բանաստեղծ և նկարիչ Ուիլյամ Բլեյքի և վաղ մահացած շվեդ նկարիչ Իվար Արոսենիուսի հետ[17]։

Հուգո Սիմբերգի ստեղծագործությունների հիմնական գիծը, նրա պատկերների բազմազանությունն ու խորհրդանշանակությունն էր։ Նրա ստեղծագործությունները լի են հրեշտակների և սատանաների պատկերներով, կյանքն ու մահը բազմիցս ներկայացված են նրա տարբեր կտավներում։ Նրա սիրելի երկու գործող անձինք սատանան ու մահն են։ Երբ Սիմբերգի աշխատանքներում հայտնվում են մարդիկ, նրանք հաճախ երեխաներ են, քանի որ նրանք դեռ չեն կորցրել կապը բնության հետ և կարող են նույնիսկ բարդ գաղափարներ արտահայտել ամենաուղղակի կերպով։ Սիմբերգի ստեղծագործություններում զարգացավ առեղծվածային սիմվոլիզմը, ոգեշնչված բնության անիմացիայով, այն ներկայացնելով գրոտեսկային ձևով, հմայված չարի գաղափարի և մարդկային ողբերգության մեջ։

«Վիրավոր հրեշտակը»[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վիրավոր հրեշտակը» Սիմբերգի ամենահայտնի կտավն է։ Այն նշանակալի դեր է խաղացել ֆիննական գեղանկարչության մեջ Սիմբերգին որպես ակնառու երևույթ ճանաչելու գործում։ Կտավը Հուգո Սիմբերգը ստեղծել է 1903 թվականին՝ հիվանդանոցից դուրս գալուց հետո։ Այնտեղ պատկերված են երկու տղաներ, որոնք պատգարակով տանում են հրեշտակին։ Բնապատկերները միտումնավոր ստեղծվել են մռայլ և տխուր, բայց խաղաղ։

Կախված մեկնաբանությունից, նկարը կարող է խորհրդանշել և՛ երկրային սկիզբը, որն օգնում է ոգուն, և՛ ոգուն, որը խեղդվում է երկրային սկզբի մեջ։ Ըմբռնման ամենապարզ մակարդակում կտավը խորհրդանշում է մանկական անմեղությունը։ Երկրորդ նախագիծը բաղկացած է ծանր հիվանդությունից հետո նկարչի կյանք վերադառնալու զգացողություններից։ Այստեղ կյանքն ու իդեալները խառնվում են մահվան մոտիկությանը և ապրողների անցողիկությանը։ Տղաների մուգ կոստյումները կարելի է ընկալել նաև որպես մահվան խորհրդանիշ։ Տղաներից մեկը շրջվել է դիտորդների կողմը նրանց հասկացնելով, որ կյանքի և մահվան թեմաներն անմիջականորեն կապված են միմյանց հետ[13]։

«Մահվան պարտեզ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմբերգի սիրելի թեմաներից մեկը «Մահվան պարտեզն» էր։ Նկարիչն այս գործը ստեղծել է մի քանի տարբերակով, որոնցից ամենահայտնիներն են 1896 թվականին ստեղծված ջրաներկ նկարը Ատենեի պատկերասրահում և որմնանկարը Տամպերայի տաճարում (1904-1906)։ Մահվան պատկերները (երեք կմախք`սև հագուստով), միտումնավոր ներկայացված են սահուն, որոնք քավարանում զբաղված են մարդկային և բույսերի հոգիների դասակարգմամբ։ Գործը ոճավորված է գրեթե մինչև պարզունակություն։ Ջրաներկի սյուժեն սկիզբ է առնում միջնադարյան ավանդույթներից, իսկ պարզունակ ոճը հիշեցնում է գոթական վարպետների գործերը։ Չոր դեղին ավազը շրջապատում է այգին և ջրաներկների համար ֆոն ստեղծում (որմնանկարի տաբերակում դեղին գույնին զգալիորեն խառնված է կանաչը)։ Մարդկանց հոգիները պատկերվում են որպես բույսեր, որոնք մշտական խնամքի կարիք ունեն, իսկ պարտեզը ներկայացվում է որպես մի վայր, որտեղ մահը կարող է արտահայտել իր զգացմունքները։ Մեկնաբանություններից մեկի համաձայն՝ մահը համարվում է սիրո մեկ այլ դեմքը, իսկ ծաղիկներն այնքան փխրուն են, որ չեն կարող դիմանալ այս զգացողության ազդեցությանը[18]։

Բնանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարնանային երեկոյի ժամանակ սառցաբեկորի բաժանում (1897), Ատենեում պատկերասրահ, Հելսինկի

Սիմբերգի ստեղծագործության մեջ կարևոր տեղ են գրավում բնանկարները, որոնք, որպես կանոն, չեն փոխանցում տարածքի իրական առանձնահատկությունները և այդ իմաստով համարվում են երևակայական։ Սիմբերգի նպատակն է փոխանցել բնության անդորրի զգացողությունը։ Այդ առումով, սկանդինավյան երկրներից նրան ամենամոտ նկարիչը նորվեգացի Հարալդ Սոլբերգն է[8]։ Այսպես, «Գարնանային երեկո սառցահոսք» կտավում պատկերված է Ռուովեսիի մերձակայքում գտնվող լիճը, բայց միևնույն ժամանակ, այն արտահայտում է նաև նկարչի տրամադրությունը։ Կտավը նկարվել է 1897 թվականի գարնանը՝ Սիմբերգի մոր մահից անմիջապես հետո, և գույները միտումնավոր ընտրվել են ցայտերանությամբ, դեղինի և սևի համադրությունը արևի և գիշերվա գույներն են, այս դեպքում՝ խորհրդանշելով կյանքը և մահը։ Բնանկարի բոլոր մանրամասները կենտրոնացած են առաջին պլանում։ Միգուցե ծառերով կղզին խորհրդանշում է անցումը դեպի մութ կողմը, դեպի այլ աշխարհ, իսկ մութ ամպը խորհրդավորություն է հաղորդում բնանկարին։ Այսպիսով, բնանկարը ներկայացնում է ֆանտաստիկ աշխարհ, որում կյանքի և մահվան պատկերները կենտրոնական դեր են խաղում[8]։

Տամպերի Սուրբ Հովհաննեսի մայր տաճարի որմնանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմբերգի հիմնական աշխատանքներից մեկը Տամպերեի Սուրբ Հովհաննեսի մայր տաճարում (ճարտարապետ՝ Լարս Սոնկ) նրա կողմից կատարված որմնանկարներն են (1904-1906)։ Որմնանկարները պատվիրվել էին երկու սիմվոլիստ նկարիչների՝ Սիմբերգին և Մագնուս Էնկելին, այն ժամանակվա ամենահայտնի ֆինն նկարչի՝ Ալբերտ Էդելֆելտի հանձնարարականով։ Սիմբերգին և Էնկելին տրվեց ստեղծագործական լիակատար ազատություն[9], նրանք պայմանավորվեցին, որ Էնկելը նկարազարդելու է զոհասեղանի մասը, իսկ Սիմբերգը՝ եկեղեցու մնացած մասը։

Սուրբ Հովհաննես տաճարի նկարի մանրամասները, Տամպերե (1904-1906)

Տաճարի գլխավոր գմբեթում Սիմբերգը կարմիր ֆոնի վրա պատկերել է օձ խնձորը բերանին՝ շրջապատված փետրավոր թևերով։ Սովորական մեկնաբանությամբ թևերը համարվում են հրեշտակներ, իսկ որմնանկարը որպես ամբողջություն խորհրդանշում է չարի նկատմամբ բարու հաղթանակը։ Տաճարի պատկերասրահում պատկերված են տասներկու մերկ տղաներ, տասներկու կերպարներ, որոնք ծաղկաշղթա են բռնել։ Ծաղկաշղթան խորհրդանշում է կյանքը (նկարի ավանդական անվանումն է՝ «Կյանքի ծաղկաշղթան»), իսկ տասներկու տղաները, որոնք Ֆերդինանդ Հոդլերի պատկերավոր կոմպոզիցիաներն են հիշեցնում, ներկայացնում են տասներկու առաքյալներին։ Տղաները գնում են դեպի անտառի կողմը, որը նկարված է պայտաձև կոմպոզիցիայիերկու ծայրերին։ Անտառում ծառ կա, որի վրա պատկերված են տասնմեկ կրակի լեզուներ, օձ և կաչաղակ։ Կրակի լեզուները հաճախ մեկնաբանվում են որպես Սուրբ Հոգու խորհրդանիշ, օձը Հուդայի խորհրդանիշն է և տրվում է նրան բոցի փոխարեն։ Ֆիննական դիցաբանության մեջ կաչաղակը ամոթի խորհրդանիշն է[9]։

Արևելյան պատին Սիմբերգը պատկերել է իր ստեղծագործության ամենահայտնի երկու սյուժեները` «Մահվան պարտեզ» և «Վիրավոր հրեշտակ» կոմպոզիցիաները։ «Վիրավոր հրեշտակ» որմնանկարը 1903 թվականի կտավի կրկնությունն է` որոշ վարիացիաներով։ Այսպիսով, Սիմբերգը բնանկարի ֆոնին ավելացրեց գործարանային ծխնելույզները (հղում դեպի այն փաստին, որ Տամպերան Ֆինլանդիայի ամենամեծ արդյունաբերական կենտրոնն էր) և լճի ափը անհարթ դարձրեց, ինչը սյուժեին ավելի շատ դրամատիզմ է հաղորդում[19]։

Եկեղեցու որոշ ղեկավարների մոտ որմնանկարները տհաճություն առաջացրին, քանի որ դրանցից ոմանք ոչ մի կապ չունեին աստվածաշնչյան թեմաների հետ և նրանց ճակատագիրը որոշվեց տաճարի բացումից առաջ վերջին պահին։ Ոչ Սիմբերգը, ոչ էլ Էնկելը ներկա չէին որմնանկարների բացման արարողությանը[20]։ Մայր տաճարի բացումից հետո ստեղծվել է հատուկ հանձնաժողով` պարզելու օձի պատկերը եկեղեցու համար հարմար է թե ոչ։ 1907 թվականի մայիսին հանձնաժողովի ընդունված որոշման համաձայն օձը թողնվել է։ Հարցը կրկին բարձրացվել է 1946 թվականին` Սիմբերգի մահից շատ ավելի ուշ, եպիսկոպոսի այցի ժամանակ[9]։

Հուգո Սիմբերգը քրոջ` Բլենդի հետ (1896), լուսանկարի հեղինակը ինքն է` լուսանկարիչը

Բացի որմնանկարներից, Ուգո Սիմբերգը նաև կատարել է տաճարի յոթ վիտրաժներից վեցի նկարազարդումները` երեքը հարավային պատկերասրահում (աղավնին, որպես սուրբ ոգու մարմնացում, սպիտակ և կապույտ գույներով, անկեզ մորենին, նարնջագույն և արևը) և երեքը հյուսիսում (հավալուսնը, որը կերակրում է ճտին իր արյունով-հաղորդության խորհրդանիշը, ինչպես նաև հայտնության ձիավորներին պատկերող երկու պատուհան` մեկում սպիտակ և շիկակարմիր ձի, մյուսում` անգույն ձի և ձին ագռավի հետ)։

Լուսանկարչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմբերգը ոչ միայն նկարիչ և գծանկարիչ էր, այլև լուսանկարիչ։ Նա սկսեց փոքր ձևաչափով լուսանկարներ անել 1895 թվականին և արագ հասկացավ, որ դրանք շեշտում են լույսի և ստվերի կարևորությունը և լրացնում են նրա գեղարվեստական ստեղծագործությունը։ Նկարիչը դրանք օգտագործեց ոչ միայն էտյուդների պատրաստման համար, այլ նրա լուսանկարների մեծ մասը համարվում են անկախ գործեր և համարժեք էին նրա գեղանկարչական և գծանկարչական ստեղծագործություններին[21]։

Ազդեցությունը մշակույթի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուգո Սիմբերգը ֆինն ամենահայտնի նկարիչներից է։ Հատկապես սիրված է նրա «Վիրավոր հրեշտակը» կտավը, որը հաճախ օգտագործվում է նկարազարդումների և շապիկների գեղազարդման համար[22]։

1977 թվականին Սիմբերգի մասին նկարահանվեց «Գիշերային ցրտահարություն» (ֆին.՝ Halla) գեղարվեստական ֆիլմը, որի երաժշտությունը գրել է Պեկկա Յալկանենը[23]։

Ֆինն դերասան և ռեժիսոր Վիլ Կուրկին գրել է թատերականացված մեկ ժամ տաս րոպե տևողությամբ «Ուգո Սիմբերգի թևերը» (ֆին.՝ Hugo Simbergin siivet) մոնոներկայացումը[24]։

«Վիրավոր հրեշտակ» կտավի մոտիվներով գրված երաժշտությունը օգտագործվել է ֆիննական Nightwish[25] խմբի «Amaranth» տեսահոլովակի սկզբում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Hugo Gerhard Simberg
  2. 2,0 2,1 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Register of the Artists' Association of Finland (фин.)
  5. 5,0 5,1 5,2 http://www.kuvataiteilijamatrikkeli.fi/fi/haku/ennen-vuotta-1900-syntyneet.html?artist=419&year=1900
  6. 6,0 6,1 6,2 http://kokoelmat.fng.fi/app?lang=fi&si=Simberg,%20Hugo
  7. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  8. 8,0 8,1 8,2 8,3 Torsten Gunnarson и другие A Mirror of Nature: Nordic Landscape Painting 1840 - 1910. — Statens Museum For Kunst (Copenhagen), 2006. — С. 293. — ISBN 8790096630
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 Elisa Valtonen։ «The History, Art and Architecture of Tampere Cathedral»։ University of Tampere։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-31-ին։ Վերցված է 27 марта 2009 
  10. Stephan Koja, ed. Nordic Dawn: Modernism awakening in Finland. — Prestel (Munich), 2005. — С. 222. — ISBN 3-7913-3410-7
  11. 11,0 11,1 11,2 Markku Valkonen The Golden Age: Finnish Art 1850 - 1907. — WSOY (Porvoo), 1992. — С. 72. — ISBN 9510175706
  12. Michael Gibson, Gilles Néret Symbolism. — Taschen, 1999. — С. 152. — ISBN 9783822893241
  13. 13,0 13,1 Satu Itkonen։ «Simberg, Hugo: Haavoittunut enkeli»։ Finnish National Gallery (Helsinki)։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-31-ին։ Վերցված է 27 марта 2009 
  14. 14,0 14,1 «Hugo Simberg»։ Edu.fi։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-31-ին։ Վերցված է 28 марта 2009 
  15. Stephan Koja, указ. соч, с. 50
  16. Stephan Koja, указ. соч, с. 55
  17. Agnes Rothery Finland - The New Nation. — Read Books, 2007. — С. 205. — ISBN 9781406705553
  18. «Koristelu - Hugo Simberg»։ Tampere.fi։ Արխիվացված է օրիգինալից 2007-09-30-ին։ Վերցված է 30 марта 2009 
  19. Jeremy Howard Art nouveau: international and national styles in Europe. — Manchester University Press, 1996. — С. 180. — ISBN 9780719041617
  20. «Ольга Сванберг: «Когда я вижу сломанные крылья…»»։ URBANLIFE.FI։ Արխիվացված է օրիգինալից 2009-03-31-ին։ Վերցված է 26 марта 2009 
  21. «Hugo Simberg»։ Gallen-Kallelan Museo (Espoo)։ Արխիվացված է օրիգինալից 2011-11-10-ին։ Վերցված է 27 марта 2009 
  22. Примеры: Sherod Santos A Poetry of Two Minds. — University of Georgia Press, 2000. — ISBN 9780820322049; «Angels Hide Their Faces: Dawn Upshaw Sings Bach and Purcell»։ Amazon.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-31-ին։ Վերցված է 27 марта 2009 
  23. Ruth-Esther Hillila, Barbara Blanchard Hong Historical dictionary of the music and musicians of Finland. — Greenwood Publishing Group, 1997. — С. 146. — ISBN 9780313277283
  24. «Finland Events Calendar»։ Finnguide։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-16-ին։ Վերցված է 21 августа 2012 
  25. J.P. Verkamp։ «Newest Nightwish offering solid, despite fans’ concerns»։ The Rose Thorn։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-31-ին։ Վերցված է 2 апреля 2009 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Суворова Л. Языческие и христианские черты в образной концепции произведений Хуго Симберга // Научные труды. Санкт-Петербургский государственный академический институт живописи, скульптуры и архитектуры им. И. Е. Репина. № 12, 2010, с. 93-109.
  • Marjatta Levanto, ed. Hugo Simberg ABC book. — Ateneum Art Museum (Helsinki), 2000. — ISBN 9789515320872.
  • Hanna-Leena Paloposki, ed. The devil, death and the angel in the studio: Studies on Hugo Simberg's art. — Ateneum Art Museum (Helsinki), 2000. — ISBN 9515321077.
  • Stephan Koja, ed. Nordic Dawn: Modernism awakening in Finland. — Prestel (Munich), 2005. — ISBN 3-7913-3410-7.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]