Հայաստանի սահմանադրական կարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի քաղաքականություն
Անկախ պետությունների համագործակցություն ԱՊՀ և  Եվրոպայի խորհուրդ կազմակերպությունների անդամ

Հայաստանի սահմանադրական կարգ, Հայաստանի սահմանադրական իրավունքի ինստիտուտներից մեկը։ Սահմանադրաիրավական այս ինստիտուտը մյուս սահմանադրաիրավական ինստիտուտների ձևավորման համար ունի սկզբնաղբյուրի և կողմնորոշչի դեր։ Հայաստանի սահմանադրական հիմունքներում են սահմանվում Հայաստանի պետական կառուցվածքին և մարդու իրավունքներին վերաբերող հիմնական սկզբունքները և ղեկավար դրույթները[1]։ Հայաստանի սահմանադրական կարգն ամրագրված է ՀՀ Սահմանադրության 1-ին գլխում, որն ունի «Սահմանադրական կարգի հիմունքները» վերտառությունը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին տեսաֆայլեր
ՀՀ Անկախության հռչակագրի ընդունումը


Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի հիմքերը դրվել են դեռևս անկախության հռչակագրում սահմաված սկզբունքների միջոցով, որտեղ սահմանվում էր Հայաստանի Հանրապետության պետական իշխանության գերակայությունը, անկախությունը և լիիրավությունը, Հայաստանի ժողովուրդը հռչակվում էր միասնական իշխանության միակ կրողը, ժողովրդի սեփականությունն էին հռչակվում հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները։ Հռչակագրով սահմանվում էր նաև օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատումը՝ իշխանությունների բաժանման միջազգային սկզբունքը, բազմակուսակցություն, կուսակցությունների իրավահավասարություն, իրավապահ մարմինների և զինված ուժերի ապաքաղաքականացում, դրույթներ էր պարունակում նաև հայոց լեզուն որպես պետական լեզու սահմանելու համար[2]։ Հայաստանի անկախության հռչակագաիրը հիմնադիր դեր խաղաց հետագայում Հայաստանի սահմանադրական կարգի սահմանադրաիրավական ինստիտուտի ձևավորման համար։

1995 թվականին ընդունվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, որով էլ առաջին անգամ իրավական կարգավորում ստացավ հայոց պետականության սահմանադրական կարգի հիմունքները։ Դրան էր նվիրված նոր ընդունված սահմանադրության առաջին գլուխը, որում սահմանվեցին Հայաստանի պետական էության հիմնական հատկանիշները, այնպիսի սկզբունքների կիրառումն, ինչպիսիք են ժողովրդաիշխանությունը, ընդհանուր, հավասար, ուղղակի, գաղտնի ընտրական իրավունքը, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանվածությունը, իշխանությունների բաժանումը, օրենքի գերակայությունը, բազմակուսակցականությունը, սեփականության իրավունքի պաշտպանությունը և այլն[3]։ Հետագայում 2005 թվականի և 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների արդյունքում սահմանադրական կարգի հիմունքները լրացվեցին այլ դրույթներով։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետության մեջ այժմ գործող սահմանադրական կարգը սահմանված է Հայաստանի Սահմանադրության 2015 թվականի փոփոխություններով սահմանված առաջին գլխում, որն ունի «Սահմանադրական կարգի հիմունքները» վերտառությունը։ Այն բաղկացած է 22 հոդվածներից[4]։ Սահմանադրական կարգի կարևոր նշանակության մասին է խոսում նաև այն, որ Սահմանադրության առաջին գլխի 1-3 հոդվածները անփոփոխելի են։

Պետության էություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետությունը ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածով հռչակվում է «ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն»։ Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության պետական իշխանությունը գերակա և անկախ է իր տարածքի ներսում և այլ պետությունների հետ հարաբերություններում, պետության կառուցվածքը և գործունեությունը համապատասխանում են ժողովրդի կամքին, մարդու և քաղաքացու հանրաճանաչ իրավունքներին ու ազատություններին, իր առջև խնդիր է դնում հոգ տանել սոցիալական արդարության, իր քաղաքացիների բարեկեցության, սոցիալական պաշտպանվածության մասին, ինչպես նաև Հայաստանը հռչակում է մի պետություն, որտեղ իշխում է իրավունքը․ հանրային իշխանության մարմինների կամզավորման համար հիմք է հանդիսանում միայն իրավունքը, երաշխավորված են մարդու և քաղաքացու իրավունքները ու ազատությունները[5]։

Ժողովրդաիշխանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Սահմանադրության 2-րդ հոդվածով հռչակվում է, որ «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»։ Սահմանվում է նաև ժողովրդաիշխանության իրականացման եղանակները՝ հանրաքվե, ազատ ընտրություններ, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով։

Սրանից բխում է, որ Հայաստանում իշխանության միակ աղբյուրը հանդիսանում է ժողովուրդը, և միասնական ու անբաժան իշխանությունը կարող է պատկանել միայն ժողովրդին[6]։

Մարդու իրավունքներ և արժանապատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Սահմանադրության 3-րդ հոդվածը մարդուն հռչակում է որպես բարձրագույն արժեք՝ նշելով, որ նրա արժանապատվությունը «իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է»։ Սահմանադրության այս հոդվածը մարդու իրավունքների և ազատությունների հարգումը հռչակում է հանրային իշխանության պարտականությունը և նշում, որ պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով։

Իշխանությունների բաժանում և հավասարակշռում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի պետական իշխանության կազմավորման մեջ հիմնարար նշանակություն ունի իշխանությունների բաժանման սկզբունքը, որը ամրագրված է ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածով, որը սահմանում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանում և հավասարակշռում։ Այս սկզբունքի էույունը կայանում է նրանում, որ բացառվի իշխանության կենտրոնացումը մեկ անձի կամ որոշակի անձանց շրջանակի ձեռքոմ։

Այս սկզբունքն իր գործնական կիրառումն է ունեցել դեռևս Հին Հռոմում, սակայն որպես տեսականորեն հիմնավորված սկզբունք ձևավորվել է 17-18-րդ դարերում Ջոն Լոքի և Մոնտեսքյոյի աշխատություններում, և իր կիրառությունը ստացել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի սահմանադրություններում։ 19-20-րդ դարում այս սկզբունքը որդեգրեցին մի շարք պետություններ[7]։

Իրավական նորմերի աստիճանակարգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահմանադրության 5-րդ հոդվածով սահմանվում է մի շարք նորմատիվ իրավական ակտերի դերը և տեղը Հայաստանի իրավական համակարգում։ Մասնավորապես սահմանվում է, որ Սահամանդրությունն օժտված է բարձրագույն իրավաբանական ուժով, իսկ օրենքները պետք է համապատասխանեն սահմանադրական օրենքներին, ենթաօրենսդրական ակտերը՝ սահմանադրական օրենքներին և օրենքներին։

Սահմանադրության այս հոդվածը կարգավորում է նաև այն դեպքը, երբ օրենքների և Հայաստանի կողմից վավերացված միջազգային պայմանագրերի միջև կհայտնաբերվեն հակասություններ։ Սահմանադրության 5-րդ հոդվածը նշում է, որ նման իրավիճակներում պետք է կիրառվեն միջազգային պայմանագրում նշված նորմերը։

Օրինականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Սահմանադրության 6-րդ հոդվածը կարևոր կարգավորում է պարունակում հանրային իշխանության սահամափակման հարցում։ Այն սահմանում է, որ «պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»։ Այսինքն՝ եթե անձանց թույլատրվում է անել այն ամենն, ինչն արգելված չէ օրենքով, ապա պետական և տեղական ինքնակառավարման մարմինների դեպքում կարգավորումն այլ է․ նրանք իրավունք ունեն կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք լիազորված են կատարել Սահամանդրությամբ և օրենքներով[8]։

Կարևոր է նաև այն դրույթն, ըստ որի օրենքները և ենթաօրենսդրական ակտերն ուժի մեջ են մտնում սահմանված կարգով հրապարակվելուց հետո միայն։ Դա կարևոր է հասարակությանը ընդունված իրավական ակտերին ծանոթացնելու և իրավաճանաչողության բարձր մակարդակի ապահովման համատեքստում։

Այլ սկզբունքներ և հիմնադրույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Սահմանադրության առաջին գլխում տեղ են գտել նաև մի շարք այլ կարևոր սկզբունքներ։ Մասնավորապես 7-րդ հոդվածով սահմանված է Հայաստանում անցկացվող ընտրությունների, հանրաքվեների ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի կարգով անցկացման պահանջը։ Սահմանադրությունը հաջորդ հոդվածով ամրագրում է նաև գաղափարական բազմակարծության և բազմակուսակցական համակարգի երաշխավորումը։ Սա նշանակում է, որ կուսակցությունները կազմավորվում և գործում են ազատորեն, Հայաստանում որևէ կուսակցություն ի սկզբանե չի կարող ունենալ ղեկավար դիրք քաղաքական համակարգում։ Այս սկզբունքի ամրագրումը երաշխիք է հանդիսանում նաև ժողովրդավարական պետության համար։ Սահամանդրության 9-րդ հոդվածով երաշծավորվում է տեղական ինքնակառավարումը՝ հռչակելով այն ժողովրդավարության էական հիմքերից մեկը։ 10-րդ և 11-րդ հոդվածների միջոցով Հայաստանի տնտեսական կարգի հիմք է հռչակվում մասնավոր սեփականությունը, հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը՝ մասնավոր, հանրային, մունիցիպալ և կոլեկտիվ։

Ի համեմատություն Հայաստանի Սահմանադրության նախորդ խմբագրությունների՝ 2015 թվականի խմբագրությունը նոր կարգավորում էր պարունակում շրջակա միջավայրի պահպանության մասին՝ ամրագրելով «կայուն զարգացում» հասկացությունը, որը նորամուծություն էր։ Ըստ այս դրույթի՝ չեն կարող խրախուսվել այնպիսի առաջընթացները տնտեսության մեջ, որի հետևանքով կարող է էական վնաս հասցվել շրջակա միջավայրին։ Այս ոլորտում սահմանվում է նաև պատասխանատվությունը ապագա սերունդների առջև։ Սահմանվում է նաև կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը, դրանց անջատ լինելը պետությունից, որը հանդիսանում է Հայաստանի՝ որպես աշխարհիկ պետություն հանդես գալու հիմնական ապացույցը։ 18-րդ հոդվածով սահմանվում է «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»։ Ավելի ուշ պետության և Հայ առաքելական եկեղեցու հարաբերություններն ավելի մանրամասն կարգավորման են ենթարկվել օրենքով։

ՀՀ պետական դրոշ

Սահմանդրության առաջին գլուխը պարունակում է նաև մի շարք նորմ-նպատակներ, ինչպիսիք են մշակույթի, կրթության և գիտության զարգացումը, հայոց լեզվի և մշակութային ժառանգության հարցում պետության հոգածություն և պաշտպանությունը, ընտանիքի պաշտպանությունը, հայկական սփյուռքի հետ համակողմանի կապերի զարգացումը և հայապահպանությունը, այլ պետություններում հայոց լեզվի, հայկական պատմական և մշակութային արժեքների պահպանությունը, հայ կրթական և մշակութային կյանքի զարգացումը։ Սահմանադրության առաջին գլխի վերջին՝ 20-րդ, 21-րդ և 22-րդ հոդվածներով սահմանվում է Հայաստանի պետական լեզուն, պետական խորհրդանիշները և մայրաքաղաքը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ Սահմանադրություն
  • «Հայաստանի Հանրապետության սահմանադրական իրավունք, գիրք 1», պատասխանատու խմբագիր՝ Նորիկ Այվազյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Այվազյան, Նորիկ, ed. (2016 թվական). Հայաստանի Հանրապետության սահմանադրական իրավունք, գիրք առաջին. Տիգրան Մեծ. էջեր 112–113.
  2. «ՀՌՉԱԿԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ». ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ. 23.08.1990.
  3. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն (1995)». ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ. 1995 թվականի հուլիսի 5.
  4. «ՀՀ Սահմանադրություն (2015)». Հայաստանի իրակվական տեղեկատվական համակարգ. 2015 թվականի դեկտեմբերի 6.
  5. Այվազյան, Նորիկ, ed. (2016 թվական). Հայաստանի Հանրապետության սահմանադրական իրավունք, գիրք առաջին. Տիգրան Մեծ. էջեր 124–139.
  6. Այվազյան, Նորիկ, ed. (2016 թվական). Հայաստանի Հանրապետության սահմանադրական իրավունք, գիրք առաջին. Տիգրան Մեծ. էջ 113.
  7. Այվազյան, Նորիկ, ed. (2016 թվական). Հայաստանի Հանրապետության սահմանադրական իրավունք, գիրք առաջին. Տիգրան Մեծ. էջեր 161–162.
  8. Այվազյան, Նորիկ, ed. (2016 թվական). Հայաստանի Հանրապետության սահմանադրական իրավունք, գիրք առաջին. Տիգրան Մեծ. էջ 143.