Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էջմիածնի Մայր տաճար

Հայ առաքելական եկեղեցու նվիրապետություն, հայ առաքելական եկեղեցու պաշտոնյաների զանազան աստիճանների դասակարգում։ Եկեղեցու նվիրապետությունը հաստատվել է Քրիստոսից, երբ նա ընտրեց իր համար 12 հոգի` իբրև հետնորդներ։

Հայ առաքելական եկեղեցու նվիրապետության հոգևոր աստիճանակարգը հետևյալ բաժանումներն ունի` դռնապան, ընթերցող, երդմնեցուցիչ, ջահընկալ, կիսասարկավագ, սարկավագ, քահանա, եպիսկոպոս, կաթողիկոս, որոնցից առաջին չորսը դպիրների աստիճաններ են[1]։

Կաթողիկոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու նվիրապետության ամենաբարձր կարգն է ներկայացնում` կաթողիկոսը։ Գրիգոր Ա Լուսավորիչ հայրապետը Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց (301թ.) հետո 303 թվականին, Վաղարշապատում կառուցել է կաթողիկոսանիստ Սբ. Էջմիածնի մայր տաճարը և ինքն էլ դարձել Հայոց առաջին հայրապետ։ Այսօր էլ նախքան կաթողիկոսի օծումը, նորընտիր հայրապետը Սբ. Էջմիածնի տաճարում երդվում է անձնվիրաբար կատարել աստվածադիր օրենքները և առաջնորդել հայոց ազգը մեր եկեղեցու դավանության և հայրապետական կանոնների համաձայն։ Հետևել սբ. Թադեոս, սբ. Բարդուղիմեոս առաքյալներին և սբ. Գիրգոր Լուսավորչին, զգուշությամբ պահպանելով Մայր Աթոռի իրավունքները։ Կաթողիկոսի օծումը տեղի է ունենում առնվազն 3 եպիսկոպոսի կողմից։ Կաթողիկոսը Հայ Եկեղեցու գլուխն ու ղեկավարն է, Հայաստանի և աշխարհասփյուռ հայերի հոգևոր առաջնորդը։ Հայ Եկեղեցում նա ավելի բարձր է կանգնած պատրիարքներից, արքեպիսկոպոսներից և եպիսկոպոսներից։ Ամենայն հայոց հայրապետի նստավայրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է։ Նա ազգային-եկեղեցական Գերագույն հոգևոր Խորհրդի և եպիսկոպոսական ժողովի նախագահն է։ Կաթողիկոսը ընտրվում է ազգային-եկեղեցական ժողովի կողմից և օծվում 12 եպիսկոպոսների կողմից ցմահ։ Կաթողիկոսին ողջունում են` ասելով. «Աստված օգնական, վեհափառ տեր»։

Եպիսկոպոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Եպիսկոպոս բառը հունարեն է նշանակում է տեսուչ։ Նրանց է վերապահված հոգալ թեմի ժողովրդի կրոնական դաստիարակության մասին, առաջնորդել հոգևոր թեմերը, հոգևորականներին ձեռնադրել և օծել եկեղեցիները։ Առաքելական ժամանակներում եպիսկոպոսները նշանակվում և ձեռնադրվում էին անմիջապես Քրիստոսի առաքյալներից։ Որպես իրենց իրավահաջորդներ այսօր ձեռադրվում է Սբ. Էջմիածնի մայր տաճարում Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից։ Եպիսկոպոսությունը տրվում է միայն կուսակրոն հոգևորականներին։ Առօրյայում դիմում են որպես կուսակրոնի (Աստծո օգնությունը մաղթելու սկզբունքով)` «Աստված օգնական, Սրբազան հայր»։

Արքեպիսկոպոս և պատրիարք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արքեպիսկոպոսը և պատրիարքը ձեռնադրությամբ և օծումով եպիսկոպոսներն են, սակայն վարչականորեն տարբեր իրավասություններ ունեն։ Արք կամ Արհի նշանակում է մեծ, այսինքն` այն եպիսկոպոսը, ով իր վարչական իրավասությանը ենթակա ունի մեկ կամ ավելի եպիսկոպոսներ։ Ներկայում արքությունը վերածվել է պարզ տիտղոսի, որը տրվում է Կաթողիկոսի կողմից հատուկ կոնդակով։

Պատրիարք հունարեն բառ է և նշանակում է Հայրապետ։ Հայ Եկեղեցում պատրիարք են կոչվում Երուսաղեմի, Կոստանդնուպոլսի հայոց նվիրապետական աթոռները գլխավորող արքեպիսկոպոսները[1]։

Քահանա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քահանայությունը Հայ Առաքելական Եկեղեցու Նվիրապետության հիմնական կարգն է։ Հայ, ինչպես նաև Ուղղափառ եկեղեցում կան ամուսնացյալ և կուսակրոն քահանաներ։

Քահանա` ամուսնացյալ, ով իր երկարամյա ծառայության շնորհիվ ստանում է ավագ քահանայության կոչում։ Քահանան եկեղեցու խորհուրդները, աստվածային արարողությունները կատարող հովիվն է։ Քահանայությունն ունի յոթ աստիճան, որը հաստատվում է ձեռնադրությամբ և օծումով։ Քահանային ողջունում են, ասելով.«Օրհնյա՛, տեր հայր»։

Աբեղա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբեղա (կուսակրոն քահանա)։ Մեր Եկեղեցում կան ամուսնացյալ և կուսակրոն քահանաներ։ Կուսակրոնները կոչվում են նաև աբեղա։ Աբեղաները կրում են վեղար՝ որպես աշխարհուրացության նշան և պարտավոր են ապրել վանքերում։ Աբեղան շնորհիվ իր մանկավարժական, գիտական գործունեության, ստանում է գիտական աստիճան` վարդապետի, ապա ծայրագույն վարդապետի կոչում։ Աբեղային ողջունում են, ասելով.«Աստված օգնական, հա՛յր սուրբ»։

Վարդապետ, ծայրագույն վարդապետ[խմբագրել | խմբագրել կոդը]

1. Մասնավոր վարդապետ 2. Ծայրագույն կամ ավագ վարդապետ

Այս աստիճանը Եկեղեցում առանձին կարգ չէ, այլ կուսակրոն քահանայություն ունեցողին տրվում է որպես գիտական աստիճան։

Վարդապետ նշանակում է ուսուցիչ։ Վարդապետության աստիճան տրվում է ոչ թե ձեռնադրությամբ, այլ տվչությամբ՝ եպիսկոպոսի կամ կաթողիկոսի կողմից։ Վարդապետը կարող է գավազանը ձեռքին քարոզել եկեղեցու բեմից։ Վարդապետական աստիճան ստանալու համար աբեղան ներկայացնում է վարդապետական թեզ, որը Եկեղեցու գիտական աստիճանն է։ Վարդապետը եկեղեցում Ավետարանի քարոզիչն է, ուսուցանողը, քրիստոսավանդ հավատքը պաշտպանողը, ուսումնասիրություններ պատրաստողը և այլն։ Վարդապետին ողջունում են, ասելով. «Աստված օգնական, հա՛յր սուրբ»։

Վարդապետության բարձրագույն աստիճանը կոչվում է ծայրագույն վարդապետություն։ Այս աստիճանը տրվում է առավել արժանավոր վարդապետներին։ Ծայրագույն վարդապետի աստիճան ստանալու համար վարդապետը ներկայացնում է ծայրագույն վարդապետության թեզ։ Ծայրագույն վարդապետությունը համապատասխանում է գիտությունների դոկտորի աստիճանին։

Հայ Եկեղեցու կրտսեր աստիճանավորները[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպիրը` կրտսեր աստիճանավորներին տրվող մեկ ընդհանուր անվանումն է։ Դպիրի գլխավոր պաշտոնն է եկեղեցում մարգարեների և առաքյալների թղթեր կարդալ։ Սարկավագ` ընտրվում է դպիրներից։ «Սարկավագ» նշանակում է սպասավոր, սպասավորություն, հետագայում սարկավագի պաշտոնը սահմանափակվել է եկեղեցում Սուրբ Պատարագի ժամանակ պատարագչին սպասարկելով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Ձեռնադրություն». qahana.am. Այրարատյան Հայրապետական թեմ. 21 սեպտեմբերի 2021 թվական.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: