Jump to content

Լևոն Նալբանդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Նալբանդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լևոն Նալբանդյան
Ծնվել էհունվարի 22, 1924(1924-01-22)
ԾննդավայրԳյումրի, Կիւմրի, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էմարտի 17, 1994(1994-03-17) (70 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԳյումրու նկարչական դպրոց (1938), Լևոն Շանթի անվան թիվ 4 դպրոց, Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1945) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1952)
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ
Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն և ԺՏՆՑ արծաթե մեդալ
ԶավակներԳագիկ Նալբանդյան
Գայանե Նալբանդյան
Լևոն Նալբանդյան Վիքիդարանում
 Levon Nalbandyan Վիքիպահեստում

Լևոն Նալբանդյան (հայտնի է եղել Լենոս անվանումով, հունվարի 22, 1924(1924-01-22), Գյումրի, Կիւմրի, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 17, 1994(1994-03-17), Երևան, Հայաստան), հայ նկարիչ, թատերական նկարիչ։ ԽՍՀՄ նկարիչների միության անդամ 1953 թվականից։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1988)։ Աշխատել է գեղանկարչական արվեստի տարբեր բնագավառներում, ինչպիսիք են թատերական ներկայացումների ձևավորման բնագավառը, արդյունաբերական և գրաֆիկական դիզայնի, թանգարանների ինտերիերների ձևավորման բնագառները[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևոն Նալբանդյանը ծնվել է 1924 թվականի հունվարի 22-ին, Լենինական քաղաքում։ 1936 թվականից սովորել է Մերկուրովի անվան գեղարվեստական դպրոցում։ 1938 թվականին Նալբանդյանների ընտանիքը տեղափոխվել է Երևան։ Երևանում Նալբանդյանն ավարտել է Մաքսիմ Գորկու անվան միջնակարգ դպրոցը և 1939 թվականին ընդունվել Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան։ 1942 թվականին որպես շարքային կապավոր զորակոչվել է գործող բանակ և ծառայել տեխնիկական կապի գումարտակում՝ մասնակցելով Հայրենական մեծ պատերազմին։ Զորացրվելուց հետո շարունակել է ուսումը։ 1945 թվականին ավարտել է ուսումնարանի գեղանկարչության բաժինը։ 1946 թվականին ընդունվել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետը։ Այդ բաժնում մեկ տարի սովորելուց հետո ուսումը շարունակել է Երևանի գեղարվեստի ինստիտուտի կերպարվեստի ֆակուլտետի թատերանկարչության բաժնում։ 1948 թվականին մի խումբ ուսանողների հետ գործուղվել է Մոսկվայի Միութենական Մուլտֆիլմ ստուդիա՝ ուսանելու մուլտիպլիկացիայի արվեստը։ 1948-1949 թվականներին եղել է Միութենական Մուլտֆիլմ ստուդիայի ուսանող և ստացել է նկարիչ-մուլտիպլիկատորի որակավորում։ Վերադառնալով Երևան՝ շարունակել է ուսումը Գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերական գեղանկարչության բաժնում, որն ավարտել է 1952 թվականին՝ ստանալով թատերական նկարչի դիպլոմ։

Լևոն Նալբանդյանի ծննդյան 95-ամյակին նվիրված ցուցահանդես Հայաստանի նկարիչների միությունում, 2019 թվական

Թատերական ներկայացումների ձևավորումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս ուսանողական տարիներից Նալբանդյանը Հայաստանի թատրոններում իրականացրել է մի քանի ներկայացումների ձևավորումներ, այդ թվում՝ «Ոսկե աստղի կավալերը» (Էջմիածնի պետական թատրոն, բեմադրիչ՝ Ամո Խարազյան, 1949 թվական), «Արդյունավոր պաշտոն» (Լենինականի պետական թատրոն[2], հեղինակ՝ Ալեքսանդր Օստրովսկի, բեմադրիչ-ռեժիսոր՝ Վարդան Աճեմյան, 1952 թվական)։ Շարունակելով աշխատանքը այդ ասպարեզում՝ ձևավորել է ներկայացում Կիրովականի Հովհաննես Աբելյանի պետական թատրոնում[3] («Գոշ» - հեղինակ՝ Լ․ Միքայելյան, բեմադրիչ՝ Հ․ Կարապետյան , 1955 թվական)։ Նրա հիմնական գործունեությունը թատերական ձևավորման ասպարեզում շարունակվել է Լենինականի պետական թատրոնում, որտեղ աշխատել է որպես գլխավոր նկարիչ։ 1956-1960 թվականներին ձևավորել է բազմաթիվ ներկայացումներ, որոնցից որոշ մասի դեկորացիաների էսքիզները պահպանվել են։ Դրանցից են «Վաճառված տուն» (հեղինակ՝ Գ. Յաղջյան, բեմադրիչ՝ Ա. Հովսեփյան, 1954 թվական), «Չար Ոգի» ( հեղինակ՝ Շիրվանզադե, բեմադրիչ՝ Կ․ Սարգսյան, 1956 թվական), «Նամուս» (հեղինակ՝ Շիրվանզադե, բեմադրիչ՝ Ա․ Աբարյան, 1955 թվական), «Սամվել» (հեղինակ՝ Րաֆֆի, 1959 թվական), «Սևիլյայի աստղը» (հեղինակ՝ Լոպե դե Վեգա, բեմադրիչ՝ Ա. Հովսեփյան, 1956 թվական), «Մեսրոպ Մաշտոց» (հեղինակ՝ Ա. Արաքսմանյան), «Անահիտ» (հեղինակ՝ Ղազարոս Աղայան), «Վարդեր և արյուն» (հեղինակ՝ Ալեքսանդր Արաքսմանյան, բեմադրիչ՝ Գ․ Մկրտչյան, 1957 թվական), «Վերջին մեխակներ» (հեղինակ՝ Գ․ Տեր-Գրիգորյան, բեմադրիչ՝ Ա. Հովսեփյան, 1957 թվական), «Կամո» (հեղինակ՝ Ա․ Բարսեղյան, բեմադրիչ՝ Ա. Հովսեփյան, 1958 թվական), «Դոն-Ժուան» (հեղինակ՝ Բայրոն, բեմադրիչ՝ Վահրամ Փափազյան), «Թայֆուն» (հեղինակ՝ Ցաօ-Յուի, բեմադրիչ՝ Ա․ Հովսեփյան, 1959 թվական), «Բրոուդի ամրոցը» (հեղինակ՝ Ա․ Կրոնին), «Քաջ Նազար» (հեղինակ՝ Դերենիկ Դեմիրճյան), «Վարազդատ» (հեղինակ՝ Լ․ Միքայելյան), «Արտավազդ» (հեղինակ՝ Նաիրի Զարյան, բեմադրիչ՝ Վարդան Աճեմյան), «Սայաթ-Նովա»։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1950-ական թվականներից Նալբանդյանը սկսել է աշխատել արդյունաբերական դիզայնի ոլորտում՝ ձևավորելով Սննդի արդյունաբերության նախարարության արտադրանքի պիտակները, ապրանքանիշերը և այլն։ 1960 թվականից տարիներ շարունակ Նալբանդյանը կատարել է ՀԽՍՀ Գեղարվեստական Ֆոնդի պետական պատվերները։ 1960, 1970 և 1977 թվականներին որպես գլխավոր նկարիչ ձևավորել է Խորհրդային Միության Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի Հայաստանի սրահը։ Արժանացել է արծաթե մեդալի՝ Խորհրդային Միության Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի Հայաստանի սրահի ձևավորման համար։ 1978 թվականին ձևավորել է Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը Երևանում, 1988 թվականին՝ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը Երևանում։ Տարիների ընթացքում կատարել է գեղարվեստական աշխատանքներ Հայաստանի պատմության թանգարանի համար։ Ձևավորել է Դիլիջանի Ժողովրդական արվեստի թանգարանը և Հրազդան քաղաքի թանգարանը։ Նալբանդյանը սերտորեն համագործակցել է Արարատ կոնյակի գործարանի հետ, այնտեղ ձևավորել համտեսի սրահը, այդ գործարանի համար ստեղծել է խաչքարի էսքիզ և ձևավորել գործարանի թանգարանը։ Ձևավորել է Հայկական կոնյակների բազմաթիվ պիտակներ։ Ձևավորել է Սննդի արդյունաբերության նախարարության հազարավոր տարբեր ապրանքանիշներ։ Հայկական կոնյակների և գինիների, ծխախոտի պիտակների մեծ մասի ձևավորման հեղինակն է եղել։ 1977 թվականից դարձել է Սննդի արդյունաբերության նախարարության Գեղարվեստական խորհրդի անդամ։ 1982 թվականից Հայաստանի Գիտա-արդյունաբերական միավորման ավագ նկարիչն էր, 1984 թվականից Հայաստանի գեղարվեստական Ֆոնդի գեղխորհրդի անդամ։

Մասնակցել է Միութենական սննդի արդյունաբերության նախարարության արտադրության ձևավորման բազմաթիվ մրցույթների և 1980-1982 թվականներին յոթ անգամ արժանացել է առաջին մրցանակի։ Մասնակցել է հանրապետական, հոբելյանական և այլ ցուցահանդեսների՝ Հայաստանում և Հայաստանից դուրս, ցուցադրել է բազմաթիվ հաստոցային գեղանկարչական գրաֆիկական, արդյունաբերական դիզայնի աշխատանքներ, որոնք ստեղծվել էին իր ամբողջ ստեղծագործական կյանքի ընթացքում։ 2019 թվականին Հայաստանի նկարիչների միությունում կայացել է «Աշխարհը նկարչի աչքերով» խորագիրը կրող ցուցահանդեսը՝ նվիրված Լևոն Նալբանդյանի ծննդյան 95-ամյակին[4][5][6]։

Նալբանդյանը ձևավորման տարբեր աշխատանքներ է կատարել նաև ԽՍՀՄ այլ քաղաքներում՝ Յարոսլավլում և Լենինգրադում։ 1987-1989 թվականներին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության Սննդի արդյունաբերության նախարարության հրավերով կատարել է կոնյակի, գինու և ուրիշ արտադրանքի պիտակների ձևավորումը հայերեն և ռուսերեն լեզուներով։

Լևոն Նալբանդյանի աշխատանքների մի մասը՝ ճեպանկարներ, էտյուդներ, գրաֆիկական աշխատանքներ, ստեղծվել են աշխարհի տարբեր երկրներ ճանապարհորդությունների ընթացքում։ Լևոն Նալբանդյանի Հնդկաստանում ստեղծած աշխատանքները՝ Հնդկաստանի բնանկարներ, ժանրային տեսարաններ, ցուցադրվել են Հնդկաստանում և արժանացել Հնդկաստանի գեղարվեստի ակադեմիայի ոսկե մեդալի։

Հետաքրքրվել է օտար երկրների մշակույթի և ազգային արվեստի ավանդույթներով։ Ստեղծագործական խմբերի կազմում այցելել է բազմաթիվ երկրներ և մասնակցել մշակու թային միջոցառումների։ Այցելել է Եվրոպայի, Ասիայի մի քանի երկրներ, եղել է ԱՄՆ-ում , Հնդկաստանում, Խաղաղ Օվկիանոսի ավազանի երկրներում և բազմաթիվ Աֆրիկյան երկրներում։

Կյանքի վերջին տարիներին Նալբանդյանն աշխատել է արդյունաբերական դիզայնի ասպարեզում։ Կարողացել է համատեղել, ներդաշնակորեն միաձուլել իր արվեստին բնորոշ մոնումենտալությունը և մանրանկարչության լավագույն ավանդույթների ընկալումը հենց այդ ոլորտում։ Դյուրին և հետաքրքիր դարձնելով տարբեր նյութերի մշակումը և օգտագործումը իր աշխատանքներում՝ Նալբանդյանը նկատելի է դարձրել իր յուրօրինակ աշխատանքային ոճը և նորարարական մոտեցումները այլ նկարիչների համար, ովքեր նոր սկսում էին ստեղծագործել այդ նոր ասպարեզում։

Լևոն Նալբանդյանը մահացել է 1994 թվականին։

Պարգևներ և մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1988)
  • Արծաթե մեդալ Խորհրդային Միության Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի Հայաստանի սրահի ձևավորման համար
  • Միութենական մրցույթների մրցանակներ
  • Հնդկաստանի գեղարվեստի ակադեմիայի (Bombey Art Society, Jehangir Art Gallery, Museum, BOMBAY-1-BB) ոսկե մեդալ, 19/10/1970

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Юбилейная республиканская художественная выставка, К 40-летию установления Советской власти в Армении 1060. Каталог. Ереван, 1961.
  • Вера Шапошникова. Большое сафари. Издательство ЦК ВЛКСМ "Молодая гвардия", 1965.
  • Ленинаканский государственный драматический театр им. А. Мравяня. Академия наук Арм. ССР, сектор истории и теории искусства. Ереван, 1956.
  • Всесоюзная художественная выставка. Живопись, скульптура, графика. Работи художников театра и кино. Каталог. Москва. 1957.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Այս նկարիչն է ձևավորել հայկական կոնյակների բազմաթիվ պիտակները
  2. Հայկական թատերական ընկերություն, Թատերական Լենինական, 1959, հունվար N 1 (5):
  3. Կիրովականի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի 25 տարին։ «Թատերական Երևանի»-ի թողարկում։ Հայկական թատերական ընկերություն, փետրվար, 1956։
  4. «Աշխարհը նկարչի աչքերով» խորագիրը կրող ցուցահանդես՝ նվիրված նկարիչ Լևոն Նալբանդյանի ծննդյան 95- ամյակին
  5. «Աշխարհը նկարչի աչքերով» խորագրով ցուցահանդես՝ նվիրված նկարիչ Լևոն Նալբանդյանի ծննդյան 95-ամյակին(չաշխատող հղում)
  6. «БРЕНДЫ ХУДОЖНИКА ЛЕНОСА». golosarmenii.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 16-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]