Երևանի կոնյակի գործարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երևանի կոնյակի գործարան
Yerevan Brandy Company.jpg
Արդյունաբերական համակառույց. «Արարատ» գինեգործական արդյունաբերության միավորման համալիրը, ArmAg (17).jpg
Տեսակ բիզնես ձեռնարկություն
Երկիր Flag of Armenia.svg Հայաստան
Հիմնադրված 1887
Գլխադասային գրասենյակ Երևան
Կայք ybc.am

Երևանի կոնյակի գործարան, Հայաստանի ալկոհոլային խմիչքների առաջատար ընկերություն։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

1900 թվականին Փարիզի ցուցահանդեսում Շուստովի արտադրանքը ստացավ «Գրան-պրի» մրցանակ։ Բարձր որակական հատկանիշների շնորհիվ Շուստովին թույլատրեցին շշերի վրա գրել կոնյակ, այլ ոչ թե բրենդի, ինչպես ընդունված էր անվանել խաղողից ստացված այն բոլոր սպիրտային խմիչքները, որոնք չէին աճում Կոնյակ գավառում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1874 թ. մարտի 6-ին Երևանի Շոսեյնայա փողոցում՝ սեփական տանը հիմնվեց Երևանի առաջին գիլդիայի վաճառական Ներսես Թաիրյանի գինու, օղու, դոշաբի արտադրության և մրգերի չորացման N1 գործարան։ Ավելի ուշ՝ 1880-ականներին Թայիրյանի հրավերով Երևան է ժամանել թիֆլիսաբնակ գինեգործ Գարեգին Խարազյանցը՝ գործարանում աշխատելու։

1865 թ. Ներսես Թաիրյանը ձեռք է բերել Երևանի բերդի տարածքի մի մասը, իսկ Երևանի Կոնյակի գործարանի շինարարությունն ավարտվել է 1887 թվականին։ Կոնյակի և օղու գործարանի հիմնադրման գաղափարը պատկանել է Թայիրյանի եղբորը՝ Վասիլի Թաիրյանին, ով ճանաչված գինեգործ էր Օդեսայում և միևնույն ժամանակ Պետերբուրգում լույս տեսնող "Вестник виноделия" ամսագրի խմբագիրն էր։ Գործարանի կառուցմանը օգնել է Թաիրյանի ազգական, գեղանկարիչ Հովհաննես Այվազովսկին։ Սկզբում գործարանն արտադրում էր միայն գինի, իսկ 10 տարի անց անցավ կոնյակի արտադրության։

Թաիրյանը կապեր է ունեցել Երևանի հնաբնակների հետ և, ըստ երևույթի, նրանցից իմացել է, որ արարատյան դաշտի վազը պարունակում է մեծ քանակությամբ շաքար և հարմար է կոնյակի արտադրության համար։

1892 թ. հոկտոմբերին Երևանի գինու և կոնյակի գործարանի սեփականատեր Ներսես Թաիրովի հրավերով Մկրտիչ Մյուսինյանցն աշխատանքի է անցնում գործարանում որպես գինեգործ և կոնյակի մասնագետ, իսկ հետագայում՝ գործարանի կառավարիչ: Մուսինյանցի նախաձեռնությամբ ներկրվում են ֆրանսիական ագրեգատներ, իսկ աշխատողների թիվն ավելանում է:

Քանի որ Ներսես Թաիրյանը չուներ ժառանգներ, 1899 թ. գործարանը վաճառվեց մոսկովյան վաճառական և գինեվաճառ Նիկոլայ Շուստովին, ով գինու գործարաններ ուներ Ռուսաստանում։

Ամենամեծ ճանաչումը հայկական կոնյակը ունեցավ 1913 թվականին, երբ «Շուստով և որդիներ» ընկերությունը հայրենական ու օտարերկրյա 30 գործարարների հետ սկսեց մատակարարել իր արտադրանքը ռուսական կայսերական արքունիքին։

1914 թ. ապրիլի 18-ի գիշերը անդադար անձրևի և սառնամանիքի պատճառով վնասվեց խաղողի գրեթե ողջ բերքը։ Մթերվեց բերքի միայն 20%-ը։ Այս դեպքը տեղի է ունեցել Առաջին աշխարհամարտից ուղիղ մեկ տարի առաջ։

Պատերազմից հետո գործարանի տարածքում գործել է կացարան՝ ռուս երեխաների համար։ Երեխաներին որոշ ժամանակ խնամելուց հետո ուղարկում էին Ռուսաստան կամ հանձնում հայկական որբանոցներին։ Գործարանի տարածքում բնոկվողների համար վառելափայտը, կերոսինը և էլեկտրականությունը անվճար էր։

1921 թ. գործարանը պետականացվեց։

1948 թվականին Երևանի գինու-կոնյակի գործարանի (այդպես էր կոչվում նախկին շուստովյան գործարանը) վերակազմավորման արդյունքում առանձնացան Երևանի գինու կոմբինատը և Երևանի կոնյակի գործարանը։

1953 թվականին ավարտվեց ճարտարապետ Հովհաննես Մարգարյանի կողմից նախագծված նոր շենքի կառուցումը և տեղափոխությունը, Երևանի կոնյակի գործարանը լիովին առանձնացավ։ 1953-1991 թվականներին Երևանի կոնյակի գործարանին էր պատկանում Հայաստանում կոնյակի արտադրության մենաշնորհը։ 1991 թվականից այդ մենաշնորհը վերացվեց։


Երևանի կոնյակի գործարանը 1998 թվականին սեփականաշնորհվեց և մտավ «Pernod Ricard» միջազգային խմբի մեջ։ Գործարքի արժեքը 30 մլն. դոլար էր։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի կոնյակի գործարանի այցելուների կենտրոնի ցուցասրահներից մեկում

1955 թ. գործարանն արտադրել է 337.000 դկլ կոնյակ, իսկ 1975-ին՝ 900.000 դկլ։

Կոնյակի գործարանը որպես հումք օգտագործել է «Ոսկեհատ», «Մսխալի», «Գառան դմակ», «Կաթեխի» և այլ փոփոխակներ։

Խորհրդային շրջանում կոնյակը արտահանվել է 21 երկիր, այդ թվում նաև Չեխոսլովակիա, Լեհաստան, Հունգարիա, Բուլղարիա, Մոնղոլիա, Կուբա, Պերու, Նոր Զելանդիա, Ճապոնիա, Իրան, Արգենտինա և Ֆինլանդիա։

2015 թ. «Արարատ» կոնյակի գործարանը մթերել է 8277 տոննա խաղող, իսկ իրացման ծավալը նույն թվականին կազմել է 643 միլիոն դրամ։

Ներկայումս հայկական կոնյակն արտահանվում է 31 երկիր։ Ամենաշատ սպառող երկրներն են Ռուսաստանն ու Ուկրաինան, ապա Ղազախստանն ու Գերմանիան։

Մասնագետները[խմբագրել | խմբագրել կոդը]

Մկրտիչ Մուսինյանց - 1892 թ-ից՝ Թաիրյանի կոնյակի գործարանի կոնյակագործ, 1894 թ-ից՝ նաև գործարանի կառավարիչ։ Գործարանը «Շուստով և որդիներ» ընկերությանը վաճառվելուց հետո էլ Մուսինյանցը շարունակել է զբաղեցրել նույն պաշտոնը։

Մարգար Սեդրակյան - Երևանի կոնյակի գործարանի գլխավոր տեխնոլոգ 1940-1973 թվականներին։ Նա ԽՍՀՄ-ում կոնյակի արտադրության նոր տեխնոլոգիայի հիմնադիրն է։ Ստեղծել է կոնյակներ՝


Կոնյակ «Ախթամար»
  • «Հոբելյանական» (ԽՍՀՄ-ում առաջին բարձրագույն որակի կոնյակը)
  • «Դվին»
  • «Վասպուրական»
  • «Երևան»
  • «Նաիրի»
  • «Տոնական»
  • «Ընտիր»
  • «Արագած»
  • «Ախթամար»
  • «Արմենիա»
  • «20 տարի»
  • «40 տարի»
  • «50 տարի»

1966 թվականին Սեդրակյանին շնորհվել է «Կոնյակի պատրաստման մեծ վարպետ» պատվավոր կոչումը։

Ապրանքատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս «Արարատ» կոնյակի գործարանն արտադրում է 11 անուն կոնյակ՝

Գործարանի արտադրանքը Մոսկվայի առևտրի կենտրոններից մեկում
  • «Արարատ» 3 տարի
  • «Արարատ» 5 տարի
  • «Անի» 6 տարի
  • «Ընտիր» 7 տարի
  • «Ախթամար» 10 տարի
  • «Տոնական» 15 տարի
  • «Նաիրի» 20 տարի
  • «Դվին» կոլեկցիոն
  • «Հայաստան», կոլեկցիոն
  • «Արարատ» 25 տարի
  • «Էրեբունի» 30 տարի

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական կոնյակի սիրահարներից են բազմաթիվ ճանաչված մարդիկ, որոնց թվում էր Ուինսթոն Չերչիլը։ Ստալինը անձանբ էր վերահսկում բրիտանական վարչապետի համար «Դվին» կոնյակի առաքման գործընթացը։ Երբ արդեն ծերունի Չերչիլին հարցրին, թե որն է նրա երկարակեցության գաղտնիքը, նա առանց մտածելու պատասխանեց՝ «Երբեք մի՛ ուշացեք ճաշին, ծխե՛ք հավայան սիգարներ և խմե՛ք հայկական կոնյակ»։
  • 1900-ականներին Երևանում մեկ դույլ կոնյակի գինը 87 կոպեկ էր։
  • Կոնյակը վաճառվում էր ոստիկանության թույլտվությամբ։
  • Կոնյակի գործարանի պահանջները բավարարելու համար Հրազդան գետի վրա կառուցվեց Երևանի առաջին էլեկտրակայանը։
  • 1900 թ. դեկտեմբերի 12-ին «Շուստով և որդիներ» ընկերությունը գնեց «Ղևոնդ Կազարովի ժառանգներին պատկանող հողամասի և բերդի տարածքի միջև գտնվող հողատարածքը, որը գտնվում էր դեպի Էջմիածին տանող մայրուղում»։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական սովետական հանրագիտարան, հատոր երրորդ, Երևան, 1977 թ.