Իրանի հայկական տպագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իրանի հայկական տպագրություն, հայկական տպագրություն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնավորվել է 1638 թվականին՝ Խաչատուր Կեսարացու և մի խումբ հայ գործիչների ջանքերով Նոր Ջուղայում հայկական տպարանի հիմնադրմամբ, որն առաջինն էր ոչ միայն Իրանում, այլև Միջին Արևելքում (տես` Նոր Ջուղայի հայկական տպագրություն

Իրանահայ տպագրության երկրորդ կենտրոնը Թավրիզն է։ 1888 թվականին տեղի Արամյան դպրոցում Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Ստեփանոս արքեպիսկոպոս Մխիթարյանի ջանքերով և մոսկվաբնակ Հովհաննես Հովնանյանցի բարերարությամբ հիմնադրվել է տպարան, որտեղ լույս են տեսել գրքեր, դասագրքեր, օրացույցներ, պարբերականներ (գործել է մինչև 1901 թվականը)։ Շուրջ մեկդարյա (1888-1984 թվականներ) հրատարակչական գործունեություն է իրականացրել Ատրպատականի հայոց թեմի տպարանը;

Տպագրել է Ատրպետի «Երկերի ժողովածուն» (հատոր 1-8, 1904-1906 թվականներ), Ռուբեն Խանազատի «Իդեալիզմ թէ մատերիալիզմ» (1904 թվական) ուսումնասիրությունը, Ատրպետի «Պատկերներ թուրքահայերի կեանքից» (1904 թվական), Ֆրիդրիխ Շիլլերի «Օտար փունջեր» (1904 թվական), «Հաֆեզի հնգեակները, քառեակներն ու տաղերից» (1905 թվական), Վասիլի Ժուկովսկու «Երեք գոտի» 1905 թվական, երեքն էլ թարգմանությամբ՝ Մեսրոպ Մաքսուդյանի), Արա Հարությունյանի «Սահմանամերձ գաւառները 1918 թւին» (1919 թվական) գրքերը, Հովհաննես Թումանյանի «Երկերը» (1944 թվական) և այլն։

Թավրիզում հայկական առաջին թերթը («Գործ») տպագրվել է 1903 թվականին։ Ցայսօր հրատարակվել են շուրջ 30 անուն պարբերականներ, որոնց մեծ մասը կարճ կյանք է ունեցել՝ «Ազդարար առաջնորդարանի» (1904-1905 թվականներ), «Առաւօտ» (1909-1911 թվականներ), «Զանգ» (1910-1922 թվականներ), «Թաւրիզի յայտարարութիւններ» (1910-1912 թվականներ), «Ղարադաղ» (1912-1914 թվականներ), «Այգ» (1914-1922 թվականներ), «Արշալոյս» (1918-1919 թվականներ), «Պայքար» (1918-1919 թվականներ), «Հակաֆաշիստ» (1944-1945 թվականներ), «Արեւելք» (1945-1946 թվականներ), «Վերելք» (1952-1953 թվականներ) և այլն։

20-րդ դարի սկզբին հայկական տպագրությունն աշխուժացել է Թեհրանում. հիմնադրվել են «Փարոս» [գործել է 1901-1969 թվականներին, տպագրել է Ջորջ Բայրոնի «Ծովահէնը» (1911 թվական), Վալտեր Սքոթի «Լճի լէյդին» (1912 թվական, երկուսն էլ՝ թարգմանությամբ Հրաչիկ Միրզոյանի), Լևոն Շանթի «Շղթայւածը» (1924 թվական), Դևի «Իմ երգերը» (Ա գիրք, 1947 թվական) և այլն], «Մոդեռն» [ներկայում՝ «Ջադիդ», գործում է 1922 թվականից (հայտնի է 1894 թվականին այնտեղ տպագրված Ջորջ Բայրոնի «Երազը» գիրքը), տպագրել է Ստեփան Ցվայգի «Ժողովածու հատընտիր երկերի» (1944 թվական), Հրանտ Ֆալյանի «Նոր աչքեր» (1961 թվական) պատմական ժողովածուն, Էլեն Բյուզանդի «Երկերի ժողովածուն» (1961 թվական) և «Կարսը եւ ախպէր Աշօն» (1962 թվական) վեպը, Ուիլյամ Շեքսպիրի «Ռոմէօ եւ Ջուլիէտ» (1962 թվական) և «Ռիչարդ Երրորդ» (1966 թվական) ողբերգությունները, Օմար Խայամի «Քառեակները» (1963 թվական), «Իրանահայ արդի գրողներ» (գիրք Ա, 1964 թվական), Հովհաննես Հովսեփյանի «Հատընտիր բանաստեղծութիւններ եւ պոէմներ» (1969 թվական), Գալուստ Խանենցի «Հրաշալի զօրութիւն» (1972 թվական) և այլ գրքեր], «Ֆարաբի» [գործում է 1975-ից, տպագրել է Մալխասի «Զարթօնք» (հ. Ա–Դ, 1981) և «Ապրումներ» (1982), Րաֆֆու «Խենթը։ Ջալալէդդին» (1981), «Խաչագողի յիշատակարանը» (1982 թվական), «Դաւիթ Բէկ» (1982 թվական), «Կայծեր» (հատոր Ա-Բ, 1982 թվական) վեպերը, Համաստեղի «Սպիտակ ձիաւորը» (հատոր Ա-Բ, 1982 թվական), Ռուբենի «Հայ յեղափոխականի մը յիշատակները» (հատոր Ա-Է, 1982 թվական, «Ալիքի» տպարան), Ավետիս Ահարոնյանի «Երկերի ժողովածուն» (հատոր Դ-Ե, 1982 թվական), Մուրացանի «Գէորգ Մարզպետունի» (1983 թվական) վեպը, Հովհաննես Շիրազի «Հատընտիր»-ը (1983 թվական), Կոստան Զարյանի «Նաւը լերան վրայ» (1983 թվական) վեպը, Եղիշե Չարենցի «Ընտիր երկերը» (1985 թվական), Խաչիկ Դաշտենցի «Խոդեդան» (1985 թվական), Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» (հատոր Ա-Բ, 1985 թվական) վեպերը և այլն], «Արաքս» (1954 թվականից), «Անի» (1954-1982 թվականներ), «Նուրբախշ» («Մասիս», 1955 թվականից) և այլ տպարաններ։

Բեղուն գործունեությամբ հայտնի է «Նայիրի» հրատարակչությունը։ 1940-ական թվականներին իր սեփական տպարանն է հիմնադրել «Ալիք» օրաթերթը, տպագրում է հայ և համաշխարհային դասականների ստեղծագործություններ, բառարաններ, դասագրքեր, անտիպ էջեր, գիտական ուսումնասիրություններ, իմացաբանական, իրավագիտական, երաժշտական և այլ երկեր [Մ. Ռիդի «Որսորդական տօն» (մաս Ա-Բ, 1938 թվական) և «Օցէոլա» (1954 թվական), Կնուտ Համսունի «Վիկտորիա» (1955 թվական) վեպերը, Սիմոն Վրացյաննի «Հայաստան եւ Սփիւռք» (1956 թվական) և «Ինչպէս եւ ինչու խորհրդայնացաւ Հայաստանը» (1982 թվական) երկերը, Ավետիս Ահարոնյանի «Ազատութեան ճանապարհին» (1958 թվական) պատմվածքաշարը, Բ. Այվազյանի «Աշոտ Երկաթ» վեպը, Աշոտ Հովհաննիսյանի «Գիւղի ճամբան» (հատոր 1, 1960 թվական) ժողսվածուն, Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանըը» (1961 թվական), Ա. Գառոնեի «Արդարութեան ճանապարհով» (1962 թվական), Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» (1963 թվական), Հովհաննես Շիրազի «Հայոց դանթէականը» (1969 թվական), Վ. Զարգարյանի «Բառ ու բանք Սայաթ Նովայի» (2009 թվական) գրքերը, Հովհաննես Թումանյանի «Երկերի ընտրանին» (2011 թվական) և այլն]։

Հայկական բազմաբնույթ գրքեր ու բառարաններ են տպագրվում նաև Իրանի «Մեսբահ», «Օֆսեթ» (Ավետիս Ահարոնյանի «Երկերի ժողովածուն», հատոր Ա-Գ և Զ-Ժ, 1982-1983 թվականներ), «Ուրաման», «Ռամին», «Սենոբար», «Սալես» և այլ տպարաններում։

Իրանում հայկական առաջին պարբերականը՝ «Շաւիղը», 1894 թվականին Թեհրանում հիմնադրել և խմբագրել է Հովհաննես խան Մասեհյանը։ Ցայսօր Թեհրանում հրատարակվել են ավելի քան 80 անուն հայկական պարբերականներ՝ հասարակական, երգիծազավեշտական «Բոբոխ» (1920-1933 թվականներ) շաբաթաթերթը, հասարակական-քաղաքական, գրական «Նոր կեանք» (1922-1927 թվականներ), «Գաղափար» (1925-1927 թվականներ) և «Վերածնունդ» (1930-1953 թվականներ) եռօրյա թերթերը, «Նոր էջ» (1935-1943 թվականներ, 1958-72 թվականներ) գրական ժողովածուն, հասարակական-քաղաքական, գրական, տնտեսական և իրավագիտական «Արուսեակ» (1935-1936 թվականներ, 1942 թվական) անկախ օրաթերթը, «Նոր աղբիւր» (1942-1948 թվականներ) մանկապատանեկան ամսագիրը, «Ցախաւել» (1943–58) երգիծ. երկշաբաթաթերթը, «Լուսաբեր» (1949–71) գրական-գեղ., մանկավարժ., մանկապատանեկան ամսագիրը, «Արփի» (1949-1956 թվականներ) գրական, գիտական, հասարակական ամսագիրը, «Արմենուհի» (1949-1955 թվականներ) գրական, մշակութային, պատմագիտական հանդեսը, հայ մշակութային, պատմագիտական «Արարատ» միության «Արարատ» (1959-1960 թվականներ) ամսագիրը, «Ջահակիր» (1963-1990 թվականներ) հոգևոր, բարոյագիտական, առողջապահական, տեղեկատվական ամսաթերթը, Թեհրանի հայ պատանեկան միության «Ալիք պատանեկան» (1969-1978 թվականներ) երկշաբաթաթերթը, «Հուր» (1971-1976 թվականներ) գրական, գիտական ամսագիրը, «Փիւնիկ» (1979-1983 թվականներ) գրական, հասարակական-քաղաքական շաբաթաթերթը, Հայ Յեղափոխական Դաշնակցության «Ռոստոմ» և «Ռուբեն» երիտասարդական միությունների «Յեղափոխութեան ճամփով» (1979-1982 թվականներ) և «Դէպի երկիր» (1980-1985 թվականներ, Նոր Ջուղա) պաշտոնական հանդեսները, Իրանահայ ազգային և մշակութային միության «Ծիածան» (1982-1988 թվականներ) գրական, մշակութային, հասարակական պաշտոնական ամսագիրը և այլն։

Ներկայում Թեհրանում լույս են տեսնում Հայ Յեղափոխական Դաշնակցության «Ալիք» (1931 թվականից) օրաթերթը, «Արաքս» (1987 թվականից, հայկական և պարսկական) ամսագիրը, «Ապագայ» (2000 թվականից) եռամսյա հանդեսը, «Լույս» (2000 թվականից, հայկական, պարսկական) երկշաբաթաթերթը, «Հանդէս» (2001 թվականից) գրական, գեղարվեստական եռամսյան և այլն։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բալեան Տէր-Յակոբեան Բ., Բալեան Տէր-Յակոբեան Ս., Պատմութիւն
  • իրանահայերի, Գլենդել, 1985։
  • Փահլևանյան Հ., Իրանահայ համայնքը (1941-1979 թվականներ),
  • Ե., 1989:
  • Մինասեան Լ., Հայ տպագիր գիրքը Իրանում. 1638-2000 թվականներ, Նոր Ջուղա, 2001։
  • Հայ տպագրութիւնն Իրանում. 1638–2011 (կազմ.՝ Ա. Աղայան, Բ. Տերտերյան), Թեհրան,
  • 2012։
  • Բաղդասարյան Է., Իրանահայ տպագրություն («Հայկական գրադարանների
  • միջազգային երկրորդ համագումարի նյութեր»), 2012։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։