Իսահակ Ալիխանյանը ծնվել է Վրաստանի Դուշեթ գավառական քաղաքում, որը մեծ մասամբ հայաբնակ էր, բայց վրացախոս։ Նույնիսկ քաղաքի քահանան հայերեն չի իմացել։ 1896 թվականին ավարտել է Ներսիսյան դպրոցը։ Ապագա դերասանն ապրել է ծանր, զրկանքներով լի մանկություն։ Ներսիսյան դպրոցն ավարտելուն պես քսանամյա երիտասարդը, ով իր դերասանական հակումները ցույց էր տվել դպրոցում ուսանելիս, ընդունվում է Գրիգոր Ավետյանի ղեկավարած խումբը։ Այդ, հետագայում և ուրիշ խմբերի հետ երիտասարդ դերասանը շրջում է Հարավային Կովկասի և Հյուսիսային Կովկասի հայաշատ քաղաքներում։ Նրա խաղընկերներն են եղել Սիրանույշը, Ա. Աբելյանը, Հ. Թրյանցը, Պետրոսյանը և ուրիշներ։
Ալիխանյանը հյուրախաղերով հանդես է եկել Բաքվում (1902-1903 թթ.), Նոր Նախիջևանում (1906-1907 թթ.), Մոսկվայում (1912), մնացած գրեթե ամբողջ ժամանակ՝ Թիֆլիսում. ամենուրեք Ալիխանյանը գտել է համակրանք ու ճանաչում։ Սակայն նա եղել է հայ թատրոնի «դժգոհներից» մեկը, ում չի գոհացրել ազգային թատրոնի և հայ դերասանի վիճակը՝ բարոյական և նյութական զրկանքներ, հեռանկարի անորոշություն և այլն։ Նա եղավ Երևանի Առաջին պետթատրոնի հիմնադիր կազմում, խաղաց մի քանի դեր, ապա նաև հանդես եկավ իբրև ռեժիսոր։ Բեմադրեց թատրոնը բացող ներկայացումը՝ «Պեպոն», ապա նաև՝ Հ. Իբսենի «Ուրվականները», Ֆուլդայի «Հիմարը», Մաքսիմ Գորկու «Հատակումը»։
1922 թվականին Ալիխանյանը վերադարձավ Թիֆլիս։ Հետագայում նա միայն մի թատերաշրջան (1926-1927 թթ.) խաղաց Բաքվի հայկական թատրոնում՝ վերստին դառնալով Թբիլիսի Հայ դրամա՝ այստեղ մինչև կյանքի վերջն աշխատելու համար։
Բեմադրել է շուրջ 25 ներկայացում։ Իսահակ Ալիխանյանը կենսաբանական գիտությունների դոկտորո Սոս Ալիխանյանի հայրն էր[3]։ Կրտսեր որդին Արծվիկ Ալիխանյանն էր, ում հեղինակած «Իսահակ Ալիխանյան» գիրքը 1978 թվականին լույս է տեսնում Ռուբեն Զարյանի խմբագրւթյամբ։ Թաղված է Թբլիսիի Խոջիվանքի գերեզմանատանը։ Նրա անունն է կրում փողոց Հավլաբարում (Թբիլիսի)[4]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 173)։