Իկարոսի անկումը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իկարոսի անկումը
տեսակգեղանկար
նկարիչմիգուցե Պիտեր Բրեյգել Ավագ[1]
տարիմոտ 1550[1]
բարձրություն73,5 սանտիմետր
լայնություն111 սանտիմետր
ուղղությունհյուսիսային Վերածնունդ[1]
ժանրբնանկար և դիցաբանական գեղանկարչություն
նյություղաներկ, կտավ և փայտե տախտակ
գտնվում էԳեղեցիկ արվեստների թագավորական թանգարան
հավաքածուԳեղեցիկ արվեստների թագավորական թանգարան[2] և Van Buuren Museum & Garden?
մասն էSeven Wonders of Belgium?
https://www.wga.hu/html/b/bruegel/pieter_e/01/03icarus.html, https://www.wga.hu/html/b/bruegel/pieter_e/01/04icarus.html, https://www.wga.hu/html/b/bruegel/pieter_e/01/01icarus.html, https://www.fine-arts-museum.be/nl/de-collectie/pieter-i-bruegel-de-val-van-icarus?artist=bruegel-brueghel-pieter-i-1 կայք
Ծանոթագրություններ
 Landscape with the Fall of Icarus Վիքիպահեստում

Իկարոսի անկումը (հոլ.՝ De val van Icarus), հոլանդացի գեղանկարիչ Պիտեր Բրեյգել Ավագի ամենահայտնի նկարներից մեկը։ Սա Բրեյգելի` դիցաբանական թեմայով արված միակ նկարն է[3]։ Մասնագետների կողմից վիճարկվում է նկարի պատկանելությունը Բրեյգել Ավագի վրձնին։ Ամենայն հավանականությամբ խոսքը չպահպանված բնագրից արված ավելի ուշ շրջանի կրկնօրինակի մասին է։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարի սյուժեն վերցված է հին հունական դիցաբանությունից։ Կրետե կղզու արքա Մինոսը գերության մեջ էր պահում տաղանդավոր գյուտարարներ Դեդալոսին ու իր որդի Իկարոսին[4]։ Որպեսզի լքեն կղզին, Դեդալոսը որոշում է իր և որդու համար թևեր պատրաստել, որոնց միջոցով կարող էին թռչել ծովի վրայով։ Թռիչքից առաջ նա զգուշացնում է որդուն, որ շատ բարձր չթռչի, քանի որ արևը կարող էր հալեցնել մոմը, որով փետուրները ամրացվել էին թևերին։ Սակայն Իկարոսը, չլսելով հոր խորհուրդը, թռչում է դեպի արևը։ Մոմը հալվում է. Իկարոսն ընկնում է ծովը ու խեղդվում։ Իկարոսի մասին զրույցը հետագայում ներկայացրել է Օվիդիոսը իր «Մետամորֆոզներում»։ Բրեյգելը, անկասկած, ծանոթ է եղել այս ստեղծագործությանը։ Օվիդիոսը նկարագրում է, որ Իկարոսի անկումը նկատում են ձկնորսը, հովիվն ու հողագործը, ովքեր նրանց ընդունում են աստծո տեղ։ Այս կերպարներն առկա են Բրեյգելի նկարում, սակայն այլ իրավիճակում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իկարոսն ու ձկնորսը, դրվագ «Իկարոսի անկումը» նկարից

Նկարի կոմպոզիցիան ինքնատիպ է. առաջին պլանում պատկերված են երկրորդական կերպարներ, օրինակ` գութանի հետևից գնացող հողագործը, մինչդեռ գլխավոր հերոսը` Իկարոսը, առաջին հայացքից նույնիսկ աչքի չի ընկնում։ Միայն ուշադիր նայելուց հետո կարելի է տեսնել ջրից դուրս ցցված ոտքերը և ծովի մակերևույթին լողացող մի քանի փետուրները։ Նկարում Դեդալոսի կերպարը բացակայում է. միայն հովվի` երկնքին սևեռված հայացքից կարելի է գլխի ընկնել, թե որ կողմում է նա գտնվում։ Իկարոսի անկումը մնում է աննկատ. ո'չ հովիվը, որ նայում է վերև, ո'չ հողագործը, որ հայացքը գցել է գետնին, ո'չ էլ ձկնորսը, որ հայացքը կենտրոնացրել է կարթին, չեն տեսնում նրան։ Մոտակայքում լողում է նավը, սակայն նավաստիների հայացքներն ուղղված են հակառակ կողմին։ Եթե նույնիսկ նրանցից մեկը նկատել է խեղդվողին, դժվար թե հսկա նավը կդանդաղեցնի իր ընթացքը նրան օգնելու համար։

Նկարում կա քիչ նկատելի մի կերպար, ով պետք է որ անտարբեր չլինի Իկարոսի ճակատագրի հանդեպ։ Դա մոխրագույն կաքավն է, որ նստած է ժայռի եզրին կախված ճյուղին։ Այս դրվագում Բրեյգելը հետևում է Օվիդիոսին. «Մետամորֆոզներում» խոսվում է այն մասին, որ Դեդալոսը ստիպված էր փախչել Կրետե այն բանից հետո, երբ սպանում է իր զարմիկ Պերդիկսին[5]։ Պերդիկսը եղել էր Դեդալոսի աշակերտը։ Նա այնպիսի փայլուն ընդունակություններ ուներ, որ Դեդալոսը վախենում է նրա մրցակցությունից։ Նա հրում է Պերդիկսին Աթենքի Ակրոպոլիսից, սակայն Աթենասը, խղճալով տղային, նրան վերածում է մոխրագույն կաքավի (լատին․՝ perdix): Այնպես որ փոքր կաքավն իսկապես առիթ ունի հրճվելու` տեսնելով, թե ինչպես է մահանում չարագործի որդին։ Նրա համար Իկարոսի մահը ողբերգական պատահար չէ սոսկ, այլ վրեժի հատուցում։

Չնայած այսպիսի մանրամասնությունների առկայությանը` Բրեյգելի նկարը ոչ միայն անտիկ սյուժեի պատկերումն է, այլև հրաշալի բնապատկեր։ Բրեյգելը շարունակում է Նիդերլանդների առաջին բնանկարիչ Յոահիմ Պատինիրի բնանկարային ավանդույթները։ Այս բնանկարչի կտավներում մարդիկ հաճախ են պատկերվել փոքր, հազիվ նկատելի չափերով, մինչդեռ գլխավոր դերը կոմպոզիցիայում հատկացվել է լանդշաֆտին[6]։ Պատինիրի ազդեցությունը նկատվում է նաև նկարի գունային լուծումներում։ Նրա բնանկարներին բնորոշ է առջևի պլանի պատկերումը շագանակագույնով, միջին հատվածը` կանաչով, իսկ հետին մասը` երկնագույնով։ Կոմպոզիցիայում հատուկ նշանակություն է հատկացված արևին։ Դժգույն լինելով հանդերձ` այն իր վրա է բևեռում նայողի հայացքը։ Եվ դա պատահական չէ. արևը կտավում լիարժեք կերպար է. հենց արևի ճառագայթներն են հանդիսացել Իկարոսի անկման պատճառը[7]։ Ամբողջ բնանկարը պատկերված է արևի լույսի տակ, իսկ կոմպոզիցիան զարգանում է երեք հիմնակետերի շուրջ` հողագործի կերպարը հետին պլանում, խեղդվող Իկարոսը և արևի սկավառակը հորիզոնում։ Մասնագետները նաև նշում են, որ արևի ճառագայթների ոսկեգույն արտացոլումը ջրում կարող է լինել լաքի հնացման հետևանք։ Ի սկզբանե նկարն ունեցել է ավելի սառը կոլորիտ։

Մեկնաբանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրեյգելի ստեղծագործությունը մեծ տեղ է թողնում մեկնաբանությունների համար։ Առավել հաճախ կտավը համարում են հոլանդական հետևյալ ասացվածքի մեկնաբանությունը. «Ոչ մի հողագործ կանգ չի առնի, երբ ինչ-որ մեկը մահանում է» (անգլ.՝ «Geen ploeg staat stil om een stervend mens»): Կյանքը դաժան է, և մարդու մահը նույնիսկ մեկ ակնթարթով չի կարող շեղել նրա ընթացքը[8]։ Նկարի նման մեկնաբանման առիթ է հանդիսացել մի աննշան դետալ. նկարի ձախ կողմում կա դժգույն բիծ, որ առանձնանում է թփերի մուգ ֆոնին։ Շատ մեկնաբաններ այն համարել են քնած կամ մահացած մարդու դեմք` դրանով բիծն ընկալելով նկարի գաղափարական վերլուծության լրացուցիչ տարր։ Սակայն նկարի ռենտգենային հետազոտությունը ցույց է տվել, որ խոսքը մարմնի այլ մասին է վերաբերում. թփերում նստած մարդը բնական պահանջներն է հոգում[9]։ Այսպիսի դրվագներ կան Բրեյգելի այլ կտավներում ևս («Կաչաղակը կախաղանին», «Մանկական խաղեր»

Մեկ այլ տեսակետի համաձայն` նկարիչը դատապարտում է Իկարոսի գոռոզությունը` այն հակադրելով հասարակ գյուղացու առօրյա աշխատանքին[10]։ Պատահական չէ, որ հողագործի կերպարը նկարի կոմպոզիցիոն կենտրոնն է և ամենավառ գունավորում ունեցող կերպարը։ Աչքի են ընկնում նաև հողագործի ոտքերը` ծանր կոշիկներով։ Դրանք յուրատեսակ հակադրումն են Իկարոսի ոտքերի, որոնք անօգնական օրորվում են օդում։ Հողագործը հաստատուն կանգնած է հողին, իսկ իրականությունից կտրված, երազերով տարված մարդիկ Իկարոսի նման վաղ թե ուշ ամպերից ցած են ընկնելու։ Կա նաև հակառակ մեկնաբանությունը. այն ներկայացնում է մարդկության ամենախիզախ, ամենահամարձակ հերոսներից մեկի մահը[11]։ Իկարոսի թռիչքը խորհրդանշում է մարդկային մտքի երևակայությունը, մարդու ձգտումը նոր բացահայտումների, նվաճումների։ Այս դեպքում նկարը կարող է ընկալվել որպես բացառիկի պարտություն առօրեականի դեմ պայքարում։

Հեղինակային պատկանելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Իկարոսի անկումը», Վան Բյուրենի թանգարանի օրինակը, մոտ` 1587

Հայտնի են նկարի երկու տարբերակներ։ Դրանցից մեկը գտնվում է Բրյուսելի Գեղեցիկ արվեստների թագավորական թանգարանում, իսկ մյուսը` Վան Բյուրեն թանգարանում (Բրյուսել, Բելգիա)։ Երկու նկարների մեջ կան էական տարբերություններ, սակայն համաշխարհային հռչակ է ձեռք բերել Թագավորական թանգարանի օրինակը։ Ներկայումս եթե հատուկ չի նշվում` որ օրինակի մասին է խոսքը, նշանակում է` նկատի ունեն հենց այդ նկարը։

Արվեստագետների շրջանում միասնական կարծիք չկա, թե արդյոք «Իկարոսի անկման» այդ տարբերակը պատկանում է հենց Պիտեր Բրեյգել Ավագին։ Նկարի` Բրեյգելի վրձնին պատկանելու կողմնակիցները կարծում են, որ նկարիչը սկզբում պատկերը նկարել է փայտին, այնուհետև անցկացրել կտավին[12]։ Սակայն մասնագետների մեծ մասը կարծում է, որ նշանավոր կտավը բնօրինակի ավելի ուշ շրջանի կրկնօրինակն է։ Այդ տեսակետն են հաստատում հետազոտությունների արդյունքները, որ 2011 թվականին անցկացրել են բելգիացի հետազոտողներ Դոմինիկ Ալարը և Քրիստինա Կյուրին։ Ռենտգենային հետազոտությունը ցույց է տվել, որ ներկի շերտի տակ կա նկար, որ կրկնօրինակման լրացուցիչ փուլի արդյունք է[9]։ Նկարի կատարման տեխնիկան ոչ մի ընդհանրություն չունի Բրեյգելի տեխնիկայի հետ։ Ավելին, նկարն այնքան անվարժ ձևով է նկարված, որ թույլ է տալիս ենթադրել, որ հեղինակը կարող է լինել կա'մ Պիտեր Բրեյգել Կրտսերը (նա հոր կտավների շատ կրկնօրինակներ է ստեղծել), կա'մ Բրեյգել Ավագի աշակերտներից մեկը։ Դոմինիկ Ալարը և Քրիստինա Կյուրին բերում են այլ փաստարկներ ևս` իրենց հետազոտությունն ավարտելով հետևյալ եզրակացությամբ.

Նկարը շատ վատ վիճակում է. կտավը տեղ-տեղ պատռված է, որոշ հատվածներում թափվել է ներկի շերտը, առկա են ուշ շրջանի հետքեր։ Սակայն պարադոքսալ եղանակով նկարին բաժին հասած բոլոր այս կորուստները գործում են նկարի օգտին։ Նկարի անսովոր տեսքը, սյուժեի ներկայացման տարօրինակությունները, ոսկեգույն լաքի թավ շերտը կտավին խորհրդավորություն են հաղորդում, ինչն ուժեղ ազդեցություն է թողնում ժամանակակից մարդու վրա։ Այդ իսկ պատճառով ովքեր զգում են այս կտավի հմայքը և անկեղծ հիանում նրանով, չպետք է հիասթափություն ապրեն միայն այն բանի համար, որ այն Բրեյգել Ավագի վրձնին չի պատկանում[9]։

«Սյուժեի ներկայացման տարօրինակություն» ասելով պետք է հասկանալ Դեդալոսի կերպարի բացակայությունը կտավում և ծովի վրա նստող արևի պատկերումը, մինչդեռ երկնակամարը ողողված է զենիթում կանգնած արևի լույսով։ Բան Բյուրենի թանգարանում գտնվող օրինակի վրա չկան այս հակասությունները. Դեդալոսն այնտեղ պատկերված է օդում սավառնելիս, իսկ արևն այնտեղ է, որտեղ պետք է լինի տրամաբանորեն։ Բացառված չէ, որ հենց այս տարբերակը լինի Բրեյգելի բնօրինակին մոտ, սակայն շատ արվեստագետներ հակառակն են պնդում։ Վան Բյուրենի թանգարանի օրինակի կոմպոզիցիան ավանդական է, ծեծված, մինչդեռ Թագավորական թանգարանի կտավը կարող էր ստեղծել միայն հանճարը[13]։

Ինչպես էլ լինի, Վան Բյուրենի թանգարանի օրինակը ևս Բրեյգելի նկարի բնօրինակը չէ։ Ռեֆլեկտոգրաֆիան ցույց է տվել, որ այստեղ ևս ներկի շերտի տակ կա սևագիր նկար, որ միանշանակ Բրեյգելը չի վրձնել[9]։ Այն չի պատկանում նաև Թագավորական թանգարանում պահվող կրկնօրինակի հեղինակին։ Հնարավոր է, որ երկու կտավներն էլ ստեղծվել են 16-րդ դարի երկրորդ կեսին, սակայն ով է նրանց հեղինակը` այլևս անհնար է իմանալ[9]։

Ազդեցությունն արվեստի այլ գործերի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրական ստեղծագործության մոտիվներով ստեղծված լինելով հանդերձ` Բրեյգելի նկարն ինքն է դարձել ներշնչանքի աղբյուր գրողների ու բանաստեղծների համար։ Ուիսթեն Հյու Օդենը կտավին է նվիրել իր ամենահայտնի բանաստեղծություններից մեկը («Musée des Beaux Arts»), ամերիկացի բանաստեղծ Ուիլյամ Կարլոս Ուիլյամսը գրել է «Landscape with the Fall of Icarus», իսկ Գոթֆրիդ Բենը` «Ikarus» բանաստեղծությունը[14][15][16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
  2. https://rkd.nl/explore/images/262344
  3. Грегори Мартин. Брейгель. — М.: Иск-во, 1992. — ISBN 4-210-02378-8
  4. Мифы народов мира. В 2-х т. — М., 1991—1992. — Т. 1. — С. 363.
  5. Овидий. Собрание сочинений. В 2-х т. — СПб, Биографический институт «Студиа Биографика», 1994. — T. 2. — C. 171
  6. К. Богемская. Пейзаж: страницы истории. — М., Галактика, 1992. — ISBN 5-269-00053-9
  7. Брейгель. Великие художники, т. 49. — М., Директ-Медиа, 2010. — С. 7
  8. С. Л. Львов. Питер Брейгель Старший. — М.: ТЕРРА — Книжный клуб, 1998. — С. 171
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 Dominique Allart et Christina Currie. " Trompeuses séductions. La Chute d’Icare des Musées royaux des Beaux-Arts de Belgique "
  10. В. Ф. Мартынов. Фундаментальная культурология [Электронный ресурс]. -Минск : Современные знания, 2010. — С. 276
  11. С. Л. Львов. Питер Брейгель Старший. — М.: ТЕРРА — Книжный клуб, 1998. — С. 172
  12. P. Kockaert. «La chute d’Icare au laboratoire». Nuances, 2003, № 31.
  13. Karl Kilinski. Bruegel on Icarus: Inversions of the Fall.
  14. См. оригинальный текст стихотворения и русский перевод П. Грушко
  15. См. оригинал стихотворения и русские переводы
  16. Анализ стихотворения на русском языке

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ս. Լ. Լվով, Պիտեր Բրեյգել Ավագ — Մ.: Գրքային ակումբ, 1998. — С. 169—173:
  • Կլոդ-Անրի Ռոքե, Բրեյգել կամ երազների վարպետանոց — Մոսկվա ։ Երիտասարդ գվարդիա։ 2000. — 298 էջ։
  • Pietro Allegretti, Brueghel, Skira, Milano 2003. ISBN 00-0001-088-X
  • Beat Wyss, «Pieter Bruegel, Landschaft mit Ikarussturz. Ein Vexierbild des humanistischen Pessimismus», Fischer Verlag, Frankfurt am Main 1990. ISBN 3-596-23962-1

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]