Jump to content

Ֆլամանդական ասացվածքներ (կտավ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆլամանդական ասացվածքներ
տեսակգեղանկար
նկարիչՊիտեր Բրեյգել Ավագ[1]
տարի1559
բարձրություն117 սանտիմետր[1]
լայնություն163 սանտիմետր[1]
ուղղությունհյուսիսային Վերածնունդ
ժանրկենցաղային ժանր
նյություղաներկ և կաղնու տախտակ[1]
գտնվում էDutch paintings 15th-16th-century room 7?
հավաքածուԲեռլինի պատկերասրահ[1]
հիմնական թեմաThe Blue Cloak?
Ծանոթագրություններ
 Netherlandish Proverbs (Bruegel the Elder) Վիքիպահեստում

Ֆլամանդական ասացվածքներ (հոլ.՝ Nederlandse Spreekwoorden) կամ Աշխարհը գլխիվայր (հոլ.՝ The Topsy-Turvy World), ֆլամանդացի գեղանկարիչ Պիտեր Բրեյգել Ավագի կտավը` ստեղծված 1559 թվականին։ Նկարը ներկայացնում է ֆլամանդական ասացվածքներն իրենց ուղղակի նշանակությամբ։

Նկարը, որ պահվում է Բեռլինի պատկերասրահում, լի է խորհրդանիշերով, որոնք վերաբերում են հոլանդական ասացվածքներին ու ասույթներին։ Նրանցից ոչ բոլորն են վերծանվել ժամանակակից հետազոտողների կողմից, քանի որ որոշ արտահայտություններ, ժամանակի ընթացքում դադարելով գործածվելուց, մոռացվել են։ Բրեյգելի հետ գրեթե միաժամանակ իր «Գարգանտյուա և Պանտագրյուել» վեպում ասացվածքներ է ներկայացրել ֆրանսիացի գրող Ֆրանսուա Ռաբլեն։

Իր կտավում գեղարվեստական մեծ ուժով Բրեյգելը ներկայացնում է մարդկային թուլություններն ու թերությունները։ Նրա որդին` Պիտեր Բրեյգել Կրտսերը, հոր աշխատանքի մոտ 20 կրկնօրինակ է արել, որոնցից ոչ բոլորն են անփոփոխ ներկայացնում բնօրինակը. դրանք իրարից տարբերվում են որոշ դետալներով։

Բրեյգելի 45 նկարներից 30-ը ներկայացնում են բնությունը, գյուղն ու նրա բնակիչներին։ «Բարեկենդանի ու պասի պայքարը» կտավում (1559) ներկայացված է ժողովրդական տոնախմբությունը ֆլամանդական քաղաքի փողոցներում։ Դիմակավորված անձինք, մուրացկանները, առևտրականները, երաժիշտները, խաղացողները, հարբածները, եկեղեցականները, հանդիսատեսները, որոնք պատկերված են նկարում, շուրջպար են բռնել, խաղում են, պարում։ Հենց այդ ոգով է արված ոչ պակաս հայտնի «Ֆլամանդական ասացվածքներ» նկարը (1559)։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավում ներկայացված են մոտ 100 հայտնի ասացվածքներ, չնայած, հնարավոր է, որ Բրեյգելն իրականում ավելի շատ ասացվածքներ է պատկերել, քան մինչ օրս բացահայտվածները։ Որոշ ասացվածքներ լայն տարածում ունեն նաև ներկայումս, իսկ որոշ ասացվածքներ էլ աստիճանաբար կորցնում են իրենց նշանակությունը։

Նկարում պատկերված ասացվածքներ ու արտահայտություններ[2]
ԱսացվածքՆշանակությունՊատկեր
Սատանային կարողանալ կապել բարձինՀամառություն, որ կարող է հաղթահարել ամեն ինչ
Սյուն կրծելԼինել կրոնական մոլեռանդ
Մի ձեռքով կրակ տանել, մյուսով` ջուրԼինել երկերեսանի
Գլուխը պատին խփելՓորձել հասնել անհնարինին
Մի ոտքին կոշիկ կա, մյուսին` ոչԱններդաշնակություն
Խոզը բացում է խցանըԱնփութությունն ավարտվում է աղետով
Կատվի վզին զանգ կախելՎտանգավոր, անմիտ քայլ կատարել
Մինչև ատամները զինվելԼավ պատրաստվել
Երկաթ կրծելՍտել, անհամեստություն անել
Մարդ կա ոչխար է խուզում, մարդ կա` խոզՄեկն առավելություն ունի, մյուսը` ոչ
Խուզի՛ր (ոչխար), բայց մորթին մի՛ հանիրՍեփական հնարավորություննրն ու առավելությունները ճիշտ չգնահատելով` չպետք է հեռուն գնալ
Այստեղ ծովատառեխներ չեն տապակումԻրերը չեն ենթարկվում քո ծրագրածին
Ամբողջ ծովատառեխը տապակել ձկնկիթի համարՇատ ջանքեր գործադրել աննշան նպատակին հասնելու համար
Կափարիչը գլխին դնելՆախօրոք ստանձնած պատասխանատվությունից հրաժարվել
Տառեխն իր խռիկներից է կախվածՊատրա՛ստ եղիր պատասխանատվություն կրել արածներիդ համար
Այստեղ ինչ-որ բան ավելի մեծ է, քան ուղղակի տառեխըԱյստեղ ինչ-որ բան ավելի մեծ է, քան կարող է երևալ առաջին հայացքից
Ի՞նչ կարող է անել ծուխը երկաթինԱնիմաստ է փոխել անփոփոխը
Անոթի մեջ շուն փնտրելՈւշանալ հացից և տեղ հասնել այն ժամանակ, երբ ուտելու բան չի մնացել[3]
Նստել աթոռակների միջի մոխրինԼինել անվճռական
Հավերին ստուգելՆախօրոք արդյունքը կանխագուշակել
Մկրատը կախված էՀնարավոր է, որ քեզ խաբում են
Միշտ նույն ոսկորը կուլ տալՄշտապես նույն թեմայով խոսել
Կախված է այն բանից, թե ինչ խաղաթուղթ կընկնիԿախված է դիպվածից
Մկրատը անցքով անցկացնելՈչ արդար եղանակով եկամուտ ստանալ «ակն ընդ ական»Մկրատն ու աչքը խաղաթղթերից աջ են ու վերև
Աշխարհը գլխիվայր է շրջվելԱմեն ինչ այնպես չէ, ինչպես պետք է լիներ
Գոնե ձուն թողնել բնումՊետք է միշտ ձեռքի տակ որոշակի պաշար ունենալ
Աշխարհի վրա արտաթորելՈչ մի բանի հարգալից չվերաբերվել
Քթից բռնած ման տալՄեկին հիմարացնել, մեկը մյուսի խաբել
Վիճակը գցված էՈրոշումն ընդունված է
Հիմարներին քարտեզը սազում էՀիմարությունը կարող է հաղթել խելքին
Մատների արանքով նայելՀանդուրժող ու համբերատար լինել
Այստեղ դանակ է կախվածԱկտիվ գործունեություն պահանջող դժվար բան ձեռնարկել
Այդտեղ փայտե կոշիկներ ենԻզուր սպասել
Ավելը դուրս հանելԶվարճանալ, քանի դեռ տանտերը բացակայում է
Ավելի տակ ամուսնանալԱռանց ամուսնության համատեղ ապրել
Տանիքը բլիթներով ծածկելՇատ հարուստ լինել
Տանիքին ծակ կաԱնխելամիտ լինել
Հին տանիքը շատ ծախս է պահանջումՀին իրը մեծ խնամք է պահանջում
Տանիքն առանց կղմինդրիԿարող են գաղտնալսել («Պատերն էլ են ականջ ունենում»)
Ականջում ատամնացավ ունենալԻնչ-որ բան ձևացնել
Միզել լուսնի վրաԱնօգուտ ջանքեր գործադրելով` ժամանակ կորցնել
Այստեղ անոթ է կախվածԻնչ-որ բան այնպես չէ, ինչպես պիտի լիներ
Աղեղը երկրորդ անգամ լարել առաջին նետը որսալու համարԿրկնել անմիտ գործողություն
Հիմարին առանց օճառի սափրելԻնչ-որ մեկին հիմարացնել
Մի գլխարկի տակ երկու հիմարՀիմարությունը միություն է սիրում
Աճում է պատուհանիցԱնհնար է թաքցնել
Անարգանքի սյան մոտ զվարճանալԱմոթալի գործերով ուշադրություն գրավել
Եթե դարպասները բաց են, խոզերը վազում են հացի հետևիցԱնփութությունը աղետով է ավարտվում
Ցորենը քիչ է, խոզը պարարտ էՄեկի եկամուտը մյուսի կորստի հաշվին է առաջանում
Վազել այնպես, կարծես հետույքը վառվում էՄեծ աղետի մեջ լինեն
Ամեն ինչ լափող կրակը կայծեր է արձակումՉպետք է զարմանալ վտանգավոր գործի ավարտից
Անձրևանոցը քամու տակ կախելՍեփական կարծիքն արտահայտել պատեհ պահի
Փետուրները քամուն կախելԱնիմաստ աշխատանք
Աչքերը պլշել արագիլի վրաԺամանակն անտեղի վատնել
Մի հարվածով երկու ճանճ սպանելԼինել հաջողակ
Ցուլից ավանակի վրա ընկնելՍև օրեր են հասել
Դռան բռնակը համբուրելԱնկեղծ չլինել
Հետույքը ինչ-որ մեկի դռանը մաքրելԻնչ-որ մեկին անհարգալից վերաբերվել
Ծանր հոգսի տակ կքելԳործերն ավելի վատ ներկայացնել, քան կան իրականում
Մուրացկանը դժվարությամբ է տեսնում մեկ այլ մուրացկի իր դարպասների մոտՄրցակցություն կա
Ձկնորսությամբ զբաղվել ուռկանի հարևանությամբԲաց թողնել հնարավորությունը
Մեծ ձուկը փոքրին ուտում է«Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր»
Չհանդուրժել արևի ցոլքը ջրումՈւրիշի հաջողություններին նախանձել
Կախված է, ինչպես պետքարանը փոսի վրաԲացահայտ իրողություն
Ամեն մեկը կտեսնի կաղնու փայտի միջից, եթե վրան անցքեր կանԱնիմաստ է ակնհայտն ապացուցել
Երկուսով նույն պետքարանն են մտնումԼիակատար համաձայնության մեջ են
Ինչ-որ մեկի փողերը ջրի մեջ նետելԻնչ-որ մեկի փողերը անտեղի վատնել
Ճաքած պատը շուտով կփլվիԽնամքի բացակայության դեպքում ամեն ինչ քանդվում է
Թող ուրիշի տունը վառվի, միայն թե դու տաքանասՕգտագործել բոլոր հնարավորությունները` չմտածելով ուրիշների վրա ունեցած հետևանքի մասին
Մեծ քար քարշ տալՍիրո մեջ խաբված լինել, անիմաստ գործ կատարել
Վախը ստիպում է պառավին վազելԱնսպասելի բանը մարդու մեջ նոր որակներ է արթնացնում
Ձիուց թուզ չի թափվումԱրտաքին տեսքին մի՛ խաբվիր
Եթե կույրն ուղեկցի կույրին, երկուսով էլ փոսում կհայտնվենԱնհիմն է համբակի մոտ սովորելը
Երբ տեսնում ես եկեղեցին ու ախոռը, դեռ չի նշանակում, որ տեղ ես հասելՄի՛ ընդհատիր աշխատանքը, քանի դեռ չես ավարտել
Ինչպես էլ պտտվես, արևը կրկին դուրս է գալուՉի կարելի թաքցնել հավերժականը
Աչքն առագաստից չկտրելԶգոն լինել
Կղկղել կախաղանինԱնտարբեր լինել ամեն պատժի հանդեպ
Որտեղ դիակ, այնտեղ` ագռավներԵթե նախանշաններն ինչ-որ բան են ցույց տալիս, ապա դա այդպես էլ կա
Քամու ուղղությամբ լողալը հեշտ էԲարենպաստ պայմանների դեպքում դժվար չէ լավ արդյունքի հասնելը
Ով գիտի` ինչու է սագը բոբիկԱմեն ինչի պատճառը կա, եթե նույնիսկ այն ակնհայտ չէ
Եթե չես կարող սագ պահել, թող դրանք ուղղակի սագ էլ մնանՄի՛ մտիր ուրիշի գործերի մեջ
Տեսնել, թե ինչպես են արջերը պարում[4]։Սոված լինել
Վայրի արջը, եթե նույնիսկ շփվում է, ապա իր նմանների հետ[4]։Ավելի լավ է յուրայինների, քան օտարների հետ լինել
Գլխաշորը ցանկապատից նետելԴեն նետել իր, որ դեռ կարող է օգտագործվել
Վատ է հոսանքին հակառակ լողալըԴժվար է ընդհանուրի կարծիքին ընդդիմանալ
Կուժը ջրի է գնում, քանի դեռ չի ջարդվելԱմեն ինչ իր սահմանն ունիNP-95.jpg
Լավագույն գոտիները ուրիշի մորթուց են ստացվումՀեշտ է ուրիշի հաշվին ինչ-որ բան ձեռք բերել
Գժվար է օձաձուկը պոչից բռնելԴժվար գործ ձեռնարկել
Զամբյուղի մեջ կկորչիՇրջապատի մարդկանց ցույց տալ իր անվճռականությունը
Երկնքի ու երկրի մեջ կախված լինելԴժվար իրավիճակում հայտնվել
Սագի ձուն թողած` հավի ձուն վերցնելՍխալ որոշում կայացնել
Վառարանի մոտ հորանջելԱյնպիսի գործ ձեռնարկել, որ մի մարդը չի կարող հաղթահարել
Մի բաղարջից մյուսին ձգվելՓողի նեղություն ունենալ, միջոցներից զուրկ լինել
Առանց բռնակի բրիչՀնարավոր է, ինչ-որ անօգուտ բան[5]
Կացին փնտրելԱրդարացում փնտրել
Ահա և նա իր լապտերովՈւնակությունները ցույց տալու հնարավորություն ստանալ
Պոչով կացինՀնարավոր է, ամբողջական, պիտանի առարկա[5]
Թափած շիլան նորից չհավաքելԵթե ինչ-որ բան արվել է, դժվար է նորից հետ գնալ
Մահակն անիվի մեջ խրելՈւրիշի պլանների կատարման արգելքներն ուղղել
Սերն այնտեղ է, որտեղ պարկով փող է կախվածՍերը կարող է գնվել
Ձգել պարանը, որ երկար մասը մոտ լինիՓորձել առավելություն ստանալ
Սեփական լույսի մեջ կանգնելՀպարտ, ինքնագոհ լինել
Վառարանում այլ մարդ չի փնտրի նա, ով եղել է այնտեղՎատ գործերի մեջ ուրիշին կասկածողը հավանաբար ինքն էլ զերծ չի եղել դրանցից
Աշխարհը բութ մատին պտտելՕգտվել բոլոր առավելություններից
Քրիստոսին կտավատի մորուք կպցնելԱռաքելության քողի տակ խաբեություն թաքցնել
Ստիպված ստորանալ հաջողության հասնելու համարՀաջողության հասնելու համար պետք է խորամանկ, անազնիվ լինել
Վարդերը խոզերի առաջ փռելԱրժեքավորը անարժանների վրա ծախսել
Ջրհորը դատարկել միայն հորթի խեղդվելուց հետոԱկտիվ քայլեր ձեռնարկել միայն աղետից հետո
Համբերատար լինել, ինչպես անմեղ գառըՇատ համբերատար լինել
Ամուսնուն կապույտ անձրևանոց հագցնելԱմուսնուն դավաճանել
Տես, որ նրանց մեջ սև շուն չանցնիԵրբ երկու կին միասին են, նույնիսկ հաչող շունը չի կարող ավելի մեծ տհաճություն պատճառել, քան այդ երկու կանայք
Մի քամին կորցնում է այն, ինչ բերել է մյուսըԵրկուսն էլ բամբասանք են տարածում
Զամբյուղով օդ (գոլորշի, լույս) տեղափոխելԺամանակն իզուր վատնել
Լույսը սատանայի դիմաց պահելՇողոքորթել ու ընկերանալ` առանց հաշիվ տալու
Խոստովանություն անել սատանայինԳաղտնիքը թշնամուն հայտնել
Խոզի փորը բացել ենԸնդունվել է որոշում, որն անհնար է չեղարկել
Երկու շուն երբեք համաձայնության չեն գա մի ոսկորի շուրջՄիակ թեմայի շուրջ վիճել
Փրփուրը հանելու համար շերեփ լինելՊորտաբույծ լինել
Ինչ օգուտ գեղեցիկ ափսեից, եթե բան չկա մեջը դնելուԳեղեցկությունն ինքնանպատակ չէ
Իրար հետ զվարճանում էին աղվեսն ու կռունկըԵրկու խաբեբա միշտ հիշում են իրենց օգուտի մասին[6]
Ականջին փչելԼուրեր տարածել
Կավիճով նշելՆշել հիշողության մեջ չմոռանալու համար
Երբ շամփուրին միս են խորովում, այն պետք է շրջելՈրոշ գործեր անընդհատ ուշադրություն են պահանջում
Նրա հետ շամփուր չես պտտիՀակված չէ համագործակցության
Անկյունում նստելԱնհամբեր լինել
Առանց ցանցի ձուկ բռնելՈւրիշների աշխատանքից շահ ակնկալել

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 Gemäldegalerie Berlin (englische Ausgabe 2012) (գերմ.)Prestel Verlag, 2012. — S. 67. — ISBN 978-3-7913-5207-7
  2. Rainer Hagen. Bruegel: The Complete Paintings. Taschen, 2000. pp. 96. ISBN 3-8228-5991-5. Стр. 36-37.
  3. Կտավի այս տեղում շունը կեղտից չի երևում
  4. 1 2 Ասացվածքի բնօրինակը ճշգրիտ վերականգնված չէ
  5. 1 2 Ասացվածքի ճշգրիտ նշանակությունը բացահայտված չէ։
  6. Ակնարկ է Եզոպոսի «աղվեսն ու կռունկը» առակին։
  • Rainer Hagen (2000). Rose-Marie Hagen (ed.). Bruegel: The Complete Paintings. Taschen. էջ 96. ISBN 3-8228-5991-5.
  • Patrick De Rynck (1963). How to Read a Painting: Lessons from the Old Masters. New York: Abrams. էջ 379. ISBN 0-8109-5576-8.
  • «The Netherlandish Proverbs by Pieter Brueghel the Younger». Fleming Museum, University of Vermont. 2004. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 18-ին.
  • The Netherlandish Proverbs: An International Symposium on the Pieter Brueg(h)els, ed. by Wolfgang Mieder. University of Vermont. 2004.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլամանդական ասացվածքներ (կտավ)» հոդվածին։