«Սավուղի ինքնասպանությունը»,Պիտեր Բրեյգել Ավագի նկարներից։ Նկարել է 1562 թվականին։ Նկարն ունի մի քանի խորագիր՝ «Սավուղի ինքնասպանությունը կամ ճակատամարտ Գեղբուա լեռան վրա», կամ «Սավուղի պարտությունը»։ Նկարի հիմքում ընկած է Հին Կտակարանի մի դրվագ, որը պատմում է Իսրայելի առաջին թագավոր Սավուղի ինքնասպանության մասին։ Ռուդոլֆ Երկրորդ կայսեր պատվերով «Սավուղի ինքնասպանությունը» նկարը տասներեք այլ կտավների հետ տեղափոխում են Վիեննա և պահում Արվեստի պատմության թանգարանում[3][4] :
Ենթադրաբար «Սավուղի ինքնասպանությունը» ստեղծվել է Անտվերպենում, քանի որ Պիտեր Բրեյգել Ավագն այդ տարիներին ապրում էր այդտեղ։ 1563 թվականին նա ընտանիքով տեղափոխվում է Բրյուսել։ «Իկարոսի անկումը», «Բաբելոնի աշտարակը» և «Սավուղի ինքնասպանությունը» նկարները աստվածաշնչյան թեմաներով նկարաշարի մաս են կազմում[5]։ Ներկայացնելով անհամար զինվորների՝ Պիտեր Բրեյգել Ավագն իրավիճակն ավելի դրամատիկ է ներկայացնում և ընդգծում Սավուղի համար ստեղծված անելանելի իրավիճակը։ Նկարում գերիշխող մաս են կազմում զինվորները, իսկ Սավուղին ներկայացնում է ձախ անկյունում՝ մի փոքր հատվածում։ Հեղինակը, աշխատանքը նմանեցնելով Ալբրեխտ Ալթդորֆերի«Ալեքսանդրի ճակատամարտը» նկարին, օգտագործում է նույն ոճը՝ տեսարանը ներկայացելով վերևից։ Մեծ ուշարություն է հատկացրել մանրուքների, ինչպես, օրինակ՝ ետևի պլանում կառույցների ու զենքուզրահի մասերի պատկերմանը[3][6]։
Սավուղը եղել է Իսրայելի ժողովրդի առաջին թագավորը և Իսրայելի բանակի հրամանատարը։ Նա ընտրված էր Աստծո կողմից թագավորելու համար, և նրան օծել էր Սամուել մարգարեն։ Իր գահակալման օրոք լսում էր Աստծո կամքը և ենթակվում նրան։ Մղել է մի շարք մարտեր փղշտացիների և այլ ցեղերի դեմ։ Աստիճանաբար, վիճաբանելով Սամուել մարգարեի հետ և հեռանալով Աստծո պատվիրաններից, Սավուղը կորցնում է իր սուրբ հովանավորությունը և կորցնում է ողջամտությունն ու ընկնում խավարի մեջ։ Գեղբուա լեռան վճռական ճակատամարտում նա օգնություն է խնդրում Աստծուց, սակայն Աստված մերժում է նրան, և իսրայելցի զինվորները ջախջախիչ պարտություն են կրում։ Սավուղը, վիրավորվելով նետերից, խնդրում է իր զինակիրներին, որ սպանեն իրեն, որպեսզի գերի չընկնի փղշտացիներին։ Սակայն զինակիրները նրա խնդրանքը չեն կատարում, և արքան ինքնասպան է լինում՝ սրով խոցելով իրեն[7]։