Ատլանտյան պատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ատլանտյան պատ
Նկարագրություն
Տեսակկառույց և ամրաշինական գիծ
Երկիր Ֆրանսիա
Կազմված է մասերիցԹիբորոն ամրոց
Կառուցված1942
ՊատվիրողԹոդտ կազմակերպություն
Շինանյութերկաթբետոն, պողպատ և անտառանյութեր
ՃակատամարտերԵրկրորդ համաշխարհային պատերազմ
 Atlantic Wall Վիքիպահեստում

Ատլանտյան պատ (գերմ.՝ Atlantikwall), ափամերձ պաշտպանության և ամրությունների ընդարձակ համակարգ, որը կառուցվել է Նացիստական Գերմանիայի կողմից 1942-1944 թվականներին Մայրցամաքային Եվրոպայի և Սկանդինավիայի ափերի երկայնքով՝ որպես պաշտպանություն Միացյալ Թագավորության կողմից նացիստների կողմից օկուպացված Եվրոպա սպասվող ներխուժումից, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։

Ատլանտյան պատի կառավարումն ու շահագործումը վարչականորեն վերահսկվել է Վերմախտի ցամաքային զորքերի կողմից՝ Լյուֆտվաֆե ցամաքային զորքերի որոշակի աջակցությամբ։ Գերմանական ռազմածովային նավատորմն (Կրիգսմարինե) ունեցել է առանձին առափնյա պաշտպանական ցանց՝ կազմակերպված մի շարք ծովային պաշտպանության գոտիներում (Seeverteidigung), որը նախատեսված էր ապահովելու գերմանական բոլոր ռազմածովային ուժերի օպերատիվ հրամանատարությունը տվյալ աշխարհագրական տարածքում թշնամու հարձակման դեպքում[1][2]։

Ամրությունները կառուցվել են 1942 թվականի Ֆյուրերի թիվ 40 հրահանգի միջոցով։ Այն կառուցելու համար զորակոչվել է ավելի քան կես միլիոն ֆրանսիացի բանվոր։ Պատը հաճախ է հիշատակվել նացիստական քարոզչության մեջ, որտեղ դրա չափերն ու ամրությունը սովորաբար չափազանցվել են։ Ամրացումները ներառել են մեծաքանակ ափամերձ թնդանոթներ, մարտկոցներ, ականանետեր և հրետանի, և հազարավոր գերմանական զորքեր են տեղակայվել նրա պաշտպանություններում[Ն 1]: Այսօր պատի ավերակներ կան բոլոր այն երկրներում, որտեղ այն կառուցվել է, չնայած շատ կառույցներ անցել են օվկիանոսի հատակի տակ կամ քանդվել տարիների ընթացքում։

Նախադրյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմը Եվրոպայում սկսվել է 1939 թվականի սեպտեմբերի 1-ին նացիստական Գերմանիայի ներխուժմամբ Լեհաստան։ Երկու օր անց Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պատերազմ են հայտարարել Գերմանիային[4]: Լեհաստանի աշխարհագրական դիրքը, սակայն, խանգարել է դաշնակիցների անմիջական միջամտելուն։

Հարձակումից չորս շաբաթ անց գերմանացիները հաջողությամբ օկուպացրել են Լեհաստանը[5]։ Այս հաղթանակից մեկ ամիս էլ չանցած Ադոլֆ Հիտլերը հրահանգել է, որ Գերմանիան պետք է պատրաստ լինի հարձակման Ֆրանսիայով և Պատմական նիդերլանդների (Ցածր երկրներ) միջով[5]։ Այնուամենայնիվ, Վերմախտի գերագույն հրամանատարությունը համոզված էր, որ նախապատրաստական աշխատանքները կձգվեն առնվազն մինչև հաջորդ տարի։ Բուռն վեճերից հետո Հիտլերն ակամա համաձայնել է սպասել[5]։ 1940 թվականի մայիսին գերմանական բանակի երեք զանգվածային խմբեր վեց շաբաթվա ընթացքում գրավել են Ֆրանսիան և Ցածր երկրները[5]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

1940-ական թվականներին Ատլանտյան պատի ամրությունների կառուցում
Ֆելդմարշալ Էրվին Ռոմելն Ատլանտյան պատի պաշտպանական կառույցների բելգիական Օստենդ նավահանգստի մոտ. ամրությունների մի մասը, որն այսօր Ռավերսիդեի Ատլանտյան պատի բացօթյա թանգարանն է ներառում

1941 թվականի հունիսի 2-ին` մինչ Ատլանտյան պատի որոշումը, կոմանդոների[6] մի շարք հարձակումներից հետո Մանշյան կղզիների քարտեզների հիման վրա Հիտլերը պաշտպանությունն անբավարար է գնահատել և 1941 թվականի հունիսի 13-ին Թոդտ կազմակերպությանը (OT)[7] հանձնարարել է ձեռնարկել 200–250 ամրացված կետերի կառուցումը մեծ կղզիներից յուրաքանչյուրում։ Կազմակերպությունը վերջնական տեսքի է բերել ծրագիրը, և ներկայացրել Հիտլերին[8]։ Պաշտպանության սկզբնական հրամանն ամրապնդվել է 1941 թվականի հոկտեմբերի 20-ով թվագրված երկրորդ հրամանով, հոկտեմբերի 18-ին Ֆյուրերի կոնֆերանսից հետո, որում քննարկվել է ինժեներների կողմից պահանջների գնահատումը[9]:197: Հրամայվել է Մանշյան կղզիների մշտական ամրացումը դարձնել անառիկ ամրոց, այն ավարտել 14 ամսվա ընթացքում[10]:448: Մանշյան կղզիների ամրացման նախագծի ղեկավարման համար ստեղծվել է XIV առաջատար հրամանատարական ամրոց (Festungspionierkommandeur XIV):

Վեց ամիս անց՝ 1942 թվականի մարտի 23-ին, Հիտլերը հրապարակել է Ֆյուրերի թիվ 40 հրահանգը, որը կոչ էր անում ստեղծել «Ատլանտյան պատ»։ Նա հրամայել է խիստ պաշտպանել ռազմածովային և սուզանավային բազաները։ Ամրացումները կենտրոնացվել են նավահանգիստների շուրջ մինչև 1943 թվականի վերջը, երբ պաշտպանությունն ավելացվել է նաև այլ տարածքներում[11]։ Այս որոշումը պահանջում էր բանակի ինժեներներից և Թոդտ կազմակերպությունից արագ կազմակերպվել։ Պահանջվող ամեն ինչը` ցեմենտի, պողպատե ամրացնող և զրահապատ թիթեղների զանգվածային պաշարները, պետք է տեղափոխել։ Ըստ նացիստական քարոզչության` պատը ձգվելու էր Նորվեգիայի հրվանդանից մինչև Ֆրանսիա-Իսպանիա սահմանը[12][13]։

Ռեգելբաու կամ ստանդարտ կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քողարկված գերմանական տորպեդային մարտկոց Նորվեգիայի հյուսիսում

Ռեգելբաու (գերմ.` Regelbau - ստանդարտ կառուցվածք) համակարգը օգտագործել է պլանների գրքեր 600-ից ավելի հաստատված բունկերի և կազեմատի տեսակներից յուրաքանչյուրի համար, որոնցից յուրաքանչյուրն ուներ հատուկ նպատակ։ Այն թարմացվել է թշնամու շինությունները գրավելուն և հետազոտվելուն զուգընթաց, նույնիսկ որոշներն արդյունավետության համար փորձարկելով մինչև ոչնչացում։ Պլանները ներառել են ստանդարտ առանձնահատկություններ, ինչպիսիք են մուտքի դուռը ուղիղ անկյան տակ, պաշտպանված օդի մուտք, 30 մմ (1,2 դյույմ) հաստւթյամբ պողպատե դռներ, օդափոխություն և հեռախոսներ[14] :7, ինչպես նաև ներքին պատերը՝ պատել փայտով, և վթարային ելքի համակարգ[15]։ Ընդհանուր առմամբ եղել են ավելի քան 200 ստանդարտացված զրահապատ մասեր[16] :350:

Ստանդարտացումը զգալիորեն պարզեցրել է սարքավորումների արտադրությունը, նյութերի մատակարարումը և շինարարության բյուջետային և ֆինանսական վերահսկողությունը, ինչպես նաև շինարարական նախագծերի պլանավորման արագությունը[17]:50: Դեֆիցիտը փոխհատուցելու համար պաշտպանական կառույցներում ներառվել են ֆրանսիական և օկուպացված այլ երկրների բանակների գրավված սարքավորումները, օգտագործվել են ոչ գերմանական հրետանու, հակատանկային և գնդացիրների համար նախատեսված կազեմատները և տոբրուկ խրամատային բունկերների հնացած տանկերի զրահաշտարակները ( turrets )[17]:51:

Թոդտ կազմակերպություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանացի զինվորը վերջերս գրավված գերմանական 380 մմ տրամաչափի Թոդտ մարտկոցի կողքին Մոխրագույն քիթ հրվանդանում (արմ. ֆլամ.` Koap Zwartenesse, Պա դը Կալե)

Թոդտ կազմակերպությունը, որը ձևավորվել է 1933 թվականին, նախագծել է Զիգֆրիդի գիծը նախապատերազմյան տարիներին ֆրանս-գերմանական սահմանի երկայնքով։ Թոդտը գլխավոր ինժեներական խումբն էր, որը պատասխանատու էր պատի հիմնական մարտկոցների տեղադրման և ամրությունների նախագծման և կառուցման համար[12][18]։

Թոդտը մատակարարել է վերահսկողներին և աշխատուժը, ինչպես նաև կազմակերպել է մատակարարումներ, մեքենաներ և տրանսպորտ՝ շինարարական ընկերությունների անձնակազմն ու սարքավորումները համալրելու համար։ Շինարարական ընկերություններից շատերը գերմանական էին, սակայն օկուպացված երկրների շինարարական ընկերությունները նույնպես պայմանագրերի համար հայտերը բաց են եղել. ընկերությունները կարող էին կամ դիմել Թոդտում աշխատանքի համար կամ զորակոչվել[17]:53: Եթե ընկերությունը ժամանակին չկարողանար ավարտել աշխատանքը, ինչը միշտ հնարավոր էր, քանի որ Թոդտը վերահսկում էր յուրաքանչյուր ընկերության նյութականը և աշխատուժը, կարող էր փակվել, կամ ավելի հավանական է տուգանվել, կամ միավորվել մեկ այլ ընկերության հետ՝ ավելի արդյունավետ և ավելի մեծ միավոր դարձնելու համար։ Այնուամենայնիվ, հաջողակ ընկերությունները կարող էին էական շահույթ ստանալ[17]:53–4:

Թոդտ ընկերությունը սահմանել է չափաբաժին անհրաժեշտ աշխատանքների համար և կնքել պայմանագրեր յուրաքանչյուր շինարարական ընկերության հետ, որտեղ սահմանվել է պայմանագրի գինը և պայմանները, ինչպիսիք են արդյունավետության համար բոնուսների վճարումները, ներառյալ Թոդտի աշխատողների համար աշխատավարձի դրույքաչափերը և բոնուսների վճարումները (որը կախված էր նրանց ազգությունից և հմտություններից)։ Յուրաքանչյուր տեղամասում կարող էին աշխատել մի քանի շինարարական ընկերություններ[17]։

Ատլանտյան պատի բունկեր-փիլբոքս Լե Տուկեից հարավ, Ֆրանսիա

Աշխատուժը բաղկացած էր հմուտ կամավորներից, ինժեներներից, դիզայներներից և վերահսկիչներից, որոնց վարձատրել են և լավ վերաբերվել։ Երկրորդ տեղում էին կամավոր աշխատողները, հաճախ հմուտ տեխնիկները, ինչպիսիք են ատաղձագործները, ջրմուղագործները, էլեկտրիկները և մետաղագործները։ Այս աշխատողները դարձյալ վարձատրվել են, արձակուրդ են գնացել և լավ վերաբերմունք ստացել։ Հաջորդը ոչ հմուտ հարկադիր աշխատանքն էր, որը շատ քիչ է վճարվել և բավականին դաժան վերաբերմունք ստացել։ Եվ վերջինը արդյունավետ ստրկական աշխատանքն էր, որը քիչ է վճարվել, վատ սնունդ և շատ դաժան վերաբերմունք ստացել[17]:75: Թոդտն անցկացրել է վերապատրաստման դասընթացներ՝ բարելավելու աշխատանքային հմտությունները[17]:18:

Աշխատողների մեծ պահանջը լուծելու համար Վիշիի ռեժիմը պարտադրել է պարտադիր աշխատանքային համակարգ՝ զորակոչելով մոտ 600,000 ֆրանսիացի բանվորներ՝ կառուցելու այս մշտական ամրությունները Հոլանդիայի, Բելգիայի և Ֆրանսիայի ափերի երկայնքով՝ դեպի Լա Մանշը[18]։ Թոդտի արդյունավետությունը նվազել է 1943 թվականի վերջին և 1944 թվականին աշխատուժի ճնշման, վառելիքի պակասի և աշխատատեղերի ռմբակոծման հետևանքով, ինչպիսիք են Հատուցման զենք (գերմ.` V-Waffen)[19] տեղամասերը, որտեղ որոշ կամավոր աշխատողներ հրաժարվել են աշխատել նման վտանգավոր տարածքներում[17]:50:

Շերբուրգի (Ֆրանսիա, Շերբուր ան Կոտանտեն) Թոդտ կազմակերպությունը 1944 թվականի հունվարին գործ ուներ 34 ընկերությունների հետ՝ 15000 աշխատողներով և 79 ենթակապալառուներով։ Ամենօրյա, շաբաթական և ամսական հաշվետվություններ, որոնք ցույց են տալիս առաջընթացը, աշխատանքի փոփոխությունները, օգտագործված նյութերը, նյութերի պաշարները, աշխատաժամանակը՝ ըստ հմտության տեսակի, եղանակը, սարքավորումների գույքագրումը և որակը, վերահսկողության մակարդակը, աշխատակիցների բացակայությունները, անձնակազմի համալրման մակարդակը, մահվան դեպքերը և բոլոր առաջացած խնդիրները ներկայացվել է Թոդտ կազմակերպությանը[17]:57:

Բրիտանական հարձակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1942-1943 թվականների մեծ մասի ընթացքում Ատլանտյան պատը եղել է անխռով ռազմաճակատ առանցքի զորքերի համար. այդ ընթացքում ընդամենը երկու լայնածավալ բրիտանական հարձակումներ են եղել։

  1. «Մարտակառք» օպերացիան, որը մեկնարկել է 1942 թվականի մարտին Սեն Նազերի մոտ, հաջողությամբ ոչնչացրել է գերմանական պոմպային տեխնիկան և լրջորեն վնասել Նորմանդիայի չոր նավամատույցը[Ն 2] և ամրակայանքները[20][21]։
  2. Դիեպի օպերացիան գործարկվել է ֆրանսիական Դիեպ նավահանգստի մոտ 1942 թվականի օգոստոսին՝ փորձարկելու գերմանական պաշտպանությունը և մարտական փորձ ապահովելու կանադական զորքերի համար[22]։

Գերմանացիները պարտություն են կրել Սեն Նազարում, բայց ոչ մեծ դժվարությամբ հետ են մղել հարձակումը Դիեպում, որտեղ նրանք մեծ կորուստներ են կրել։ Չնայած դաշնակցային ուժերի համար Դիեպի արշավանքը աղետ էր, բայց այն անհանգստացրել է Հիտլերին, ով վստահ էր, որ շուտով հետևելու է դաշնակիցների ներխուժումն Արևմուտք[23]։ Դիեպից հետո Հիտլերը ֆելդմարշալ Գերդ ֆոն Ռունդշտեդթին՝ Արևմուտքում գերմանական գերագույն գլխավոր հրամանատարին, հատկացրել է ևս 15 դիվիզիա՝ գերմանական դիրքերն ամրապնդելու համար[23]։

Վերակազմակերպում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանացի զինվորները դեսանտային նավերի համար «Ռոմելի ծնեբեկ» կոչվող խոչընդոտներ են դնում լողափին (1943 թվական)

1944 թվականի սկզբին, երբ դաշնակիցների ներխուժումը նացիստների կողմից օկուպացված Եվրոպա գնալով ավելի հավանական է դարձել, ֆելդմարշալ Էրվին Ռոմելին հանձնարարվել է բարելավել պատի պաշտպանությունը[24][23]։ Համարելով, որ գոյություն ունեցող ափամերձ ամրությունները լիովին անբավարար են, նա անմիջապես սկսել է ամրացնել դրանք[Ն 3]:

Ռոմելի ղեկավարությամբ հարյուրավոր երկաթբետոնե փիլբոքսեր (ամրակառույց կրակակետեր) են կառուցվել լողափերին, որոշները նաև ցամաքում՝ գնդացիրներ, հակատանկային զենքեր և թեթև ու ծանր հրետանի տեղադրելու համար։ Լողափերին տեղադրվել են ականներ և հակատանկային խոչընդոտներ, իսկ ծովափնյա ջրերում՝ ստորջրյա խոչընդոտներ և ծովային ականներ[26]։ Քչերին է հայտնի եղել, որ սենսորային զգայուն ականներ են տեղադրվել լողափի խոչընդոտներում։ Մտադրությունը դաշնակիցների դեսանտային նավերը ոչնչացնելն էր, նախքան բեռնաթափելը[26]։

Դ-օր (D-Day)[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորմանդիայում Լոնգ սյուր Մեր առափնյա մարտկոցի կազեմատներից մեկը, որը գնդակոծվել է ծովային հրազենից դաշնակիցների վայրէջքի ժամանակ

Դ-օրը[Ն 4] Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենահայտնի օրն է։ 1944 թվականի հունիսի 6-ին Դաշնակիցները վայրէջք են կատարել Նորմանդիայում[28], որը սկիզբ է դրել Արևմտյան դաշնակիցների ջանքերին՝ ազատագրելու Արևմտյան Եվրոպան նացիստական Գերմանիայից։

Գերմանացիներն այդ ներխուժմանը նախապատրաստվելով` գրեթե վեց միլիոն ական էին տեղադրել Հյուսիսային Ֆրանսիայում[24]։ Դրանից ավելի շատ գնդացրային կրակակետեր և ականապատ դաշտեր էին ձգվում լողափերից դեպի երկրի ներս տանող ճանապարհների երկայնքով[24]։

Կոինտեի պատնեշ Ֆրասիայի Կոլվիլ սյուր Մեր կոմունայում, որը հայտնի է նաև որպես բելգիական դարպաս[Ն 5]

Պլաներների (ճախրասավառնակ) և պարաշյուտիստ դեսանտավորների հավանական վայրէջքի վայրերում գերմանացիները տեղադրել են սրած գագաթներով թեք ձողեր, որոնք զորքերը անվանել են «Ռոմելի ծնեբեկ» (Rommelspargel)[29]: Դրանք ի լրումն գերմանացիների և Թոդտ կազմակերպության կողմից տեղադրված այլ խոչընդոտների էին, ինչպիսիք են չեխական ոզնիները, հակատանկային տետրաեդրաները[30], բելգիական դարպասները[31]։ Ցածրադիր գետերի և ողողվող գետաբերանների տարածքները դիտավորյալ հեղեղվել էին[23]։

Ռոմելը կարծում էր, որ Գերմանիան անխուսափելիորեն կպարտվի, եթե ներխուժումը հնարավոր չլինի դադարեցնել լողափում՝ հայտարարելով. «Անհրաժեշտ է, որ մենք բրիտանացիներին և ամերիկացիներին հետ մղենք լողափերից։ Հետո արդեն ուշ կլինի, ներխուժման առաջին 24 ժամը վճռորոշ է լինելու»[26]։

Մանշյան կղզիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես Ատլանտյան պատի մի մաս, 1940-1945 թվականներին գերմանական օկուպացիոն ուժերը և Թոդտ կազմակերպությունը կառուցել են ամրություններ Լա Մանշի կղզիների ափերի շուրջ, ինչպիսին է այս դիտաշտարակը Մոլթկեի մարտկոցում (Ջերսի)

Մանշյան կղզիները մեծապես ամրացված էին, մասնավորապես Օլդերնի կղզին, որն ամենամոտն է Բրիտանիային։ Հիտլերը որոշում էր կայացրել, որ Ատլանտյան օվկիանոսի պատում օգտագործվող պողպատի և բետոնի մեկ տասներկուերորդ մասը պետք է գնա Մանշյան կղզիներ՝ բրիտանական տարածքը վերահսկելու քարոզչական կարևորության պատճառով[32]։ Կղզիները եղել են Եվրոպայի ամենախիտ ամրացված տարածքներից մի քանիսը, որտեղ կան Հոհլգանգսանլագի թունելներ (Ջերսի)[Ն 6], կազեմատներ և ափամերձ հրետանային ամրացված դիրքեր[34]։

Այնուամենայնիվ, Մանշյան կղզիները չունեին ռազմավարական նշանակություն, և դաշնակիցները շրջանցեցին դրանք, երբ ներխուժեցին Նորմանդիա։ Արդյունքում, կղզիներում տեղակայված գերմանական կայազորները չէին հանձնվում մինչև 1945 թվականի մայիսի 9-ը՝ Եվրոպայում հաղթանակի օրվանից մեկ օր անց։ Օլդերնիի կայազորը հանձնվել է միայն մայիսի 16-ին։ Քանի որ գերմանական կայազորների մեծ մասը հանձնվել է խաղաղ ճանապարհով, Նորմանդյան կղզիներում գտնվում են Ատլանտյան օվկիանոսի պատի ամենալավ պահպանված վայրերը[35]։

Բերդամրոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ խոշոր նավահանգիստներ և դիրքեր են ընդգրկվել Ատլանտյան պատի մեջ՝ խիստ ֆորտիֆիկացվելով։ Հիտլերը հրամայել էր բոլոր դիրքերում պայքարել մինչև վերջ, և դրանցից մի քանիսը մնացել են գերմանացիների ձեռքում մինչև Գերմանիայի անվերապահ հանձնումը։ Նավահանգստի մի քանի ամրոցներ դաշնակից ուժերի կողմից շրջապատված լինելուց հետո համալրվել են սուզանավերով։ Այդ դիրքերի պաշտպանների թվում էին Վերմախտի օտարերկրյա կամավորներ և ժամկետային զինծառայողներ և ՍՍ-ի զորքերը[36]։

Վայր Հրամանատար Կայազորի թվաքանակը Նշումներ Հանձնվել է Հղում
Օլդենի Լիստ Մաքսիմիլիան 3,200 Օլդենիի ֆորտիֆիկացիաներ 16 մայիսի
1945
[37]
Անտվերպեն Գուստավ ֆոն Զանգեն 90,000 Շելդտի ճակատամարտը 8 նոյեմբերի
1944
[38]
Բուլոն սյուր Մեր Ֆերդինանդ Հեյմ 10,000 «Վելհիտ» գործողություն 22 սեպտեմբերի
1944
[23]
Բրեստ Հերման Բերնանրդ Ռամկե 38,000 Բրեստի ճակատամարտ 19 սեպտեմբերի
1944
[39]
Կալե/Մոխրագույն քիթ հրվանդան Լյուդվիգ Շրյոդեր 7,500 Կալեի պաշարում 30 սեպտեմբերի
1944
[23]
Շերբուրգ Ավգուստ Կարլ-Վիլհելմ ֆոն Շլիբեն 47,000 Շերբուրգի ճակատամարտ 27 հունիսի
1944
[23]
Դյունկերկ Ֆրիդրիխ Ֆրիսիուս 12,000 Դյունկերկի պաշարում 8 մայիսի
1945
[40]
Գերնսի Ռուդոլֆ Գրաֆ ֆոն Շմետտոու

ապա Ֆրիդրիխ Հյուֆմայերը

11,700 Գերնսիի գերմանական ամրացում 9 մայիսի
1945
[23]
Ջերսի Ռուդոլֆ Գրաֆ ֆոն Շմետտոու, ապա Ֆրիդրիխ Հյուֆմայեր 11,600 Գերմանական օկուպացիան Մանշի կղզիների վրա

Գերմանիայի կողմից օկուպացված Մանշ կղզիների ազատագրում

9 մայիսի
1945
[41]
Լա Ռոշել Էռնստ Շիրլից 11,500 Լա Ռոշելի դաշնակիցների հաղթանակը 9 մայիսի
1945
[42]
Հավր Հերման-Էբերհարդ Ուայլդերմուտ 14,000 «Աստոնիա» գործողություն 12 սեպտեմբերի
1944
[23]
Լե Վերդոն-սյուր-Մեր Օտտո Պրահլ 3,500
20 ապրիլի
1945
[43]
Լորյան Վիլհելմ Ֆահրմբախեր 25,000
10 մայիսի
1945
[44]
Օստենդե Էրիխ Յուլիուս Մյուլբե, գնդապետ 60,000
7 սեպտեմբերի
1944
[45]
Ռուայան Հանս Միխահելես 5,000
17 ապրիլի
1945
[44]
Սեն Մալո/Դինար Անդրեաս ֆոն Օլոկ 12,000
17 օգոստոսի
1944
[46]
Սեն Նազար Հանս Յունկ 35,000
11 մայիսի
1945
[44]
Զեբրյուգե Կնուտ Էբերդինգ 14,000
1 նոյեմբերի
1944
[47]

Պաշտպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աուդինգեն համայնքում Թոդտ մարտկոցը ( Պա դը Կալե ) 2008 թվականին

Շատ ֆրանսիական շինարարական ընկերություններ ֆինանսական օգուտներ են քաղել Ատլանտյան պատի կառուցմանն օգնելով։ Այդ ընկերությունները հետպատերազմյան շրջանում չեն պատժվել[48]։

Պատերազմից անմիջապես հետո, նացիստական օկուպացիայի հետ կապված բացասական հիշողությունների պատճառով պատի պահպանման նկատմամբ հետաքրքրությունը քիչ էր։ Լողափերի որոշ ամրացումներ տապալվել են կամ գտնվում են ջրի տակ, մինչդեռ ավելի ցամաքային ամրությունները դեռևս գոյություն ունեն հիմնականում իրենց գտնվելու դիրքի պատճառով[49]:

Լավագույն պահպանված մասերից մեկը Թոդտ մարտկոցն է։ 2011 թվականին պատի պահպանման նոր ջանքերը գլխավորում էին Գերմանիայի, Նիդեռլանդների և Միացյալ Թագավորության կազմակերպությունները։ Հարց է բարձրացվել, թե արդյոք Ֆրանսիան պետք է պատը հռչակի որպես Ազգային հուշարձան, որպեսզի այն պահպանվի։ Սակայն մինչ այժմ ոչ մի կառավարություն դա չի նախատեսել[50]։

1975 թվականին Փարիզի Պոմպիդու կենտրոնում բացել է «Հնագիտական բունկեր» (Bunker archéologie) խորագրով ցուցահանդեսը[51]։

Այլուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև պաշտպանական պատը երբեք ամբողջությամբ չի ավարտվել, շատ բունկերներ դեռևս կան Օստենդի, Մանշի կղզիների, Շևենինգենի, Հաագայի, Կատվեյկի, Նորդվեյկի, Դեն Հելդերի մոտ և Սկանդինավիայում (հատկապես Դանիա և Նորվեգիա)[52]:

Վավերագրական նյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Lightning War (հեռուստատեսային վավերագրական). United States: World War II in HD Colour. 2009. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 22-ին.
  • The Great Landings (հեռուստատեսային վավերագրական). France: France 2. 2009. Վերցված է 2015 թ․ մարտի 22-ին.
  • Overlord (հեռուստատեսային վավերագրական). United States: World Media Rights. 2009. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 22-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դեռևս կանգնած պատի բազմաթիվ կառույցներ լուսանկարել են Ջոնաթան Էնդրյուն[53] և Ստեֆան Վանֆլետերենը[54]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Առափնյա պաշտպանությունը Հյուսիսային հրվանդանի երկայնքով մինչև իսպանական սահմանը ներառում էր հրետանի և ռազմածովային թնդանոթներ` 105 մմ-ից մինչև 406 մմ տրամաչափի, և կազմակերպված էին ավելի քան 600 մարտկոցների մեջ։ Բացի այդ, կային 75 մմ-ից 90 մմ տրամաչափի թնդանոթներ ավելի քան 250 մարտկոց, ներառյալ հակաօդային հրետանին[3]։
  2. Երկու մակարդակի շլյուզների միջոցով նավահանգստում վերահսկվել է ջրի մակարդակը, որպեսզի այն չփոխվի մակընթացությունների ազդեցության տակ։
  3. Ռոմելի հիմնական մտահոգությունը դաշնակիցների օդուժն էր։ Նա դա տեսել էր Հյուսիսային Աֆրիկայում բրիտանացիների և ամերիկացիների դեմ կռվելիս[25], և խորապես տպավորված էր[23]։ Նա մտավախություն ուներ, որ գերմանական ցանկացած հակահարձակում դաշնակիցների օդանավերով կջախջախվի շատ ավելի շուտ, քան կկարողանար փոփոխություն մտցնել[23]։
  4. Ռազմական գործում Դ-օր նշանակում է ծածկագրված անվանում, որն օգտագործվում է ցանկացած կարևոր ներխուժման կամ ռազմական գործողության օրվա համար[27]։
  5. Բելգիական դարպասը շարժական պողպատե հակատանկային և հակահետևակային պատնեշ է, որը հավաքվում էր 3 մետր լայնությամբ և 2,5 մետր բարձրությամբ տարրերից, տեղադրվում երեք գլանների վրա։ Այն կշռում էր 1400 կգ։
  6. Hohlgangsanlage բառը գերմաներեն թարգմանվում է որպես «քարանձավային անցումների տեղակայումներ»[33]։ Մանշյան կղզիների թունելները Ատլանտյան օվկիանոսի պատի միակ թունելներն են, որոնք կոչվում են Hohlgangsanlagen:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lohmann W. & Hildebrand H., Die Deutsche Kriegsmarine, Verlag Hans-Henning Podzun, Bad Nauheim (1956)
  2. «The Kriegsmarine and Compound War at Sea in WWII | Center for International Maritime Security» (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հունվարի 2. Վերցված է 2024 թ․ փետրվարի 21-ին.
  3. J.E Kaufmann,The Atlantic Wall: History and Guide, 2012
  4. Lightning War, 2009
  5. 5,0 5,1 5,2 5,3 Lightning War (2009)
  6. «Commando definition and meaning | Collins English Dictionary».
  7. «World War II German military organization Organization Todt». histclo.com. Վերցված է 2024 թ․ փետրվարի 21-ին.
  8. «History:Fortifying Guernsey». Festung Guernsey. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 9-ին.
  9. Cruickshank, Charles (2004). The German Occupation of the Channel Islands. The History Press; New edition (30 June 2004). ISBN 978-0750937498.
  10. Bell, William. Guernsey Occupied but Never Conquered. The Studio Publishing Services (2002). ISBN 978-0952047933.
  11. Kaufmann & Robert (2003), էջեր. 196–197
  12. 12,0 12,1 Hakim (1995), էջ. 161
  13. Darman (2012)
  14. Gavey, Ernie (2001). German Fortifications of Guernsey. Guernsey Armouries. ISBN 978-0953163106.
  15. «The Regelbau concept». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 10-ին.
  16. Kaufmann, J.E.; և այլք:. Fortress Third Reich: German Fortifications and Defense Systems in World War II. Da Capo Press, 2007. ISBN 9780306816352.
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 17,5 17,6 17,7 17,8 Handbook of the Organisation Todt - part 1. Military Intelligence Records Section, London Branch. 1945 թ․ մայիս.
  18. 18,0 18,1 The Great Landings (2009)
  19. «V-Weapons Crossbow Campaign». www.allworldwars.com. Վերցված է 2024 թ․ փետրվարի 22-ին.
  20. Mountbatten (2007), էջ. 72
  21. «The Raid on St. Nazaire : History : HMS Campbeltown : Type 22 Frigates : Surface Fleet : Operations and Support : Royal Navy». web.archive.org. 2009 թ․ դեկտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2024 թ․ փետրվարի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  22. «BBC - History - World Wars: The Dieppe Raid». www.bbc.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 22-ին.
  23. 23,00 23,01 23,02 23,03 23,04 23,05 23,06 23,07 23,08 23,09 23,10 Overlord (2009)
  24. 24,0 24,1 24,2 Darman (2012), էջեր. 8–9
  25. «WarMuseum.ca - Democracy at War - The North African Campaigns, 1940-1943 - Operations». www.warmuseum.ca (անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 23-ին.
  26. 26,0 26,1 26,2 Assault Plan
  27. «D-Day Museum and Overlord Embroidery». web.archive.org. 2015 թ․ դեկտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 23-ին.
  28. «Home | D-Day | June 6, 1944 | The United States Army». www.army.mil (անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 23-ին.
  29. Ambrose (1994), էջեր. 221–222
  30. «Les obstacles de plage». Centre Juno Beach (ֆրանսերեն). 2018 թ․ փետրվարի 23. Վերցված է 2024 թ․ փետրվարի 23-ին.
  31. «Porte belge porte Cointet C-element». presqu-ile-de-crozon.com. Վերցված է 2024 թ․ փետրվարի 23-ին.
  32. Stephenson & Taylor (2013), էջեր. 11–12
  33. Stephenson, Charles (2006 թ․ փետրվարի 28). The Channel Islands 1941–45: Hitler's Impregnable Fortress. ISBN 9781841769219. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 1-ին.
  34. McNab (2014)
  35. Stephenson & Taylor (2013), էջեր. 64–65
  36. Kaufmann & Robert (2003)
  37. Kaufmann & Robert (2003), էջ. 14
  38. Zuehlke (2009), էջ. 527
  39. Saunders (2001), էջ. 210
  40. Williams (2013), էջ. 148
  41. Jersey (2015)
  42. Saunders (2001), էջ. 180
  43. Pauls & Facaros (2007), էջ. 270
  44. 44,0 44,1 44,2 McNab (2014), էջ. 179
  45. Delaforce (2005), էջ. 134
  46. Saunders (2001), էջ. 165
  47. Hastings (2004), էջ. 158
  48. Prieur, Jerome (2010). Le Mur Atlantique. ISBN 978-2207108802.
  49. Hitler's Atlantic Wall
  50. «Hitler's Atlantic Wall: Should France preserve it?». BBC. 2011 թ․ սեպտեմբերի 13.
  51. Valentin, Sanitas. «« Bunker archéologie » (1976) : l'espace mis en page». problemata.org (ֆրանսերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 23-ին.
  52. Williamson, 2012, էջեր 7–8
  53. Archiobjects (2015 թ․ մարտի 29). «Jonathan Andrew photography - Impressive Bunkers of WWII». Archiobjects (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 22-ին.
  54. «Atlantic Wall». Stephan Vanfleteren (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 22-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ատլանտյան պատ» հոդվածին։