Մայքլ Ֆարադեյ
Էլեկտրամագնիսականություն |
---|
Մագնիսականություն |
Մայքլ Ֆարադեյ (անգլ.՝ Michael Faraday, սեպտեմբերի 22, 1791[1][2][3][…], Նյուինգտոն Բաթս, Սաութուրք[4] - օգոստոսի 25, 1867[5][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[6]), անգլիացի քիմիկոս և ֆիզիկոս, Լոնդոնյան թագավորական միության (1824 թ.) և շատ ուրիշ առաջատար կազմակերպությունների անդամ, այդ թվում՝ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի անդամ (1830 թ.)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1791 թվականի սեպտեմբերի 22-ին Լոնդոնի արվարձանում, դարբնի ընտանիքում։ 13 տարեկանից աշխատել է գրքերի խանութում որպես առաքիչ, այնուհետև տպարանում՝ որպես աշակերտ։ Զբաղվել է ինքնակրթությամբ՝ կարդալով քիմիայի և էլեկտրականության մասին գրքեր, կարդալու ընթացքում փորձեր անելով։
1813 թ. պատվիրատուներից մեկը Ֆարադեյին է նվիրել Թագավորական Ինստիտուտում Համֆրի Դեվիի դասախոսություններին մասնակցելու հրավիրատոմս, որն էլ վճռորոշ դեր է խաղացել նրա կյանքում։ Դեվիի շնորհիվ Թագավորական ասոցիացիայում ստացել է ասիստենտի տեղ։ 1813-1815 թթ. Դեվիի հետ շրջել է Եվրոպայում, այցելել մի շարք երկրների լաբորատորիաներ։ 1824 թ. Ֆարադեյն ընտրվել է Թագավորական ընկերության անդամ, 1825 թ. դարձել է Թագավորական ասոցիացիայի լաբորատորիայի տնօրեն։
Լայն ճանաչում են ստացել նրա հրապարակային դասախոսությունները։
Փորձերի արդյունքում հայտնաբերվեց էլեկտրոլիզի օրենքը (Ֆարադեյի օրենքներ)։ 1830-ականներին առաջարկել է դաշտի հասկացությունը, 1845 թ. առաջին անգամ օգտագործել է «մագնիսական դաշտ» տերմինը, իսկ 1852 թվականից ձևակերպել է դաշտի տեսությունը։
Նրա անունով է կոչվում իր փորձարկած գլանը, որով կարելի է չափել էլեկտրական լիցքը, իր անունն է ստացել նաև ֆիզիկական այն երևույթը, երբ կատարվում է հաստատուն մագնիսական դաշտի ուժագծերի երկայնքով նյութում տարածվող էլեկտրամագնիսական ալիքի (օրինակ, գծայնորեն բևեռացված լույսի) բևեռացման հարթության պտույտ։
Մահացել է 1867 թ. օգոստոսի 25-ին։
Թագավորական ինստիտուտի լաբորանտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայքլը ոչ միայն հետաքրքրությամբ լսեց, այլ նաև մանրամասն գրի առավ և կազմեց Դևիի 4 դասախոսությունները, որը ուղարկել էր նրան նամակի հետ միասին, խնդրանքով, որ աշխատանքի ընդունի նրան Թագավորական ինստիտուտ։ Այդ, ինչպես ինքը՝ Ֆարադեյը արտահայտվեց, «խիզախ և միամիտ քայլը» որոշիչ ազդեցություն ունեցավ նրա ճակատագրի վրա։ Պրոֆեսորը, ինքն անցնելով ճանապարհը դեղագործի աշակերտից մինչև լորդ, հիացած էր պատանու ծավալուն աշխատանքով, բայց այդ պահին ինստիտուտում չկային թափուր աշխատատեղեր, և Մայքլի խնդրանքը կատարված էր միայն մի քանի ամիս անց։ 1813 թ. սկզբին Դևին, ով ինստիտուտում քիմիական լաբորատորիայի տնօրենն էր, հրավիրեց 22-ամյա պատանուն Թագավորական ինստիտուտի լաբորանտի ազատված տեղ։
Ֆարադեյի պարտականությունների մեջ էին մտնում հիմնականում օգնություն պրոֆեսորներին և ինստիտուտի մնացած դասախոսներին դասախոսության պատրաստման հարցում, նյութական արժեքների հաշվառում և խնամք։ Բայց նա ջանում էր օգտագործել ցանկացած հնարավորություն իր կրթությունը լրացնելու համար, և առաջին հերթին՝ ուշադիր լսում էր բոլոր պատրաստած դասախոսությունները։ Միաժամանակ Ֆարադեյը, Դևիի բարյացակամ աջակցությամբ, անց էր կացնում սեփական քիմիական փորձերն իրեն հետաքրքրող հարցերով։ Իր աշխատանքային պարտականությունները Ֆարադեյը կատարում էր այնպես ուշադիր և հմտորեն, որ շուտով դառնում է Դևի անփոխարինելի օգնականը։
1813 թ. աշնանը Ֆարադեյը պրոֆեսորի և նրա կնոջ հետ, որպես օգնական և քարտուղար, ուղևորվեց երկամյա ճանապարհորդության դեպի Եվրոպայի գիտական կենտրոններ, քիչ առաջ պարտված Նապոլեոնին։ Այս ճանապարհորդությունը Ֆարադեյի համար մեծ նշանակություն ունեցավ. Դևիին, ինչպես համաշխարհային մասշտաբով նշանավոր անձնավորություն, դիմավորում էին այդ ժամանակների շատ աչքի ընկնող գիտնականներ, այդ թվում՝ Անդրե Ամպերը, Միշել Շևրոլը, Ժոզեֆ Լուի Գեյ-Լյուսակը և Ալեսսանդրո Վոլտան։ Նրանցից ոմանք ուշադրություն դարձրին փայլուն հնարավորություններով երիտասարդ անգլիացուն։
Ճանապարհ դեպի գիտություն (1815-1821)
[խմբագրել | խմբագրել կոդը]1815 թ. մայիսին Արքայական ինստիտուտ վերադառնալուց հետո Ֆարադեյն անցնում է ինտենսիվ աշխատանքի օգնականի նոր պաշտոնում, որն ուներ բավականին բարձր վարձատրություն՝ ամսական 30 շիլլինգ։ Նա շարունակեց ինքնուրույն գիտական հետազոտությունները, որոնցով զբաղվում էր մինչ ուշ գիշեր։ Արդեն այս ժամանակ ի հայտ են գալիս Ֆարադեյի տարբերիչ հատկանիշները՝ աշխատասիրությունը, մեթոդիկությունը, փորձերի կատարման մանրամասնությունը, ձգտումը թափանցել հետազոտվող խնդրի խորքը։ 19-րդ դարի առաջին կեսին նա արժանանում է «փորձերի արքայի» համբավին։ Ամբողջ կյանքի ընթացքում նա պահում էր իր փորձերի կոկիկ լաբորատոր օրագրեր (հրատարակվել են 1931 թ.)։ Էլեկտրամագնիսականության թեմայով վերջին փորձը նշվում է համապատասխան օրագրում 16041 համարով։ Ընդամենն իր կյանքի ընթացքում Ֆարադեյն անցկացրել է շուրջ 30000 փորձ[18]։
1816 թ. ի հայտ եկավ Ֆարադեյի առաջին տպագիր աշխատությունը (տոսկանական կրաքարի քիմիական բաղադրության վերլուծության մասին), հաջորդ 3 տարիների ընթացքում հրապարակումների քանակն անցավ 40-ը, հիմնականում քիմիայի թեմայով։ Սկսվում է Ֆարադեյի նամակագրությունը եվրոպական մեծ ֆիզիկոսների ու քիմիկոսների հետ։ 1820 թ. Ֆարադեյն անցկացնում է մի քանի փորձ նիկելի հավելումներով պողպատի ձուլման վերաբերյալ։ Այս աշխատանքը համարվում է չժանգոտող պողպատի հայտնագործումը, որն այն ժամանակ չհետաքրքրեց մետաղագործներին[19]։
1821 թ. Ֆարադեյի կյանքում տեղի ունեցան մի քանի կարևոր իրադարձություններ։ Հուլիսին նա ամուսնացավ 20-ամյա Սարա Բերնարդի հետ (անգլ.՝ Sarah Barnard, 1800-1879 թթ.), ով իր ընկերոջ քույրն էր։ Ժամանակակիցների խոսքերով ամուսնությունը երջանիկ էր, Մայքլն ու Սարան միասին ապրեցին 46 տարի։ Ամուսիններն ապրոմ էին Արքայական ինստիտուտի վերին հարկում։ Քանի որ երեխա չունեին, դաստիարակում էին իրենց որբ մանկահասակ զարմուհի Ջեյնին. Ֆարադեյը նաև միշտ հոգ էր տանում իր մոր՝ Մարգարեթի, մասին (մահացավ 1838 թ.)[20]։ Ինստիտուտում Ֆարադեյը ստացավ Արքայական ինստիտուտի շենքի ու լաբորատորիաների տեխնիկական տեսուչի (անգլ.՝ Superintendent of the House) պաշտոնը։ Վերջապես, նրա փորձնական հետազոտությունները սկսեցին անվերադարձ ուղղվել դեպի ֆիզիկան։ Ֆիզիկայի թեմայով մի քանի արժեքավոր աշխատություններ, հրապարակված 1821 թ., ցույց տվեցին, որ Ֆարադեյը բավականին կայացել է, որպես խոշոր ֆիզիկոս։ Դրանցից ամենակարևորն էր համարվում էլեկտրաշարժիչի հայտնագործման մասին հոդվածը, որից փաստորեն սկսում է արդյունաբերական էլեկտրատեխնիկան։
Էլեկտրաշարժիչի ստեղծումը․ գիտական հանրաճանաչություն (1821-1830)
[խմբագրել | խմբագրել կոդը]1820 թվականից Ֆարադեյին չափազանց հետաքրքրեց էլեկտրականության և մագնիսականության միջև կապերի հետազոտության խնդիրը։ Այդ ժամանակ արդեն գոյություն ուներ հիմնականում մշակված էլեկտրոստատիկայի գիտությունը՝ շնորհիվ Կառլ Գաուսի և Ջորջ Գրինի ջանքերի։ 1800 թ. Ալեսանդրո Վոլտան բացահայտեց մշտական հոսանքի հզոր աղբյուր («վոլտի սյուն»), և արագորեն սկսեց զարգանալ նոր գիտությունը՝ էլեկտրոդինամիկան։ Միանգամից ստեղծվեցին երկու վաստակավոր հայտնագործությունները՝ էլեկտրոլիզը (1800 թ.) և էլեկտրական աղեղը (1802 թ.)։
Սակայն կարևոր իրադարձությունները սկսվեցին 1820 թ., երբ Էրստեդը փորձով բացահայտեց մագնիսական սլաքի շեղումը հոսանքի աշխատանքի ժամանակ։ Էլեկտրականությունը և մագնիսականությունը կապող առաջին տեսությունները առաջ են քաշել Բիոն, Սավարը՝ նույն թվականին, և ավելի ուշ Լապլասը (Բիո-Սավարա-Լապլասի օրենք), Անդրե Մարի Ամպերը, սկսելով 1822 թվականից, հրապարակեց էլեկտրոմագնիսականության իր թեորեմը, ըստ որի, երկարատև փոխազդեցությունը երկու հոսանքակիր հաղորդալարերի առաջնային երևույթն է։ Ամպերի բանաձևը հոսանքակիր երկու լիցքերի փոխազդեցության մասին անցավ դասագրքերի մեջ։ Դրանցից բացի, Ամպերը բացահայտեց էլեկտրամագնիսը (սոլենոիդ)։
Մի քանի փորձերից հետո Ֆարադեյը 1821 թվականին հրապարակեց տրակտատ «Մի քանի նոր էլեկտրոմագնիսների աշխատանքի և մագնիսականության տեսության մասին», որտեղ ցույց տվեց, ինչպես ստիպել մագնիսական սլաքին անընդհատ շեղվել մագնիսական բևեռներից մեկի շուրջը։ Էությամբ այս կոնստրուկցիան իրենից ներկայացնում էր դեռևս անավարտ, բայց լիովին հարմար էլեկտրաշարժիչ, առաջին անգամ աշխարհում գոյություն ունեցող անընդհատ էլեկտրական էներգիայի փոխակերպում մեխանիկականի[21]։ Ֆարադեյի անունը դառնում է աշխարհով հայտնի։
1821 թվականի վերջում, որը Ֆարադեյի համար ամբողջովին հաղթական էր, մթնեցրեց զրպարտանքը։ Հայտնի քիմիկոս և ֆիզիկոս Վիլյամ Վոլլաստոնը բողոքեց Դևիին, որ Ֆարադեյի փորձը սլաքների պտտման հետ իր վոլլաստոնյան գաղափարի (փորձնականորեն երբեք չիրականացված) գրագողությունն է։ Պատմությունը հրապարակային դարձավ, և Ֆարադեյին պատճառեց ոչ պակաս տհաճություն։ Դևին դարձավ Վոլլաստոնի կողմնակից, իսկ Ֆարադեյի հետ հարաբերութունները նկատելիորեն վատթարացան։ Հոկտեմբերին Ֆարադեյը հասավ անհատական հանդիպման Վոլլաստոնի հետ, որտեղ պարզաբանեց իր դիրքը, և տեղի ունեցավ հաշտություն։ Սակայն 1824 հունվարին, երբ Ֆարադեյը ընտրվեց Լոնդոնի թագավորական ընկերության անդամ, Դևին՝ այդ ժամանակվա թագավորական հասարակության նախագահը, միակն էր, ով քվեարկեց դեմ[22] (Վոլլաստոնը քվեարկեց կողմ)[23]։ Ֆարադեյի և Դևիի հարաբերությունները հետագայում լավացան, բայց կորցրին նախկին մտերմությունը, չնայած Դևին սիրում էր կրկնել, որ իր բոլոր հայտնագործություններից ամենանշանակալիցը «Ֆարադեյի բացահայտումն է»[24]։
Ֆարադեյի գիտական գործունեության ընդունումը դարձավ նրա ընտրվելը Փարիզի գիտությունների ակադեմիա՝ որպես թղթակից անդամ (1823 թ.)։ 1825 թվականին Դևին որոշեց թողնել Թագավորական ինստիտուտի լաբորատորիայի ղեկավարումը և առաջարկեց Ֆարադեին նշանակել ֆիզիկայի և քիմիայի լաբորատորիաների տնօրեն, որը շուտով իրականացավ։ Դևին մահացավ շարունակական հիվանդությունից 1829 թվականին։
Էլեկտրոմագնիսականության ֆարադեյական ուսումնասիրությունների սկզբնական հաջողություններից հետո սկսվեց տասամյա դադարը, և մինչև 1831 թվականը նա գրեթե չի հրապարակել աշխատանքներ այդ թեմայով։ Փորձերը չէին տալիս ցանկալի արդյունք, նոր պարտականությունները խանգարում էին, հնարավոր է նաև ազդեցություն թողեց 1821 թվականի տհաճ սկանդալը[25]։
1830 թվականին Ֆարադեյը ստացավ պրոֆեսորական կաֆեդրա՝ սկզբում Թագավորական ռազմական ակադեմիայում (Վուլիջ), իսկ 1833 թվականին՝ նաև Թագավորական ինստիտուտում (քիմիայից)։ Նա դասախոսություններ է կարդացել ոչ միայն Թագավորական ինստիտուտում, այլ նաև մի քանի այլ կազմակերպություններում և խմբակներում։ Ժամանակակիցները չափազանց բարձր են գնահատել Ֆարադեյի դասավանդման հմտությունները, որոնք ունակ են համատեղել դիտողականությունը և հասանելիությունը՝ խորությամբ քննելով առարկան[26]։ Նրա հայտնի գիտական գլուխգործոցը երեխաների համար՝ «Մոմի պատմությունը» (հայտնի դասախոսություններ, 1861 թ. մինչ այսօր հրատարակվում է։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Гершун А. Л. Фарадей, Михаил (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1902. — Т. XXXV. — С. 299—301.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 J. T-l. Faraday, Michael // Dictionary of National Biography / L. Stephen, S. Lee — London: Smith, Elder & Co., 1885. — Vol. 18. — P. 190—202.
- ↑ 5,0 5,1 5,2 Faraday, Michael // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 www.accademiadellescienze.it (իտալ.)
- ↑ 7,0 7,1 Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ 8,0 8,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ https://www.biodiversitylibrary.org/item/89120#page/227
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
- ↑ Biodiversity Heritage Library — 2006.
- ↑ 14,0 14,1 Award winners : Copley Medal — Royal Society.
- ↑ https://royalsociety.org/grants-schemes-awards/awards/rumford-medal/
- ↑ https://www.thersa.org/about/albert-medal/past-winners
- ↑ Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ Ryan D. Tweney. Faraday’s notebooks: the active organization of creative science. In: Physics Education. Vol 26, № 5, Institute of Physics Publishing, 1991, p. 301-306
- ↑ «Մայքլ Ֆարադեյի կենսագրությունը». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ Кудрявцев П. С., 1974, Том I, С. 438.
- ↑ Радовский М. И., 1936, էջ 48-49.
- ↑ Цейтлин З., 1939, էջ 292.
- ↑ Радовский М. И., 1936, էջ 54-57.
- ↑ Цейтлин З., 1939, էջ 294.
- ↑ Hamilton, James (2004). A Life of Discovery: Michael Faraday, Giant of the Scientific Revolution. New York: Random House. ISBN 1-4000-6016-8, pp. 165-171, 183, 187-190.
- ↑ Радовский М. И., 1936, էջ 70.
- ↑ Մայքլ Ֆարադեյ
- ↑ Կենսագրության արխիվ. Մաքյլ Ֆարադեյ
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայքլ Ֆարադեյ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայքլ Ֆարադեյ» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 22 ծնունդներ
- 1791 ծնունդներ
- Օգոստոսի 25 մահեր
- 1867 մահեր
- Լոնդոն քաղաքում մահացածներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Լեոպոլդինայի անդամներ
- Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Հունգարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Նիդերլանդների արվեստի և գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Բավարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշանակիրներ
- Կոպլիի մեդալակիրներ
- Թագավորական շքանշանով պարգևատրվածներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Անգլիացի ֆիզիկոսներ
- Անգլիացի քիմիկոսներ
- Մայքլ Ֆարադեյ
- Անգլիացի գիտնականներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով
- Փորձարարական ֆիզիկոսներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամներ
- Անգլիացի գյուտարարներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ