Օֆշորային գոտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշխարհի օֆշորային գոտինները

Օֆշորային գոտի (անգլ.՝ offshore zone - «ծովեզերքից անդին»), պետության տարածք, կամ դրա մի մասը, որտեղ, օտարերկրյա կապիտալի ներհոսք խթանելու նպատակով, գործում է ոչ ռեզիդենտ ընկերությունների հատուկ և դյուրին գրանցման համակարգ և ուր այդ ընկերություններին տրամադրվում են հարկային և այլ արտոնություններ։

Պատմություն[խմբագրել]

«Օֆշոր» եզրը առաջին անգամ կիրառվել է 20-րդ դարի 50-ական թվականների վերջում ԱՄՆ արևելյան ափի թերթերից մեկում։ Խոսքը իր գրանցման վայրը փոխելու միջոցով կառավարության վերահսկողությունից խուսափած մի ֆինանսական կազմակերպության մասին էր։

Օֆշորային սխեմաների կիրառումը նոր երևույթ չէ։ Դեռ հին Աթենքում, երբ մտցվեց երկտոկոսանոց ներմուծման և արտահանման հարկ, հույն և Փյունիկեացի վաճառականները սկսեցին քսան մղոնով շրջանցել Աթենքը, իսկ հետո, որպես հարկային ապաստան սկսեցին օգտագործել մոտակա կղզյակները, ուր ապրանքները բերում էին մաքսանենգ ճանապարհով՝ առանց հարկեր և տուրքեր մուծելու։

15-րդ դարում Ֆլանդրիայում շատ ցածր հարկեր և առևտրային սահմանափակումներ էին կիրառվում։ Այս պատճառով անգլիացի վաճառականներին ավելի հարմար էր բուրդը ներմուծել ու վաճառել այդտեղ և ոչ թե Անգլիայում, որտեղ հարկերն անհամեմատ բարձր էին։ ԱՄՆ-ում հարկերից խուսափելու պատմությունը սկսում է 18-րդ դարից։ Անգլիայի պարտադրած ներմուծման հարկից խուսափելու համար վաճառականները փորձում էին իրենց գործունեությունն իրականացնել Լատինական Ամերիկայով։

Շվեյցարիան դարձավ ժամանակակից օֆշորային գոտիների նախատիպը։ Խնդիր ունենալով իր տնտեսության մեջ ֆինանսական բիզնեսի ներգրավումը Շվեյցարիայում ստեղծվեցին դրամի փոխանակման կենտրոններ, ներդրվեցին ֆինանսական գաղտնիության ինստիտուտներ, ինչն էլ օտարերկրյա կապիտալի համար հարմար ապաստարան ստեղծեց։ Ընդունվեց օրենք, որը պարտադրում էր դրամատներին վարել հաճախորդների հաշիվները, բայց արգելում էր տրամադրել այդ տվյալները որևէ մեկին։

Հետագայում այլ երկրներ ևս սկսեցին շվեյցարականի նման օրենսդրություն կիրառել և սկսեցին մրցակցել միջազգային կապիտալի ներգրավման ոլորտւմ։ Շատ բնական պաշարներ չունեցող կզի-պետությունների համար օֆշորային բիզնեսը դարձավ եկամուտների ստացման հիմնական աղբյուր։

Աշխարհի օֆշորային գոտիներ[խմբագրել]

Աշխարհի օֆշորային գոտիները պայմանականորեն կարելի է բաժանել երեք խմբերի.

  • Կղզի օֆշորներ՝ Խաղաղ և Հնդկական օվկիանոսների, Կարիբյան ծովի ոչ մեծ կղզիներ և կղզիների խմբեր։ Դրանց հիմնական առանձնահատկություններն են հարկերի իսպառ բացակայությունը, չափավոր և հաստատագրված վճարումների համակարգի կիրառումը, հաշվապահական հաշվառում չպարտադրելը, սեփականատերերի և գործարքների վերաբերյալ գաղտնիության բարձր աստիճանը։ Այս գոտիներում գրանցված ընկերությունները, սակայն, հաճախ ունենում են կասկածելի վարկ ու ցածր համարում։
  • Եվրոպական օֆշորային գոտիներն ունեն անհամեմատ բարձր կարգավիճակ և օֆշորային ընկերության տարեկան սպասարկումը կարող է արժենալ տասնյակ հազար դոլարներ։ Այս երկրներն ունեն հարկային արտոնություններ գործունեության որոշակի տեսակների համար։ Այս գոտիները չի կարելի է համարել լիարժեք օֆշորներ, քանզի կան հարկեր, պարտադիր է հաշվապահական հաշվառումը, անցկացվում է աուդիտ, իսկ սեփականատերների մասին տեղեկությունները տրամադրվում են ընդհանուր կարգով։
  • Որոշ վարչատարածքային գոյացություններ, որտեղ հարկային հատուկ ռեժիմ է գործում։ Օրինակ ԱՄՆ որոշ նահանգներում, Մալազիայում և այլն։

Օֆշորային գոտիների համապարփակ ցուցակ գոյություն չունի։ Օֆշորային գոտիների վերահսկողությամբ զբաղվում են ինչպես Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ), այնպես էլ տարբեր երկրների կենտրոնական բանկերը։

Ստորև ներկայացված է աշխարհի օֆշորային գոտիների ոչ ամբողջական ցուցակը։

Օֆշորային բիզնես[խմբագրել]

Օֆշորային ընկերություններ[խմբագրել]

Օֆշորային ընկերությունն երկրի օֆշորային կենտրոնում գրանցված օտարերկրյա ընկերություն է, որը օգտվում է իրեն տրամադրված հատուկ հարկային և այլ արտոնություններից։ Այդ ընկերությունները իրավունք ունեն գործունեություն ծավալել միայն օֆշորային գոտուց դուրս։ Օֆշորային ընկերության ստեղծման հիմնական նպատակը հարկային օպտիմալացումն է։ Ճիշտ կազմակերպված օֆշորային բիզնեսի շնորհիվ կարելի է նաև ստանալ հետևյալ առավելությունները՝

  • սեփականության պաշտպանվածություն;
  • անանուն և գաղտնի գործելու հնարավորություն;
  • ծախսերի կրճատում;
  • հաշվապահական հաշվառումից, հաշվետվություններից ու այլ թղթաբանությունից ազատում։

Օֆշորների օգնությամբ հարկային օպտիմիզացիայի խնդիրներ են լուծում շատ հայտնի ընկերություններ։ Օրինակ Գուգլ, Մայքրոսոֆթ, Ջեներալ էլեկտրիկ, Pfizer, BMW, Ջեներալ Մոթորս ընկերությունները[1].

Օֆշորային բանկեր[խմբագրել]

Օֆշորային բանկային հիմնարկը օֆշորային կենտրոնում գործող բանկ է, որն իրավունք ունի գործարքներ կատարել այլ նմանատիպ հաստատությունների և օտարերկրյա ձեռնարկությունների հետ։

Օֆշորային ընկերությունների հիմնական հատկանիշները[խմբագրել]

Կարելի է օֆշորային ընկերությունների հինգ հիմնական առանձնահատկություն նշել։

  • Օֆշորային ընկերությունը ոչ ռեզիդենտ է իր գրանցման երկրում և ընկերության կառավարումն իրականացվում է արտասահմանից։ Օֆշորային ընկերության առևտրային գործարքներն իրականացվում են գրանցման երկրից դուրս։
  • Որպես կանոն, օֆշորային ընկերություններն ազատ են հարկերի հիմնական մասից, կամ դրանք շատ ցածր են։ Որոշ դեպքերում մուծվում է միայն ոչ մեծ տարեկան գրանցման տուրք։
  • Պարզեցված է ընկերության գրանցման և կառավարման կարգը։ Թույլատրվում է ձևական սեփականատերերի և տնօրենների գրանցում, իսկ ընդհանուր ժողովների և կառավարող խորհուրդների նիստերի մասին պահանջները նույնպես ձևական բնույթ են կրում։
  • Թեթևացված է, կամ չկա արտարժույթային գործարքների հսկողություն։ Ֆինանսական հաշվետվությունների պահանջը հասցված է նվազագույնի, իսկ աուդիտորական ստուգումների պահանջ, որոշ բացառությունները չհաշված, ընդհանրապես չկա։
  • Օֆշորային ընկերության տիրապետումն իրականացվում է անանուն՝ գաղտնիության բարձր երաշխիքների ներքո։ Միևնույն ժամանակ, ներկայում օֆշորային ընկերության գրանցումը ցանկացած օֆշորային գոտում, չբացահայտելով իրական սեփականատերերին իրատեսական խնդիր չէ։ Նույնիսկ ձևական փայատերերի ու տնօրենների մատակարարումից օգտվելիս, միևնույն է կպահանջվեն իրական սեփականատերերի անձնագրերը։

Օֆշորային ընկերության գրանցումը[խմբագրել]

Օֆշորային ընկերություն գրանցելու համար կարելի է մեկնել օֆշորային գոտի, կամ դիմել (նաև առցանց) օֆշորային ընկերությունների գրանցմամբ զբաղվող մասնագիտացված ընկերություններին։

Օֆշորային ընկերություններ գրանցող մասնագիտական ընկերությունները մատուցում են հետևյալ ծառայությունները.

  • Նախապես գրանցված, բայց չօգտագործված օֆշորային ընկերությունների վաճառք։ (Ավելի հին գրանցման ժամկետը թույլ է տալիս ներկայանալ որպես ավելի երկար գործող բիզնես և դրանով բարձրացնել ընկերության վարկանիշը);
  • Անհրաժեշտ փաստաթղթերի կազմում և բանկային հաշիվների բացում;
  • Օգնություն հարմար օֆշորային գոտու ընտրության հարցում;
  • Համապարփակ իրավաբանական օժանդակություն;
  • Ձևական փայատերերի և տնօրենների տրամադրում;
  • Գրանցման ձևական հասցեի տրամադրում;
  • Գաղտնի սպասարկում, հեռախոսահամարների տրամադրում կամ զանգերի և նամակագրության վերահասցեագրում;
  • Փոստի սուրհանդակային սպասարկում, կամ վերահասցեագրում։

Օֆշորային ընկերության գրանցման ծախսերը, կախված տեղից, մատուցվող ծառայություններից և ժամկետներից, կարող են տատանվել 320-ից մինչև 18 000 ԱՄՆ դոլար։

Դասական օֆշորային գործարքներ[խմբագրել]

Օֆշորի միջոցով հարկերից խուսափելու, կամ դրանք նվազեցնելու բազմաթիվ ձևեր կան։ Կոնկրետ օֆշորային գոտու և սխեմաների ընտրությունը մեծապես կախված է այն խնդիրներից, որոնք ուզում է լուծել անհատը կամ ձեռնարկությունը։

Տրանսֆերային գնագոյացում[խմբագրել]

Առևտրային գործարքներում օֆշորային գոտում գրանցված ընկերությունը հանդես է գալիս որպես լրացուցիչ ու միջանկյալ օղակ իրական վաճառողի ու գնորդի միջև։

Օֆշորային ֆիրմա-միջնորդի մասնակցությամբ ապրանքների կամ ծառայությունների արտահանման դեպքում դրանց գինը իջեցվում է մինչև հնարավոր նվազագույնը, իսկ հետո օֆշորային ֆիրմայի միջոցով իրական գնորդին վերավաճառվում են իրական՝ բարձր գնով։ Արդյունքում ոչ շահույթը մնում է օֆշորային ֆիրմային։

Օֆշորային ֆիրմա-միջնորդի մասնակցությամբ ապրանքների կամ ծառայությունների ներմուծման դեպքում գները սովորաբար նվազեցվում են, որպեսզի նվազեցվեն մաքսային և հարկային վճարումները։ Հաշվի է առնվում ընդհանուր մաքսային արժեքը, քանի որ շատ ցածր գինը կբերը շահութահարկի ավելացմանը, իսկ շատ բարձրը՝ մաքսային վճարների ավելացմանը։ Ամեն կոնկրետ դեպքում ընտրվում է ապրանքի կամ ծառայության այնպիսի գին, որի դեպքում պետությանը վճարվող գումարը լինի նվազագույն չափի։

Գործակալական սխեմա[խմբագրել]

Իբրև իր գործակալ, օֆշորային ընկերությունը վարձում է ցանկացած այլ ֆիրմա այն երկրում, որտեղ ծրագրում է ծավալել իր հիմնական գործունեությունը։ Գործակալ-ընկերությունը գործում է օֆշորային ֆիրմայի հրահանգներին համաձայն։ Արդյունքում երկրում գրանցված ընկերությունը հարկ է վճարում միայն իր ոչ մեծ պարգևավճարից՝ որպես կանոն ապրանքի գնի 1-2 % չափով։[2].

Շինարարության սխեմա[խմբագրել]

Շինարարության սխեմայի դեպքում օֆշորային ընկերությունը հանդես է գալիս կապալառուի դերում։ Պատվիրատուն ամբողջությամբ վճարում է շինարարության համար, իսկ օֆշորային ընկերությունը իր հերթին կնքում է պայմանագիր ենթակապալառուի՝ իրական շինարարական կազմակերպության հետ։ Բոլոր ֆինանսական հոսքերն իրականացվում են օֆշորային ընկերության միջոցով և արդյունքում հիմնական շահույթը մնում է օֆշորային ֆիրմային։

Արտադրական սխեմա[խմբագրել]

Այս դեպքում օֆշորային ընկերությունը վճարում է հումքի և արտադրող ընկերության ծառայության համար։ Որպես կանոն, արտադրական ծառայություններն իրականացվում են ամենացածր գներով։ Արտադրողը ուղարկում է պատրաստի արտադրանքը գործակալ ֆիրմային, որն իր հերթին վաճառում է արտադրանքը իրական գնորդին ու ստանում է իր գործակալական պարգևավճարը։ Վերջնարդյունքում ներդրված գումարներն ու շահույթը հասնում են օֆշորային ֆիրմային։

Տրանսպորտային սխեմա[խմբագրել]

Այս սխեման օգտագործում են միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային ընկերությունները։ Օֆշորային ընկերությունը հանդես է գալիս ապրանք տեղափոխողի դերում։ Կրկնակի հարկումից ազատելու մասին միջպետական պայմանագրի առկայությամբ կարելի է օրինական հիմունքով խուսափել հարկերից։

Ծառայությունների մատուցման սխեմա[խմբագրել]

Սա ամենատարածված սխեմաներից է։ Օֆշորային ընկերությունը ծառայություններ է մատուցում ռեզիդենտ ընկերությանը։ Վճարումներն ուղղակիորեն արվում են օֆշորային ֆիրմայի հաշվեհամարին։ Ծառայություն ստանալու համար արված ծախսերը ավելացվում են ինքնարժեքին՝ նվազեցնելով շահութահարկը։

Կիսամյա վարկ[խմբագրել]

Բանկային հիմնարկը վարկ է տրամադրում ռեզիդենտ ընկերությանը միջազգային պայմանագրին համաձայն կանխավճար անելու համար։ Վարկային միջոցները փոխանցվում են օֆշորային ֆիրմայի հաշվին, բայց պայմանագրային պարտավորությունները չեն կատարվում։ Օրենսդրության համաձայն, վճարված գումարը, 180 օր անց վերադարձվում է պատվիրատուին, բայց այդ ընթացքում օֆշորային ընկերությունը հնարավորություն է ունենում շրջանառության մեջ դնել այդ գումարը և չհարկվող շահույթ ստանալ։[3].

Ռոյալտիի վճարում[խմբագրել]

Օֆշորային ընկերությունը ապրանքանշան է գրանցում երկրում, որից հետո վաճառում է այդ ապրանքանշանի օգտագործման իրավունքը ռեզիդենտ ֆիրմային։ Այսպիսով, որպես ռոյալտի, կանոնավոր վճարումներ են գնում օֆշորային ֆիրմային։

Նոր հիմնարկներ գրանցելու սխեմա[խմբագրել]

Այս սխեման կիրառում են երբ հարկային արտոնություններ ստանալու համար ցանկանում են օտարերկրյա կապիտալով ձեռնարկություն հիմնել։ Օֆշորային ընկերությունը օտարերկրյա նշանակալի կապիտալով ձեռնարկություն է հիմնում երկրում։

100 % կանխավճար[խմբագրել]

Օֆշորային ընկերության հետ կնքվում է պայմանագիր և կատարվում է 100% կամ մասնակի վճարում՝ ի սկզբանե իմանալով որ պայմանագիրը չի կատարվելու և գումարը չի վերադարձվելու։ Կեղծ պայմանագիր կնքած ռեզիդենտ ընկերությունը դիմում է դատարան՝ վճարվածը հետ ստանալու հայցով և, բնականաբար, ստանում է հայցի բավարարում, սակայն գումարն այդպես էլ հետ չի ստանում և առաջանում է անհուսալի պարտք։[3].

Օֆշորային սահմանափակումներ[խմբագրել]

Միջազգային կարգավորում[խմբագրել]

FATF[խմբագրել]

Փողերի լվացման դեմ ֆինանսական միջոցների մշակման խումբը (FATF) ներկայացնում է առաջարկներ որոնք մեծամասամբ հանգում են օֆշորային ընկերությունների սեփականատերերի բացահայտմանը։ Օրինակ, անանուն բաժնետոմսերի թողարկումն արգելելու կամ սեփականատերերի մասին տեղեկատվություն տալու միջոցով։

Offshore-Leaks[խմբագրել]

2013 թ. մամուլում հայտնվեց տեղեկատվություն օֆշորում գրանցված ընկերությունների սեփականատերերի մասին։ Սկանդալը, Wikileaks հայտնի գաղտնազերծումների նմանությամբ, կոչվեց «Offshore-Leaks» (leak - «արտահոսք»). Համաձայն այդ աղբյուրի հրապարակած տվյալների[4], «Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի» հրապարակած ցուցակն ընդգրկում է շուրջ 120000 «փոստարկղ-ընկերություններ» և 140 երկրներից շուրջ 130000 մասնավոր անձանց[5]. Հայաստանում նման բացահայտումներ հրապարակվեցին «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության կողմից մայիս[6] և հունիս[7] ամիսներին։

Օֆշորների դեմ համաշխարհային պայքարը[խմբագրել]

2013 թվականին տեղի ունեցան օֆշորի դեմ պայքարին ուղղված բազմաթիվ միջոցառումներ։[8]. Գոյացավ G5 անվամբ երկրների մի նոր խումբ՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իսպանիայի,Իտալիայի ևՖրանսիայի մասնակցությամբ, որոնք պարտավորվեցին մասնակցել հարկային տեղեկատվության ավտոմատ փոխանակման համակարգին՝ ամերիկյան ֆորմատին FATCA[9] համապատասխան։ Այդ խմբին միացան նաև Անգիլիան,Բերմուդները,Բրիտանական Վիրջինյան կղզիներ,Մոնտսերատը,Թյորքս և Կայկոս կղզիները, ինչպես նաև Մեն,Գերնսի, Ջերսի և Ջիբրալթար կղզիները։

2013թ. մայիսի 13-ին, ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի հետ հանդիպումից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քամերոնը հայտարարեց՝ «Մեզ անհրաժեշտ է իմանալ, թե ո՞ւմ են իրականում պատկանում ընկերությունները, ովքե՞ր են հարստանում դրանց հաշվին և մուծված են, արդյոք, հարկերը: Մեզ պետք է բացահատման նոր մեխանիզմ, թե որտեղ են միջազգային խմբերը միջոցներ աշխատում և որտեղ են նրանք մուծում հարկերը, որպեսզի մենք կարողանանք խոչընդոտել նրանց, ովքեր անբարեխղճորեն մանիպուլյացիայի են ենթարկում համակարգը»։[10].

2013թ. մայիսի 20-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քամերոնը դիմեց Անգիլիային, Բերմուդներին, Բրիտանական Վիրջինյան կղզիներին, Գերնսիին, Ջիբրալթարին, Ջերսիի, Կայմանյան կղզիների, Մոնտսերատի, Մեն կղզու և Թյորքս և Կայկոս կղզիներին, կոչ անելով նրանց անհապաղ միանալ Եվրոպայի խորհրդի և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության` Հարկային գործերով ադմինիստրատիվ փոխօգնության մասին բազմակողմ կոնվենցիային [11], որը նախատեսում է առանց պաշտոնական հարցման տեղեկատվության ավտոմատ փոխանակում և հարկային ստուգումներ միաժամանակ մի քանի երկրում: Կոչի մեջ հատուկ ընդգծվում է G8 երկրների «կորպորատիվ գաղտնիությանը վերջ դնելու ցանկությունը» [12].

Մեծ Բրիտանիայի նախագահությամբ Բելֆասթում կայացած G8 երկրների նիստում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հարկային ստորաբաժանման նախկին ղեկավար Ջեֆրի Օուենսը (Jeffrey Owens) և Միք Մուրը (Mick Moore) Սասեքսի համալսարանից (the University of Sussex) ներկայացրեցին մեծ ութնյակի երկրների գործողությունների պլան[13], որը կհանդիսանա օրակարգի լրացում G20-ի նիստի համար, որը նախատեսված է 2013-ի սեպտեմբերին Սանկտ-Պետերբուրգում (Ռուսաստան

Օնշոր[խմբագրել]

Հակառակ Օֆշորի, Օնշոր նշանակում է ծովեզերքից, կամ երկրի սահմաններից ներս։ Համապատասխանաբար օնշոր ընկերությունը՝ լիարժեք հարկային դաշտում գործող ընկերություն է, իսկ օնշոր տարածքը օտարերկրյա ընկերություններին հարկային հատուկ արտոնություներ չտրամադրող տարածքն է։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. «Бизнес под „удобным“ флагом», «Русский Investor», 2002, № 11, с. 34.
  2. Сегодня не использовать офшорные схемы было бы неразумно/ Зарубежные офшоры (офшоры)/ Статьи по налоговому планированию/ Налоговое планирование на taxman.ru
  3. 3,0 3,1 «Типичные признаки «офшорных схем» легализации преступных средств»։ Արխիվացված օրիգինալից 2011-08-25-ին։ http://www.webcitation.org/61BbJZFUb։ 
  4. Ըստ offshoreleaks.icij.org կայքում հրապարակված տեղեկատվության։
  5. Офшорликс: данные 100 000 владельцев офшорных счетов выложат в интернет
  6. «Ովքեր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը», 29-ը մայիսի, 2013 թ․, «Հետք» ինտերնետային թերթ։
  7. «Օֆշորային լաբիրինթոս` հայկական սցենարով», 27-ը հունիսի, 2013 թ․, «Հետք» ինտերնետային թերթ։ Վերջին երկու հրապարակումներում բացահայտվել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի փայատեր լինելը Կիպրոսում գրանցված մի օֆշորային ընկերության, որի միջոցով տեղի է ունեցել գումարների յուրացում և լվացում:
  8. Наступление на офшоры: Великобритания хочет открыть BVI и Каймановы острова
  9. Почему России придется помогать США собирать налоги
  10. Remarks by President Obama and Prime Minister Cameron of the United Kingdom in Joint Press Conference May 13, 2013
  11. Текст многосторонней Конвенции Совета Европы и ОЭСР о взаимной административной помощи по налоговым делам 1988 года
  12. G8: PM writes to crown dependency leaders May 20, 2013
  13. Предложения Оуэнса-Мура по налоговому сотрудничеству G8 и G20