Նախամաշտոցյան հայոց գրի հայեցակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նախամաշտոցյան հայոց գրի հայեցակարգ, մինչև 406 թվականը հայոց գրի գոյության մասին հայեցակարգ։ Ըստ այս հայեցակարգի՝ մինչև 406 թվականը, երբ Մեսրոպ Մաշտոցը նոր էր ստեղծել հայոց գրերը, հայերն այլ գիր և գրականություն են ունեցել[1][2]։

Ժամանակակից բանասիրության մեջ այս հարցը առաջին անգամ քննարկման առարկա է դարձել Ղուկաս Ինճիճյանի կողմից՝ 1835 թվականին[3]։

Պատմական վկայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիպողիտոս Հռոմեացու ենթադրյալ արձանը

Մինչև 406 թվականը հայերեն գրի գոյության մասին մի շարք ծանուցումներ են պահպանվել ինչպես հայկական, այնպես էլ ոչ հայկական աղբյուրներում։

1-ին դարի գրող Փիլոն Ալեքսանդրացին հայտնել է Մետրոդորոս Սկեպսացու աշխատության հայերեն թարգմանության մասին, որը վերաբերում էր կենդանիների բանականության հարցին։ Այդ աշխատությունը նա գրել է, երբ եղել է հայոց արքա Տիգրան Մեծի արքունիքում[4]։

Հույն սոփեստ Փլիավիոս Ֆիլոստրատը իր «Ապոլլոնիոս Թիանցու կյանքը» աշխատության մեջ, որը նա գրել է մոտավորապես 220 թվականին, հայտնել է, որ Ալևելքում Ապոլլոնիոս Թիանացու ճանապարհորդության ժամանակ նրան ուղեկցել է Նինվեից ինչ-որ ասորի ուղեկցորդ, որը հպարտանում էր նրանով, որ հայերեն լեզվի իմացություն ունի։

Պամփիլիայում նրանք հանդիպել են մի ընձառյուծի, որի պարանոցին հայերեն գրություններով ոսկե օղակապ է եղել[5].

Եվ նաև ասում են, որ մի անգամ Պամփիլիայում մի էգ ընձառյուծ են բռնել, որի պարանոցին ոսկե օղակապ է եղել, իսկ պարանոցի վրա հայերենով գրված է եղել. «Արշակ թագավորը Նիսյան աստծուն»։

Հռոմեական գրող Հիպողիտոսի «Ժամանակագրություն» հունարեն բնագրում, որը նա գրել է մոտավորապես 235 թվականին, Հաբեթից սերող 47 ժողովուրդների մեջ, ովքեր ունեցել են գիր և գրականություն, հիշատակվում են հետևյալ յոթը[6].

Իբերներ, լատիններ, որոնց գիրը օգտագործել են նաև հռոմեացիները, իսպանացիներ, հույներ, մարեր, հայեր։

Սիրիացի Գեորգի եպիսկոպոսը 714 թվականին պատմել է Գրիգոր Լուսավորչի մասին, որը ապրել է III-IV դարերին։ Նա գրել է[7].

...պատանեկության տարիներին Հայաստան է եկել՝ քրիստոնյաների կամ այլ անհայտ մարդկանց դեմ Դիոկղետիանոսի կատարած հալածանքների պատճառով։ Երբ նա մեծացավ հայերի երկրում և սովորեց նրանց գիրն ու լեզուն, նրա անունը լավ տարածում գտավ և հայտնի դարձավ։ Նա դարձավ Տրդատ թագավորի մտերիմ ծառայողներից մեկը, որը այդ ժամանակ թագավորում էր Հայոց երկրում։

1271 թվականին Վարդան Արևելցին իր «Հաւաքումն պատմութեան» աշխատության մեջ նշել է[8]։

Հայ գրերի գոյությունը, պահպանված հնագույն ժամանակներից, ապացուցվել է Լևոն թագավորի օրոք, երբ Կիլիկիայում մետաղադրամ էին գտել, որի վրա հայերեն տառերով գրված է եղել հետաթոսական թագավոր Հայկազունու անունը։

Հնագիտական գտածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գառնիում գտնված հունական մակագրություն՝ հայերեն «տեր» բառով, որը նշանակում է տեսակի գլուխ, տարածքի տիրակալ[9], մ.թ.ա. 1-ին դար

1982 թվականին ամերիկացի լեզվաբան Ի. Գելբը նշել է. «Հայաստանում վերջերս հայտնաբերած մեծ քանակությամբ նախահայերեն գրերը շատ քիչ են ուսումնասիրվել, որպեսզի դրանց հիման վրա կարելի լինի որոշակի եզրակացություններ անել»[10]։ Ուսումնասիրելով մ.թ.ա. 2-րդ դարի Մեծ Հայքի թագավոր Արտաշես Ա-ի ժամանակաշրջանում հայտնաբերած գրությունները՝ Ա. Բորիսովը եզրակացրել է, որ հայոց թագավորները արամեական գիրը օգտագործել կամ փորձել են օգտագործել հայերենը գրառելու համար[11]։ 1-ին դարի կեսերի Գառնու հեթանոսական տաճարին փորագրված հունական արձանագրությունում գտնվել է «տեր» բառը, որը նշանակում է ընտանիքի առաջնորդ, գլուխ, տարածքի տիրակալ[9]։ Նույն արձանագրության մեջ Կամիլլա Տրևերը առաջարկել է «ագարակ» բառը ընթերցելու ձևը, որը նշանակում է քաղաքամերձ կալվածք, դաստակերտ[12]։

2000 թվականին Գևորգ Ջահուկյանը իր «Ուրարտական արձանագրությունների ներածական բանաձևերի հնարավոր հայկական բնույթի մասին» հոդվածում առաջարկել է կարդալ հնդեվրոպական նախատիպերի հիման վրա ուրարտական որոշ արձանագրությունների բանաձևերը։ Ըստ Ջահուկյանի՝ դրանք կարելի է համարել հայերենի առաջին գրավոր տեքստեր[13]։ «dHaldini kuruni dHaldini GIŠsurii(i) kuruni(e)...» (Խալդին զորավոր է, Խալդիի զենքը «սուրը» զորավոր է) նախադասության մեջ kuruni և suri բառերը համարժեք են հայերենի կուռն («ձեռք») և սուր («թուր») բառերին, որոնք ունեն բացարձակապես հնդեվրոպական ծագում[14][15]։ Վերլուծելով «dHaldini uštabi masinie GIŠsure» բանաձևը, Ջահուկյանը հանգել է այն եզրակացությանը, որ masini նշանակում է ուժեղ, հզոր՝ ելնելով հնդեվրոպական magh-ti հայերեն բառից, այսինքն՝ հզորություն, զորություն։ Հայերենում magh-ti արմատը պահպանվել է մարթանք բառում, որը նշանակում է միջոց, եղանակ։ Նա նաև կարծում է, որ ռուսերեն «мощный» (հզոր, զորեղ) բառը զուգահեռ է ուրարտական masini-ին[16]։

Դանիելյան նշանագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է, որ նախքան Մաշտոցի կողմից հայոց գրերի ստեղծումը, Հայաստան են բերվել դանիելյան նշանագրերը։ Գրերը այդպես են անվանվել ասորի Դանիել եպիսկոպոսի անունով, որը կա՛մ գտել, կա՛մ ստեղծել է այդ նշանագրերը[17][18]։ Վիճելի է նաև դրանց ծագման և բովանդակության հարցը։ Ըստ որոշ պատմական աղբյուրների՝ նշանագրերը օգտագործվել են ընդամենը երկու տարի (որոշ ժամանակակից գիտնականներ առաջարկել են «երկու տարին» փոխել «երկու ամսի») կամ «որոշ ժամանակ», սակայն գործածությունից դուրս է եկել, քանի որ չի համապատասխանել հայերենի հնչյունական համակարգին[19]։ Յոզեֆ Մարկվարտը առաջարկել է Դանիել եպիսկոպոսին նույնացնել եպիսկոպոս Արզոնին, որը եղել է 410 և 424 թվականներին Իսահակ Նինվեցու և Դադիշո Ա-ի գումարած սինոդի անդամներից մեկը[20]։

Ըստ Վալերի Բրյուսովի՝ Դանիել եպիսկոպոսը չի ստեղծել այդ նշանագրերը, այլ ընդամեը կատարելագործել է իրենից առաջ արդեն գոյություն ունեցող գրերը[21]։ Բրուսովը ենթադրել է, որ այս գրերով հնարավոր է ստեղծվել են գրական հուշարձաններ, որոնք, սակայն, մինչ օրս չեն պահպանվել[22]։

Ռոբերտ Թոմսոնի կարծիքով, նշանագրերը եղել են սեմական ծագման։

Դանիելյան նշանագրերը ունեցել են մոտավորապես 22 տառ, որտեղ միայն բաղաձայն հնչյուններն են եղել, այսինքն՝ նշանագրերը չեն կարողացել արտահայտել ձայնավորները և հայերենի հարուստ հնչյունական կազմը[18]։ Վերներ Զայմթը ենթադրել է, որ դանիելյան նշանագրերը հիմնված են եղել սիրիերեն գրի (արամեերենի ճյուղ) վրա՝ հավանաբար մի քանի այլ նշաններ ավելացնելով[19]։

Ջեյմս Ռասելը դանիելյան նշանագրերը անվանել է «առեղծվածային գրեր»։ Ըստ նրա՝ նշանագրերը կարող են կապված լինել հայերենին հարմարեցված սիրիական այբուբենին կամ կարող ե լինել հին արամեերենի հետերոգրաֆիկ գրային համակարգի «մնացորդներ»[23]։

Նշանագրերից ոչինչ չի պահպանվել[18]։

Հիերոգլիֆային նշաններ միջնադարյան ձեռագրերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական միջնադարյան ձեռագրերում պահպանվել են հետևյալ հատուկ հիերոգլիֆները և հապավումները՝ nšanagirk‘, arajnoc‘ gir, այսինքն՝ նշանագիր, առաջինի գիրը և karčabanut‘iwn՝ կարճաբանություն, հապավում[24]։ Ամենավաղ հայտնաբերված ձեռագիրը, որը նմանատիպ նշաններ է պարունակում, պատկանում է 1564 թվականին[25]։ Այսպիսի նշանները առաջին անգամ հրապարակվել են Վենետիկում՝ 1730 թվականին[26]։ XX դարի վերջին արդեն հրապարակվել էր 505-551 նմանատիպ սիմվոլներ և նշաններ[24]։ 1858 թվականին Մկրտիչ Էմինը իր «Հայկական այբուբենի մասին» հոդվածում կարծիք է հայտնում, որ նախամեսրոպյան գրերը իրապես գոյություն են ունեցել և այդ ձեռագրերի նշանները կարող են պատկանել նախամաշտոցյան գրերին[27][28]։ Որպես իր վարկածի ճշտության ապացույց՝ Էմինը հիշատակել է պատմիչ Ագաթանգեղոսին, ըստ որի՝ 4-րդ դարի սկզբին Հայաստանում որոշ տառեր և նշաններ են օգտագործել[29]։ Էմինը առաջ է քաշել մի ենթադրություն, որ «Ագաթանգեղոսի կողմից հիշատակված նշանները պայմանական և, կարելի է ասել, հիերագլիֆային են եղել»[30]։ Նա նաև նշել է, որ նշանները փոխառված չեն եղել և ունեցել են տեղեկան ծագում[28]։ 1863 թվականին Էմինի վարկածին է հետևել նաև Վիկտոր Լանգուլան։ Սակայն ի տարբերություն Էմինի, Լանգուլան ենթադերլ է, որ այս նշանները կարող են կարող են լինել հռոմեական տիրոնյան նշանների նման սղագրություններ[31]։ Ուսումնասիրելով նմանատիպ հարյուրավոր հիերագլիֆներ՝ Աճառյանը հանգել է այն եզրակացությանը, որ դրանց մեծամասնությունը ստեղծվել են մաշտոցյան այբուբենի հիման վրա և միայն XIV դարից հետո[32]։ Համաձայն Ա. Մարտիրոսյանի՝ հայկական միջնադարյան հիերոգլիֆները իրենց նմանատիպերը ունեն Հայաստանի ք.ա. 3-րդ հազարամյակի ժայռապատկերներում, ինչպես նաև ք.ա. 3-1-րդ հազարամյակների կրոնական պաշտամունքային զարդանախշերի խեցեղենների և մետաղական իրերի վրա[33]։ Այս տեսակետը քննադատել և վերանայել է Ալեքսանդր Ֆորմոզովը։ Ըստ նրա՝ վիճելի է նախ այդ ժայռապատկերների տարիքը և անօրինական է նաև տարբեր դարաշրջաններին պատկանող նշանները համեմատելը և այդ նույն նշանների համակարգը հիերոգլիֆայինին նույնացելը[34]։ Ջեյմս Ռասելը նշել է, որ միջնադարյան ձեռագրերի որոշ նշանները ալքիմիկական նշաններ են կամ ավելի ուշ են ստեղծվել, մինչդեռ մյուսները, ավելի հին ծագում ունեն։ Ռասելը զուգահեռներ է տարել հայկական և խեթական հիերոգլիֆի մեջ, որոնք երկուսն էլ ունեն «արքա» նշանակությունը[24]։

Ձեռագրերի մեկ այլ խմբում, որը կոչվում է հմայիլ, պահպանվել են հատուկ հիերոգլիֆային նշաններ։ Շատ ուսումնասիրողներ կարծում են, որ դրանք կարող են լուծել նախամաշտոցյան գրերի խնդիրը[35]։ Հայկական հմայիլները ստեղծվել են ոչ թե կոդեքսի տեսքով (տետրի նման), այլ մագաղաթների տեսքով, որը գրքերի ստեղծման ավելի վաղ տեսակ է[36]։ Պահպանված ձեռագրերը պատկանում են XV-XVIII դարերին[37]։ Լևոն Խաչիկյանի կարծիքով վաղ միջնադարյան պատմիչներ Եղիշեից, Հովհան Մայրավանեցուց և այլ հեղինակներից մեզ հասած որոշ տեղեկություններ կարող են կապված լինել հմայիլների հետ[38]։ Հերքելով հայերի՝ մինչև 5-րդ դարը զարգացած գիր և գրականություն ունենալու վարկածները, Խաչիկյանը եզրակացրել է, որ հայերի մոտ նախքան մաշտոցյան գրերը հնարավոր է գոյություն է ունեցել պարզ հիերոգլիֆային նշանների համակարգ, որը խիստ սահմանափակ գործածություն է ունեցել[39]։ Լինելով նախաքրիստոնեական ժառանգություն՝ այն պահպանվել է տարբեր կախարդների, գուշակների, բժշկողների շրջանակներում[40]։ Հմայիլների տեքստերում պարզ նկատվում են նախաքրիստոնեական աստվածաբանության տարրեր[37]։

Պատմաբանների կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնցեպցիայի կողմնակիցները[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալերի Բրյուսով

Վալերի Բրյուսովը պնդել է, որ մ.թ.ա. 4-րդ դարում հայերը ունեցել են գիր և գրականություն[22]։ Նիկողայոս Մառի տեսակետի համաձայն՝ հայկական գրերը գոյություն են ունեցել մ.թ.ա. մի քանի դար առաջ[41]։ Հենվելով Մովսես Խորենացու հաղորդագրության վրա, ըստ որի՝ նախքան 5-րդ դարը Հայաստանում գործածվել են հունական և պարսկական գրերը, Կամիլլա Տրևերը չի բացառել նաև այն փաստը, որ դրանք կարող էին օգտագործվել հայերենը շտկելու և բարելավելու համար[42]։ Նա գրել է մ.թ.ա. 1-ին դարում Մետրոդորոս Սկեպսացու կենդանիների մասին երկխոսության հայերեն թարգմանության մասին[43]։ Տրևերի կարծիքով այդպիսի թարգմանության գոյությունը կարելի է բացատրել ոչ միայն նրանով, որ վերջինս գրվել է այն ժամանակ, երբ Սկեպսացին գտնվել է հայոց թագավոր Տրդատ Գ-ի արքունիքում, այլ նաև նրանով, որ «Մետրոդորոսի մահից մեկուկես տարի անց՝ մ.թ.ա. 1-ին դարի սկզբին, հայ ժողովուրդը շարունակել է հետքաքրքրվել այս, ըստ էության, գիտական աշխատությամբ»[4]։ Ըստ Միխայիլ Դյակոնովի և Օ. Կուդրյավցևի՝ մ.թ.ա. III-I դարերում հայ կրոնավորները ստեղծել են յուրահատուկ գաղտնի գրություն, որի շնորհիվ նրանք մեհենական գրքեր և տարեգրություններ են գրել[44]։

Շատ գիտնականներ և ուսումնասիրողներ եզրակացրել են, որ նախամաշտոցյան գրերը կարող էին ոչնչացվել քրիստոնեության ընդունումից հետո։ Այդպես՝ Վիկտոր Իստրինը առաջարկել է մի վարկած, ըստ որի՝ հայերը նախքան մաշտոցյան գրերը ունեցել են գիր և գրականություն, որը, հնարավոր է, հիմնված է եղել արամեական գրերի վրա։ Սակայն այդ գիրը ոչնչացվել է, քանի որ հեթանոսական է եղել[45]։ Համաձայն ռուս պատմաբան Նիկոլայ Պավլենկոյի՝ նախամաշտոցյան գրերի գոյության մասին ենթադրությունները կարելի է հաստատել մի շարք փաստերով։ Նա նույնպես կարծել է, որ այդ գրերը հեթանոսական լինելու պատճառով ոչնչացվել են, երբ հայերը քրիստոնեություն են ընդունել[46]։ Իրանագետ և արևելագետ Վլադիրմիր Լուկոնինը ընդհակառակը՝ կարծել է, որ քրիստոնեությունը ՝ որպես պետական կրոն ընդունելուց հետո, որ երկրում փորձել են գրել հունարենով կամ պարսկերենով, սակայն «ո՛չ մեկը, ո՛չ մյուսը ամբողջովին չեն համապատասխանել հայերենի հնչյունական համակարգին»[47]։

Կոնցեպցիան հերքողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1896 թվականին Հայնրիխ Գելցերը, խոսելով 2-3-րդ դարերի մասին, արտահայտել է իր այն կարծիքը, որ Հայաստանում այդ ժամանակ գոյություն չի ունեցել ո՛չ գիր, ո՛չ գրականություն[48]։ 1904 թվականին հայ պատմաբան Լեոն ասել է, որ նախամաշտոցյան գրերի մասին վարկածը «չի ընդունում մեր բանասիրության լուրջ մասը»[49]։ Ներսես Ակինյանի կարծիքով «չկա ոչ մի ապացույց, որը կարող է հաստատել մինչև 406 թվականը հայկական գրերի առկայության մասին կարծիքները»[50]։ Հրաչյա Աճառյանը հերքել է նախամաշտոցյան գիր և գրականության գոյության վերաբերյալ բոլոր վարկածները[51]։ Նույն կարծիքին է եղել նաև հայագետ Էմանուել Պիվազյանը[52]։ Լևոն Խաչիկյանը քննադատել է նախամաշտոցյան գրերի վարկածի կողմնակիցներին, իսկ առաջնային աղբյուրներից ստացված ապացույցները և տեղեկությունները համարել է անորոշ և ոչ հիմնավոր[53]։ Սեն Արևշատյանը գրել է, որ պատմական այն պայմանների վերլուծությունները, որոնցում այդ ժամանակ գտնվել է Հայաստանը, ինչպես նաև մի շարք այլ փաստեր ամբողջությամբ հերքում են նախամաշտոցյան գրերի գոյությունը[54]։ Մեկնաբանելով 3-րդ դարի սկզբին հայ գրչության մասին Փիլոստրատոսի վկայությունները՝ Ջեյմս Ռասելը ենթադրել է, որ հայտնաբերված փորագրությունները եղել են արամեերեն[5]։ Ռոբերտ Թոմսոնը գրել է, որ թեև Հայաստանը և հայ ժողովուրդը գոյություն են ունեցել մ․թ․ա․ 6-4-րդ դարերից ի վեր՝ Աքեմենյան պետության ժամանակներից, գիր և գրականություն ունեցել են միմիայն քրիստոնեության ընդունումից հետո[55]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Пивазян, 1962, էջ 153—170
  2. Хачикян, 1963, էջ 145—158
  3. Пивазян, 1962, էջ 155
  4. 4,0 4,1 Тревер, 1953, էջ 11
  5. 5,0 5,1 Russell, 1987, էջ 132—133
  6. Hippolytus, 1929, էջ 58
  7. Movsisyan, 2006, էջ 12
  8. Всеобщая история Вардана Великого, 1861, էջ 63
  9. 9,0 9,1 Тревер, 1953, էջ 182, 211
  10. Гельб, 1982, էջ 67
  11. Борисов, 1946, էջ 97—104
  12. Тревер, 1953, էջ 179—180
  13. Джаукян, 2000, էջ 128—129
  14. Джаукян, 2000, էջ 124
  15. Джаукян, 2000, էջ 125
  16. Джаукян, 2000, էջ 127
  17. Russell, 1987, էջ 133
  18. 18,0 18,1 18,2 Thomson, 1997, էջ 201—202
  19. 19,0 19,1 Seibt, 2011
  20. Маркварт, 1913, էջ 44—45
  21. Брюсов, 1940, էջ 53
  22. 22,0 22,1 Брюсов, 1940, էջ 54
  23. Russell, 2021, էջ 157
  24. 24,0 24,1 24,2 Russell, 1987, էջ 20
  25. Ачарян, 1984, էջ 429
  26. Ачарян, 1984, էջ 411—412
  27. Ачарян, 1984, էջ 409
  28. 28,0 28,1 Эмин, 1896, էջ 209
  29. Эмин, 1896, էջ 208
  30. Эмин, 1896, էջ 208—209
  31. Langlois, 1869, էջ 4
  32. Ачарян, 1984, էջ 427—429
  33. Мартиросян, 1971, էջ 64—65
  34. Формозов, 1978, էջ 270—271
  35. Рогожина, 2021, էջ 100
  36. Хачикян, 1963, էջ 150
  37. 37,0 37,1 Хачикян, 1963, էջ 151
  38. Хачикян, 1963, էջ 147—148
  39. Хачикян, 1963, էջ 146
  40. Хачикян, 1963, էջ 149
  41. Марр, 1934, էջ 5
  42. Тревер, 1953, էջ 102
  43. Тревер, 1953, էջ 11, 15
  44. Дьяконов, Кудрявцев, 1956, էջ 423
  45. Истрин, 1961, էջ 316
  46. Павленко, 1987, էջ 162
  47. Луконин, 1983, էջ 210
  48. Тревер, 1953, էջ 81
  49. Лео, 1904, էջ 174
  50. Акинян, 1938, էջ 289
  51. Ачарян, 1951, էջ 98
  52. Пивазян, 1962, էջ 169
  53. Хачикян, 1963, էջ 145
  54. Аревшатян, 1977, էջ 112
  55. Thomson, 1997, էջ 199

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

հայերեն գրականություն
ռուսերեն գրականություն
անգլերեն գրականություն
ֆրանսերեն գրակաություն
հունարեն գրականություն
  • Hippolytus Werke Die Chronik / Durchgesehen und herausgegeben im auftrage der kirchenväter-kommission der preussischen akademie der wissenschaften von R. Helm nebst einem Beitrag von J. Markwart. — 1929. — Vol. IV.