Մեծ բռնապետը
| Մեծ բռնապետը The Great Dictator |
|
Ի՞նչ կստացվի, եթե սովորական վարսահարդարը հայտնվի իշխանապետի տեղում |
|
| Ժանր | Քաղաքական երգիծանք կատակերգություն |
|---|---|
| Երկիր | |
| Թվական | 1940 |
| Պրեմիերա | հոկտեմբերի 25, 1940 |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Չառլի Չապլին |
| Պրոդյուսեր | Չառլի Չապլին Կարտեր Դե Հեյվեն |
| Սցենարիստ(ներ) | Չառլի Չապլին |
| Դերակատարներ | Չառլի Չապլին Փոլեթ Գոդար |
| Օպերատոր | Կառլ Սթրասս Ռոլանդ Թոտերո |
| Երաժշտություն | Չառլի Չապլին Մերեդիթ Վիլսոն |
| Մոնտաժ | Վիլլարդ Նիկո Հարոլդ Ռայս |
| Ընկերություն | Charles Chaplin Productions |
| Տևողություն | 125 րոպե |
| Բյուջե | 2 մլն. $ |
| MPAA վարկանիշ | |
| IMDb | ID 0032553 |
«Մեծ բռնապետը» (անգլ.՝ The Great Dictator), աշխարհահռչակ Չառլի Չապլինի նշանավոր ֆիլմ, նկարահանված 1940 թվականին: Ֆիլմի կարգախոսն է. «Կատակերգություն՝ գլուխգործո՛ց»: Առաջին անգամ ցուցադրվել է 1940 թվականի հոկտեմբերի 25–ին, ԱՄՆ–ում: Ֆիլմը քաղաքական երգիծանք է Ադոլֆ Հիտլերի և ֆաշիզմի հանդեպ: «Մեծ բռնապետը» շատ լավ ընդունվեց հանդիսատեսների կողմից, և միաժամանակ քաղաքական երգիծանքի պատճառով բուռն վեճերի ալիք բարձրացրեց:
Բովանդակություն |
Սյուժե [խմբագրել]
Ֆիլմի գլխավոր հերոսը (Չառլի Չապլին) ծագումով՝ հրեա, վարսահարդար է: Նա որպես շարքային է ծառայում Տոմանիայի (հորինված պետություն, երգիծանք Գերմանիայի հանդեպ) բանակում և մասնակցում Առաջին աշխարհամարտին: Օրերից մի օր այդ շարքայինը փրկում է Շուլց անունով օդաչուի կյանքը, իսկ դրանից հետո օգնում նրան ինքնաթիռ վարել: Այդպես է ստացվում, որ ինքնաթիռը վայր է ընկնում, ինչի պատճառով զինվորը կորցնում է հիշողությունն ու կոմայի մեջ ընկնում քսան տարով:
Այդ ժամանակահատվածում, պատերազմում պարտված Տոմանիայի իշխանությունն իր ձեռքն է առնում բռնապետ՝ Ադենոիդ Հինկելը (երգիծանք Ադոլֆ Հիտլերի հանդեպ): Վերջինս իր արտաքինով շատ է նման հրեա վարսահարդարին: Հինկելին օգնում են կառավարել նախարարներ՝ Գարբիչը (երգիծանք Գեբելսի հանդեպ) և Խերինգը (երգիծանք Հերինգի հանդեպ): Հրեաների թաղամասը գետտո է դարձված (ակնարկ հրեաների ցեղասպանության վերաբերյալ): Ամենուրեք գրոհայիններ են հսկում, ում կողմից հրեաները հալածանքների են ենթարկվում:
Վարսահարդարը արթնանում է կոմայի միջից և ոչնչից տեղեկացված չլինելով, գնում է իր հին վարսավիրանոց: Այդ պահին, երկու շտուրմովիկներ սկսում են վարսավիրանոցի լուսամուտին, սպիտակ ներկով՝ «հրեա» բառը գրել: Վարսահարդարը չհասկանալով թե ինչ է կատարվում, փորձում է կանգնեցնել շտուրմովիկներին: Կռիվ է սկսվում, որին խառնվում է է նաև գեղեցիկ հարևանուհի՝ Հաննան: Երկու հրեաներին հաջողվում է վռնդել շտուրմովիկներին: Վարսահարդարը սիրահարվում է Հաննային և ավելի մոտիկ ծանոթանում հարևանուհու հետ:
Դրանից հետո շտուրմովիկները որոշում են պատժել չենթարկվող վարսահարդարին: Գրոհայինների մի մեծ խումբ բռնում է խեղճ վարսահարդարին ու համարյա կախաղան բարձրացնում փողոցային լապտերի վրա: Այդ պահին օգնության է հասնում փողոցով իր մեքենայով անցնող հին օդաչու ընկեր՝ Շուլցը: Վերջինս այս տարիների ընթացքում մեծ պաշտոն էր ստացել ու մոտիկացել Հինկելի հետ: Նա դեմքով ճանաչում է վաղուց իր կյանքը փրկողին և հրամայում այլևս ձեռք չտալ վարսահարդարին ու իր ընկերներին:
Իսկ այդ ժամանակ՝ Ադենոիդ Հինկելը իր պալատում երազում է գրավել ամբողջ աշխարհը: Իրեն ամեն կերպ ոգեշնչում է նախարար Գարբիչը: Երազանքին հասնելու համար հարկավոր է գրավել Օսթերլիխ երկիրը (ակնարկ Ավստրիայի վերաբերյալ, որը գերմաներեն հնչում է որպես՝ գերմ.՝ Österreich): Սակայն առկա են լուրջ խնդիրներ ֆինանսների հետ: Ոչ մի ուրիշ պետություն չի ցանկանում վարկեր տալ Տոմանիային: Միակ անձը, ով կարող է դա անել, հրեա բանկիր Էփշթեյնն է: Վերջինիս սիրտը շահելու նպատակով, Հինկելը հրաման է տալիս այլևս չհալածել հրեաներին:
Այսպիսով թվում է, որ հրեաների թաղամասում կյանքը դեպի բարելավման է գնում: Գրոհայինները այլևս չէին հալածում բնակիչներին, այլ ընդհակառակը՝ ամեն ինչով օգնում նրանց: Վարսահարդարը ինչպես նախկինում, դարձյալ զբաղվում էր իր սիրած գործով: Նա և Հաննան սիրահարված են միմյանց ու երջանիկ հանդիպում են իրար հետ: Սակայն խաղաղ կյանքը երկար չի տևում: Հրեա բանկիր Էփշթեյնը մերժում է Հինկելին խոշոր գումար տրամադրելու, ինչից հետո Հինկելը վրեժխնդիր լինելու համար, հրամայում է ավելի խստացնել հրեաների հալածանքները: Գրոհայինները ջարդեր են սկսում հրեաների գետտոյում: Վարսահարդարն ու Հաննա փրկվում են, թաքնվելով շենքի տանիքում: Գրոհայիններն այրում են գլխավոր հերոսի վարսավիրանոցը:
Շուլցն այդ ամենը տեսնելով, միանգամից բողոքարկում է Հինկելին, բայց ապարդյուն: Իրեն էլ ուղարկում են համակենտրոնացման ճամբար: Շուտով Շուլցը փախչում է այնտեղից ու թաքնվում գետտոյում՝ Հաննայի ընտանիքում, որտեղ թաքնվում էր նաև վարսահարդարը: Շուլցը դավադրություն է պատրաստում, տան անդամների ու հարևանների հետ՝ Հինկելի դեմ: Ըստ իր ծրագրի՝ իրենցից մեկը պետք է զոհաբերի ինքն իրեն ու պայթեցնի Հինկելի պալատը: Ի վերջո այս տարբերակը մոռացվում է կատակերգական տեսարանով:
Իսկ այդ ժամանակ սրվում են հարաբերությունները Ադենոիդ Հինկելի և նրա դաշնակից, Բակտերիա պետության դիգգատիչե՝ Բենզինո Նապալոնիի (ակնարկ Բենիտո Մուսոլինիի և Իտալիայի վերաբերյալ) միջև: Նա նույնպես ցանկանում է հարձակվել Օսթերլիխի վրա և նույնիսկ հզոր զորքեր է մոտեցրել այդ երկրի սահմանին: Այդ հարցի շուրջ բանակցելու համար, Նապալոնին Տոմանիայի մայրաքաղաք է հրավիրվում: Դրանից հետո հանդիսատեսը ականատես է լինում բազում կատակերգական տեսարանների, Հինկելի ու Նապալոնիի մրցակցության մասին: Վերջ ի վերջո Հինկելին հաջողվում է ստի միջոցով համոզել Նապալոնիին հետ քաշել զորքերը:
Այդ ժամանակ, գրոհայինները ներխուժում են գլխավոր հերոսների բնակավայր: Շուլցը և վարսահարդարը ստիպված փախուստի են դիմում: Շենքերի տանիքներով երկար փախչելուց հետո, նրանք ի վերջո գրոհայինների ձեռքն են ընկնում ու համակենտրոնացման ճամբար ուղարկվում:
Հաննան իր ընտանիքի ու որոշ հարևանների հետ, Օսթերլիխ է փախչում և փորձում նոր կյանք սկսել:
Օրերից մի օր Շուլցն ու վարսահարդարը՝ զինվորական համազգեստ հագնելով, կարողանում են փախչել համակենտրոնացման ճամբարից: Զինվորները տագնապ են բարձրացնում և սկսում փախչողների որոնումները: Գլխավոր հերոսները մտադիր են նույնպես փախչել Օսթերլիխ և մոտենում են սահմանին: Հինկելի զորքերն արդեն կանգնած են սահմանին և պատրաստվում են ներխուժել հարևան պետություն: Այդ պահին, Հինկելը զբաղված էր բադերի որսով: Նա միայնակ լող էր տալիս նավակի վրայով լճի մեջ, երբ հանկարծ ջուրն ընկավ: Դուրս գալով ափ Հինկելին ձերբակալում են կողքով միամիտ անցնող զինվորները: Վերջիններս Հինկելին վարսահարդարի հետ են շփոթեցնում և համակենտրոնացման ճամբար ուղարկում: Իսկ վարսահարդարին ընդհակառակը՝ իսկական Ադենոիդ Հինկելի տեղն են դնում սահմանին կանգնած զորքերը: Նա և Շուլցը զորքերի հետ Օսթերլիխ են ներխուժում:
Հիմա կեղծ Ադենոիդ Հինկելը, պետք է ելույթ ունենա միլիոնավոր մարդկանց առաջ: Նրա ձայնը լսելու է համարյա ամբողջ աշխարհը: Նա պետք է ճառ արտասանի Օսթերլիխը Տոմանիային միավորվելու վերաբերյալ: Սարսափած վարսահարդարը, շփոթված մոտենում է խոսափողին և երկար մտածելուց հետո, սկսում է արտասանել իր իսկ սեփական հռետորական ճառը: Նրա խոսքերը կարծես մարգարեի կամ հոգևորականի խոսքեր լինեին: Նա կոչ է անում համայն մարդկությանը լինել՝ բարի, ազնիվ, աշխատասեր, օգնության ձեռք մեկնել յուրաքանչյուրին, չչարագործել, չնախանձել, չսպանել, չթալանել, ապրել Աստծո օրենքներով և այլն... Ապրել իրական կյանքով, այլ ոչ թե արհեստական ու կեղծ: Նա ժխտում է այն ամենն, ինչ մինչ այդ քարոզում էր բռնապետ Հինկելը: Նա սկսում է բարձր բացականչել: Նա կոչ է անում ամբողջ մարդկությանը պայքար սկսել բռնատիրության դեմ: Իսկ վերջում նա նույնիսկ Հաննայի անունն է տալիս: Վերջինս լսում է ելույթը ռադիոյով: Հասկանալով ամեն ինչ, Հաննան լավատեսությամբ լի նայում է երկնքին:
Դերերում [խմբագրել]
| Դերակատար | Դեր |
|---|---|
| Չառլի Չապլին | Ադենոիդ Հինկել / վարսահարդար |
| Փոլեթ Գոդար | Հաննա |
| Ջեք Օուքի | Բենզինո Նապալոնի |
| Ռեջինալդ Գարդիներ | Շուլց |
| Հենրի Դենիել | Գարբիչ |
| Բիլլի Հիլբերթ | Հերինգ |
| Գրեյս Հեյլ | մադամ Նապալոնի |
| Կարտեր Դե Հեյվեն | դեսպան |
| Մորիս Մոսկովիչ | միսթեր Ջեքիլ |
| Էմմա Դանն | միսսիս Ջեքիլ |
Մրցանակներ և անվանակարգեր [խմբագրել]
-
- Լավագույն դերասան (Չառլի Չապլին)
- Երկրորդ պլանի լավագույն դերասան (Ջեք Օուքի)
- Լավագույն երաժշտություն (Մերեդիթ Վիլսոն)
- Լավագույն ֆիլմ
- Լավագույն օրիգինալ սցենար (Չառլի Չապլին)
- 1960 թվական — ֆիլմը Ճապոնիայում արժանացել է՝ «Կինեմա դզյուպնո» մրցանակի, լավագույն օտարերկրյա ֆիլմ անվանակարգում:
- 1974 թվական — Ֆինլանդիայում արժանացել է՝ «Յուսսի» մրցանակի, լավագույն օտարերկրյա ռեժիսոր անվանակարգում (Չառլի Չապլին, նաև «Նոր ժամանակներ (1936)» ֆիլմի համար):
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն կատակերգական ֆիլմերի ցանկում 37-րդն է:
- 1997 թվական — ընդգրկվել է Ամերիկյան ֆիլմերի ազգային ռեգիստրում:
Հայտնի տեսարաններ [խմբագրել]
Ֆիլմը պարունակում է մի շարք տեսարաններ, որոնք առանձնահատուկ ձևով շատ հայտնի են: Դրանցից է Ադենոիդ Հինկելի ճառը ֆիլմի սկզբում: Սա ակնհայտ երգիծանք է Ադոլֆ Հիտլերի հանդեպ: Տեսարանը ակնարկում է Հիտլերի այն տարիների հռետորական ճառերի ու ելույթների մասին:
Հայտնի է այն տեսարանը, որտեղ գլխավոր հերոսը սափրում է հաճախորդին, Յոհաննես Բրամսի՝ Վենգրիական պար № 5-ի հնչունների տակ: Այս տեսարանը շատ հետաքրքիր ու վարպետորեն է արված: Այս միտքը հետագայում շատ ռեժիսորներ են օգտագործել իրենց ֆիլմերում:
Սակայն ամենահայտնի տեսարանը այն է, երբ բռնապետ Հինկելը պարում է գլոբուսի տեսք ունեցող փուչիկի հետ, երազելով տիրել ամբողջ աշխարհին: Պարում է Ռիխարդ Վագների՝ Լոհենգրին օպերայի հնչունների տակ:
Աչքի է ընկնում նաև տեսարանը Բենզինո Նապալոնիի հետ: Հետաքրքիր է այն դրվագը, երբ Ադենոիդ Հինկելը փորձում է ավելի բարձր աթոռին նստել, քան Նապալոնին: Դա պետք է հոգեբանորեն ազդի վերջինիս վրա, որը իրեն դրանից կաշկանդված կզգա: Այս տեսարանի միտքը ծագել է Չապլինի և Բելգիայի թագավորի հանդիպման ժամանակ: Թագավորը նստած էր ավելի բարձր ոտքեր ունեցող բազկաթոռին, քան Չապլինը:
Կինոքննադատների մոտ, առանձնակի տեղ է գրավում եզրափակիչ ելույթի տեսարանը: Քննադատները կարծում են, որ այստեղ Չապլինը ներառել է անձնական կարծիքները, և հենց դա դարձավ նրան ԱՄՆ-ից աքսորելու պատճառը:
Հետաքրքիր փաստեր [խմբագրել]
- «Մեծ բռնապետը» Չառլի Չապլինի առաջին, ամբողջովին հնչունային ֆիլմն է (իսկ ընդհանրապես, համր կինոյի դարաշրջանը ավարտվել էր դեռ 1920 թվականին):
- «Մեծ բռնապետը» ֆիլմի ցուցադրությունը, դժվար փորձություններով էր անցնում.
| Ֆիլմի ցուցադրությունը արգելվեց՝ Պերույում, Իսպանիայում և Ճապոնիայում: Վերջինս պաշտոնական մերժման մեջ հայտարարեց. «Բոլոր հականացիստական ֆիլմերը Ճապոնիայում արգելված են»: Հիտլերի երգիծավոր կերպարը յուրօրինակ սենսացիա դարձավ, սակայն ավելի մեծ վախ առաջացրեց Չապլինի եզրափակիչ ելույթը. «Ապրելակերպը կարող է ազատ ու հիանալի լինել, սակայն մենք շեղվել ենք ճանապարհից: Ագահությունը թունավորել է մարդկանց սրտերը, լցրել է կյանքը ատելությամբ, աստիճանաբար հասցնելով մեզ տառապանքներին ու արյունաթափությանը... Գիտելիքները դարձրել են մեզ ցինիկ, մեր խելքը ծանր է ու հոգնած: Մենք չափից շատ մտածում ենք և չափից քիչ զգում: Մեզ հարկավոր են ոչ այնքան տեխնոլոգիաներն, ինչքան մարդկությունը: Ոչ այնքան խելքը, որքան բարությունն ու քնքշությունը: Առանց դրա կյանքը կդառնա դաժան ու կկորցնի իմաստը:»
— Դոն Բ. Սոուվա
|
Դրվագներ ֆիլմից [խմբագրել]
Արտաքին հղումներ [խմբագրել]
- «Մեծ բռնապետը»(ռուս.) ֆիլմը «KinoPoisk» կայքում:
- «The Great Dictator»(անգ.) ֆիլմը Internet Movie Database կայքում:
|
|||||||||||||||||||