Ոսկու տենդ (ֆիլմ)
| Ոսկու տենդ The Gold Rush |
|
Թափառաշրջիկն ուղևորվում է Ալյասկա ոսկեհանության մասնակցելու |
|
| Ժանր | Կատակերգություն արկածային |
|---|---|
| Երկիր | |
| Թվական | 1925 |
| Պրեմիերա | հունիսի 26, 1921 |
| Լեզու | անգլերեն, համր |
| Ռեժիսոր | Չառլի Չապլին |
| Պրոդյուսեր | Չառլի Չապլին |
| Սցենարիստ(ներ) | Չառլի Չապլին |
| Դերակատարներ | Չառլի Չապլին Ջորջիա Հեյլ |
| Օպերատոր | Ռոլանդ Թոտերո |
| Երաժշտություն | Չառլի Չապլին Կառլի Էլինոր |
| Մոնտաժ | Չառլի Չապլին |
| Ընկերություն | Charles Chaplin Productions |
| Տևողություն | 82 րոպե |
| Բյուջե | 923.000 դոլլար |
| Նախորդ | Պիլիգրիմ |
| Հաջորդ | Կրկես |
| IMDb | ID 0015864 |
«Ոսկու տենդ» (անգլ.՝ The Gold Rush), աշխարհահռչակ Չառլի Չապլինի համր լիամետրաժ ֆիլմ, նկարահանված 1925 թվականին: Ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է՝ 1925 թվականի հունիսի 26-ին, ԱՄՆ-ում: Համարվում է Չապլինի լավագույն ֆիլմերից մեկը:
Բովանդակություն |
Սյուժե[խմբագրել]
1898 թվական. Ալյասկա. «Ոսկու տենդի» ժամանակներ: Այստեղ է ժամանում միայնակ թափառաշրջիկ Չառլին, որը եկել է ոսկեհանությամբ զբաղվելու: Նա թափառում է սառցակալած ժայռերով ու դաշտերով: Փոթորիկ է սկսվում և թափառաշրջիկը ստիպված մի սառած խրճիթում է թաքնվում: Այստեղ նաև ապաստան է գտել հանցագործ Սև Լարսենը, որը որոնվում է ոստիկանության կողմից: Քիչ հետո նրանց է միավորվում ևս մեկ ոսկեհան՝ Մեծ Ջիմ անվամբ: Վերջինս գտել էր ոսկու տեղը, սակայն փոթորկի պատճարով կորցրել էր այն:
Փոթորիկը շարունակվում է օրերով և խրճիթի երեք բնակիչները ուժասպառ են լինում սովից: Սև Լարսենը հեռանում է խրճիթից, որպեսզի առաջինը գտնի կորած ոսկին: Չառլին ու Մեծ Ջիմը մնում են նույն տեղում և սովից սկսում են խանգարվել: Սև Լարսենը ճանապարհին երկու ոսկեհանների է սպանում, որոնք գտել էին ոսկին, և գանձի հետ փախչում:
Մեծ Ջիմը որոշում է ճամփա ընկնել ու գտնել հարստությունները: Նա երկար է դեգերում մինչև որ չի հանդիպում Սև Լարսենին: Կռիվ է սկսվում ոսկու համար: Հանցագործը բահով հարվածում է հակառակորդի գլխին, պառկեցնում իրեն ու փախչում ոսկու հետ: Սակայն ճանապարհին՝ Սև Լարսենը մի մեծ ձնակույտի հետ, ժայռից ցած է գլորվում դեպի անդունդ ու մեռնում: Ոսկին դարձյալ կորչում է:
Թափառաշրջիկը չի համբերում մոլորված Մեծ Ջիմի վերադարձին ու քաղաք է իջնում: Մի պանդոկում, նա սիրահարվում է մի գեղեցիկ երգչուհու՝ Ջորջիա անունով: Աղջկան նույնպես մի երիտասարդ է սիրահարված, որը կռիվ է սկսում Չառլիի հետ: Վերջինս հանկարծակիորեն հաղթում է հակառակորդին ու հպարտ հեռանում:
Թափառաշրջիկը որոշ ժամանակով հաստատվում է քաղաքին մոտ գտնվող մի խրճիթում: Նա գումար է վաստակում տարբեր խանութների դիմացներից ձյուն մաքրելով: Հետո նա հանկարծակիորեն հանդիպում է գեղեցկուհի Ջորջիային իր ընկերուհիների հետ և առաջարկում Սուրբ ծնունդը միասին նշել խրճիթում: Ջորջիան և իր ընկերուհիները համաձայնվում են, սակայն երեկոյան միամիտ ուշանում են հանդիպումից: Հուսահատված Չառլին մտածում է, որ աղջիկը ստեց և գնում է քաղաքով զբոսնելու: Ջորջիան իր ընկերների հետ ուշացած ժամանում է խրճիթ, սակայն չտեսնելով Չառլիին հեռանում է:
Մյուս օրը քաղաք է գալիս Մեծ Ջիմը: Վերջինս ցանկանում է գտնել թափառաշրջիկ ոսկեհանին, որպեսզի իր հետ բարձրանա լեռներ կորած ոսկին որոնելու: Չառլին այն նույն պանդոկն է հաճախում: Այստեղ նա հանդիպում է Մեծ Ջիմին, որի ուրախությանը չափ չկար տեսնելով հին ընկերոջը: Հանդիպում է նաև Ջորջիային, որի հետ բացատրվում է նախորդ օրվա պատահած զուգադիպություններից: Թափառաշրջիկը երջանկանում է, սակայն Մեծ Ջիմը բռնի ուժով բռնում է իր ձեռքն ու ճամփա ընկնում դեպի լեռներ: Չառլին համակերպվում է ու համաձայնվում:
Երկու ոսկեհանները ապաստան են գտնում այն նույն խրճիթում, որից ամեն ինչ սկսվեց: Գիշերը ուժգին փոթորիկ է սկսվում: Քամու ուժգնությունից խրճիթը սկսում է շարժվել: Քամին տանում է խրճիթը անդունդի եզրին: Չառլին ու Մեծ Ջիմը արթնանում են չգիտակցելով, որ անդունդի եզրին են գտնվում: Յուրաքանչյուր ավելորդ շարժումը կարող էր ճակատագրական լինել: Խրճիթը սկսվում է ճոճվել: Երկու ընկերները տեսնում են, թե ինչ է կատարվում և փորձում են պահպանել հավասարակշռությունը: Արդյունքում խրճիթն օրորվում ու լրիվ կախվում է դեպի անդունդը: Այն չի ընկնում միայն տանիքին ամրացված պարանի շնորհիվ, որը խճճվում է քարերի մեջ ու պահում խրճիթը: Մեծ Ջիմը մի կերպ բարձրանում ու դուրս է գալիս: Նա մի պարան է վերցնում ու գցում է Չառլիին: Վերջինս բռնվելով պարանից դուրս է գալիս խրճիթից, որը վերջին պահին անդունդն է ընկնում: Ձյան մեջ երկու ոսկեհանները հանկարծակիորեն կորած ոսկին են գտնում:
Թափառաշրջիկն ու Մեծ Ջիմը մուլտիմիլիոնատերեր են դառնում: Նավով նրանք լքում են Ալյասկան: Տախտակամածին Չառլին շատ պատահական հանդիպում է Ջորջիային: Ֆիլմն ավարտվում է նրանց համբույրով:
Դերերում[խմբագրել]
| Դերակատար | Դեր |
|---|---|
| Չառլի Չապլին | թափառող ոսկեհան |
| Ջորջիա Հեյլ | Ջորջիա |
| Մակ Սուեյն | Մեծ Ջիմ |
| Թոմ Մյուրեյ | Սև Լարսեն |
| Հենրի Բերգման | Հենկ Քյորտիս |
| Մալկոլմ Ուեյթ | Ջեք |
Անվանակարգեր և վարկանիշային ցանկեր[խմբագրել]
-
- լավագույն երաժշտություն (Մաքս Թերր)
- լավագույն հնչունավորում (Ջեյմս Ֆիլդս)
- 1992 թվական — ֆիլմն ընդգրկվել է Ամերիկյան ֆիլմերի ազգային ռեեստրում:
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում՝ 74-րդ տեղում է 1997 թ. ցուցակում, և 58-րդը 2007 թ. ցուցակում:
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն կատակերգական ֆիլմերի ցուցակում 26-րդն է:
Հետաքրքիր փաստեր[խմբագրել]
- «Ոսկու տենդ» ֆիլմը՝ Չառլի Չապլինի միակ կատակերգությունն է, որը նկարահանվել է նախորոք պատրաստ սցենարով:
- Նկարահանման մի օրվա ընթացքում, հատուկ վարձակալվել էին 2500 թափառաշրջիկներ, որոնք պետք է ոսկեհաններին խաղային:
- Չապլինը 27 անգամ մոնտաժել է ֆիլմը, մինչ հասել է վերջնական արդյունքի:
- Երբ ասպարեզ մտավ հնչունային կինոն, Չապլինը ֆիլմի նոր տարբերակ ստեղծեց, որտեղ ներդրեց սեփական երաժշտությունն ու հեղինակային տեքստը:
- Բեռլինյան «Կապիոլե» կինոթատրոնում՝ ֆիլմի առաջին ցուցադրման ժամանակ, մի հետաքրքիր դեպք էր պատահել: Հայտնի «կարկանդակների պարի» դրվագը այնքան էր դուր եկել հանդիսատեսներին, որ նրանց խնդրանքով՝ ֆիլմի ավարտից հետո, այդ դրվագը ևս մեկ անգամ ցուցադրվեց:
- Աշխարհահռչակ գիտնական՝ Ալբերտ Էյնշտեյնը սիրում էր դիտել Չառլի Չապլինի ֆիլմերը: Դիտելով «Ոսկու տենդը» նա որոշեց գրել Չապլինի. «Ձեր՝ «Ոսկու տենդ» ֆիլմը հասկանալի է աշխարհում բոլորին, և դուք անկասկած հռչակավոր մարդ կդառնաք: Էյնշտեյն»: Ինչի վրա Չապլինը արձագանքեց այս կերպ. «Ես ձեզանով ավելի շատ եմ հիանում: Ձեր հարաբերականության տեսությունը ոչ ոք աշխարհում չի հասկանում, իսկ դուք մեկ է հռչակավոր մարդ դարձաք: Չապլին»:
Դրվագներ Ֆիլմից[խմբագրել]
Արտաքին հղումներ[խմբագրել]
- «Ոսկու տենդ»(ռուս.) ֆիլմը «KinoPoisk» կայքում:
- «The Gold Rush»(անգլերեն) ֆիլմը Internet Movie Database կայքում:
|
|||||||||||||||||||