Jump to content

Օռլեանի պաշարում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օռլեանի պաշարում
ԹվականՀոկտեմբերի 12, 1428 - մայիսի 8, 1429
Մասն էՀարյուրամյա պատերազմ
ՎայրՕռլեան, Ֆրանսիա
ԱրդյունքՖրանսիացիների հաղթանակ
Հակառակորդներ
Անգլիա Ֆրանսիա
Հրամանատարներ
Ջոն Թալբոթ
Ուիլյամ դե լա Պոլ
Թոմաս Մոնտեգյու
Ջոն Ֆասթոլֆ
Ուիլյամ Գլասդեյլ
Ժան Դյունա
Ժալ դե Ռե
Ժաննա դ'Արկ
Լա Գիր
Կողմերի ուժեր
5000 զինվոր6400 զինվոր
ավելի քան 4000 քաղաքացիները
Ռազմական կորուստներ
մոտ 4000ավելի քան 2000
Ընդհանուր կորուստներ

Օռլեանի պաշարումը (1428) և դրան հաջորդած՝ Ժաննա դ'Արկի և իր զինվորների կողմից քաղաքի ազատագրումը (1429) դարձել է Հարյուրամյա պատերազմի բեկումնային պահերից մեկը։ Օռլեանի ազատագրումը ֆրանսիացիների առաջին ամենալուրջ հաղթանակն էր 1415 թվականի Ազենկուրի ճակատամարտի խայտառակ պարտությունից հետո։ Ֆրանսիացիների համար ստրատեգիական և բարոյական նշանակություն ունեցող Օռլեանը անհույս վիճակից դուրս եկավ գեղջկուհի աղջկա՝ Ժաննա դ'Արկի՝ քաղաքական ասպարեզում անակնկալ հայտնվելու շինորհիվ, ով գլխավորեց ֆրանսիական զորքը, վերջինս էլ շատ կարճ ժամանակահատվածում դուրս բերեց Օռլեանը պաշարումից։ Ժամանակակիցները գտնում էին, որ Օռլեանի անկմամբ և անգլիական թագավոր Հենրի V-ի որդի Հենրի VI-ի գահակալմամբ վերջ կդրվեր Ֆրանսիայի՝ որպես պետություն, անկախությանը[1]։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիական և ֆրանսիական թագավորական տների միջև պայքարը, որը պատմության մեջ հայտնի է «Հարյուրամյա պատերազմ» անվանումով, 1415 թվականի Ազենկուրի ճակատամարտում ֆրանսիական զորքերի խայտառակ պարտությունից հետո շեշտակիորեն սրվեց՝ հօգուտ անգլիացիների։ Այդ ճակատամարտից քիչ անց անգլիացիները գրավեցին Հյուսիսային Ֆրանսիայի մեծ մասը, իսկ 1420 թվականին Ֆրանսիայի Տրուա քաղաքում կնքված հաշտության պայմանագրով Անգլիայի թագավոր Հենրի V-ը հայտարարվեց ֆրանսիական գահի ռեգենտ։ Նշված պայմանագրի համաձայն՝ Հենրի V-ը ամուսնացավ Ֆրանսիայի թագավոր Շարլ VI-ի դստեր հետ, վերջինիս մահից հետո էլ դարձավ Ֆրանսիայի թագավոր։ Շարլ VI-ի որդին՝ դոֆին Շարլը, զրկվեց ֆրանսիական գահի ժառանգման իրավունքից[2]։

1428 թվականի սկզբին Անգլիայում սկսեց ուժեղանալ բնակչության դժգոհությունը, որը կապված էր ձգձգվող պատերազմի, գների և հարկերի դիտավորյալ բարձրացմամբ[3]։ Ֆրանսիացիների դիմադրությունը կոտրել չհաջողվեց, Կռավանի, Վերնեյի և Ազենկուրի ճակատամարտերում տարած հաղթանակների հետ կապված հույսերը չարդարացան, զավթված տարածքներում անգլիական տիրապետությունը անկայուն էր, անհանգիստ էր հենց ինքը՝ Փարիզը, ինչը շուտով ապացուցվեց ի օգուտ Շարլ արքայի կազմակերպված դավադրությամբ։ Անգլիացիների համբերության բաժակը վերջնականապես լցրեց 1427 թվականին Մոնտարժիի մոտ կրած պարտությունը։ Պատերազմը շուտափույթ ավարտելու համար անհրաժեշտ էր գրավել Լուարի ավազանը՝ դեպի որը տանող «բանալին» Օռլեան քաղաքն էր։ Անգլիական պառլամենտը այդ առումով տվեց իր համաձայնությունը և 1428 թվականի սկզբին նոր հարկեր սահմանեց՝ պնդելով, սակայն, որ Մոնտարժիի պարտության մեղավորի փոխարեն զորքի հրամանատարությունը ստանձնի երիտասարդ, բայց արդեն իր հաղթանակներով Ֆրանսիայում հռչակված Թոմաս Սոլսբերին[3]։

Օռլեանը թագավորական իշխանության վերջին հենակետն էր Հյուսիսային Ֆրանսիայում, վերահսկվում էր անգլիացիների և նրանց դաշնակից բուրգունդացիների կողմից։ Քաղաքը, որը գտնվում էր երկրի կարևորագույն ջրային զարկերակի՝ Լուար գետի ափին, անգլիացիների համար վերջին խոչընդոտն էր Հյուսիսային Ֆրանսիայի հողերը լիովին զավթելու և դեպի ֆրանսիական տարածքների սիրտը հասնելու համար, քանի որ Օռլեանից ուղիղ ճանապարհ էր բացվելու դեպի Բուրժ՝ Շարլ VII-ի մայրաքաղաք։ Հարավում արդեն ֆրանսիացիները ամրություններ չունեին, և Օռլեանում անգլիացիների հաղթանակի դեպքում Շարլ արքայի ենթակայության տակ կմնար միակ գավառը՝ Դոֆինեն։ Նման պայմաններում Շարլի վիճակը անհուսալի կդառնար[4]։

Օռլեանի դուքսերը գլխավորում էին ֆրանսիական արիստոկրատական Արմանյակների տունը. վերջիններս հրաժարվել էին ճանաչել 1420 թվականի հաշտության պայմանագիրը և Ֆրանսիայի օրինական թագավոր էին համարում դոֆին Շարլ VII-ին։ Սա լրացուցիչ բարկացնում էր անգլիացիներին՝ պաշարումը դարձնելով ավելի կատաղի[4]-

Օռլեանը Հարյուրամյա պատերազմում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օռլեան քաղաքը գտնվում է Փարիզից 130 կմ հարավ-արևմուտք։ Հիմնված լինելով կելտական Ցենաբում (կամ՝ Գենաբում)[5] բնակավայրի տեղում՝ Օռլեանը եղել է թագավորական դոմենի հիմնական մասը, իսկ ավելի ուշ դարձել է Օռլեանի դքսության մայրաքաղաքը։ 1345 թվականին Ֆիլիպ VI-ի կողմից, որպես ապանաժ, հանձնվել է որդուն՝ Ֆիլիպին։ Վերջինիս մահից հետո, 1375 թվականին քաղաքը, մինչև 1392 թվականը, կրկին դարձել է թագավորական դոմենի մաս, որից հետո նորից է առանձնացվել որպես ապանաժ Շարլ VI-ի եղբոր՝ Լյուդովիկոսի, համար, ով դրանից հետո Օռլեանյան տիտղոս է ընդունել[6]։

Այնուամենայնիվ, քաղաքի բնակիչները ընդդիմացել են այդ վիճակին և կարողացել են պնդել, որպեսզի քաղաքին անկախության հրովարտակ տրվի, որի համաձայն նրա բնակիչներին թույլատրվի ներքաղաքային գործերում որոշումներ կայացնող 20 հավատարմատարներ ընտրել[6]։

Սակայն թագավորի դիվանագետ եղբայրը կարողացավ քաղաքացիների հակել դեպի իր կողմը՝ նրանց ներկայացուցիչներին 1393 թվականին հրավիրելով իր նորածին որդու մկրտությանը։ Տեղական ազնվականության՝ այսպիսի ուշադրության արժանացած ներկայացուցիչները ընդունեցին հրավերքը՝ իրենց հետ վերցնելով, ինչպես այդ ժամանակվա փաստաթղթերն են հաղորդում, «մի քանի սագ, ինչպես նաև փնջած ծնեբեկ», որից հետո Օռլեանը վերջնականապես ճանաչել է նոր սյուզերենի իշխանությունը[6]։ Լյուդովիկոսի սպանությունից հետո, 1407 թվականի նոյեմբերի 27-ին քաղաքը անցավ նրա որդուն ՝ Շարլին, ով Ազենկուրի ճակատամարտում գերի ընկավ անգլիացիներին[7]։

Հարյուրամյա պատերազմի ընթացքում քաղաքի համար տագնապալի ժամանակներ սկսվեցին 1357 թվականին, երբ Պուատիեի ճակատամարտում Հովհան Բարի արքայի պարտությունից հետո քաղաքում սկսեցին հայտնվել անգլիական հեծելազորի հեծյալները։ Ֆրանսիայի այս մասում ռազմական գործողությունները ղեկավարում էր անգլիական հրամանատար Ռոբերտ Նոուլզը։ 1359 թվականին Օռլեանը պաշարվեց Սև Արքայազնի բանակի կողմից։ Կայազորը հանկարծակիի բերել անգլիացիներին չհաջողվեց. պատրաստվելով պաշտպանության՝ ֆրանսիացիները հասցրել էին ավերել արվարձանները՝ ոչնչացնելով Սեն-Էվերտ, Սեն-Էնյան և Սեն-Պիեր-Էնսանտելե եկեղեցիները։ Քաղաքի պարիսպները շրջապատող ամայացած տարածքը զրկեց անգլիացիներին պաշարման համար այստեղ տեղավորվելու հնարավորությունից։ Էդուարդ III-ի զորքերն անցան քաղաքի մոտով, և քաղաքը փրկվեց[8]։

Հետագայում քաղաքը գրավելու անգլիացիների փորձերը երկար ժամանակ հաջողությամբ հետ է մղել Օռլեանյան դուքսը՝ շնորհիվ իր ճարտարամտության և դիվանագիտության՝ կարողանալով շատ ազդեցիկ ծանոթներ ձեռք բերել նույնիսկ գերության մեջ լինելով[3]։ Ըստ անհրաժեշտության կիրառվել է նաև կաշառքը. օռլեանցիները մշտապես փող էին մատակարարում իրենց սյուզերենին, այդ փողերը ծախսվում էին անգլիական մեծատոհմիկներին արվող «նվերների» վրա մեկ նպատակով՝ նրանց համոզել պահպանելու ասպետական օրենքներից մեկը, որի համաձայն չի կարելի գրոհել առանց սյուզերեն մնացած հողերի վրա։ Հայտնի է, որ նույնիսկ պաշարումը սկսվելուց առաջ վերջին պահին Շարլին հաջողվել է հանդիպել կոմս Սոլսբերիի հետ և նրանից քաղաքի վրա չհարձակվելու խոստում կորզել՝ նրան առաջարկելով այդ ժամանակների համար խոշորագույն գումար՝ 6 հազար ոսկե էքյու[7]։ Այդուհանդերձ, խոստումը կարճ ժամանակ անց դրժվեց։

Մարտեն դե Բատայ։ Հատված «Քաղաքի տեսքը ամրոցի կամրջի կողմից» նկարից, 1690 թվական։ Առաջին պլանում երևում են Տուրելի ավերված աշտարակները։

Պաշտպանական կառույցների համակարգ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1380 թվականից, Բեկինգեմյան դքսի առաջխաղացումից հետո, սկսվեցին քաղաքը պաշարելու նախապատրաստական ակտիվ աշխատանքները։ Օռլեանի հաշվային գրքերը այս ժամանակաշրջանի համար փաստեր են պարունակում քաղաքի պատերի և աշտարակների, ցանկապատնեշների և ամբարտակների ամրացման, բերդի կամրջի վերանորոգման, վառոդի պատրաստման, կապարի, աղեղնազենի նետերի գնման, թնդանոթների և ռմբակոծիչների տեղադրման վրա կատարված ծախսերի վերաբերյալ։ Չմոռացան նաև հացահատիկ մթերել կայազորի և քաղաքի բնակիչների համար։ Նետերի և վառոդի պահեստավորման համար հավատարմատարների դահլիճի վերին մասում տարածք առանձնացվեց։ Աշտարակների վրա պահակային ծառայություն սահմանվեց, ընդ որում՝ այս աշխատանքներին տեղի համալսարանի անդամների մասնակցությունը և պաշտպանության համար քաղաքային հարկերի վճարումը ապահովելու համար ստպված եղան թագավորական հատուկ հրաման արձակել[3]։

Օռլեանը XV դարի սկզբին հզոր ամրոց էր՝ կառուցված անկանոն քառանկյան տեսքով այն նույն սխեմայով, ինչը բնորոշ էր հռոմեական ժամանակների ամրությունների մեծ մասին։ Բնակավայրի մակերեսը, ըստ տարբեր հաշվարկների, կազմում էր 25-ից 37 հեկտար[9]։ Քաղաքը շրջապատված էր 2590 մ երկարությամբ պարսպով[9], որն ուներ հինգ դրապասներ՝

  1. Բուրգունդական դարպասներ, որի միջով անցնում էր դեպի Ժիեն տանող ճանապարհը։
  2. Պարիզյան դարպասներ՝ գտնվում էին վանական հիվանդանոցի կողքին (պաշարման ժամանակ այս դարպասների հետ էր կապված դավադրության փորձը)։ Պաշարման ժամանակ փակ են եղել հեծյալների համար, հետրակաի համար միակ անցումը հանգամանորեն հսկվում էր։
  3. Բանյեի դարպասներ՝ տանում էին դեպի փարիզյան ճանապարհը:
  4. Ռենարի դարպասներ՝ Բլոիս տանող ճանապարհին։
  5. Սուրբ Եկատերինայի դարպասներ՝ տանում էին դեպի բերդի կամուրջը։

Բոլոր դարպասները պաշտպանված էին իջնող ճաղավանդակներով։

Օռլեանյան պարիսպները պսակավորված էին 37 աշտարակներով, որոնց բարձրությունը հասնում էր 6-10 մետրի, ընդ որում Նոր Աշտարակը, որը միջնաբերդից զատված էր լրացուցիչ խրամատով, բարձրանում էր մինչև 28 մետր[9]։ Օռլեանյան ամրությունների սխեման (համարակալումը՝ հարավ-արևելքից դեպի հյուսիս-արևմուտք) հետևյալ տեսքն ուներ՝

Օռլեանի ամրաշինական կառուցվածքը
Օռլեանի ամրաշինական կառուցվածքը
Օռլեանի ամրաշինական կառուցվածքը
Համար Համար Անվանում Անվանում
1 Տուր-Նև (Նոր Աշտարակ) (գետի ափի և Տուր-Նև փողոցի միջև եղած անկյունում։ Աշտարակի հիմքերը գետի մեջ էին հասնում ) 2 Աշտարակ Ավալոն
3 Աշտարակ Սեն -Ֆլո ( Տուր-Նև փողոցւ մյուս կողմում) 4 Բուրգունդական դարպասների երկու կողմերի աշտարակներ (լրացուցիչ ամրություններ՝ բարձրացող կամուրջ և բուլվար։ Գտնվում էր Բուրգունդական, Տուր-Նև և Բուրդոն-Բլան փողոցների խաչմերուկում)
5 Աշտարակ Սեն-Էտյեն 6 Մեսիր բուդայի աշտարակ
7 Աշտարակ Շան-Էգրոն 8 Եպիսկոպոսական աշտարակ (պարսպի ծայր հյուսիսային անկյունն է, Եպիսկոպոսական և բուրդոն-Բլան փողոցների խաչմերուկում)
9 Եպիսկոպոսական Դատարանի աշտարակ 10 Սեն-Կուր եկեղեցու աշտարակ
11 Աշտարակ Սալե (Եպիսկոպոսական փողոցի հանդիպակաց կողմում) 12 Երկու աշտարակներ Պարիզյան դարպասների վրա (արտաքին կողմից պաշտպանված էին բուլվարով։ Գտնվում էր Եպիսկոպոսական փողոցի և նրան հարակից Սեն-Կրուա և Էտապ հրապարակների հատման կետում)
13 Ժան Տիբոյի աշտարակ 14 Ալե Սեն-Մեսմենի աշտարակ
15 Աշտարակ Վերժե-Սեն-Սամսոն 16 Սեն-Սամսոն աշտարակ (գտնվում էր Ժաննա դ՛Արկի և Լիցեյյան փողոցների խաչմերուկի հյուսիսում)
17 Աշտարակ Օմ (Մարթուրի հրապարակի վրա) 18 Երկու աշտարակներ Բանիե դարպասների վրա (պարսպի հյուսիս-արևմտյան անկյունը։ Լրացուցիչ պաշտպանված էին արտաքին բուլվարով)
19 Աշտարակ Միշո Կանտո (Կարն, Ալեբարդ և Գրանիե-ա-Սել փողոցների անկյունում) 20 Երկու աշտարակներ Ռենար դարպասների վրա (լրացուցիչ պաշտպանված էին արտաքին բուլվարով։ Գտնվում էին Կորսա փողոցի վրա)
21 Աշտարակ Էշիֆֆր-Սեն-Պոլ (Անգլիական փողոցի վրա) 22 Աշտարակ Անդրե (Ռեկուվրանս փողոցի վրա)
23 Աշտարակ Բարբ-Ֆլամբեր (պարսպի հարավ-արևմտյան անկյունը, աշտարակի հիմքը գետի ջրի մեջ էր, գտնվում էր Ռեկուվրանս և գետափնյա Սիպիերր փողոցների անկյունում) 24 Աշտարակ Նոտր-Դամ (ինչպես ենթադրում են՝ նրանից կրակող թնդանոթից սպանվել է անգլիական զորքերի գերագույն հրամանատար Թոմաս Սոլսբերին)
25 Ջրարբի աշտարակ (նայում էր անմիջապես Լուարին։ Գտնվում էր գետափնյա Սիպիերրի վրա) 26 Երկու կամրջային աշտարակ Սբ. Եկատերինայի դարպասների վրա (Շատլեի ափի և Տրակտիրյան փողոցի)
27 Մեծ աշտարակ Շատլե (գետի վրա) 28 Պիեռ լե Կեի աշտարակ (գետի վրա)
29 Աշտարակ Կրոշ-Մեֆրուա (գետի վրա) 30 Պոտերնա Շենո (պաշարման ժամանակ սրա կողքին գտնվում էր քաղաքային հրետանին)
31 Աշտարակ Օբեր (Շատլեի ափամերձ հատվածում) 32 Քառակուսի կամ Կոտրված աշտարակ (իրականում՝ ութանիստ։ Շատլեի ափին)
33 Աշտարակ Տաներ (Շատլեի ափին)

1401 թվականին Շարլ VI-ը աշտարակները և քաղաքի պարիսպները վերակառուցելու հրաման արձակեց՝ հետագայում այստեղ հրետանին տեղակայելու նպատակով։ Ամրությունների վերակառուցումը շարունակվեց մինչև 1416 թվականը. 1412 թվականին բոլոր դարպասները պատվեցին լրացուցիչ պողպոտյա իջնող ցանցավանդակներով, միևնույն ժամանակ՝ կառուցվեցին փայտով երեսապատված հողաշեն բուլվարներ, որոնց բարձրությունը մոտ 3,3 մետր էր։ 1416 թվականին գնվեցին 18 ռմբակոծիչներ (դրանցից 6-ը՝ խոշոր չափի)։ Երեք տարի անց, 1419 թվականին հրետանին տեղակայվեց բոլոր հիմնական աշտարակներում, և Պարիզի դարպասները կապող կամրջի վրա բալիստա (ռմբանետ) տեղադրվեց։ Աշխարհազորայինների, ովքեր ծառայում էին պարիսպների վրա, լրացուցիչ պաշտպանության համար անցուղիների վրա տեղադրվեցին փայտե 130 ասպարներ։ Օռլեանյան բաստարդի հրամանով տեղի ձուլարանում պատրաստվեցին երեք տագնապային զանգեր, որոնք պաշարման ժամանակ քաղաքացիներին կանոնավոր ազդարարում էին հակառակորդի հարձակումների մեկնարկի մասին[9]։

Բացի դրանից, արտաքին պաշտպանական ճակատը համալրվեց ցանկապատնեշով և հողե պատվարով, իսկ բերդի պատը գոտևորվեց խրամատով։

Լուարի վրայով անցկացվեց տարբեր երկարության 19 կամրջամասերով կազմված 400-մետրանոց կամուրջ, առաջին կամրջամասը շղթայով բարձրացվող էր։ Հինգերորդ կամրջամասը իր հիմքերով հենվում էր կրկնակի կղզյակի վրա, որի՝ Լուարի հոսանքից վեր գտնվող մասը կոչվում էր Սբ. Անտուանի կղզի, իսկ ներքև գտնվողը՝ Ռիբացկու կղզի։ Կղզու վրա գտնվում էր բաստիդը, որի աշտարակներից մեկը գրեթե կից էր Սբ. Անտուան կղզու մատուռին, իսկ մյուսը՝ Ռիբացկու կղզու վրա գտնվող բորոտանոցի շենքին[9]։

Տասնմեկերորդ և տասներկուերորդ կամրջամասերի միջև գտնվում էր բրոնզից ձուլված խաչ՝ Բել-Կրուան[9]։

Տասնութերորդ կամրջամասի վրա գտնվում էր Տուրելը (կամ, ինչպես այդ ժամանակների տարեգրություններում հաճախ անվանվում էր՝ «Տուրելի» կամ «Տուրնելի»)՝ երկու խոշոր՝ գնդաձև և ուղղանկյունաձև, ինչպես նաև երկու փոքր աշտարակներից բաղկացած ամրոցը, որի հիմքերը մասամբ մխրճված էին ջրի մեջ։ Ամրոցը երկու կողմերից պաշտպանված էր բուլվարներով՝ բերդամասի արտաքին համակարգով, որը քաղաքի միջնաբերդից կրակ բացելու հեռավորության վրա պետք է խոչընդոտեր հակառակորդի հրետանու տեղաբաշխումը[9]։

Տասնիններորդ (վերջին) կամրջամասը կարող էր նաև բարձրանալ շղթայով։ Դարպասները և բարբիկանը, որոնց միջով կարելի էր հասնել կամրջին, կոչվում էր Պորտորո[9]։

Չբավարարվելով միայն ռազմական նախապատրաստվածությամբ՝ օռլեանցիները 1428 թվականի օգոստոսի 6-ին գոհաբանական աղոթք հղեցին քաղաքի հովանավորող սրբերին՝ Սբ. Էվերտին և Սբ. Էնյանին, որի ժամանակ խաչակրաց երթ կատարեցին քաղաքի պարիսպների շուրջը. այս նույն արարողությունը կրկնվեց նաև հոկտեմբերի 6-ին[3]։

Պաշտպանության մարտավարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպեսզի անգլիացիներին զրկեն քաղաքի շուրջը տեղաբաշխվելու և պաշարող մեքենաների և ամրությունների շինարարության համար շինանյութեր հայթայթելու հնարավորությունից՝ քաղաքացիները քարուքանդ արեցին արվարձանները, ինչն, իսկապես, արդյունավետ եղավ. «Օռլեանյան պաշարման օրագիր»-ը նշում է, որ 1428-1429 թվականներին ցուրտ ձմռանը անգլիական զինվորները ստիպված են եղել որպես վառելափայտ հարևան գյուղերից բերված խաղողի այգիների ձողանները օգտագործել[6]։

Պաշտպանության մարտավարությունը կայանում էր նրանում, որ քաղաքի պարիսպներից մշտապես արձակվող կրակոցներով տագնապ հարուցեն հակառակորդի մոտ. նույն «Օրագիրը» այդ մասին պատմում է բավականին մանրամասն։ Մասնավորապես, թնդանոթաձիգերի մեջ առանձնանում էր «մեթր Ժանը՝ իր թնդանոթով», դիպուկ կրակով նա շատ անգամներ է իրարանցում առաջացրել հակառակորդի շարքերում և կարողացել է անգլիացիների գլխին փուլ բերել տուրելյան ամրությունների տանիքների և պատերի մի մասը[10]։

Քաղաքի պարիսպներից հրաձգության համար Օռլեանը ուներ ինչպես «հին մեքենաներ», որոնք գործի էին գցվում մկանային ուժով, այնպես էլ այդ ժամանակների համար նոր համարվող հրետանային ուժեր։ Այդ ժամանակաշրջանի մասին պատմող սուղ տարեգրություններից հայտնի է, որ քաղաքում կային առնվազն երեք տրեբուշետներ (դրան հստակ թիվը անհայտ է)։ Դրանցից մեկը գտնվում էր Էշիֆֆր-Սեն-Պոլ աշտարակի , մյուսը՝ Ռենիար դարպասների մոտ գտնվող աշտարակի , երրորդը՝ Շատլե աշտարակի վրա։ Տրեբուշետները կարող էին 1 ժամում 10 քար նետել՝ մինչև 80 կգ կշռով, մոտ 180 մետր հեռավորության վրա, ընդ որում՝ դրանց վերալիցքավորման համար 8 մարդ էր անհրաժեշտ։ Ըստ ամենայնի, եղել են նաև այլ՝ ավելի ծանր և ոչ դյուրաշարժ տրեբուշետներ, որոնք մեկ ժամում մեկ քար են նետել՝ 140 կգ քաշով, 220 մետր հեռավորությամբ։ Տրեբուշետի վերազինման համար, ըստ Ռենո Բեֆեյետտի հաշվարկների, պահանջվել է 60 մարդ[11]։ Ոչ մեծ քանակությամբ եղել են նաև հսկայական արբալետներ՝ հին հռոմեական «կարիճի» տարատեսակը։

Ամենահզորը քաղաքային հրետանին էր, ընդ որում՝ պաշարման ողջ ընթացքում հրետանու համալրումը տեղի էր ունենում անընդմեջ։ Հաշվարկվել է, որ պաշարման սկզբում քաղաքում կային 75 հատ բոլոր տրամաչափերի հրանոթներ, պաշարման ավարտին դրանց թիվն աճել էր մինչև 105[12]։ Քաղաքային հրետանին բաղկացած էր խոշոր տրամաչափի ռմբակոծիչներից, ավելի փոքր հրասանդերից, թնդանոթներից (veuglaires) և ձեռքի ատրճանակներից։

Այսպես, օռլեանյան բաստարդի հրամանով պաշարման ժամանակ տեղի վարպետ Նոդեն Բուշարը պատրաստել էր հսկա մի ռմբակոծիչ, «Երկար» անվանումով, 33 սմ տրամաչափով, որը 100 կիլոգրամանոց քարե ռմբագնդեր էր նետում մոտ 1400 մետր հեռավորությամբ։ Եվս մեկ հսկա ռմբակոծիչ՝ «Շուն»-ը, 463 լիվր (մոտ 230 կգ) ձուլել էր վարպետ Ժան Դուիզին։ Շենոյի մոտ տեղադրվել էին «Հովվուհի», «Մոնտարժի» և «Ժիֆֆար» ռմբակոծիչները, որոնք անընդհատ ռմբակոծում էին Տուրելը։ Եվ, վերջապես, հսկա-ռմբակոծիչը, որը կիրառվեց այդ նույն Տուրելի գրավման ժամանակ, կշռում էր մոտավորապես 1200 լիվր (մոտ 600 կգ), այն տեղաշարժելու համար 22 ձիերի լծվածք պահանջվեց[12]։

Հրասանդը ավելի փոքր տրամաչափի զենք էր՝ օդային կրակ բացելու համար։ Թեթև թնդանոթները ունեին մոտ 20 սմ տրամաչափ, տեղադրվել էին աշտարակների վրա և կրակում էին մինչև 250 մ հեռավորության վրա։ Ունեին նաև առնվազն մեկ միջին չափի ռմբանետ և մինչև 205 սմ տրամաչափի ձեռքի ատրճանակներ՝ 4 ունցիա կշռով (110 գ) փամփուշտներով՝ մինչև 200 մ հեռավորության վրա կրակող[12]։

Ռմբակոծիչները խմբավորվել էին, հիմնականում հարավային պարսպի մոտ և կամրջի վրայով հարվածում էին Տուրելին և անգլիական ամրություններին, միևնույն ժամանակ՝ փոքր թնդանոթները ձիերին լծված տեղափոխվում և օգտագործվում էին արտագրոհների ժամանակ[13]։

Օռլեանի կայազորում ծառայություն էին իրականացնում 12 «գլխավոր թնդանոթաձիգերը», ովքեր վճարվում էին քաղաքի գանձարանից, նրանք սկզբնապես ունեին բազմաթիվ ստորակարգ հրաձիգ-ծառայողներ։ Օրինակ, հայտնի թնդանոթաձիգ Ժան դե Մոնտկլերկը (կամ Ժան Լոթարինգացին) ղեկավարում էր 15 զինվորից և 30 հրաձիգից կազմված ջոկատը[14]։

Սակրավորական աշխատանքների ապահովության համար 1429 թվականի փետրվարի 21-ին պարիսպներին կից մի քանի տեղամասերում հողի մեջ փորվեցին-թաղվեցին պղնձե լագաններ՝ մինչև պռունկը ջրով լցված։ Ջրի մակարդակի տատանմամբ հնարավոր էր դատել, թե արդյո՞ք թշնամին պատի տակ վառոդի ական տեղադրելու համար ստորերկրյա անցք չի փորում։ Այդուհանդերձ, այս նախազգուշական միջոցառումները ապարդյուն էին, քանի որ Տուրելի և շրջակա ամրությունների վրա առաջին իսկ գրոհից հետո անգլիացիները այլևս չդիմեցին այդ մարտավարությանը[11]։

Եվ, վերջապես, Տուրելի և ամրոցների շուրջ կազմավորվեց երկաթյա «սխտորը»՝ եռանիստ սրածայր սեպերը, որոնք դաժան, բայց բավականին արդյունավետ զենքեր էին ընդդեմ թշնամու հեծելազորի[12]։

Մշտական արտագրոհները և ընդհարումները պետք է ուժասպառ անեին անգլիացիներին և հարկադրեին նահանջել։ «Օրագիրը» բավականին շատ մանրամասներ է պահպանել այդ, գրեթե ամենօրյա լոկալ ընդհարումների մասին, ընդհուպ մինչև այն, որ մի անգամ գրոհող ֆրանսիացիներին որպես ավար բաժին է հասել «երկու արծաթե թասեր, կզաքիսի մորթով զգեստ, բազմաթիվ ռազմական կացիններ, նետամաններ՝ նետերով և այլ ռազմամթերք»[15], մեկ այլ անգամ, կարողանալով գրավել դեպի անգլիական դիրքերը գնացող բեռնանավը՝ ֆրանսիացիները նրա վրա գտել են 9 տակառ գինի, մսեղիք և որսամիս, ընդ որում՝ և՛ մեկը, և՛ մյուսները անմիջապես օգտագործվել են ըստ նշանակության[16]։

Այդ օրերի ավանդույթի համաձայն՝ պաշարողները և պաշարվածները ժամանակ առ ժամանակ նվերներ էին փոխանակում. այսպես, ժամանակագրության մեջ գրառում է պահպանվել «թզերով, խաղողով և արմավով լի» սկուտեղի մասին, որը քաղաք էր ուղարկել Ուիլյամ դե լա Պոլը, որին ի պատասխան օռլեանյան բաստարդը նրան սև վելյուրի (թավշամահուդ) կտոր է ուղարկել[17]։

Անընդմեջ ընդհարումները երկու անգամ ընդհատվել են ասպետական մրցաշարերով, որոնց հավասար հետաքրքրությամբ հետևել են երկու կողմերն էլ։ Երկու մարտերից առաջինի դեպքում հաղթել են ֆրանսիացիները, մյուսն ավարտվել է ոչ ոքի, երկրորդի ժամանակ անգլիացիները արդեն չհամարձակվեցին դուրս գալ իրենց ամրություններից[18][19]։

Սուրբ Ծննդյան տոների ժամանակ անգլիացիների խնդրանքով դադարեցվել են ռազմական գործողությունները, և ամրոցից դուրս եկած նվագախումբը, որին միացել էին նաև անգլիացի երաժիշտներ, ամբողջ օրը նվագեց՝ ի հաճույս երկու կողմերի[20]։

Պարենամթերքի մատակարարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս պաշարվելուց առաջ քաղաքը, ինչպես վկայում են հաշվեգրքերը, հաց և գինի էր գնել, ընդ որում՝ պաշարման սկզբից մինչև վերջ քաղաքը մեծապես կախված էր արտաքին մատակարարումներից։ «Օրագիրը» բազմակի անգամներ հիշատակում է միակ անցանելի Բուրգունդական դարպասներից ներմուծվող եղջերավոր անասունների, «խոշոր, գեր խոզերի», «աղ դրած ձկներով բեռանավորված ձիերի» և այլնի մասին։ Չնայած բոլոր ջանքերին, անգլիացիներին չհաջողվեց վերջնականապես կտրել քաղաքի կապը արտաքին աշխարհի հետ, ինչի հետևանքով ստացվում էր այնպես, որ առևտրականների կողմից ներմուծվող գումակների մի մասը զավթվում էր և «ուղարկվում էր անգլիական ճամբար»[21]։

Քաղաքացիների համար ապրանքների սովորական առևտուրը չի ընդհատվել։ Չնայած նրան, որ այդ ժամանակաշրջանի տարեգրությունը խուլ ակնարկներ է անում «կարիքի» մասին, Օռլեանը սովի սպառնալիք չի ապրել։ «Փարիզյան քաղաքացու օրագիր»-ը վկայում է, որ իբր «Օռլեանը այնպիսի կարիքի մեջ էր, որ եթե որևէ մեկին հաջողվում էր ճաշի համար երեք բլանով հաց գտնել, նա իրեն երջանիկ մարդ էր համարում»[22] ՝ այսինքն հացի արժեքը նախկինի համեմատ աճել էր 30 անգամ, թեպետ ժամանակակից հետազոտողները ժխտում են այս փաստաթղթի արժանահավատությունը[23]։

Վարձկան զինվորների ջոկատների համար, հավանաբար, կենտրոնացված բաշխում է կիրառվել, համենայնդեպս պահպանվել են քաղաքի նոտար Ժան Լե Կայի կողմից արված՝ 1429 թվականի մարտի 25-ի հաշվարկները. նրանց ղեկավարը ստացել է հացի և գինու համաձայնեցված չափաբաժինը՝

  • Հիշյալ քաղաքի շոտլանդացիներին՝ 3 1/2 տակառիկ գինի, 3 1/2 մյուիդ ցորեն՝ 560 մարդու հաշվարկով
  • Մոնսենյոր դե Գրավիլլային՝ 1 1/2 տակառիկ գինի և 1 1/2 մյուիդ ցորեն՝ 240 մարդու հաշվարկով
  • Մադրին՝ 1 տրավերսեն գինի և 1/2 մյուիդ ցորեն՝ 160 մարդու հաշվարկով
  • Դենի դե Շային՝ 1 1/2 տակառիկ գինի և 1 1/2 մյուիդ ցորեն՝ 180 մարդու հաշվարկով
  • Տիբո դե Թերմին՝ 1 տրավերսեն գինի և 5 մինա ցորեն՝ 80 մարդու հաշվարկով
  • Մոնսենյոր դե Գութրին՝ 1 տրավերսեն գինի և 8 մինա ցորեն՝ 80 մարդու հաշվարկով
  • Մոնսենյոր դե Կոարազին՝ 1 տրավերսեն գինի և 5 մինա ցորեն՝ 80 մարդու հաշվարկով
  • Մեսիր Թիոդին՝ 1 1/2 տակառիկ գինի և 1 1/2 մյուիդ ցորեն՝ 260 մարդու հաշվարկով
  • Մեսիր Սերնեին՝ 1 տրավերսեն գինի և 6 մինա ցորեն՝ 240 մարդու հաշվարկով
  • Պոտոն դե Սենտրայլին՝ 1 տակառիկ գինի և 10 մինա ցորեն՝ 160 մարդու հաշվարկով
  • Սեն-Սևերի զինվորներին՝ 2 տակառիկ գինի և 2 մյուիդ ցորեն՝ 320 մարդու հաշվարկով
  • Մոնսենյոր դե Վիլլարին՝ 1 1/2 տակառիկ գինի և 1 1/2 մյուիդ ցորեն՝ 240 մարդու հաշվարկով

Այսինքն մոտ 7020 լիտր գինի (մոտավորապես 2,7 լիտր՝ 1 մարդու հաշվով) և մոտ 4450 կգ ցորեն (մոտավորապես 1,71 կգ՝ 1 մարդու հաշվով)[11][24]։

Զորքի կազմ և թվաքանակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիական բանակ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թոմաս Մոնտեգյու, Սոլսբերիի 4-րդ կոմսը, անգլիական բանակի գլխավոր հրամանատարը պաշարման սկզբում։ Ապակենախշ պատկեր։ XV դար։

Պաշարումը սկսելիս անգլիացիների զորքերը հիմնականում կազմված էին ֆրանսիացիներից և օտարազգի վարձկաններից, սակայն զորքի կորիզը, առաջվա նման, մնում էին անգլիական զարամասերը։ Ամբողջ բանակը կազմավորված էր կամավորական հիմունքներով։ Ի հակակշիռ ֆրանսիական բանակի՝ անգլիական ուժերում հրամանատարական բարձր կազմը ներկայացված էր գլխավորապես ոչ ազնվական ծագմամբ մարդկանցով։ Միայն կոմս Սոլսբերին և դուքս Սաֆֆոլկն էին արիստոկրատական բարձր շրջանակներից[4]։ Միջին կոչում ունեցող շատ հրամանատարներ ցածր ծագման էին։ Բանակը զինվորներով համալրված էր արդյունավետ, բայց փոքր-ինչ հնացած պայմանագրային հիմունքներով, որի համաձայն հրամանատարները պայմանագիրը կնքելիս հստակ ցուցումներ էին ստանում իրենց ջոկատների թվակազմի և կառուցվածքի, զինվորների ռոճիկների չափի և ծառայության ժամկետների վերաբերյալ։ Անգլիական բանակը հիմնականում կազմված էր հրաձիգների և զրահավոր զինվորների ջոկատներից[4]։

Նախորդ տարիների համեմատ, անգլիական բանակում մեծ էր հրաձգային զորամասերի թիվը, որոնք մեծ մասամբ համալրվել էին նետաձիգերով և փոքր թվով աղեղնավորներով։ Շատ նետաձիգեր ձիեր ունեին և տեղաշարժվում էին դրանցով, բայց մարտերի ժամանակ հիմնականում հետևակ էին։ Ինչպես ֆրանսիական բանակում, անգլիական բանակի էտալոնը ծանրազեն հեծյալներն էին՝ ոտքի վրա մարտնչողները։ Նետաձիգերի և զրահավոր զինվորների քանակական հարաբերակցությունը 3:1 էր՝ ի օգուտ հրաձիգերի։ Ասպետը ավանդաբար ավելի բարձր ռոճիկ էր ստանում, քան համեմատաբար ցածր ծագմամբ զինվորը, թեպետ զորքում ասպետների քանակը զգալի կարճատված էր՝ նախորդ տարիների համեմատ։ Կազմակերպվածության առումով մարտիկները կա՛մ խոշոր ֆեոդալների շքախմբի կազմում էին, կա՛մ՝ ռազմական արշավանքներում էին՝ կապիտանների հրամանատարության ներքո (այս արշավանքներին մասնակից զինվորները կանոնավոր վճարվում էին իրենց ծառայության դիմաց, նման ծառայության ժամկետը Ֆրանսիայում 6 ամիս էր), կա՛մ՝ քաղաքների կայազորերում։ Առավել վտանգավոր իրավիճակներում զինվոր-վետերանների ժամանակավոր հավաք էր հայտարարվում կամ, այսպես կոչված, արյերբան՝ զորքի համընդհանուր հավաք (գոյություն ուներ դեռևս վաղմիջնադարյան Ֆրանսիայի ժամանակներից), էր հռչակվում։ Այս ուժերում զգալի թիվ էին կազմում նորմանդացիները և ֆրանսիացիները[4]։

Վեսթմինիստրում Սոլսբերիի կողմից 1428 թվականի մարտի 24-ին ստորագրած պայմանագրի համաձայն՝ նա իր սեփական ջոկատի համար պետք է հավաքագրեր 6 ասպետ-բաններետներ, 34 ասպետներ, 559 զինվորներ և 1800 նետաձիգեր, մինչև 200 զինվորներ 1-ը 3-ի հարաբերակցությամբ նետաձիգերով փոխարինելու իրավունքով՝ պայմանով, որ դրանով հանդերձ չպետք է ավելացվի գանձարանից տրամադրվելիք ծախսերը[3]։

Իրականում, ինչպես ցույց են տալիս պահպանված փաստաթղթերը, նրան հաջողվել է իր ջոկատի համար հավաքագրել 1 բաններետ, 8 ասպետ, 440 զինվոր և 2250 նետաձիգ, ընդհանուր՝ 2700 մարդ (ներառյալ՝ ինքը)[3]։

Թագավորի նամակներից պարզ է դառնում, որ հունիսին Սոլսբերիի բանակին միացել են 400 կոպեյշիկեր և 1200 նետաձիգեր, որոնց կեսը Նորմանդիայի կողմից անգլիական արքային «օգնության» կարգով հատկացված գումարներից ռոճիկ ստացած անգլիացիներ էին, երկրորդ կեսը նորմանդացիներ էին, ովքեր ստիպված էին ենթարկվել ֆեոդալական իրավունքին՝ պարտավորվելով վասալին սահմանափակ ժամկետով և թելադրված սովորական իրավունքով (chevauchée) ծառայության համար տրամադրելու որոշակի քանակությամբ զինված մարդիկ։ Նորմանդական ջոկատների հրամանատարներն էին Գի լե Բուտելյեն, Ամոն Բելկնապը, Ժան Բուրգը, Ժան Բարտոնը, Թոմա Ժիֆֆարը և Ժան դե Սեն-Յոնը։ Այս ջոկատի անգլիական մասի կազմում գտնվում էր Թոմաս Ռեմպտոնը, ով իր ղեկավարության տակ 21 զինվոր և 62 նետաձիգ ուներ։ Փետրվարին այս ջոկատի՝ Կորբեի հրամանատարության ներքո գտնվող մասը (13 զինվոր և 31 նետաձիգ), ուղեկցեց ռեգենտին, ավելի ուշ սկսեց զբաղվել պարենամթերքի մատակարարմամբ և անցավ Ջոն Ֆորդի, հետագայում՝ Ուիլյամ Լիկի հրամանատարության տակ։ «Նորմանդական» ջոկատի կազմում գտնվում էր նաև Լանսելոտ դե Լիլիը՝ ասպետ, ով իր հրամանատարության տակ ուներ 40 զինվոր և 120 նետաձիգ։ Եվ, վերջապես, այս նույն ջոկատի կազմում էին Ուիլյամ Գլասդեյլայի և Ուիլյամ Մոլենայի զինվորները, ովքեր պաշարման ժամանակ Տուրելի կայազորի դերը խաղացին[3]։

Նոյեմբեր ամսին Օռլեան ժամանած Ռիչարդ Ուոլլերը իր հետ բերեց 25 զինվոր և 80 նետաձիգ։ Ֆաստոլֆի, Սաֆֆոլկի և Թալբոթի ջոկատները ներառում էին 400-ական զինվոր և նետաձիգ, ինչը, ըստ էության, անգլիական բանակի կորիզն էր կազմում[3]։

Ասպետ Ռոլանդ Ստենդիշը, անգլիական բանակին միանալով նույն տարվա նոյեմբերին, ինչպես ցույց է տալիս անգլիական գահի հետ նրա կնքած անձնական պայմանագիրը, իր հետ բերեց 29 կոպեյշիկներ և 30 հրաձիգեր[3]։

Անգլիացիները նաև ուժեղ հրետանի ունեին, որը, ճիշտ է, իր քանակով և սպառազինությամբ զիջում էր ֆրանսիականին։ Այդ ժամանակների տարեգրերը վկայում են անգլիացի թնդանոթաձիգերի անվրեպ կրակոցների մասին, որոնց պատճառով քաղաքի՝ անմիջապես պարսպամերձ տարբեր հատվածներ զգալի ավերածությունների են ենթարկվել, մասնավորապես՝ հատկապես հիշատակվում է Պորտերոյում, Նոր աշտարակի մոտ գտնվող «Օդային կամուրջ» անունով վիթխարի թնդանոթը, որը կրակում էր 57 կիլոգրամանոց քարե ռմբագնդերով՝ առանձնակի շատ խաչընդոտներ առաջացնելով քաղաքի պաշտպանների համար[25]։

Անգլիական հրետանու հրամանատարը Ջոն Պարկեր դե Չեստանտն էր, նրա տեղակալը՝ Ֆիլիբեր դե Մոլենը (կամ՝ դե Մոլան), ով իր հրամանատարության ներքո 18 զինվորից և 54 հրաձգից կազմված ջոկատ ուներ (սովորաբար, այս անուններով, այն ժամանակվա փաստաթղթերի մեջ, հիշատակված են ցածր աստիճանի հրանոթային ծառաները)[26]։

Էսկվայր Ուիլյամ Էպպլբին պատասխանատու էր վառոդի և ռմբագնդերի մատակարարման համար, նրա տրամադրության տակ գտնվում էին զինվորներ և 17 ձիավոր հրաձիգեր[3]։

Բացի սրանից, բանակի կազմը լիարժեք էին դարձնում 10 սակրավորները և 70-80 աշխատավորները՝ ատաղձագործներ, որմնադիրներ, նետ ու աղեղներ պատրաստող վարպետներ, որոնց ռոճիկները հավասար էին նետաձիգերի ռոճիկներին[3]։ Ըստ անգլիական գանձապետարանից 1430 թվականի հունվարին տրված անդորագրերի՝ սակրավորների ջոկատի հրամանատարը Ուիլյամ Գլասդեյլն էր («Գլասիդաս»), նա՝ ինքը պատասխանատվություն էր կրում նաև պահակային ծառայության համար[27]։

Այս ամենով հանդերձ՝ բանակին կից կային ռազմական ծառաներ՝ մոտ 780 մանկլավիկներ և մի քանի մունետիկներ[28]։

Մասնագետները տարակարծիք են Սոլսբերիի բանակի թվակազմի վերաբերյալ գնահատականներում։ Նրանց առաջ բերած թվերը, զինվորների մասով, տատանվում են 2500-4000-ից[4] մինչև 6000 անգլիացիների և 4000 դաշնակիցների միջև[9]։

Զրահավոր զինվորները լիովին սպառազինված էին։ Ասպազենքի տակ սովորաբար կրում էին օղազրահ, որի տակից էլ սառը զենքի հարվածները մեղմացնող ակեթոն էին հագնում։ Զինվորի գլուխը պաշտպանում էր սաղավարտը կամ կապելինան։ Ձեռքերը և ոտքերը նույնպես պաշտպանված էին մետաղյա թիթեղներով։ Մարտում զինվորը օգտագործում էր փայտե երկար նիզակ, սուր կամ այլ զենք[4]։

Զինվորի պաշտպանական սպառազինությունը կազմում էին ամրակազմ պորպուենը, բացինետը, որպես անձնական զենք օգտագործվում էին նաև գվիզարմեր, մարտական մուրճեր և կացիններ։ Հրաձիգերը նախընտրում էին երկար աղեղները՝ նկատի ունենալով արբալետի (աղեղնազեն) համեմատությամբ այդ զենքի արագաձգությունը։ Այդուհանդերձ, անգլիացի զինվորները զինված էին նաև արբալետներով[25]։

Ֆրանսիական բանակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազենկուրի մոտ պարտություն կրելու պահից ի վեր ֆրանսիական բանակը աղետալի վիճակում էր գտնվում։ Պաշարման ընթացքում հստակ դրվեց զինվորներին իրենց ռոճիկը վճարելու հարցը, որը հաճախ փոխարինվում էր բնամթերքով։ Բազմաթիվ պարտությունների և աղետների արդյունքում միակ մարտունակ ստորաբաժանումներն էին մնացել Արմանյակների տանը հավատարիմ խոշոր քաղաքների կայազորերը, քաղաքային աշխարհազորերը և օտարերկրյա վարձկանների ջոկատները[4]։ Ֆրանսիական բանակի կազմում կռվել են բազմաթիվ վարձկաններ և օտարերկրացիներ, մասնավորապես՝ լոմբարդական և շոտլանդական զինվորներ[29]։

Ֆրանսիական կառավարությունը այդ ժամանակ հրաժարվել էր զորահավաքի պայմանագրային համակարգից, ինչը կիրառում էր Անգլիան։ Դրա փոխարեն բանակի հիմքը կիսաինքնուրույն հրամանատարների, ովքեր անմիջականորեն ենթակա էին գերագույն հրամանատարության հրամաններին, ջոկատներն էին։ Ազենկուրի պարտությունից հետո հրամանատարների շրջանում կտրուկ նվազեց բարձր և միջին օղակներին պատկանող մարդկանց թիվը[4]։

Զինված ուժերի հիմնական միջուկը ծանրազեն զինվորներն էին, հիմնականում՝ հեծյալները։ Որպես անձնական զենք, առաջին հերթին, կիրառվել են գվիզարմները, որոնք մշտապես հիշատակվում են տարեգրություններում, ինչպես նաև՝ սրերը, ռազմական մուրճերը և կացինները։ Պարիսպներից կրակելու համար օգտագործվել են նաև պարսատիկներ։ Հետևակը կազմված էր հասարակ աշխարհազորականներից և արհեստավարժ հրաձիգներից (նետաձիգեր և աղեղնավորներ), ընդ որում՝ արբալետներին ընդգծված նախապատվություն էր տրվում[30]։

Նետերի օգտագործումը վիթխարի էր. այսպես՝ 1429 թվականի մայիսի 7-ին օռլեանյան բաստարդը 500 թուրքական լիվր է վճարել արբալետների համար 14 000 նետ գնելու համար[31]։ Քաղաքացի-աշխարհազորականները հիմնականում զինված էին կոթավոր զենքերով։

Վարձկանի վճարը կազմում էր ամսական 4 լիվր՝ զինվորի և 9 լիվր՝ հրաձգի համար[30]։

Կայազորի կազմ և թվաքանակ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժան դե Դյունուա, Օռլեանի բաստարդ, քաղաքի պաշտպանության ղեկավարը։

1428 թվականի ամռան կեսին Շարլ VII արքան Շարլ Օռլեանցուն ենթակա բոլոր հողատարածքներում փոխարքա նշանակեց Ժան դե Դյունային՝ Օռլեանի բաստարդին, ով անմիջապես իր ղեկավարության ներքո առավ քաղաքի պաշտպանության հետագա ամրապնդումը և սկսեց նախապատրաստվել սպասվելիք պաշարմանը[9]։

Օռլեան քաղաքն այդ ժամանակ հույժ եռանդուն էր վերաբերվում իր ունեցած արտոնություններից մեկին՝ զինվորական գիշերօթից ազատելուն, բայց երբ ակնհայտ դարձավ պաշարման անխուսափելիությունը, քաղաքային իշխանությունները որոշեցին սեփական միջոցներով վարձկանների լրացուցիչ ջոկատներ վարձել, որոնք պատրաստ էին պաշտպանել ֆրանսիական թագավորին[30]։

Տարբեր ուղղություններով մունետիկներ ուղարկվեցին, ընդ որում՝ օռլեանցիների կոչին արձագանքեցին Մոնտարժի քաղաքի կապիտան Արշամբո դե Վիլյարը, ով 1427 թվականին իրեն դրսևորել էր որպես հմուտ և գործունյա ղեկավար, Գիյոմ դե Շոմոնը, սենյոր դե Վիտրին, բոսեցի Պիեր դե լա Շապելը, բեարնացի Գիյոմ-Առնո դե Կոառազը, Արագոնի ասպետ դոն Մատիասը, Ժան Պոտոն դե Սենթրայլը, որի ջոկատները դարձան քաղաքային կայազորի միջուկը։ Նրանց պարտականությունների մեջ էր մտնում արտագրոհներով անգլիացիներին մշտապես անհանգստացնելը, այն դեպքում, երբ քաղաքային աշխարհազորի վրա էին դրված պաշտպանության, պահակային ծառայության, ինչպես նաև պարիսպների ու շենքերի ավերված պատերի վերանորոգման խնդիրները[3]։ Բացի այդ, քաղաքի կապիտան և բալի Ռաուլ դե Գոկուրի ղեկավարության ներքո գտնվում էր մոտ 5 հազար մարդ (այսինքն՝ քաղաքի բոլոր բնակիչների մոտավորապես մեկ քառորդը), որոնք կազմում էին տեղական աշխարհազորը[30]։

Բացի այդ, Օռլեանին օգնության են ուղարկել հարևան քաղաքները՝ Բլոիսը, Շատոդենը, Տուրը, Անժերը, Մոնտարժին, Բուրժը, Վիերզոնը, Մուլենը, Լա Ռոշելը, Մոնպելիեն և Ալբին։ Այս ջոկատների թիվը հստակ հայտնի չէ, բայց, ժամանակակից գնահատականներով, այն կազմել է մոտ 3000 մարդ՝ լավ պատրաստված, կազմակերպված և կարգապահ. նրանց հետ միասին վարձկանների ընդհանուր թիվը հասել է մինչև 5500-ի[30]։

Աշխարհազորը կազմավորվեց տարածքային սկզբունքով՝ քաղաքը բաժանվեց 8 թաղամասերի, որոնցից յուրաքանչյուրի գլուխ կանգնած էր «թաղամասային ավագը», ով անմիջականորեն ենթարկա էր քաղաքի կապիտանին։ Ավագներն իրենց ենթակայության տակ ունեին 10-ական «տասնապետներ» (dizaniers), ովքեր անմիջականորեն ղեկավարում էին «փողոցների ավագներին» (chefs de rues): Վերջիններիս պարտականությունների մեջ մտնում էր ահազանգ ստանալուն պես հավաքել իրենց ենթակայության տակ գտնվող զինապարտ քաղաքացիներին։ Որպես կանոն, դրանք արհեստավորները կամ առևտրականներն էին[30]։

Պարիսպների մոտ հավաքված աշխարհազորայինները բաշխվեցին վեց «պահակախմբի ղեկավարների» միջև՝ ըստ այն սեկտորների թվի, որոնց վրա բաժանվում էր պաշտպանությունը։ Պարիսպների տակ մշտապես պարեկային ծառայություն էին իրականացնում 1200 հոգի (յուրաքանչյուր «պահակախմբի ղեկավարներին» կից՝ 200 մարդ), ընդ որում՝ դրանցից 6-րդը պետք է փոխվեր ամեն օր[30]։

Օռլեանի կանանց և դեռահասների, ովքեր հազվադեպ բացառությամբ չէին մասնակցում ռազմական գործողություններին, պարտավորությունների մեջ էին մտնում ամրոցի պաշտպաններին սնունդ մատակարարելը, նետեր, քարեր և «պաշտպանության համար բոլոր անհրաժեշտ» բաներ բերել-հասցնելը[32]։

Կայազորի կազմը մշտապես փոխվում էր. բաց մնացած միակ Բուրգունդյան դարպասներով վարձկանների ջոկատները կանոնավոր կերպով դուրս էին գալիս հակառակորդի վրա հարձակվելու կամ այլ շրջաններում ռազմական գործողություններին մասնակցելու համար և նորից վերադառնում էին քաղաք։ Նման տեղաշարժերի մասին բազմաթիվ վկայություններ պահպանել են «Օռլեանյան պաշարման օրագրում»[30]։

Եթե պաշարման սկզբում, ըստ Պեռնուի և Քլենի հաշվարկների, կայազորում եղել են 200 հոգի, ապա հետագա ժամանակների համար կան բավականին մանրակրկիտ հաշվարկներ, որոնք կատարվել են թագավորական գանձապետ Էմոն Ռագիեի կողմից[26]՝

1429 թվականի մարտի վերջի դրությամբ

Կապիտանի անունը Զրահավոր զինվորների քանակը Հրաձիգերի քանակը
Օռլեանյան բաստարդ 49 26
Ժան դե Բլանշֆոր (Ֆրանսիայի փոխմարշալ) 62 42
մեսսիր դե Գրավիլ (ֆրանսիական զորքերի զորահրամանատար ) 61 34
Դենի դե Շայի 61 34
Մորիս դե Մո 27 69
Գիյոմ դե Սարնէ 11 9
Գիյոմ Մադր 22 8
Սիր դե Կոարրազ 17 22
Բերնար դե Կոմմենժ 24 7
Թեոլդ դե Վալպերգ 30 39
Լուի դե Վոկուր 5 12
Պոտոն դե Սեն-Թրայ 30 28
Ժիրո դե լա Պայեր 24 8
Ռայմոն, սենյոր դե Վիյար 52 29
Գիյոմ դե Շոմոն 17 12
Տիբո դե Թերմ 9 6
Ժակ դե Բլուա 14 7
Նիկոլա դե Ժիրեզմ 16 7

Ընդամենը՝ 1429 թ. մարտի վերջի դրությամբ՝ 508 զրահավոր զինվոր և 395 հրաձիգ

1429 թվականի Ապրիլի 27-Ի դրությամբ

Կապիտանի անունը Զրահավոր զինվորների քանակը Հրաձիգերի քանակը
Ժիլ դե Լավալ, սենյոր դե Ռէ 25 11
Գոտիե դե Բրյուզակ 70 70
Արշադ դե լա Տուր 26 26
Ժան ֆուկո 22 20
Ամբրուազ դե Լորե 32 33
Թյուդուալ լե Բուրժուա 15 11
գաստոն դե Լեգո 15 15
Առնո Ժիյո դե Բուրգո 20 20
Գալարոն դե Գոլար 20 20
Ռիգո դե Ֆոնտէն 15 15
Ալեն Ժիրոն 30 30
Լուի դե Վոկուր 10 10
Բերտրան դե Տուժուզ 20 20
Ժան Ժիրար 20 2

Ընդամենը՝ 1429 թ. ապրիլի 27-ի դրությամբ՝ 340 զրահավոր զինվոր և 303 հրաձիգ:

1429 թվական, ապրիլ-մայիս

Կապիտանի անունը Զրահավոր զինվորների քանակը Հրաձիգերի քանակը
Վիկոնտ դ’Անգույս, շոտլանդացի 60 300
Ֆլորանս դ’Իլյե 80 50
Էտյեն դե Վինոլ 80 60
Բաստարդ դե լա Մարշ 30 30
Միշել Նորվիլ, շոտլանդացի 20 25
Ժան Կրիստոն 8 16
Շառլո դե լա Պիեռ 19 10
Ժան, սենյոր դե Բեյ 30 40
Նիկոլա դե Ժիրեզմ 12 12

Ընդամենը՝ 1429 թ. ապրիլ-մայիսին՝ 339 զրահավոր զինվոր և 543 հրաձիգ:

Ընդամենը՝ 1429 թ. գարնանը՝ 1187 զրահավոր զինվոր և 1241 հրաձիգ:

Այսինքն, ընդհանուր առմամբ, ըստ ժամանակակից մասնագետների հաշվարկների, ամրոցում գտնվել են միջին հաշվով 8,5-ից 10 հազար մարդ, ովքեր ունակ էին զենք կրելու։

Անգլիական զորքերի ժամանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1428 թվականի հուլիսի 1-ին կոմս Սոլսբերիի անգլիական բանակը ափ իջավ Կալեում։ Փարիզում հրավիրված ռազմական խորհրդում անգլիացի հրամանատարները պլանավորում էին Մեն և Անժու կոմսության վերջնական նվաճումը, մասնավորապես, նախատեսվում էր Անժեր ամրոցի պաշարումը և գրավումը (ինչպես դա հետևում էր անգլիացի կապիտանների մի քանի պահպանված պայմանագրերից), սակայն ֆրանսիական թագավորի ծանր հիվանդության պատճառով անգլիացիները համարձակ որոշում կայացրեցին զարգացնել հարձակումը Լուար գետի հովտում, որը վերահսկում էր Օռլեան քաղաքը[33]։ Բացի դա, Օռլեանի պաշտպանները շարունակում էին հավատարիմ մնալ Ֆրանսիայի թագավորին, ինչը չէր կարող չնյարդայնացնել անգլիացիներին։

Խնդիրը կայանում էի նրանում, որ Օռլեանը մտնում էր անգլիական գերության մեջ գտնվող դուքս Շարլ Օռլեանցու տիրապետության մեջ, իսկ գերու ունեցվածքի գրավումը համարվում էր ասպետի համար անարժան գործ[1]։ Ֆրանսիայի ռեգենտ դուքս Բեդֆորդը չհամաձայնեց նման քայլի գնալ, սակայն ստիպված էր զիջել մյուս հրամանատարներին՝ արդեն պարտությունից հետո առանց դառնության նկատելով, որ այդ հարձակումը որոշվել է «անհայտ մեկի խորհրդով»։ Գործը նաև բարդանում էր նրանով, որ 1427 թվականի հուլիսի 17-ին Օռլեանի բաստարդը և անգլիական ռեգենտին ներկայացնող կոմս Սաֆֆոլկը Բլուայում ստորագրել էին պայմանագիր, որով երաշխավորվում էր դքսության անձեռնմխելիությունը։ Սակայն Սոլսբերիին չշփոթեցրին հիշատակված նկատառումները, և, ի վերջո, նրա կարծիքը վճռորոշ դարձավ. Օռլեանը, որպես բանալի դեպի «Բուրժիի իշխանիկի» տիրույթներ (նման ձևով անգլիական փաստաթղթերում արհամարհանքով անվանվում էր Շարլ VII-ը), պետք է վերցվեր, առավել ևս, որ Օռլեանի դուքսը, համարելով, որ քաղաքի անկումն անխուսափելի է, ոչ մի ջանք չձեռնարկեց նրան փրկելու համար՝ հրամայելով միայն իր հարուստ գրադարանը տեղափոխել Լա-Ռոշել[34]։

Որպես 1428 թվականի արշավի նախապատրաստություն՝ հարկադրական ֆինանսական «օգնություն» վերցվեց անգլիացիներին ենթակա Նորմանդիայից. այսպես, տեղի Գլխավոր Նահանգների համաձայնությամբ անգլիական թագավորին հատկացվեց սկզբում 60 հազար լիվր, այնուհետև ևս 180 հազար։ Լրացուցիչ տուրք դրվեց նաև Օսսեր, Սանս, Տրուա, Մելեն քաղաքների վրա, ընդ որում՝ գումարը հավաքագրողներից մեկը Բովեսսյան եպիսկոպոս Պիեռ Կոշոնն էր։ Ի հավելում սրա՝ պատերազմ վարելու համար ակնհայտորեն անբավարար միջոցներին միացվեց հոգևորականությունից գանձվող զինվորական տասանորդը, Անգլիայի հարկային գանձույթի և թագավորական տիրապետություններից ստացված եկամուտների մի մասը։ Եվ այնուամենայնիվ, վճռական հարված հասցնելը անգլիացիներից պահանջեց ներդնել իրենց բոլոր ուժերը, ինչի մասին վկայում է նաև այն փաստը, որ Ֆրանսիայի ռեգենտ Բեդֆորդը ստիպված էր վաշխառուների մոտ գրավ դնել իր ոսկե և արծաթե սպասքի մի մասը[28]։

1428 թվականի օգոստոսին Կոմս Սոլսբերիի անգլիական զորքը դուրս եկավ Փարիզից և շարժվեց դեպի քաղաք։ Ճանապարհին բուն անգլիական ջոկատներին միանում էին բուրգունդացիներն ու պիկարդիացիները՝ բոլոր նրանք, որոնց այդ ժամանակի տարեգիրներն արհամարհանքով անվանում են «ֆրանսիացի դավաճաններ»։ Օռլեանին մոտեցող զորքերի ընդհանուր թվաքանակը, այդպիսով աճելով, հասավ մինչև 10 հազար մարդ[9]։

Սոլսբերին շարժվում էր չշտապելով՝ մեկը մյուսի հետևից գրավելով Լուարի հովտի ամրոցները, այնպես որ Օռլեանը հայտնվեց աստիճանաբար սեղմվող օղակում։ Նվաճվեցին Նոժան-լե-Ռուան, Ռամբույեն, Բետանկուրը, Ռոշֆորը, Լե Պյուիզեն, Ժանվիլը, Ժորժոն, Շատոնեֆը, Լա Ֆերտե-Յուբերը։ Անգլիացիներին կամովին հանձնվեցին Տուրին և Մյոնը։

Պաշարման սկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Օռլեանի պաշարումը։ Մանրանկար « Վիգիլներ Շարլ VII թագավորի մահվան համար», XV դարի վերջ

Օռլեանը կոմս Թոմաս Սոլսբերիի անգլիական զորքերի կողմից պաշարվեց 1428 թվականի հոկտեմբերի 12-ին։ Անգլիական ճամբարը գտնվում էր Օլիվե գյուղի և Պոտրորո բարբականի միջև՝ առաջին հաղթանակի արդյունքում ֆրանսիացիներին հետ մղելով Լուարի աջ ափից։ Ամբողջ ժամանակ, ընդհուպ մինչև պաշարման ավարտը, անգլիական շտաբը և բանակի մեծ մասը զբաղեցնում էին այսպես կոչված «Սեն-Լորան լեռը»՝ 1200 մետրանոց բարձունք, որը գերիշխող դիրք ուներ գետի ողջ աջ ափի նկատմամբ և այդ պատճառով իրենից իդեալական պաշտպանական դիրք էր ներկայացնում։ Անգլիական բանակի գլխավոր շտաբը գտնվում էր Մյոնում[30]։ Քաղաքաբնակները պատրաստ էին պաշարման և մարտական գործողությունների սկզբի ժամանակ բավարար քանակությամբ նպարեղեն էին կուտակել[1]։ Նրանց հայտնվելուց ոչ շատ առաջ, քաղաքային մագիստրատուրայի որոշմամբ, Օռլեանի բնակիչները արտագրոհ ձեռնարկեցին քաղաքից՝ ավերելով օգոստոսյան միաբանության վանքը և եկեղեցին, ինչպես նաև Պորտորոյի արվարձանում գտնվող տները, որոնք կարող էին որպես ապաստան ծառայել։

Հոկտեմբերի 17-ից սկսվեց քաղաքի հրետակոծությունը։ Նոր աշտարակից ոչ հեռու անգլիացիները տեղադրել էին «հսկայական թնդանոթը, որը նրանց կողմից անվանվել է Օդային Կամուրջ. սա կրակում էր 80 լիվր (այսինքն ՝ մոտ 57 կգ) քաշով քարե միջուկներով»։ Պահպանվել է քաղաքի պաշտպանների կողմից առաջին զոհի անունը ՝ «Բելլ անունով մի կին, ով ապրում էր ստորգետնյա միջանցք Շենոյին կից»։ Բացի այդ, առաջին գնդակոծության արդյունքում լրջորեն ավերվեցին և վնասվեցին բազմաթիվ շենքեր

Հոկտեմբերի 21-ին անգլիացիները գրոհեցին Տուրելի վրա։ Առաջին հարձակումը կատաղի գոտեմարտից հետո հետ մղվեց. հարձակվողները կորցրեցին 240 ռազմիկ, մինչդեռ պաշտպանների մոտ 200 զինվոր էր զոհվել։ Դրանից հետո անգլիացիները հրաժարվեցին ճակատային գրոհից և որոշեցին ականապատել Ֆրանսիական պատվարը, որը փակում էր Տուրելը։ Այս ակցիան հաջողությամբ պսակվեց. պաշտպանները նահանջեցին դեպի Տուրել, սակայն կատաղի հրետանային կրակն անիմաստ էր դարձնում ամրոցի պաշտպանությունը։ Հոկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը պաշտպանները թողեցին Տուրելը և պայթեցրեցին վերջին կամրջամասը։ Ամրոցի պարետը դարձավ Ուիլյամ Գլասդեյլը (ֆրանսիական տարեգիրների մոտ՝ «Գլասիդաս»)։ Տուրելի գրավումից կարճ ժամանակ անց Կոմս Սոլսբերին դեմքից մահացու վիրավորվեց հրետանային արկի բեկորներով և մեկ շաբաթ անց մահացավ։ «Օռլեանյան պաշարման օրագիր»-ը այս իրադարձությունը նկարագրում է հետևյալ կերպ՝

Հազիվ էր նա հայտնվել այնտեղ և սկսել էր քաղաքին հետևել Տուրնելիի պատուհաններից, երբ վիրավորվեց, ինչպես ենթադրվում է, Նոտր- Դամի աշտարակից արձակված կրակոցից։ Բայց թե որտեղից էր, ըստ էության, արձակվել գնդակը, այդպես էլ անհայտ մնաց։ Ուստի, այդ ժամանակից ի վեր [մինչ օրս] շատերը հավատում են, որ դա տեղի ունեցավ Աստծո նախախնամությամբ։ Հիշատակված թնդանոթից արձակված գնդակը հարվածել էր նրա գլխին այնպես, որ կոտրել էր այտերի կեսը և դուրս հանել մեկ աչքը.սա այն ժամանակներում թագավորության համար չարիքի փոքրագույնն էր, քանի որ նա բանակի հրամանատարն էր, ինչպես նաև բոլոր անգլիացիների մեջ ամենապատվավորը և վախ սփռողը:

Ժամանակակիցների տեսանկյունից Սոլսբերիի մահը օրինաչափ պատիժ էր պատերազմի օրենքները խախտելու համար. իսկապես, ֆրանսիացիների աճող դիմադրությունը հանգեցրեց նրան, որ իրենց հակառակորդները սկսեցին ավելի ու ավելի շատ նահանջել այն ժամանակվա ռազմական գործողություններում ընդունված սովորույթներից։ Մասնավորապես, Թոմաս Սոլսբերիին մեղադրել են երդմնազանցության մեջ, որը նա կատարել է Շարլ Օռլեանցու նկատմամբ, և Կլերիի Նոտր -Դամի եկեղեցու կողոպուտի մեջ, որը ցնցել էր ֆրանսիացիներին։ Ժամանակակից պատմաբանները այդ ժամանակների համար սրբապղծության այս փաստը բացատրում են պատերազմ մղելու համար միջոցների՝ հուսահատության հասցնող պակասով, այն դեպքում, երբ Նոտր-Դամի եկեղեցին, լինելով տեղի սրբավայրերի ուխտագնացության կենտրոնը, բացառիկ հարուստ էր[34]։

Ավելի ուշ Սոլսբերիի մահվան պատմությունը հարստացել է լրացուցիչ լեգենդար շերտերով. այսպես, օրինակ, պնդում էին, որ կրակոցն արվել է թնդանոթաձգի բացակայության ժամանակ զենքին մոտեցած մունետիկի արձակած գնդակով, թնդանոթաձիգ էլ, կրակոցի ձայնի վրա հասնելով, նկատել է փախուստի դիմած մունետիկին։

Սոլսբերիի մահը փորձել են գաղտնի պահել, որպեսզի թույլ չտան, որ անգլիացիների շարքերում ընկճվածություն առաջանա և պաշարվածների մարտական ոգին բարձրանա[35]։ Պաշարումից մեկ ամիս անց անգլիական զորքերի հրամանատարությունն իր վրա է վերցրել դուքս Ուիլյամ դե լա Պոլը։ Այդ պաշտոնը նա զբաղեցրել է ընդհուպ մինչև անգլիական բանակի հեռանալը։

Հոկտեմբերի 24-ին անգլիացիները սկսեցին պաշարման աշխատանքները՝ բաստիոն կառուցելով կանանց Ս.Ավգուստին վանքի ավերակների վրա։ Այդ ժամանակ որոշվեց հրաժարվել ճակատային հարձակման ծրագրից, քանի որ քաղաքը ուժեղ ամրացված էր և այն գրոհով վերցնելը խնդրահարույց էր թվում։ Դրա փոխարեն անգլիական հրամանատարության պլանը կայանում էր նրանում, որ կոտրեր կայազորի համառությունը մշտական գնդակոծությունների և սովի միջոցով։

Պաշարման պլանը

Հաջորդ օրը քաղաք վերադարձան պաշտպանության հրամանատար Ժան դե Դյունուան, նրա հետ միասին իրենց ջոկատների հետ ժամանեցին այնպիսի հռչակավոր հրամանատարներ, ինչպիսիք են Լա Գիրը, Ֆրանսիայի մարշալ Սեն Սևերը, լոմբարդացի Թեոլդ դե Վալպերգը և սենեշալ Բուրբոննե Ժակ դե Շաբանը[36]։

Պաշարման առաջին ամսում անգլիացիները քաղաքը շրջապատեցին բազմաթիվ փայտե ամրություններով։ Սակայն անգլիացիների փոքր թիվը թույլ չէր տալիս նրանց ամբողջությամբ արգելափակել քաղաքը, ինչի հետևանքով պաշտպաններն արտաքին աշխարհի հետ հաղորդակցություն ունեին բաց մնացած Բուրգունդյան դարպասների միջոցով՝ դրսից պաշարներ և համալրումներ ստանալով[37]։

Անարդյունավետ շրջափակումը շարունակվեց ընդհուպ մինչև նոյեմբերի կեսերը։ Այդ ընթացքում քաղաքի պաշտպանները սկսեցին պարբերաբար ավերել բոլոր արվարձանները, այդ թվում՝ եկեղեցիները, որպեսզի անգլիացիներին զրկեն ձմեռային բնակարաններում տեղավորվելու հնարավորությունից։ Նոյեմբերի 8-ին այրվել են 13 եկեղեցիներ և բազմաթիվ այլ քաղաքամերձ շինություններ։ Այդ ակցիաները տեղի են ունեցել մինչև դեկտեմբերի 29-ը[38]։

Հոկտեմբերի 8-ին անգլիացիները շինարարներ ուղարկեցին Լուարի հյուսիսային ափ՝ պաշարված Օռլեանի շուրջ պաշարողական ամրություններ կառուցելու համար։ Այդ ամրությունները փոքր բերդամասեր էին իրենցից ներկայացնում, որոնք պաշտպանվում էին փոքրաթիվ կայազորներով։ հակառակորդի պաշարողական աշխատանքներին խոչընդոտելու ֆրանսիացիների փորձերն ապարդյուն էին։ Դեկտեմբերի 1-ին պաշարողներին օգնության հասավ լորդ Ջոն Թալբոթի հրամանատարության զորքեր։ Դեկտեմբերի 7-ին ձեռնարկվեց օռլեանցիների հերթական անհաջող հակագրոհը Սեն-Կրուի անգլիական ամրոցի դեմ։ Դեկտեմբերի 23-ին ֆրանսիացիներն առաջին անգամ գործողության մեջ դրեցին վերջերս ձուլված հուժկու ռմբարկուն, որով Տուրնելին ռմբակոծում էին 12 կիլոգրամ կշռող քարե ռմբագնդերով։ Թնդանոթաձիգ Ժան Լոթարինգացին, ում արքա Շարլ VII-ը հատուկ ուղարկել էր պաշարվածներին օգնելու համար, իրեն այնքան հմուտ դրսևորեց իր գործում[39], որ անունը մտել է քաղաքի տարեգրքում։ Ծառայության դիմաց պարգևի համար հավատարմատարների խորհուրդը որոշում է կայացրել պարգևատրել նրան այն ժամանակների համար բավականին մեծ՝ 140 տուրյան լիվր գումարով։

Դեկտեմբերի 29-ին Օռլեանի կայազորը ոչնչացրեց արվարձաններում մնացած 6 եկեղեցիները։ Հաջորդ տարվա հունվարին անգլիացիները մի քանի փորձ արեցին հարձակվել Օռլեանի արևմտյան ամրոցների վրա։ Հունվարի 2-ին Օռլեան հասավ պարենամթերքով բեռնված մեծ սայլաշարքը։ Պաշարման ընթացքում զինված ջոկատները հաճախ էին անարգել քաղաք բերում սննդամթերք և սպառազինություն, սակայն հասարակ քաղաքացիները չէին կարող առանց կյանքը վտանգի ենթարկելով դուրս գալ պարիսպներից։ Այս առումով կարևոր նշանակություն են ունեցել քաղաքից դուրս գտնվող այգիներն ու բանջարանոցները, որտեղ արտադրվում էին Օռլեանի պաշտպանների համար անհրաժեշտ սննդամթերքի նվազագույն մասը։

Հունվարի 6-ին անգլիացիները «ճեղանից, ավազից և փայտից»[40] ամրություններ կառուցեցին Շառլեման կղզում և Սեն-Պրիվե բեդը՝ Լուարի հարավային ափում, դրանով հաղորդակցություն ապահովելով Տուրել և Սեն-Լորան բերդերի միջև։ Հունվարի առաջին շաբաթների ընթացքում անգլիացիները ամրություններ կառուցեցին նաև քաղաքի պարիսպներից հյուսիս գտնող տեղանքում։ Քաղաք ժամանեցին համալրումներ, այդ թվում՝ շոտլանդացի դաշնակիցների ջոկատները, սակայն անգլիացիներին հակազդելու բոլոր փորձերը անհաջողության մատնվեցին։ Անգլիական գրոհներն էլ իրենց հերթին անարդյունք էին։

Հայտնվում է Ժաննա դ'Արկը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էժեն Լենեպվե. «Ժաննա դ’Արկը Վոկուլերում», 1874.

Ժաննա դ'Արկի մասին առաջին գրառումը «Օռլեանյան պաշարման օրագրում» հայտնվում է փետրվարի 8-ին։ 17-ամյա գյուղացի աղջիկը, որը սրբորեն հավատում էր Ֆրանսիայի ազատագրման գործում իր մեսիական դերին, հայտնվում է Վոկուլերում՝ քաղաքային կապիտան Ռոբեր Դե Բոդրիկուրից պահանջելով իրեն տանել Բուրժ՝ թագավորի հետ բանակցելու համար[41]։ Նրա հաջողություններին մեծապես նպաստեցին Ֆրանսիայում շրջանառվող այն լուրերը, թե Ֆրանսիան օրհասական պահին փրկելու է լոթարինգական ծագումով մի աղջիկ (այնտեղ՝ Լոթարինգիայի Դոմրեմի գյուղում, ծնվել էր Ժաննան)։

Փետրվարի 11-ին ֆրանսիական հետախույզները Օռլեան հասցրեցին լուրը, որ դեպի անգլիական ճամբար մի սայլաբեռ է գնում՝ բեռնավորված ծովատառեխով[42]։ Սրան հաջորդեց 1429 թվականի փետրվարի 12-ի ճակատամարտը, որը տեղի ունեցավ Ռուվրե քաղաքի մոտ, որտեղ ֆրանսիացիները և նրանց շոտլանդացի դաշնակիցները անհաջող հարձակում ձեռնարկեցին սայլաբեռի վրա. այն մտել է պատմության մեջ որպես Ծովատառեխի ճակատամարտ (անգլիացիները այդքան մեծ քանակությամբ ձուկ տանում էին բանակը Պահքի ժամանակ կերակրելու համար)։ Ամենայն հավանականությամբ, ֆրանսիացիների պարտության պատճառը հապաղումն էր, նրանք սպասում էին կոմս Կլերմոնսկու զորքերի մոտեցմանը։ Հապաղումը նրանց հակառակորդներին վագենբուրգ կառուցելու և պաշտպանության պատրաստվելու հնարավորություն տվեց։ Իր դերը խաղաց նաև տարբեր ջոկատների գործողությունների անհամաձայնությունը, կապիտանները բոլորովին չէին ցանկանում ենթարկվել գերագույն հրամանատարությանը։ Պարտությունը ծանր հետևանքներ ունեցավ քաղաքի պաշտպանների համար. զինվորների մարտական ոգին ընկավ, և շատ հրամանատարներ իրենց զորքերով լքեցին քաղաքը։ «Կույսի տարեգրության» անհայտ հեղինակը շարադրել է իրեն հասած լեգենդար տեղեկությունները, թե իբր Ժաննան կարողացել է կանխատեսել այդ պարտությունը՝ սպառնալով Բոդրիկուրին, որ ապագայում կարող է «ավելի վատ» լինել, ընդ որում՝ հենց սա էր վճռորոշ փաստարկը, որը կոտրեց նրա դիմադրությունը։ Այնուամենայնիվ, Բոդրիկուրը նրան ուղեկցող երկու ազնվական տրամադրեց, որոնց հետ Ժաննան ուղևորվեց Շինոն՝ թագավորի մոտ[43]։

Փետրվարի 17-ին Ժաննային հաջողվեց ուղեկցողների հետ միասին հասնել թագավորական նստավայր։ Երկար տատանումներից և խոչընդոտներից հետո դոֆին Շարլը համաձայնեց Ժաննային հանձնել զորքերի հրամանատարությունը և նրան նշանակեց գլխավոր հրամանատար։ Առաջատար ֆրանսիացի զորահրամանատարներ Էթյեն Դե Վինյոլը՝ Լա Գիր մականունով, Պոտոն դե Սենթրայլը և Կոմս Դյունուան, որոնք վերջին ուժերի լարումով հետ էին մղել անգլիական գրոհները Օռլեանում, պետք է անցնեին նրա հրամանատարության տակ։ Նրա շտաբի պետ դարձավ արքայազն Ալանսոնցին։ Այս համարձակ որոշման մեջ կարևոր դեր խաղաց այն փաստը, որ Ժաննան Աստծո անունով հաստատում էր Շարլի օրինական ծագումը և գահի հանդեպ իրավունքը, որում կասկածում էին շատերը, այդ թվում ՝ հենց Շարլը։ Նշանակումից հետո Ժաննայի համար «հարյուր տուրական լիվր արժեցող սպիտակ զրահ»[30], դրոշ և խաչվառ պատրաստվեցին։ Այնուհետև նա ուղևորվեց Բլուա, որը բանակի համար նախատեսված հավաքակայանն էր։ Այն լուրը, որ բանակը ղեկավարում էր Աստծո կողմից ուղարկվածը, զորքի մեջ արտասովոր բարոյական վերելք առաջացրեց։ Հույսները կորցրած հրամանատարներն ու զինվորները, ովքեր հոգնել էին անվերջ պարտություններից, ոգևորվեցին ու կրկին խիզախություն ձեռք բերեցին։ Մինչդեռ Օռլեանի դրությունը հուսահատ էր, չնայած այն բանին, որ անգլիացիներն չէին կարողանում ամբողջությամբ պաշարել քաղաքը, իսկ նրանց թնդանոթները չէին կարողանում ծականցել քաղաքի հաստ պատերը։

Օռլեանում այդ նույն ժամանակ հուսահատություն էր տիրում։ Փետրվարի 18-ին Կլերմոնի կոմսը 2 հազար զինվորների հետ միասին լքում է քաղաք՝ իր մեկնումից դժգոհ բնակիչներին խոստանալով, որ կկարգադրի նրանց ավելի ուշ օգնական ուժեր և պարենամթերք ուղարկել։ Օռլեանցիները, իրենց լքված զգալով, առավել ևս, որ թագավորի խոստացած օգնությունն ամենևին էլ չէր հայտնվում, իսկ քաղաքի գնդակոծությունն ավելի ու ավելի կատաղի էր դառնում՝ նորանոր զոհեր տալով, որոշում են Պոտոն Դե Սենթրայլին ուղարկել Բուրգունդիայի դքսի մոտ՝ ցանկանալով հանձնվել նրան և անգլիական բանակին ստիպել հեռանալ քաղաքից[44]։

Այնուամենայնիվ, չնայած ամեն ինչին, Օռլեանի համար պայքարը շարունակվում էր։ Փետրվարի 27-ին գետի վրա տեղի ունեցած ջրհեղեղը վտանգի տակ դրեց պաշարողական կառույցների համակարգը։ Դրանք փրկելու համար անգլիացիները ստիպված եղան աշխատել ամբողջ օրն ու ամբողջ գիշերը։ Քաղաքի պաշտպաններն այդ ընթացքում շարունակել են Տուրելիի գնդակոծությունը, որի հետևանքով փլուզվել է պատերից մեկը[45]։

Մարտի 9-ին քաղաքում, ամենայն հավանականությամբ, դավաճանության փորձ բացահայտվեց։ «Օրագիր»-ը այս իրադարձության մասին պատմում է հետևյալ կերպ՝

Հաջորդ օրը, չորեքշաբթի, մի քանի ֆրանսիացիներ բացահայտեցին, որ Օռլեանյան Անկելանոցի մոտ, որը Պարիզի դարպասների կողքին էր գտնվում, պատը գրեթե ամբողջությամբ ծակված և բավարար անցք է բացված, որպեսզի նրանով զինված զինվոր կարողանա անցնի։ Բայց հետո այդ անցքի տեղում նոր պատ կառուցվեց։

Քանի որ հնարավոր չէր հասկանալ, թե ինչի համար էր դա կառուցվել, ոմանք ենթադրում էին, որ դա բարի նպատակներով, մյուսները՝ չար։ Ինչ էլ որ իրականում լիներ, հիշյալ Անկելանոցի կառավարիչը փախավ, հենց որ հասկացավ, որ դավադրությունը բացահայտված է, քանի որ նրան անմիջական վտանգ էր սպառնում օռլեանացիներից, ովքեր խիստ բարկացած էին և տրտնջում էին այդ կառավարչի հասցեին:

Օռլեանը 1428—1429 թվականներին։ Տեսարան գետի կողմից։ Փորագրություն Ա. Ֆրանսի «Ժաննա դ’Արկի կյանքը» գրքից, 1908.

Ժաննան պլանավորել էր քաղաք ժամանել 400-500 մարտիկների գլուխ կանգնած՝ որպես դեպի Օռլեան գնացող պարենով բեռնված սայլաշարի ուղեկից։ Այդ ժամանակ ֆրանսիացիների մարտական ոգին Ժաննայի հայտնության շնորհիվ կրկին բարձրակետում էր, և մի քանի հրամանատարներ, որոնք նախկինում հրաժարվել էին միանալ քաղաքի պաշտպաններին, միացան Ժաննա դ' Արկի զորքին։ Մինչ Բլուայում զորքեր էին հավաքվում, քաղաք ժամանեց 100 զինվորներից կազմված հերթական օգնական ուժը, սակայն դա չէր կարող արմատապես փոխել իրավիճակը. մարտի 10-ին անգլիացիները կառուցեցին Սեն-Լուի բերդը քաղաքի արևելքում, շրջափակեցին Օռլեան տանող կարևոր ճանապարհը, որով քաղաք էր մտնում օգնական ուժերի և պաշարների զգալի մասը[46]։ Չնայած այս ամենին, բերդը կառուցված էր քաղաքի պատերից զգալի հեռավորության վրա, և նրա կայազորը կարող էր միայն անուղղակիորեն ազդել պաշարման ընթացքի վրա։ Մարտի 20-ին անգլիացիները ևս մեկ պաշարողական ամրություն կառուցեցին։ Պաշարման աշխատանքների ակտիվացումը վկայում է այն մասին, որ անգլիական հրամանատարությունը տեղյակ է եղել քաղաքի ազատագրման համար լայնածավալ հարձակման նախապատրաստման մասին։ Ապրիլի 2-ին հրետանու կիրառմամբ լուրջ մարտ բռնկվեց Սեն Լորանի բերդի մոտ։ Այդ ընթացքում ֆրանսիացիները քանդված ամրոցների վերանորոգման աշխատանքներ էին իրականացնում։

Մարտի 22-ին Ժաննայի ջոկատը հասավ Բլուա։ Այստեղ էլ նա Ֆրանսիայում անգլիական բանակի գլխավոր հրամանատար դուքս Բեդֆորդին նամակ գրեց, որը վերջին փորձն էր վերջինիս խաղաղության կոչելու և այդպիսով հետագա արյունահեղությունից խուսափելու համար։ Անգլիացիները, իրենց կողմից, ծիծաղի առարկա դարձրին և՛ նամակը, և՛ նրա հեղինակին՝ ձերբակալելով նամակը հասցրած մունետիկին, ինչը ևս արմատապես հակասում էր այդ ժամանակ ընդունված՝ պատերազմ վարելու սովորույթներին[47]։ Մարտի 27-ին՝ Զատկի օրը, պաշարողների և պաշարվածների միջև հրադադար կնքվեց։

Ապրիլի 17-ին քաղաք վերադարձավ Պոտոն դե Սենթրայլը, ով ավելի վաղ ուղարկվել էր Բուրգունդյան դքսի մոտ։ Ֆիլիպ Բարին պատրաստակամորեն սկսեց հոգ տանել օռլեանցիների մասին՝ ի ցույց իր քենակալի, մանավանդ որ դրանից առաջ Բեդֆորդն ամուսնացել էր իր քրոջ հետ։ Ռեգենտի պատասխանը պարզորոշ էր՝ «Ես ցանցեր չեմ խփում թփերի մեջ, որպեսզի ուրիշները նրանցով թռչուններ որսան»[48]։ Ամենայն հավանականությամբ, Բեդֆորդը այդքան էլ չէր վստահում Բուրգունդյան երկերեսանի դքսին, քանի որ, ըստ այլ տվյալների, նա նշվածին ավելացրել է նաև «նրան Անգլիա՝ գարեջուր խմելու ուղարկելու» սպառնալիքը[44]։ Ֆիլիպ Բարին, խիստ վրդովված նման կտրուկությամբ, հրամայում է իր մարդկանց թողնել անգլիական ճամբարը։ Նրանց հետ միասին հեռանում են նաև նրա իշխանությանը ենթակա մյուս նահանգների՝ Պիկարդիայի և Շամպանի ներկայացուցիչները[49]։

Ապրիլի 26-ին Ժաննա դ' Արկը, իր զորքերի գլուխ անցած, դուրս եկավ քաղաքից։ Նրա զորքի երթուղին ճշտությամբ հայտնի չէ։ 1429 թվականի ապրիլի 28-ին Ժաննան զինվորների ջոկատով ժամանեց Օռլեանի հարավային արվարձաններ։ Հայտնի է, որ Ժաննան 200 զինվորների հետ քաղաք է մտել 1429 թվականի ապրիլի 29-ի երեկոյան մոտ ժամը 8-ին՝ Դյունուայի և ֆրանսիացի այլ հայտնի հրամանատարների ուղեկցությամբ։ Երեկոյան ժամն ընտրվել են հրմշտոցից խուսափելու համար, սակայն այդ նախազգուշական քայլը ապարդյուն է եղել։ «Օրագրի ...» անհայտ հեղինակը, ով իրադարձությունները շարադրել է անաչառ ու չոր, այս անգամ նահանջել է իր որդեգրած ուղուց, որպեսզի գրեթե բանաստեղծաբար պատմի այդ մասին՝

Ասվածին համաձայն՝ Օռլեան մտնելիս նրանից ձախ շարժվում էր Օռլեանի բաստարդը, որը բավականին հարուստ հագնված ու զինված էր։ Նրանց հետևից գնում էին ևս մի քանի ազնվականներ և քաջարի սենյորներ, զինակիրներ, կապիտաններ և զրահավոր զինվորներ, էլ չենք խոսում քաղաքային կայազորի զինվորների և երթը գլխավորող քաղաքացիների մասին:

Նրանց ընդառաջ դուրս եկան բազմաթիվ զրահավոր զինվորներ, քաղաքացիներ՝ ջահեր կրելով և այդպիսով իրենց ուրախությունը արտահայտելով, ասես ինքը՝ Աստվածն է իջել իրենց մոտ, և սա առանց պատճառի չէր, քանի որ նրանք ավելի վաղ ստիպված էին եղել կրել բազում դժվարություններ, հոգսեր և զրկանքներ, և նաև շատ ավելի վատը՝ բախտի քմահաճույքին նետվելու, կյանքից ու ունեցվածքից զրկվելու մշտական վախ։ Նրանք արդեն պատրաստ էին հավատալու, որ ամեն ինչ մնացել է հետևում, և Աստծո ողորմությամբ պաշարումը արդեն դադարեցվել է, և այս ողորմությունը, ինչպես իրենց ասել էին, ներկայացել է պարզ աղջկա կերպարով, ում, առանց բացառության, բոլորը՝ տղամարդիկ, կանայք, երեխաները, նայում էին սիրով ու ակնածանքով։ Նրանք խմբվում էին՝ որպեսզի գոնե դիպչեին այն ձիուն, որի վրա նստած էր աղջիկը. ամբոխն այնքան ուժեղ էր սեղմում, որ ջահակիրներից մեկը չափազանց մոտ հայտնվեց նրա դրոշակին և կրակը դիպչեց դրոշի պաստառին:Ժաննա նույն ակնթարթում խթանեց ձին, նրան շրջեց դեպի դրոշը և կարողացավ այնքան վստահ մարել կրակը, ասես պատերազմը արդեն երկար տարիներ այլևս նորություն չէր իր համար, ինչը զինվորները և քաղաքի բնակիչները մեծ հրաշք համարեցին:

Բանակցությունների փորձ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժան-Ժակ Շերրեր «Ժաննայի մուտքը Օռլեան», 1887.

Քաղաքի պաշտպանները մեծ ոգևորությամբ և ուրախությամբ դիմավորեցին ժամանած զորքերին։ Հաջորդ օրը Լա Գիրը գլխավորեց պաշտպանների հերթական արտագրոհը։ Այդ ընթացքում Ժաննան, լքելով քաղաքի սահմանները, ուղևորվել Էր դեպի Լուարի վրայի ավերված կամրջի մոտ՝ համոզելու Տուրելյիի հրամանատար սըր Ուիլյամ Գլասդեյլին թողնելու քաղաքի պաշարումը։ Ինչպես ռեաբիլիտացիայի գործընթացում վերհիշում է նրա խոստովանահայր Ժան Պասկերելը՝ «անգլիական ճամբարում աղաղակ բարձրացավ. արմանյակյան պոռնիկից լուր է ստացվել»[50]։ Գլասդեյլը ծաղրով ու հայհոյանքներով դիմավորեց նրան, այն դեպքում, երբ աղջիկը չէր կարողանում արցունքները զսպել՝ հիշատակելով, թե որքան արյուն պետք է հեղվի այդ ամենի արդյունքում։ «Նա ասաց ինձ՝ զզվելի տղուկ, -ավելի ուշ հիշում է Ժաննայի զինակիր Ժան դ’Օլոնը,- չէի՞ր ցանկանում դու ասել, որ այժմ ֆրանսիական թանկարժեք արյունը պետք է թափվի»[50]։

Ժաննան նաև մունետիկներ ուղարկեց անգլիացիների մոտ՝ պահանջելով ազատ արձակել ավելի վաղ անգլիացիների ճամբար ուղարկված դեսպանորդին։ Մերժման դեպքում Ժաննան սպառնաց սպանել Օռլեանում գտնվող բոլոր անգլիացի գերիներին, անգլիացի հայտնի լորդերին, որոնց համար պաշտպանները կարող էին առատաձեռն փրկագին ստանալ։ Անգլիացիները ենթարկվեցին սպառնալիքների, և գերին ազատ արձակվեց։ Բայց այնուամենայնիվ, նրա հետ միասին Ժաննային պարզորոշ նախազգուշացում փոխանցվեց «որ կայրեն և կխորովվեն, նրան պոռնիկ անվանեցինև խորհուրդ տվեցին վերադառնալ իր կովերի մոտ նրան»[51]։ Ժաննան, չկորցնելով ոգու արիությունը, հորդորեց նրանց փոխանցել՝ «թող այրեն, եթե կարողանան բռնեն»։

Հաջորդ շաբաթվա ընթացքում Ժաննայի և քաղաքի պաշտպանության հրամանատար Օռլեանյան բաստարդի միջև թեժ վեճեր տեղի ունեցան պաշարումը վերացնելու լավագույն մարտավարության շուրջ։ Մայիսի 1-ին Ժաննան հրամանատարներին հանձնարարեց զինվորներին ռոճիկ վճարել, որը, ի թիվս այլ բաների, տեղ էր հասել սայլաբեռներով։ Զինակիցների ուղեկցությամբ Ժաննան շրջում էր քաղաքի փողոցներով՝ ոգևորելով ու քաջալերելով Օռլեանի բնակիչներին ու պաշտպաններին։ Կոմս Դյունուան կտրականապես կարծում էր, որ քաղաքի պաշարումը հաջողությամբ վերացնելու համար ուժերը քիչ էին, այդ պատճառով էլ նույն օրը մեկնեց Բլուա՝ որպես քաղաքի պարետ թողնելով Լա Գիրին։ Մայիսի 2-ին ոչ մի մարտական գործողություն տեղի չունեցավ, և Ժաննան շրջեց քաղաքի շրջակայքում՝ զննելով հակառակորդի պաշարողական ամրությունները։ Հաջորդ օրը քաղաքում կրոնական արարողություններ տեղի ունեցան, որից բացի՝ Օռլեան ժամանեցին օգնական ուժեր։ Մայիսի 4-ին կոմս Դյունուայի գլխավորած բանակը հետ վերադարձավ Օռլեան։

Առաջին հարձակում. Սեն Լուի գրավում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրանսիացի զինվորները Ժաննա դ’Արկի գլխավորությամբ գրոհում են անգլիական ամրությունների վրա։

Նույն օրը առաջին լուրջ բախումը տեղի ունեցավ քաղաքի պաշտպանների և անգլիացիների միջև։ Առավոտյան Ժան դե Դյունուան և Լա Գիրը գլխավորեցին անգլիական բաստիոն Սեն Լուի դեմ հարձակումը։ Լավ պաշտպանված բերդը պաշտպանում էին 300-400 անգլիացի ռազմիկներ[1]։ Այդ մասին ավելի ուշ իմացած Ժաննան միացավ հարձակվողներին։ Ֆրանսիական կողմից մարտին մասնակցում էին 1500 զինվորներ։ Անգլիացի հրամանատար Ջոն Թալբոթը տեղեկացվեց ստեղծված իրավիճակի մասին։ Նա փորձ արեեց խոչընդոտել ֆրանսիացիներին և դիվերսիա կազմակերպել Փարիզի ամրությունների հյուսիսային կողմից, սակայն այդ ակցիան ժամանակին կանխվեց ֆրանսիացիների պատասխան հարձակմամբ։ Բերդը գրավվեց, 140 անգլիացիները զոհվեցին և 40-ը գերի ընկան[4]։ Իմանալով այդ մասին ՝ Թալբոթը չեղյալ հայտարարեց գրոհը և նահանջի հրաման տվեց։

Սեն Լուի կայազորի մնացորդները կարողացան թաքնվել մոտակա եկեղեցում, և արդեն պատրաստվում էին կոտորել այնտեղ գտնվող նախկին կղերականներին, որպեսզի փրկվեին՝ հագնվելով նրանց զգեստները, երբ ներս խուժած ֆրանսիացիները կարողացան խոչընդոտել նրանց։ Ժաննայի հրամանով պահպանվեց գրավված բոլոր անգլիացիների կյանքը (Եկեղեցու հանդեպ հարգանքից ելնելով) և նարնց, որպես գերիներ, տեղափոխեցին Օռլեան[52]։

Առաջին հաջողությունը ոգեշնչեց ֆրանսիացի զինվորներին։ Դյունուան հավանություն չէր տալիս Սեն Լուի գրավումից անմիջապես հետո գլխավոր հարձակում ձեռնարկելու վերաբերյալ պլաններին, քանի որ ամենափոքր պարտությունը կարող էր, ըստ նրա, ոչնչացնել պաշտպանների դեռևս փխրուն մարտական ոգին։ Սեն Լուի գրավումը պայմաններ էր ստեղծել քաղաքի և Լուարից հարավ գտնվող ֆրանսիական զորքերի (որոնք մնացել են այնտեղ Ժան դե Դյունուայի ժամանումից հետո) միջև անխոչընդոտ շփումներ հաստատելու համար։ Գրավված բերդը ավերվեց և այրվեց[1]։ Դրանից հետո Ժաննան մայիսի 5-ին կրկին նամակ գրեց անգլիական հրամանատարությանը՝ խնդրելով թողնել քաղաքի պաշարումը։ Նամակն ամրացվեց նետին, որն հրաձիգի կողմից արձակվեց ավերված կամրջի մոտից։ Նամակի մեջ Ժաննան ազատություն էր խոսատնում վերջերս գրավված Սեն Լուի մոտ տեղի ունեցած մարտում գերի ընկած անգլիացիներին՝ իր մեկ այլ բանագնացի դիմաց, որը գտնվում էր անգլիական գերության մեջ։ Ի պատասխան՝ անգլիացիները նրա վրա հայհոյանքներ տեղացին։

Հաջորդ օրվա ընթացքում Ժաննան ավելի փորձառու և զգուշավոր հրամանատարներին հորդորեց նոր վճռական հարձակում ձեռնարկել։ Նա պլանավորել էր զինվորների և քաղաքացիների միացյալ ուժերով գրոհ կազմակերպել Սբ. Ավգուստին ամրոցի վրա[53]։ Նույն օրը ֆրանսիական զորքերը դուրս եկան քաղաքից և շարժվեցին դեպի Սեն-Ժան-Լե-Բլան անգլիական փոքրիկ ամրոցի ուղղությամբ։ Անցնելով գետի վրայով՝ ֆրանսիացիները դուրս եկան հարավային ափ, սակայն անգլիացիներն առանց դիմադրության թողեցին թույլ պաշտպանված Սեն-Ժան-Լե-Բլանը և նահանջեցին դեպի Սբ. Ավգուստին բերդը և Տուրելի։

Չնայած առաջին հաջողություններին՝ ֆրանսիացիների վիճակը դեռ օրհասական էր։ Օռլեանի պաշտպաններին տեղեկություններ էին հասել, որ սըր Ջոն Ֆասթոլֆը՝ մեծ բանակի գլուխ անցած, Փարիզից օգնության է շտապում պաշարողներին (իրականում Ֆասթոլֆը չէր կարող Փարիզից դուրս գալ հաջորդ ամսվա վերջից շուտ)։ Բացի այդ, ֆրանսիական գերագույն հրամանատարության մեջ միաբանություն չկար. այս ամբողջ ընթացքում վեճեր էին տեղի ունենում զինվորների և հասարակ մարդկանց կողմից աջակցվող Ժաննա դ' Արկի և Օռլեանի նահանգապետ Ռաուլ դե Գոկուրի կողմից աջակցվող ավելի զգուշավոր կոմս Դյունուայի միջև։

Սբ. Ավգուստին ամրոցի գրավում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայիսի 6-ի առավոտյան քաղաքացիները և զինվորները հավաքվել էին արևելյան դարպասի մոտ՝ լի անգլիացիների դեմ պայքարելու վճռականությամբ։ Ռաուլ դե Գոկուրը, փորձելով կանխել չարտոնված հարձակումը, փորձեց խանգարել քաղաքացիներին, սակայն Ժաննա դ' Արկի հրամանով ստիպված եղավ բաց թողնել օռլեանցիներին, որոնց հենց ինքն էլ առաջնորդեց գրոհի։ Դյունուան և այլ բարձրագույն հրամանատարներ, հույս ունենալով վերականգնել զորքերի վրա վերահսկողությունը, միացան գրոհողներին։ Նոր հարձակում սկսվեց։ Լուարի վրայով անցնելով՝ ֆրանսիացիները գրոհեցին Տուրելիի դիմաց գտնվող անգլիական Սբ. Ավգուստին ամրոցի վրա։ Մարտն ընթացավ առավոտից երեկո, սակայն, ի վերջո, ֆրանսիացիները գրավեցին ամրոցն ու ազատագրեցին բազմաթիվ գերիների։ Ամրոցի պաշտպանները զոհվեցին, ամրոցը հիմնովին այրվեց[1]. ինչպես ենթադրվում է՝ այդ կերպ Ժաննան փորձել է կանխել սկսված դիակապտությունը։ Այդ ժամանակ նա՝ ինքը, ոտքից վիրավորվել էր բերդի շուրջը ցրված երկաթե փշերից, որոնք թշնամու հեծելազորից պաշտպանվելու համար էին։ Անգլիացիները փախան դեպի Տուրելը պահպանող բերդապատնեշը, ընդ որում՝ Սեն Պրիվե ամրոցի փոքրաթիվ կայազորը, նախքան այն լքելը, հրկիզեց փայտե ամրությունները՝ նահանջելով դեպի Սեն Լորան ամրոցը[54]։

Այդ նույն ժամանակ Դյունուան, հարձակվելով վերջում, անգլիացիներին թույլ չտվեց օգնության հասնել Սբ. Ավգուստին ամրոցի պաշտպաններին։ Անգլիական կայազորը Տուրելիում մեկուսացվեց։

Դյունուան ցանկանում էր մարդկանց հանգստանալու հնարավորություն տալ, սակայն Ժաննան պնդում էր, որ գրոհը պետք է շարունակվի։ Իր համառության պատճառով նա հեռացվեց երեկոյան հրավիրված ռազմական խորհրդից, սակայն աղջիկը կրկին կարողացավ նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը՝ իր հոգևորականին ուղարկելով զինվորների մոտ՝ վաղ առավոտյան նրանց ոտքի հանելու հրահանգով, որպեսզի վերջիններս արագ պատրաստվեն հարձակման։ Միևնույն ժամանակ անգլիացիները ոչ մի գործողություն չէին ձեռնարկում իրենց կայազորը Տուրելիում ուժեղացնելու համար։

Տուրելի գրոհը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պոլ Լեյուգեր. «Տուրելի առումը» փորագրություն, XIX դար

Մայիսի 7-ին Ժաննան արթնացավ վաղ առավոտյան։ Մեղքերի թողություն խնդրելով և պահելով առավոտյան պատարագը՝ նա դուրս եկավ բանակին ընդառաջ և արթնացրեց զինվորներին։ Քաղաքաբնակները խանդավառությամբ էին վերաբերվում առաջիկա ճակատամարտին և մեծ օգնություն ցուցաբերեցին զորքերին։ Մյուս կողմից, աղջկա գործողությունները դժգոհություն առաջացրեցին ֆրանսիական հրամանատարության մոտ[55]։ Մայիսի 7-ի առավոտյան Ժաննան սկսեց հարձակումը անգլիական գլխավոր ամրության՝ Տուրել ամրոցի ամրացված դարպասի վրա։ Տպավորիչ ամրոց Տուրելը պաշտպանում էին 700-800 անգլիացի զինվորներ՝ ըստ Մոնստրելեի հաղորդման՝ «անգլիական ազնվականության գույնը»[1]։ Տուրելը հզոր հրետանի ուներ։ Բարբականը որմափակ էր և շրջապատված փոսով։ Ֆրանսիացիները այրվող լաստանավեր էին ուղարկում, որպեսզի ոչնչացնեն բարբականը Տուրելի հետ կապող կամուրջը։ Ճակատամարտը աներևակայելի կատաղի էր, անգլիացիները հուսահատ դիմադրում էին, և երկու կողմերը հսկայական կորուստներ էին տալիս։ Գրոհի միջնամասում Ժաննան ուսից վիրավորվեց անգլիացի հրաձիգի կողմից։ Անգլիացիները խանդավառվեցին, մանավանդ որ մասնավորապես այդ ժամանակ ֆրանսիացիները դեռ ոչ մի արդյունքի չէին էլ հասել, սակայն Ժաննա դ' Արկի՝ իր դրոշի ներքո կրկին հայտնվելը մարտի դաշտում խիզախություն ներշնչեց ֆրանսիացի մարտիկներին, և շուտով անգլիացիները չդիմացան ու փախան դեպի Տուրել։ Այդ ժամանակ ֆրանսիացիները գետում վառվող լաստանավ բաց թողեցին, որը քանդեց այն փայտե կամրջի հիմքերը, որով հեռանում էին անգլիացիները՝ դրանով իսկ ոչնչացնելով հակառակորդի բազմաթիվ նահանջող զինվորներին։ Նրանց թվում էր նաև Տուրելի պարետ Ուիլյամ Գլասդեյլը («Գլասիդաս»), ով գետում խեղդվեց իր զրահների քաշի տակ[56]։ Տուրելիի պաշտպանները խուճապի մեջ էին։

Դյունուան, ով կասկածում էր ամրոցի գրոհի բարեհաջող ելքի վրա, ցանկանում էր հետաձգել գրոհը, սակայն Ժաննան համոզեց նրան շարունակել ճակատամարտը։  Քաղաքացիները վերանորոգեցին կամուրջը՝ այդպիսով երկկողմանի հարձակման հնարավորություն ստեղծելով։ Տուրելի ամրոցի գրոհին մասնակցել է 3 հազար մարդ, անգլիական կողմից մարտի ժամանակ զոհվեց մոտ հազար մարդ (ինչպես կայազորից, այնպես էլ այլ ջոկատներից, որոնք փորձել էին օգնություն ցուցաբերել), գերի են ընկել 600-ը, ազատություն են ստացել ամրոցում գտնվող 200 ֆրանսիացի գերիներներ[27]։ Գրոհը հաջողությամբ պսակվեց, և երեկոյան Տուրելը վերցված էր։ Նրա բոլոր պաշտպանները զոհվեցին կամ գերի ընկան։

Պաշարման ավարտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջորդ օրը անգլիացիները՝ դուքս Սաֆֆոլկի և Ջոն Թալբոթի ղեկավարությամբ, դուրս գալով մնացած ամրոցներից, մարտական կարգով շարք կանգնեցին։ Նկատելով դա՝ ֆրանսիացիները նույնպես վերաշարվեցին մարտի համար։ Մոտ մեկ ժամ զորքերը շարված մնացին՝ մատնված անգործության։ Չնայած որոշ հրամանատարների ավելորդ ջանքերի, Ժաննան թույլ չտվեց հարձակվել հակառակորդի վրա, քանի որ կիրակի օրը, նրա կարծիքով, հարմար օր չէր ճակատամարտի համար։ Անգլիացիները, այդպես էլ չվճռելով գրոհել, լքեցին մարտադաշտն ու նահանջեցին։ Պաշարումը հանվեց։ Քաղաքաբնակներն ու զինվորները, տեսնելով հակառակորդի նահանջը, թալանեցին ու հիմնովին ավերեցին դատարկված անգլիական ամրոցները[1]։ Այստեղ էլ՝ քաղաքի մատույցներում, գոհաբանական պատարագ մատուցվեց։

Օռլեանի պաշարման վերացումը նշանավորվեց ևս մեկ զավեշտալի դրվագով, որի մասին հիշատակում են այն ժամանակվա քրոնիկները. բաստարդ դե Բարը, ով ներխուժման ժամանակ գերեվարվել էր անգլիացիների կողմից, ոտնաթաթերը շղթայակապ և ամրոցներից մեկում գտնվելով անձնական հոգևորական Ջոն Թալբոթի խնամքի տակ, անգլիական բանակի հեռանալուց հետո հարկադրված էր գնալ անգլիացիների հետևից։ Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ շղթայակապերը նրան թույլ չէին տալիս քայլել, նա իր ուղեկցորդի հետ այնքան էր հետ հետ է մնացել, որ տեսադաշտից կորցրել էր զորքի վերջապահը, ինչից հետո, ավգուստինցուն սպառնալով մահով, ստիպել է իրեն մեջքի վրա առնել և հասցնել Օռլեան[57]։

Առաջին լուրջ հաղթանակը շատ ոգևորեց ֆրանսիացիներին, և նրանց բանակն անմիջապես համալրվեց բազմաթիվ կամավորներով։ Կարճ ժամանակում ֆրանսիացիներն ազատագրեցին Լուարի հովիտը՝ ջախջախելով Ժորժո, Մենգ, Բոժանս քաղաքների անգլիական կայազորներին[58]։ Հունիսի 18-ին ֆրանսիացիները անակնկալի բերեցին և ջախջախեցին անգլիացիների առաջապահ զորքին, որը օգնության էր շտապում յուրայիններին։ Դա հանգեցրեց Պատեի ճակատամարտում անգլիացիների պարտությանը, որտեղ գերեվարվեց անգլիական զորքերի գլխավոր հրամանատար Ջոն Թալբոթը[59]։

Լուարայի հովիտը հակառակորդներից մաքրելուց հետո ֆրանսիացիները շարժվեցին դեպի Ռեյմս՝ թագադրելու իրենց թագավոր Շարլ VII-ին, իսկ հետո, արդեն Ժաննայի մահից հետո, հաղթանակ տանելով, հետ գրավեցին անգլիացիների կողմից պահվող Փարիզը։ Այսպիսով, Օռլեանի գրավումը բեկումնային փուլ դարձավ երկարատև և արյունալի պատերազմում, որը գրեթե աղետի էր վերածվելու ֆրանսիացիների համար։

Ինչ վերաբերում է անգլիական կողմին, ապա Օռլեանի մոտ պարտությունն առաջին հերթին հանգեցրեց շարքային զինվորների ոգու անկմանը, նրանց շրջանում համառորեն լուրեր էին շրջանառվում ինչ-որ մարգարեության մասին, որով կանխատեսված էր, որ «աղջնակը» իրենց դուրս է շպրտելու երկրից։

Բացի այդ, պարտությունն անգլիական կողմի համար վերածվեց ֆինանսական աղետի։ Արդեն 1429 թվականի մարտ ամսին երկարատև պաշարումը կլանել էր այդ նպատակի համար հատկացված բոլոր միջոցները, և մարտի 3-ին թագավորական խորհուրդը մանկահասակ Հենրի VI-ի անունից հարկադրված էր իր իշխանությամբ նոր արտակարգ «փոխառություն» ներմուծել, որոնք պետք է գանձվեին «այն մարդկանցից, որոնք իրենց եկամուտները ստանում էին ֆրանսիական կամ նորմանդական հողերից»։ Նրանց պարտականությունների մեջ էր մտնում նաև տարեկան եկամտի քառորդը նվիրաբերելը պաշարումը շարունակելու համար։ Վճարումից խուսափողներից պահանջվում էր կրկնակի չափով գումար վերցնել։

Մինչև ապրիլի կեսերը ձգված պաշարումը, եթե հավատանք Մոլանդոնի կատարած հաշվարկներին, կլանեց 360 հազար տուրական լիվր, ինչն ամենայն հավանականությամբ կանխորոշեց Բուրգունդյան դքսին Բեդֆորդի մերժումը. ծախսածն անհրաժեշտ էր փոխհատուցել գոնե մասնակիորեն։ Իսկ պաշարման ողջ ընթացքում ծախսերը, ներառյալ վարձկանների ռոճիկը, ջոկատների կապիտաններին վճարելը, զենքի, հանդերձանքի, ուտելիքի պաշարների գնումը, կերերը և այլն, անգլիական գահին արժեցել են այդ ժամանակների համար աստղաբաշխական 440 հազար տուրական լիվր։ Այս թվերի անհավանական լինելը կարելի է գնահատել՝ իմանալով, որ այն ժամանակվա օրենքներով թշնամու թագավորի կամ բանակի գլխավոր հրամանատարի գերության փրկագինը ընդամենը 10 հազար էր։ Անգլիական գանձարանը այս կերպ հայտնվել էր սնանկացման եզրին[14]։

Օռլեանի պաշարման հիշատակ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ժաննային մարմնավորող աղջիկը մայիսի 8-ի տոնակատարության ժամանակ, 2007 թվական

Եթե հավատանք «Մայիսի 8-ի տոնի հիմնադրման ժամանակագրությանը», ապա այս ավանդույթն առաջացել է ինքնաբերաբար։ Նախաձեռնությունը պատկանել է քաղաքի եպիսկոպոսին, ով իր հերթին գործել է Դյունուայի և նրա խորհրդի հետ համաձայն։ Եպիսկոպոսի հրամանով կազմակերպվել է խաչակրաց երթ «Ի փառս Տիրոջ, ինչպես նաև քաղաքի հովանավորներ Սբ. Էնյանի և Էվերտի», որի առջևից իր ձիով շարժվում էր Ժաննան՝ իր ողջ սպառազինությամբ, իսկ նրա հետևից՝ հոգևորականները, զինվորներն ու քաղաքացիները՝ ձեռքներին մոմեր։ Հաջորդ օրը եպիսկոպոսը հանդիսավոր պատարագ է մատուցել, քաղաքի շուրջ պտտեցրել են Սբ. Էնյանի և Էվերտի մասունքները, Ժաննան թագավորի բանակի զինվորների հետ միասին հաղորդություն է ընդունել։

Այս առաջին տոնակատարության հետ լեգենդ է կապված առ այն, թե անգլիացիները, որոնք դեռ չէին հասցրել հեռանալ քաղաքից, նրա պատերի մոտ «քահանայական զգեստով երկու ամուսինների» են տեսել, այսինքն՝ երկու սուրբ հովանավորներին, ովքեր թույլ չեն տվել նրանց մոտենալ քաղաքի պատերին[60]։

1430 թվականին մայիսի 8-ը դարձավ քաղաքի պաշտոնական տոնը և մինչ օրս փոքր ընդմիջումներով նշվում է բոլոր հաջորդ տարիների ընթացքում։ Հենց տոնի սկզբնավորման շրջանում ձևավորվեց հիմնական ծիսակատարությունը, որն անփոփոխ մնացել է առ այսօր։

Ավանդական երթի անցկացման բոլոր ծախսերն իր վրա է վերցրել քաղաքային գանձարանը. «Փարիզյան դրամահատման 8 դենյեներ»-ում պահպանվել են հիշատակումներ կատարված ներդրումների մասին, որոնք այդ նպատակով բաժանվել են քաղաքացիներին[60]։

15 և 16-րդ դարերում մայիսի 7-ի երեկոյան մունետիկների հնչեցրած զանգերի ներքո ազդարարվում էր տոնակատարության մեկնարկը։ Ամբողջ քաղաքում, հիմնական փողոցների խաչմերուկներում և ճակատամարտերի վայրերում կառուցվում էին փայտե հարթակներ։

1435 թվականին Քաղաքի Ազատագրման օրվա տոնակատարության ժամանակ առաջին անգամ ցուցադրվեց «Օռլեանյան պաշարման միստրիան», որը ճշգրիտ վերարտադրում էր իրադարձությունները։ «Միստերիա..»- ին մասնակցել է Ժաննայի զինակիցներից մեկը ՝ Ժիլ դե Ռեն, սենյոր դե Լավալը, ով բեմադրության համար վճարել է իր սեփական գրպանից։

Մայիսի 8-ի օրը նշանավորվեց հանդիսավոր թափորով, որին մասնակցում էին ինչպես քաղաքային իշխանությունները, այնպես էլ տեղի հոգևորականները, որոնք ձեռքներին կրում էին քաղաքային զինանշանով զարդարված եռաֆուտ մոմեր։ Նրանց հետևում էին երգիչներ քաղաքի տաճարներից, կանոնիկոսներ, երգչախմբերի տղաներ։

Ժաննայի արդարացման գործընթացի ժամանակ կարդինալ դ' Էտուտվիլը 100 օրով ինդուլգենցիաներ է շնորհել բոլոր նրանց, ովքեր մասնակցել էին հանդիսավոր երթին։ Քաղաքային խորհուրդը սեփական միջոցներով քարոզիչ, ժամհարներ վարձեց, վճարեց պատարագի ընծաների և եկեղեցու երգչախմբերի բոլոր տղաներին նոր հագուսների համար, ինչպես նաև դրոշակակիր պատանուն, ով պետք է Ժաննայի՝ հատուկ պատրաստված խաչվառի կրկնօրինակը կրեր։ Տոնը եզրափակվել է հսկայական ճաշկերույթով, որին մասնակցել են քաղաքային էշևեններն ու քարոզիչը։ 15-րդ վերջին երթին միացավ նաև երկրորդ դրոշակակիրը։

Տոնակատարություններն ընդհատվել են կրոնական պատերազմների ժամանակ, սակայն դրանց ավարտից անմիջապես հետո վերսկսվել են գրեթե անփոփոխ ձևով, միայն տոնական խրախճանքը չեղյալ են հայտարարվել «դժվար ժամանակի պատճառով»։

1725 թվականին թափորի մեջ Պատանի հայտնվեց (puceau ՝«Կույս»-ի ի արական սեռը. Pucelle մականունով Ժաննան մտավ պատմության մեջ)։ Երիտասարդին, որը պետք է մարմնավորեր քաղաքն ազատագրողին, ընտրում էին քաղաքապետն ու էշևենները, նա պետք էր տաներ Ժաննայի խաչվառը։ Այս կերպարը կրում էր Հենրի III-ի դարաշրջանի կարմրաոսկեգույն զգեստներ՝ (ըստ Օռլեանի դրոշի հերալդիկ գույների) և վառ կարմիր գլխարկ՝ սպիտակ գույնի երկու փետուրներով։

Միջնադարյան հագուստներով ավանդական շքերթը մայիսի 8-ի տոնակատարության ժամանակ, 2007 թ.

1786 թվականին Պատանուն միացավ Համեստուհին (Rosière)՝ առաքինության համար պարգև ստացած երիտասարդ աղջիկ։ Օռլեանի դքսի և դքսուհու ցանկությամբ որոշվել է այդ օրը նշել «քաղաքի պատերի ներսում ծնված աղքատ առաքինի աղջկա հարսանիքով. նա օժիտ է ստացել 1200 լիվր, ընդ որում՝ գումարի կեսը տրամադրել է Նրանց գերազանցություններին»։

Մայիսի 8-ի տոնակատարություններում նոր ընդմիջում տեղի ունեցավ 1793 թվականին՝ ֆրանսիական հեղափոխության տարիներին, վերստին հանդիսությունները վերսկսվել են կոնսուլության տարիներին՝ Գրինյոն-Դեզորմո քաղաքի քաղաքապետի նախաձեռնությամբ, ով 1802 թվականին Առաջին Կոնսուլ Բոնապարտի համաձայնությունն էր խնդրել վերականգնելու Ժաննայի և Օռլեանյան եպիսկոպոսի, ով հանդես էր եկել կրոնական արարողությունների վերսկսման միջնորդությամբ, հուշարձանները[7]։ Համաձայնությունն ստացվել է, և 1803 թվականին վերսկսվել են ավանդական երթերը։

1817 թվականին քաղաքի նոր քաղաքապետ կոմս դե Ռոշպլատը որոշել է վերականգնել տոնը՝ համաձայն 18-րդ դարի ծիսակարգի։ Կրկին Պատանին մասնակցել է երթին, իսկ ավերված Տուրելի տեղում խաչ է կանգնեցվել։

Լուի Ֆիլիպ թագավորը որոշեց մայիսի 8-ը հայտարարել ազգային տոն, այլ կերպ ասած՝ աշխարհիկ ձև հաղորդել նրան։ Նրա օրոք ավանդական դարձավ Ժաննայի կիսանդրին տանել այն վայրերով, որտեղ ժամանակին մարտեր էին ընթացել, ընդ որում՝ երթին մասնակցում էին ազգային գվարդիայի զինվորները, ինչպես նաև քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները[7]։

1848 թվականին տոնը կրկին ավանդական տեսք ընդունեց։ 1855 թվականին նոր ավանդույթ ձևավորվեց՝ դրոշը քաղաքապետից փոխանցվում էր քաղաքի եպիսկոպոսին։ Ենթադրվում է, որ դա կապված է Ժաննայի սրբադասման համար ծավալված շարժման մեկնարկի հետ։

1912 թվականին թափորի մեջ առաջին անգամ հայտնվում է մի աղջիկ, որը պատկերում էր ձիու վրա ընթացքող Ժաննային՝ 15-րդ դարի ասպազենքով զգեստավորված։ Պահպանվել է այս դերի առաջին դերակատարուհու անունը. նա 17-ամյա Ժաննա Բյուրոն էր[61]։

1920 թվականին կրոնական և աշխարհիկ տոները միաձուլվում են, այնպես որ քաղաքում միաժամանակ տեղի են ունենում և՛ եկեղեցական սովորական երթը, և՛ թատերականացված ներկայացումները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Enguerrand de Monstrelet, Bon-Joseph Dacier. The chronicles of Enguerrand de Monstrelet. — Vol. 1. — P. 518—519.
  2. Markale J. Isabeau de Bavière. — Paris: Payot, 1982. — P. 257. — 266 p.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 Philippe Mantelier. Histoire du Siège d'Orléans // Bulletin de la Societé de l'Histoire de France : Сб. —Paris, 1861. — Т. 2. Архивировано из первоисточника 2 Ապրիլի 2012.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 David Nicolle, Graham Turner. Orleans 1429: France turns the tide. — Osprey Publishing, 2001. — 96 p. — ISBN 9781841762326
  5. Morgann Moussier. (2002). «Histoire de la ville d'Orléans» (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 22-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Перну Р., Клэн В. Жанна д'Арк = Jeanne d'Arc. — М.: Прогресс, Прогресс-Академия, 1992. — 560 с. — (Века и люди). — 50 000 экз. — ISBN 5-01-002054-8
  7. 7,0 7,1 7,2 7,3 Régine Prenoud. La Libération d'Orléans. — P. 11.
  8. Morgann Moussier. (2002). «1358, 1359 : Le Prince Noir menace Orléans» (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 22-ին.
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 Gilliot Christophe. Orléans 1429: Siège de jour le jour. — P. 6—7.
  10. Paul Charpentier, Charles Cuissard. Journal du siège d'Orléans: 1428-1429 augmenté de plusieurs documents notamment des comptes de la ville : 1429-1431. — Paris: H. Herluison, 1896. — P. 11. — 266 p.
  11. 11,0 11,1 11,2 Vernaul-Romagnesi. Extrait des comptes de la ville d`Orléans. — Bulletin du Bouquiniste. — Paris, 1860-1861. — Vol. 96. — P. 21.
  12. 12,0 12,1 12,2 12,3 Gilliot Christophe. Orléans 1429: Siège de jour le jour. — P. 50.
  13. Quittance du 8 septembre 1428. Bibl. nat. Mss. vol. 26,050, n° 948.
  14. 14,0 14,1 M. Boucher de Molandon. L’armée anglaise vaincue par Jeanne d’Arc sous les murs d’Orléans // Bulletin de la Societé de l`Histoire de France : Сб. —Paris, 1892. — Т. 1. Архивировано из первоисточника 1 Դեկտեմբերի 2012.
  15. Paul Charpentier, Charles Cuissard. Journal du siège d'Orléans: 1428-1429 augmenté de plusieurs documents notamment des comptes de la ville : 1429-1431. — Paris: H. Herluison, 1896. — P. 3 mars. — 266 p.
  16. Paul Charpentier, Charles Cuissard. Journal du siège d'Orléans: 1428-1429 augmenté de plusieurs documents notamment des comptes de la ville : 1429-1431. — Paris: H. Herluison, 1896. — P. 3 avril. — 266 p.
  17. Paul Charpentier, Charles Cuissard. Journal du siège d'Orléans: 1428-1429 augmenté de plusieurs documents notamment des comptes de la ville : 1429-1431. — Paris: H. Herluison, 1896. — P. 22 février. — 266 p.
  18. Paul Charpentier, Charles Cuissard. Journal du siège d'Orléans: 1428-1429 augmenté de plusieurs documents notamment des comptes de la ville : 1429-1431. — Paris: H. Herluison, 1896. — P. 28 decembre. — 266 p.
  19. Paul Charpentier, Charles Cuissard. Journal du siège d'Orléans: 1428-1429 augmenté de plusieurs documents notamment des comptes de la ville : 1429-1431. — Paris: H. Herluison, 1896. — P. 17 janvier. — 266 p.
  20. Paul Charpentier, Charles Cuissard. Journal du siège d'Orléans: 1428-1429 augmenté de plusieurs documents notamment des comptes de la ville : 1429-1431. — Paris: H. Herluison, 1896. — P. 28 decembre. — 266 p.
  21. Paul Charpentier, Charles Cuissard. Journal du siège d'Orléans: 1428-1429 augmenté de plusieurs documents notamment des comptes de la ville : 1429-1431. — Paris: H. Herluison, 1896. — P. 18 janvier. — 266 p.
  22. Journal d'un bourgeois de Paris, 1405-1449 / ed. A. Tuetey. — H. Champion, 1881. — P. 418.
  23. Черняк Е. Б. Времён минувших заговоры. — М.: Международные отношения, 1991. — С. 16. — 544 с. — ISBN 5-7133-0625-9
  24. Jean-Pierre Bernard. (25 mars 2005). «Histoire Généalogie — La vie et la mémoire de nos ancêtres» (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 22-ին.
  25. 25,0 25,1 Paul Charpentier, Charles Cuissard. Journal du siège d'Orléans: 1428-1429 augmenté de plusieurs documents notamment des comptes de la ville : 1429-1431. — Paris: H. Herluison, 1896. — P. 17. — 266 p.
  26. 26,0 26,1 Vallet de Viriville. Chronique de Cousinot, dite Chronique de la Pucelle. — Adamant Media Corporation, 1896. — P. 235. — 287 p. — ISBN 142122271X
  27. 27,0 27,1 Paul Charpentier, Charles Cuissard. Journal du siège d'Orléans: 1428-1429 augmenté de plusieurs documents notamment des comptes de la ville : 1429-1431. — Paris: H. Herluison, 1896. — P. 75. — 266 p.
  28. 28,0 28,1 Régine Prenoud. La Libération d`Orléans. — P. 77—78.
  29. «Chapter 2 — The Time of the Great Armies: Mercenaries 1418—1429». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.
  30. 30,00 30,01 30,02 30,03 30,04 30,05 30,06 30,07 30,08 30,09 Gilliot Christophe. Orléans 1429: Siège de jour le jour. — P. 10—14.
  31. Р. Charpentier, J. Cuissard. Comptes de la Forteresse // Journal du Siège d`Orléans. — 1896. — P. 550.
  32. Vergnaud-Romagnesi «Bulletin du bouquiniste du 15 decembre 1860», p. 715
  33. David Nicolle, Graham Turner. Orleans 1429: France turns the tide. — Osprey Publishing, 2001. — 96 с. — ISBN 9781841762326
  34. 34,0 34,1 Régine Pernoud. La Libération d`Orléans. — P. 86—87.
  35. Paul Charpentier, Charles Cuissard. Journal du siège d'Orléans: 1428-1429 augmenté de plusieurs documents notamment des comptes de la ville : 1429-1431. — Paris: H. Herluison, 1896. — P. 27 octobre. — 266 p.
  36. Paul Charpentier, Charles Cuissard. Journal du siège d'Orléans: 1428-1429 augmenté de plusieurs documents notamment des comptes de la ville : 1429-1431. — Paris: H. Herluison, 1896. — P. 25 octobre. — 266 p.
  37. «The Employment of Foreign Mercenary Troops in the French Royal Armies 1415—1470 (chapter 2)». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.
  38. Paul Charpentier, Charles Cuissard. Journal du siège d'Orléans: 1428-1429 augmenté de plusieurs documents notamment des comptes de la ville : 1429-1431. — Paris: H. Herluison, 1896. — P. 28 novembre. — 266 p.
  39. Paul Charpentier, Charles Cuissard. Journal du siège d'Orléans: 1428-1429 augmenté de plusieurs documents notamment des comptes de la ville : 1429-1431. — Paris: H. Herluison, 1896. — P. 25 decembre. — 266 p.
  40. Paul Charpentier, Charles Cuissard. Journal du siège d'Orléans: 1428-1429 augmenté de plusieurs documents notamment des comptes de la ville : 1429-1431. — Paris: H. Herluison, 1896. — P. 6 janvier. — 266 p.
  41. Paul Charpentier, Charles Cuissard. Journal du siège d'Orléans: 1428-1429 augmenté de plusieurs documents notamment des comptes de la ville : 1429-1431. — Paris: H. Herluison, 1896. — P. 8 février. — 266 p.
  42. Paul Charpentier, Charles Cuissard. Journal du siège d'Orléans: 1428-1429 augmenté de plusieurs documents notamment des comptes de la ville : 1429-1431. — Paris: H. Herluison, 1896. — P. 410. — 266 p.
  43. «La Chronique de la Pucelle. Chapitre 42» (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 12-ին.
  44. 44,0 44,1 Martin H. Histoire de la France des Temps les Plus Reculés jusqu`en 1789. — 4. — Furne, 1865. — Vol. 6. — 588 p.
  45. Paul Charpentier, Charles Cuissard. Journal du siège d'Orléans: 1428-1429 augmenté de plusieurs documents notamment des comptes de la ville : 1429-1431. — Paris: H. Herluison, 1896. — P. 410. — 266 p.
  46. Paul Charpentier, Charles Cuissard. Journal du siège d'Orléans: 1428-1429 augmenté de plusieurs documents notamment des comptes de la ville : 1429-1431. — Paris: H. Herluison, 1896. — P. 10 mars. — 266 p.
  47. Paul Charpentier, Charles Cuissard. Journal du siège d'Orléans: 1428-1429 augmenté de plusieurs documents notamment des comptes de la ville : 1429-1431. — Paris: H. Herluison, 1896. — P. 410. — 266 p.
  48. Тропейко В. (2002). «Осада Орлеана (12 Октября 1428г - 8 мая 1429г..)» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 12-ին.
  49. Paul Charpentier, Charles Cuissard. Journal du siège d'Orléans: 1428-1429 augmenté de plusieurs documents notamment des comptes de la ville : 1429-1431. — Paris: H. Herluison, 1896. — P. 17 avril. — 266 p.
  50. 50,0 50,1 Jules Quicherat. Procès de condamnation et réhabilitation de Jeanne d`Arc dite la Pucelle. — P.: Renouard, 1849. — Т. 3. — P. 183. — 575 p.
  51. Paul Charpentier, Charles Cuissard. Journal du siège d'Orléans: 1428-1429 augmenté de plusieurs documents notamment des comptes de la ville : 1429-1431. — Paris: H. Herluison, 1896. — P. 30 avril. — 266 p.
  52. «La Chronique de la Pucelle. Chapitre 46» (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 12-ին.
  53. Steven R. Kanehl. «A Time Line History of Joan of Arc -Compiled from many sources by Steven R. Kanehl» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 12-ին.
  54. «La Chronique de la Pucelle. Chapitre 47» (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 12-ին.
  55. «La Chronique de la Pucelle. Chapitre 48» (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 12-ին.
  56. Paul Charpentier, Charles Cuissard. Journal du siège d'Orléans: 1428-1429 augmenté de plusieurs documents notamment des comptes de la ville : 1429-1431. — Paris: H. Herluison, 1896. — P. 410. — 266 p.
  57. «La Chronique de la Pucelle. Chapitre 49» (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 12-ին.
  58. Басовская Н. И. Столетняя война. Леопард против лилии / отв. ред. Архарова И. Н.. — Москва: АСТ: Астрель, 2010. — С. 328. — 446 с. — (Историческая библиотека). — 3000 экз. — ISBN 978-5-17-067794-8
  59. Перруа Эдуард. Столетняя война = La Guerre De Cent Ans. — СПб.: Евразия, 2002. — С. 361. — 480 с. — ISBN 5-8071-0109-X
  60. 60,0 60,1 «Chronique de l'établissement de la fête du 8 mai» (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 12-ին.
  61. Muguette Rigaud. Orléans de A à Z. — Paris: Alan Sutton, 2008. — 188 с. — ISBN 978-2-84910-893-2

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնաղբյուրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետազոտություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Gilliot Christophe. Orléans 1429: Siège de jour le jour. — Orléans: Bayeux : Heimdal, 2008. — 80 p. — ISBN 978-2-8404-8253-6
  • David Nicolle, Graham Turner. Orleans 1429: France turns the tide. — Osprey Publishing, 2001. — 96 с. — ISBN 9781841762326
  • Paul K. Davis. Besieged: 100 Great Sieges from Jericho to Sarajevo. — Oxford: Oxford University Press, 2001.
  • Kelly de Vries. Joan of Arc: a Military Leader. — Sutton Publishing, 1999.
  • Régine Pernoud, Marie-Véronique Clin. Joan of Arc: Her Story. — New York: St. Martin’s Press, 1998.
  • Régine Pernoud. La Libération d'Orléans. — Gallimard. — Paris, 2006. — 288 p. — ISBN 2-07-078184-4

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]