Լոթարինգիա (ֆր.՝ Lorraine[lɔˈʁɛn], գերմ.՝ Lothringen), պատմական մարզ Ֆրանսիայի հյուսիս-արևելքում, Մոզել գետի ավազանում։ Տարածությունը 23.5 հզ կմ² է։ Գլխավոր քաղաքը Նանսին է։
1982-2016 թվականներին Լոթարինգիան Ֆրանսիայի վարչական շրջան էր։ 2016-ին տարածքային բարեփոխումների արդյունքում այն մտավ նոր Գրանդ Էստ երկրամասի մեջ։ Լոթարինգիան բաղկացած է 4 դեպարտամենտներից՝ Մյորթ և Մոզել, Մյոզ, Մոզել և Վոգեզներ դեպարտամենտներից՝ ներառելով 2337 կոմունա։ Մեցը երկրամասի վարչական կենտրոնն է։
Անվանումը ստացել է Լոթարինգիայի թագավորության առաջին թագավոր Լոթար II-ի անունից․ - ing֊ը գերմաներեն վերջածանց է, որը նշանակում է հետնորդներ կամ հպատակներ։ Դրանց ավելացվել է -ia մասնիկը, որը երկրի իմաստ ունի։ Այսպիսով Լոթարինգիա նշանակում է «Լոթարի մարդկանց երկիր»[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 653)։