Տրուայի պայմանագիր
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Տրուայի պայմանագիր |
---|
Տրուայի պայմանագիրը ստորագրվել է ֆրանս-անգլիական Հարյուրամյա պատերազմի ընթացքում` 1420 թվականի մայիսի 21-ին Ֆրանսիայի Տրուա քաղաքում ՝ Անգլիայի թագավոր Հենրի V -ի Ազենկուրի ճակատամարտում ունեցած բարեհաջող ռազմական արշավից հետո։ Ըստ պայմանագրի Անգլիայի թագավոր Հենրի V-ը և նրա ժառանգները պետք է ժառանգեին ֆրանսիական գահը Ֆրանսիայի թագավոր Կարլ VI Խելագարի մահից հետո, անտեսելով օրինական դոֆինին (ապագայում Շառլ VII), որը փաստացիորեն նշանակում էր Ֆրանսիայի միավորումը Անգլիային։ Տրուայի պայմանագիրը որոշակիորեն դրդապատճառ է հանդիսացել Հարյուրամյա պատերազմի հետագա զարգացման համար, որում Անգլիայի տարբեր թագավորներ փորձում էին ֆրանսիական գահին ներկայացնել իրենց պահանջները, և որն ի վերջո ավարտվեց ֆրանսիացիների հաղթանակով 1453 թ. Կաստիյոնի ճակատամարտում։
Պայմաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ պայմանագրի Հենրի V-ը ամուսնանում էր Կարլ VI-ի դուստր Քեթրին Վալուայի հետ (ֆր.՝ Catherine de Valois) և դառնում էր ֆրանսիական գահի ժառանգորդը (որին էլ պիտի հաջորդեին իր ապագա որդիները)։ Այսպիսով Ֆրանսիայի թագաժառանգ Կարլ VII-ը զրկվում էր գահից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսիայի թագավոր Կարլ VI-ը իր գահակալման տարիներին հաճախ էր խելագարության նոպաներ ունենում։ 1415 թ. Հենրի V-ը ներխուժեց Ֆրանսիա և ֆրանսիական ուժերին Ազենկուրի ճակատամարտում ջախջախիչ պարտության մատնեց։ 1418 թ. Բուրգունդիայի դուքս Ժան Անվախը, որի և Անգլիայի քաղաքական և տնտեսական հետաքրքրությունները համընկնում էին, զավթեց Փարիզը, իսկ մեկ տարի հետո սպանվեց իր հակառակորդ կուսակցականների կողմից։ Նրա որդի Ֆիլիպը Անգլիայի հետ դաշինք կնքեց և Անգլիայի թագավորի հետ քննարկեց պայմանագիրը։
Բավարիայի Եղիսաբեթ թագուհին՝ Կարլ VI-ի կինը, իր որդուն զրկելով գահից, համաձայնեց պայմանագրի կետերին, այն հույսով, որ դիանաստիաների միավորման արդյունքում պատերազմը կավարտվի։
Դեռևս վաղուց խոսում էին, թե թագուհին կապված էր իր տեգրոջ՝ Օռլեանի դուքս Լյուդովիկոսի հետ։ Այս առիթով էլ Ժան Անվախը, ով Լյուդովիկոսի գլխավոր մրցակիցն էր, 1407թ. նրան սպանել տվեց։ Բուրգունդիայում սկսեցին խոսել, թե Կարլը ապօրինի որդի է։ Սա չէր կարող արտացոլվել պայմանագրի վրա՝ առանց ոտնահարելու Ֆրանսիայի թագավորի պատիվը։ Ուստի գահաժառանգ Կարլ VII-ին իր կոչումից զրկելը կապված էր իր «մեծ հանցագործությունների» հետ, քանի որ նրան մեղադրում էին Ժան Անվախի սպանության մեջ։
Կարլին գահից զրկելու որոշումը օրինական կերպով վերահաստատվեց, երբ նա իրեն հայտարարեց Կարլ VI-ին հաջորդող ռեգենտ՝ ի պատասխան Հենրի V-ի հռչակած ռեգենտության։ 1421 թ. Փարիզի դատարանը նրան մեղադրեց դավաճանության մեջ և աքսորեց Ֆրանսիայից՝ զրկելով գահից, բոլոր առավելություններից և կոչումներից։
Հետևանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պայմանագիրը դադարեց գործել, երբ 1422 թ. երկու ամսվա ընթացքում մահացան Ֆրանսիայի և Անգլիայի թագավորները՝ Կարլ VI-ը և Հենրի V-ը։ Անգլիայի թագաժառանգ մանուկ Հենրի VI-ը դարձավ երկու երկրների թագավոր, բայց հոր մահից հետո Կարլ VII-ը ևս պահանջեց Ֆրանսիայի գահը։ 1429 թ. հուլիսի 17-ին Կարլ VII-ը Ռեյմսի տաճարում թագադրվեց որպես Ֆրանսիայի թագավոր, բայց կառավարեց միայն Ֆրանսիայի մի շրջանը՝ Բուրժ կենտրոնով, իսկ հակառակորդները նրան ծաղրաբար կոչում էին «Բուրժի թագավոր»։
Տրուայի պայմանագրի կետերը վերահաստատվեցին Ամյենի պայմանագրով (1423), երբ Բուրգունդիան և բրետոնները ճանաչեցին Հենրի VI-ին որպես Ֆրանսիայի թագավոր և համաձայնեցին եռակողմանի դաշինք ստեղծել թագաժառանգ Կարլի դեմ։ Այնուամենայնիվ 1435 թ. Կարլը Բուրգունդիայի հետ կնքեց Արրասի պայմանագիրը, որով ճանաչվում և հաստատվում էին նրա պահանջները գահին։
Հենրի VI-ի թե՛ ֆրանսիացի և թե՛ անգլիացի կողմնակիցների դեմ Կարլ VII-ի ռազմական հաղթանակի արդյունքում պայմանագրի կետերը վիճարկվեցին։ Անգլիայի թագավորները շարունակում էին պահանջել Ֆրանսիայի գահը մինչև 1800-1801 թ., երբ հունվարի 1-ին միավորվեցին Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թագավորությունները։
- Keen, Maurice (1996). Nobles, Knights and Men-at Arms in the Middle Ages. London: Hambledon Continuum. ISBN 1-85285-087-6. Վերցված է 2014 թ․ հունվարի 26-ին.
- Richardson, Glenn (2008). The Contending Kingdoms: France and England 1420-1700. Farnham, Surrey: Ashgate Publishing. ISBN 978-0-7546-5789-7. Վերցված է 2014 թ․ հունվարի 26-ին.
- Allmand, Christopher (1988). The Hundred Years War: England and France at War c.1300 - c. 1450. Cambridge: Cambridge University Press. ISBN 978-0521319232. Վերցված է 2014 թ․ հունվարի 26-ին.
- Schirmer, Walter Franz (1979). John Lydgate: A Study in the Culture of the XVth Century. Westport, Connecticutt: Greenwood Press. ISBN 978-0313212161. Վերցված է 2014 թ․ հունվարի 26-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրուայի պայմանագիր» հոդվածին։ |
|