Սպորտը ՀԽՍՀ-ում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սպորտը ՀԽՍՀ-ում, պատերազմից հետո ՀԽՍՀ-ում մեծ զարգացում է ապրում սպորտը, գրանցվում է մարզական արդյունքների բարելավում, սահմանվում են բազմաթիվ համաշխարհային ռեկորդներ։ Այդ ժամանակները օլիմպիական շարժման կատարելագործման ժամանակներ էին։

ՀԽՍՀ մարզիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այդ շրջանում համաշխարհային հռչակ են ձեռք բերում շախմատիստներ Տիգրան Պետրոսյանը, Ռաֆայել Վահանյանը, շախմատային կոմպոզիցիաների գիտակ Հենրիկ Գասպարյանը, մարմնամարզիկներ Հրանտ Շահինյանը և Ալբերտ Ազարյանը, աթլետուհի Ֆաինա Մելնիկը[1], հեռացատկող Ռոբերտ Էմիյանը, ֆուտբոլիստներ Արկադի Անդրեասյանը, Սարգիս Հովիվյանը, Էդուարդ Մարգարյանը, Հովհաննես Զանազարյանը, սամբիստ Գագիկ Ղազարյանը, թենիսիստ Բագրատ Բուռնազյանը, ծանրորդներ Ռաֆայել Չմշկյանը, Իվան Ազդարովը, Յուրի Վարդանյանը, Հոկսեն Միրզոյանը, Յուրի Սարգսյանը, բռնցքամարտիկներ Էդուարդ Արիստակեսյանը, Վլադիմիր Ենգիբարյանը, Իսրայել Հակոբկոխյանը, Սամսոն Խաչատրյանը, Նշան Մունչյանը, Լևոն Ջուլֆալակյանը, Բենուր Փաչյանը և ուրիշներ։ Հելսինկիի (1952), Մելբուրնի (1956), Հռոմի (1960), Տոկիոյի (1964), Մյունխենի (1972), Մոսկվայի (1980) համաշխարհային օլիմպիադաներում հայ մարզիկները մեծ հաջողությունների են հասնում։

1973 թվականին Երևանի «Արարատ» ֆուտբոլային թիմը, մարզիչ Նիկիտա Սիմոնյանի գլխավորությամբ, նվաճում է Խորհրդային Միության չեմպիոնի կոչումը՝ դառնալով ԽՍՀՄ գավաթակիր։

1985 թվականի տվյալների համաձայն՝ ՀԽՍՀ-ի տարածքում մարզիկները զբաղվում էին 50 մարզաձևերով, իսկ մարզական կազմակերպություններում և ֆիզկուլտուրային կոլեկտիվներում ընդհանուր առմամբ աշխատում էին 6518 մասնագետներ, որոնցից 4869-ն ունեին ֆիզկուլտուրային բարձրագույն, իսկ 995-ը՝ միջնակարգ կրթություն։

Մարզադպրոցների և մարզական կառույցների լայն ցանցի ստեղծմամբ և մարզչական-մանկավարժական կազմի բարձրագույն մասնագետներով էին պայմանավորված օլիմպիական խաղերում, ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադաներում և միջազգային մրցույթներում հայ մրազիկների հաջողությունները։ 1988 թվականի դրությամբ՝ հանրապետության տարածքում գործում էին 24 մարզադաշտ, 45 լողավազան, 1176 մարզադահլիճ, շուրջ 3000 մարզահրապարակ։ Այդ համալիրների թվում էին նաև Ծաղկաձորի օլիմպիական բազան, «Հրազդան» և «Դինամո» մարզադաշտերը, Ձորաղբյուրի հանրապետական մարզաբազան, Երևանի հեծանվահրապարակը, Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տունը և այլն։

Հայազգի մարզիկներն այլ երկրներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհի տարբեր երկրների հայկական գաղթօջախներում բնակվող հայազգի բազմաթիվ մարզիկներ շարունակում էին հաջողություններ ձեռք բերել ոչ միայն օլիմպիական խաղերում, աշխարհի չեմպիոնատներում և այլ կարևորագույն մրցաշարերում, այլև իրենց պետությունների առաջնություններում։ Տարբեր մարզաձևերում միջազգային մեծ ճանաչում են ձեռք բերում Անդրե Աղասին (ԱՄՆ), Լևոն Իշխանյանը (Եգիպտոս), Վարդան Ազատյանը (Լիբանան), Արմենակ Ալաջաջյանը (Ռուսաստան), Հայկ Վարդանյանը (Ֆրանսիա), Շահան Մինասյանը (Թուրքիա), Մարատ Կիզիրյանը (Բրազիլիա), Արտաշես Սահիմյանը (Իրան), Ժորժ Վարդանյանը (Գերմանիա), Նելսոն Դավթյանը (Ուկրաինա), Նորայր Նուրիկյանը (Բուլղարիա), Արմանդ Փափազյանը (Գերմանիա), Աշոտ Ավետիսյանը (Իրան), Արմեն Քաջայանը (Սիրիա), հեռացատկորդ Իգոր Տեր-Հովհաննիսյանը (Ռուսաստան) և այլք։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մ. Ս. Իսպիրյան (1984). Մարզանունների բացատրական բառարան. Երևան: «Հայաստան». էջ էջ 45.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]