Լևոն Ջուլֆալակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լևոն Ջուլֆալակյան
Levon Julfalakyan 2012 Armenia stamp.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ազգություն՝հայ
Մասնագիտացում՝ըմբիշ
Երկիր՝Flag of Armenia.svg Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 5, 1964(1964-04-05) (57 տարեկան)
Ծննդավայր՝Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մարզիչ(ներ)՝

Լևոն Արսենի Ջուլֆալակյան (ռուս.՝ Лево́н Арсе́нович Джулфалакя́н , ապրիլի 5, 1964(1964-04-05), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հունահռոմեական ոճի հայ ըմբիշ, Եվրոպայի, աշխարհի (1986) և օլիմպիական (1988) չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1986)։ Սուրեն Նալբանդյանից հետո երկրորդ էթնիկ հայն է, որ դարձել է Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի չեմպիոն[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1964 թվականի ապրիլի 5-ին Գյումրիում (նախկինում՝ Լենինական)։ Քանի որ երկու ծնողներն էլ մարմնամարզիկներ էին, վաղ տարիքից Լևոնը հաճախել է սպորտային մարմնամարզության, այնուհետև սկսել է զբաղվել հունահռոմեական ըմբշամարտով Գյումրու մանկապատանեկան սպորտային դպրոցում։ Իր ողջ մարզական կարիերայի ընթացքում մարզվել է Արամ Սարգսյանի ղեկավարությամբ։

1983 թվականին հաղթել է ԽՍՀՄ-ի պատանեկան առաջնությունում, իսկ 1984 և 1985 թվականներին՝ դարձել ԽՍՀՄ-ի մեծահասակների մրցաշարի մրցանակակիր։ 1985 թվականին ընդգրկվել է ԽՍՀՄ-ի հավաքականի կազմի մեջ՝ դառնալով Աշխարհի առաջնության գավաթակիր, իսկ 1986 թվականին նվաճել է Եվրոպայի և աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

1985 թվականին ավարտել է Լենինականի Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը[1]։

1999 թվականից Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչն է և հայ օլիմպիականների միության նախագահը։ 2002 թվականից Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահն է։ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործադիր անդամ է։

Ապրում է Երևանում։ Լևոն Ջուլֆալակյանի որդիները նույնպես լրջորեն զբաղվում են հունահռոմեական ըմբշամարտով։ Ավագ որդին՝ Արսեն Ջուլֆալակյանը (ծնվել է 1987 թվականին), Եվրոպայի (2009) և աշխարհի (2014) չեմպիոն է, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (2012)[2]։

Հիմնական մրցումներ և զբաղեցրած հորիզոնականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականին Սեուլի Ամառային Օլիմպիական խաղերում պայքարել է մինչև 68 կիլոգրամ քաշային կարգում։

Մրցել է հետևյալ մարտերում․

  • առաջին շրջանում 3-րդ րոպեին ակնհայտ առավելությամբ՝ 15-0 հաշվով, հաղթել է Դուգ Յեթսին (Կանադա),
  • երկրորդ շրջանում առաջին րոպեին ակնհայտ առավելությամբ՝ 16-0 հաշվով, հաղթել է Քիպտու Սալբեին (Քենիա),
  • երրորդ շրջանում 9-2 հաշվով հաղթել է Էնդի Սերասին (ԱՄՆ),
  • չորրորդ շրջանում 8-4 հաշվով ըստ միավորների հաղթել է Պետրիչ Կարարեին (Ռումինիա),
  • հինգերորդ շրջանում առաջին րոպեին թիակաշոշափ է արել Եժի Կոպանսկուն (Լեհաստան) և դուրս եկել եզրափակիչ։

Եզրափակչում պայքարել է Կիմ Սոնգ Մունգի հետ (Հարավային Կորեա), 9-3 հաշվով ըստ միավորների հաղթել նրան՝ դառնալով օլիմպիական չեմպիոն։

Տարի Մրցաշար Զբաղեցրած հորիզոնական
1983 ԽՍՀՄ պատանիների առաջնություն 1
1984 ԽՍՀՄ երիտասարդների առաջնություն 1
1984 Եվրոպայի երիտասարդների առաջնություն 1
1985 Աշխարհի գավաթ 1
1986 Եվրոպայի առաջնություն 1
1986 Աշխարհի առաջնություն 1
1987 Գրան-պրի 2
1987 Գրան-պրի UWW 5
1988 Օլիմպիական խաղեր 1
1989 Աշխարհի առաջնություն 3

Հայաստանում անցկացվում է Լևոն Ջուլֆալակյանի մրցանակների ավանդական մրցաշար[3]։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]