Սալման Խան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սալման Խան
Ծնվել էդեկտեմբերի 27, 1965(1965-12-27)[1] (58 տարեկան)
ԾննդավայրԻնդաուր, Մադհյա Պրադեշ, Հնդկաստան
ԿրթությունSt. Stanislaus School?, Սկինդիա դպրոց և Elphinstone College?
Քաղաքացիություն Հնդկաստան[2] և  Միացյալ Թագավորություն[3]
Ազգությունփուշտու
Կրոնիսլամ
Մասնագիտությունկինոդերասան, կինոպրոդյուսեր, հեռուստահաղորդավար և երգիչ
ԸնտրանիMaine Pyar Kiya?, Hum Aapke Hain Koun..!?, Bodyguard?, Dabangg?, Dabangg 2? և Ek Tha Tiger?
Ծնողներհայր՝ Սալիմ Խան[4], մայր՝ Sushila Charak Singh Khan?
Պարգևներ և մրցանակներ
salmankhan.com

Սալման Խան (հինդի` सलमान ख़ान, ամբողջ անունը` Աբդուլ Ռաշիդ Սալիմ Սալման Խան, դեկտեմբերի 27, 1965(1965-12-27)[1], Ինդաուր, Մադհյա Պրադեշ, Հնդկաստան), հնդիկ դերասան և հեռուստահաղորդավար։ Համարվում է Բոլիվուդի ամենահանրաճանաչ կինոաստղերից մեկը։ Արժանացել է Filmfare Awards մրցանակի՝ լավագույն դեբյուտի և տղամարդու լավագույն երկրորդ պլանի դերի համար, ինչպես նաև բազմաթիվ այլ մրցանակների։ Հնդկական կինեմատոգրաֆի զարգացման համար կատարված հսկայական ներդրումների համար 2007 թվականին Սալման Խանը արժանացել է Ռաջիվ Գանդիի անվան պարգևին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալման Խանը ծնվել է գրող և սցենարիստ Սալիմ Խանի և նկարչուհի Սալմա Խանի ընտանիքում։ Սալման Խանն ունի երկու եղբայր՝ դերասան և ռեժիսոր Արբազ Խանը և դերասան և պրոդյուսեր Սոհեյլ Խանը, բացի այդ ունի նաև երկու քույր՝ Ալվիրան և որդեգրված Արփիտան։ Հետագայում Սալման Խանի հայրը ընտանիք բերեց նաև երկրորդ կնոջը՝ հայտնի դերասանուհի և պարուհի Հելենին։ Հելենն ինքը երեխաներ չուներ, սակայն Սալիմ Խանի երեխաները նրան ընդունում էին որպես իրենց երկրորդ մայր։

Սալման Խանի հայրը մուսուլման էր, մայրը՝ իսլամ ընդունած հինդուս, իսկ Հելենը կաթոլիկ էր։ Այդ իսկ պատճառով նրանց ընտանիքում պահպանվում էին այդ երեք կրոնների` իսլամի, հինդուիզմի և քրիստոնեության ավանդույթներն ու սովորույթները։ Որոշ ժամանակ անց նրանց ընտանիքը տեղափոխվել է Բոմբեյ։

Սալման Խանն իր դերասանական կարիերան սկսել է` հանդես գալով 1988 թվականին նկարահանված «Այդպիսին պետք է լինի կինը» («Կինը») կինոնկարում։ Չնայած նրա խաղընկերուհին Ռեքհան էր, այդուհանդերձ ֆիլմը հաջողություն չի ունեցել։ Սալման Խանին հաջողությունը ժպտաց 1989 թվականին նկարահանված «Ես սիրեցի» ֆիլմում կատարած դերի համար։ Նա ներկայացվել է մրցանակի՝ տղամարդու լավագույն դերի համար և շահել է մրցանակը լավագույն դեբյուտի համար։ 1991 թվականին Սալման Խանը նկարահանվել է «Իմ սիրելին» ֆիլմում և համալրել է հանրաճանաչ կինոաստղերի շարքերը։ 1994 թվականին էկրաններին հայտնվեց 1990-ական թվականների ամենահաջողված «Ով եմ ես քեզ համար» կինոնկարը, որտեղ Սալման Խանի խաղընկերուհին Մադհուրի Դիքսիտն էր։ Ֆիլմը Բոլիվուդի պատմության մեջ ամենաշահութաբեր կինոնկարն էր, այդ առումով զիջելով միայն «Վրեժ և օրենք» (1975 թ.) ֆիլմին։

1995 թվականին նկարահանվելով «Կարանը և Արջունը» կինոնկարում, Սալման Խանը կրկին ներկայացվեց մրցանակի, դառնալով մարտաֆիլմերի հանրաճանաչ հերոս։ «Կյանքում ամեն ինչ պատահում է» (1998 թ.) կինոնկարում հանդես գալով երկրորդական դերով, Սալման Խանը արժանացավ Filmfare Award մրցանակի։ 1999 թվականին նա նկարահանվել է «Համար մեկ կինը», «Մեզ չեն բաժանի» և «Հավետ քոնը» կինոնկարներում ` դառնալով տարվա ամենահայտնի դերասանը։ 1990-ական թվականներին նա նկարահանվել է նաև «Սեր առանց հիշողության» (1992 թ.), «Երաժշտության աշխարհը» (1996 թ.) և «Անփույթ երկվորյակները» (1997 թ.) կինոնկարներում։ Հնդկա-պակիստանյան կոնֆլիկտի մասին պատմող «Տասը» (1997 թ.) կինոնկարի նկարահանումները, որտեղ Սալման Խանի հետ հանդես էր գալիս Սանջայ Դատը, դադարեցվեցին՝ ռեժիսորի հանկարծակի մահվան պատճառով։

2001 թվականին նկարահանված «Ուրիշի երեխան» կինոնկարը նույնպես հաջողություն կունենար, եթե չլիներ ֆիլմի ֆինանսավորման շուրջ ծագած աղմուկը։ Դրա մեջ կասկածվում էր մաֆիայի պարագլուխ Բհարատ Շահը։ Ֆիլմի ցուցադրությունը Հնդկաստանում անցավ մեծ դժվարություններով։ Շատ կինոթատրոններ հրաժարվում էին ցուցադրել ֆիլմը, իսկ այն կինոթատրոններում, որտեղ այն ցուցադրվում էր, հսկվում էին ոստիկանության կողմից։ Ֆիլմի նկարահանող խմբին, այդ թվում Սալման Խանին, բազմիցս այդ գործով կանչել են հարցաքննության։ Այնուամենայնիվ Սալման Խանը արժանացավ մրցանակի՝ որպես լավագույն գլխավոր դերակատար։

2003 թվականին նկարահանված «Ամբողջը տալիս եմ քեզ» ֆիլմում Սալման Խանը կատարել է իր լավագույն դերերից մեկը, իսկ 2004 թվականին նկարահանված «Ամեն ինչ չէ, որ կորսված է» կինոնկարում Սալման Խանը կատարել էր ՁԻԱՀ-ով տառապող հիվանդի դեր։ Ֆիլմը շոշափում էր հասարակության վերաբերմունքի թեման՝ ՁԻԱՀ-ով և ՄԻԱՎ-վարակակիրով հիվանդ մարդկանց նկատմամբ։ Նույն թվականին Սալման Խանը նկարահանվել է «Ամուսնացիր ինձ հետ» կատակերգությունում, որը հանդիսատեսի կողմից ընդունվեց ջերմությամբ։ 2005 թվականին Սալման Խանը հանդես է եկել բազմաբնույթ դերակատարումներով, նկարահանվելով «Որովհետև...», «Ինչպես ես սիրեցի» և Ռուսաստանում նկարահանված «Լակի. Սիրո ժամանակը չէ» ֆիլմերում։ Նրա հետագա ֆիլմերից են «Իմ սիրելին» (2006 թ.), հոլիվուդյան «Մարիգոլդ. Ճանապարհորդություն դեպի Հնդկաստան» (2007 թ.), «Բարև, սեր» (2007 թ.), «Անվախը» (2010 թ.) և այլ կինոնկարներ։

1998 թվականին՝ «Մեզ չեն բաժանի» ֆիլմի նկարահանումների ժամանակ Սալման Խանը և ևս չորս դերասաններ ձերբակալվել էին արգելանոցում որսագողությամբ զբաղվելու համար։ Այդ գործով դատավարությունը ձգվեց շուրջ 14 տարի։ 2007 թվականին իսլամական կազմակերպություններից մեկը ընդդեմ Սալման Խանի ֆաթվա էր հայտարարել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մուսուլման լինելով հանդերձ, նա մասնակցել էր հինդուիստական կրոնական տոնակատարության։ 2008 թվականին նրա դեմ ֆաթվա էր հայտարարվել նաև այն բանի համար, որ Սալման Խանի մոմե արձանը դրվել էր Լոնդոնում գտնվող Մադամ Տյուսոյի թանգարանում։ 2015 թվականին Սալման Խանը դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման՝ ալկոհոլ օգտագործած վիճակում փողոցում գիշերող անօթևան մի քաղաքացու վրաերթի ենթարկելու համար, որից հետո դիմել էր փախուստի։ Այդ հանցագործությունը կատարվել էր 2002 թվականին։ Անձամբ Սալման Խանը պնդում էր, որ այդ օրը ինքը ավտոմեքենա չի վարել։ Դատավճիռը հասարակության շրջանում մեծ աղմուկ էր առաջացրել։ Մինչ դատավճռի դեմ բողոքարկումը, դերասանը գտնվում է ազատության մեջ։

Սալման Խանը զբաղվում է նաև բարեգործությամբ։ Երկար տարիներ է, ինչ նա միջոցներ է հատկացնում քաղցկեղով և հոգեկան հիվանդություններով տառապող երեխաների համար։ 2006 թվականին հատուկ դրա համար նա հիմնել է Սալման Խանի հիմնադրամը։ Միջոցները գոյանում են նաև նրա նկարների վաճառքից։ Իր հոբբին` գեղանկարչությունը, նա օգտագործում է կարիքավորներին օգնելու նպատակով։ Սալման Խանը նկարահանվում է նաև գովազդային հոլովակներում և հանդիսանում է որոշ հայտնի ֆիրմաների դեմքը։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալման Խանը երբեք չի ամուսնացել, սակայն նրա կյանքը մշտապես հետաքրքրել է երկրպագուներին և ԶԼՄ-ներին։ 1999 թվականից նա հանդիպում էր դերասանուհի և մոդել Այշվարիա Ռայի հետ, սակայն մի քանի տարի անց` 2001 թվականին նրանք բաժանվեցին, որից հետո նա մինչև 2010 թվականը հանդիպում էր դերասանուհի Կատրինա Կաիֆի հետ։ Սալման Խանը սիրավեպ է ունեցել նաև դերասանուհիներ Սանգիտա Բիջլանիի և Սոմի Ալիի հետ։ Սալման Խանը զբաղվում է բոդիբիլդինգով (կուլտուրիզմ)։

Մասնակի ֆիլմագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1988 Կինը Biwi Ho To Aisi Վիկի Բհանդարի
1989 Ես սիրեցի Maine Pyar Kiya Պրեմ Չոուդհարի
1990 Հեղափոխականը Baaghi: A Rebel for Love Սաջան Սուդ
1991 Խաբված սիրեցյալը Sanam Bewafa Սալման Խան
1991 Քարե ծաղիկներ Patthar Ke Phool Սուրաջ Վերմա
1991 Սիրելին Kurbaan Ակաշ Սինգհ
1991 Իմ սիրելին Saajan Ակաշ Վերմա
1991 Սիրային պատմություն Love Պրիտհվի
1992 Սուրյավանշի Suryavanshi Սուրյավանշի Վիկրամ Սինգհ
1992 Սեր առանց հիշողության Ek Ladka Ek Ladki Ռաջա
1992 Որոշում Nishchaiy Վասուդև Գուջրալ, Ռոհան Յադավ
1992 Ճանապարհ դեպի նոր կյանք Jaagruti Ջուգնու
1993 Սիրահարված սիրտը Dil Tera Aashiq Վիջայ
1993 Չանդրա Մուքհի Chandra Mukhi Ռաջա Ռայ
1994 Ով եմ ես քեզ համար Hum Aapke Hain Koun...! Պրեմ
1994 Լուսներեսը Chaand Kaa Tukdaa Շյամ Մալհոտրա
1994 Ուզում եմ ամուսնանալ միլիոնատերի դստեր հետ Andaz Apna Apna Պրեմ
1994 Սիրեցյալը` քարե սրտով Sangdil Sanam Կիշան
1995 Կարանը և Արջունը Karan Arjun Կարան Սինգհ
1995 Հերոսական ավարտ Veergati Աջայ
1996 Ճակատագրի հորձանուտը Yeh Majhdhaar Գոպալ
1996 Երաժշտության աշխարհը Khamoshi: The Musical Ռաջ
1996 Հանցագործի սերը Jeet Ռաջնաթհ Սահայ
1996 Սեր և ատելություն (Սիրո թշնամին) Dushman Duniya Ka -
1997 Անհոգ երկվորյակները Judwaa Ռաջա, Պրեմ Մալհոտրա
1997 Զենք Auzaar Սուրաջ Պրակաշ
1997 Տաս Dus կապիտան Ջիտ Շարմա
1998 Պետք չէ վախենալ սիրուց Pyaar Kiya To Darna Kya Սուրաջ Կհաննա
1998 Երբ սիրահարվում ես Jab Pyaar Kisise Hota Hai Սուրաջ Դհանռաջգիր
1998 Իրական արժեքներ Bandhan Ռաջու
1998 Կյանքում ամեն ինչ պատահում է Kuch Kuch Hota Hai Աման Մեհրա
1999 Անպատասխան սեր Jaanam Samjha Karo Ռահուլ
1999 Համար մեկ կինը Biwi No. 1 Պրեմ Մեհրա
1999 Միայն դու Sirf Tum Պրեմ
1999 Հավետ քոնը Hum Dil De Chuke Sanam Սամիր Ռաֆիլինի
1999 Ողջույն անտեսանելի եղբորից Hello Brother Հերո
1999 Մեզ չեն բաժանի Hum Saath-Saath Hain: We Stand United Պրեմ
2000 Պսակադրվել սիրելիի հետ Dulhan Hum Le Jayenge Ռաջա Օբերոյ
2000 Մրցակից եղբայրներ Chal Mere Bhai Պրեմ Օբերոյ
2000 Յուրաքանչյուր սիրող սիրտ Har Dil Jo Pyar Karega Ռաջ
2000 Մի քանի խոսք սիրո մասին Dhaai Akshar Prem Ke Տրուկ Դրիվեր
2000 Հանկարծ չսիրահարվել Kahin Pyaar Na Ho Jaaye Պրեմ Կապուր
2001 Ուրիշի երեխան Chori Chori Chupke Chupke Ռաջ Մալհոտրա
2002 Վերադարձ դեպի անցյալ Tumko Na Bhool Paayenge Վիր Սինգհ Թհակուր, Ալի
2002 Միակը Hum Tumhare Hain Sanam Սուրաջ
2002 Ուղևորություն դեպի Լոնդոն Yeh Hai Jalwa Ռաջ Սաքսենա, Ռաջ Միտալ
2003 Ամբողջը տալիս եմ քեզ Tere Naam Ռադհե Մոհան
2003 Սեր և դավաճանություն Baghban Ալոկ Ռաջ
2004 Պատիվ Garv: Pride and Honour Արջուն Ռանավատ
2004 Ամուսնացիր ինձ հետ Mujhse Shaadi Karogi Սամիր Մալհոտրա
2004 Ամեն ինչ չէ, որ կորսված է Phir Milenge Ռոհիտ Մանչանդա
2004 Սիրտը, որը չէր դադարում զարկել Dil Ne Jise Apna Kaha Ռիշաբհ
2005 Լակի. Սիրո ժամանակը չէ Lucky: No Time for Love Ադիտյա Սեքհրի
2005 Ինչպես ես սիրեցի Maine Pyaar Kyun Kiya դոկ. Սամիր Մալհոտրա
2005 Տհաճությունների հորձանուտում No Entry Պրեմ
2005 Սիրո տխուր պատմություն Kyon Ki Անանդ
2006 Կանխագուշակություն Saawan... The Love Season -
2006 Իմ սիրելին Jaan-E-Mann: Let's Fall in Love... Again Սուհան Կապուր
2006 Հայրիկ Baabul Ավինաշ Կապուր
2006 Հարսանիքից հետո Shaadi Karke Phas Gaya Yaar Այան
2007 Բարև, սեր Salaam-E-Ishq Ռահուլ
2007 Մարիգոլդ. Ճանապարհորդություն դեպի Հնդկաստան Marigold Պրեմ Ռաջպուտ
2007 Գործընկերը Partner Պրեմ
2007 Սիրեցյալը Saawariya Իմաան
2008 Օ, Աստված, դու մեծ ես God Tussi Great Ho Արուն Պրաջապատի
2008 Ալո, կոլ-կենտրոնը լսում է Hello Խան
2008 Հերոսները Heroes Բալկար Սինգհ, Ջասվինդեր Սինգհ
2008 Ժառանգորդները Yuvvraaj Դևեն Յուվռաջ Սինգհ
2009 Հատկապես վտանգավոր է Wanted Ռադհե
2009 Միսթր և միսիս Կհաննա Main Aurr Mrs Khanna Սամիր Կհաննա
2009 Լոնդոնյան երազանքներ London Dreams Մանջիտ Կհոսլա
2009 Տարօրինակ սիրո զարմանալի պատմությունը Ajab Prem Ki Ghazab Kahani Սալման Խան
2010 Վիր` ժողովրդի հերոսը Veer Վիր Պրատապ Սինգհ, Մահենդրա Պրատապ Սինգհ
2010 Սերը որպես խաղ Prem Kaa Game պատմող
2010 Անվախը Dabangg Չուլբուլ Պանդեյ
2011 Միշտ պատրաստ Ready Պրեմ Կապուր
2011 Թիկնապահը Bodyguard Լովելի Սինգհ
2012 Կար-չկար մի վագր Ek Tha Tiger -
2012 Սարդարի որդին Son of Sardaar Պաթհան
2012 Անվախը 2 Dabangg 2 Չուլբուլ Պանդեյ
2014 Կեցցե հաղթանակը Jai Ho մայոր Ջայ Ագնիհոտրի
2014 Ցնցողը Lai Bhaari Բհաու
2014 Հարված Kick Դևի Լալ Սինգհ, Դևիլ
2015 Եղբայր Բաջրանգի Bajrangi Bhaijaan Պավան Կումար Չատուրվեդի, Բաջրանգի
2015 Սեր անունով գանձը Prem Ratan Dhan Payo Պրեմ Դիլվալե, Յուվռաջ Վիջայ Սինգհ
2016 Սուլթանը Sultan Սուլթան Ալի Խան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալման Խան» հոդվածին։