Մարիանո Ֆորտունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիանո Ֆորտունի
իսպ.՝ Mariano Fortuny
Դիմանկար
Ծնվել էմայիսի 11, 1871(1871-05-11)[1][2][3]
ԾննդավայրԳրանադա, Անդալուզիա, Իսպանիա
Մահացել էմայիսի 3, 1949(1949-05-03)[1] (77 տարեկան)
Մահվան վայրՎենետիկ, Իտալիա
ԳերեզմանԿամպո Վերանո[4]
Քաղաքացիություն Իսպանիա[5]
ԵրկերQ17491940? և Delphos gown?
Մասնագիտություննկարիչ, ճարտարագետ, քանդակագործ, լուսանկարիչ, գյուտարար, dressmaker, բեմանկարիչ և դիզայներ
ԱմուսինHenriette Negrin?
Ծնողներհայր՝ Մարիանո Ֆորտունի, մայր՝ Cecilia de Madrazo?
ԱնդամությունՍան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա
Կայքfortuny.com
fortuny.fr
 Mariano Fortuny y Madrazo Վիքիպահեստում

Մարիանո Ֆորտունի (իսպ.՝ Mariano Fortuny y Madrazo, մայիսի 11, 1871(1871-05-11)[1][2][3], Գրանադա, Անդալուզիա, Իսպանիա - մայիսի 3, 1949(1949-05-03)[1], Վենետիկ, Իտալիա), իսպանացի, իտալացի դիզայներ, հագուստի սեփական նորաձևության տան հիմնադիր (1906-1946), 20-րդ դարի առանցքային դիզայներներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիանո Ֆորտունին նկարիչ օրիենտալիստ Մարիա Ֆորտունի ե Մարսալայի (1838-1874) որդին է։ Հորը կորցրել է երեք տարեկան հասակում, մանկությունն անցկացրել է մոր հետ Փարիզում և Վենետիկում, շատ է ճանապարհորդել Եվրոպայում։ Եղել է խոստումնալից նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, լուսանկարիչ, սակայն գերադասել է դիզայներ դառնալ։ 1897 թվականին ամուսնացել է Անրիետե Նեգրինի հետ։

Հայտնի է որպես մոդելյոր, դիզայներ, թատերական նկարիչ և գյուտարար։ Զբաղվել է մետաքսի պատրաստմամբ. այն արտադրել է 1919 թվականին հատուկ այդ նպատակով բացված ֆաբրիկայում, որ գտնվել է Վենետիկի Ջուդեկա կղզում։ Ստեղծել է սեփական արտադրության մետաքսից լուսամփոփներ։ Այդ օբյեկտները մինչ օրս համարվում են Ֆորտունիի այցեքարտը` շնորհիվ դրանց ճանաչելի օպալի գույնի, նախշերի, ապակյա ուլունքների։ Օրիգինալ լամպերի արտադրությունը դադարեցվել է 1920-ական թվականների վերջին։ Մինչև 1920 թվականի սկիզբը վենետիկյան ոչ մի ընկերություն չէր համարձակվում պատրաստել «Ֆորտունի» լամպեր` պայմանավորված դրանց տեխնիկական բարդությամբ և արտոնագրերի հետ կապված դժվարություններով։

Մահացել է 1949 թվականին Վենետիկում, թաղված է Հռոմում` Կամպո Վերանո գերեզմանատանը։ Մարիանո Ֆորտունիի կյանքը նկարարգրված է Պերե Ժիմֆերերի «Ֆորտունի» վեպում։

Ֆորտունի։ Նորաձևության նոր հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոակին Սորոլյա, Ելենա Սորոլյա Գարսիան Մարիանո Ֆորտունիի պատրաստած տունիկայով, 1909

Ֆորտունիին կարել է անվանել 20-րդ դարի կարևոր մոդելյորներից մեկը։ Նրա ռազմավարության շնորհիվ` ձևավորվել ու տարածում են գտել 20-րդ դարի հագուստի հիմնական սկզբունքները։ Չնայած իր աշխատանքների զգայուն բնույթին` Ֆորտունին հագուստը դիտարկել է կոնցեպտուալ ձև[6]։ Նրա առաջարկած զգեստներից շատերը չէին ենթադրում սեղմիրանի օգտագործում, ինչը որակապես փոխել է հագուստի կառուցվածքը` նպաստելով, որ այն հագնեն մերկ մարմնին, ինչն էլ իր հերթին ազդել է մարմնի նոր կառուցվածքի ձևավորմանը[7]։ Մարիանո Ֆորտունիի աշխատանքները նշանավորում էին մարմնի դեֆորմացիայի սկզբունքին հենված հագուստի անհետացումը, մասնավորապես Ֆորտունիի հագուստները վերջ են դրել մարմնի` մոդեռնի դարաշրջանի S-աձև ուրվապատկերին։ Ֆորտունին ստեղծել է նորաձևության ինքնատիպ տեսակ, որը կայուն է փոփոխությունների նկատմամբ. մեծ առումով նա պաշտում էր ոճն ու կենսակերպը, ոչ կայուն միտումների հաճախակի փոփոխությունը։

Ֆորտունի և Հին Հունաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորաձևությունը դիտարկելով որպես ինտելեկտուալ և գեղարվեստական երևույթ` Մարիանո Ֆորտունին պրոտագոնիստ էր` հագուստում և դեկորում հունական թեմա օգտագործելու մեջ։ Նրա հավաքածուներում հունական թեմային անդրադարձը դրսևորվում էր տունիկայի կիրառմամբ (նուրբ դարսերով մետքասից ուղիղ զգեստ)։ Նրա ուղղվածությունը Հին Հունաստանն էր, որը ևս մեկ անգամ բացահայտվել Հենրիխ Շլիմանի և Արթուր Էվանսի հետազոտություններով։ Հին հունական քաղաքակրթության մասին պատկերացումները, որոնք տարածում էին գտել 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին, դարձել են Ֆորտունիի հագուստների հիմնական մոտիվը։ Հին Հունաստանի մասին նրա պատկերացումները կապված էին կրետե-միկենյան մշակույթին` հակակշռություն կազմելով անտիկ դասականության հետ, որն արդեն բազմաթիվ հարյուրամյակներ համարվում էր գեղարվեստական գլխավոր ուղենիշ և ստանդարտ[6]։ Հունական մոտիվներ կիրառելու ձգտումը և դրանք իր դարաշրջանի ճաշակներին համապատասխանեցնելը վճռորոշ դեր են ունեցել Ֆորտունիի` արվեստը որպես նորաձևություն բնորոշելու փորձերում։

Տունիկա և Դելֆոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Եսենինը, Այսեդորա Դունկանը և նրա հոգեդուստր Իրման` դելֆոս զգեստներով

Ֆորտունիի հավաքածուի գլխավոր տարրը դարձել է ուղիղ դարսավոր տունիկան։ Դարսավոր գունավոր մետաքսից տարբեր տունիկաները, որոնք լրացվում էին Մուրանոյի ապակուց հուլունքներով, եղել են Ֆորտունիի հավաքածուի հիմքը և դարձել նրա ատելիեի հագուստի ամենաճանաչելի տեսակը[8]։ Ֆորտունին եղել է մի քանի արտոնագրերի հեղինակ, որոնք առաջարկում էին մետաքսի դարսավորման արդյունավետ եղանակներ։ Նրա մշակած դարսավորման եղանակը իր անունով կոչվել է «Ֆորտունիի դարսավորում»։ Այս տեխնոլոգիան սկզբունքային կարևորություն ունի. մետաքսը դժվար է ենթարկվում դարսավորման և տեխնիկական նոր հնարավորությունների բացահայտումը թույլ են տվել Ֆորտունիին հագուստի նոր ձևեր ու տեսակներ ստեղծել։

Տունիկա-զգեստները չէին ենթադրում սեղմիրանի կիրառում. դրանք պատրաստում էին թևքերով կամ առանց դրանց, հագնում էին գոտիով կամ առանց գոտու։ Դարսավոր տունիկա-զգեստը ստացել է Դելֆոս անունը. ինչպես ենթադրում են, անունը կարող էր կապված լինել դելֆյան կառավարի դասական կերպարի հետ։ Դելֆոսը համարվում է նորաձև հագուստի ամենակայուն տեսակներից մեկը, որոնք փաստացի անփոփոխ կերպով թողարկվել են 1900-1949 թվականներին։ Հունական քիտոնը, որի ձևը կիրառել է Ֆորտունին, համարվել է ներքնազգեստ։ Այս առումով դելֆոսի ի հայտ գալը պրովոկացիոն էր. երկար ժամանակ այն դիտարկվում էր որպես հագուստ` տնային ընդունելությունների համար[9]։

Ֆորտունի տան հաճախորդներն են եղել Սառա Բեռնարը, Այսեդորա Դունկանը, Ալլա Նազիմովան, Նատաշա Ռամբովան, Լիլիան Գիշը, Մարկիզա Կասատին։

Վերածննդի պատմություն և դեկորատիվ կտորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի մետաքսի դարսավորումից` Ֆորտունիի վարպետանոցների գործունեության կարևոր ուղղություններից էր դաջանախշ թավշի ստեղծումը։ Օգտագործելով 15-16-րդ դարերի վերածննդի շրջանի նյութերը` Ֆորտունի տունը թողարկել է դաջանախշ կտորներ և ստեղծել գոբելենի, թավշի, դիպակի հավաքածուներ` 15-16-րդ դարերի վենետիկյան տեխնիկայով։

Աշխատելով դեկորատիվ կտորների հետ` Ֆորտունին շարունակել է անգլիական «Արվետների ու արհեստների շարժման» ավանդույթները, որը հատուկ նշանակություն էր հատկացնում վաղ վերածննդի դեկորատիվ համակարգին։ Ֆորտունին իտալական վերածնունդը դարձրել է առօրյա կենցաղի մի մաս։ Դաջանախշ թավշի իր նկարներում Ֆորտունին կիրառել է նաև հյուսիսաֆրիկյան և արևելյան մոտիվներ։ Պատմելով Մարիանո Ֆորտունիի աշխատանքների մասին` Մարսել Պրուստը դրանք համեմատում է Վենետիկի Սուրբ Մարկոսի տաճարի հարդարանքի ու խճանկարների հետ` ուշադրություն դարձնելով դրանց օրիենտալիստական ուղղվածության վրա։

Մարիանո Ֆորտունի և Մարսել Պրուստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր «Կորուսյալ ժամանակի որոնումներում» վեպում Մարսել Պրուստը բազմիցս հիշատակել է Մարիանո Ֆորտունիի մետաքսե տունիկաները` որպես նուրբ ճաշակի դրսևորում։ Պրուստը դրանք համարում է զգեստներ, որոնք կարված են վենետիկյան հին նկարների համաձայն` ուշադրություն դարձնելով այս զգեստների պատմական բնույթին։ Ֆորտունիի աշխատանքներում օգտագործված են իտալական վերածննդի տարրեր, որոնք իրենց ուղիղ ու անուղղակի դրսևորումներն ունեն իտալական վերածննդի գեղանկարչության մեջ։ Պրուստը նաև ուշադրություն է հրավիրում Ֆորտունիի ամեն մի նկարի ինքնատիպությանը, դրանց կառուցվածքին, որոնք, սակայն, միավորված են իմաստային նրբությամբ ու միօրինակ շքեղությամբ։ Պրուստը խոսում է այս աշխատանքների նշանակության մասին` դրանցից յուրաքանչյուրը համարելով երկար մտորումների արդյունք, ինչպես նաև ուշադրություն է հրավիրում դրանց բեմական կերպարանքին և կյանքից կտրված լինելու բնույթին։

Պրուստը Ֆորտունիի համակարգը համեմատում է Բալզակի հերոսուհիների հագուստների ճշգրտության հետ` ակնհայտ նմանություն տեսնելով նրանց ռազմավարության մեջ։

Ներկայիս հարդարանքը զրկված է արտահայտչականությունից` բացառությամբ Ֆորտունիի աշխատանքների։ Վիպագրի նկարագրություններում չպետք է լինի ոչ մի անորոշություն, քանի որ հագուստն իրոք գոյություն ունի, և ամենափոքր նախշերն անգամ բնական են պատկերված նրա վրա, ինչպես արվեստի գործերում զարդանախշերը։ Հագնելով այս կամ այն զգեստը` կինը պետք է ընտրություն կատարի միատեսակ հագուստներից, սակայն խորապես անհատական զգեստների մեջ նրանցից ամեն մեկը կարելի կլինի մատնանշել։
- Մարսել Պրուստ, «Գերուհին»[10]

Ֆորտունի և թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆորտունին աշխատել է նաև թատերական բնագավառում։ Թատրոնի նկատմամբ նրա հետաքրքրությունը ծնվել է երաժտությամբ տարվելու ու Ռիխարդ Վագների օպերաների բեմադրության արդյունքում[11]։ 1892 թվականին Ֆորտունին Փարիզում լսել է Վագների օպերաները, իսկ Գերմանիա ճանապարհորդելու ընթացքում այցելել Բայրոյթի թատրոն, որը հատուկ կառուցել էր Վագներն իր ստեղծագործությունների բեմադրման համար։ Բայրոյթի թատրոնի բեմը Ֆորտունիին ոգեշնչել է զբաղվել թատերական ինժեներիայով և արվեստի սինթետիկ ստեղծագործություն ստեղծել։ Ֆորտունիի համար իդեալական թատրոնը մի օրգանիզմ է, որտեղ տեխնիկական սկզբունքներն ու դեկորատիվ տարրերը միավորված են մեկ ընդհանուր համակարգում։

Նա հայտնաբերել է թատերական դեկորացիաների փոփոխման համակարգ, որը հայտնի է «Ֆորտունիի տեսարանային գմբեթ» անունով։ Նա եղել է դեկորատիվ ու թատերական լուսավորման արտոնագրերի հեղինակ։ Թատրոնի լուսավորման առաջին արտոնագրերից մեկը 1901 թվականին ձեռք է բերել Ֆորտունին[12]։ 1922 թվականին բեմի լուսավորման նրա եղանակը կիրառվել է Միլանի Լա Սկալա օպերայում Վագների «Պարսիֆալ» օպերայի բեմադրման ժամանակ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Diccionario biográfico español (իսպ.)Real Academia de la Historia, 2011.
  3. 3,0 3,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  4. Find A Grave — 1996.
  5. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  6. 6,0 6,1 Васильева Е. Идеальный мир. О выставке Мариано Фортуни в Государственном Эрмитаже / Теория моды: тело, одежда, культура, № 43, весна 2017, с. 283-287
  7. Стил В. Корсет / Пер. с английского М.Маликовой. — М.: Новое литературное обозрение, 2010. — 272 с. ISBN 978-5-86793-775-5.
  8. Osma G. De. Mariano Fortuny; his Life and Work. New York: Rizzoli, 1980. ISBN 0847803279
  9. Нейман Б. Наследие Мариано Фортуни-и-Мадрасо на выставке в Нью-Йорке Արխիվացված 2017-01-04 Wayback Machine / Теория моды. Одежда. Тело. Культура № 29 (осень 2013). с. 225—229.
  10. Пруст М. Пленница. / Пер. с фр. А. Франковского. — СПб.: ИНАПРЕСС, 1998. ISBN 5-87135-047-X
  11. Bolpagni P. Fortuny e Wagner. Il wagnerismo nelle arti visive in Italia / Catalogo della mostra, Venezia-Milano, Fondazione Musei Civici di Venezia — Skira, 2012. ISBN 978-88-572-1468-9.
  12. Fortuny M. Apparatus for the production of stage effects, US patent 791336

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Васильева Е. Идеальный мир. О выставке Мариано Фортуни в Государственном Эрмитаже / Теория моды: тело, одежда, культура, № 43, весна 2017, с. 283-287
  • Нейман Б. Наследие Мариано Фортуни-и-Мадрасо на выставке в Нью-Йорке / Теория моды. Одежда. Тело. Культура № 29 (осень 2013). с. 225—229.
  • Bolpagni P. Fortuny e Wagner. Il wagnerismo nelle arti visive in Italia / Catalogo della mostra, Venezia-Milano, Fondazione Musei Civici di Venezia — Skira, 2012. ISBN 978-88-572-1468-9.
  • Deschodt A., Davanzo-Poli D. Mariano Fortuny — Un magicien de Vinise. Paris; Editions du Regard,1979.
  • Osma G. De. Mariano Fortuny; his Life and Work. New York: Rizzoli, 1980. ISBN 0847803279

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիանո Ֆորտունի» հոդվածին։