Նատաշա Ռամբովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նատաշա Ռամբովա
անգլ.՝ Natacha Rambova
Դիմանկար
Ծնվել էհունվարի 19, 1897(1897-01-19)[1][2]
ԾննդավայրՍոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ
Մահացել էհունիսի 5, 1966(1966-06-05)[1][2] (69 տարեկան)
Մահվան վայրՓասադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Մասնագիտությունդերասանուհի, հնագետ, սցենարիստ, կինոպրոդյուսեր, գրող, նորաձևության դիզայներ, գեղարվեստական ​​ղեկավար, պարուհի, հագուստ ձևագծող, թատրոնի դերասանուհի, գյուտարար և աստղագուշակ
ԱմուսինՌուդոլֆ Վալենտինո
Ծնողներհայր՝ Michael Shaughnessy?[3], մայր՝ Winifred Kimball?[3]
Commons-logo.svg Natacha Rambova Վիքիպահեստում

Նատաշա Ռամբովա (անգլ.՝ Natacha Rambova, ի ծնե՝ Ուինիֆրեդ Կիմբոլ Շոնեսսի (Winifred Kimball Shaughnessy), հունվարի 19, 1897(1897-01-19)[1][2], Սոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ - հունիսի 5, 1966(1966-06-05)[1][2], Փասադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի նկարչուհի՝ կոստյումների գծով, դեկորատոր, համր կինոյի դերասանուհի, եգիպտագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Սոլթ Լեյք Սիթիում՝ մորմոնների ընտանիքում[4][5]։ Մանկությունն անցել է Սան Ֆրանցիսկոյում[6], իսկ կրթություն ստացել է Միացյալ Թագավորությունում[7][8][9]։ ԱՄՆ վերադառնալուց հետո Ռամբովան պարուհու կարիերա է սկսել Նյու Յորքում՝ Ֆյոդոր Կոզլովի ղեկավարության ներքո[10]։ 19 տարեկանում տեղափոխվել է Լոս Անջելես[9], որտեղ հաջորդող տարիների ընթացքում աշխատել է որպես հոլիվուդյան ֆիլմերի կոստյումների դիզայներ։

Շուտով ծանոթացել է Ռոդոլֆ Վալենտինոյի հետ, որի հետ էլ 1923 թվականին ամուսնացել է[11]։ Շուտով պարզվում է, որ այդ պահին Վալենտինոյի նախորդ ամուսնության խզումը պաշտոնապես չի ավարտվել, ինչի պատճառով նա դատարան է ընկնում որպես երկկին։ Հայտնի դերասանի հետ ամուսնությունը նրան լայն ճանաչում է բերում շոու բիզնեսում։ Սակայն Վալենտինոյի ընկերներն ու գործընկերները խիստ բացասաբար են արտահայտվել Ռամբովայի մասին՝ նրան մեղադրելով կինոյում Վալենտինոյի մի շարք ձախողումների մեջ։ Ընդ որում, դերասանն էլ շատ արագ սառում է Ռամբովայի նկատմամբ և նույնիսկ ստուդիայի հետ պայմանագիր է կնքում, որպեսզի նրան թույլ չտան հրապարակ մտնել իր նկարահանումների ժամանակ։ 1925 թվականին բաժանվելուց հետո[12] նա վերադարձել է Նյու Յորք, որտեղ Մանհեթենում բացել է հագուստի սեփական խանութը[13]։

1931 թվականի վերջին Ռամբովան, մտահոգված Մեծ ճգնաժամից հետո ԱՄՆում տիրող տնտեսական վիճակով, փակել է իր հագուստի խանութը և բնակություն հաստատել Ֆրանսիայում՝ Անթիբ քաղաքում[14]։ Բալեարյան կղզիների կրուիզներից մեկում ծանոթացել է իսպանացի ազնվական Ալվարո դե Ուրսայսի հետ, որի հետ ամուսնացել է 1932 թվականին[14]։ Զույգը բնակություն է հաստատել Մալյորկայում, որտեղ նա զբաղվել է լքված իսպանական վիլլաների վերանորոգմամբ և վաճառքով[15]։

1936 թվականի հունվարին Ռամբովոն ամուսնու հետ առաջին անգամ եղել է Եգիպտոսում, որտեղ այցելել է Մեմփիսի, Լուքսորի, Թեբեի հին հուշարձանները, որոնք նրա վրա մեծ տպավորություն են թողել և որոշել են նրա հետագա հետաքրքրությունները[16]։ Շուտով նրանց՝ Իսպանիա վերադառնալուց հետո այնտեղ սկսվել է քաղաքացիական պատերազմ, նրա ամուսինը մտել է պրոֆաշիստական ազգայնական բանակի շարքերը։ Ինքը՝ Ռամբովան, լքել է Իսպանիան՝ բնակություն հաստատելով Նիսի ընտանեկան ամրոցում։ Այդ պահին ամուսինների միջև հարաբերությունները սրվել են, և շուտով զույգը բաժանվել է[15]։ 1940 թվականի հունիսին նացիստների՝ Ֆրանսիա ներխուժումից հետո Ռամբովան վերադարձել է Նյու Յորք[17]։

1940-ական թվականներին հետաքրքրվել է մետաֆիզիկայով, աստղագուշակությամբ՝ համատեղելով դրանք եգիպտագիտության նկատմամբ ունեցած սիրո հետ[18]։ Ռամբովան երկու անգամ խոշոր մասնավոր դրամաշնորհ է ստացել Հին Եգիպտոսի կրոնական համակարգի և սիմվոլների ուսուցման համար[19][20]։ 1954 թվականին նա Յուտայի համալսարանին է նվիրաբերել պեղումների ժամանակ հայտնաբերված եգիպտական բրածոների մեծ հավաքածուն[21]։

1950-ական թվականների սկզբին Ռամբովայի մոտ սկսել է զարգանալ կարծրամաշկություն, ինչն էլ հանգեցրել է հոգեկան խանգարման և թերսնման[22]։ 1965 թվականին նրան տրվել է պարանոիկ փսիխոզ ախտորոշումը[23], ինչից հետո խորթ քույրը նրան տարել է իր մոտ՝ Կալիֆոռնիա[24]։ Կյանքի վերջին տարին Ռամբովոն անցկացրել է հիվանդանոցում և ծերանոցում, որտեղ էլ մահացել է սրտային անբավարարությունից 69 տարեկան հասակում[25][26]։ Նրա մարմինը դիակիզվել է, իսկ աճյունը ցրվել Է Արիզոնայի հյուսիսում գտնվող անտառում[17]։

1975 թվականին էկրան է բարձրացել «Վալենտինոյի լեգենդը» ֆիլմը, որտեղ Ռամբովայի դերը խաղացել է Իվետ Միմոն, իսկ 1977 թվականի «Վալենտինո» պատկերում այն խաղացել է Միշել Ֆիլիպսը։ Ռամբովայի կերպարը հայտնվել է նաև «Սարսափների ամերիկյան պատմություն։ Հյուրանոց» սերիալում՝ Ալեքսանդրա Դադարիոյի կատարմամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 GeneaStar
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Pas L. v. Genealogics — 2003. — ed. size: 683713
  4. Jorgensen Jay, Scoggins Donald L. (2015-10-06)։ Creating the Illusion (Turner Classic Movies): A Fashionable History of Hollywood Costume Designers։ Running Press։ էջ 28։ ISBN 9780762458073 
  5. Quinn, 2001
  6. Morris, 1991, էջ 29
  7. Rambova, Pickford, 2009, էջ 83
  8. Leider, 2003, էջ 130
  9. 9,0 9,1 Morris, 1991
  10. Leider, 2003, էջ 131
  11. Morris, 1991, էջ 133
  12. Rambova, Pickford, 2009, էջ 234
  13. Jorgensen, Scoggins, 2015, էջ 30
  14. 14,0 14,1 Vaughan, 2006, էջ 36
  15. 15,0 15,1 Rambova, Pickford, 2009, էջ 235
  16. Morris, 1991, էջ 207
  17. 17,0 17,1 Morris, 1991, էջ 228
  18. Rambova, Pickford, 2009, էջ 237
  19. «Natacha Rambova»։ Breaking Ground: Women in Old World Archaeology։ Brown University։ Արխիվացված է օրիգինալից May 4, 2006-ին։ Վերցված է November 8, 2017 
  20. McGuire, 1989, էջ 94
  21. «Brief history of the Utah Museum of Fine Arts»։ The Deseret News։ May 27, 2001։ Արխիվացված է օրիգինալից September 6, 2015-ին։ Վերցված է November 10, 2017 
  22. Morris, 1991, էջ 255
  23. Stutesman, Drake։ «Natacha Rambova»։ Women Film Pioneers Project։ Columbia University։ Արխիվացված է օրիգինալից December 24, 2015-ին։ Վերցված է November 10, 2017 
  24. Morris, 1991, էջ 256
  25. Willis, John (1983)։ Screen World 1967։ Biblo & Tannen Publishers։ էջ 239։ ISBN 978-0-819-60308-1 
  26. Ellenberger, 2005, էջ 149