Մարիանո Ֆորտունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարիանո Ֆորտունի
իսպ.՝ Mariano Fortuny
Mariano Fortuny y Madrazo.jpg
Ծնվել էմայիսի 11, 1871(1871-05-11)[1][2][3]
ԾննդավայրԳրանադա, Անդալուզիա, Իսպանիա
Մահացել էմայիսի 3, 1949(1949-05-03)[1] (77 տարեկանում)
Մահվան վայրՎենետիկ
ՔաղաքացիությունԻսպանիա
ԵրկերQ17491940? և Delphos gown
Մասնագիտություննկարիչ, ճարտարագետ, քանդակագործ, լուսանկարիչ, գյուտարար, նորաձևության դիզայներ և բեմանկարիչ
Ծնողներհայր՝ Marià Fortuny, մայր՝ Cecilia de Madrazo
ԱնդամությունՍան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա
Կայքfortuny.com
Mariano Fortuny y Madrazo Վիքիպահեստում

Մարիանո Ֆորտունի (իսպ.՝ Mariano Fortuny y Madrazo, մայիսի 11, 1871(1871-05-11)[1][2][3], Գրանադա, Անդալուզիա, Իսպանիա - մայիսի 3, 1949(1949-05-03)[1], Վենետիկ), իսպանացի, իտալացի դիզայներ, հագուստի սեփական նորաձևության տան հիմնադիր (1906-1946), 20-րդ դարի առանցքային դիզայներներից մեկը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիանո Ֆորտունին նկարիչ օրիենտալիստ Մարիա Ֆորտունի ե Մարսալայի (1838-1874) որդին է: Հորը կորցրել է երեք տարեկան հասակում, մանկությունն անցկացրել է մոր հետ Փարիզում և Վենետիկում, շատ է ճանապարհորդել Եվրոպայում: Եղել է խոստումնալից նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, լուսանկարիչ, սակայն գերադասել է դիզայներ դառնալ: 1897 թվականին ամուսնացել է Անրիետե Նեգրինի հետ:

Հայտնի է որպես մոդելյոր, դիզայներ, թատերական նկարիչ և գյուտարար: Զբաղվել է մետաքսի պատրաստմամբ. այն արտադրել է 1919 թվականին հատուկ այդ նպատակով բացված ֆաբրիկայում, որ գտնվել է Վենետիկի Ջուդեկա կղզում: Ստեղծել է սեփական արտադրության մետաքսից լուսամփոփներ: Այդ օբյեկտները մինչ օրս համարվում են Ֆորտունիի այցեքարտը` շնորհիվ դրանց ճանաչելի օպալի գույնի, նախշերի, ապակյա ուլունքների: Օրիգինալ լամպերի արտադրությունը դադարեցվել է 1920-ական թվականների վերջին: Մինչև 1920 թվականի սկիզբը վենետիկյան ոչ մի ընկերություն չէր համարձակվում պատրաստել «Ֆորտունի» լամպեր` պայմանավորված դրանց տեխնիկական բարդությամբ և արտոնագրերի հետ կապված դժվարություններով:

Մահացել է 1949 թվականին Վենետիկում, թաղված է Հռոմում` Կամպո Վերանո գերեզմանատանը: Մարիանո Ֆորտունիի կյանքը նկարարգրված է Պերե Ժիմֆերերի «Ֆորտունի» վեպում:

Ֆորտունի: Նորաձևության նոր հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոակին Սորոլյա, Ելենա Սորոլյա Գարսիան Մարիանո Ֆորտունիի պատրաստած տունիկայով, 1909

Ֆորտունիին կարել է անվանել 20-րդ դարի կարևոր մոդելյորներից մեկը: Նրա ռազմավարության շնորհիվ` ձևավորվել ու տարածում են գտել 20-րդ դարի հագուստի հիմնական սկզբունքները: Չնայած իր աշխատանքների զգայուն բնույթին` Ֆորտունին հագուստը դիտարկել է կոնցեպտուալ ձև[4]: Նրա առաջարկած զգեստներից շատերը չէին ենթադրում սեղմիրանի օգտագործում, ինչը որակապես փոխել է հագուստի կառուցվածքը` նպաստելով, որ այն հագնեն մերկ մարմնին, ինչն էլ իր հերթին ազդել է մարմնի նոր կառուցվածքի ձևավորմանը[5]: Մարիանո Ֆորտունիի աշխատանքները նշանավորում էին մարմնի դեֆորմացիայի սկզբունքին հենված հագուստի անհետացումը, մասնավորապես Ֆորտունիի հագուստները վերջ են դրել մարմնի` մոդեռնի դարաշրջանի S-աձև ուրվապատկերին: Ֆորտունին ստեղծել է նորաձևության ինքնատիպ տեսակ, որը կայուն է փոփոխությունների նկատմամբ. մեծ առումով նա պաշտում էր ոճն ու կենսակերպը, ոչ կայուն միտումների հաճախակի փոփոխությունը:

Ֆորտունի և Հին Հունաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորաձևությունը դիտարկելով որպես ինտելեկտուալ և գեղարվեստական երևույթ` Մարիանո Ֆորտունին պրոտագոնիստ էր` հագուստում և դեկորում հունական թեմա օգտագործելու մեջ: Նրա հավաքածուներում հունական թեմային անդրադարձը դրսևորվում էր տունիկայի կիրառմամբ (նուրբ դարսերով մետքասից ուղիղ զգեստ): Նրա ուղղվածությունը Հին Հունաստանն էր, որը ևս մեկ անգամ բացահայտվել Հենրիխ Շլիմանի և Արթուր Էվանսի հետազոտություններով: Հին հունական քաղաքակրթության մասին պատկերացումները, որոնք տարածում էին գտել 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին, դարձել են Ֆորտունիի հագուստների հիմնական մոտիվը: Հին Հունաստանի մասին նրա պատկերացումները կապված էին կրետե-միկենյան մշակույթին` հակակշռություն կազմելով անտիկ դասականության հետ, որն արդեն բազմաթիվ հարյուրամյակներ համարվում էր գեղարվեստական գլխավոր ուղենիշ և ստանդարտ[6]: Հունական մոտիվներ կիրառելու ձգտումը և դրանք իր դարաշրջանի ճաշակներին համապատասխանեցնելը վճռորոշ դեր են ունեցել Ֆորտունիի` արվեստը որպես նորաձևություն բնորոշելու փորձերում:

Տունիկա և Դելֆոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Եսենինը, Այսեդորա Դունկանը և նրա հոգեդուստր Իրման` դելֆոս զգեստներով

Ֆորտունիի հավաքածուի գլխավոր տարրը դարձել է ուղիղ դարսավոր տունիկան: Դարսավոր գունավոր մետաքսից տարբեր տունիկաները, որոնք լրացվում էին Մուրանոյի ապակուց հուլունքներով, եղել են Ֆորտունիի հավաքածուի հիմքը և դարձել նրա ատելիեի հագուստի ամենաճանաչելի տեսակը[7]: Ֆորտունին եղել է մի քանի արտոնագրերի հեղինակ, որոնք առաջարկում էին մետաքսի դարսավորման արդյունավետ եղանակներ: Նրա մշակած դարսավորման եղանակը իր անունով կոչվել է «Ֆորտունիի դարսավորում»: Այս տեխնոլոգիան սկզբունքային կարևորություն ունի. մետաքսը դժվար է ենթարկվում դարսավորման և տեխնիկական նոր հնարավորությունների բացահայտումը թույլ են տվել Ֆորտունիին հագուստի նոր ձևեր ու տեսակներ ստեղծել:

Տունիկա-զգեստները չէին ենթադրում սեղմիրանի կիրառում. դրանք պատրաստում էին թևքերով կամ առանց դրանց, հագնում էին գոտիով կամ առանց գոտու: Դարսավոր տունիկա-զգեստը ստացել է Դելֆոս անունը. ինչպես ենթադրում են, անունը կարող էր կապված լինել դելֆյան կառավարի դասական կերպարի հետ: Դելֆոսը համարվում է նորաձև հագուստի ամենակայուն տեսակներից մեկը, որոնք փաստացի անփոփոխ կերպով թողարկվել են 1900-1949 թվականներին: Հունական քիտոնը, որի ձևը կիրառել է Ֆորտունին, համարվել է ներքնազգեստ: Այս առումով դելֆոսի ի հայտ գալը պրովոկացիոն էր. երկար ժամանակ այն դիտարկվում էր որպես հագուստ` տնային ընդունելությունների համար[8]:

Ֆորտունի տան հաճախորդներն են եղել Սառա Բեռնարը, Այսեդորա Դունկանը, Ալլա Նազիմովան, Նատաշա Ռամբովան, Լիլիան Գիշը, Մարկիզա Կասատին:

Վերածննդի պատմություն և դեկորատիվ կտորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի մետաքսի դարսավորումից` Ֆորտունիի վարպետանոցների գործունեության կարևոր ուղղություններից էր դաջանախշ թավշի ստեղծումը: Օգտագործելով 15-16-րդ դարերի վերածննդի շրջանի նյութերը` Ֆորտունի տունը թողարկել է դաջանախշ կտորներ և ստեղծել գոբելենի, թավշի, դիպակի հավաքածուներ` 15-16-րդ դարերի վենետիկյան տեխնիկայով:

Աշխատելով դեկորատիվ կտորների հետ` Ֆորտունին շարունակել է անգլիական «Արվետների ու արհեստների շարժման» ավանդույթները, որը հատուկ նշանակություն էր հատկացնում վաղ վերածննդի դեկորատիվ համակարգին: Ֆորտունին իտալական վերածնունդը դարձրել է առօրյա կենցաղի մի մաս: Դաջանախշ թավշի իր նկարներում Ֆորտունին կիրառել է նաև հյուսիսաֆրիկյան և արևելյան մոտիվներ: Պատմելով Մարիանո Ֆորտունիի աշխատանքների մասին` Մարսել Պրուստը դրանք համեմատում է Վենետիկի Սուրբ Մարկոսի տաճարի հարդարանքի ու խճանկարների հետ` ուշադրություն դարձնելով դրանց օրիենտալիստական ուղղվածության վրա:

Մարիանո Ֆորտունի և Մարսել Պրուստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր «Կորուսյալ ժամանակի որոնումներում» վեպում Մարսել Պրուստը բազմիցս հիշատակել է Մարիանո Ֆորտունիի մետաքսե տունիկաները` որպես նուրբ ճաշակի դրսևորում: Պրուստը դրանք համարում է զգեստներ, որոնք կարված են վենետիկյան հին նկարների համաձայն` ուշադրություն դարձնելով այս զգեստների պատմական բնույթին: Ֆորտունիի աշխատանքներում օգտագործված են իտալական վերածննդի տարրեր, որոնք իրենց ուղիղ ու անուղղակի դրսևորումներն ունեն իտալական վերածննդի գեղանկարչության մեջ: Պրուստը նաև ուշադրություն է հրավիրում Ֆորտունիի ամեն մի նկարի ինքնատիպությանը, դրանց կառուցվածքին, որոնք, սակայն, միավորված են իմաստային նրբությամբ ու միօրինակ շքեղությամբ: Պրուստը խոսում է այս աշխատանքների նշանակության մասին` դրանցից յուրաքանչյուրը համարելով երկար մտորումների արդյունք, ինչպես նաև ուշադրություն է հրավիրում դրանց բեմական կերպարանքին և կյանքից կտրված լինելու բնույթին:

Պրուստը Ֆորտունիի համակարգը համեմատում է Բալզակի հերոսուհիների հագուստների ճշգրտության հետ` ակնհայտ նմանություն տեսնելով նրանց ռազմավարության մեջ:

Aquote1.png Ներկայիս հարդարանքը զրկված է արտահայտչականությունից` բացառությամբ Ֆորտունիի աշխատանքների: Վիպագրի նկարագրություններում չպետք է լինի ոչ մի անորոշություն, քանի որ հագուստն իրոք գոյություն ունի, և ամենափոքր նախշերն անգամ բնական են պատկերված նրա վրա, ինչպես արվեստի գործերում զարդանախշերը: Հագնելով այս կամ այն զգեստը` կինը պետք է ընտրություն կատարի միատեսակ հագուստներից, սակայն խորապես անհատական զգեստների մեջ նրանցից ամեն մեկը կարելի կլինի մատնանշել:
- Մարսել Պրուստ, «Գերուհին»[9]
Aquote2.png


Ֆորտունի և թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆորտունին աշխատել է նաև թատերական բնագավառում: Թատրոնի նկատմամբ նրա հետաքրքրությունը ծնվել է երաժտությամբ տարվելու ու Ռիխարդ Վագների օպերաների բեմադրության արդյունքում[10]: 1892 թվականին Ֆորտունին Փարիզում լսել է Վագների օպերաները, իսկ Գերմանիա ճանապարհորդելու ընթացքում այցելել Բայրոյթի թատրոն, որը հատուկ կառուցել էր Վագներն իր ստեղծագործությունների բեմադրման համար: Բայրոյթի թատրոնի բեմը Ֆորտունիին ոգեշնչել է զբաղվել թատերական ինժեներիայով և արվեստի սինթետիկ ստեղծագործություն ստեղծել: Ֆորտունիի համար իդեալական թատրոնը մի օրգանիզմ է, որտեղ տեխնիկական սկզբունքներն ու դեկորատիվ տարրերը միավորված են մեկ ընդհանուր համակարգում:

Նա հայտնաբերել է թատերական դեկորացիաների փոփոխման համակարգ, որը հայտնի է «Ֆորտունիի տեսարանային գմբեթ» անունով: Նա եղել է դեկորատիվ ու թատերական լուսավորման արտոնագրերի հեղինակ: Թատրոնի լուսավորման առաջին արտոնագրերից մեկը 1901 թվականին ձեռք է բերել Ֆորտունին[11]: 1922 թվականին բեմի լուսավորման նրա եղանակը կիրառվել է Միլանի Լա Սկալա օպերայում Վագների «Պարսիֆալ» օպերայի բեմադրման ժամանակ:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 Diccionario biográfico españolReal Academia de la Historia.
  4. Васильева Е. Идеальный мир. О выставке Мариано Фортуни в Государственном Эрмитаже / Теория моды: тело, одежда, культура, № 43, весна 2017, с. 283-287
  5. Стил В. Корсет / Пер. с английского М.Маликовой. — М.: Новое литературное обозрение, 2010. — 272 с. ISBN 978-5-86793-775-5.
  6. Васильева Е. Идеальный мир. О выставке Мариано Фортуни в Государственном Эрмитаже / Теория моды: тело, одежда, культура, № 43, весна 2017, с. 283-287
  7. Osma G. De. Mariano Fortuny; his Life and Work. New York: Rizzoli, 1980. ISBN 0847803279
  8. Нейман Б. Наследие Мариано Фортуни-и-Мадрасо на выставке в Нью-Йорке / Теория моды. Одежда. Тело. Культура № 29 (осень 2013). с. 225—229.
  9. Пруст М. Пленница. / Пер. с фр. А. Франковского. — СПб.: ИНАПРЕСС, 1998. ISBN 5-87135-047-X
  10. Bolpagni P. Fortuny e Wagner. Il wagnerismo nelle arti visive in Italia / Catalogo della mostra, Venezia-Milano, Fondazione Musei Civici di Venezia — Skira, 2012. ISBN 978-88-572-1468-9.
  11. Fortuny M. Apparatus for the production of stage effects, US patent 791336

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Васильева Е. Идеальный мир. О выставке Мариано Фортуни в Государственном Эрмитаже / Теория моды: тело, одежда, культура, № 43, весна 2017, с. 283-287
  • Нейман Б. Наследие Мариано Фортуни-и-Мадрасо на выставке в Нью-Йорке / Теория моды. Одежда. Тело. Культура № 29 (осень 2013). с. 225—229.
  • Bolpagni P. Fortuny e Wagner. Il wagnerismo nelle arti visive in Italia / Catalogo della mostra, Venezia-Milano, Fondazione Musei Civici di Venezia — Skira, 2012. ISBN 978-88-572-1468-9.
  • Deschodt A., Davanzo-Poli D. Mariano Fortuny — Un magicien de Vinise. Paris; Editions du Regard,1979.
  • Osma G. De. Mariano Fortuny; his Life and Work. New York: Rizzoli, 1980. ISBN 0847803279

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]