Էնթոնի Բրջես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Էնթոնի Բյորջեսսից)
Էնթոնի Բրջես
անգլ.՝ Anthony Burgess
Ծննդյան անունանգլ.՝ John Anthony Burgess Wilson
Ծնվել էփետրվարի 25, 1917(1917-02-25)[1][2][3][…]
ԾննդավայրՀարփերհեյ, Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն[4]
Վախճանվել էնոյեմբերի 22, 1993(1993-11-22)[1][3][3][…] (76 տարեկան)
Վախճանի վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն[5]
ԳերեզմանՄոնակո
Գրական անունAnthony Burgess
Մասնագիտությունգրող, լրագրող, թարգմանիչ, սցենարիստ, բանաստեղծ, կոմպոզիտոր, վիպասան, ինքնակենսագիր, գրական քննադատ, գիտաֆանտաստիկ գրող, մանկագիր, գրականագետ, լիբրետիստ, դրամատուրգ, մանկավարժ, կինոսցենարիստ, ուսուցիչ և գրականագետ
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունXaverian College?[6] և Մանչեսթերի Վիկտորիայի համալսարան
Ուշագրավ աշխատանքներԼարովի նարինջ
ԱնդամակցությունԹագավորական գրական ընկերություն
ԱշխատավայրՓրինսթոնի համալսարան, Բուֆալոյի Նյու Յորք նահանգի համալսարան, Կոլումբիայի համալսարան և Բիրմինգհեմի համալսարան
Պարգևներ
ԱմուսինLiana Burgess?
 Anthony Burgess Վիքիպահեստում

Էնթոնի Բրջես (անգլ.՝ Anthony Burgess, ամբողջական անունը՝ Ջոն Էնթոնի Բյորջեսս Ուիլսոն, անգլ.՝ John Anthony Burgess Wilson, հայտնի է նաև որպես Ջոզեֆ Քել, փետրվարի 25, 1917(1917-02-25)[1][2][3][…], Հարփերհեյ, Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն[4] - նոյեմբերի 22, 1993(1993-11-22)[1][3][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[5]), անգլիացի գրող և գրականագետ, զբաղվել է գրական հետազոտություններով (հատկապես Շեքսպիրի և Ջոյսի ստեղծագործությունների), գրել է երաժշտություն (սիմֆոնիա, բալետ և օպերա), զբաղվել գրականության թարգմանությամբ և լրագրությամբ[7]։ Բյորջեսսի առավել հայտնի ստեղծագործություններից է «Լարովի նարինջ» (անգլ.՝ «A Clockwork Orange») երգիծական հակաուտոպիան[8]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնթոնի Բյորջեսսը ծնվել է 1917 թվականի փետրվարի 25-ին Մանչեսթերում՝ կաթոլիկական ընտանիքում[9]։ Հայրը հաշվապահ էր, իսկ երեկոյան՝ փաբում դաշնամուր էր նվագում։ Բյորջեսսը երկու տարեկան էր, երբ մայրը մահացավ իսպանական գրիպի համաճարակից։ Մոր մահից հետո՝ 1922 թվականին, հայրն ամուսնացավ փաբի տիրուհու հետ և սկսեց զբաղվել ծխախոտային արտադրանքի վաճառքով։ Տղայի դաստիարակությամբ զբաղվում էր մորաքույրը, իսկ հետո՝ խորթ մայրը[10]։ 1938 թվականին 55 տարեկան հասակում մահացավ նաև հայրը՝ առանց ժառանգություն թողնելու[11][12]։

Հասակակիցների հետ հարաբերությունները Բյորջեսսը հիշում է հետևյալ կերպ․

Ինձ վրա կամ հարձակվում էին բռունցքներով, կամ էլ ընդհանրապես չէին նկատում։ Ինձ պարզապես արհամարհում էին։ Թափառաշրջիկները սովորաբար խմբերով ծեծում էին կոկիկ հագնված երեխաներին, ինչպիսին ես էի[13]։

Շուտով Բյորջեսսին ուղարկում են Մանչեսթերի կաթոլիկական սկզբնական դպրոց[14]։ Գրողն ավելի ուշ հիշում է․

Երբ ինձ ուղարկեցին դպրոց, ես արդեն կարողանում էի կարդալ, իսկ աշակերտների մեծամասնությունը չէր կարողանում։ Այնպես որ, ես այնպիսին չէի․․․ ինչպես բոլորը[15]։

Մանուկ հասակում նա այնքան էլ չէր սիրում երաժշտությունը, մինչև որ ռադիոյով լսեց «անհավատալի մեներգը ֆլեյտայով» և հմայվեց։ Մի քանի րոպե անց հաղորդավարը հայտարարեց, որ հնչում էր Կլոդ Դեբյուսիի «Ֆավնի հետկեսօրյա հանգիստը» նախերգանքը։

Բյորջեսսը կրթություն է ստացել Քսավերիան քոլեջում և Մանչեսթերի համալսարանում, որն ավարտել է 1940 թվականին։ Հենց այնտեղ էլ սկսել է դասախոսություններ կարդալ անգլերեն լեզվի պատմության և գրականության մասին[16]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ծառայել է ցամաքային զորքերում[17]։

1942 թվականին Բյորջեսսն ամուսնացել է Լուել Իշերվուդ Ջոնսի հետ, որը մահացել է 1968 թվականին լյարդի ցիռոզի պատճառով[18]։ Բյորջեսսի կենսագիրը՝ Էնդրյու Բիզվելը, իր «Էնթոնի Բյորջեսսի իրական կյանքը» գրքում պատմել է, որ լուսաքողարկման ժամանակ ամերիկացի չորս դասալիք սևամորթ բռնաբարել և ծեծել է Լուելին։ 1946-1950 թվականներին Բյորջեսսը դասավանդել է Բիրմինգհեմի համալսարանում, աշխատել կրթության նախարարությունում և Բենբարի դպրոցում[19]։

1968 թվականին Բյորջեսսն ամուսնացել է իտալացի իշխանադստեր հետ։

Բյորջեսսը տիրապետում էր մի շարք լեզուների՝ ռուսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, ուելսերեն, ճապոներեն, անգլերեն։ Այդ գիտելիքները նրան օգտակար եղան արհեստական լեզու՝ նադսաթ ստեղծելիս, որից օգտվում էին նրա գրքի հերոսները։

Բյորջեսսը մահացել է թոքերի քաղցկեղից 1993 թվականի նոյեմբերի 22-ին Լոնդոնում[20]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր առաջին վեպը Բյորջեսսը գրել է 1949 թվականին, սակայն հրատարակվել է միայն 1965 թվականին։ Մինչև 1959 թվականը Բյորջեսսն ուսումնասիրել է երաժշտական տեսություն և քիչ ժամանակ տրամադրել գրական աշխատանքին։ 1954 թվականին նա կրթության տեսուչ էր Մալայայի Դաշնությունում, իսկ 1958 թվականին՝ Բրունեյում[21]։

1959 թվականին, երբ Բյորջեսսը դեռ ուսուցիչ էր, դասի ժամանակ ուշագնաց եղավ։ Դրանից հետո նրա մոտ հայտնաբերվեց ուղեղի քաղցկեղ, և բժշկի կարծիքով նրան մնացել էր ապրելու մեկ տարուց ոչ ավելի[22]։ Այս իրադարձությունը Բյորջեսսի համար խթան հանդիսացավ՝ սկսելու ստեղծագործական գործունեությունը։ Այդ ժամանակից սկսած՝ նա ավելի քան 50 գիրք է հրատարակել, այդ թվում՝ առավել հայտնիներից «Էնդերբիի քառահատորը» և «Լարովի նարինջ»-ը[23]։

Բյորջեսսը ստեղծագործել է ոչ միայն իր անվան, այլ նաև տարբեր կեղծանունների ներքո, որոնք նրան առաջարկում էր կինը։ Մի անգամ Բյորջեսսը խմբագրի ցանկությամբ գրախոսական է գրել «Յորքշիր Փոսթ» թերթում իր իսկ՝ «Պարոն Էներբին ներքուստ» (1963) վեպի համար։ Վեպը գրվել է Ջոզեֆ Քելլ կեղծանվամբ, ինչի մասին գլխավոր խմբագիրը չի իմացել։ Բյորջեսսը նաև նամակներ էր ուղարկում «Daily Mail»-ին «Մուհամեդ Ալի» ստորագրությամբ[22]։

1960-1964 թվականներին Բյորջեսսը գրել է 11 վեպ։ Գրողի ստեղծագործական աշխատանքի վրա էական ազդեցություն են գործել Ջեյմս Ջոյսի ստեղծագործությունները, ինչպես նաև որոշ չափով իր կաթոլիկ հավատքը։ Նրա ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Լարովի նարինջ»-ը, որը հիմնականում հայտնի դարձավ Սթենլի Կուբրիկի էկրանավորումից հետո, շոշափում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են բռնությունը, ազատությունը, բարոյականությունը։

1970-1971 թվականներին Բյորջեսսը դասավանդել է Փրինսթոնի համալսարանում, դարձել Նյու Յորքի քաղաքային քոլեջի պատվավոր պրոֆեսոր (1972)։ 1972 թվականին եղել է Մինեապոլիսի Գատրի թատրոնի գրական առաջատար մասնիկը։ 1976 թվականին դասավանդել է Բուֆֆալոյի համալսարանում։

Բյորջեսսն իր ամբողջ կյանքի ընթացքում նաև երաժշտություն է հորինել, ըստ հետազոտող Փոլ Ֆիլիպսի՝ նրան է պատկանում շուրջ 175 ստեղծագործություն, որոնց թվում կան ինչպես բավականին պարզ մեղեդիներ, այնպես էլ բարդ ստեղծագործություններ՝ համատեղելով անգլիական կոմպոզիտորական դպրոցի ավանդույթները (Էլգար, Հոլսթ, Ուոլթոն, Ռալֆ Վոան Ուիլյամս) Կլոդ Դեբյուսիի և Իգոր Ստրավինսկու ազդեցության հետ[24]։ Բյորջեսսի երրորդ սիմֆոնիան գրվել է Այովայի համալսարանի սիմֆոնիկ նվագախմբի պատվերով և առաջին անգամ կատարվել է այդ նվագախմբի կողմից՝ Ջեյմս Դիքսոնի ղեկավարությամբ (հոկտեմբերի 22, 1975)։ Ջոյսի «Ուլիսես» վեպի մոտիվներով գրված «Դուբլինի ծաղկումը» (անգլ.՝ «Blooms of Dublin») օպերետը կատարվել է «BBC» ռադիոյով 1982 թվականին՝ Ջոյսի հարյուրամյակի կապակցությամբ։ Բյորջեսսի ստեղծագործություններից որոշները հիմնված են մալայական երաժշտության տպավորությունների վրա։ Նրան է պատկանում նաև «Տրոցկին Նյու Յորքում» (1980) օպերան, «Հռոմը անձրևի ժամանակ» ֆանտազիան դաշնամուրի և նվագախմբի համար և այլն։ Բյորջեսսը նաև կատարել է Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերայի անգլերենից նոր թարգմանություն և գրել նոր լիբրետո Վեբերի «Օբերոն» օպերայի համար[25]։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մարտի տեսլականը» (անգլ.՝ «A Vision of Battlement») (1949)
  • «Վագրի ժամանակը» (անգլ.՝ «Time for a Tiger») (1956, մալայական եռերգության առաջին մաս)
  • «Թշնամին ծածկոցի տակ» (անգլ.՝ «The Enemy in the Blanket») (1958, եռերգության երկրորդ մաս)
  • «Արևելյան անկողիններ» (անգլ.՝ «Beds in the East») (1959, եռերգության երրորդ մասը)
  • «Պատասխանելու իրավունք» (անգլ.՝ «The Right to an Answer») (1960)
  • «Բժիշկը հիվանդ է» (անգլ.՝ «The doctor is sick») (1960)
  • «Նահանգի սատանան» (անգլ.՝ «Devil of a State») (1961)
  • «Միձեռնանի ծափահարողը» (անգլ.՝ «One hand clapping») (1961)
  • «Լարովի նարինջ» (անգլ.՝ «A Clockwork Orange») (1962)
  • «Ցանկալից ընտանիք» (անգլ.՝ «The Wanting Seed») (1962)
  • «Մեղր արջերի համար» (անգլ.՝ «Honey for the Bears») (1963)
  • «Պարոն Էնդերբին ներքուստ» (անգլ.՝ «Inside Mr. Enderby») (1963) Էնդերբիի քառահատորի առաջին մաս
  • «Սիրահարված Շեքսպիրը» (անգլ.՝ «Nothing Like the Sun: A Story of Shakespeare’s Love Life») (1964)
  • «Սուրբ Վենուսի նախօրյակին» (անգլ.՝ «The Eve of Saint Venus») (1964)
  • «Ձգտման թրթիռ» (անգլ.՝ «Tremor of Intent») (1966)
  • «Էնդերբին արտաքուստ» (անգլ.՝ «Enderby Outside») (1968), Էնդերբիի քառահատորի երկրորդ մաս
  • «Մ․ Ֆ․» MF (1971)
  • «Նապոլեոնյան սիմֆոնիա» (անգլ.՝ «Napoleon Symphony») (1974)
  • «Կտակ լարովի աշխարհին կամ Էնդերբիի վերջը» (1975), Էնդերբիի քառահատորի երրորդ մաս
  • «1985», գրքի առաջին մասը Ջորջ Օրուելի «1984» վեպի վերլուծությունն է, իսկ երկրորդ մասը՝ հենց ստեղծագործությունը
  • «Հիսուսը Նազարեթից» (անգլ.՝ «Man of Nazareth») (1979)
  • «Երկրի ուժը» (անգլ.՝ «Earthly Powers») (1980)
  • «Թուխ օրիորդ Էներբին կամ Էներբին առանց ավարտի» (1984), Էնդերբիի քառահատորի եզրափակիչ մաս
  • «Թույլերի թագավորություն» (1985)
  • «Երկաթ, ժանգոտ երկաթ» (անգլ.՝ «Any Old Iron») (1988)

Պատմվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Երկար ճանապարհ դեպի թեյախմություն» (անգլ.՝ «A long trip to teatime») (1976)

Վավերագրական արձակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Շեքսպիր» (անգլ.՝ «Shakespeare») (1970)
  • «Էռնեստ Հեմինգուեյը և նրա աշխարհը» (անգլ.՝ «Ernest Hemingway and his World») (1978)

Ինքնակենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Փոքրիկ Ուիլսոնը և Մեծ Աստված» (1987)
  • «Քո ժամանակն անցել է» (1990)

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 https://www.oxforddnb.com/view/10.1093/ref:odnb/9780198614128.001.0001/odnb-9780198614128-e-51526;jsessionid=2B89A53774D093D47E56D5E8CF53D47A?docPos=2
  5. 5,0 5,1 5,2 Archivio Storico Ricordi — 1808.
  6. 6,0 6,1 Who's who (բրիտ․ անգլ.)(untranslated), 1849. — ISSN 0083-937X
  7. "Burgess... the Composer", The International Anthony Burgess Foundation (IABF).
  8. "A Prophetic and Violent Masterpiece" by Theodore Dalrymple in "Not With a Bang but a Whimper" (2008), pp. 135–149
  9. Ratcliffe, Michael (2004), «Wilson, John Burgess [Anthony Burgess] (1917–1993)», Oxford Dictionary of National Biography (online ed.), Oxford University Press, Վերցված է 20 June 2011-ին
  10. Lewis 2002, էջ. 68
  11. Lewis 2002, էջ. 62
  12. Lewis 2002, էջ. 64
  13. Lewis 2002, էջեր. 53–54
  14. Lewis 2002, էջ. 57
  15. Lewis 2002, էջ. 66
  16. «Anthony Burgess, 1917–1993, Biographical Sketch». Harry Ransom Center, University of Texas, Austin. 2004 թ․ հունիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ օգոստոսի 30-ին.
  17. Lewis 2002, էջ. 113
  18. Lewis 2002, էջեր. 109–110
  19. Anthony Burgess profile, britannica.com; accessed 26 November 2014.
  20. Fitzgerald, Laurence (2015 թ․ սեպտեմբերի 9). «Anthony Burgess - Manchester's Neglected Hero?». I Love Manchester. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 26-ին.
  21. Conversations with Anthony Burgess (2008) Ingersoll & Ingersoll ed. p. 180.
  22. 22,0 22,1 «Биография на Berdzhes.net.ru». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 18-ին.
  23. Lewis 2002, էջ. 243
  24. Paul Phillips. A Clockwork Counterpoint: The Music and Literature of Anthony Burgess. — Manchester University Press, 2005. — См.:Tess Crebbin. Novelist as composer
  25. «Anthony Burgess». Desert Island Discs. BBC. Վերցված է 2012 թ․ հուլիսի 12-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնթոնի Բրջես» հոդվածին։