Աշոտ Մելքոնյան (պատմաբան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Մելքոնյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելքոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աշոտ Մելքոնյան
Ծնվել էփետրվարի 16, 1961(1961-02-16) (63 տարեկան)
Ախալքալաք, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունպատմաբան
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ
Գործունեության ոլորտքիմիա
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1982) և Երևանի պետական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (2002), պրոֆեսոր (2004) և ակադեմիկոս (2014)
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ
Մովսես Խորենացու մեդալ Մովսես Խորենացու մեդալ Գարեգին Նժդեհ մեդալ
և Հայաստանի վարչապետի հուշամեդալ
Քաղվածքներ Վիքիքաղվածքում

Աշոտ Աղասու Մելքոնյան (փետրվարի 16, 1961(1961-02-16), Ախալքալաք, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր (2002 թ.), պրոֆեսոր (2004 թ.), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2006 թ.), ակադեմիկոս (2014 թ.), ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն (2002 թ.)[1], «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի անդամ[2]

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշոտ Մելքոնյանը ծնվել է 1961 թվականի փետրվարի 16-ին, Ախալքալաքում, վաստակավոր լրագրող Աղասի Հարությունի Մելքոնյանի ընտանիքում։ 1967 թ. ընդունվել և ոսկե մեդալով 1977 թվականին ավարտել է Ախալքալաքի Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 4 հայկական միջնակարգ դպրոցը։ 1977–1982 թթ. ուսանել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, որն ավարտել է գերազանցության դիպլոմով։ 1982–1985 թթ. եղել է ասպիրանտ նույն համալսարանի Հայոց պատմության ամբիոնում։ 1989 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Արևմտյան Հայաստանի Էրզրումի նահանգի հայ ազգաբնակչությունը XIX դարի առաջին երեսնամյակին» թեմայով՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1986 թվականի հոկտեմբերից աշխատանքի է անցել ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում` նախ որպես լաբորանտ, ապա` գիտաշխատող, գիտքարտուղար, գիտական հարցերով փոխտնօրեն։ 2002 թվականի ապրիլի 26-ին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Ջավախքը XIX դարում և XX դարի I քառորդին» թեմայով։ 2004 թվականին ստացել է պրոֆեսորի գիտական կոչում։ 2006-2014 թթ. ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ էր։ 2014 թվականին Աշոտ Մելքոնյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։

Աշոտ Մելքոնյանը 2002 թվականի հուլիսից ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրենն է։ Նա գլխավորում է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական և պատմության ինստիտուտում գործող 004 Հայոց պատմության մասնագիտական խորհուրդները։ ԵՊՀ խորհրդի, պատմության ֆակուլտետի, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի, Երևան քաղաքի պատմության թանգարանի գիտական խորհուրդների և մի շարք գիտական հանդեսների (Պատմաբանասիրական հանդես, Լրաբեր հասարակական գիտությունների, Բանբեր Հայաստանի արխիվների, Կանթեղ, Պատմություն և մշակույթ և այլն) խմբագրակազմերի անդամ է։ Նա 16 գրքի և ավելի քան 450 գիտական հոդվածի հեղինակ է։ Աշխատությունները լույս են տեսել աշխարհի 14 երկրներում՝ ավելի քան 10 լեզուներով։ Գիտական զեկուցումներով հանդես է եկել աշխարհի շատ երկրներում[3][4]։

Աշոտ Մելքոնյանի գիտական հետաքրքրությունների շրջանակի մեջ մտնում են Արևմտյան Հայաստանի, հայկական հարցի, հայոց ցեղասպանության, Ջավախքի պատմության, հայ-վրացական հարաբերությունների, Հայաստանի պատմական ժողովրդագրության հիմնահարցերը։

Մելքոնյանի աշխատությունները լույս են տեսել Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Անգլիայում, Ֆրանսիայում, Վրաստանում, Լիբանանում, Եգիպտոսում, Իրանում, Արգենտինայում, Հունգարիայում` հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, վրացերեն, պարսկերեն, իսպաներեն, թուրքերեն, հունգարերեն լեզուներով։

Պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը գիտական աշխատանքին զուգահեռ վարում է նաև մանկավարժական գործունեություն։ Նա Հայոց պատմություն է դասավանդում Երևանի պետական համալսարանում, ՀՀ ԳԱԱ մագիստրատուրայում, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում։ 2004–2006 թվականներին եղել է նաև Երևանի բժշկական համալսարանի Հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ։ Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է 16 թեկնածուական ատենախոսություն, որոնք նվիրված են Հայաստանի պատմական ժողովրդագրության և ցեղասպանության թեմաներին։ Խմբագրել է տասնյակ գիտական աշխատություններ։ 2010 թվականից Աշոտ Մելքոնյանը Հայոց պատմության և մշակույթի պատմության դասախոսությունների շարք է իրականացնում Հայոց բանակում` նպատակ ունենալով բարձրացնել հայ զինվորականի պատմաճանաչողական և ռազմահայրենասիրական ոգին։ Աշոտ Մելքոնյանը զեկուցումներով և դասախոսություններով հանդես է եկել մոտ երկու տասնյակ երկրներում կազմակերպված միջազգային գիտաժողովներում, սփյուռքահայ հասարակության առջև։ Պատմագետ Աշոտ Մելքոնյանը 1997-2009 թթ. Արևմտյան Հայաստանում նկարահանած տեսանյութի հիման վրա պատրաստել է հեռուստատեսային ֆիլմեր («Կարոտի Էրգիր» (2006 թ.), «Արարատ. Հայոց անմահության խորհուրդը» (2008 թ.) և այլն)։ 2007 թվականի օգոստոսի 10-ին՝ հայ ժողովրդի համար բախտորոշ Սևրի դաշնագրի օրը, նա բարձրացել է Արարատ լեռան գագաթը, և դրա հիման վրա ստեղծել «Արարատ. Հայոց անմահության խորհուրդը» գիրքը և ֆիլմը («Տիգրան Մեծ» հրատ., Երևան, 2008 թ.)` նվիրված հայ նոր գրականության հիմնադիր, մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանի ծննդյան 200-ամյակին (1809 թ.) և Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտի հետ Խ. Աբովյանի Արարատի գագաթը բարձրանալու 180-ամյակին (1829 թ.):

Երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էրզրում (Էրզրում նահանգի հայ ազգաբնակչությունը 19–րդ դարի առաջին երեսնամյակին), Երևան, 1994, 180 էջ։
  • Հայոց պատմություն (դասախոսությունների ձեռնարկ), Երևան, 1998, 277 էջ։
  • Ջավախք (պատմության ուրվագծեր), Երևան, 1999, 103 էջ։
  • Ջավախքը 19–րդ դարում և 20–րդ դարի առաջին քառորդին, Երևան, 2003, 543 էջ[5]։
  • Նյութեր Ախալցխայի և Ախալքալաքի դպրոցների պատմությունից (19–րդ դար – 20–րդ դարի սկիզբ), Երևան, 2005, 178 էջ[6]։
  • Մեր դժվար ժամանակների մեծ հայը՝ Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյան (կյանքն ու գործը), կազմող՝ Աշոտ Մելքոնյան, Երևան, 2007, 340 էջ։
  • Արարատ. Հայոց անմահության խորհուրդը, Երևան, 2008, 96 էջ։
  • Հայաստանը պետական գաղտնի փաստաթղթերում (1922–1929 թթ.), կազմող՝ Աշոտ Մելքոնյան, Երևան, 2008, 352 էջ։
  • Մելքոնյան Աշոտ, Դանիելյան Էդուարդ, Հայոց պատմություն (Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը), Երևան, 2008, 352 էջ։
  • Հայաստանի պատմության և ժողովրդագրության հիմնահարցեր (հոդվածների ժողովածու), Երևան, 2011, 456 էջ։
  • Հայոց պատմության դասերն ու պատգամները (հոդվածների ժողովածու), Երևան, 2013, 632 էջ։
  • Ցեղասպանություն և հայրենազրկում. ճանաչումից հատուցում (հոդվածներ և հարցազրույցներ), Երևան, 2015, 440 էջ[7]։

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հոդվածների մատենագիտություն[8]։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 29-ին.
  2. «Աշոտ Մելքոնյան «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի համահիմնադիր». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 15-ին.
  3. Աշոտ Մելքոնյանի կենսագրությունը
  4. «Աշոտ Մելքոնյան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 1-ին.
  5. Մելքոնյան, Աշոտ Աղասու (2003). Ջավախքը 19-րդ դարում եւ 20-րդ դարի առաջին քառորդին. Զանգակ-97.
  6. Մելքոնյան, Աշոտ Աղասու (2005). Նյութեր Ախալցխայի եւ Ախալքալաքի դպրոցների պատմությունից (19-րդ դար - 20-րդ դարի սկիզբ). ՀՀ ԳԱԱ պատմ. ին-տ. հրատ. ISBN 9789994196944.
  7. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Աշոտ Մելքոնյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 29-ին.
  8. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԵՊՀ 90-ամյա պատմության ֆակուլտետը, խմբ. Էդիկ Մինասյան, Երևան, ԵՊՀ, 2009, էջ 368-369։
  • Ով ով է (Հայեր։ Կենսագրական հանրագիտարան), հատ. 2, Երևան, 2007, էջ 88։
  • Քնարիկ Ավագյան, «Պատմագիտության նվիրյալը» (ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանի ծննդյան 50-ամյակի առթիվ) «Պատմաբանասիրական հանդես», № 1, 2011 թ., էջ351-354. ISSN 0135-0536
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշոտ Մելքոնյան (պատմաբան)» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշոտ Մելքոնյան (պատմաբան)» հոդվածին։