Ֆոքսի էֆեկտ
Ֆոքսի էֆեկտ կամ Դոկտոր ֆոքսի էֆեկտ (անգլ.՝ Dr. Fox effect), սոցիալական հոգեբանության փորձարարական գիտափորձ, հոգեբանական ազդեցության արդյունք, որը ցույց է տվել, որ բանախոսի վաստակը, արտահայտչականությունը և տպավորիչ խոսքը կարող է ավելի կարևոր լինել, քան նրա մատուցած ինֆորմացիան և ամբողջովին քողարկել դասախոսության անարդյունավետ, անբովանդակ լինելը: Այն վարկածը, որ եթե հետազոտողը չափազանց դրական տպավորություն է թողնում հետազոտության մասնակիցների վրա, ապա դա կարող է առաջացնել չափազանց մեծ լավատեսություն, վստահություն, ոչ քննադատական վերաբերմունք, հաստատվել է 1970 թվականին Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի բժշկական քոլեջում անցկացված գիտափորձով, որը հրապարակվել է 1973 թվականին[1]:
Հաստատվել է, որ բանախոսելու տաղանդը կարող է քողարկել ոչ միայն դասախոսության ցածր որակը, արհեստականությունը և անբովանդակ լինելը, այլ նաև, ուսանողներին կարող է թվալ, որ ինչ-որ բան են սովորել: Որոշ կրթական համակարգերում ուսանողները գնահատում են դասախոսներին և դասախոսության որակը: Ֆոքսի էֆեկտի հիպոթեզի հաստատումը կարևոր նշանակություն ունի այդ գնահատականները զգալիորեն ճշգրտելու գործում:
Ֆոքսի էֆեկտը վկայում է նաև հոգեբանական ուսումնասիրությունների ժամանակ վերապահումների մեծ հավանականության մասին, երբ գիտափորձի մասնակիցները դրականորեն են գնահատում հոգեբանին և չափազանց վստահությամբ են վերաբերվում նրան: Դրան նպաստում է հետազոտության ընթացքում հոգեբանի հանգստությունը, ավելորդ էքսպրեսիաներից կամ զգացմունքներն արտահայտելուց խուսափելը:
Դոկտոր Ֆոքսի գիտափորձ
Ֆոքսի էֆեկտ անվանումը կապված է 1970 թվականին Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում անցկացրած մի դասախոսության հետ: Դասախոսության թեման էր «Խաղերի տեսության կիրառումը բժշկական կրթության մեջ» (անգլ.՝ Mathematical Game Theory as Applied to Physician Education.)[2]: Դասախոսությունը գիտափորձ էր, որն իրականացրել են Դոնալդ Նաֆթուլինը, Ջոն Վեյրը և Ֆրանկ Դոննելլին[3]: Նրանց նպատակն էր պարզել, թե որքանով է իմաստավորված ուսանողների կողմից դասախոսներին գնահատելը: Դասախոսության նյութը Scientific American ամսագրում հրապարակված «Խաղերի տեսության» մասին բարդ, բայց ըմբռնելի գիտահանրամատչելի հոդվածն էր[2]: Բանախոսության համար պատրաստված նյութի մեջ այդ հոդվածից կային որոշ արտահայտություններ, մտքեր, բայց ո՛չ իմաստը: Այդ մտքերը խառնված էին առարկայի հետ կապ չունեցող ասոցիացիաների հետ, որոնք զուտ բանավոր մակարդակով կարող էին թվալ նյութի հետ կապ ունեցող:
Հիպոթեզ և նպատակ
Հետազոտության հիպոթեզը կայանում է հետևյալում: Տպավորիչ դասախոսությունը կարող է գոհացնել անգամ փորձված մասնագետներին չնայած դասախոսության անմիտ, հակասական և անիմաստ բովանդակությանը: Պարզել ուսանողների կողմից դասախոսներին գնահատելու օբյեկտիվությունը:
Մեթոդ
Դասախոսությունը կարդալու էր պրոֆեսիոնալ դերասան, ում խոսքը և արտաքինը վստահություն էին ներշնչում: Բարձր վարկանիշով իմիջ ապահովելու համար նրան ներկայացրեցին իբրև Ալբերտ Այնշտայնի անվան Բժշկական քոլեջի դոկտոր Մայրոն Ֆոքս, որը Ֆոն Նեյմանի աշակերտն է և հեղինակություն է վայելում Մարդու վարքագծի մոդելավորման մեջ մաթեմատիկայի կիրառման բնագավառում:
Դասախոսության մեթոդը ընտրված էր կրթության մեջ լայնորեն տարածված ձևաչափով, երբ դասախոսության մեծ մասը նվիրվում է ուսանողների հարց ու պատասխանին[4][5][6][7]: Դոկտոր Ֆոքսի դասախոսությունը տևեց 1 ժամ, որից հետո 30 րոպե տրամադրվեց հարց ու պատասխանին:
Դոկտոր Ֆոքսը իրականում ոչինչ չէր հասկանում դասախոսության թեմայից: Ելույթի բովանդակությունը կառուցված էր գիտական ոճով, սակայն թեմային չէր համապատասխանում, անավարտ էր, հակասական և նեոլոգիզմներով լեցուն: Այնուամենայնիվ որևէ կասկած չհարուցեց: Նա այնքան վստահ էր խոսում, կատակում էր և այնպես վարպետորեն էր ասոցիացիաները խառնում, որ ունկնդիրների մոտ տպավորություն էր ստեղծվել, որ իրենց առաջ ելույթ է ունենում փայլուն գիտնական[8]:
Ունկնդիրներ
Փորձարկումը կատարվել է երեք խմբերի հետ.
- առաջին խումբը կազմված էր 11 մանկավարժներից, հոգեբաններից և հոգեբույժներից, ովքեր հավաքվել էին վերապատրաստման դասընթացի համար: Ունկնդիրները բանախոսին լսում էին մեծ հետաքրքրությամբ և բազմաթիվ հարցեր տվեցին և հիմնականում բավարարված էին նրա պատասխաններով[1][9]: Դոկտոր Ֆոքսը ունկնդրին գրավել էր ոչ վերբալ հաղորդակցության և դիմախաղի միջոցով, չափազանց էքսպրեսիվ՝ վառ արտահայտչականությամբ[10]:
- երկրորդ խումբը կազմված էր 11 հոգեբաններից, հոգեբույժներից և սոցիալական աշխատակիցներից, ովքեր բոլորն էլ դասավանդում էին. նրանք դիտեցին 1-ին խմբին ներկայացրած դասախոսության տեսանյութը: Ավարտից հետո հարցաթերթիկների պատասխաններից պարզ դարձավ, որ որևէ մեկը չի հասկացել դասախոսության բովանդակությունը, իսկ մյուս հարցերին ավելի պակաս դրական պատասխաններ տրվեցին: Լրացուցիչ առանձնահատկությունների մասին հարցին նույնպես ոչ այնքան դրական պատասխաններ էին տրվել՝ չափից ավելի շատ են ժեստերը, իրար չկապակցված մտքերը և այլն: Բայց այնուամենայնիվ դոկտոր Ֆոքսը լսարանի վրա դրական տպավորություն էր գործել, նույնիսկ փորձարկվողներից մեկը պատասխանել էր, որ կարդացել է նրա աշխատանքները
- երրորդ խումբը կազմված էր համալսարանի 33 մանկավարժներից և ղեկավարներից, որոնք հոգեկան առողջության մասնագետ չէին, սակայն հոգեբանական խորհրդատվության փորձ ունեին: Նրանց պատասխանները ավելի մոտ էին առաջին խմբի պատասխաններին, չնայած ընդամենը 28%-ը ասաց, որ դասախոսը մտքերը պարզորոշ էր շարադրել:
Գիտափորձի ավարտից բոլոր փորձարկվողներին հայտնվել է դասախոսության էությունը, սակայն նույնիսկ դրանից հետո էլ նրանք շարունակում էին համարել, որ դոկտոր Ֆոքսը դասախոսության նյութի նկատմամբ հետաքրքրություն է արթնացրել և ավելին իմանալու ցանկություն է առաջացրել[1][11]:
Արդյունքներ
1-ին դասախոսության ավարտից հետո 11 ունկնդիրները, որոնք բարձրակարգ մանկավարժներ էին, ստանդարտ հարցաթերթիկներում գերազանց գնահատական տվեցին Դոկտոր Ֆոքսին[12]: Ունկնդիրները Դոկտոր Ֆոքսի դասախոսության վերաբերյալ անկետայի հարցերին այսպես էին պատասխանել.
- 100%-ը, որ իրենց դատողությունը խթանել է
- 90% -ը, որ նյութը լավ կազմակերպված է ներկայացրել
- 90% -ը, որ նյութը հետաքրքիր է ներկայացրել և այլն:
Հարցեր | Խումբ 1 | Խումբ 2 | Խումբ 3 | |||
---|---|---|---|---|---|---|
Այո | Ոչ | Այո | Ոչ | Այո | Ոչ | |
Did he dwell upon the obvious? Դասախոսին հաջողվել է միտքը հստակ շարադրել |
50 | 50 | 0 | 100 | 28 | 72 |
Did he seem interested in his subject? Դասախոսը հետքրքրված էր իր նյութով |
100 | 0 | 91 | 9 | 97 | 3 |
Did he use enough examples to clarify his material? Բավականաչափ օրինակներով հիմնավորել է նյութը |
90 | 10 | 64 | 36 | 91 | 9 |
Did he present his material in a well organized form? Կազմակերպված է ներկայացրել նյութը |
90 | 10 | 82 | 18 | 70 | 30 |
Did he stimulate your thinking? Խթանել է ձեր անձնական դատողությունը |
100 | 0 | 91 | 9 | 87 | 13 |
Did he put his material across in an interesting way? Հետաքրքիր ձևով է ներկայացրել նյութը |
90 | 10 | 82 | 18 | 81 | 19 |
Have you read any of this speaker's publications? Բանախոսի գիտական որևէ հրապարակում կարդացել եք |
0 | 100 | 9 | 91 | 0 | 100 |
Specify any other important characteristics of his presentation. Այս դասախոսության որևէ այլ առանձնահատկություն |
Հոգեբանների, հոգեբույժների, սոցիալական աշխատողների համար կարդացված դասախոսության ադյունքները գրեթե չէին տարբերվում մանկավարժների արդյունքներից (ընդամենը 55 հոգի) և հաստատեցին առաջադրված հիպոթեզը: Սա իհարկե, վաղեմի պատմություն է, սակայն խորհելու տեղիք է տալիս, հատկապես Նաֆթուլինի տրամադրած տեսանյութերը դիտելիս[1][13]:
Եզրակացություն
Որոշ հետազոտողներ համանման գիտափորձեր են կատարել և հաստատել են, որ դասախոսից ստացած ոչ վերբալ տեղեկույթը էականորեն ազդում է ունկնդիրների նյութի ըմբռնմանը:
Ֆոքսի էֆեկտի գիտափորձի կազմակերպիչների եզրակացությունները նեղ, միայն մանկավարժական հոգեբանության շրջանակներն են կատարել: Դոկտոր Նաֆթուլինը ենթադրեց, մանկավարժները դերասանական ունակություններով պետք է օժտված լինեն, որ ուսանողները լավ ըմբռնեն նյութը:
Սակայն հետազոտության արդյունքները առավել բարդ սոցիալական երևույթները հասկանալու հնարավորություն է տալիս: Օրինակ, որոշ քաղաքական և կրոնական առաջնորդների ազդեցությունը իրենց հետևորդների վրա բացատրելու համար: Իրավիճակային առումով միանման են. անիմաստ, չկապակցված և հետևորդների համար բացարձակապես ոչ պետքական հայացքները դառնում են կյանքի իմաստ միայն իրենց մատուցման ձևից ելնելով, այլ ոչ թե բովանդակության համար:
Ֆոքսի էֆեկտին նպաստող պայմաններ
Դոկտոր Ֆոքսի էֆեկտը կգործի կամ ունկնդիրները կամ մասնակիցները ելույթ ունեցողի խոսքը հալած յուղի տեղ կընդունեն, եթե.
- համատեքստը կառուցված է ըստ հավուր պատշաճի. ելույթ ունեցողը ներկայացրել է իր ձեռքբերումները կամ շնորհները, միջոցառումը հեղինակավոր ձևով է ներկայացված, ինչպես օրինակ հանդիպում փորձագետի հետ, գիտական կոնֆերանս, գերարդյունավետ վերապատրաստում, ինչ-որ մարաթոն և այլն
- բանախոսը կիրառում է գիտական կամ գիտականին մոտ տերմիններ և ամբողջական եզրահանգումներ, ընդ որում, էական չէ դրանց տրամաբանական կապը
- բանախոսը հանդես է գալիս փորձագետի դերում. խոսում է վստահ, չի շփոթվում, ունկնդրի համար նոր տեղեկությունը գիտականացված ձևով է մատուցում
- բանախոսը բարեհամբույր է, ունկնդրին գրավում է, տեղին կատակում է, բացահայտ նայում է ունկնդրի աչքերին, ժպտում է և այլն:
Ինչպես պաշտպանվել Ֆոքսի էֆեկտից
Ֆոքսի էֆեկտի ազդեցությունից խուսափելու համար ուշադիր լինելն այնքան էլ չի գործում: Կարելի է.
- ելույթը ձայնագրել, հետագայում ստուգելու համար. որևէ որոշում ընդունելուց առաջ ստուգել ստացած ինֆորմացիան
- չամաչել հիմար հարցեր տալուց. ավելի լավ է ծիծաղի արժանանալ, լսարանից դուրս հրավիրվել, քան թե հիմարացված լինել
- աշխատել գիտական կամ գիտականանման տերմինները և ձևակերպումները թարգմանել պարզ առօրեական լեզվով. Լուք դե Վովենարգն ասել է. «կեղծ միտքը պարզեցնելու դեպքում ինքնուրույն կհերքվի»
- խորհել հանդիպման (դասախոսության, թրեյնինգի) գնալու, տեսանյութ դիտելու, գիրք կարդալու նպատակի մասին. ինչ արդյունք եք ակնկալում
- խորհել, թե արդյոք ինքնուրույն եք կայացրել միջոցառման, դասախոսության մասնակցելու որոշումը, թե ներքաշվել եք դրա մեջ[14]:
Այլ բնագավառներում
Դերասանական և հռետորական տաղանդով օժտված մարդիկ կարող են իրենց տաղանդով հզոր ազդեցություն ունենալ այլ մարդկանց վրա: Դոկտոր Ֆոքսի էֆեկտով է բացատրվում բազմաթից բանախոսների հաջողությունը, որոնք բարեհամբույր, գրավիչ տոնով, փորձագետի ոճով գիտականանման անհեթություններ են ասում: Բազմաթիվ կեղծ դասախոսություններ, տեսահոլովակներ, հոդվածներ և գրքեր հեղինակություն են ձեռք բերել դոկտոր Ֆոքսի էֆեկտի միջոցով: Բազմաթիվ կազմակերպություններ, օրինակ, տոտալիտար ապակառուցողական աղանդները, դիանեմիկայի[15] նման փսիխոկուլտերը (հոգեթերապիայի և հոգեբանական ուսուցման) զանգվածային դասախոսություններով իրենց շարքերն են ներգրավում նորանոր անդամներ: Դոկտոր Ֆոքսի էֆեկտի մասին գիտելիքները հնարավորություն են տալիս հասկանալ, թե ինչու է մարդկանց ներգրավման այդ մեթոդը արդյունավետ գործում:
Հղումների կրկնօրինակման տեսություն
Ֆոքսի էֆեկտի երևույթը նոր երանգ է ստացել, երբ բացահայտվեց, որ գիտական մեջբերումների 80% -ը հեղինակները չեն կարդում, այլ դրանք արտագրում են ուրիշ հոդվածներում բերված գրականության ցանկերից[16]: Եվ դա պատահական չէ, քանի որ հոդվածի հրապարակումը կախված է հղումների քանակից: Հետևաբար գիտական մեջբերումները չեն կարող համարվել հոդվածագրի անկախ գնահատականի և որակյալ մեջբերում լինելու ապացույց, այլ մեկ ուրիշ հեղինակի ընտրած մեջբերման կրկնօրինակում: Հղումների կրկնօրինակման արդյունքում այն հոդվածը, որից հղում է կատարվել, կրկին հղվելու ավելի մեծ հնարավորություններ ունի, իսկ, երբ նրան կրկին հղեն, ապա այն կունենա է՛լ ավելի շատ հղումներ ունենալու շանսեր: Այս շղթայական ռեակցիայի շնորհիվ հոդվածը կարող դառնալ շատ հղվող անկախ նրա բովանդակությունից: Գիտնականի հեղինակության աստիճանը որոշվում է նրա հոդվածներին արված հղումների քանակով: Հետևաբար, գիտնականը կարող է հեղինակություն ձեռք բերել, անկախ իր աշխատանքի բովանդակությունից[17]: Սա տարօրինակ է թվում, քանի որ դժվար է պատկերացնել, որ ոչինչ չիմացող մարդը կարող է հեղինակություն ձեռք բերել: Դոկտոր Ֆոքսի դասախոսությունները ցույց են տալիս, որ դա իրո՛ք հնարավոր է: Այս վաղուց մոռացված գիտափորձը հիմնավորում է հղումների տեսության վերաբերյալ եզրակացությունները[18]:
Տես նաև
- Առաջին տպավորության էֆեկտ
- Պլացեբոյի էֆեկտ
- Հոթորնի էֆեկտ
- Լսարանի էֆեկտ
- Պիգմալիոնի կան Ռոզենթալի էֆեկտ
- Բառնումի կամ Ֆոռերի էֆեկտ
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Donald H. Naftulin, M.D., John E. Ware, Jr., and Frank A. Donnelly. THE DOCTOR FOX LECTURE: A PARADIGM OF EDUCATIONAL SEDUCTION. Journal of Medical Education, vol. 48, July 1973, p. 630-635
- ↑ 2,0 2,1 Anatole Rapoport, The Use and Misuse of Game Theory. Scientific American, 207: 108-118, December 1962. (անգլ.)
- ↑ Donald H. Naftulin, M.D., John E. Ware, Jr., and Frank A. Donnelly THE DOCTOR FOX LECTURE: A PARADIGM OF EDUCATIONAL SEDUCTION. Journal of Medical Education, vol. 48, July 1973, p. 630-635
- ↑ Gage, N. L. (Ed.). Handbook of Research on Teaching. New York: Rand McNally, 1963, pp. 506, 464, and 481.
- ↑ [1]
- ↑ Rainer Knauf. Klaus P. Jantke Towards an Evaluation of (e-) Learning Systems.(անգլ.)
- ↑ N. L. Gage Psychological Research on Teacher Education for the Great Cities. First Published April 1, 1965 (անգլ.)
- ↑ Anatol Rapoport The Use and Misuse of Game Theory - Department of Mathematics.
- ↑ Doctor Fox Lecture 1970 (անգլ.)
- ↑ Doctor Fox Lecture 1970 (անգլ.)
- ↑ Эффект доктора Фокса. 1999 LiveJournal
- ↑ Людмила Копец. Эффект Фокса. Классические эксперименты в психологии — К., 2010 (ռուս.)
- ↑ Dr. Fox Foxes the Muggles but not the Mavens. (անգլ.)
- ↑ Previous Entry Share Next Entry. Эффект доктора Фокса.
- ↑ Մարդկային մտքի և հոգեբանության օրինաչափությունների ուսումնասիրությամբ զբաղվող գիտություն, հոգեկան առողջության պահպանման արվեստ
- ↑ Михаил Симкин. Опиум учёных. 11.9.2007
- ↑ M.V. Simkin, V.P. Roychowdhury. Stochastic modeling of citation slips. Scientometrics, 62, No.3, pp. 367-384 (2005) Սխալների ստոխաստիկ մոդելավորումը մեջբերումներում (անգլ.)
- ↑ Doctor Fox Lecture (անգլ.), Лекция доктора Фокса. (ռուս.)
Արտաքին հղումներ
- Donald H. Naftulin, M.D., John E. Ware, Jr., and Frank A. Donnelly
THE DOCTOR FOX LECTURE: A PARADIGM OF EDUCATIONAL SEDUCTION. Journal of Medical Education, vol. 48, July 1973, p. 630-635
- Doctor Fox Lecture 1970
- Dr. Fox Foxes the Muggles but not the Mavens
- Doctor Fox Lecture (անգլ.), Лекция доктора Фокса. (ռուս.)
- Людмила Копец Эффект Фокса. ПСИ-ФАКТОР
- To Explain: A Review of Research - ASCD. 1968 (անգլ.)
Տեսանյութեր
- Շնորհանդեսի տեսանյութ ՅուԹյուբում
- Ինչու է սոցիոպատ հաջողության հասել. ոճը կարևոր է ավելի, քան նյութы (Lovefraud.com) (անգլ.)
- Simple Show Dr. Fox Experiment. Ֆոքսի գիտափորձի օրինակ (գերմ.)