Jump to content

Ռոզենթալի էֆեկտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պիգմալիոնի էֆեկտից)

Ռոզենթալի էֆեկտ կամ Պիգմալիոնի էֆեկտ, (անգլ.՝ Rosenthal effect կամ Pygmalion effect), փորձարկողի կողմնակալության էֆեկտ[1], սոցիալական հոգեբանական ֆենոմեն, ըստ որի անձի գործողությունների բնույթը հիմնականում պայմանավորված է իր մարգարեությունը իրականացած տեսնելու սպասելիքներով և շրջապատի արձագանքների մեկնաբանությամբ, որն էլ հրահրում է մարգարեության ինքնաիրականացում։ Այսինքն, եթե մարդը նախապես կողմնորոշված է որևէ կարծիքի նկատմամբ, ապա նա իր վարքագծով ձգտում է հաստատել այդ կողմնորոշումը։

Սա մեկն է ներքին վավերականությանը սպառնացող գործոններից, որը սերտորեն կապված է հետազոտողի հատկությունների հետ։ Պայմանավորված է փորձարարի հոգեկան ինքնակարգավորման անգիտակցականի մակարդակով։ Կարող է ի հայտ գալ ցանկացած գիտության մեջ և ուսումնասիրության կամ գիտափորձի ցանկացած փուլում՝ անցկացման, արդյունքների մշակման, դրանց մեկնաբանման ընթացքում և այլն։

Փորձարարը, որը վստահում է հիպոթեզին կամ ինֆորմացիայի հավաստիությանը, ակամայից այնպես է գործում, որպեսզի իր ստացած արդյունքները հաստատեն հիպոթեզը։ Ամերիկյան հոգեբան Ռոբերտ Ռոզենթալը (անգլ.՝ Robert Rosenthal) այդ երևույթն անվանել է «Պիգմալիոնի էֆեկտ»՝ զուգահեռներ անցկացնելով հին հունական դիցաբանական հերոս Պիգմալիոնի կերպարի հետ։

Նմանատիպ մեխանիզմով է գործում արտապատկերային նույնականացումը (հոգեվերլուծության մեջ)։

Մարդուն հատուկ է իր իմացության սահմանները համարել տիեզերական։

1988 թվականին Սթերլինգ Լիվինգսթոնը Harvard Business Review ամերիկյան հանրահայտ բիզնես-ամսագրում հրապարակել է «Պիգմալիոնի էֆեկտը կառավարման համակարգում» հոդված, որը ներառված է որոշ բիզնես դպրոցների դասավանդման ծրագրերում։ Նա փաստերով հիմնավորել է աշխատակցի ցուցանիշների վրա գործատուի սպասելիքների ազդեցության արդյունավետությունը[2]։

Բերնարդ Շոու, 1909

Պիգմալիոնի էֆեկտ տերմինը վերցված է Բերնարդ Շոուի «Պիգմալիոն» կատակերգական պիեսից (1912): Այն կիրառվում է որպես ինքնաիրականացվող մարգարեության հոմանիշ։ Ռոբերտ Ռոզենթալն ու Լենոր Ջեկոբսոնն այն կիրառել են աշակերտի առաջադիմության վրա (Գալաթեայի էֆեկտ) ուսուցչի ունեցած սպասելիքների (Պիգմալիոնի էֆեկտ) ազդեցությունը նկարագրող իրենց գրքում[3]։

Բերնարդ Շոուն պիեսը գրել է Հին հունական դիցաբանական հերոս, Կիպրոսի կնատյաց արքա Պիգմալիոնի մասին առասպելի ենթատեքստով. Պիգմալիոնը փղոսկրից կերտեց չնաշխարհիկ աղջկա արձան։ Նա հիացավ իր կերտածով։ Անունը դրեց Գալաթեա և որքան հիացավ, այնքան ավելի շատ արժանիքներ նկատեց ու սիրահարվեց նրան։ Պիգմալիոնը Գալաթեային վերաբերվում էր որպես կնոջ, շոյում էր, համբուրում, սիրո խոսքեր ասում, թանկարժեք զգեստներ հագցնում։ Նա Աֆրոդիտեին խնդրեց իրեն Գալաթեայի նման կին պարգևել։ Սիրո աստվածուհին, զգացվելով այդ նվիրումից ու սիրուց, Գալաթեային կենդանություն տվեց («մետամորֆոզ»)[4]։ Պիգմալիոնն ամուսնացավ նրա հետ և ունեցավ այնպիսի կին, ինչպիսին ուզում էր[5]։

Պիգմալիոն և Գալաթեա, նկարիչ Ժան Լեոն Ժերոմ, Մետրոպոլիտեն թանգարան (Նյու Յորք), 1890

Ըստ Բերնարդ Շոուի «Պիգմալիոնը» պիեսի՝ լեզվաբանության պրոֆեսոր Հենրի Հիգինսը գնդապետ Պիգերինգի հետ գրազ է գալիս, որ գռեհիկ ծաղկավաճառուհի Էլիզա Դուլիթլին բարձրաշխարհիկ դքսուհի կդարձնի։ Դա հաջողվում է, և Հիգինսը սիրահարվում է իր ստեղծած կերպարին[6][7][8]։ Պիեսում Պիգմալիոնի մասին որևէ հիշատակում չկա։ Դրա մասին հեղինակը խոսում է վերջաբանում, որը նա գրել է ավելի ուշ, երբ պիեսը պատրաստել է տպագրության։ Սակայն խոսքի ուժի գաղափարը սկսվում է հենց վերնագրից, որը հին հունական դիցաբանական պատմություն տեսնելու ակնկալիքներ է առաջացնում։ Ընթերցողը կամ հանդիսատեսը ողջ ընթացքում փնտրում է հերոսին՝ Պիգմալիոնին։ Առաջանում է հուսախաբության էֆեկտ, որը պայմանավորված է մարդու մտածողության գործընթացի հոգեբանությամբ. մարդը որևէ տեղեկատվություն ստանալուց հետո իր մտքում ակնթարթորեն կառուցում է փոխկապակցված գործողությունների որոշակի շարք։ Սակայն եթե այդ ֆոնի վրա որևէ անհավանական տարր է ի հայտ գալիս, ապա անընդհատությունը խախտվում է, և մարդը միացնում է գիտակցությունը, ջանքեր է գործադրում այն հասկանալու համար, փլվում են կաղապարները, մտածողության կարծրատիպերը, կարծիքների և ավանդույթների դոգմայականությունը[9]։

...ծաղկավաճառի և դքսուհու միջև տարբերությունը նրանում չէ, թե ինչպես են նրանք իրենց դրսևորում, այլ նրանում, թե ինչպես են նրանց հետ վարվում։ Պրոֆեսոր Հիգենսի համար ես միշտ կլինեմ ծաղկավաճառ, քանի որ նա ինձ վերաբերվում է որպես ծաղկավաճառի, բայց ես գիտեմ, որ ձեզ [Պիգերինգի] հետ կարող եմ լեդի լինել, քանի որ դուք ինձ վերաբերվում եք և միշտ կվերաբերվեք որպես լեդիի[10]։
- Բերնարդ Շոու, Պիգմալիոն, Էլիզա Դուլիթլ

Ռոզենթալի գիտափորձ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան հոգեբան Ռոզենթալը առնետների հետ կատարած գիտափորձով հիմնավորել է Պիգմալիոնի էֆեկտի ազդեցությունը։ Ռոզենթալը մասնակիցներին (փորձարկվողներին) որոշակի աշխատանք էր հանձնարարել (գիտափորձ) կապված առնետների պոպուլյացիայի հետ։ Պետք է հետևեին առնետների վարքը լաբիրինթոսում։ Մի դեպքում մասնակցին ասում էին, որ առնետը խելացի է, իսկ մյուս դեպքում՝ հիմար է։ Արդյունքները հաստատեցին այդ պնդումները։ Պարզվեց, որ խելացի առնետի հետ գործ ունեցած մասնակիցը նրա հետ մեղմ էր վարվում, շոյում էր նրան՝ այդպիսով լրացուցիչ նպաստավոր պայմաններ ստեղծելով լաբիրինթոսով անցնելու համար։ Փորձնական հաստատում ստացած Պիգմալիոնի էֆեկտն ստացավ Ռոզենթալի էֆեկտ անվանումը։

Աշակերտների IQ որոշող գիտափորձ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1965 թվականին Ռոզենթալը և Ջակոբսոնը նմանատիպ գիտափորձ իրականացրին դպրոցում, որտեղ փորձարկման ենթարկվեցին ուսուցիչները։ Հետազոտությունը իրականացվում էր 18 դասարաններում միաժամանակ։ Նրանք ուսուցիչներին տեղեկացրին, որ որոշ աշակերտներ առանձնահատուկ ընդունակություններ ունեն, ուղղակի դեռևս իրենց չեն բացահայտել, պետք է ուշադիր լինել նրանց նկատմամբ և նրանց ընդունակություններն ի հայտ կգան։ Ուսուցիչները նախկինում չէին նկատել նրանց ընդունակությունները, սակայն վստահեցին գիտնականների կարծիքին։ 8 ամիս անց պարզվեց, որ ընդունակ (նույնքան, ինչքան առնետները) աշակերտներն առավել բարձր արդյունքներ ցույց տվեցին, քան անընդունակները[3]։

Արդյունքներից եզրակացություն արվեց, որ հատկապես տարրական դասարանցիների առաջադիմության վրա կարևոր ազդեցություն են ունենում ուսուցչի սպասելիքները աշակերտից։ Ուսուցչի ուշադրությունը և տրամադրությունը դրականորեն է ազդում առաջադիմության վրա, և ուսուցիչն իր դրական նախատրամադրվածությամբ, առանց դասավանդման մեթոդաբանության փոփոխության, աշակերտին խրախուսելու միջոցով կարող է ոչ միայն օգնել աշակերտին դժվարությունները հաղթահարելու հարցում, այլ նույնիսկ բուժել։

Համակրանքի փորձարկում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրինակ, ինքնաիրականացվող մարգարեությունը կարող է հանգեցնել համակրանքի։ Ռեբեկա Կյորտիսը և Քիմ Միլլերը[11] ներկայացրել են այդ գործընթացը և կատարել են հետևյալ փորձարկումը։ Քոլեջի մի խումբ ուսանողների, որոնք բոլորն իրար անծանոթ էին, բաժանել են զույգերի։ Յուրաքանչյուր զույգից պատահականության սկզբունքով ընտրել են մեկին, որին հատուկ տեղեկություն են հայտնել մյուսի մասին. ընտրված ուսանողների մի մասին հայտնել են, որ զուգընկերը համակրում է իրեն, իսկ մյուս մասին, որ չի համակրում։

Այնուհետև զույգերին հնարավորություն են տվել հանդիպել և խոսել միմյանց հետ։ Ինչպես և կանխատեսում էին հետազոտողները, այն ուսանողները, որոնց հայտնի էր, որ դուր են գալիս իրենց զույգին, ավելի համակրելի վարք էին ցուցաբերում դիմացինի նկատմամբ, առավել անկեղծ էին, քննարկվող հարցերի վերաբերյալ ավելի քիչ էին չհամաձայնվելու դեպքերը և ընդհանուր առմամբ նրանց շփումն ավելի հաճելի և սրտամոտ էր, քան այն ուսանողներինը, ովքեր կարծում էին, որ իրենց զույգին դուր չեն գալիս։ Դեռ ավելին, նրանք, ովքեր կարծում էին, որ դուր են գալիս իրենց զույգին, իսկապես ավելի շատ էին արժանանում դիմացինի համակրանքին, քան նրանք, ովքեր կարծում էին, որ զույգը հակակրանք չի զգում իրենց նկատմամբ։ Այսինքն զուգընկերները այլ մարդու վարքը պատճենելու միտում էին դրսևորում։

Խելացի Հանսի էֆեկտ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիլհելմ ֆոն Օստինը Խելացի Հանսի հետ (1908)

Ռոզենթալի մեթոդիկայով մարդկանց հոգեբանությունն ուսումնասիրելուց գրեթե կես դար առաջ կենդանիների համեմատական հոգեբանության ուսումնասիրության գործում էական նշանակություն է ունեցել Խելացի Հանսի էֆեկտի բացահայտումը։ Խելացի Հանսը մաթեմատիկայի ուսուցիչ, գերմանացի Վիլհելմ ֆոն Օստինի ձին էր, որը կարողանում էր հաշվել, թվաբանական զանազան գործողություններ կատարել, գերմաներեն կարդալ։ Բոլոր հարցերին պատասխանում էր սմբակների դոփյունների քանակով։ Հանսի համբավը Գերմանիայից Ամերիկա հասավ, նրա մասին հոդված լույս տեսավ New York Times-ում։ Նրա ֆենոմենը բացահայտելու համար ձևավորվեց Հանսի հանձնաժողով (1904), որը գլխավորում էր գերմանացի հոգեբան, փիլիսոփա, երաժշտական տեսաբան Կարլ Շտումպֆը (գերմ.՝ Friedrich Carl Stumpf (1846-1936)), որից հետո նրա աշակերտ Օսկար Պֆունգստը։ Պարզվեց, որ իրոք, Հանսը պատասխանները տալիս էր տիրոջ կողմից առանց որևէ խաբեություն կիրառելու, սակայն Հանսը հիմնականում ճիշտ էր պատասխանում, երբ տեսնում էր հարց տվողին և, եթե վերջինս գիտեր հարցի պատասխանը (89 %)։ Երկարատև ուսումնասիրություններից հետո Պֆունգստը եզրակացություն արեց, որ հարց տվողն ակամայից որոշակի ազդանշաններ է փոխանցում պատասխանողին և որքան էլ որ ցանկանում է զերծ մնալ դրանից, այնուամենայնիվ ազդանշանները ճնշել ամբողջությամբ չի հաջողվում[12]։

Փորձարարի կողմնակալության էֆեկտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փորձարարի կողմնակալության էֆեկտը պայմանավորված է հետազոտողի անձնական հատկանիշներով։ 1966 թվականին Ռոզենթալը նկարագրել է փորձարարի գործունեության հետևյալ հատկությունները, որոնց դեպքում ի հայտ են գալիս արտեֆակտները լատին․՝ artefactum arte - արհեստական + factus - արված).

  1. փորձարարի սպասելիքներով է պայմանավորված նրա ստացած արդյունքները,
  2. փորձարարի գիտակցումը, որ իր սպասելիքները կարող են ազդել փորձի արդյունքների վրա կարող է հակառակ ազդեցություն ունենալ, այդպիսով, կողմնակալ չգտնվելու ձգտումից նա կփնտրի և կկենտրոնանա այն տվյալների վրա, որոնք հակասում են հիպոթեզին,
  3. փորձարարները, որոնք հետազոտության սկզբում շատ լավ արդյունքներ են ստանում, ձգտում են էլ ավելի բարելավել հետագա տվյալները, նաև նույն փորձարարները, որոնք ի սկզբանե վատ արդյունքներ են ստանում, հետագայում ինքնաբերաբար վատացնում են դրանք,
  4. փորձարարի կողմնակալության էֆեկտը ի հայտ է գալիս նրանում, որ նա ակամայից ընտրում է ցանկալի տվյալները («կեղծում է» դրանք) կամ փորձարկվողներին հուշումներ է անում նրանց կողմնորոշելով։ Նա անգիտակցաբար (վերբալ կամ իմպլիցիտ վարքով) աջակցում է փորձարկվողի հատկապես այն գործողությունները, որոնք հաստատում են հիպոթեզը,
  5. փորձարարի կողմնակալությունը դրսևորվում է ձայնի հնչերանգում, ինչպես նաև վիզուալ, եթե նա և փորձարկվողը միասին են աշխատում և գիտափորձի ընթացքում միմյանց տեսնում են,
  6. կողմնակալության էֆեկտը առավելապես դրսևորվում է այն փորձարարների մոտ, որոնք աջակցելու հակում ունեն, ակտիվ ժեստեր են անում, ընկերական են և հետաքրքրություն են ցուցաբերում փորձարկվողների նկատմամբ,
  7. էֆեկտն ավելի արտահայտիչ է դառնում, երբ փորձարկվողն ու փորձարարը իրար ճանաչում են,
  8. կին-փորձարարներն ավելի շատ են հակված կողմանակալության, քան տղամարդիկ։

Ռոզենթալը եզրակացրեց, որ փորձարարը, հետաքրքրված լինելով գիտափորձի արդյունքներով, ցուցաբերում է կողմանակալություն։ Փորձարարը կազմակերպում է հետազոտվողի գործողությունները, հանձնարարություն է տալիս, արդյունքները գնահատում է, ուսումնասիրության պայմաններն է փոխում, գրանցում է մասնակցի վարքի առանձնահատկությունները և նրա գործունեության արդյունքները։ Փորձարարները տարբեր մոտիվացիաներ են ունենում, տարբեր էթնամշակութային առանձնահատկություններով։ Նորարարության ձգտման և իսկական գիտնականի պահվածք ցուցաբերելու դեպքում գիտնականները իմացության ուղիների և միջոցների մասին տարբեր պատկերացումներով են հանդես գալիս։

Իր տեսության ապացույցներով հետաքրքրված հետազոտողի ազդեցությունը չեզոքացնելու համար պետք է գիտափորձի մեջ ընդգրկել այլ գիտնականների, որոնք նպատակներին և տեսությանը տեղյակ չեն։ Նաև տեղին կլինի, եթե հետազոտության արդյունքները ստուգվեն այլ՝ հեղինակի հիպոթեզի նկատմամբ քննադատորեն տրամադրված մասնագետների կողմից։

Պիգմալիոնի էֆեկտով պայմանավորված սխալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Չափազանց բարձր արդյունքների նսեմացում։ Հնարավոր է նաև ցածր արդյունքների գերագնահատում, ցուցանիշների դեֆորմացիա և արդյունքների միջինացում։ Պատճառը կարող է լինել հետազոտության իր անձնական տվյալներին «կապակցելու» անգիտակցական ձգտումը,
  • ծայրահեղ գնահատականներից խուսափելու համար (և՛ ցածր, և՛ բարձր) միայն միջին արժեքների շուրջ տվյալների խմբավորումը,
  • փորձարարական շարքի որոշակի պարամետրի կամ որոշակի խնդրի նշանակության գերագնահատումը։ Խնդիրների և անհատական հատկանիշների գնահատումը կատարվում է նախատրամադրվածության այդ տեսանկյունից։

Փորձարարով պայմանավորված արտեֆակտները չեզոքացնելու համար անհրաժեշտ է ավելացնել հետազոտողների թիվը, հետևել նրանց վարքին, հատուկ ուսուցում անցկացնել, չներկայացնել հիմնական հիպոթեզը, հնարավորինս նվազագույնի հասցնել փորձարկողի և փորձարկվողի անձնական շփումները։

Պիգմալիոնի էֆեկտը կառավարման ոլորտում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուսադրման ազդեցությունը հայտնի է բժիշկներին, մանկավարժներին և բոլոր այն մասնագետներին, որոնց աշխատանքը կապված է մարդկանց հետ։ 1988 թվականին Սթերլինգ Լիվինգսթոնը Harvard Business Review ամերիկյան հանրահայտ բիզնես-ամսագրում հրապարակել է «Պիգմալիոնի էֆեկտը կառավարման համակարգում» հոդված, որը կիրառվում է որոշ բիզնես դպրոցների դասավանդման ծրագրերում։ Լիվինգսթոնը հիմնավորել է աշխատակցի ցուցանիշների վրա գործատուի սպասելիքների անգնահատելի ազդեցությունը։ Գալաթեայի և Պիգմալիոնի էֆեկտները հիմնարար սկզբունքներ են, որոնք ֆինանսական միջոցներ չեն պահանջում և սպասելիքների արդյունավետ իրականացման և դրանց բարելավման գործում անփոխարինելի դեր կարող են ունենալ։ Պիգմալիոնի էֆեկտը նա ներկայացրել է հետևյալ ընդհանուր գծերով.

  • յուրաքանչյուր ղեկավար իր ենթակայության տակ գտնվող աշխատակիցներից որոշակի սպասելիքներ ունի
  • ղեկավարները այդ սպասելիքները գիտակցաբար կամ անգիտակցաբար փոխանցում են աշխատակիցներին (աշխատակցի հետ շփվելուց հրաժարվելն անգամ սպասելիքների փոխանցում է)
  • աշխատակիցները գիտակցաբար կամ անգիտակցաբար ընկալում են ղեկավարի այդ սպասելիքները
  • աշխատակիցները գործում են ղեկավարից ստացած սպասելիքներին համապատասխան։

Սա մանիպուլյացիա չէ, քանի որ եթե ղեկավարը վստահ չէ տվյալ աշխատանքը կատարելու աշխատակցի հնարավորությունների վրա, կամ կարծում է, որ նա վատ կաշխատի, ապա գործնականում չի կարող թաքցնել իր սպասելիքները, քանի որ այդ տեղեկատվությունը, որպես կանոն, միտումնավոր կամ որևէ գիտակցված գործողություններով չի փոխանցվում։ Առաջին հայացքից պարզունակ թվացող արտահայտությունները իրականում մոգական ազդեցություն են գործում, հատկապես երբ ուղեկցվում են ոչ վերբալ հաղորդակցությամբ (կեցվածք, ձայն ժեստ և այլն)։ Ըստ էության մենեջերը Պիգմալիոն է։ Եթե նա մեծ սպասելիքներ ունի իր աշխատակիցներից, ապա նրանց ինքնագնահատականը կաճի, ընդունակությունները կզարգանան, աշխատանքի արդյունավետությունը բարձր մակարդակի կհասնի։ Այդ պատճառով լավ մենեջերի խնդիրն է աշխատակցին սեփական ուժերի նկատմամբ վստահություն և հավատ ներշնչել[2]։

Դրական սպասելիքներ ներշնչելու ուղիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լավ մենեջերը կամ ղեկավարը կարող է բարձրացնել աշխատակցի ինքնագնահատականը հետևյալ կերպ.

  • աշխատակիցների համար փորձ ձեռք բերելու համար պայմաններ ստեղծել, քայլ առ քայլ բարդացող խնդիրներ առաջադրել, նախքան հաջորդ քայլին անցնելը համոզվել, որ նախորդ խնդիրը լիաժեք կատարված է,
  • թույլ տալ, որ աշխատակիցն իրապես հաջող նախագծերում ներգրավվի, որոնք կնպաստեն նրա և խմբի աշխատանքի հետագա բարելավմանը,
  • աշխատակցի գործունեության բնույթը որոշել նրա հետ միասին, հնարավորություն ընձեռնել, որ աշխատակիցը իր ցանկալի գիտելիքները ստանա,
  • նոր աշխատակցին կցել բարձր որակավորում ունեցող աշխատակցի հետ,
  • աշխատակցի հետ պահպանել որոշակի վերբալ շփում՝ թույլ տալով հասկանալ, որ կազմակերպությունը վստահում է տվյալ աշխատանքը կատարելու նրա հնարավորություններին,
  • ձգտել հակադարձ կապը դարձնել դրական և հնարավորինս զարգացող՝ ցույց տալով, որ հավատում է աշխատակցի հաջողությանը և հետագա աճին[13]։

Ներքին վավերականությանը սպառնացող այլ գործոններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Э. Аронсон, Р. Эйкерт, Т. Уилсон. Социальная психология. Психологические законы поведения человека в социуме = Social Psychology. — 5-е международное издание, дополненное и расширенное. — СПб.: Прайм-ЕВРОЗНАК, 2004. — ISBN 5-93878-134-5.
  • Зароченцев К. Д., Худяков А. И. Экспериментальная психология : учебник. — М. : Проспект, 2005. — С. 66. — 208 с. — 3000 экз. — ISBN 5-98032-770-3.
  • Flanagan, J. C. Tests of general ability: technical report. Chicago, Ill: Science Resea rch Associates, 1960.
  • Rosenthal, R. The effect of the experimenter on the results of psychological research. In B. A. Maher (Ed. ) Progress in experimental personality research. Vol. 1. New York: Academic Press, 1964. pp. 79–11
  • Rosenthal, R. Experimenter effects in behavioral research. New York: AppletonCentury-Crofts, in press.
  • Rosenthal, R., & Fode, K. L. The effect of experimenter bias on the performance of the albino rat. Behavioral. Science, 1963, 8, 183-189.
  • Rosenthal, R., & Lawson, R. A longitudinal study of the effects of experimenter bias on the operant learning of. laboratory rats. Journal of Psychiatric Research, 1964, 2, 61-72.
  • Robert Rosenthal, The Pygmalion Effect and its Mediating Mechanisms in Improving Academic Achievement: Impact of Psychological Factors on Education ed. Joshua Aronson (2002)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Людмила Копец Эффект Пигмалиона (или эффект Розенталя) (ռուս.)
  2. 2,0 2,1 John Sterling Livingstone «Эффект Пигмалиона» в сфере управления անգլերենից թարգմ. (ռուս.)
  3. 3,0 3,1 Robert Rosenthal և Lenore JacobsonTeachers’ Expectancies: Determinants Of Pupils’ IQ Gains. Psychological Reports, 1966, 19, 115-118 (անգլ.)
  4. Օվիդիուս Metamorphoses. (անգլ.)
  5. Morford, Mark (2007). "Classical Mythology". Oxford University Press, p. 184
  6. Бернард Шоу. Пигмалион (ռուս.)
  7. «Два самых важных секрета менеджмента: эффекты Пигмалиона и Галатеи». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 3-ին.
  8. Pygmalion. КиноПоиск
  9. Алекс Кронин К вопросу о поэтике пьесы Д. Б. Шоу Пигмалион. Проза.ру (ռուս.)
  10. "Pygmalion : a romance in five ats" Պիեսի բնօրինակ տեքստը ֆիլմի համար արված լրացումներով
  11. Curtis, C. R., & Miller, K. (1986).
  12. ALAN BELLOWS. Clever Hans the Math Horse.
  13. Елена Николенко Два самых важных секрета менеджмента: эффекты Пигмалиона и Галатеи. Արխիվացված 2016-12-31 Wayback Machine Психология бизнеса. (ռուս.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]