Հոթորնի էֆեկտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոթորնի էֆեկտ (անգլ.՝ Hawthorne effect, ըստ հետազոտության անցկացման վայրի` Հոթորնի գործարանի (անգլ.՝ «Hawthorne Works») անվան), սոցիալական հոգեբանական մի քանի գիտափորձերի արդյունք, մարդկանց վրա պայմանների ազդեցության արդյունք, երբ նորարարությունը, գիտափորձի նկատմամբ հետաքրքրությունը կամ տվյալ հարցի վերաբերյալ մեծ ուշադրությունը հաճախ այնպիսի խթան է հանդիսանում, որ հանգեցնում է իրական արդյունքների խեղաթյուրման։ Գիտափորձի մասնակիցները գործում են այլ կերպ, ավելի ջանասիրաբար, քան սովորաբար, միայն շնորհիվ այն գիտակցության, որ իրենք ներգրավված են գիտափորձում կամ, որ ուշադրության կենտրոնում են հայտնվել։

Հոթորնի էֆեկտը հայտնաբերվել է մի խումբ գիտնականների կողմից Էլթոն Մեյոյի գլխավորությամբ Հոթորնի գործարանում անցկացված գիտափորձերի արդյունքում (1924-1932

Հոթորնի էֆեկտն ունի երկակի մեկնաբանություն.

  1. դրական փոփոխություններ մարդկանց վարքագծում, որը պայմանավորված է նրանց անձի նկատմամբ ուշադրությամբ, որին մարդիկ արձագանքում են իրենց բարեհամբույր մասնակցությամբ
  2. փորձարարական հոգեբանության մեջ փոփոխություններ դիտարկող երևույթ, որը պայմանավորված է հենց դիտարկման փաստի առկայությամբ։

Էնթոնի Գիդենսի «Հոթորնի էֆեկտ» գրքի ռուսերեն թարգմանությունը վերնագրված է «Սոցիոլոգիա»[1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վեսթերն Էլեկտրիկ» ընկերությունը, որը հեռախոսներ էր պատրաստում, ռելե հավաքող աշխատակիցների արտադրողականության նվազման փաստի առաջ էր կանգնել[3]։ Խնդիրը հասկանալու համար կազմակերպությունում երկարատև ուսումնասիրություններ անցկացվեցին։ Սակայն արտադրողականության անկման պատճառների բավարար բացատրություն չստանալով, 1928 թվականին կազմակերպությունը հրավիրվեց արտադրական կազմակերպությունների ղեկավարման հետազոտող, հոգեբան և սոցիոլոգ Էլթոն Մեյոյին, որը դրեց իր գիտափորձերը, ի սկզբանե նպատակ ունենալով պարզել աշխատանքի արտադրողականության վրա այնպիսի գործոնի ազդեցությունը, ինչպիսին աշխատանքային տարածքի լուսավորությունն է։

Գիտափորձ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոթորնի գործարանը

Հոթորնի փորձարկումները, ընդհանուր առմամբ, տևել են 1924 թվականից 1932 թվականը։

Մեյոն առանձնացրեց փորձարարական և վերահսկիչ խմբեր, որոնցում ներդրվեցին աշխատանքային տարբեր պայմաններ։ Դրանցում առանձնացված են տարբեր փուլեր։ Գիտափորձի հիմնական սխեման հետևյալն էր.

Առաջին փուլում փորձարարական խմբում լուսավորությունը ավելացվում էր և գրանցվում էր աշխատանքի արտադրողականության աճ. վերահսկիչ խմբում, որտեղ լուսավորությունն անփոփոխ էր, աշխատանքի արտադրողականությունը չէր աճում։

Հաջորդ փուլում լուսավորության ավելացումը նոր խթան հանդիսացավ արտադրողականության աճի համար։ Միևնույն ժամանակ վերահսկիչ խմբում, որտեղ լուսավորությունն անփոփոխ էր, աշխատանքի արտադրողականությունը նույնպես սկսեց աճել։

Երրորդ փուլում փորձարարական խմբում չեղարկեցին լուսավորության լավացումը, սակայն արտադրողականությունը շարունակում էր աճել։ Այդ փուլում նույնը տեղի էր ունենում նաև վերահսկիչ խմբում։

Այս անսպասելի արդյունքները Մեյոյին ստիպեցին փոփոխություններ մտցնել փորձի մեջ և անցկացնել ևս մի քանի լրացուցիչ հետազոտություններ։ Փոփոխեց ոչ միայն լուսավորությունը, այլև աշխատանքային այլ պայմանները նույնպես (վեց աշխատակցուհների տեղավորեց առանձին սենյակում, բարելավեց աշխատանքի վարձատրությունը, լրացուցիչ ընդմիջումներ ավելացրեց, շաբաթական երկու հանգստյան օր և այլն)։ Այդ բոլոր նորարարությունները մտցնելուց աշխատանքի արդյունավետությունը բարձրանում էր, բայց, երբ ըստ փորձի պայմանների նորամուծությունները չեղյալ հայտարարվեցին, այն, թեև փոքր-ինչ նվազեց, բայց այնուամենայնիվ մնաց ավելի բարձր մակարդակի վրա, քան սկզբնականն էր։

Մեյոն ենթադրեց, որ փորձի մեջ դրսևորվում է ևս ինչ-որ մեկ այլ փոփոխական, և այդ փոփոխականը համարեց գիտափորձում աշխատակցուհիների մասնակցության հենց փաստը։ Տեղի ունեցող գիտափորձի կարևորության գիտակցումը, ինչ-որ միջոցառմանն իրենց մասնակցելու փաստը, իրենց անձի նկատմամբ ուշադրությունը հանգեցրել էին արտադրական գործընթացում ավելի շատ ներգրավվելուն և աշխատանքի արտադրողականության աճին, նույնիսկ այն դեպքերում, երբ բացակայում էին օբյեկտիվ բարելավումներ։ Մեյոն դա մեկնաբանեց որպես «սոցիալական պատկանելության» հատուկ զգացողության դրսևորում` «հաղորդալիություն» (социабильность),  ինչ-որ խմբի պատկանելության պահանջմունք կամ ամբողջի մաս կազմելու գիտակցում։

Մեկնաբանության երկրորդ ուղղությունը աշխատանքային բրիգադների ներսում հատուկ ոչ ֆորմալ հարաբերությունների գոյության գաղափարն էր, որոնք էլ հենց ակնառու էին դառնում, երբ սկսում էին ուշադրություն դրսևորել արտադրական գործընթացի ժամանակ աշխատավորուհիների կարիքներին, նրանց անձնական «ճակատագրին»։ Մեյոն եզրակացություն արեց ոչ միայն բրիգադներում ֆորմալի հետ միասին ոչ ֆորմալ կառույցի առկայության մասին, այլև վերջինիս կարևորության մասին, մասնավորապես այն որպես (ի շահ կազմակերպության) բրիգադի վրա ազդելու ֆակտոր կիրառելու հնարավորություն։ Պատահական չէ, որ հետագայում հենց Հոթորնյան գիտափորձից ստացված հանձնարարականների հիման վրա ծագեց մարդկային հարաբերությունների հատուկ դոկտրինա, որը վերածվեց ղեկավարման պաշտոնական ծրագրի և ներկայումս դասավանդվում է բոլոր բիզնես դպրոցներում որպես ուսումնական կարգապահության դիսցիպլին։

Մեյոյի հայտնագործությունները տեսական նշանակություն ունեցան նոր փաստ ստանալու առումով. փոքր խմբերում գոյություն ունեն երկու տեսակի կառույցներ, որը հետազոտությունների լայն հեռանկարներ բացեց։ Հոթորնի գիտափորձերից հետո առաջացավ փոքր խմբերի ուսումնասիրության մի ամբողջ ուղղություն, որն առավելապես կապված էր երկու տեսակի խմբային կառույցներից յուրաքանչյուրի վերլուծության հետ, բացահայտելով նրանցից յուրաքանչյուրի առնչողական նշանակությունը խմբի կառավարման համակարգում։

Հետազոտությունների ամփոփագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արդյունաբերական արտադրության մեջ ձևավորվող սոցիալական հարաբերությունները չպետք է դիտարկել որպես աշխատողի համար ինչ-որ խորթ բան, որը խոչընդոտում է հասարակության մեջ նրա մարդկային զարգացմանը, այսինքն դրանք դիտարկել բացառապես օտարման հայեցակարգի տեսանկյունով։ Ընդհակառակը, խոշոր արդյունաբերական արտադրության ոլորտում աշխատողի սոցիալական կյանքը բովանդակային կառուցվածք և նշանակություն է ձեռք բերում հատկապես հենց իր մասնագիտական ոլորտում և դրա հիման վրա։
  2. Արդյունաբերական աշխատանքը որպես կանոն խմբակային գործունեություն է, որը բացառում է աշխատողի մասին ավանդական անհատականացված պատկերացումները, որպես «էգոիստի», որը հետապնդում է միայն իր շահադիտական նպատակները։ Ընդ որում, այն խմբերը, որոնցում աշխատողի սոցիալական կյանքն ընթանում է ամենաանմիջական ձևով, հանդիսանում են «ոչ ֆորմալ» կամ ոչ պաշտոնական, և նրանք են որոշում ոչ միայն աշխատակազմի աշխատանքային ռիթմը, այլ նաև նրանցից յուրաքանչյուրը գնահատում է շրջապատը և արտադրական խնդիրների կատարման բնույթը։
  3. Ձեռնարկության սոցիալական կառուցվածքում յուրաքանչյուր աշխատողի դիրքը, որը բնութագրում է նրա հասարակական համբավն ու կարգավիճակը և բավարարում է իր գոյության երաշխավորվածության պահանջմունքները, առնվազն նույնքան կարևոր է, որքան բարձր աշխատավարձը, իսկ աշխատողների սոցիալական կյանքի տեսանկյունից, նույնիսկ ավելի կարևոր է, քան աշխատավարձը։
  4. Աշխատանքային պայմանների վերաբերյալ աշխատողներից յուրաքանչյուրի ընկալումը, արտադրական գործընթացում նրա անհատական «ինքնազգացողությունը», շատ բան (եթե ոչ բոլորը), ինչ վերաբերում է ինդուստրիալ աշխատանքի պսիխոֆիզիկային, պետք է գնահատել ոչ որպես փաստ, այլ որպես ախտանիշ, այսինքն ոչ թե որպես անհատական աշխատանքային գործունեության պայմանների փաստացի վիճակի վկայություն, այլ որպես արտադրության մեջ նրա անհատականհոգեբանության կամ նրա սոցիալական վիճակի ցուցանիշ, և նախ և առաջ, կրկին ու կրկին, արտադրական կոլեկտիվում։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես նշում է այս հետազոտության քննադատ Սթենլի Միլգրեմը, բանվորների աշխատանքի արտադրողականության բարձրացումը գիտափորձին մասնակցելու հետ կապ չուներ։ Նրա կարծիքով բանվորները հոգեբաններին համարում էին լրտեսներ, որոնք լիազորված էին ընկերության ղեկավարության կողմից, որը պլանավորում էր հաստիքների կրճատում։

Գիտափորձի կրկնությունների ընթացքում հոթորնի էֆեկտը (հիշատակված առաջին իմաստով) վերարտադրել չի հաջողվել։ Այդ պատճառով տեսակետ կա, որ Մեյոյի էֆեկտը ամենևին էլ օբյեկտիվորեն գոյություն ունեցող երևույթ չէ, այլ պատահական կերպով ստացված փորձարարական տվյալներ են։

Գիտափորձի արդյունքների ուշադիր ուսումնասիրությունը թույլ է տալիս ստացված արդյունքների մի քանի այլընտրանքային բացատրություններ տալ։

  • Տվյալ հետազոտության նկարագրման մեջ ընդգծվում է, որ կանայք հիացած էին թեստավորման համար հատուկ սենյակում աշխատելու գաղափարից։ Սակայն իրականում, նախապես ընտրված հավաքող բանվորուհիներից հինգից երկուսին ստիպված եղան հեռացնել սենյակից ենթարկվել հրաժարվելու և ցածր արդյունքների համար։ Նրանցից մեկը հարում էր բոլշևիկներին, և նրան նույնպես հեռացրեցին գիտափորձից։ Երկու նոր ընտրված կանանցից մեկն ուներ բացառիկ ունակություններ և անմիջապես դարձավ խմբի առաջատար։ Ակնհայտ է, որ նրան խմբում ընդգրկել էին, քանի որ նա ռելեի հավաքման ամենաարագագործ բանվորուհին էր։ Նրա մասնակցությունը մեծապես նպաստեց աշխատանքի արտադրողականության բարձրացմանը։
  • Ռելեի հավաքման տվյալների մեկնաբանման հետ կապված խնդիր առաջացավ։ "12-րդ շրջանում" աշխատանքի արտադրողականությունը գրանցվում էր ամեն շաբաթ, այլ ոչ թե ամեն ժամ, ընդ որում, բանվորները աշխատում էին շաբաթական 6 ժամ ավելի, քան նախորդ թեստային ժամանակահատվածում։ Եթե հաշվի առնվեր ռելեի մշակումը ըստ ժամի, ապա կգրանցվեր արտադրողականության մի փոքր անկում։
  • Ակնհայտ է նաև, որ կանայք բարկացած էին աշխատանքային ծանր պայմաններից, սակայն վախենում էին բողոքել, քանի որ հակառակ դեպքում նրանց կարող էին հեռացնել թեստային սենյակից, և նրանք կզրկվեին մրցանակից։
  • Հնարավոր է, որ հոթորնյան գիտափորձերում աշխատանքի արտադրողականության աճը պայմանավորված էր արդյունքները հաշվի առնելու և բարձր արդյունավետության համար պատգևատրվելու ակնկալիքով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Исследование в психологии: методы и планирование. — СПб.: Питер, 2004. 232-233.— (Серия «Мастера психологии»).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Биография и книги автора Гидденс Энтони.
  2. Гидденс, Э. Социология / Пер. с англ.; науч. ред. В. А. Ядов; общ. ред. Л. С. Гурьевой, Л. Н. Посилевича. — М.: Эдиториал УРСС, 1999. — 703 с. ISBN 5-354-01093-4, ISBN 0-7456-2311-5
  3. «Western Electric History. The Hawthorn font history. The Hawthorne Experiments (Sidebar #2)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։