Lotus (ալբոմ), ամերիկացի երգչուհի Քրիստինա Ագիլերայի յոթերորդ ստուդիական ալբոմը, որը թողարկվել է 2012 թվականի նոյեմբերի 9-ին։ Ալբոմը պարունակում է բազմաժանր ստեղծագործություններ՝ պարային փոփ ոճով («Your Body», «Make the World Move»), դաշնամուրի բալլադներ («Sing for Me», «Blank Page») և ռոք տարրերով երգեր («Army of Me», «Cease Fire»): Ալբոմի առաջին սինգլը դարձել է «Your Body» երգը, որը թողարկվել է 2012 թվականի սեպտեմբերի 17-ին։ Ալբոմը առաջնաելույթ է ունեցել Billboard 200 հիթ-շքերթի 7-րդ հորիզոնականում։ Միջազգային առումով ալբոմն ունեցել է միջին վաճառք։
Ագիլերայի նախորդ ալբոմը՝ «Bionic»-ը (2010), վաճառքում այնքան էլ հաջող չի եղել, որքան նրա նախորդ աշխատանքները[2]։ Դրա թողարկումից հետո երգչուհին հասցրել է բաժանվել իր ամուսնուց՝ պրոդյուսեր Ջորդան Բրեթմանից, նկարահանվել «Ծաղրանկար» ֆիլմում և դառնալ ամերիկյան «Ձայն» շոուի մարզիչներից մեկը[3], նաև 2011 թվականին թողարկվել է նրա դուետը Maroon 5-ի հետ՝ «Moves Like Jagger» երգը, որը գլխավորել Է Billboard Hot 100 հիթ-շքերթը[4]։ 2011 թվականին Քրիստինա Ագիլերան սկսել է ձայնագրել նոր ալբոմ՝ հայտարարելով, որ դրանում կգտնեն իր կյանքի վերջին իրադարձությունների արտացոլանքը[4][5]։ Երգչուհու կարծիքով դա ազատության և ինքնադրսևորման մասին ալբոմ է․ այն խորհրդանշում է նրա «վերածնունդը»[6][7]։
Սեպտեմբերի 12-ին հայտնի է դարձել ալբոմի անվանումը՝ «Lotus»[8]: Քրիստինա Ագիլերան պարզաբանել է, որ ««Lotus»-ը անկոտրում ծաղիկ է, որը կարող է գոյատևել ամենաբարդ պայմաններում»[8]։ Հայտարարվել է, որ ալբոմի թողարկումը նախատեսված էր 2012 թվականի նոյեմբերի 13-ին «RCA Records» լեյբլի ներքո[3]։ Հոկտեմբերի 5-ին երգչուհին ներկայացրել է ձայնասկավառակի շապիկը[9]։ Rolling Stone ամսագրի համար տված հարցազրույցում Քրիստինա Ագիլերան հայտարարել է, որ ալբոմը դարձել է «շատ բազմաշերտ զգացված ձայնագրություն»[10]։
Ալբոմի շապիկին պատկերված է մերկ Քրիստինա Ագիլերան, որը դուրս է գալիս լոտոս ծաղիկից[11]։ Լուսանկարների և ալբոմների ձևավորման հեղինակը լուսանկարիչ Էնրիկե Բադուլեսկուն էր[12]։
Քրիստինա Ագիլերան պարզաբանել է, որ ինքը նպատակ չունի ստեղծել ինչ-որ առանձնահատուկ ժանրի և ոճի ալբոմ[8]։ Մի քանի սետղծագործությունների ձայնագրությանը մասնակցել են Ալեքս դա Քիդը[3], ինչպես նաև Մաքս Մարտինը[6]:Ալբոմը պարունակում է պարային փոփ ժանրի («Your Body», «Make the World Move»), դաշնամուրային բալլադներով (««Sing for Me», «Blank Page»՝ Sia-ի հետ համատեղ) և ռոք տարրերով («Army of Me», «Cease Fire») երգեր[3]։ Ագիլերայի կարծիքով «Army of Me» երգը նրա 2002 թվականի «Fighter» երգի նոր տարբերակն է[6]։ Ալբոմում ներառված էին երգչուհու՝ « Ձայն» շոուի գործընկերների հետ դուետներ՝ Cee Lo Green («Make the World Move») և Բլեյք Շելթոնի («Just a Fool»)[13]:
«Lotus»-ը ոչ միանշանակ է ընդունվել երաժշտական հրատարակություններում։ Metacritic-ում նա ստացել է 100-ից 56 միավոր[14]։ «The Boston Globe» հրատարակությունը լավ գնահատական է տվել Քրիստինա Ագիլերայի վոկալին, սակայն, ըստ գրախոսի, որոշ երգեր հնչում են միապաղաղ և աննպատակ։ Q ամսագրի կարծիքով ալբոմը անվանվել է «միջակություն» և «ոչ նշանավոր»[15]։ The A. V. Club Lotus-ի գրախոսը քննադատել է «ռիսկի բացակայության», հայտնի թրենդներին ի նպաստ չափազանց հեշտ հնչեղության համար[16]։ Entertainment Weekly-ի գրախոսը նշել է, որ ստեղծագործություններում օրգինալության բացակայության, վոկալի չափից ավելի մշակվածության և «հույզերի բացակայության» առկայությունը։ Slant Magazine-ը նաև սկավառակը բնութագրել է որպես «ոչ նշանավոր»։ The New York Times-ի ակնարկում նշվում է ալբոմի ինչպես երաժշտական, այնպես էլ քնարական անհաջող բաղկացուցիչները։ Rolling Stone ամսագիրը ևս բացասական արձագանք է հրապարակել ալբոմի մասին, որտեղ նրա շնորհվել է 5 միավորից 2,5-ը միավոր վարկանիշ[17]։
Ալբոմին դրական գնահատական է տրվել Allmusic-ի արձագանքում, որտեղ այն անվանվել է «ուժեղ փոփ ալբոմ»։ «The Independent» պարբերականը դրական է արձագանքել ձայնասկավառակի էլեկտրո-փոփ ոճի թրեքերի մասին։ Երգերի տեքստերին լավ գնահատական է տրվել The Observer-ի գրախոսականում։ Exclaim!-ի գրախոսության մեջ բացասական գնահատական է տրվել ալբոմի «պատեթիկ փոփ հիմներին» սակայն նշվել է «ազնվությունը և խոցելիությունը», որը ցուցադրվել է լիրիկայում[18]։ Hot Press-ը նշել է, որ «Lotus»-ը առաջընթաց ունի նախորդ «Bionic» սկավառակի համեմատ, իսկ նրա երգերը համապատասխանում են ժամանակակից երաժշտական միտումներին[19]։
Ինչպես քննադատական, այնպես էլ առևտրային տեսակետից «Lotus»-ը նորմալ է ընկալվել։ Billboard 200 հիթ-շքերթում ալբոմը առաջնաելույթ է ունեցել յոթերորդ հորիզոնականում՝ 77,408 օրինակով։ Դա զգալիորեն ավելի քիչ է, քան Ագիլերայի նախորդ՝ «Bionic» ալբոմի մեկշաբաթյա վաճառքը, որը մեկնարկել էր հիթ-շքերթի երրորդ հորիզոնականում՝ 110 հազար օրինակով։ Ալբոմը զբաղեցրել է ամենացածր հորիզոնականը Billboard 200 հիթ-շքերթի բոլոր անգլալեզու ալբոմների շարքում։ Հաջորդ շաբաթ ալբոմն իջել է 17 հորիզոնական՝ 52 հազար օրինակ վաճառքով։ Ավստրալիայում «Lotus»-ը առաջնաելույթ է ունեցել 19-րդ հորիզոնականում, Մեծ Բրիտանիայում՝ 28: Միացյալ Նահանգներում 2018 թվականի հունիսին վաճառվել է ալբոմի ավելի քան 500 000 օրինակ, որի համար նա RIAA-ից ստացել է ոսկե կարգավիճակ։ Մինչև 2015 թվականը ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 800,000 օրինակ։
Առևտրային ձախողման պատճառները կարող էին լինել ալբոմի անհաջող թողարկման ամսաթիվը (թողարկվել է բրիտանական One Direction խմբի «Take Me Home» ալբոմի հետ նույն օրը) և պրոմոներկայացումների լրիվ բացակայությունը։
↑Steffen Hung (2012 թ․ նոյեմբերի 16). «Christina Aguilera - Lotus». dutchcharts.nl. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 16-ին.