Ֆրանսիսկո Պի ի Մարգալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆրանսիսկո Պի ի Մարգալ
իսպ.՝ Francisco Pi y Margall
Pi y margall.jpg
Ծնվել էապրիլի 29, 1824(1824-04-29)[1][2]
ԾննդավայրԲարսելոնա, Իսպանիա[3]
Մահացել էնոյեմբերի 29, 1901(1901-11-29)[1][2] (77 տարեկանում)
Մահվան վայրՄադրիդ, Իսպանիա[3]
ՔաղաքացիությունԻսպանիա
ԿրթությունԲարսելոնայի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, փիլիսոփա, պատմաբան, գրող, իրավաբան, էսպերանտիստ, փաստաբան, տնտեսագետ, լրագրող և նախարար
Զբաղեցրած պաշտոններԻսպանիայի խորհրդարանի պատգամավոր, Madrid municipal councillor և President of the Republic of Spain
Քաղաքական կուսակցությունDemocratic Party և Democratic Federal Republican Party
ԵրեխաներFrancisco Pi y Arsuaga
Ստորագրություն
Firma pi y margall.png
Francisco Pi y Margall Վիքիպահեստում

Ֆրանսիսկո Պի ի Մարգալ (կատ.՝ Francesc Pi i Margall, իսպ.՝ Francisco Pi y Margall, ապրիլի 29, 1824(1824-04-29)[1][2], Բարսելոնա, Իսպանիա[3] - նոյեմբերի 29, 1901(1901-11-29)[1][2], Մադրիդ, Իսպանիա[3]), իսպանացի քաղաքական գործիչ, փիլիսոփա, իրավաբան, պատմաբան, գրող: Իսպանական առաջին հանրապետության շրջանում գլխավորել է գործադիր իշխանությունը` կառավարությունը: Նրա որդիները` Ֆրանսիսկո Պի ի Արսուագան և Խոակին Պի ի Արսուագան, նույնպես եղել են քաղաքական ազդեցիկ գործիչներ:

Քաղաքականության մեջ եղել է դաշնային կառուցվածքի և հանրապետության կողմնակից, կրել է Պրուդոնի ազդեցությունը և մոտ է եղել դեմոկրատական ու լիբերտար սոցիալիզմին[4][5]: Լինելով իսպանական միապետության հակառակորդ` քննադատվել է դրա համար, բանտարկվել ու վտարվել: Փառահեղ հեղփոխությունից հետո (իսպ.՝ La Gloriosa) եղել է Գլխավոր կորտեսի պատգամավոր, որում ղեկավարել է Դաշնային կուսակցության ֆրակցիան` Էստանիսլաո Ֆիգերասի օրոք ստանձնելով ներքին գործերի նախարարի պաշտոնը: Ֆիգերասի հրաժարականից հետո Պի ի Մարգալն ընտրվել է նախագահ և այդ պաշտոնում Երկրորդ կառլական պատերազմի և Կանտոնալ հեղափոխության պայմաններում 1873 թվականին առաջ է քաշել դաշնային սահմանադրության նախագիծը: Կարտախեն կանտոնի ապստամբությունից հետո հրաժարական է տվել` անհնար համարելով իր պարտականությունների հետագա կատարումը:

Մարգալի մտավոր գործունեությունը նվիրված է եղել պատմության, փիլիսոփայության և արվեստի թեմաներին: Նա համարվում է 19-րդ դարի երկրորդ կեսի առավել առաջադեմ մտածողներից մեկը: Մարգալը մեծ թվով աշխատությունների հեղինակ է, տարբեր թերթերում կատարել է նաև խմբագրի և տնօրենի պարտականություններ: Շփման մեջ է եղել իր ժամանակի մեծագույն մտավորականների հետ` մեծ հեղինակաություն վայելելով ինչպես Իսպանիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Շնորհիվ իր անբասիր կենսագրության, քաղաքական գաղափարների նվիրվածության` դարձել է իսպանական դեմոկրատական ավանդույթների գլխավոր կերպարներից մեկը[6]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիսկո Պի ի Մարգալը ծնվել է 1824 թվականի ապրիլի 19-ին Բարսելոնայում, վարձու ջուլհակի ընտանիքում: Վաղ մանկությունից դրսևորել է արտակարգ ընդունակություններ և գիտելիքի նկատմամբ սեր: Այդ ժամանակներում հասարակ մարդկանց երեխաների կրթություն ստանալու քիչ հնարավորություններից մեկը սեմինարիան էր, որտեղ էլ յոթ տարեկան հասակում ընդունվել է Մարգալը` սովորելով աստվածաբանություն ու լատիներեն: Այդ տարիներին ծնվում է նրա եղբայրը` ապագա փորագրիչ, նկարիչ Խոակին Պի ի Մարգալը[7]: Սեմինարիան ավարտելուց հետո 17 տարեկանում Ֆրանսիսկոն ընդունվում է Բարսելոնայի համալսարան, որտեղ ավարտում է փիլիսոփայության ֆակուլտետը, ապա ընդունվում իրավաբանության ֆակուլտետ: Իր ուսումնառությունը նա ինքնուրույն է վճարել մասնավոր դասերից ստացած եկամուտներով:

Վաղ տարիքից հետաքրքրություն է դրսևորել գրականության հանդեպ: Այդ հետաքրքրությունն աճել է կատալոնացի ռոմանտիկ գրողների, մասնավորապես` Մանուել Միլա ի Ֆոնտանալի և Պաբլո Պիֆերի հետ շփումների արդյունքում:

1842 թվականին Մարգալը հրատարակել է «Բնանկարային Իսպանիա» («España pintoresca») շարքի առաջին և հրատարակված միակ հատորը` «Կատալոնիան» («Cataluña»): Այն հավակնոտ նկարազարդումներով աշխատանք էր, որը նախատեսում էր ներկայացնել Իսպանիայի բոլոր շրջանները: Դա հրատարակվում էր այն ժամանակ, երբ Բարսելոնան ապստամբել էր Էսպարտերոյի քաղաքականության դեմ, ինչին հետևել էր նրա հրետանու ռմբակոծությունը Մոնժուիկի ամրոցից:

Գրական գործիչը Մադրիդում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի ուշ` 1847 թվականին, Պի ի Մարգալը տեղափոխվել է Մադրիդ և 24 տարեկան հասակում ստացել իրավագիտության դոկտորի աստիճան: Կրթության համար գումարը նա վաստակել է մասնավոր դասեր տալով, հոդվածներ հրատարակելով El Correo թերթում, ինչպես նաև գովազդային գործակալ աշխատելով կատալոնյան բանկում: Շուտով նա թողնում է իր աշխատանքը թերթում, որը փակվում է կաթոլիկության, Ռամոն Նարվաեսի կառավարման ժամանակ քաղաքական տնտեսագիտության մասին ոչ միանշանակ հոդվածների տպագրումից հետո:

Արդեն 1849 թվականին Պի ի Մարգալը որոշում է իր հետագա քաղաքական գործունեությունը` քննադատության ենթարկելով Իսպանիայի կուսակցական համակարգը, որը ձևավորվել էր Իզաբելա II-ի օրոք: Նրա կարծիքով կուսակցական երեք համակարգերը` Լիբերալ միությունը, Մոդերադոսը և Առաջադիմական կուսակցությունը, այլակերպում էին Իսպանիայում իրական ժողովրդավարության հաստատումը: Իր ընկերոջ` Պաբլո Պիֆերերի մահից հետո Մարգալը զբաղվում է «Իսպանիայի գեղեցկությունն ու հիշողությունը» (Recuerdos y bellezas de España) երկով, որը պետք է ներառեր ամբողջ Իսպանիայի վիմագիր պատկերները: Ավարտին հասցնելով Կատալոնիային նվիրված հատորը` նա անցնում է Անդալուզիային նվիրված հատորին, ինչի նպատակով բազմիցս այցելում է այդ շրջան: 1851 թվականին Պի ի Մարգալը սկսում է գրել «Գեղանկարչության պատմություն» (Historia de la pintura) աշխատությունը, որի աշխատանքներն ընդհատում է հակաքրիստոնեության մեջ մեղադրվելու առիթով:

Կաթոլիկ եկեղեցին Բրավո Մուրիլիոյի կառավարության վրա այնպիսի ճնշում է գործադրում, որ Մարգալը դադարեցնում է իր աշխատությունների շուրջ աշխատանքը: Ինչպես Պի ի Մարգալին, այնպես էլ նրա հրատարակչին, հաջողվում է խուսափել դատավարությունից միայն այն բանի շնորհիվ, որ նրանց նկատմամբ բողոքը նախատեսված ժամկետում չի հասնում: Ֆրանսիսկոն ստիպված հրաժարվում է նաև «Recuerdos y Bellezas de España» աշխատությունից և հավաքված բոլոր նյութերի հրապարակումից: Շուտով Պի ի Մարգալը ներկայացնում է «Միջնադարի հետազոտություններ» (Estudios sobre la Edad Media) աշխատությունը: Այս աշխատանքը նույնպես արգելվում է եկեղեցու կողմից` լույս տեսնելով միայն 1873 թվականին[8]:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1854 թվականին Պի ի Մարգալը ոստիկանական հետապնդումից թաքնվում է Վերգարայում (Գիպուսկոա), որն այդ ժամանակ պահպանում էր իր կառավարման հին արտոնությունները: Այնտեղ նա նվիրվում է Բասկերի երկրի ուսումնասիրությանը, որի արդյունքները «Բասկ ժողովրդի պատմությունն ու սովորույթները» ( Historias y costumbres del pueblo vasco) վերնագրով հրատարակվում են բարսելոնյան El Museo Universal ամսագրում: Վերգարայում նա ծանոթանում է Պյոտր Արսուագա Գոյկոեչի հետ, ում հետ ամուսնանում է 1854 թվականի հունիսի 22-ին: Ամուսինների երեխաներից ապրում են միայն երեքը` երկու որդիները (Ֆրանսիսկո Պի ի Արսուագան և Խոակին Պի ի Արսուագան) և դուստրը (Դոլորես)[9]:

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1848 թվականին Պի ի Մարգալն ընդունվում է Դեմոկրատական կուսակցության շարքերը, իսկ 1854 թվականին թողնում է գրական գործունեությունը քաղաքականությամբ զբաղվելու նպատակով: Մի քանի տարի անց նա դառնում է կուսակցական ազդեցիկ քաղաքական գործիչ:

Մարգալն անուղղակի մասնակցություն է ունեցել 1854 թվականի հեղափոխությանը: Նա հրատարակում է արմատական թռուցիկներ, որոնք մերժվում են հեղափոխական խունտայի կողմից, և «Հեղափոխության արձագանք» (El eco de la revolución) գրքույկը, որում պահանջում էր ժողովրդի զինումը և խորհրդարանական համընդհանուր ընտրություններ: Իշխանությունները Պի ի Մարգալի պահանջները իր ժամանակի համար համարել են բավական առաջադեմ, ինչի պատճառով նրան մի քանի ամսով բանտ են գցել: Նույն թվականին Պի ի Մարգալը իր քաղաքական դոկտրինն է առաջ քաշել «Ռեակցիան և հեափոխությունը» (La reacción y la revolución ) գրքում, որում քննադատում է միապետությունը, սեփականության համապարփակ իրավունքը, քրիստոնեությունը, և այդ հարցերի լուծումն առաջարկում ժողովրդական դեմոկրատական հեղափոխությամբ[10]: Նրանում հստակ նկարագրված են արմատական-ժողովրդավարական իրավիճակները, որոնք կանխում են լիբերալիզմն ու ոչ բուրժուական սոցիալիստական իրավիճակը: Այս աշխատանքում արդեն նշմարվում է դաշնային դոկտրինը, որի ջատագովն է հետագայում եղել Մարգալը` պաշտոնավարելով նախագահի կարգավիճակում: Հիմնական գաղափարը, որ նա զարգացնում է ազատության և անհատական ինքնիշխանության գաղափարն է, որը նա վեր է դասում ժողովրդի ինքնիշխանության գաղափարից. հենց սրա շնորհիվ էլ նա դառնում է անարխիստական մտածողության կարևոր գործիչներից մեկը:

1854 թվականին` Առաջադիմական երկամյակի ժամանակ, Պի ի Մարգալը առաջադրվել է Բարսելոնայի խորհրդարանում, սակայն չի ընտրվել: Երկրորդ փուլում նա մի քանի ձայնով անցնում է գեներալ Ժոան Պրիմին, ով Առաջադիմության կուսակցության ղեկավարներից մեկն էր: Այդ կուսակցության հետ տարաձայնությունները ավելի ու ավելի ցայտուն էին դառնում: Պայմանավորված Մարգալի քաղաքական ակտիվության ավելի բարձր աճով` նրան ավելի շատ էին մեղադրում զիջումների չգնալու մեջ, ինչը սահմանափակում էր նրա քաղաքական ազդեցությունը: Նրա մտածողության ինքնատիպությունը ավելի ցայտուն էր դառնում, քանի որ քննադատում էր կենտրոնացվածությունն ու երկրի սոցիալական իրավիճակը:

1856 թվականին նա հիմնադրում է «Գիտակցություն» (La Razón) ամսագիրը, սակայն Մոդերադոսի գործիչները ստիպում են փակել այն, ինչից հետո Պի ի Մարգալը հաստատվում է Վերգարայում: Այնտեղից նա վերադառնում է 1857 թվականին, որպեսզի սկսի «Բանավեճ» (La discusión) ամսագրում իր աշխատանքը, իսկ 1864 թվականին դառնում է նրա տնօրենը: Նրա գլխավորությամբ տպագրվում են կարևոր այնպիսի հոդվածներ, ինչպիսիք են «Աշխատավոր դասակարգեր», «Սոցիալիզմ, դեմոկրատիա և աշխատանք» հոդվածները: Պի ի Մարգալը շփվում է բանվորական կազմակերպությունների հետ, մասնակցում համաժողովների, խմբագրում փաստաթղթեր և Դեսենգանիո փողոցի փաստաբանական իր գրասենյակում (բացել էր 1859 թվականին) դասավանդում քաղաքականություն և տնտեսագիտություն: Նրա դասախոսություններին հաճախում էին հասարակության տարբեր շերտերը ներկայացնող երիտասարդներ, բանվորներ, մտավորականներ: Դասախոսությունների ու համաժողովների ժամանակ` մինչև դրանց արգելքը, սկսվեցին ձևավորվել հանրապետության հիմունքները:

Այս շրջանին են վերաբերում նրա բանավեճերը չափավոր հանրապետական Էմիլիո Կաստելարի հետ ժողովրդավարության անհատական և սոցիալիստական հասկացությունների շուրջ (ինքը Մարգալը երկրորդ տեսակետի կողմնակից էր): Այս բանավեճերը հանգեցրին նրան, որ կուսակցության անդամների մեծամասնությունը Խոսե Մարիա Պրենի գլխավորությամբ հրապարակայնորեն հայտարարեց, որ սոցիալիստները չեն համարվում դեմոկրատներ: Պի ի Մարգալը ի պատասխան գրել է այսպես կոչված «Երեսունի հռչակագիրը» (Declaración de los Treinta): Կուսակցության անդամները, որոնք ստորագրել էին հռչակագիրը, հայտարարել են, որ դեմոկրատներ են համարվում երկուսն էլ, սակայն արդյունքում Պի ի Մարգալը պաշտոնավարելուց ընդամենը վեց ամիս անց թողել է «Բանավեճի» տնօրենի պաշտոնը:

Արտաքսում[խմբագրել | խմբագրել կոդը]

1864 թվականից Պի ի Մարգալը սկսել է մասնակցել միապետության դեմ պայքարին: Հետագա ընդվզումները, որոնց հետևում կանգնած էր գեներալ Ժոան Պրիմը, և որոնք ուղղված էին Իզաբելա II-ի տիրապետման դեմ և առաջադիմականներին իշխանության բերելուն, իրենց հանգուցալուծումն են ստանում Սան Խիլեի ապստամբության ժամանակ, ինչին հաջորդեց ապստամբած բոլոր զորքերի սերժանտների գնդակահարությունը:

Ռամոն Նարվաեսը, ով ժամանակի կառավարության ղեկավարն էր, սկսում է դեմոկրատների ու առաջադիմականների հետապնդումը, շատերը ստիպված փախչում են Ֆրանսիա: Օգոստոսի 2-ի գիշերը ոստիկանությունը մտնում է Պի ի Մարգալի բնակարան, սակայն նա, տեղեկացված լինելով վերահաս ձերբակալության մասին, կարողանում է փախչել: Նա թաքնվում է մի քանի օր, այնուհետև հաջողում է մեկնել Փարիզ: Այդ հանգամանքը խանգարում է նրան մասնակցել 1868 թվականի հեղափոխությանը:

Փարիզում գտնվելը Պի ի Մարգալին թույլ է տալիս ավելի խոր ուսումնասիրել Պրուդոնի գործերը, որի «Աղքատության փիլիսոփայություն» (Philosophie de la misère) գործին նա արդեն ծանոթ էր: Ֆրանսիացի հեղինակը մեծ ազդեցություն է ունեցել Պի ի Մարգալի աշխարհայացքի ձևավորման վրա. վերջինս իսպաներեն է թարգմանում մտածողի երկու գործերը` «Դաշնային սկզբունքի մասին» (Du principe Fédératif) և «Զարգացման փիլիսոփայություն» (Philosophie du progrès)` դրանով իսկ ամրապնդելով դաշնության մասին սեփական գաղափարները և նպաստելով իսպանական անարխիզմի զարգացմանը:

Զբաղվելով փաստաբանական գործունեությամբ` Պի ի Մարգալը կապեր է հաստատում Օգյուստ Կոնտի հետ. արդյունքում նա սահմանափակում է իր հեգելականությունը` ձևավորելով հեղափոխական գաղափարախոսությունը, որը հենված էր իշխանության վտարման և այն դաշնություն ձևավորելու ազատ պայմանագրով փոխարինման վրա:

1868 թվականի սեպտեմբերին ծովակալ Խուան Բաուտիստա Տոպետեն ապստամբություն է սկսում Կադիսի նավատորմերում: Նրան Ջիբրալթարից միանում է գեներալ Ժոան Պրիմը, ինչպես նաև գեներալներ, որոնց նախկինում ուղարկել էին Կանարյան կղզիներ: Զորամասերը մեկը կյուսի հետևից միանում են ապստամբներին, իսկ Պրիմը «Սարագոսա» ֆրեգատով գրավում է միջերկրածովյան քաղաքներ: Վարչապետ Լուս Գոնսալես Բրավոն հրաժարական է ներկայացնում, և Իզաբելա II-ը կառավարության ղեկավար է նշանակում գեներալ Խոսե Գուտիերես դե լա Կոնչային: Արքայական բանակը` գեներալ Մանուել Պավիայի գլխավորությամբ, պարտություն է կրում Ալկոլեա կամրջի ճակատամարտում գեներալ Սորանոյի կողմից: Սեպտեմբերի 30-ին Իզաբելա II-ը իր արքունիքով լքում է Սան Սեբաստիանը` հատելով Ֆրանսիայի սահմանը: Այս ամենով հանդերձ, Պի ի Մարգալն անմիջապես չի վերադառնում Իսպանիա` ինքնակամ մնալով Փարիզում: Նա չէր վստահում գեներալներին և կարծում էր, որ նոր ռեժիմը չի ընդունի այն հիմնական ռեֆորմները, որոնք անհրաժեշտ են երկրին:

Դեմոկրատական հեղափոխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատգամավոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պի ի Մարգալը 1869 թվականին

Փառավոր հեղափոխության հաղթանակից հետո Պի ի Մարգալն այնուամենայնիվ որոշում է վերադառնալ փարիզյան արտագաղթից: Ժամանակավոր կառավարությունը հռչակում է հիմնական ազատությունները և 1868 թվականի դեկտեմբերի 18-ին նշանակում Իսպանիայի պատմության մեջ առաջին համընդհանուր ընտրությունները. հունվարին պետք է կայանային Կորտեսի ընտրությունները:

Դեմոկրատական կուսակցությունը տրոհվում է դեմոկրատական միապետության և դաշնային հանրապետության կողմնակիցների: Պի ի Մարգալն անմիջական մասնակցություն չի ունենում նախընտրական քարոզչությանը, բայց հայտնվում է պատգամավոր ընտրված 85 հանրապետականների թվում: Տրոհումից հետո հանրապետական փոքրամասնությունը ստեղծում է Դաշնային դեմոկրատական հանրապետական կուսակցությունը, որում Պի ի Մարգալը հենց սկզբից կարևոր դիրք է զբաղեցնում:

Պի ի Մարգալը հրաժարվում է միապետականներին որևէ աջակցություն ցույց տալուց և հետևողականորեն հանդես է գալիս 1869 թվականի դեմոկրատական-միապետական սահմանադրության դեմ, որն ընդունվում է 214 կողմ և 55 դեմ ձայնով: Մինչ իշխանությունները թագավորի նոր թեկնածու էին փնտրում Իսպանիայի համար, հանրապետականներն ակտիվ աշխատանք էին տանում բնակչության հետ նրա աջակցությունը ձեռք բերելու և երկրում դաշնային հանրապետության գաղափարները հանրահռչակելու նպատակով: Աստիճանաբար Պի ի Մարգալը դառնում է հանրապետականության քաղաքական ու մտավոր գլխավոր ներկայացուցիչը:

Երբ հանրապետականները սկսում են խոչընդոտ հանդիսանալ գեներալ Պրիմի համար, ով նոր արքայի որոնումներով էր զբաղված, նա որոշում է առաջարկել Կաստելարին և Պի ի Մարգալին տնտեսության ու զարգացման նախարարությունները, սակայն հանրապետականներին իր կողմը գրավելու նրա փորձը չի հաջողվում: Պի ի Մարգալն այդ ժամանակ արդեն մեծ հեղինակություն էր վայելում իր կուսակից ընկերների շրջանում: 1870 թվականին նա գլխավորում է կուսակցությունը բարդ մի շրջանում, երբ ներքին մասնատվածությունն ու տարաձայնությունները շատ էին հաշտության հակում չունեցող թևի և համագործակցության կողմնակիցների միջև:

Ամեն դեպքում, Պի ի Մարգալի ծրագիրը հստակ նկարագրված էր` բաղկացած լինելով հետևյալ կետերից[11].

  • Դաշնային հանրապետությունը` որպես կառավարման ձև, հրաժարում ամեն տեսակ միապետությունից կամ ունիտար պետությունից:
  • Սոցիալական բարեփոխումների ծրագիր` հիմնված ժողովրդավարական սոցիալիստական բարեփոխումների վրա:
  • Օրինականության պահպանում, ապստամբությունից հրաժարում (այս կետն իր դեմ տրամադրեց կանտոնալիստներին):
  • Ամբողջ Իսպանիայում միասնական հանրապետական կուսակցության հաստատում` միասնական ծրագրով և քաղաշխատանքի օրինակարգով:

Այն բանից հետո, երբ Պի ի Մարգալը հրաժարվում է իսպանական գահին Ամադեյ I-ի թեկնածությունը պաշտպանելուց, կուսակցությունը հայտնվում է անկայունության սահմանագծին, քանի որ նրա հետևորդները ստիպված էին փնտրել կենտրոնական քաղաքական դիրք, որն իր բնորոշմամբ խորթ էր Դաշնային դեմոկրատական հանրապետական կուսակցությանը:

Ներքին գործերի նախարար[խմբագրել | խմբագրել կոդը]

1873 թվականի փետրվարի 11-ին խորհրդարանը այն բանից հետո, երբ հայտնի է դառնում Ամադեյ Սավոյացու` գահից հրաժարվելու մասին, Իսպանիան հռչակում է հանրապետություն:

Հանրապետության առաջին կառավարությունը գլխավորում է Էստանիսլաո Ֆիգերասը: Ֆիգերասը Պի ի Մարգալին նշանակում է ներքին գործերի նախարար: Այդ պաշտոնում նրան հաջողվում է կանխել հեղաշրջման փորձը և կազմակերպել բացառիկ մաքուր ընտրություններ, որը նախագահը հաստատում է երկրում քաղաքական կոնֆլիկտի հետևանքով, որի արդյունքում խորհրդարարանի աշխատանքների կազմալուծմվում էին[11]: Չնայած մեծ թվով կոնֆլիկտներին, որոնք մասնատում էին Իսպանիան, Պի ի Մարգալը չէր մոռանում բնակչության սոցիալական պահանջների մասին: 1873 թվականի հունիսի 13-ին Կորտեսում ելույթի ժամանակ նախարարը ներկայացնում է բարեփոխումների ծրագիր, որը պաշտպանում էր կանանց ու երեխաների աշխատանքի պաշտպանության խնդիրները, խառը դատարանների ստեղծումը և հօգուտ աշխատավորների պետական գույքի վաճառքը: Այս դրույթները խիստ քննադատության են ենթարկվում Առաջին ինտերնացիոնալի բակունինականների կողմից, սակայն արժանանում են Ֆրիդրիխ Էնգելսի գովասանքին[11]:

Հանրապետական առաջին կառավարությունը, որ շատ թույլ էր, գոյատևում է փետրվարի 12-ից մինչև հունիսի 11-ը: Նախագահ Էստանիսլաո Ֆիգարեսը չի կարողանում լուծում գտնել բազմաթիվ խնդիրներից և հրաժարական տալով` մեկնում է Ֆրանսիա[12]:

Հանրապետության նախագահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պի ի Մարգալ

Ֆիգերասի հրաժարականից հետո վարչական հավաքը Պի ի Մարգալին նշանակում է գործադիր իշխանության նոր ղեկավար (միաժամանակ պետության ու կառավարության գլուխ)[13]:

Նրա ղեկավարությամբ մշակվում է նոր Սահմանադրություն, որն այդպես էլ ուժի մեջ չի մտնում: Սակայն նոր նախագահը տարաբնույթ մի շարք բարեփոխումներ է անցկացնում, օրինակ` հողերի բաժանումը վարձակալների ու բնակիչների մեջ, զինված ուժերի օգտագործման վերականգնումը, պետության ու եկեղեցու բաժանումը, գաղութներում ստրկության վերացումը, պարտադիր, անվճար կրթության հաստատումը, բանվորների միավորումների իրավունքների ընդարձակումը, աշխատանքնային օրվա կրճատումը, երեխաների աշխատանքի սահմանափակումը[14]:

Ի տարբերություն իր նախորդ դրույթների (բարեփոխումերի ներդրում և դաշնային սահմանադրության առաջխաղացում` ներքևից վերև)` Պի ի Մարգալը փորձում է իր ծրագրերն իրականացնել վերևից ներքև. «Այդ պահին հնարավոր ձևը դաշնություն ներքևից վերև կառուցելն էր. միայն Կորտեսը կարող էր ընդունել այն: Գործընթացը մեր երազածի հակառակ ընթացքն էր, բայց և բխում էր նրանից»[15]: Ի տարբերություն կանտոնների դաշնության` Պի ի Մարգալն օրենսդիր հավաքների երկու պալատներում էլ հռչակում է դաշնային հանրապետություն:

Պաշտոնաթողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեդերալիստների ծաղրանկար. նրանք ներկայացված են Պի ի Մարգալին չհնազանդված նահանգների տարազ հագած երեխաների կերպարով

Չնայած հայտարարված բարեփոխումներին ու սահմանադրության նախագծին` Պի ի Մարգալը չի կարողանում երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալ: Որոշ շրջաններ, կարծելով, որ դաշնության ներդրումը չափազանց դանդաղ է տեղի ունենում, հռչակում են իրենց անկախությունը, հաստատում սեփական քաղաքական կառույցները, ձևավորում սեփական ոստիկանություն, թողարկում դրամ, անցկացնում նոր սահմանագիծ, ընդունում նոր օրենքներ և այլն: Այսպես ձևավորվում է կանտոնականությունը (հատկապես Լևանտում ու Անդալուզիայում): Կառավարության քաղաքականությունը դառնում է աջ ուժերի, հանրապետական-ունիտարների, ինչպես նաև ձախերի քննադատության թիրախը. վերջիններս նախագահին համարում էին փափուկ, օրինապահ, ով չի կարողանում հռչակել դաշնային հանրապետություն` առանց օրենսդիր հավաքի հաստատման:

Այս համատեքստում Կուբայի անկախության համար մղված տասնամյա պատերազմը, կառլական պատերազմները և ընդդիմադիրների` Մարգալին կանտոնական շարժման ղեկավար ներկայացնելու փորձը հանգեցրին այն բանին, որ 1873 թվականի հուլիսի 18-ին Պի ի Մարգալը հրաժարական տվեց երկար, բայց անարդյունավետ բանակցություններից հետո, որոնց նպատակը ապստամբած կանտոնականների նկատմամբ ուժի կիրառումից խուսափելն էր:

Իսպանիայի դրությունը 1873-1874 թվականներին. կարմիրով նշված է Կառլական երկրորդ պատերազմի տարածքը, իսկ դեղինով` Կանտոնային հեղափոխությունը:

Ավելի ուշ «1873 թվականի Հանրապետությունը» (La República de 1873) հոդվածում նա իր կառավարումը հետադարձ քննադատության է ենթարկում` ընդունելով, որ իզուր է հակառակ իր սեփական համոզմունքի օրինականություն պահել. հենց դա թույլ չի տվել պահպանել Հանրապետությունը: Իսպանացի գրող, հրապարակախոս Ասորինը նրա մասին ասել է. «1873 թվականին լինելով ներքին գործերի նախարար` նա կարող էր գլխավորել դաշնային հանրապետությունը` հենվելով Սևիլյայի, Բարսելոնայի և Նոր Կարթագենի ընդվզումների վրա: Սակայն այդ մարդը, որ 1854 թվականից ֆեդերալիզմ էր քարոզում, ոչինչ չձեռնարկեց»[16]: Ընդդիմադիր ունիտարների և ֆեդերալների ճնշմամբ, ովքեր ապստամբություն էին բարձրացրել կանտոններում, Պի ի Մարգալը հրաժարական է տալիս այն բանից հետո, երբ հայտնի է դառնում Նոր Կարթագեն կանտոնի հռչակումը:

Հանրապետության ավարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պի ի Մարգալի հրաժարականից հետո օրենսդիր հավաքը նախագահ է նշանակում կենտրոնամետ ունիտարական Նիկոլաս Սալմերոնին, իսկ կառավարության հիմնական գերատեսչությունների ղեկավար է թողնում նախկին կառավարության նախարարներին: Այս շրջանում Պի ի Մարգալը նույնպես լավ աշխատանք է կատարում ներքին գործերի նախարարի իր պաշտոնում: Նրա ներմուծած կոշտ տնտեսության ռեժիմի արդյունքում Հանրապետությունը բավական մեծ միջոցների է տիրապետում, սակայն Նիկոլաս Սալմերոնը, ինչպես և իր նախորդ Էմիլիո Կաստելարը, անորոշ ժամանակով հետաձգում է դաշնային հանրապետության սահմանադրության նախագիծը:

Սեպտեմբերի 5-ին հրաժարական է տալիս Սալմերոնը` խղճի թելադրանքով հրաժարվելով մահվան դատապարտված ութ մարդկանց մահապատժի հրամանը ստորագրելուց: Նոր քվեարկության ժամանակ Էմիլիո Կաստելարը կանխում է Պի ի Մարգալին, ով դարձյալ իր թեկնածությունն էր ցանկանում առաջադրել: Կաստելարը խորհրդարանից հատուկ լիազորություն է ստանում մինչև 1874 թվականի հունվարի 2-ը երկրի հարցերը շուտափույթ լուծելու համար, ինչը թույլ է տալիս դադարեցնել սահմանադրական երաշխիքները և մինչև հունվար ցրել Կորտեսը: Ամեն դեպքում, այս արտակարգ ձեռնարկումները, ինչպես և Կաստելարին փոխարինելու եկած նախագահների գործունեությունը, չկարողացան փրկել Առաջին հանրապետությունը:

Բացի ներկուսակցական կոնֆլիկտներից, կարելի է ասել, որ Հանրապետության կառավարությունը պայքար էր մղում երեք ճակատով` կառլականների, Կուբայի անկախության կողմնակիցների և կանտոնականների դեմ:

Միապետության վերականգնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետական հեղաշրջում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեներալ Պավիայի զորքերի ներխուժումը Կոնգրես 1874 թվականի հունվարի 3-ին: Փորագրանկար, որ հրատարակվել է ամսագրումLa Ilustración Española y Americana (Իսպանական և ամերիկյան նկարազարդում) ամսագրում

Թոնելով նախագահի պաշտոնը` Պի ի Մարգալը փորձում է դարձյալ միավորել ձախ կենտրոնամետներին, սակայն գեներալ Պավիայի պետական հեղաշրջումը խառնում է նրա ծրագրերը:

1874 թվականի հունվարի 3-ի գիշերը Կորտեսն ընտրում է Կաստելարի հաջորդին: Այդ պահին տեղի է ունենում գեներալ Պավիայի հեղաշրջումը, որը սկզբում առաջարկում էր, որ կառավարությունը գլխավորի նոր միայն հրաժարական ներկայացրած Կաստելարը, սակայն վերջինս առանց տարակուսելու հրաժարվում է: Ժամանակավոր կառավարությունը, որը հույս ուներ վերականգնելու միապետությունը ի դեմս Ալֆոնսո XII Բուրբոնի, ձևավորվում է գեներալ Սերանոյի կողմից, ով պահպանողական հանրապետական էր:

Այս իրադարձություններից հետո Պի ի Մարգալը ստիպված թողնում է քաղաքական գործունեությունը` վերադառնալով փաստաբանական աշխատանքին: Նա գրում է «1873 թվականի Հանրապետությունը» (La República de 1873) գիրքը, որում ներկաայցնում էր հանրապետականության գաղափարախոսությունը և Հանրապետությունը ղեկավարելու իր կարճ, բայց բովանդակալից շրջանի հիմնական գաղափարները: Իշխանություններն արգելում են այս գիրքը: 1874 թվականի մայիսին Պի ի Մարգալի դեմ մահափորձ է կատարվում իր տան դիմաց, սակայն նրան հաջողվում է անվնաս մնալ: Քիչ տեղեկություններ են պահպանվել միապետության վերականգնումից հետո եղած հետապնդումների մասին: Հայտնի է, որ Պի ի Մարգալը ձերբակալվել է և որոշ ժամանակ անցկացրել անդալուզյան բանտերից մեկում:

Բուրբոնների իշխանության վերականգնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միապետության վերականգնումից հետո Պի ի Մարգալը վերսկում է լրագրողական գործունեությունը` հավատարիմ մնալով հանրապետության ու ժողովրդավարության իր գաղափարներին: 1876 թվականին նա գրում է «Գրական գանձարան» (Joyas literarias) աշխատությունը և «Ամերիկայի ընդհանուր պատմության» (Historia general de América) առաջին հատորը: 1877 թվականին հրատարակում է «Ազգություններ» (Las nacionalidades) աշխատությունը, որում կրճատ շարադրում է իր քաղաքական մտածողությունը` էմպիրիկ ձևով զարգացնելով դաշնային սկզբունքի հիմքում ընկած ժողովուրդների միջև պայամանավորվածությունների գաղափարը: Դաշնային կուսակցության վերակազմավորումից հետո 1880 թվականին Պի ի Մարգալը դարձյալ գլխավորում է այն ընդհուպ մինչև իր մահը: Քաղաքական քարոզչության նպատակով 1883 թվականին նա գրում է դաշնային սահմանադրություն, իսկ 1894 թվականին` «Դաշնային կուսակցության ծրագիրը» (Programa del Partido Federal): Չնայած Պի ի Մարգալը շարունակում էր մեծ ճանաչում ու հարգանք ունենալ, նրա կուսակցությունը չի կարողանում համալրել իր համակիրների շարքերը:

Պի ի Մարգալը 1900 թվականին

1881 թվականին բախում է տեղի ունենում կատալոնականների և կատալոնական հանրապետական Վալենտի Ալմիրալի միջև: 1890 թվականին Պի ի Մարգալը հիմնադրում է «Նոր ռեժիմ» (El nuevo régimen) շաբաթաթերթը, որում հետագայում վարում է իր քաղաքական, լրագրողական ու գրական գործունեությունը: Ֆրանսիսկոն իր քաղաքական ուղղվածությունը ներկայացնում էր «ոչ ուղղափառ հանրապետականություն»` այն ներկայացնելով Մադրիդի Կորտեսում, որտեղ 1881, 1886, 1891 (այս թվականին ընդունվել էր տղամարդկանց համընդհանուր ընտրության իրավունքը), 1893, 1901 (Պի ի Մարգալի մահվան թվականն է) թվականներին ընտրվել էր պատգամավոր Ֆիգերասից: Նույն թվականին նա եղել է Բարսելոնայում կազմակերպված «Ծաղկային խաղերի» նախագահը:

Կայնքի վերջին փուլը նշանավորվել է Կորտեսում վարած քաղաքականությամբ և Կուբայի անկախության ու իսպանա-ամերիկյան պատերազմի դեմ պայքարով, որոնցում նա ներկայանում էր իբրև հանրապետական ու դաշնային ժողովրդավարության ջատագով:

Իսպանիայի` 19-րդ դարի քաղաքական կյանքի մեծագույն ներկայացուցիչներից մեկի` Պի ի Մարգալի կյանքն ընդհատվել է 77 տարեկան հասակում. նա մահացել է Մադրիդի իր տանը 1901 թվականի նոյեմբերի 29-ին:

Պատմական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի վերջին պարզ դարձավ, որ լիբերալիզմը չկարողացավ ժամանակակից պետություն ձևավորել: Իսպանական բուրժուազիան բավական թույլ էր հին կարգի հզոր ուժերի համեմատությամբ: Մյուս կողմից, բանվորական շարժումը մեծ թափ էր ստացել` վտանգելով կապիտալիզմի զարգացումը: Պատերազմների, ժողովրդական ընդվզումների այս փուլում ի հայտ է գալիս մտավորականների նոր սերունդ, որ նպատակ էր դրել ոչնչացնել գաղափարական հին հասկացությունները, որին հենվում էր իր դարն ապրած և ճգնաժամերի մեջ սուզված պետությունը: Դա նրանց պատասխանն էր օլիգարխ իշխանությանը, միապետությանը, կաթոլիկությանը: Ընդ որում, նրանց աշխատություններում այս հարցերը շոշափվում էին ոչ թե իրավաբանական, այլ կենդանի բանավիճային տեսանկյունից: Այս ելույթների արձագանքը և նրանց գործունեությունը զգալի էր մինչև Երկրորդ հանրապետության սկիզբը:

Այս սերնդի բոլոր մտածողներից սերունդների վրա առավել խոր ու շարունակական ազդեցություն է թողել Ֆրանսիսկո Պի ի Մարգալը: Նա նշանավոր պատմաբան, լրագրող, գեղարվեստական քննադատ, փիլիսոփա, իրավաբան և տնտեսագետ էր, և նրա աշխատանքները համարվել են Ֆրանսիսկո Սուարեսի և 18-րդ դարի լուսավորիչների, ֆրանսիական հանրագիտարանականների, քաղաքական ռոմանտիզմի ու Պրուդոնի ուտոպիստական սոցիալիզմի իսպանական ավանդույթի դրսևորում: Լինելով Իբերիայի ժողովուրդների պատմության ու գրականության խոր գիտակ` Մարգալն իր բոլոր աշխատություններում ներկայացրել է կոլեկտիվ հոգեբանության ու սոցիալ-քաղաքական իրողության նուրբ զգացողությունը:

Պի ի Մարգալը երբեք չի հրաժարվել դաշնային հանրապետության իր գաղափարախոսությունից, ինչպիսի խոչընդոտներ էլ որ չեն ծառացել նրա առաջ: 1898 թվականի ճգնաժամից հետո սկսված շովինիզմի պայմաններում նա շարունակում էր հաստատուն մնալ ժողովուրդների ազատության գաղափարներին` կոչ անելով հրաժարվել գաղութային արկածախնդրությունից և կրթության, մշակույթի ու աշխատանքի միջոցով ձևավորել քաղաքացիական հասարակություն: Նրա գաղափարախոսության մեջ զգալի է Հեգելի, Ժան-Ժակ Ռուսոյի ու Պրուդոնի ազդեցությունը: Պի ի Մարգալի մտածելակերպը ամենահեղափոխականներից մեկն էր 19-րդ դարի Իսպանիայում` անարխիստների շրջանում անգերազանցելի մնալով մինչև բակունինականների հանդես գալը: Այն գտնվում էր ժամանակի ժողովրդավարության ու սոցիալիզմի միջև: Նրա հակակապիտալիստական ու ժողովրդական ուղղվածությունը իր վրա էր բևեռում բանվորական շարժման ղեկավարների համակրանքը: Ինքը Պի ի Մարգալը Առաջադիմական երկամյակի ժամանակ անուղղակի հարաբերությունների մեջ է մտել բանվորական շարժման հետ:

Կենդանության օրոք Պի ի Մարգալի ազդեցությունը տարածվել է հանրապետական փոքր բուրժուազիայի և աշխատավորական հատվածների վրա, սակայն նրա մահվանից հետո 20-րդ դարի առաջին երրորդին նրա կերպարը նոր իմաստ է ձեռք բերել ձախ հանրապետականների համար: Քաղաքականության ու մտավորականության մեջ նրա կարգապահությունը կասկածի տակ չի դրվել` ճանաչվելով նույնիսկ թշնամիների կողմից: Նրա համոզմունքների անկեղծության ու կանոնավորության մասին են վկայում այնպիսի տարբեր հեղինակներ, ինչպիսիք են Ֆրիդրիխ Էնգելսը, Սաբինո Արանան և Ֆեդերիկա Մունցելը[17][18][19]:

Մտածողության բարդության ու համակարգայնության շնորհիվ` քաղաքական տարբեր հոսանքներ իրենց հռչակում են Պի ի Մարգալի գաղափարական հետևորդներ: Դրանցից են անարխիստները, ֆեդերալիստները և ձախ կատալոնականները, որոնք ընտրողաբար օգտագործում են Պի ի Մարգալի գաղափարախոսության այն դրույթները, որոնք համապատասխանում են իրենց սեփական սկզբունքներին[20]:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1841 — «Գեղանկարչական Իսպանիա» (իսպ.՝ La España Pintoresca)
  • 1851 — «Գեղանկարչության պատմություն» (իսպ.՝ Historia de la Pintura)
  • 1854 — «Հեղափոխության արձագանք» (իսպ.՝ El eco de la revolución)
  • 1855 — «Ռեակցիան և հեղափոխությունը» (իսպ.՝ La reacción y la revolución)
  • 1864 — «Երեսունի հռչակագիր» (իսպ.՝ Declaración de los treinta)
  • 1873 — «Միջնադարի ուսումնասիրություն» (իսպ.՝ Estudios de la Edad Media), написано в 1851 году
  • 1874 — «1873 թվականի հանրապետությունը» (իսպ.՝ La República de 1873)
  • 1876 — «Գրական գանձարան» (իսպ.՝ Joyas literarias)
  • 1877 — «Ազգություններ» (իսպ.՝ Las nacionalidades)
  • 1878 — «Ամերիկայի ընդհանուր պատմություն» (իսպ.՝ Historia General de América)
  • 1880 — «Դաշնություն» (իսպ.՝ La Federación)
  • 1883 — «Դաշնության սահմանադրություն» (իսպ.՝ Constitución federal)
  • 1884 — «Դոն Խուան Տենորիոյի բնավորության նկատառումներ» (իսպ.՝ Observaciones sobre el carácter de Don Juan Tenorio)
  • 1884 — «Մեր օրերի պայքարը» (իսպ.՝ Las luchas de nuestros días)
  • 1894 — «Դաշնային կուսակցության ծրագիր» (իսպ.՝ Programa del Partido Federal)
  • «Առաջին երկխոսություններ» (իսպ.՝ Primeros diálogos), տարեթիվը հայտնի չէ:
  • «Ամադեյ Սավոյացի» (իսպ.՝ Amadeo de Saboya), տարեթիվը հայտնի չէ:

Ֆրանսիսկո Պի ի Արսուագայի հետ համատեղ`

  • 1902 — «19-րդ դարի Իսպանիայի պատմություն. քաղաքական, տնտեսական, հասարակական և գեղարվեստակա իրողություններ. դեպքերի ու դեմքերի նկարագրություն ու վերլուծություն» (իսպ.՝ Historia de España en el siglo XIX. Sucesos políticos, económicos, sociales y artísticos, acaecidos durante el mismo. Detallada narración de sus acontecimientos y extenso juicio crítico de sus hombres), Բարսելոնա, Miguel Seguí, 8 հատորով

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Diccionario biográfico españolReal Academia de la Historia.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Пи-и-Маргаль Франсиско // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. "The first movement of the Spanish workers was strongly influenced by the ideas of Pi y Margall, leader of the Spanish Federalists and disciple of Proudhon.
  5. "These translations were to have a profound and lasting effect on the development of Spanish anarchism after 1870, but before that time Proudhonian ideas, as interpreted by Pi, already provided much of the inspiration for the federalist movement which sprang up in the early 1860's."
  6. Santamaría, Antonio; Francisco Pi y Margall: Federalismo y República, El Viejo Topo, 2006.
  7. Varios autores (2014)
  8. ««Francisco Pi y Margall»» (անգլերեն)։ CapitolHill։ Արխիվացված օրիգինալից-ից 2001-05-15-ին։ Վերցված է 2016-05-03 
  9. Santamaría (2006)
  10. Maíz, Ramón; Estudio Introductorio a "Las Nacionalidades", Akal, Madrid, 2009, p. 7.
  11. 11,0 11,1 11,2 Maíz (2009), p. 10.
  12. Francisco Pi y Margall, 1873, Ministro de Gobernación:
  13. Gaceta de Madrid, 12 de junio de 1873, tomo II, p. 703.
  14. Francisco Pi y Margall, Presidente de la República: «Comunicado sobre la reducción de las horas de trabajo», 1873.
  15. Maíz (2009), p. 11.
  16. Maíz (2009), p. 12.
  17. K. Marx y F. Engels.
  18. Sabino Arana.
  19. Federica Montseny.
  20. Rudolf Rocker (1947), en Anarcosindicalismo (teoría y práctica)[1]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Conangla, J. Cuba y Pi y Margall. La Habana, 1947.
  • Ferrando Badía, Juan. Historia político-parlamentaria de la República de 1873. Madrid: Cuadernos para el Diálogo, 1973.
  • Grande Esteban, M. Unitarismo y federalismo (prefacio). Madrid: Emiliano Escolar Editor, 1981. ISBN 84-7393-137-8
  • Hennessy, C. A. M. La República Federal en España. Pi y Margall y el movimiento republicano federal, 1868-1874. Madrid: Aguilar, 1966.
  • Jutglar, Antoni. Federalismo y Revolución. Las ideas sociales de Pi y Margall. Barcelona, 1966.
  • Jutglar, Antoni. La República de 1873, de Pi y Margall. Barcelona, 1970.
  • Jutglar, Antoni. Pi y Margall y el Federalismo español. 2 vols. Madrid: Taurus, 1974.
  • Martí, Casimir. L'orientació de Pi i Margall cap al socialisme i la democràcia. Artículo en Recerques nº38. Barcelona, 1974.
  • Molas, I. Ideari de Francesc Pi i Margall. Barcelona, 1965.
  • Pi y Arsuaga, J. Pi y Margall. Lecciones de federalismo. Barcelona, 1931.
  • Rovira i Virgili, A. Pròleg i notes a La qüestió de Catalunya davant el Federalisme. Escrits i discursos. (con especial dedicación a F. Pi i Margall). Barcelona, 1913.
  • Vilches García, J. (2001). «Pi y Margall, el hombre sinalagmático». Historia y política: Ideas, procesos y movimientos sociales (6): 57–90. ISSN 1575-0361

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]