Նեկրոզ
Նեկրոզ Necrosis | |
---|---|
Տեսակ | ախտանիշ կամ նշան |
Բժշկական մասնագիտություն | Ախտանատոմիա |
Necrosis Վիքիպահեստում |
Նեկրոզ կամ մեռուկ (հունարեն՝ νεκρός - մահացած), կենդանի օրգանիզմում բջիջների և հյուսվածքների մահ, որով լրիվ դադարում է տվյալ բջջի կամ հյուսվածքի կենսագործունեությունը։
Կենդանի օրգանիզմում առանձին օրգանների, դրանց մասերի, հյուսվածքների կամ բջիջների մահացում։ Ըստ պատճառների տարբերում են վնասվածքային (ցրտահարություն, այրվածք), նյարդա-սնուցողական (Մեռուկացման բորի նյարդային ձևի, սիրինգոմիելիայի դեպքում), շրջանառու կամ սակավարյունային (ինֆրակտ, գանգրենա), թունավոր, ալերգիական (Մեռուկացում ալերգիական հիվանդությունների դեպքում)։ Մեռուկացմանը բնորոշ են բջիջների և միջբջջային նյութի փոփոխությունները․ կորիզը և բջջապլազման կնճռոտվում են (մակարդում), քայքայվում և լուծվում (լիզիս)։
Շարակցական հյուսվածքի կառուցվածքներում զարգանում են ֆիբրինոիդ փոփոխություններ, նյարդաթելերում՝ բեկորային քայքայում։ Մեռուկացման կլինիկամորֆոլոգիական դրսևորումները և հետևանքները կախված են պրոցեսի տեղադրությունից և տարածվածությունից, առաջացման պայմաններից ու մեխանիզմներից։
Նեկրոզի փուլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեռուկային պրոցեսը անցնում է մի շարք փուլեր՝
- Պարանեկրոզ (հարմեռուկ), որը մեռուկի նման է, բայց փոփոխությունները դարձելի են,
- Նեկրոբիոզ (կիսամեռուկ), որը անդարձ դիստրոֆիայի փոփոխություններ են, բնութագրվում են նյութագոյացման ռեակցիաների նկատմամբ քայքայման ռեակցեաների գերակշռումով, բջջի մահով, որի վրա հասնելու ժամանակը դժվար է որոշել,
- Աուտոլիզ (ինքնալուծում), մահացած հիմնանյութի քայքայումն է մեռած բջիջների և մակրոֆագերի հիդրոլիտիկ ֆերմենտների ազդեցությամբ։
Պատճառագիտական տարբերակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեռուկի պատճառից կախված՝ տարբերում են նրա հետևյալ ձևերը.
- վնասվածքային (տրավմատիկ),
- թունային (տոքսիկ),
- սնուցանյարդային (տրոֆոնևրոտիկ),
- ալերգիկ,
- անոթային (անգիոգեն)։
Վնասվածքային մեռուկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վնասվածքային մեռուկը հյուսվածքների վրա ֆիզիկական կամ քիմիական գործոնների ուղղակի ազդեցության հետևանք է։ Այդպիսի մեռուկն առաջանում է ցածր (ցրտահարություն) և բարձր (այրվածք) ջերմաստիճանների ազդեցությամբ, ինչպես նաև որոշ էլեկտրավնասվածքների դեպքում։ Այն զարգանում է նաև խիստ հանքային թթուների և հիմքերի անմիջական ազդեցությունից։ Երբեմն մեռուկը կարող է առաջանալ ակտիվ նյութերի և ֆերմենտների ուժեղացած արտադրությունից (օրինակ՝ ստամոքսի լորձաթաղանթի մեռուկը ստամոքսահյութի արտահայտված սեկրեցիայի դեպքում։
Թունային մեռուկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թունային մեռուկը զարգանում է հյուսվածքներում ինչպես ոչ մանրէային, այնպես էլ մանրէային ծագման որևէ թույնի ազդեցության հետևանքով։ Այդպիսին է նեֆրոնի մոտակա մասի էպիթելի մեռուկը սուլեմայով թունավորման, տուբերկուլոզի, սիֆիլիսի, բորի, սկլերոմայի դեպքում։ Սպեցիֆիկ վարակների դեպքում հյուսվածքի մեռուկային տեղամասերը չոր են, սպիտակադեղնավուն, հիշեցնում են կաթնաշոռ՝ լորձանման կազեոզ մեռուկ)։
Սնուցանյարդային մեռուկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սնուցանյարդային մեռուկը ծագում է հյուսվածքների նյարդային սնուցման փոփոխությունների դեպքում։ Այդ խանգարումների հետևանքով զարգանում են շրջանառական տեղաշարժեր, դիստրոֆիայի և կենսամեռուկային փոփոխություններ, որոնք ավարտվում են մեռուկով։ Այդպիսին են մեռուկները կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգի հիվանդությունների դեպքում (օրինակ՝ չփակվող խոցերը ծայրամասային նյարդերի վնասվածքների դեպքում)։ Սնուցանյարդային մեռուկի վառ օրինակ են պառկելախոցերը։
Ալերգիկ մեռուկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հյուսվածքների ալերգիկ մեռուկը հանդես է գալիս գերզգայունացած օրգանիզմում և, որպես կանոն, դանդաղացված տիպի գերզգայունության արտահայտությունն է։ Սովորաբար դա վարակային, ալերգիկ և ինքնաիմուն (աուտոիմուն) հիվանդությունների դեպքում հաճախ հանդիպող ֆիբրինոիդ մեռուկն է։
Անոթային մեռուկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անոթային կամ անգիոգեն մեռուկը առաջանում է թրոմբոզի, էմբոլիայի, երկարատև սպազմի հետևանքով։ Արյան անբավարար հոսքը առաջացնում է թթվածնաքաղց (իշեմիա) և հյուսվածքի մահ օքսիդավերականգնման պրոցեսների ընդհատման հետևանքով։ Այս մեռուկը անվանում են նաև իշեմիկ մեռուկ կամ ինֆարկտ։ Անոթային մեռուկը ամենատարածված տեսակն է։ Հանդիպում է այն հիվանդությունների դեպքում, որոնց հիմքում ընկած են անգիոնևրոզը և զարկերակների լուսանցքի խցանումը (աթերոսկլերոզ, հիպերտոնիկ հիվանդություն, խցանող Էնդարտերիտ, Ռեյնոյի հիվանդություն)։
Կլինիկաձևաբանական տարբերակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կախված օրգանների և հյուսվածքների կառուցվածքաֆունկցիոնալ առանձնահատկություններից, որոնցում առաջանում է մեռուկը, ինչպես նաև դրա առաջացման պատճառներից և զարգացման պայմաններից, տարբերում են մեռուկի հետևյալ կլինիկաձևաբանական ձևերը.
- մակարդումային (չոր կոագուլացիոն),
- ջրիկացումային (թաց կոլիկվացիոն),
- փտախտ (գանգրենա),
- սեկվեստոր,
- ինֆարկտ։
- Մակարդումային մեռուկը բնորոշվում է նրանով, որ այդ դեպքում առաջացող մահացած հյուսվածքները չոր են, ամուր, մոխրավուն։ Չոր մեռուկի հիմքում ընկած են բնազրկման պրոցեսները։ Հյուսվածոը այդ դեպքում բնազրկվում է։
- Ջրիկացումային մեռուկը բնութագրվում է հյուսվածքի լուծումով և խոռոչների (կիստաների) առաջացումով։ Զարգանում է սպիտակուցներով համեմատաբար աղքատ և հեղուկներով հարուստ հյուսվածքներում, որտեղ գոյություն ունեն նպաստավոր պայմաններ հիդրոլիտիկ պրոցեսների համար։ Տիպիկ թաց նեկրոզ է հանդիսանում գլխուղեղում կամ ողնուղեղում լուծման և փափկեցման օջախը։ Սովորաբար դա գլխուղեղի գորշ պնդեցման օջախն է (իշեմիկ ինֆարկտ), որն ունի անորոշ ձև և մոխրագույն շիլայանման զանգված է։
- Փտախտը արտաքին միջավայրի հետ շփվող հյուսվածքների մեռուկն է։ Այդ դեպքում հյուսվածքները դառնում են մոխրագույն կամ սև, որը կախված է արյան գունակների փոխակերպումից երկաթի սուլֆիդի։
- Սեկվեստրը մահացած հյուսվախքի տեղամաս է, որը չի ենթարկվում աուտոլիզի, չի փոխարինվում շարակցական հյուսվախքով և ազատ տեղավորվում է առողջ հյուսվածքների շրջանում։ Սեկվեստները սովորաբար առաջանում են ոսկրերում ոսկրածուծի բորբոքման ոստեոմիելիտի ժամանակ։ Սեկվեստրացվում են և փափուկ հյուսվածքները, բայց փափուկ հյուսվածքների սեկվեստրները, որպես կանոն, արաք լուծվում են։
- Ինֆարկտը հյուսվածքի մեռուկն է, որն առաջանում է արյան շրջանառության խանգարումների դեպքում, երբ կա սակավարյունություն։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Manual of Surgical Pathology (Author. Susan C. Lester MD PhD)
- Պաթոլոգիական անատոմիա - Երկրորդ վերահրատարակություն (հեղ. պրոֆ. Ն. Դ. Վարդազարյան, ԵՊԲՀ)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԵՊԲՀ Ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոն Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- Հարցեր բժիշկներին - Անվճար բժշկական խորհրդատվություն
- ՀՀ ԱՆ Հանրապետական Գիտաբժշկական Գրադարան
- Պառկելախոցեր, կանխարգելումը և բուժումը Արխիվացված 2014-03-03 Wayback Machine
- Ինչպես խուսափել պառկելախոցերից Արխիվացված 2014-03-02 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեկրոզ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 467)։ |