Jump to content

Մասնակից:Նելլի Մուրադյան/Ավազարկղ1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայոց այբուբենն ու հայերեն ձեռագիր ժառանգությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայոց այբուբենի ստեղծում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայոց այբուբենի ստեղծումով 5-րդ դարի առաջին տասնամյակը շրջադարձային եղավ հայ ժողովրդի պատմության և մշակույթի համար։ Հայոց այբուբենի շնորհիվ ձևավորվեց և աննախընթաց վերելք ապրեց հայերեն ինքնուրույն և թարգմանական մատենագրությունը։ Գրերի գյուտից անմիջապես հետո մեծ թափով ստեղծվեցին հայերեն պատմագրական, դավանաբանական, փիլիսոփայական երկեր, հիմնականում հունարենից և ասորերենից թարգմանվեցին եկեղեցական հայրերի գործեր, որոնց մեծ մասն այսօր էլ շարունակում է հարուստ նյութ տրամադրել հետազոտողներին։ Հատկանշելի է, որ սուրբ հայրերի գործերից սկզբնական այս շրջանում կատարված հայերեն մի շարք թարգմանություններ այսօր ձեռք են բերել գրեթե սկզբնաղբյուրային արժեք, քանի որ դրանց բնօրինակները չեն պահպանվել, և մեզ հայտնի են միայն դրանց ավելի ուշ ընդօրինակությունները։

Մեսրոպ Մաշտոցը և Հայոց գրերը

[խմբագրել | խմբագրել կոդը]

5-րդ դարի հայ մատենագիրների հայտնած տեղեկությունների համաձայն՝ հայոց գրերը 405 թվականին ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը՝ ծնունդով Մեծ Հայքի Տարոն գավառի Հացեկաց գյուղից (361-440): Մատենագրական այդ նույն աղբյուրներից տեղեկանում ենք, որ Մեսրոպ Մաշտոցը եղել է ժամանակի կրթված և լուսավոր գործիչներից, որպես գրագիր ծառայել է Արշակունի հայ թագավորների արքունիքում, բացի հայերենից՝ տիրապետել է առնվազն պարսկերենին, ասորերենին և հունարենին։Հայոց արքունիքում ծառայելուց հետո նա դարձել է հոգևորակական և իր հոգևոր սպասավորությունը մատուցել հայ ժողովրդին և հայ եկեղեցուն: Մաշտոցի կյանքի և գործունեության, այդ թվում՝ հայոց այբուբենի ստեղծման մասին առավել մանրամասն տեղեկություններ է հաղորդել իր աշակերտ Կորյունը, որը գրել է «Վարք Մաշտոցի» անունով շատ արժեքավոր երկը: Հենց այս երկից էլ տեղեկանում ենք, որ այբուբենի ստեղծման ընթացքը եղել է պետական բարձր հովանու ներքո: Բոլոր մանրամասները չնշելով՝ նկատենք միայն, որ գրերի գյուտի գործում նշանակալի ավանդ են ունեցել նաև ժամանակի հայոց կաթողիկոս Սահակ Պարթևը (348-439) և հայոց Վռամշապուհ թագավորը (մահ․ մոտ 414): Կորյունի երկից տեղեկանում ենք, որ տառերի ստեղծմանը կրկին պետական հովանու ներքո շատ կարճ ժամանակում հաջորդել է դպրոցների բացումն ու ուսուցումը:

Այբուբենի նշանակությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այբուբենի ստեղծումն ունեցել է շատ գործնական նշանակություն: Այն մի կողմից լուծեց դեռևս 301 թվականին Հայաստանում պետականորեն ընդունված քրիստոնեության տարածման և ամրապնդման, իսկ մյուս կողմից հայապահպանության հարցերը: Եվ պատահական չէ, որ գրերի գյուտից անմիջապես հետո հայերեն առաջին նախադասությունը թարգամություն էր Աստվածաշնչից՝ «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» (Առակաց Ա, 2): Այբուբենի հայապահպան նշանակությունն առավել ցայտուն դրսևորվում է հատկապես նույն՝ 5-րդ դարի առաջին կեսին Արշակունյաց հայոց թագավորության անկումից հետո (428 թ․): Ըստ էության՝ դարեր շարունակ պետականության բացակայության պայմաններում գիրը և քրիստոնեական հավատքը դարձան ազգային ինքնության պահպանման հիմնական գրավականներից: Եվ պատահական չէ, որ գիրը և գրականությունը հայոց մեջ մշտապես եղել են երկրպագության և մեծարման առարկա: Հայ եկեղեցին սրբացրել է Մեսրոպ Մաշտոցին և առաջին թարգմանիչներին, գրի և գրքի հետ կապված են միջնադարյան բազմաթիվ ասույթներ, ժողովրդական հանելուկներ, որոնք հետագա դարերում և ընդհուպ մինչ օրս շարունակում են ներշչանքի առարկա լինել շատերի համար: Գիրքը կամ գիրը վնասողներին հասցեագրված են անեծքի հարյուրավոր բանաձևեր, իսկ ահա խնամքով վերաբերվողներին ուղղված են օրհնության և երկարակեցության մաղթանքներ: Այբուբենը բոլոր ժամանակներում ներշնչել է նաև հայ ստեղծագործողներին և առիթ եղել մի շարք գրական երկերի: Վաղագույն նման դրսևորումը մեզ հայտնի է դեռևս 7-րդ դարից և պատկանում է Կոմիտաս Աղցեցի հայոց կաթողիկոսի (մահ․ մոտ 628 թ․) գրչին: Վերջինս Հռիփսիմյանց սուրբ կույսերին նվիրված իր շարականը հորինել է հայոց այբուբենի տառերի հերթականությամբ: 12-րդ դարի նշանավոր մեկ այլ եկեղեցական գործիչ և ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Շնորհալին (1102-1173) այբուբենի տառերով հորինել է ինչպես հանելուկներ, այնպես էլ պոեմներ: Այս ավանդույթը շարունակվել է նաև հետագա դարաշրջաններում՝ հարստացնելով և զարգացնելով գրի և գրքի թեման հայ գրականության և արվեստի տարբեր ոլորտներում: Գրի նկատմամբ ունեցած յուրահատուկ այս վերաբերմունքը 2019 թ. ամրագրվեց նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում՝ «Հայոց այբուբենն ու նրա մշակութային դրսևորումները» խորագրով: Մաշտոցյան այբուբենը պարունակել է 36 տառ և ի սկզբանե հորինված է եղել մեկ տառին մեկ հնչյուն սկզբունքով: Իր այդ առանձնահատկությամբ այբուբենը շատ արագ յուրացվել և տարածում է գտել հայոց մեջ դեռևս ստեղծման օրվանից, և առ այսօր այն գրեթե անխաթար կերպով շարունակում է գործածվել (12-րդ դարում ևս երեք տառով հարստացվել է այբուբենը, և տառերի ընդհանուր թիվը ներկայում 39 է): 5-րդ դարի գրական մեծաթիվ երկերը, նույն դարի առաջին կեսով թվագրվող հայերեն սակավաթիվ պահպանված արձանագրությունները Նազարեթում և Սինայում փաստում են, որ գիրը բավական տարածված է եղել ստեղծման արդեն վաղագույն փուլում:

Հայոց գրերի զարգացման փուլերը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերեն գրերն ունցել են զարգացման երեք հիմնական փուլ՝ երկաթագիր, բոլորգիր, և նոտրգիր: Դրանցից առաջինը կամ երկաթագիրը ամբողջությամբ մեծատառ գիր է, հիմնականում գործածվել է 5-12-րդ դարերում, իսկ հետագայում առավելապես կիրառվել է արձանագրություններում: Մեզ հասած հնագույն ձեռագրերում կամ նրանց պատառիկներում մինչև 12-րդ դար գրեթե առանց բացառությունների հենց այս գրատեսակն է հանդիպում, իսկ ահա 12-րդ դարից հետո այս գրատեսակը հանդես է գալիս հիմնականում գլխագրերում: Բոլորգիրը, չնայած գործածության ավելի վաղ օրինակների առկայությանը, առավելապես կիրառություն է ստանում՝ 12-րդ դարից սկսած և լայն տարածում է գտնում հայերեն ձեռագրերում մինչև 17-րդ դար, թեև հետագա դարերում ևս այն հաճախ է հանդիպում: Այս գրատեսակը երկաթագրի համեմատ ոչ միայն տեղի խնայողություն էր ապահովում, այլև բավական հարմար էր գրության տեխնիկայի և ժամանակի տեսանկյունից: Արդեն 16-րդ դարում, արագագրությամբ պայմանավորված, ձեռագրերում կիրառվում է նոտրգիրը: Այս գրատեսակը համեմատաբար մանր է, նրան բնորոշ է համառոտագրությունների մեծ քանակը: Այս վերջինի մի տեսակ է նաև շղագիրը, որը նոտրգրի հետ գրեթե միաժամանակ գործածվում է ձեռագրերում: Այսօր էլ այն գործածական է: Այս բոլոր գրատեսակներով մեզ հասած հայերեն ձեռագիր մատյանների ընդհանուր թիվն աշխարհի մեծ ու փոքր հավաքածուներում գերազանցում է 30.000-ը: Ամենից մեծ հավաքածուները պահվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում (ավելի քան 12000 հայերեն ձեռագիր, հազարավոր պատառիկներ և շուրջ 8000 ձեռագիր տարբեր լեզուներով), Մխիթարյան Միաբանության Վենետիկի և Վիեննայի մատենադարաններում (միասին ավելի քան 7000 միավոր), Երուսաղեմի հայոց պատրիարքությունում (ավելի քան 4000 միավոր), Զմմառի հայոց միաբանությունում (շուրջ 2000 միավոր): Հայերեն ձեռագրերի խոշոր հավաքածուներ կան նաև Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանի Դաշնությունում, Իրանում և այլուր:

Հայերեն ձեռագրերի բազմազանությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհով մեկ սփռված հայերեն ձեռագրերն ունեն բովանդակային հարուստ բազմազանություն: Առավել մեծ թիվ են կազմում Ավետարանները, Աստվածաշունչը և նրա տարբեր գրքերը, ծիսական տարբեր մատյանները (Մաշտոց, Ժամագիրք, Պատարագամատույց, Շարակնոց և այլն), պատմական, գրական, լեզվաբանական, աստվածաբանական, փիլիսոփայական մեծաթիվ երկերը: Քիչ չեն նաև բժշկագիտությանը, աշխարհագրությանը, երկրաչափությանն ու թվաբանությանը վերաբերող ձեռագրերը: Այս ամենը ստեղծվել է ինչպես Հայաստանի, այնպես էլ նրա սահմաններից դուրս գտնվող հայկական հազարավոր գրչօջախներում, որոնք փաստագրված են դեռևս վաղ միջնադարից: Եթե աշխարհի ներկայիս ֆիզիկական քարտեզին նշենք այն բոլոր գրչօջախները, որոնցում ձեռագրեր են ընդօրինակել հայ գրիչները, ապա զարմանքը թաքցնելն իսկապես դժվար կլինի. տարբեր ժամանակատվածներում հայերեն ձեռագրեր են գրչագրվել Հարավային Ամերիկայից մինչև Հեռավոր Ասիայի, Մերձավոր և Միջին Արևելքից մինչև Արևելյան և Արևմտյան Եվրոպայի մեծ ու փոքր քաղաքներում: Հայերեն գրերը տարբեր ժամանակներում և երկրներում գործած գրիչներին միաժամանակ հնարավորություն են տվել անհրաժեշտության դեպքում նաև տառադարձել այլ լեզուներ և հայատառ շարադրել օտարալեզու երկերը: Այդպիսի վաղագույն օրինակը 7-րդ դարով թվագրվող նշանավոր պապիրուսն է՝ հայատառ հունարեն գրությամբ, որը ներկայում պահվում է Ֆրանսիայի ազգային գրադարանում: Մեզ են հասել նաև հայատառ լատիներեն, ղփչաղերեն, լեհերեն, պարսկերեն, գերմաներեն, իտալերեն, սլավոներեն և այլ լեզուներով հայատառ գրություններ: Այս շարքում առանձնահատուկ պետք է ընդգծել հայատառ օսմաներեն կամ թուրքերեն հարուստ ժառանգությունը, որը վերաբերում է ոչ միայն ձեռագիր, այլև տպագիր ժառանգությանը: Հայատառ այլալեզու գրությունների այս երևույթը առավելապես պայմանավորված է տվյալ լեզվակիր միջավայրում հայկական համայնքների գոյությամբ և այդ միջավայրին ինտեգրվելու ցանկությամբ: Հայատառ պարսկերեն և թուրքերեն գրավոր ժառանգությունը խորքում ունեցել է նաև հայապահպան գործոն. գիրը հնարավորություն է տվել պահպանելու ազգային գիտակցությունը և խուսափելու ամբողջությամբ միջավայրին ձուլվելու սպառնացող վտանգից:

Մանրանկարներ՝ հայերեն ձեռագրերում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերեն ձեռագրերում պահպանված և մեզ հայտնի վաղագույն մանրանկարները 7-րդ դարով թվագրվող զույգ պատառիկներ են, որոնք մեզ են հասել ավելի ուշ՝ 989 թվականին ընդօրինակված Ավետարանում ներմուծված լինելու շնորհիվ: Բացառիկ հետաքրքիր մանրանկարներ են հասել մեզ Արցախի և Անիի գրչության կենտրոններից, սակայն հայ մանրանկարչական արվեստն իր զարգացման բարձրակետին է հասնել Կիլիկիայի հայկական թագավորության ժամանակաշրջանում (1198-1375): Կիլիկյան ձեռագրերին և հատկապես մանրանկարներին խիստ բնորոշ են հայկական և եվրոպական մանրանկարչության ավանդույթների, դրանց առանձին տարրերի միախառնումները, որոնց շնորհիվ այս ժամանակաշրջանի մանրանկարներն առանձնանում են իրենց ուրույն ոճով, գունային և թեմատիկ հարուստ պատկերներով: Իսկ թագավորական կամ ազնվական ընտանիքների ներկայացուցիչների պատվերներով ընդօրինակված և ծաղկված մատյաններն աչքի են ընկնում ոսկու հարուստ կիրառությամբ, մագաղաթի գործածությամբ, որն արդեն 11-12-րդ դարերում հիմնականում իր տեղը զիջում է թղթին: Իդեպ, թղթի վրա գրված հայերեն հնագույն մատյանը մեզ է հասել 981 թվականից: Հետագա դարերում թեև դեռ կարելի է հանդիպել մագաղաթե ձեռագրերի, սակայն պետք է ընդգծել, որ նյութի թանկությունը հիմնականում հանգեցնում է թղթի առավել հաճախակի գործածությանը: Կարելի է ասել, որ 12-րդ դարից հետո մագաղաթի կիրառությունն ինչ-որ առումով ընդգծում է արդեն պատվիրատուի ֆինանսական հնարավորությունները: Եթե ամփոփենք մեր համառոտ անդրադարձը, ապա կրկին պետք է արձանագրենք, որ 405 թ. հայոց գրերի գյուտից հետո պետական բարձր հովանու ներքո բացվեցին դպրոցներ, ուր դասավանդվեց և լայն տարածում գտավ այբուբենը: Այդ փաստում է նույն ժամանակ ստեղծված գրական հարուստ և բազմաժանր ժառանգությունը: Ցավոք, ժամանակն անխնա է գտնվել վաղ շրջանի հայերեն ձեռագրերի նկատմամբ, և մեզ հասած թվակիր հնագույն մատյանները պահպանվել են միայն 9-րդ դարից սկսած: Առավել վաղ շրջանի սակավաթիվ մատյաններ միայն մասնագիտական թվագրում ունեն: Այդուհանդերձ, հայերեն ձեռագրերի ընդհանուր թիվն աշխարհում գերազանցում է 30.000-ը, որն ինքնին պատկառելի գրավոր ժառանգություն է՝ հայ ժողովրդի ինքնության կարևոր գրավականներից[1]:

Գրականության ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Աբրահամյան Ա. Գ., Հայ գրի և գրչության պատմություն, Երևան, 1959:
  • Աբրահամյան Ա. Գ., Հայոց գիր և գրչություն, Երևան, 1973:
  • Աբրահամյան Ա. Գ., Հայկական ծածկագրություն, Երևան, 1978:
  • Ակինեան Ն., Հայերէն այբուբենի գիւտը, «ՀԱ»., 1938 (52), էջեր 289-318:
  • Աճառյան Հ., Հայոց գրերը, խմբ. Է. Աղայանի, Երևան, 1968:
  • Ղաֆադարյան Կ., Հայկական գրի սկզբնական տեսակները, հնագրական-բանասիրական ուսումնասիրություն, Երևան, 1939, վերահրատ., 1953:
  • Մաթևոսյան Ա., Լազարյան ճեմարանի հնագույն ձեռագիրը, «ՊԲՀ», 1973 (1), էջեր 123-132:
  • Յովսէփեան Գ., Հայոց գրի գլխաւոր տեսակները, «Տարազ», 10, 1912, էջեր 168-173:
  • Յովսէփեան Գ., Գրչութեան արուեստը հին հայոց մէջ, մասն Գ. Քարտէզ հայ հնագրութեան, 95 տախտակով, Վաղարշապատ, 1913:
  • Տաշեան Յ., Ակնարկ մը հայ հնագրութեան վրայ. ուսումնասիրութիւն հայոց գրչութեան արուեստին, 10 լուսանկարով (Ազգային մատենադարան, հ. 28), Վիեննա 1898:
  • Clackson J., A Greek Educational Papyrus in Armenian Script, I. Andorlini, G. Bastianini, M. Manfredi, G. Menci (eds.), Atti del XXIICongresso Internazionale di Papirologia, Firenze, 23-29 agosto, 1998, Firenze, 2001.
  • Cuendet G., Un papyrus grec en caractères arméniens, Annuaire de l’Institut de philology et d’histoire orientales et slaves, vol. 5, (Mélange Émil Boisacq), 1937, pp. 219-226.
  • Cuendet G., À propos d’un papyrus grec en caractères arméniens, «ՀԱ», 1938 (52), pp. 57-67.
  • Finck F. N., Armenische Paleographie, Enläuterungen zu den Schriftproben aus den armenischen Handschriften der königl. Universitätsbibliothekin Tübingen, Atlas zum Katalog der armenischen Handschriften, Tübingen, 1907.
  • Kouymjian D., The Archaeology of the Armenian Manuscript: Codicology, Paleography and Beyond, in V. Calzolari and M. E. Stone (eds.), Armenian Philology in the Modern Era. From Manuscript to Digital Text (Handbook of Oriental Studies, Section Eigth: Uralic and Central Asian Studies, 23/1), Leiden-Boston: Brill, 2014, pp. 5-22.
  • Kouymjian D., A Unique Armenian Papyrus, in D. Sakayan (ed.), Acts of the 5th International Conference on Armenian Lingustics, Delmar, NY, 1996, pp. 381-386.
  • Maksoudian K., The Origins of the Armenian Alphabet and Literature, ed. by A. Arkun, New York, St. Vartan Press, 2006.
  • Orengo Al., L’invenzione dell’alfabeto armeno: fatti e problemi, in Rhesis (International Journal of Linguistics, Philology and Literature), Linguistics and Philology 7.1, Cagliari, 2016, pp. 9-27.
  • Russel J., On the Origins and Invention of the Armenian Script, in “Le Muséon”, 1994 (107), pp. 317-333.
  • Stone M. E., The Armenian Inscriptions from the Sinai. With Appendixes on the Georgian and Latin Inscriptions by M. van Esbroeck and W. Adler (Armenian Tests and Studies 6), Cambridge (MA), Harvard University Press, 1982.
  • Stone M. E., The Album of Armenian Paleography with Some Pickings from Armenian Colophons, in “Gazette du livre médiéval”, 1995 (26), pp. 8-17.
  • Stone M. E., Kouymjian D., Lehmann H., Album of Armenian Paleography, Aarhus, Aarhus University Press, 2002.
  • Yuzbašyan K., L’invention de l’alphabet arménien: de la langue parlée à la langue écrite, in “Revue des Etudes Arméniennes”, 2011 (3), pp. 67-129.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Khachik, Harutyunyan (2022). HISTORICAL AND CULTURAL HERITAGE OF ARMENIA. Ministry of Education, Science, Culture and Sports of the Republic of Armenia; “Scientific Research Center of Historical and Cultural Heritage” SNCO. էջեր 74–81. ISBN 978-9939-9087-1-7.