Գլխագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գլխագիր «Գ» տառը

Գլխագիր, գլխատառ, մեծատառ, գրքի, բնագրի, տան կամ գլխի սկզբնատառը։ Ունի կիրառության որոշակի սահմաններ ու կանոններ։ Հայկական գլխագրերը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը՝ հայոց գիրն ու գրչության արվեստը սկզբնավորելիս։ Այդ ժամանակ որպես գլխագիր օգտագործվող գրատեսակը կոչվել է նաև «երկաթագիր»՝ վիմագրությունները հիմնականում այդ գրատեսակով, քարի վրա երկաթի գրոցով գրելու պատճառով։ Ձեռագրերում գլխագիր գրվել է բնագրից մեկուկես, երկու և ավելի անգամ մեծ, գրադաշտից դուրս, լուսանցքում, հետագայում ամբողջովին մտել է գրադաշտի մեջ, իսկ վերև ու ներքև ձգվող երկար գծերը ավելի են երկարել։ 10-րդ դարում, երբ բոլորգիրը գործածվել է որպես գրչության գիր, երկաթագրի հետ որպես գլխագիր օգտագործել է նաև գրչագիրը։ Բոլորգիրն իր հերթին դարձել է գլխագիր նոտրգրի համար (չնայած վերջինս ուներ նաև սեփական գլխագիր)։ 5-րդ դարից մինչև այսօր բոլոր գրատեսակներում երկաթագիրը օգտագործվում է որպես գլխագիր։ Այն եղել է հենք զարդագրի համար, որը կիրառվում է մեծ մասամբ որպես գլխագիր։