Հրանտ Բատիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հրանտ Բատիկյան
Հրանտ Բատիկյան.jpg
Ծնվել է դեկտեմբերի 26, 1909({{padleft:1909|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:26|2|0}})
Ծննդավայր Բաքու, Ռուսական կայսրություն
Մահացել է մարտի 31, 1983({{padleft:1983|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:31|2|0}}) (73 տարեկանում)
Մահվան վայր Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգություն հայ
Կրթություն Երևանի պետական համալսարան
Գիտական աստիճան կենսաբանական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Մասնագիտություն կենսաբան և գենետիկ
Պարգևներ և
մրցանակներ
Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Հրանտ Գևորգի Բատիկյան (1909, դեկտեմբերի 26 - 1983, մարտի 31), հայ գենետիկ, կենսաբանական գիտությունների դոկտոր (1950), պրոֆեսոր (1951), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բաքվում: 1926 թվականին ընդունվել է ԵՊՀ գյուղատնտեսական ֆակուլտետ, 1930 թվականին՝ Լենինգրադի (այժմ Սանկտ Պետերբուրգ) համամիութենական բուսաբուծության ինստիտուտի ասպիրանտուրա։ 1936 թվականին պաշտպանել է թեկնածուական, 1950 թվականին՝ դոկտորական ատենախոսություն։ 1951 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։

Մինչև 1937 թվականն աշխատել է Լենինգրադի համամիութենական բուսաբուծության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող։ 1937 թվականին վերադարձել է Հայաստան և գործուն մասնակցություն ունեցել ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի (Արմֆան) հիմնադրման աշխատանքներին։ Այստեղ նա սկզբում աշխատել է որպես գիտական քարտուղար, 1938-1940 թվականներին՝ Արմֆանի «Տեղեկագրի» խմբագիր, 1940-1941 թվականներին՝ նախագահության անդամ, ինչպես նաև տնօրենի՝ ակադեմիկոս Հովսեփ Օրբելու տեղակալ։ Միաժամանակ դասախոսել է ԵՊՀ-ում և գյուղատնտեսական ինստիտուտում։ 1943-1949 թվականներին եղել է Հայաստանի ԳԱ գենետիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող։

Հրանտ Բատիկյանի հուշատախտակը Երևան Չարենցի 4 հասցեում

1950-1980 թվականներին ղեկավարել է ԵՊՀ դարվինիզմի և գենետիկայի ամբիոնը, 1963 թվականին՝ հիմնադրել և ղեկավարել է նաև բջջաբանության պրոբլեմային լաբորատորիան։ 1950-1963 թվականներին և 1968-1978 թվականներին եղել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան։ Այդ տարիներին նրա ջանքերով ստեղծվել են կենսաքիմիայի, հողագիտության և ագրոքիմիայի, կենսաֆիզիկայի ամբիոններ։

1963-1966 թվականներին եղել է ԵՊՀ ռեկտոր։

Հեղինակ է ավելի քան 150 գիտական աշխատությունների, ձեռնարկների և մենագրությունների։ Հիշարժան են նրա «Վեգետատիվ և սեռական հիբրիդների համեմատական ուսումնասիրությունը բույսերում» (ռուսերեն, Երևան, 1951) մենագրությունը, «Բույսերի գենետիկայի՝ սելեկցիայի հիմունքներով գործնական պարապմունքների ձեռնարկ» (Երևան, 1959) աշխատությունը։

Ավելի քան 30 տարի եղել է ՀԽՍՀ ԳԱ «Հայաստանի կենսաբանական հանդես» (1954-1978) ամսագրի խմբագիր, միաժամանակ՝ ԽՍՀՄ Նախարարների խորհրդի՝ գիտության և տեխնիկայի պետական կոմիտեին կից «Մարդը և կենսոլորտը» խորհրդի անդամ։

Վախճանվել է Երևանում[1][2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կենսագրական հանարագիտարան, ԵՊՀ հրատարակչություն, Երևան, 2009, էջ 36-37:
  2. Ով ով է. Կենսագրական հանրագիտարան. Հայեր, Երևան, 2005, էջ 213: