Ռեկտոր (լատիներեն՝ rector- ղեկավարել, կառավարել), բարձրագույն ուսումնական հաստատության ղեկավար, տնօրեն, գործադիր մարմին։ Նաև հոգևոր միջնակարգ և բարձրագույն ուսումնական հաստատության տնօրեն։ Վերածննդի դարաշրջանում ռեկտոր կոչում էին գլխավոր ուսուցչին, բազմաթիվ դասարաններ ունեցող դպրոցի ղեկավարին։ Ֆրանսիայում ուսումնական շրջանը՝ «Ակադեմիան» ղեկավարող անձին կոչում են ռեկտոր։
Ըստ ՀՀ սահմանադրության և ԲՈՒՀ-ի կանոնադրության ընտրվում է ԲՈւՀ-ի խորհրդում՝ (առնվազն քսան հոգուց կազմված) բաց մրցույթի կարգով, գաղտնի քվեարկությամբ, հինգ տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու տարի անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում։ Ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է հիմնադիրը։ Արդյունքներն անվավեր ճանաչելու դեպքում, համաձայն գործող կարգի, նշանակվում է ռեկտորի նոր ընտրություն։ Եթե նույն թեկնածուն ընտրություններում հավաքում է գիտական խորհրդի անդամների ձայների առնվազն երկու երրորդը, ապա հիմնադիրը հաստատում է գիտական խորհրդի որոշումը։ Ռեկտորը ի պաշտոնե մտնում է գիտական խորհրդի կազմի մեջ և նախագահում է գիտական խորհուրդը։
Ռեկտորը գործում է ԲՈՒՀ-ի անունից միանձնյա՝ առանց լիազորագրի և ամբողջական պատասխանատվություն է կրում ԲՈւՀ-ի աշխատանքի արդյունքների համար[1]։
Ռեկտորը ներկայացնում է ԲՈՒՀ-ի շահերը պետության, պետական մարմինների, այլ կազմակերպությունների և քաղաքացիների հետ հարաբերություններում, այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում,
ՀՀ օրենսդրությամբ, հիմնադիրի և լիազորված պետական մարմնի որոշումներով կնքում է պայմանագրեր, արձակում հրամաններ, կարգադրություններ, հրահանգներ,
տալիս ցուցումներ, որոնք պարտադիր են ԲՈՒՀ-ի կոլեկտիվի անդամների համար։
Ռեկտորն իր իրավասության շրջանակներում ղեկավարում է ԲՈՒՀ-ի կրթական, գիտական, արտադրական, տնտեսական, ֆինանսական, միջազգային գործունեությունը,
կազմակերպում է ԲՈՒՀ-ի գիտական խորհրդի, կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքը,
հրավիրում է Բուհի գիտական խորհրդի, ռեկտորատի նիստերը,
կատարված աշխատանքի մասին տարեկան հաշվետվություն է ներկայացնում ԲՈՒՀ-ի խորհրդին,
ապահովում է ԲՈՒՀ-ի խորհրդի և գիտական խորհրդի որոշումների կատարումը և այլն։
Ռեկտորը չի կարող միաժամանակ զբաղեցնել այլ պետական պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտամանկավարժական և ստեղծագործական աշխատանքից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 630)։