Վռամ Կոստանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Կոստանյան (այլ կիրառումներ)
Picto Info sciences exactes.png
Վռամ Կոստանյան
Ծնվել է դեկտեմբերի 14, 1899(1899-12-14)
Վաղարշապատ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է նոյեմբերի 23, 1941(1941-11-23) (41 տարեկանում)
Ազգություն հայ
Մասնագիտություն տնտեսագետ
Ալմա մատեր Գևորգյան հոգևոր ճեմարան և Մոսկվայի պետական համալսարան

Վռամ Քրիստափորի Կոստանյան (դեկտեմբերի 14, 1899(1899-12-14), Վաղարշապատ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 23, 1941(1941-11-23)), հայ տնտեսագետ, պրոֆեսոր (1935)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Վաղարշապատում։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ապա՝ Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի տնտեսական իրավունքի ֆակուլտետում և ԽՍՀՄ պետպլանի առընթեր ասպիրանտուրայում։ 1920 թվականին դարձել է կոմկուսի անդամ: Մայիսյան ապստամբության օրերին բանտարկվել է:

Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո եղել է Էջմիածնի գավառային հեղափոխական կոմիտեի անդամ ու հեղկոմի քարտուղար, այնուհետև՝ Էջմիածնի բանգյուղտեսչության վարիչ։ 1925 թվականին տեղափոխվել է Երևան, աշխատել որպես Հայաստանի ժողկոմխորհի գործերի կառավարիչ, ապա՝ ֆինժողկոմատի կոլեգիայի անդամ ու ֆինանսական վերահսկողության պետ։ 1927 թվականին Մոսկվայում եղել է ԽՍՀՄ Ժողկոմխորհին առընթեր Անդրֆեդերացիայի մշտական ներկայացուցչության ֆինանսական հարցերի գծով խորհրդատու։

ԵՊՀ-ում Կոստանյանը սկսել է աշխատել 1928 թվականից. սկզբում դասավանդել է ֆինանսական, ապա՝ տնտեսական քաղաքականության դասընթացներ, այնուհետև եղել է տնտեսական քաղաքականության ու պլանավորման ամբիոնի վարիչ։ Դասավանդել է Հայկական մանկավարժական և կոոպերատիվ-տնտեսագիտական ինստիտուտներում։ Դասախոսական աշխատանքին զուգընթաց եղել է Հայաստանի կենտգործկոմի և Երևանի քաղխորհրդի անդամ, ժողկոմխորհի անդամ և ֆինանսական հարցերի գծով խորհրդատու, լուսժողկոմատի կոլեգիայի անդամ և գիտության բաժանմունքի վարիչ և այլն։

1935 թվականի հուլիսից մինչև 1937 թվականի հունվարը եղել է ԵՊՀ ռեկտոր։

Հեղինակ է 16 գիտական աշխատությունների, որոնք նվիրված են տնտեսական քաղաքականության ու սոցիալիստական շինարարության հարցերին։ Խմբագրել է Լենինի երկերի երրորդ հատորի հայերեն թարգմանությունը, ինչպես և տնտեսագիտական բուհական մի շարք դասագրքեր։

1937 թվականին Կոստանյանը ձերբակալվել է խորհրդային իշխանության դեմ ակտիվ պայքար տանելու շինծու մեղադրանքով և աքսորվել։ 1941 թվականի նոյեմբերի 23-ին վախճանվել է աքսորավայրում։ 1955 թվականին արդարացվել է հետմահու։

Ծննդյան 70-ամյակի կապակցությամբ Էջմիածին քաղաքի փողոցներից մեկը կոչվում է Վռամ Կոստանյանի անունով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կենսագրական հանրագիտարան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2009, էջ 21-22։