Հին եգիպտացիների ծագումնաբանության հարց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հին եգիպտացիների ծագումնաբանության հարց, հին եգիպտացիների ռասայական պատկանելիության հարց, որը ծագել է 18-19-րդ դարերում Եվրոպայում՝ մարդաբանության և ռասսայական դասակարգման նկատմամբ մեծացող հետաքրքրությունների ֆոնին։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր մարդաբաններ և եգիպտագետներ Հին Եգիպտոսի բնակչության ռասսայական պատկանելիության վերաբերյալ արտահայտել են հակադարձ տեսակետներ։ Այսպես, գիտնականների մի խումբ առաջ է քաշել տեսություն, համաձայն որի եգիպտացիները առաջացել են աֆրասիական և մերձավորարևելյան մշակույթների միախառնումից։ Գիտնականների մյուս խումբը կարծում է, որ հին եգիպտացիներն ունեն նուբիական, անգամ նույնիսկ եվրոպական ծագումնաբանություն։

Ռասսայական պատկանելիության ուսումնասիրությունները բարդանում են նրանով, որ եգիպտական մշակույթն ներառել է աֆրիկյան և մերձավորարևելյան ժողովուրդների մշակույթները, ինչը, հավանաբար, խոսում է այն մասին, որ եգիպտական ժողովուրդը ձևավորվել է Նեղոս գետի ափին բնակվող ժողովուրդների մետիսացման արդյունքում կամ էլ հանդիսանում է միջանկյալ հատուկ ռասսա, որը ձևավորվել է վաղ նեոլիթի ժամանակաշրջանում՝ դեպի հյուսիս-արևելք ժողովուրդների միգրացիայի ժամանակ։

Բացի այդ, այս հարցը կարող է քննարկվել նաև գաղափարախոսական և քաղաքական մոտիվների շրջանակներում։ Օրինակ, 19-րդ դարում եվրոցենտրիստները և սև ստրկության կողմնակիցները պնդում էին, որ եգիպտացիները եղել են սպիտակ ռասսայի ներկայացուցիչներ։ Սկսած 20-րդ դարի կեսերից, հակադարձ գաղափարը, այսինքն, եգիպտական քաղաքակրթության սև լինելը դարձել է ավելի պոպուլյար՝ ԱՄՆ-ում սևամորթների քաղաքացիական իրավունքների շարժման շրջանակներում։ Այն մինչ օրս համարվում է սև ազգայնականության (նեգրիտյուդ) հիմնասյուներից մեկը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

безрамки безрамки безрамки
Մովսեսի հայտնաբերումը, Ջովաննի Բատիստա Տիեպոլո (XVIII դար), Նիկոլա Պուսեն (XVII դար) և Պոլ Պիլ (XIX դար)։ Կտավները համարվում են օրինակն այն բանի, թե ինչպիսին էին եվրոպացիները պատկերացնում եգիպտացիներին՝ տարբեր ժամանակաշրջաններում։ Մի դեպքում եգիպտացիներն արտահայտված են ժամանակակից եվրոպացիներին բնորոշ դիմագծերով, մյուս դեպքում նման են հին հույներին։ 19-րդ դարում ի հայտ եկան եգիպտացիների արտաքին տեսքի վերաբերյալ մակերեսային պատկերացումներ։

Մինչ ռասսայական տեսությունների առաջացումը, եգիպտացիներին ընդունված է եղել համարել բիբլիական հերոս Քամի հետնորդներ։ Եգիպտոսը հաճախ պատկերվել է Ծննդոցի տեսարանների միջնադարյան նկարազարդումներում։ Մինչև 18-րդ դարը եվրոպացիները հին եգիպտացիներին և նրանց քաղաքակրթությունը պատկերել են հույների նման։ Միջնադարյան բիբլիական նկարազարդումներում եգիպտացիները պատկերվել են եվրոպական հագուստներով։

Հին եգիպտացիների ռասսայական պատկանելիության վերաբերյալ վաղ շրջանի բանավեճերը կարելի է գտնել 19-րդ դարի եվրոպական և ամերիկյան աշխատություններում։ Օրինակներից մեկը կարելի է համարել 1833 թվականին «The New-England Magazine» ամսագրում տպագրված հոդվածը, որտեղ նկարագրվում է մի քանի գիտնականների բանավեճերը։ Գիտնականներից մեկը եգիպտացիներին անվանում է սևամորթներ, իսկ մյուսը ժխտում նրա տեսակետը՝ նշելով, որ եգիպտացիները իրենց որմնանկարներում պատկերված են կարմիրով․ իսկ կանայք՝ դեղինով, սակայն ոչ մի դեպքում սևով։ Բացի այդ, որմնանկարներում մարդկանց դիմագծերը և արտաքին տեսքը ընդհանուր ոչինչ չունեն աֆրիկացիների հետ[1]։

18-րդ դարում Կոնստանտեն Ֆրանսուա դե Շասբյոֆը հաստատել է եգիպտացիների ծագումնաբանության նոր տեսությունը՝ նշելով, որ ղպտիները համարվում են նրանց ուղղակի հետնորդները, ինչը ենթադրում է, որ նրանք պետք է ժառանգած լինեին նաև եգիպտացիների արտաքին տեսքը։ Այսպես, Շասբյոֆը ղպտիներին նկարագրում էր որպես դեղնավուն երանգով թուխ մաշկով մարդկանց, ովքեր ունեն լայն դեմք և տափակ քիթ։ Ըստ Շասբյոֆի, հին եգիպտացիները նման չեն եղել ոչ սևամորթներին, ոչ հույներին և ոչ էլ արաբներին։ Միաժամանակ գիտնականը պնդում է, որ հնում ռասսայական այդ տիպը տարածված է եղել Հյուսիսային Աֆրիկայում և համարվում է էնդեմիկ[2][3]։

Ավելի ուշ, մեկ այլ գիտնական և հայտնի եգիպտագետ Ժան Ֆրանսուա Շամպոլյոնը հերքել է Շասբյոֆի տեսությունը՝ համեմատելով ժամանակակից ժպտիների դիմագծերը որմնանկարների հետ։ Նրա պնդմամբ, իրենց դիմագծերով հին եգիպտացիները նման են եղել նուբիացիներին, իսկ ղպիտները ձևավորվել են Նեղոս գետի ափին բնակվող դոմինանտ տարբեր ազգերի միախառնումից, որոնցից մեկն էլ եղել են հին եգիպտացիները[4]։ 1839 թվականին գիտական բանավեճին միացել է նաև հնագրության պրոֆեսոր և հնեագետ Ժան Ժոզեֆ Շամպոլյոնը։ Վերջինս վիճարկել է Շասբյոֆի և իր եղբոր՝ Ժան Ֆրանսուա Շամպոլյոնի տեսությունները։ Նա կարծում էր, որ հին եգիպտական ժողովուրդը որևէ կապ չի ունեցել աֆրիկյան ռասսայի հետ։ Նա մեղադրել է գիտնականներին քարոզչության մեջ՝ նշելով, որ նրանց պատճառով մարդիկ հավատացել են, թե իբր հին եգիպտացիները եղել են սևամորթներ[5]։

Հին եգիպտացիների ռասսայական քաղաքականության վերաբերյալ բանավեճերը առավել թեժացան ընդդեմ սև ստրկության ձևավորված քաղաքացիական շարժման ֆոնին[6], որի ընդդիմադիրները հերքում էին եգիպտացիների կապը սևամորթային մշակույթի հետ։ Վերջինները հիմնավորում էին սևամորթների պատմական, մտավոր և ֆիզիկական թերարժեքությունը[7]։ Այսպես, 1851 թվականին Ջոն Քեմփբելը քննադատության է ենթարկել Շամպոլյոնին և մյուս գիտնականներին՝ պնդելով հետևյալը․

Կա մի մեծ պրոբլեմ և, իմ կարծիքով, այն անորոշ է։ Խնդիրը կայանում է նրանում, որ Եգիպտոսի սևամորթային քաղաքականության կողմնակիցները չեն փորձում բացատրել, թե ինչպես է այդ քաղաքակրթությունը կործանվել… Եգիպտոսը զարգացել է և, այդ իսկ պատճառոբ, այն եղել է սպիտակ քաղաքակրթություն[8]։

Եգիպտացիների ծագման վերաբերյալ բանավեճերը առավել թեժացան ԱՄՆ քաղաքացիական պատերազմի ֆոնին։ Այդ գործընթացը համընկավ սև ստրկության չեղարկման բանավեճերի հետ[6]։ Այսպես, օրինակ, պահպանողականները, ինչպես օրինակ Ջոզիա Քլարք Նոթը, առաջ են քաշել գաղափարներ, որ եգիպտացիները եղել են սպիտակներ, քանիոր սևերը ֆիզիկապես ընդունակ չեն ստեղծել քաղաքակրթություն[9]։ Հայտնի բժիշկ և բնագետ Սեմուել Ջորջ Մորթոնը նույնպես եղել է սպիտակ եգիպտացիների տեսության կողմնակից և պնդել, որ եգիպտական հասարակությունում սևերը եղել են ստրուկներ և ունեցել ավելի ցածր կարգավիճակ, քան մինչ լյութերքինգյան ամերիկյան հասարակությունում[10]։

20-րդ դարի սկզբին Լոնդոնի համալսարանի եգիպտագիտության պրոֆեսոր Ֆլինդերս Պիտրին, իր հերթին, նշել է, որ եգիպտական մտավորականության ներկայացուցիչները, մասնավորապես 18-րդ դինաստիայից Ահմոս Նեֆերտարին, ունեցել են ընդգծված նուբիական դիմագծեր և երկար նեղ արծվաքթեր[9]։

Ժամանակակից գիտնականների ուսումնասիրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհայտ երիտասարդի պատկեր Եգիպտոսից, մ․թ․ 30 թվական

Ժամանակակից գիտնականները համոզված են, որ եգիպտացիների ռասսայական պատկանելիության մասին բանավեճերի մեծ մասը չնչին կապ ունեն գիտական հետազոտությունների հետ և պայմանավորված են գաղափարախոսական ու քաղաքական մոտիվներով[11]։ Այն պատճառով, որ ռասսայական պատկանելիության հարցը կարող էր նաև օգտագործվել սև կամ սպիտակ ռասիզմի կոնտեքստում, սկսած 1970-ական թվականներից, այս թեման գիտնականների շրջանում դարձել է տաբու[12][13]։

Գիտական գրականության մեջ խառը տիպի ազգերի մասին ընդունված է ասել կամ էլ եգիպտացիներին դասել մեծ սև ռասսայի փոքր ենթառասսայի մեջ՝ ճանաչելով աֆրիկյան ազգերի ռասսայական կազմի բազմազանությունը։ Ֆրենկ Սնոուդենը ընդգծել է, որ հին եգիպտացիները, հռոմեացիները և հույները մարդկանց չեն դասակարգել ըստ ռասսայական պատկանելիության, ինչպես դա անում էին եվրոպական հասարակությունում։ Բացի այդ, այս ազգերը մարդկանց չէին դասակարգում բարձր և ցածր դասակարգների[14][15]։

Ամենատարածված տարբերակներից մեկի համաձայն եգիպտացիները ձևավորվել են Նեղոս գետի ափին բնակվող բնիկ ժողովուրդներից, ովքեր այստեղ էին եկել Սահարայի չորացումից 5000 առաջ։ Այս տարբերակի համաձայն, եգիպտացիների ձևավորմանը մասնակցել են նաև Մերձավոր Արևելքի բնակիչները, ովքեր հյուսիսից և արևելքից եկել էին Նեղոսի ափեր՝ իրենց հետ բերելով ցորեն, գարի, ոչխարներ, այծեր և, հավանաբար, ընտանի անասուններ[16]։ Այս տարածաշրջանում տարբեր ժամանակներում գոյություն են ունեցել տարբեր քաղաքակրթություններ։ Այսպես, մ․թ․ա․ 4800-4300 թվականներին հյուսիսում՝ Ստորին Եգիպտոսում ծաղկել է Մերիմդե մշակույթը, որը մշակութային տեսանկյունից կապված է եղել Լևանտի երկրների հետ[17]։ Մադի քաղաքի հնագիտական պեղումների արդյունքում պարզ է դարձել, որ քաղաքի բնակչությունը մշակութային տեսանկյունից կապված է եղել Մերձավոր Արևելքի ժողովուրդների հետ[18][19]։ Միևնույն ժամանակ Եգիպտոսի արևմուտքում՝ Վերին Եգիպտոսում կատարված հնագիտական պեղումներից պարզ է դարձել, որ բնակչությունը կապված է եղել նեգադական մշակույթի հետ։ Վերջինս մոտ է եղել նուբիական մշակույթին և շատ քիչ կապ ունեցել Ստորին Եգիպտոսի մշակույթի հետ[20][21]։ Այդպիսով, եգիպտացիները որոշ դեպքերում ընդհանուր կապեր են ունեցել նուբիական ժողովուրդների հետ։ Այդուհանդերձ, եգիպտացիներին չի կարելի համարել սևեր, քանի որ նրանց բնորոշ է եղել նաև սեմա-քամյան ժողովուրդներին բնորոշ դիմագծերը[22][23]։ Օրինակ, մնացորդների մեծ մասի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ եգիպտացիները ունեցել են ոչ մեծ ծնոտ և ատամներ, որը բնորոշ է եվրոպեոիդ ռասսայի ներկայացուցիչներին[24][25], սակայն նրանց մարմնի ձևը մոտ է սև ռասսայի ներկայացուցիչներին[26]։ Առավել մանրամասն դիտարկելուց հետո կարելի է նշել, որ եգիպտացիները մարմնի ձևը բնորոշ է, այսպես կոչված, արևադարձային մարմնի կառուցվածքին, որն ունեն արևադարձային անտառների աֆրիկյան բնակչությանը։ Սա խոսում է այն մասին, որ հին եգիպտացիների ռասսայական կերպարի ձևավորման մեջ մասնակցություն է ունեցել արևադարձային անտառների բնակչությունը, ինչը լրիվ հավանական է՝ հաշվի առնելով, որ նեոլիթյան սուբպլյուվիալի ժամանակ Հյուսիսային Աֆրիկայում իշխել է խոնավ և անձրևային կլիման[27]։ Ընդհանուր առմամբ, ռասսայական տեսանկյունից եգիպտացիներն ունեցել են եվրոպեոիդ և նեգրոիդ ռասսաներին բնորոշ հատկանիշներ։ Գիտնականների մեծ մասի կարծիքով, ներգրոիդ ռասսային բնորոշ հատկանիշները գերակշիռ են եղել եվրոպեոիդի նկատմամբ[28]։ ԱՄՆ ռասսայական տարբեր խմբերի հետ հին եգիպտացիների գենետիկ պատկերի համեմատություններից պարզ է դարձել, որ աֆրոամերիկացիները ի համեմատություն սպիտակների, գենետիկ տեսանկյունից ավելի մոտ են եղել եգիպտացիներին, սակայն գենետիկական նմանությունները ամեն դեպքում մեծ չեն[29]։

Իր աշխարհագրական տեղակայման պատճառով, Եգիպտոսի հողերը բազմիցս ենթարկվել են հարձակումների Քանանի բնակիչների (հիքսոսներ), հին լիբիացիների, նուբիացիների, ասորիների, բաբելոնացիների, պարսիկների, մակեդոնացի հույների, հռոմեացիների և արաբների կողմից։ Եգիպտական քաղաքակրթության աշխարհագրական դիրքը կարող էր նպաստել բնակչության մշտական խաչավորմանը։ Օրինակ, մինչդինաստիական ժամանակաշրջանում և Հռոմի կողմից Եգիպտոսի բռնազավթման ժամանակ ապրած մարդկանց մնացորդների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ բնակչության արտաքին և գենետիկ կերպարը կրել է էական փոփոխություններ[30]։ Մասնավորապես, Եգիպտոսի պատմության վաղ շրջանում եգիպտացիներն ունեցել են ավելի վառ արտահայտված նուբիական դիմագծեր, իսկ նրանց արտաքին տեսքը բնորոշ էր Արևելյան Աֆրիկայի ժողովուրդներին։ Տարբերակներից մեկի համաձայն, հին եգիպտացիները կարող էին ժառանգել այն մարդկանց արտաքին տեսքը, ովքեր հոլոցենի դարաշրջանում ներգաղթել էին հյուսիսից[31]։

Մնացորդների ուսումնասիրությունը և ժամանակակից Եգիպտոսի բնակչության հետ համեմատությունը ցույց է տվել, որ նրանք, հատկապես ղպտիները, ազգակցական կապեր են ունեցել հին եգիպտացիների հետ։ Սակայն, հռոմեական, այնուհետև արաբական հարձակումների արդյունքում ժամանակակից եգիպտացիների ռասսայական կերպարը էապես փոխվել է եվրոպեոիդ/սեմական ռասսայի կողմը և կորցրել նեգրոիդ/նուբիական ռասսային բնորոշ դիմագծերը[32]։

1975 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային գիտական համախորհրդակցության (սիմպոզիումի) ժամանակ քննադատվել է հին եգիպտացիների սևամորթ լինելու տեսությունը՝ նշելով, որ նրանք ձևավորվել են Նեղոսի և Սահարայի բնիկ ժողովուրդների միախառնման արդյունքում, ովքեր ունեին մաշկի տարբեր գույներ[33][34]։

Մումիաների հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին եգիպտացիները Հռոմեական կառավարման ժամանակաշրջանում

Հին եգիպտացիների ռասսայական պատկերի վերականգնման համար, գիտնականները ձգտում էին վերստեղծել նրանց արտաքին տեսքը՝ ուսումնասիրելով եգիպտական դամբարաններից հայտնաբերված մումիաները։ Շոգ կլիման, բարձր խոնավությունը, սոդայի օգտագործումը և քիմիական մյուս նյութերի կիրառումը մումիացման ժամանակ վնասել են գենետիկ նյութը, որը պիտանի էր ԴՆԹ անալիզի ժամանակ[35][36]։

Ամերիկացի և ֆրանսիացի գիտնականների կողմից վերականգնված Թութանհամոնի արտաքին տեսքը ցույց է տվել, որ փարավոնի կմախքի ձևը մոտ է եղել աֆրիկացիներին, սակայն միևնույն ժամանակ ունեցել է նեղ քիթ, որը բնորոշ է սպիտակ ռասսայի ներկայացուցիչներին[37]։ Մի շարք փորձագետներ քննադատորեն են մոտեցել այդ ենթադրություններին՝ պնդելով, որ ոչ կմախքի ձևերը, ոչ քթի չափսը չեն համարվում կոնկրետ ռասսային բնորոշ գործոններ[38]։

Ժամանակակից տոպոգրաֆիկ կառուցվածքները մեծ ճշգրտությամբ հնարավորություն են տալիս վերականգնել դիմագծերի կառուցվածքը[39][40], սակայն այդպիսի հետազոտությունները հնարավորություն չեն որոշելու մաշկի երանգը և աչքերի գույնը։ Հետազոտությունների իրականացման համար վերցվեց միջինվիճակագրական եգիպտացու արտաքին տեսքը։ Հաշվի առնելով Նեղոսի ափի բնակիչների մաշկի գույնը՝ այն կարող է տարբերվել սպիտակից մինչև սև[41]։

Հետազոտությունները բացասաբար են ընդունվել աֆրոցենտրիստների կողմից։ Օրինակ, Շեյխ Անտա Դիոպը գիտնականներին, ովքեր մասնակցել էին Թութանհամոնի արտաքին տեսքի վերականգնմանը, մեղադրել է «դեմքի մտածված սպիտակեցման» մեջ[42]։

Բանավեճերի առարկա է դարձել նաև Կլեոպատրան[43]։ Օրինակ, աֆրոցենտրիստները տպագրել են իրենց հետազոտությունները «St. Louis Post-Dispatch»[44] և Ebony ամսագրերում, որտեղ պնդում են, որ Կլեոպատրան եղել է նեգրուհի[45]։ Սակայն, համաձայն պատմական բոլոր աղբյուրների, Կլեոպատրան ունեցել է հունա-մակեդոնական ծագումնաբանություն։ Կլեոպատրան սերել է Ալեքսանդր Մակեդոնացու զորահրամանատարներից մեկի Պտղոմեոսի դինաստիայից։ Դինաստիայի ներկայացուցիչների կանայք եղել է Ալեքսանդրի մյուս զորահրամանատարների (Անտիպատրոս, Լիսիմաքոս և Սելևկոս I Նիկատոր) և Կիրենայի հունական թագավորների հետնորդները։ Գիտնականների մեծ մասի կարծիքով, Կլեոպատրայի նախնիների մեջ չի եղել մեկը, ով չի ունեցել հունական կամ մակեդոնական ծագումնաբանություն։ Սակայն, նրա մոր ծագումնաբանությունը մինչ օրս մնում է անհայտ։ Ամենայն հավանականությամբ նա հարճ է եղել[46]։ Ծագումնաբանության հարցը մի քանի անգամ դարձել է թեժ բանավեճերի առարկա, որոնք ծավալվել են գիտնականների և աֆրոցենտրիստների միջև, ինչպես օրինակ, Մերի Լեֆկովիցի և Մոլեֆի Քեթե Ասանտեի միջև։ Ինքը Ասենտեն, սակայն, իր «Ռասսաները հնում. աֆրիկյան ճշմարտություն» աշխատության մեջ խոսում է դավադրության մասին՝ պնդելով, որ բազմաթիվ հին դեմքեր, այդ թվում նաև Կլեոպատրան և Սոկրատեսը, եղել են սևամորթներ[47]։

Կլեոպատրայի սևամորթ լինելու փաստի օգտին են խոսում նաև նրա փոքր քրոջ՝ Արսինոյա IV-ի մումիայի ուսումնասիրությունները, ով ունեցել է ընդգծված աֆրիկյան դիմագծեր[48][49]։ Այդուհանդերձ, տեղեկատվությունը չի կարելի համարել հիմնավոր, քանի որ Կլեոպատրան և Արսինոյան ունեցել են տարբեր մայրեր։ Սրանից կարելի է ենթադրել, որ Կլեոպատրայի կրտսեր քույրը կիսով չափ եղել է սևամորթ[50]։

Գերմանացի հայտնի հնեագետ Կարլ Լիխարդ Լեփսիուսը իր Denkmäler aus Aegypten und Aethiopien աշխատության մեջ հրապարակել է եգիպտական դամբարանների մի շարք որմնանկարներ։ 1913 թվականին, Լեփսիուսի մահվանից հետո, թողարկվել է այդ աշխատության լրամշակված տարբերակը՝ Կուրտ Սետի խմբագրությամբ։ Այնտեղ ավելացվել էր Ergänzungsband գլուխը, որտեղ առկա էին մի շարք լրացուցիչ պատկերներ։ 48 համարի ներքո գտնվող նկարում պատկերված են «ժողովուրդների սանդղակի» բոլոր չորս ռասսաների պատկերները։ Ընդորում, եգիպտացու և նուբիացու մաշկի գույնը և հագուստը համընկնում էին։ Մ․ Ամպիմի կարծիքով, այդ պատկերազարդումը հանդիսանում է որմնանկարի ճշգրիտ պատկերում և վկայում է այն մասին, որ հին եգիպտացիները նման են եղել նուբիացիներին։ Այդուհանդերձ, նա ընդունում է, որ այդ որմնանկարի մյուս օրինակներում այդ նմանությունն առկա չէ։ Նա մի անգամ չէ, որ քննադատել է «եվրո-ամերիկյան գրողներին»՝ մեղադրելով նրանց այդ հարցում հանրությանը մոլորության մեջ գցելու համար[51]։

1975 թվականին Ռամզես II-ի մումիան տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ մարմինը ուսումնասիրվել է Փարիզի քրեական լաբորատորիայի աշխատակիցների կողմից։ Արդյունքում, գիտնականները հանգել են անսպասելի եզրակացության, որ Ռամզեսը եղել է բաց մաշկ ունեցող տղամարդ, ով տառապել է վիտիլիգոյով և ունեցել շեկ ալիքաձև մազեր[52][53]։ Սակայն գիտնականները կարծում են, որ այդ ինֆորմացիայի հիման վրա չի կարելի ենթադրություններ կատարել եգիպտացիների ռասսայական ծագումնաբանության վերաբերյալ, հատկապես հիմք ընդունելով հարուստ դասակարգի ներկայացուցչի արտաքին տեսքը։ Անհրաժեշտ է նաև ուշադրության կենտրոնում պահել այն հանգամանքը, որ Նեղոսի ափի ժողովուրդների շրջանում տարածված է եղել ռասսայական բազմազանությունը[54]։

Աբուսիրի 151 մումիաների (մ․թ․ա․ 1388 թվականից մինչև մ․թ․ 426 թվական) վերջին գենետիկ հետազոտություններն իրականացրել են Մաքս Պլանկի ինստիտուտի և Թյուբինգենի համալսարանի գիտնականները։ Հետազոտությունները ցույց են տվել եգիպտացիների գենետիկ նյութերի կայունությունը՝ չնայած նվաճումների բուռն պատմությանը։ Գիտնականները կարողացել են սեքվենացնել 90 միտոքոնդրիալ (H13 հապլոխումբ, J1d հապլոխումբ, M1a1 հապլոխումբ, U հապլոխումբ) և երեք ամբողջական գենոմներ (երկու մերձավորարևելյան Y քրոմոսոմային հապլոխմբեր (J1 հապլոխումբ և J2 հապլոխումբ) և երեք Y քրոմոսոմային E1b1b1 հապլոխումբ։ Իր ծագումնաբանության պատճառով փոխվել է ղեկավարող վերնախավը, այլ ոչ թե հասարակ մարդիկ։ Հին Եգիպտոսի բնակչության գենոտիպը մոտ է եղել Հին և ժամանակակից Մերձավոր Արևելքի բնակչության գենոտիպին։ Վերջին 1500 տարիներին Եգիպտոսը դարձել է ավելի աֆրիկյան։ Ժամանակակից եգիպտացիների գենոմները շարժվել են դեպի հարավ՝ Սահարայի հարավային սահմաններ[35][36][55]։

Եգիպտական արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերևում պատկերված են եգիպտացիները, իսկ ներքևում՝ ասորիները։ Նուբիացիների պատկեր
Փարավոնների դամբարանների սրբապատկերների պատճեններ։ Ձախ վերևում պատկերված են եգիպտացիները, ներքևում՝ ասորիները, իսկ աջում՝ նուբիացիները։

Եգիպտական դամբարաններում և վանքերում պահպանվում են հազարավոր պատկերներ, արձաններ և տեքստեր, որոնք կարող են տալ համընդհանուր տեղեկատվություն այն ժամանակ բնակված մարդկանց մասին։ Սակայն եգիպտական գեղանկարչությունը բավականին աբստրակտ է և ավելի շուտ ցույց է տալիս գեղեցկության իդեալը, այդ իսկ պատճառով չի փոխանցում հին եգիպտացիների արտաքին տեսքի իրական պատկերը։ Այն հաճախ տալիս է հակասական տեղեկատվություն՝ տարբեր դինաստիաների ժամանակաշրջանների բնակչության ռասսայական կերպարի մասին[56][57]։

Այդ պատճառով գիտնականները և եգիպտագետները ձգտում էին վերստեղծել եգիպտացիների կերպարը՝ իրականացնելով համեմատական վերլուծություններ։ Այսպես, Ժան Ֆրանսուա Շամպոլյոնը նշում էր, որ եգիպտական և նուբիական քաղաքակրթություններն ունեցել են մեծ նմանություններ՝ ռելիեֆների կարգի և դամբարանների պատկերների ձևերում։ Իրենք՝ եգիպտացիները նուբիացիներին տարբեր ձևերով էին պատկերում։ Երբեմն նրանց պատկերում էին իրենց տեսքով կամ էլ հաճախ ընդգծում էին նրանց շագանակագույն մաշկը և սև աչքերը[58]։ Սակայն, որմնանկարների մեծ մասում տեսանելի է եգիպտացիների և նուբիացիների միջև առկա հստակ տարբերությունը։ Վերջիններիս մոտ ընդգծված է սև մաշկը, այն դեպքում, երբ եգիպտացիների մոտ մաշկը պատկերվում է շիկակարմրավուն գույնով[59]։

Մերիթի քոլեջի պրոֆեսոր Մանու Ամպիմը, ով ուսումնասիրում էր Աֆրիկայի և Ամերիկայի պատմությունը, իր « Ժամանակակից խաբեբայություն․ Ռահոտեպի և Նոֆրեթի հին եգիպտական արձանները» աշխատության մեջ ընդգծում էր, որ ռասսայական պլանում եգիպտացիները մոտ են եղել նուբիացիներին, սակայն ինչպես ժամանակակիցները, եգիպտացիներն ունեին բաց մաշկ՝ բնորոշ ազգության որոշ ներկայացուցիչների։ Ընդորում, մաշկի բաց գույնը վկայում էր նրանց բարձր կարգավիճակի վերաբերյալ։ Հին Եգիպտոսում ընդունված էր, որ միայն բաց մաշկ ունեցողները կարող էին ունենալ բարձր կարգավիճակ։ Հենց դա է պատճառը, որ իրենց արձաններում և որմնանկարներում եգիպտացիները մշտապես ձգտել են նվազեցնել մարդկանց սև դիմագծերը։ Նա նույնիսկ վստահ էր նրանում, որ Եգիպտոսի քաղաքական գործիչները և բարձրաշխարհիկ հասարակությունը մշտապես ձգտել են կրճատել եգիպտացիների աֆրիկյան ծագումնաբանությունը՝ շատ հաճախ դիմելով որմնանկարների ոչնչացման պրակտիկային։ Այդուհանդերձ, հենց ինքը՝ պրոֆեսորը համարվում է աֆրոցենտրիզմի կողմնակից և նույնիսկ մեղադրել է 19-րդ դարի հայտնի եգիպտագետներին դավադրության և վկայությունների վերացման մեջ, որոնք վկայում էին եգիպտացիների սև ծագումնաբանության մասին։ Նրա աշխատանքները և ենթադրությունները չի կարելի համարել անաչառ[60][61]։

Մասնավորապես, Ամպիմին հետաքրքրում է, այսպես կոչված, «ազգերի սանդղակի» որմնանկարը, որը գտնվում է Ռամզես III-ի դամբարանում (KV11)[56][62]։ Համանման սանդղակ հանդիպում է նաև մյուս դամբարաններում։ Պատկերված մարդիկ պետք է ուղեկցեին մահացածի հոգուն։ Որմնանկարում պատկերված են չորս ռասսաների ներկայացուցիչներ, որոնց առանձնացրել էին եգիպտացիները։ Այդ չորս ռասսաներն են եգիպտացիները (Ռեթ), Հյուսիսային Աֆրիկայի քոչվորները (Աամու), աֆրիկացիները (Նեհեսու) և լիբիացիները (Տեմեխու)։ Քոչվորները պատկերված էին բաց դեղնավուն մաշկով, իսկ լիբիացիները՝ սպիտակ։ Եգիպտացիները ունեցել են կարմիր, իսկ աֆրիկացիները՝ սև մաշկ[62]։

Գերմանացի հայտնի հնեագետ Կարլ Լիխարդ Լեփսիուսը իր Denkmäler aus Aegypten und Aethiopien աշխատության մեջ հրապարակել է եգիպտական դամբարանների մի շարք որմնանկարներ։ 1913 թվականին, Լեփսիուսի մահվանից հետո, թողարկվել է այդ աշխատության լրամշակված տարբերակը՝ Կուրտ Սետի խմբագրությամբ։ Այնտեղ ավելացվել էր Ergänzungsband գլուխը, որտեղ առկա էին մի շարք լրացուցիչ պատկերներ։ 48 համարի ներքո գտնվող նկարում պատկերված են «ժողովուրդների սանդղակի» բոլոր չորս ռասսաների պատկերները։ Ընդորում, եգիպտացու և նուբիացու մաշկի գույնը և հագուստը համընկնում էին։ Մ․ Ամպիմի կարծիքով, այդ պատկերազարդումը հանդիսանում է որմնանկարի ճշգրիտ պատկերում և վկայում է այն մասին, որ հին եգիպտացիները նման են եղել նուբիացիներին։ Այդուհանդերձ, նա ընդունում է, որ այդ որմնանկարի մյուս օրինակներում այդ նմանությունն առկա չէ։ Նա մի անգամ չէ, որ քննադատել է «եվրո-ամերիկյան գրողներին»՝ մեղադրելով նրանց այդ հարցում հանրությանը մոլորության մեջ գցելու համար[51]։

1996 թվականին մեկ այլ եգիպտագետ Ֆրանկ Յուրկոն, լինելով Ռամզեսի դամբարանում, հայտարարել է այն մասին, որ դամբարանի որմնանկարը էականորեն տարբերվում է 48 որմնանկարից։ Նրա կարծիքով, որմնանկարը իրենից ենթադրում է պատկերների խառնուրդ, որը վերցված է Լեփսիուսի մահվանից հետո վերջինիս գրառումներից, իսկ նուբիացու պատկերը շփոթմամբ ընդունվել է եգիպտացու պատկերի փոխարեն։ Որմնանկարների առավել ճշգրիտ վերարտադրությունը, ըստ Յուրկոյի, համարվում են դոկտոր Էրիկ Հորնուգի նկարները, որոնք հրապարակվել են նրա «Արքաների հովիտը․ հավերժության հորիզոն» գրքում (1990)[63]։ Մանու Ամպիմը, որպես աֆրոցենտրիզմի կողմնակից, պնդում է, որ 48 որմնանկարը ճիշտ է և մեղադրում է Հորնուգին և Յուրկոյին մտածված խաբեության մեջ։ Վերջինիս նպատակը հասարակության մոտ հին եգիպտացիների իրական ծագումնաբանության հիմքերի վերաբերյալ շփոթության տարածումն է[51]։

Ռասսայական տեսություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև ներկայացված են հին եգիպտացիների ծագումնաբանության վերաբերյալ մի քանի տեսություններ, որոնց հավաստիությունը, դրված է հարցականի տակ կամ պայմանավորված է այս կամ այն կրոնական, քաղաքական կամ ազգային շարժումներով։

Սև ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆրոցենտրիստները ի պաշտպանություն հին եգիպտացիների սև ծագումնաբանության առաջ են քաշում Ամենհոտեպ III-ի արձանը:

Հին եգիպտացիների նեգրոիդ ծագումնաբանության վերաբերյալ գաղափարը սև ազգայնականության կարևորագույն տարրերից մեկն է։ Այն համահավասար է Հիսուս Քրիստոսի նեգրոիդ ռասսային պատկանելու վարկածին։ Վարկածը շարունակում է մնալ մի շարք սև ակտիվիստների քարոզչության օբյեկտ, ովքեր ձգտում են ժխտել հնացած կարծիքները և ապացուցել, որ սևերը չեն եղել միայն վայրենիներ և նույնպես ունակ են եղել ստեղծել բարձր զարգացվածության քաղաքակրթություն։

Եգիպտացիների սև ծագումնաբանության վերաբերյալ հիպոթեզը պաշտպանվում է ժամանակակից մի շարք հեղինակների և գիտնականների կողմից, ովքեր կարծում են, որ եգիպտացիները եղել են Աֆրիկայի հյուսիս-արևելքի բնիկ ժողովուրդներից մեկը։ Բացի այդ, վերջիններս եղլ են աֆրիկյան ժողովուրդների, մասնավորապես Սահարայի, կազմում գտնվող փոքր ռասսա[64][65][66][67]։ Մումիաների ուսումնասիրությունը, ինչպես օրինակ Թութանհամոնի և Կլեոպատրայի, ցույց է տվել, որ նրանք ունեցել են նշաններ, որոնք բնորոշ են եղել աֆրիկյան ռասսային[68]։ Այդ նշանները առկա են եղել նաև Մեծ Սֆինքսի հայտնի արձանի դեմքին[69][70]։ Սակայն, սկսած 20-րդ դարի կեսերից ներգրոիդ ծագումնաբանության տեսությունը սկսել է ավելի շատ քննադատվել և մերժվել ավելի մեծ թվով գիտնականների կողմից։ Այսօր դպրոցների մեծ մասի կողմից այն ճանաչվել է որպես անախրոնիզմ[71][72][73]։

Արտաքին տեսքի վերաբերյալ ամենավաղ աղբյուրներն առկա են հույն պատմիչների և փիլիսոփաների մոտ, որոնց շարքում են Ստրաբոնը, Դիոդորոս Սիցիլիացին և Հերոդոտոսը։ Վերջինները եգիպտացիներին բնորոշում էին որպես մարդկանց, ովքեր ունեն մելանքրոյի գունի մաշկ և խիտ մազեր[74][75]։ «Մելանքրո» բառը կարելի է թարգմանել որպես «թուխ» կամ «սև»[74][75][76][77]։ Սակայն, գիտնական Ֆրենկ Սնոուդենի պնդմամբ, այս նկարագրությունը չի կարելի համարել ճշմարտացի, քանի որ նկարագրությունն ունի համեմատական բնույթ և հնարավոր չի բացատրել, թե արդյոք խոսքը զտարյուն սևամորթների կամ էլ մարդկանց մասին է, որոնք մասամբ ունեն այդ նշանները[78]։

Սև եգիպտացիների կողմնակիցները, որպես փաստարկ, առաջ են քաշում եգիպտական մումիաների ուսումնասիրությունների արդյունքները[66]:236–243, որոնք ցույց տվեցին եգիպտական մաշկում մելանինի մեծ թվաքանակը։ Սակայն, սա նույնպես չի կարելի օգտագործել որպես ճշմարտացի փաստարկ, քանի որ կենդանության ժամանակ այս մարդիկ կարող էին երկար ժամանակ անցկացնել արևի տակ և արդյունքում ձեռք բերել մաշկի մուգ երանգ։ Մեկ այլ փաստարկ էլ հանդիսանում է այն հիպոթեզը, որ հին եգիպտերենը ազգակից է Վոլոֆ ազգի լեզվին, ովքեր բնակվում են Սենեգալում և Գամբիայում[79]։ Ազգությունն իրեն անվանում է «Կմտ», որը համահունչ է «Կեմետ» անվանը։ Վերջինս հին եգիպտացիների ինքնանվանումն է[80]։ Սև ծագումնաբանության օգտին խոսող մյուս փաստարկը եղել են եգիպտացիների որոշ պատկերները, որոնց մոտ տարածված է եղել կանանց թլպատման ավանդույթը, մայրիշխանությունը, տոտեմիզմը[66], մազերի փետումը[81] և փարավոնի պաշտամունքը[66]։ Գտածոները, որոնք հայտնաբերվել ին 1960-64 թվականներին անտիկ Կուստուլ քաղաքում, ցույց են տվել հին եգիպտացիների և նուբիական մշակույթների մշակութային համընկնումները, ովքեր ապրել են Նեղոսի ափին[82][83][84][85]։ Այդուհանդերձ, հետագա գտածոները ցույց տվեցին, որ ավելի շուտ նուբիացիները կարող էին նմանեցնել կամ կրկնօրինակել եգիպտական փարավոնների խորհրդանշանները[86][87]։

Բիբլիական տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին եգիպտացիների բիբլիական կամ ասիական ծագումնաբանությունը հիմնվում է այն լեգենդի վրա, համաձայն որի հին եգիպտացիները եղել են Քամի որդի Միզրաիմի ուղիղ հետնորդները։ Այս տեսությունը ճանաչվել է վաղ միջնադարյան ժամանակաշրջանում և ունեցել մեծ հեղինակություն ընդհուպ մինչև 19-րդ դարի սկիզբը[88][89]։ Քամի հետնորդները ավանդաբար համարվել են մուգ՝ «Քամի անեծքի» պատճառով[90]։ Գաստոն Մասպերոն եղել է այս տեսության կողմնակիցներից մեկը՝ պնդելով, որ «Աստվածաշունչը վկայում է, որ Քամի որդի, Քուշի և Քանանի եղբայր Միզրաիմը ժամանել է Միջագետքից, որպեսզի իր երեխաների հետ հաստատվի Նեղոսի ափին»[66]։

Սկսած 20-րդ դարի սկզբից սույն տեսությունը կորցրել է իր նշանակությունը, սակայն ազդել է սպիտակ ծագումնաբանության տեսության վրա, մասնավորապես, քամական ծագումնաբանության և Դինաստիաների տեսության վրա, համաձայն որի Եգիպտոսում քաղաքակրթությունը ծագել է Միջագետքի կողմից նվաճման արդյունքում։ Վերջինս դարձել է եգիպտական դինաստիաների սկիզբը։ Մերձավորարևելյան տեսությունը ժխտում է եգիպտացիների՝ Նեղոսի բնիկ ժողովուրդներին շարքին դասվելու պնդումը[91]։

Սպիտակ/սեմական ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմաթիվ տեսաբաններ հին եգիպտացիներին դասում են եվրոպեոիդ ռասսայի ներկայացուցիչների շարքում՝ հիմնվելով ժամանակակից Եգիպտոսի բնակչության արտաքին տեսքի վրա։ Օրինակ, եգիպտացի ազգայնականները կամ, այսպես կոչված, փարավոնիստները այս կամ այն ժամանակաշրջանում ձգտել են և շարունակում են ձգտել իրենց ներկայացնել «փարավոնի ազգության ժառանգներ»[92]։ Այն միաժամանակ չի ընդունվում աֆրոցենտրիստների և արաբական իսլամիստների կողմից, քանի որ փարավոնիստները ձգտում էին հակադրվել մեծ արաբական աշխարհին։ Իսլամիստների տեսանկյունից փարավոնիստները նախապատվությունը տալիս էին անհավատների մշակույթին, շիրկի հետևորդ էին։ Վերջինս իսլամի ամենածանր մեղքերից մեկն է։ Որոշ արմատական փարավոնիստներ համոզված էին, որ ժամանակակից եգիպտացիները կապ չունեն արաբական մշակույթի հետ և պարտավոր են վերադառնալ իրենց արմատներին[93]։ Փարավոնիստների, արաբիստների և իսլամիստների հակադրություններն համարվում են Եգիպտոսի քաղաքական ամենաթեժ բանավեճերից մեկը։ Նույնիսկ եղել են բռնաճնշումներ, որոնք կապված են եղել այս կամ այն տեսակետին նախապատվություն տալուն։ Ընդհանուր առմամբ, երկրում առկա է եղել այսպիսի տեսակետ, համաձայն որի փարավոնիզմի հետևորդները միաժամանակ հակադրվել են իմպերիալիզմին։ Նրանք եղել են առաջադեմ հայացքների տեր մարդիկ, ովքեր կողմ էին հասարակության աշխարհիկ ձևին և կրոնից քաղաքականության տարանջատմանը։ Ի հակադրություն, արաբիստները և իսլամիստները ունեին կրոնական և իրավապահպանողական հայացքներ[94]։ Օրինակ, փարավոնիզմի հակառակորդներից է եղել Նասերի ռեժիմը, որի պաշտոնական գաղափարախոսությունը եղել է արաբական ազգայնականությունը։ Հակառակորդներից են եղել նաև Մուսուլման եղբայրները, որի անդամները առաջարկում էին ոչնչացնել եգիպտական բուրգերը։ Այսօր ժամանակակից եգիպտացիները հակված են իրենց դիտարկելու արաբական և եգիպտական մշակույթների կրող[95]։

Այն տեսությունը, որ հին եգիպտացիները պատկանել են սպիտակ ռասսային, ծագել է Արևմուտքում՝ Ամերիկայում սև ստրկության արգելման համար պայքարի շրջանակներում։ Տեսությունն օգտագործվել է պահպանողականների կողմից, հատկապես, Սեմույել Ջորջ Մորտոնի կողմից[96], ով պնդում էր, որ Նեղոսը բնակեցված է եղել սպիտակ մարդկանցով, իսկ սևամորթները այնտեղ ապրել են ստրուկների և ծառաների կարգավիճակով[97]։ Եգիպտագետ Ջորջ Գլիդոնը պնդում էր, որ եգիպտացիները եղել են արաբներից, հրեաներից և փյունիկցիներից ոչ թուխ[98]։

20-րդ դարի սկզբին հեղինակություն սկսեց ձեռք բերել եգիպտացիների ծագումնաբանության քամական տեսությունը, որի ծագել է բիբլիական տեսության հիման վրա։ Համաձայն այս տեսության եգիպտացիները համարվում են հինսեմական ժողովուրդների հետնորդներ, ովքեր բնակվում էին Աֆրիկյան եղջյուրում՝ մինչ այդ տարածքներում սևամորթների բնակության հաստատման[99]։ Այդ ազգերն իրենց հետ բերել են գյուղատնտեսական գործունեության հմտությունները։ Բրիտանացի ազգագրագետ Չարլզ Գաբրիել Զելիգմանը իր աշխատության մեջ ժխտել է այս տեսությունը՝ նշելով, որ նոր պեղումները ապացուցել են, որ գյուղատնտեսության պարզ ձևերը այդ ժամանակ արդեն իսկ ծանոթ էին Նեղոսի բնիկ ժողովուրդներին[100]։

Իտալացի մարդաբան Ջուզեպե Սերգին համոզված էր, որ հին եգիպտացիները ծագել են քամիտներից, ովքեր իրենց հերթին պատկանել են միջերկրածովյան ռասսային։ Սերգին այս ռասսայի ներկայացուցիչներին անվանել է «եվրոաֆրիկացիներ»։ Համաձայն մարդաբանի տեսության, եվրոաֆրիկացիները բաժանվել են երեք փոքր ռասսաների՝ քամիտների, միջերկածովցիների և նորդիդների (բաց մաշկավորների)[101]։ Եվրոաֆրիկացիները (բացի նորդիդներից), Սերգիի վկայմամբ, ուղիղ իմաստով չեն եղել սպիտակներ, այլ կրել են սպիտակ և սև ռասսաներին բնորոշ գծերը։ Նրանք ունեցել են մաշկի պղնձագույն երանգ[102]։ Սույն տեսությունը զարգացրել է Գրեֆթոն Էլիոթ Սմիթը՝ նշելով, որ հին եգիպտացիները եղել են միջանկյալ ռասսայի ներկայացուցիչներ[103][104]։ Վերջինս ձևավորվել է վաղ նեոլիթի ժամանակաշրջանում, երբ ժողովուրդների դեպի Եվրոպա և Ասիա առաջին միգրացիոն հոսքի ժամանակ[105]։ Չնայած այդ մարդիկ ունեցել են թուխ մաշկ և սև վարսեր, նրանք չեն պատկանել նեգրոիդ ռասսային[106]։

Քամական տեսությունը հեղինակավոր է եղել 1960-ական թվականներին, իսկ 70-ական թվականներին աջակցվել Էնթոնի Ջոն Արքելի և Ջորջ Փիթեր Մերդոքի կողմից[107]։

Դինաստիական տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսությունը ծագել է 20-րդ դարի սկզբին, երբ հայտնի եգիպտագետ Էլիոթ Գրեֆթոն Սմիթը պեղումների ուսումնասիրությունների արդյունքում իր ուշադրությունը կենտրոնացրել է մինչդինաստիական և հետդինաստիական Եգիպտոսի ժամանակներում թաղված մարդկանց ոսկորների ձևերի տարբերությանը։ Եթե, օրինակ, մինչդինաստիական թաղումների նկարները բավականին պարզ էին և օգտագործվում էին աբստրակտ խորհրդանիշներ և կերպարներ, ապա դինաստիական ժամանակաշրջանում հարուստների կմախքները և գանգերը ունեցել են ուրիշ կառուցվածք։ Բացի այդ առկա են եղել նաև բազմաթիվ օտար գտածոներ, որոնք իրենց ոճով նման էին միջագետքյան ոճին։ Ուսումնասիրելով ճարտարապետությունը, կերամիկան, արձանները և մի շարք այլ օբյեկտներ՝ եգիպտագետը եկավ այն եզրակացության, որ Եգիպտոսի կառավարիչների առաջին դինաստիան ձևավորվել է Միջագետքի բնակիչների ներխուժման և Նեղոսի հովտի բնիկ ժողովուրդների հպատակեցման արդյունքում։ Միաժամանակ նվաճողները իրենց հետ բերել էին իրենց քաղաքակրթության նվաճումները՝ խթանելով նոր քաղաքակրթության ծնունդը։ Այդպիսով, միջագետքյան մշակույթի և տեղացի բնակիչների ավանդույթների հիման վրա ձևավորվել է եգիպտական մշակույթը՝ իր ավանդական ընկալմամբ[108][109]։ 1950 թվականին դինաստիական տեսությունը դարձել է հիմնական ընդունելի տեսությունը և մեծապես մերժվել աֆրոցենտրիստների կողմից, ով մշտապես ձգտում էին ժխտել այն և նույնիսկ մեղադրում գիտնականներին՝ եգիպտական քաղաքակրթության վրա սևերի ազդեցության միտումնավոր կրճատման մեջ[110][111]։

Բացի այդ, գիտնականների մի խումբ կասկած է հայտնում դինաստիական տեսությանը՝ պաշտպանելով այն կարծիքը, որ Եգիպտոսի բնակչությունը բաղկացած է եղել Նեղոսի բնիկ ժողովուրդներից՝ իր վրա կրելով ավելի զարգացած Միջագետքի առևտրային և մշակութային ազդեցությունը[112][113][114]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Original Papers: Ancient Egyptians». The New-England Magazine. 0005 (4): 273–280. 1833 թ․ հոկտեմբեր.
  2. Chassebœuf, 1862, էջ 131
  3. Chassebœuf, 1787, էջ 74–77
  4. Jacques Joseph, 1839, էջ 27
  5. Bandia, 2009, էջ 215
  6. 6,0 6,1 Baum, 2006, էջ 105–108
  7. Baum, 2006, էջ 108
  8. Campbell, 1851, էջ 10–12
  9. 9,0 9,1 Petrie, 1939, էջ 105, 155
  10. Baum, 2006, էջ 105
  11. Stuart Tyson Smith, (2001) The Oxford encyclopedia of ancient Egypt, Volume 3. Donald Redford, Oxford University Press. p. 27-28
  12. «American Anthropological Association Statement on Race», American Anthropologist Volume 100. Arlington County: AAA, 1998 (Occasionally re-included in other volumes afterwards.)
  13. «Biological Aspects of Race» Արխիվացված 2017-03-12 Wayback Machine American Journal of Physical Anthropology Volume 101. New York: John Wiley & Sons, 1996
  14. Bard, in turn citing Bruce Trigger, «Nubian, Black, Nilotic?», in African in Antiquity, The Arts of Nubian and the Sudan, vol 1, 1978.
  15. Frank M. Snowden Jr., Bernal’s 'Blacks' and the Afrocentrists, Black Athena Revisited, p. 122
  16. «Ancient Egyptian Origins». Ngm.nationalgeographic.com. Վերցված է 2012 թ․ մայիսի 1-ին.
  17. Bogucki, Peter I. (1999). The origins of human society. Wiley-Blackwell. էջ 355. ISBN 1-57718-112-3.
  18. «National Geographic Magazine - NGM.com». Ngm.nationalgeographic.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 2-ին.
  19. Josef Eiwanger: Merimde Beni-salame, In: Encyclopedia of the Archaeology of Ancient Egypt. Compiled and edited by Kathryn A. Bard. London/New York 1999, p. 501—505
  20. Zakrzewski, Sonia (2007). «Population continuity or population change: Formation of the ancient Egyptian state». American Journal of Physical Anthropology. 132 (4): 501–9. doi:10.1002/ajpa.20569. PMID 17295300.
  21. «Interactive Dig Hierakonpolis - Nubian Pottery». Archaeology.org. Վերցված է 2016 թ․ հունիսի 2-ին.
  22. «The races of man: an outline of anthropology and ethnography», by Joseph Deniker, pg 432
  23. «Papers on inter-racial problems», by Gustav Spiller, pg 24
  24. Irish, J.D. (1998). «Diachronic and synchronic dental trait affinities of late and post-pleistocene peoples from North Africa». Homo. 49 (2): 138–155.
  25. Hanihara, T; Ishida, H (2005). «Metric dental variation of major human populations». American Journal of Physical Anthropology. 128 (2): 287–298. doi:10.1002/ajpa.20080.
  26. Zakrzewski, Sonia R. (2003). «Variation in Ancient Egyptian Stature and Body Proportions». American Journal of Physical Anthropology. 121 (3): 219–29. doi:10.1002/ajpa.10223. PMID 12772210.
  27. Brace CL, Tracer DP, Yaroch LA, Robb J, Brandt K, Nelson AR (1993). Clines and clusters versus "race: " a test in ancient Egypt and the case of a death on the Nile. Yrbk Phys Anthropol 36:1-31'.
  28. Predynastic egyptian stature and physical proportions(չաշխատող հղում) — Robins, Gay. Human Evolution, Volume 1, Number 4 / August 1986
  29. Raxter et al. «Stature estimation in ancient Egyptians: A new technique based on anatomical reconstruction of stature» Արխիվացված 2013-01-05 archive.today (2008).
  30. Zakrzewski, Sonia «Population Continuity or Population Change:Formation of the Ancient Egyptian State» AMERICAN JOURNAL OF PHYSICAL ANTHROPOLOGY 132:501-509 (2007)
  31. Keita, S.O.Y. «Temporal Variation in Phenetic Affinity of Early Upper Egyptian Male Cranial Series», Human Biology, Volume 80, Number 2 (2008)
  32. Kemp, Barry (2005). «Who were the Ancient Egyptians». Ancient Egypt: Anatomy of a civilization. էջ 56. ISBN 0-415-01281-3.
  33. Muḥammad Jamāl al-Dīn Mukhtār. «Ancient Civilizations of Africa». Books.google.co.za. էջ 10. Վերցված է 2016 թ․ հունիսի 2-ին.
  34. Muḥammad Jamāl al-Dīn Mukhtār. «Ancient Civilizations of Africa». Books.google.co.za. էջ 10. Վերցված է 2016 թ․ հունիսի 2-ին.
  35. 35,0 35,1 Ben Guarino (30 мая 2017). «DNA from ancient Egyptian mummies reveals their ancestry». Speaking of Science. The Washington Post.
  36. 36,0 36,1 Verena J. Schuenemann, Alexander Peltzer, Beatrix Welte, W. Paul van Pelt, Martyna Molak Ancient Egyptian mummy genomes suggest an increase of Sub-Saharan African ancestry in post-Roman periods(անգլ.) // Nature Communications. — 2017-05-30. — Т. 8. — С. ncomms15694. — doi:10.1038/ncomms15694
  37. «A New Look at King Tut». The Washington Post. 2005 թ․ մայիսի 11. Վերցված է 2012 թ․ մայիսի 1-ին.
  38. «Skull Indices in a Population Collected From Computed Tomographic Scans of Patients with Head Trauma». Jcraniofacialsurgery.com. 2012 թ․ հունվարի 5. doi:10.1097/SCS.0b013e31819b9f6e. Վերցված է 2012 թ․ մայիսի 1-ին.
  39. Discovery.com Արխիվացված Փետրվար 20, 2009 Wayback Machine
  40. «Science museum images». Sciencemuseum.org.uk. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 1-ին.
  41. «King Tut's New Face: Behind the Forensic Reconstruction». News.nationalgeographic.com. 2010 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2012 թ․ մայիսի 1-ին.
  42. Williams, Chancellor (1987). The Destruction of Black Civilization. Chicago, Illinois: Third World Press. էջ 110. ISBN 0-88378-030-5.
  43. Hugh B. Price, «Was Cleopatra Black?». The Baltimore Sun. 1991 թ․ սեպտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 28-ին.
  44. Mona Charen, «Afrocentric View Distorts History and Achievement by Blacks». St. Louis Post-Dispatch. 1994 թ․ փետրվարի 14. Վերցված է 2012 թ․ մայիսի 29-ին.
  45. Charles Whitaker, «Was Cleopatra Black?». Ebony. 2002 թ․ փետրվար. Վերցված է 2012 թ․ մայիսի 28-ին. The author cites a few examples of the claim, one of which is a chapter titled «Black Warrior Queens», published in 1984 in Black Women in Antiquity, part of The Journal of African Civilization series. It draws heavily on the work of J.A. Rogers.
  46. Tyldesley, p. 30, suggests Cleopatra V as the most likely candidate.
  47. «Race in Antiquity: Truly Out of Africa | Dr. Molefi Kete Asante». Asante.net. Վերցված է 2016 թ․ հունիսի 2-ին.
  48. Foggo, Daniel (2009 թ․ մարտի 15). «Found the sister Cleopatra killed». The Times. London. Վերցված է 2010 թ․ ապրիլի 15-ին.
  49. «Also in the news | Cleopatra's mother 'was African'». BBC News. 2009 թ․ մարտի 16. Վերցված է 2016 թ․ հունիսի 2-ին.
  50. The Lives of Cleopatra and Octavia, By Sarah Fielding, Christopher D. Johnson, p. 154, Bucknell University Press, ISBN 978-0-8387-5257-9
  51. 51,0 51,1 51,2 «Africana Studies. Tomb of Rameses III». Manuampim.com. Վերցված է 2012 թ․ մայիսի 1-ին.
  52. Ceccaldi, Pierre (1987). «Research on the Mummy of Ramasses II». Bulletin de l'Academie de médecine. 171:1 (1): 119.
  53. «Bulletin de l'Académie nationale de médecine». Gallica.
  54. Keita, S.O.Y. (2008 թ․ սեպտեմբերի 16). «Ancient Egyptian Origins:Biology». National Geographic. Վերցված է 2012 թ․ հունիսի 15-ին.
  55. ДНК из мумий: древние египтяне генетически близки к Ближнему Востоку
  56. 56,0 56,1 «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  57. Charlotte Booth, The Ancient Egyptians for Dummies (2007) p. 217
  58. «Nubia Gallery». The Oriental Institute of the University of Chicago. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 15-ին.
  59. Egypt, Trunk of the Tree, A Modern Survey of an Ancient Land, Vol. 2. by Simson Najovits p. 318
  60. «Ra-Hotep and Nofret: Modern Forgeries in the Cairo Museum?» pp. 207—212 in Egypt: Child of Africa (1994), edited by Ivan Van Sertima.
  61. «AFRICANA STUDIES». Manuampim.com. Վերցված է 2012 թ․ մայիսի 1-ին.
  62. 62,0 62,1 «The Book of Gates: The Book of Gates: Chapter VI. The Gate Of Teka-Hra. The Fifth Division of the Tuat». Sacred-texts.com. Վերցված է 2012 թ․ մայիսի 1-ին.
  63. Frank Yurco, «Two Tomb-Wall Painted Reliefs of Ramesses III and Sety I and Ancient Nile Valley Population Diversity», in Egypt in Africa (1996), ed. by Theodore Celenko.
  64. DuBois, W.E.B. (2003). The World and Africa. New York: International Publishers. էջեր 81–147. ISBN 0-7178-0221-3.
  65. Williams, Chancellor (1987). The Destruction of Black Civilization. Chicago, Illinois: Third World Press. էջեր 59–135. ISBN 0-88378-030-5.
  66. 66,0 66,1 66,2 66,3 66,4 Diop, Cheikh Anta (1974). The African Origin of Civilization. Chicago, Illinois: Lawrence Hill Books. ISBN 1-55652-072-7.
  67. Diop, Cheikh Anta (1981). Civilization or Barbarism. Chicago, Illinois: Lawrence Hill Books. ISBN 1-55652-048-4.
  68. «Tutankhamun was not black: Egypt antiquities chief». AFP. Google News. 2007 թ․ սեպտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 28-ին.
  69. Graham W. Irwin (1977 թ․ հունվարի 1). «Africans abroad: a documentary history of the Black Diaspora in Asia, Latin ...». Books.google.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 2-ին.
  70. Schoch, Robert M. (1995). «Great Sphinx Controversy». robertschoch.net. Վերցված է 2012 թ․ մայիսի 29-ին.
  71. «Black Athena Revisited». Books.google.co.za. էջ 162. Վերցված է 2016 թ․ հունիսի 2-ին.
  72. «Encyclopedia of the Archaeology of Ancient Egypt». Books.google.co.za. էջ 329. Վերցված է 2016 թ․ հունիսի 2-ին.
  73. Stephen Howe. «Afrocentrism: Mythical Pasts and Imagined Homes». Books.google.co.za. էջ 136. Վերցված է 2016 թ․ հունիսի 2-ին.
  74. 74,0 74,1 Mokhtar, G. (1990). General History of Africa. California, USA: University of California Press. էջեր 15–60. ISBN 0-520-06697-9.
  75. 75,0 75,1 Herodotus (2003). The Histories. London, England: Penguin Books. էջեր 134–135. ISBN 978-0-14-044908-2.
  76. Herodotus (2003). The Histories. London, England: Penguin Books. էջեր 103, 119, 134–135, 640. ISBN 978-0-14-044908-2.
  77. Alan B. Lloyd. «Herodotus». Books.google.co.za. էջ 22. Վերցված է 2016 թ․ հունիսի 2-ին.
  78. «Black Athena Revisited». Books.google.co.za. էջ 118. Վերցված է 2016 թ․ հունիսի 2-ին.
  79. Alain Ricard, Naomi Morgan, The Languages & Literatures of Africa: The Sands of Babel, James Currey, 2004, p. 14
  80. Mokhtar, G. (1990). General History of Africa. California, USA: University of California Press. էջեր 27, 38, 40. ISBN 0-520-06697-9.
  81. DeMello. Margo (2007). Encyclopedia of Body Adornment. էջ 150. «The ancient Egyptians practiced head binding as early as 3000 BCE,... the Mangbetu of the Congo also practiced head binding.»
  82. Williams, Bruce (2011). Before the Pyramids. Chicago, Illinois: Oriental Institute Museum Publications. էջեր 89–90. ISBN 978-1-885923-82-0.
  83. «The Nubia Salvage Project | The Oriental Institute of the University of Chicago». Oi.uchicago.edu. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 2-ին.
  84. «Ancient Egyptian Kingship». Books.google.co.za. Վերցված է 2016 թ․ հունիսի 2-ին.
  85. Diop, Cheikh Anta (1991). Civilization or Barbarism. Chicago, Illinois, USA: Lawrence Hill Books. էջեր 103–105. ISBN 1-55652-048-4.
  86. «The Oxford History of Ancient Egypt». Books.google.co.za. 2003 թ․ հոկտեմբերի 23. էջ 446. Վերցված է 2016 թ․ հունիսի 2-ին.
  87. D. Wengrow (2006 թ․ մայիսի 25). «The Archaeology of Early Egypt: Social Transformations in North-East Africa ...». Books.google.co.za. էջ 167. Վերցված է 2016 թ․ հունիսի 2-ին.
  88. «The Hamitic Hypothesis; Its Origin and Functions in Time Perspective», Edith R. Sanders, The Journal of African History, Vol. 10, No. 4, 1969, pp. 521—532.
  89. The Origin of Egyptian Civilisation, Edouard Naville, The Journal of the Royal Anthropological Institute of Great Britain and Ireland, Vol. 37, 1907, p. 201.
  90. Sanders, 1969, pp. 521—523.
  91. Sanders, 1969, pp. 524-527ff.
  92. qtd in Dawisha, Adeed. Arab Nationalism in the Twentieth Century. Princeton University Press. 2003, p. 99
  93. «Pan — Arabism: What Destroyed the Ideology of Arab Nationalism?». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 21-ին.
  94. Deighton, H. S. «The Arab Middle East and the Modern World», International Affairs, vol. xxii, no. 4 (October 1946), p. 519.
  95. Barakat, pp. 4-5.
  96. The Rise and Fall of the Caucasian Race: A Political History of Racial Identity By Bruce Baum, p. 108
  97. Morton, Samuel George (1844). «Egyptian Ethnography». Crania Ægyptiaca, Or, Observations on Egyptian Ethnography Derived from Anatomy, History and the Monuments.
  98. George Robins Gliddon Ancient Egypt: Her monuments, hieroglyphics, history and archaeology 1844, p. 46
  99. Sanders, 1969, pp. 525—532.
  100. C.G. Seligman, «Some Aspects of the Hamitic Problem in the Anglo-Egyptian Sudan», The Journal of the Royal Anthropological Institute of Great Britain and Ireland, Vol. 43 (July-December 1913), pp. 593—705.
  101. The Mediterranean Race: a Study of the Origins of European Peoples, 1901, pp. v-vi, «Preface», also p. 45.
  102. Sergi, 1901, p. 250.
  103. «Concepts of Race in the Historiography of Northeast Africa», Wyatt MacGaffey, The Journal of African History, Vol. 7, No. 1, 1966.
  104. The Ancient Egyptians and the origin of Civilization, 1911, p. 69.
  105. Smith, 1911, p. 25.
  106. As according to Smith the hair of the «Proto-Egyptian was precisely similar to that of the brunet South European» and «presented no resemblance whatever to the so-called 'wooly' appearance and peppercorn-like arrangement of the Negro’s hair». — Smith, 1911, p. 58.
  107. Sanders, 1969, pp. 531; MacGaffey, 1966, pp. 5-9.
  108. Early dynastic Egypt, by Toby A. H. Wilkinson, p. 15
  109. Mary R. Lefkowitz; Guy MacLean Rogers. Black Athena Revisited. էջ 65. Վերցված է 2016 թ․ հունիսի 2-ին. {{cite book}}: |website= ignored (օգնություն)
  110. Epic encounters: culture, media, and U.S. interests in the Middle East — 1945—2000 by Melani McAlister
  111. Black Athena Revisited, by Mary R. Lefkowitz, Guy MacLean Rogers
  112. Frank Yurco, «An Egyptological Review» in Mary R. Lefkowitz and Guy MacLean Rogers, eds. Black Athena Revisited. Chapel Hill: University of North Carolina Press, 1996. pp. 62-100
  113. Sonia R. Zakrzewski: Population continuity or population change: Formation of the ancient Egyptian state — Department of Archaeology, University of Southampton, Highfield, Southampton (2003)
  114. Wilkinson, Toby A. H. (2001 թ․ օգոստոսի 10). Early Dynastic Egypt (English) (Revised ed.). London; New York: Routledge. էջ 15. ISBN 9780415260114.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)