Քամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սեմը, Քամը և Հաբեթը

Քամ, ըստ աստվածաշնչի, Նոյի կրտսեր որդին։

Հոր մերկությունն անզգամորեն ծաղրելու համար իբր Նոյը Քամին և նրա սերնդին անեծքով հավետ դատապարտել է ծառայական խավի։ Քամի որդիներ Քուշը, Մեստրիմը, Փութը և Քանանը համարվել են քամյան ժողովուրդների (արաբներ, եթովպացիներ, եգիպտացիներ և այլն) նախահայրերը։

Քամի սերունդները ըստ <Աստվածաշնչի>[խմբագրել | խմբագրել կոդը]

Քամի (Տիտան) որդիներն էին՝ Քուշը, Մեստրիմը, Փութը և Քանանը: Քուշը իր հորեղբոր՝ Սեմի աղխի հետ գնաց հարավ-արևելք, իսկ մնացած որդիները Քամի հետ միասին գնացին դեպի հարավ-արևմուտք: Ճանապարհին նրանցից անջատվեց և Միջերկրական ծովի արևելյան ափին բնակություն հաստատեց Փութը, որի անունով երկիրը կոչվեց Փյունիկյա: Փութի բնակավայրից հարավ իր աղխով բնակություն հաստատեց Քանանը, որի անունով երկիրը կոչվեց Քանանի երկիր: Քանանը այնտեղ ծնեց իր անդրանիկ որդուն՝ Սիդոնին, նաև Քետին, Հեբուսացուն, Ամորհացուն, Գերգեսացուն, Խևացուն, Արկեցուն, Սենացուն, Արուադացուն, Սեմարացուն և Ամաթացուն և այսպես տարածվեցին Քանանացիների ցեղերը: Եվ Քանանացիների սահմանները Սիդոնից Գերարով մինչև Գազա, անցնելով Սոդոմը և Գոմորը, և Ադման ու Սեբոյիմը մինչև Ղասան:

Մեստրիմը (Մենես) իր հոր հետ շարունակելով ճանապարհը դեպի հարավ-արևելք, անցավ հյուսիսային Աֆրիկա և Միջերկրական ծովի հարավ-արևելյան կողմում՝ Նեղոս գետի ավազանում հաստատեց իր բնակավայրը, որը իր անունով կոչվեց Մեստրիմի (Մըսրա)  երկիր: Նեղոսի գետաբերանում իր բնակությունը հաստատեց Քամը իր թոռ՝ Բաթուրեսի (Պաթուրեսայի) հետ, շինելով իր թոռան անունով Բուտո քաղաքը, որը դարձավ ստորին Եգիպտոսի պետությունը: Մեստրիմը իր բնակավայրը շինեց Նեղոս գետով դեպի հարավ ընկած մասում, որը կոչվում էր Թինիթ՝ հիմնելով Եգիպտոսի վերին թագավորությունը:

Քամի մահից հետո Մեստրիմը՝ ստորին և վերին Եգիպտոսները միացրեց, հիմնելով Եգիպտոսի վաղ թագավորությունը՝ Աբիդոս մայրաքաղաքով: Մեստրիմը կառուցում է Սպիտակ պարիսպ բերդը, որը իր անունով կոչում է Մեստրիմի պարիսպ (Մեմփիս): Մեմփիսը մ.թ.ա. 2800-ին դառնում է Եգիպտոսի մայրաքաղաքը: Մեստրիմից են ծնվում և առաջանում Ղուդայացիները, Անամացիները և Ղուբացիները և Նեփթաքացիները և Պաթարեսացիները և Քասղուքացիները (որոնցից Փղշտացիները առաջացան) և Կափթորացիների ցեղերը:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png