Հայկական մշակույթը 10-18-րդ դարերում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայկական մշակույթը 10-18-րդ դարերում զարգացել է, կապված արաբական տիրակալության անկման և հայկական թագավորության վերականգման հետ։

Ուսումնական հաստատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում և Կիլիկիայում գործել են նախնական դպրոցներ, որտեղ սովորեցրել են թվաբանություն, երաժշտություն, գրել, կարդալ։ Վարդապետարաններում, որը նաև անվանել են բարձր տիպի դպրոցներ, ուսուցանել են բժշկություն, աստվածաբանություն, տիեզերագիտություն։ Կրթությունը տևել է 10-12 տարի։ Վարպետարաններ կային Գեղարդում, Հաղպատում, Տաթևում, Կեչառիսում, Գոշավանքում, Հաղարծինում, Ծորանաշատում, Նարեկավանքում և այլուր։

Գլաձորի համալսարանը, (հիմնադրված 1282 թվականին)[1], համարվել է գիտության և մշակույթի խոշոր կենտրոն, որն ղեկավարել է նշանավոր գիտնական և փիլիսոփա Եսայի Նշեցին։ Այն գործել է մինչև 1340-ական թվականները[2]։

Տաթևի համալսարանը նույնպես համարվել է կրթության և լուսավորության կենտրոն։ Այստեղ դասավանդել են տրամաբանություն, աշխարհագրություն, բնագիտություն, ձեռագրագիտական, նկարչական, երաժշտական արվեստներ[3]։ Այն գործել է 1373-1412 թվականները։ Ղեկավարներն են եղել Հովհաննես Որոտնեցին և Գրիգոր Տաթևացին։

Կարևոր ուսումնակրթական կենտրոն է եղել նաև Մեծոփի դպրոցը, որը գլխավորել են Հովհաննես և Թովմա Մեծոփեցիները։ Թովմա Մեծոփեցու մահվանից հետո՝ 1446 թվականին[4], դպրոցը կորցրել է իր նշանակությունը։

Կրթական և մշակութային կենտրոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

17-18-րդ դարերում Հայաստանում և հայկական գաղթավայրերում մշակութային կյանքն ակտիվացել է։ Ստեղծվել են բազմաթիվ մշակութային կենտրոններ։ 17-րդ դարի սկզբին Մովսես Մոկացու գլխավորությամբ Սյունյաց մեծ կամ Հարանց անապատում տեղի է ունեցել կրթական գործի կազմակերպում։ 1615 թվականին Մովսես Տաթևացին գնացել է այստեղ և ստեղծել է ուսումնական կենտրոն։ Պողոս Մոկացու աջակցությամբ դպրոցներ են կառուցվել Աստապատում, Շոռոթում, Ագուլիսում, ինչպես նաև Հովհաննավանքում։

17-րդ դարի 30-ական թվականներին հիմնվել է Նոր Ջուղայի դպրոցը, որի ուսուցիչը Կոստանդ Ջուղայեցին էր։ 1717 թվականին Վենետիկի մոտ՝ Սուրբ Ղազար կղզում, Մխիթար Սեբաստացին հիմնել է Մխիթարյան միաբանությունը[5], որի առաջին ուսուցիչը եզել է հենց ինքը։ Մխիթարյանները մեծ դեր են կատարել հայագիտության զարգացման բնագավառում[6]։

Ականավոր մարդկանց աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտության տարբեր բնագավառում մեծ դեր են ունեցել բազմաթիվ գիտնական-մտածողներ, որոնցից էին Գրիգոր Ականացին, Վանական վարպետը, Ստեփանոս Օրբելյանը, Թովմա Արծրունին, Ստեփանոս Տարոնցը։ Եսայի Հասան-Ջալալյանի «Պատմություն Աղվանից» և Ստեփանոս Շահումյանի «Ընտիր պատմություն Դավիթ Բեկին» աշխատությունները մեծ դեր են ունեցել պատմագրության մեջ։

12-13-րդ դարերի խոշորագույն օրենսգիրը Մխիթար Գոշն էր, որի «Դատաստանագրքի» օրինակով Սմբատ Գունդստաբլը կազմել է Կիլիկիայի գործող դատաստանագիրքը։

Բժշկության ասպարեզում աչքի է ընկել Մխիթար Հերացին իր «Ջերմանց մխիթարություն» աշխատությունով, բժիշկ-գիտնական Ամիրդովլաթ Ամասիացին՝ իր «Թվաբանություն» դասագրքով, Սահակ Պրոնյանը՝ իր «Երկրաչափություն»-ով։

Հայտնի էր նաև Ավետիք Բաղդասարյանի «Տեֆտեր գիրք» աշխատությունը, որտեղ ամփոփված էին գիտության բազմաթիվ ճյուղերին վերաբերվող նյութեր։

Գրական երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

9-10-րդ դարերում ձևավորվել է «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսը[7][8]։ Այս էպոսում արտացոլված է հայ ժողովրդի հերոսական պայքարն արաբական տիրապետության դեմ։ Այդ շրջանում ստեղծվել են մի շարք կարևոր գրական երկեր, որոնցից են Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը, Ներսես Շնորհալու «Ողբ Եդեսիո» պոեմը, Ֆրիկի անզուգական բանաստեղծությունները։ Վարդան Այգեկցու և Մխիթար Գոշի շնորհիվ առաջ են եկել և զարգացել առակագրությունը։ 15-18-րդ դարերին բնորոշ էին «Տաղարան» կոչվող ժողովածուները, որոնք ընդունվում էին որպես երգարան և ընթերցարան։ Մեծ զարգացում են ունեցել նաև աշուղական երգերը։ Մկրտիչ Նաղաշի երգերը լայն տարածում էին գտել և դրանց ազդեցությամբ նոր երկեր հյուսվել։ 17-րդ դարի վերջի և 18-րդ դարերի սկզբի ամենաականավոր բանաստեղծը, երգիչն ու երաժիշտը, ինչպես նաև նկարիչը Նաղաշ Հովնաթանն էր։ Իսկ մեծ գրող-բանաստեղծ Պաղտասար Դպիրը հայտնի էր իր տաղարաններով։ Նրա գործը շարունակել է իր աշակերտ Պետրոս Ղափանցին։

18-րդ դարի վերջի երգի ու բանաստեղծության թագն ու պարծանքը Սայաթ-Նովան էր։ Նա ստեղծագործել և երգել է հայերեն,վրացերեն,ադրբեջաներեն ու պարսկերեն։

Արվեստի ճյուղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին դարերի զարգացող արվեստի տարբեր ճյուղերից իր ուրույն տեղն է զբաղեցրել ճարտարապետությունը։ Ճարտարապետության վառ կոթողներից են Անիի հուշարձանները, Հաղպատի, Տաթևի, Հաղարծինի, Մարմարաշենի, Նոր Վարագի, Կեչառիսի վանքերը և ուրիշ շենքեր։ Ճարտարապետ Մանվելը հայտնի էր Վասպուրականում իր նշանավոր կառույցներով, ինչպես նաև Ախթամար կղզում կառուցած իր եկեղեցով։ Խաչքարագործական արվեստը նույնպես զարգացում է ունեցել։ Հայոց խաչքարերը համարվել են հայ ժողովրդի հոգևոր աշխարհն ամփոփող կերտվածքներ, իմաստության ու հարատևության խորհրդանիշներ։ Մեծ վերելք են ունեցել նաև մանրանկարչությունը, ձեռագրերի զարդարումը գլխագրերով և լուսանցքազարդերով։ Մանրանկարչությունը մեծ զարգացում է ունեցել Անիում, Հաղպատում, Գլաձորում, Կիլիկիայում, Վասպուրականում։ Մանրանկարչության մեծագույն վարպետներից էին Թորոս Ռոսլինը, Սարգիս Պիծակը և ուրիշներ։ Որոշ զարգացում է ապրել նաև գորգագործություն։ Հայկական գորգերն արտահանվել են շատ երկրներ և մեծ հռչակ ունեցել, հատկապես հայկական «վիշապագորգերը»։ Հայ գաղթավայրերում նույնպես մեծ զարգացում է ունեցել արվեստը։ Օրինակ, Լվովում մեծ հռչակ ուներ հայ դիմանկարիչ Բոգուշների ընտանիքը, Նոր Ջուղայում՝ նկարիչ Հովհաննես Մրքուղը,Մինասը և ուրիշներ։ Երաժշտությունը նույնպես իր ուրույն տեղն ուներ։ Մեծ տարածում ունեին գուսանական երգերը։ Կրոնական ծեսերը և ժողովրդական տոններն անցկացվել էին երգեցողությամբ։

Տպագրական գործ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տպագրությունը մեծ դեր է ունեցել հայ մշակույթի պահպանման և զարգացման գործում[9]։ 1512 թվականին Վենետիկում Հակոբ Մեղապարտի ջանքերով տպագրվել են հայերեն առաջին գրքերը՝ «Ուրբաթագիրք», «Տաղավար», «Պարզատումարը», «Տաղարան», «Աղթարք», «Պադարագ տետր»[10]։ Իսկ 1565 թվականին Աբգար դպիր Թոխատեցին Վենետիկում տպագրել է տոմարացույցը, իսկ հաջորդ տարում՝ Սաղմոսարանը։ 1616 թվականին Հովհաննես Քարմատանեցին Լվովում ստեղծել է տպարան, որտեղ տպագրվել են հայատառ ղփչաղերեն գրքեր[11]։ 1638 թվականին Խաչատուր Կեսարացու ջանքերով Նոր Ջուղայում ստեղծվել է տպարան, որտեղ տպագրել են հայերեն գրքեր։ Մաթեդոս Ծարեցու տպարանը հիմնվել է Ամստերդամում, որից հետո այն տեղափոխվել է Լիվոռնո և Մարսել։ Հայ տպագրության նշանավոր կենտրոն է դառել Կ.Պոլիսը։ Արդեն 18-րդ դարում Կ.Պոլսում և Զմյուռնիայում գործել են շուրջ երկու տասնյակ հայկական տպարաններ։ 1772 թվականի Հնդկաստանի Մադրաս քաղաքում Շահամիրյաններն ստեղծել են հայկական տպարան, որտեղ լույս է տեսել հայերեն առաջին պարբերականը՝ «Ազդարարը»։ Որոշ ժամանակ անց տպարանը տեղափոխվել է Կալկաթա։ 1796 թվականին Պետերբուրգում Գրիգոր Խալդարյանցը հիմնել է տպարան, որտեղ տպագրել են «Տետրակ այբբենարան» և ուրիշ գրքեր։ Նրա մահվանից հետո տպարանը տեղափոխվել է Նոր Նախիջևան, որից հետո՝ Աստրախան։ Սկսած 1512 թվականից մինչև 18-րդ դարի վերջը լույս է տեսել շուրջ 1000 անուն մեսրոպատառ գիրք։ Բոլոր պահպանված հայ հոգևոր և նյութական մշակույթի կոթողները կարևոր ներդրում են ունեցել համաշխարհային մշակույթի մեջ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայ հետազոտողն ուսումնասիրում է Գլաձորի ծագման վարկածները». Sputnik Armenian. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 9-ին.
  2. «Սյունյաց «Տաթև» Համալսարան - 5 Սեպտեմբերի 2017 - Usum». usum.am. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 9-ին.
  3. «Տաթևի փիլիսոփայական դպրոցը և Գրիգոր Տաթևացու աշխարհահայացքը» (PDF).
  4. «ԹՈՎՄԱ ՄԵԾՈՓԵՑԻ».
  5. «Մխիթարյան Միաբանություն». YouTube.
  6. Աղայան, Ծատուր (1989). ժողովրդի պատմության նկարրազարդ ակնարկներ. Երևան: Երևան Հայաստան. էջեր 64–78.
  7. «ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ «ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» ԷՊՈՍՈՒՄ ՏՈՆՈՅԱՆ Ս.Հ.» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ մարտի 2-ին.
  8. «4:48 / 1:09:45Սասնա Ծռեր - Սասունցի Դավիթ (2010) Մուլտֆիլմ».
  9. «Հայկական հին տպագրությունը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ նոյեմբերի 27-ին.
  10. «Հայերեն առաջին տպագիր գրքերի մասին» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ մարտի 2-ին.
  11. «Հայ գիտնականների պրպտումները բացահայտում են ղփչաղերենի պատմության անհայտ շերտերը».